Գլխավոր տեղեկություն
Համար
N 777-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (20.05.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.05.15-2023.05.28 Պաշտոնական հրապարակման օրը 19.05.2023
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
18.05.2023
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
19.05.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.05.2023
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 մայիսի 2023 թվականի N 777-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 24-Ի N 1343-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածը և 34-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի օգոստոսի 24-ի «Ենթակառուցվածքներ ներդրումների դիմաց» օժանդակության տրամադրման միջոցառման իրականացման անհրաժեշտ բազային պահանջները, օժանդակության տրամադրման կարգը և պայմանները հաստատելու մասին» N 1343-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները․

1) 2-րդ գլխի 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«7. Ներդրումային ծրագրի իրականացման համար տարածքի նկատմամբ շահառուն պետք է ունենա սեփականության կամ կառուցապատման կամ օգտագործման կամ վարձակալության գրանցված իրավունք: Ընդ որում՝ կառուցապատման կամ օգտագործման կամ վարձակալության գրանցված իրավունքի տևողությունը չպետք է պակաս լինի ներդրումային ծրագրի իրականացման տևողությունից։».

2) 2-րդ գլխի 9-րդ կետում «ներդրումային ծրագրի ընդհանուր ներդրումների արժեքի չափով» բառերը փոխարինել «նախատեսվող ենթակառուցվածքի ընդհանուր արժեքի չափով» բառերով.

3) 2-րդ գլխի 10-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 3-րդ ենթակետով՝

«3) Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հունվարի 15-ի N 30-Ն որոշմամբ հաստատված ցանկում ներառված համայնքներում իրականացվող ներդրումային ծրագրերի դեպքում՝ ներդրումային ծրագրի ընդհանուր ներդրումների արժեքի 40 տոկոսը։».

4) 3-րդ գլխի 12-րդ կետի 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«3) տեղեկատվություն հողի/տարածքի նկատմամբ իրավունքների վերաբերյալ հավաստող փաստաթղթերով:».

5) 3-րդ գլխի 12-րդ կետի 4-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել.

6) 3-րդ գլուխը 12-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 12.1-ին կետով՝

«12.1. Բանկային երաշխիքը շահառուի կողմից ներկայացվում է պատասխանատու մարմնին՝ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումն ուժի մեջ մտնելուց հետո տասնօրյա ժամկետում։ Բանկային երաշխիքը սահմանված ժամկետում չներկայացնելու դեպքում պատասխանատու մարմինը Հայաստանի Հանրապետության կառավարությանն է ներկայացնում որոշումն ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ որոշման նախագիծ:».

7) 3-րդ գլխի 13-րդ կետը «Քաղաքաշինության կոմիտե,» բառերից հետո լրացնել «Պետական եկամուտների կոմիտե,» բառերով.

8) 3-րդ գլխի 16-րդ կետի «ենթակառուցվածքի կառուցման համար անհրաժեշտ ֆինանսավորման չափի և աղբյուրի մասին» բառերը փոխարինել «ինչպես նաև ենթակառուցվածքի կառուցման համար անհրաժեշտ ֆինանսավորման չափի, աղբյուրի և բանկային երաշխիք տրամադրելու մասին։» բառերով.

9) 3-րդ գլխի 17-րդ կետը «ժամանակացույց» բառից հետո լրացնել «և հաշվետվությունների ներկայացման մեխանիզմի վերաբերյալ դրույթներ։» բառերով։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. ՓաշինՅԱՆ

 

Երևան

 

 

19.05.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 մայիսի 2023 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան