ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 ապրիլի 2023 թվականի N 614-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 1-Ի N 204-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի մարտի 1-ի «Քրեակատարողական բժշկության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» N 204-Ն որոշման 4-րդ կետում «արդարադատության» բառը փոխարինել «առողջապահության» բառով:
2. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին՝ ապահովել սույն որոշման ընդունմամբ պայմանավորված «Քրեակատարողական բժշկության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարումն իրականացնող լիազորված պետական մարմնի փոփոխության ժամանակահատվածում բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման անընդհատությունը:
3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝
1) մեկամսյա ժամկետում հաստատել «Քրեակատարողական բժշկության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը.
2) մեկամսյա ժամկետում ապահովել «Քրեակատարողական բժշկության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության պետական գրանցման փաստաթղթերում համապատասխան փոփոխությունների կատարումը՝ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պահպանման միջոցների հաշվին.
3) մեկամսյա ժամկետում հաստատել «Քրեակատարողական բժշկության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության հաստիքների քանակը և անվանացանկը.
4) մեկամսյա ժամկետում ներկայացնել առաջարկություն՝ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործառույթներով պայմանավորված գումարների վերաբաշխում կատարելու վերաբերյալ.
5) մեկամսյա ժամկետում ներկայացնել առաջարկություն՝ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության քրեակատարողական հիմնարկներում գործող բժշկական ստորաբաժանումների համար նախատեսված տարածքների, «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի բժշկական սպասարկման համար նախատեսված և վարչական տարածքի վերաբերյալ անշարժ գույքի անհատույց և անժամկետ օգտագործման մասին պայմանագրեր կնքելու հնարավորության վերաբերյալ.
6) երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել միջոցառումների ծրագիր՝ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության հանրային առողջապահական համակարգ ամբողջական ներդնումն ապահովելու նպատակով:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ն. ՓաշինՅԱՆ |
Երևան |
27.04.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 ապրիլի 2023 թվական: