Գլխավոր տեղեկություն
Համար
N 735-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (26.05.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.05.15-2023.05.28 Պաշտոնական հրապարակման օրը 16.05.2023
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
11.05.2023
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
16.05.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.05.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

11 մայիսի 2023 թվականի N 735-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 30-Ի N 1093-Ն ԵՎ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 10-Ի N 977-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի օգոստոսի 30-ի «Բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորվող առարկաների ներմուծման թույլտվության և ներմուծման, արտահանման, վերաարտահանման բուսասանիտարական հավաստագրերի տրամադրման կարգը և ձևերը սահմանելու մասին» N 1093-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) որոշման վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«ԱՐՏԱՀԱՆՄԱՆ, ՎԵՐԱԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ».

2) որոշման նախաբանը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«Հիմք ընդունելով «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 8-րդ մասի 5-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է․»,

3) որոշման`

ա․ 1-ին կետում «Սահմանել» բառը փոխարինել «Հաստատել» բառով,

բ․ 1-ին կետի 1-ին ենթակետից հանել «ներմուծման,» բառը,

գ․ 1-ին կետի 3-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել.

4) որոշման N 1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի.

5) որոշման NN 2 և 3 հավելվածներն ուժը կորցրած ճանաչել.

6) որոշման N 4 հավելվածում՝

ա․ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ STATE SERVICE FOR FOOD SAFETY OF THE MINISTRY OF AGRICULTURE OF THE REPUBLIC OF ARMENIA» բառերը փոխարինել «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ FOOD SAFETY INSPECTION BODY OF THE REPUBLIC OF ARMENIA» բառերով,

բ․ 4-րդ կետում «Սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն State Service For Food Safety» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին Food Safety Inspection body of the Republic of Armenia» բառերով.

7) որոշման N 5 հավելվածում՝

ա․ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ STATE SERVICE FOR FOOD SAFETY OF THE MINISTRY OF AGRICULTURE OF THE REPUBLIC OF ARMENIA» բառերը փոխարինել «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ FOOD SAFETY INSPECTION BODY OF THE REPUBLIC OF ARMENIA» բառերով,

բ․ 4-րդ կետում «Սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն State Service For Food Safety» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին Food Safety Inspection body of the Republic of Armenia» բառերով։

2․ Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հունիսի 10-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 977-Ն որոշման 2-րդ կետն ուժը կորցրած ճանաչել։

3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ հավելվածի 12-րդ կետի, որն ուժի մեջ է մտնում «Թույլատվական փաստաթղթեր» (www.sw.gov.am) համակարգի գործարկման օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Մ. Գրիգորյան

 

Երևան

 

 

16.05.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 Հավելված

ՀՀ կառավարության 2023 թվականի

մայիսի 11-ի N 735-Ն որոշման

 

«Հավելված N 1

ՀՀ կառավարության 2007 թվականի

օգոստոսի 30-ի N 1093-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԱՐՏԱՀԱՆՄԱՆ, ՎԵՐԱԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են կարանտին բուսասանիտարական հսկման ենթակա ապրանքների արտահանման և վերաարտահանման բուսասանիտարական հավաստագրերի տրամադրման կարգի հետ կապված հարաբերությունները:

2. Արտահանման և վերաարտահանման բուսասանիտարական հավաստագրերը հավաստում են կարանտին բուսասանիտարական հսկման ենթակա ապրանքների համապատասխանությունն ստացող երկրների կարանտին բուսասանիտարական պահանջներին:

3․ Արտահանման և վերաարտահանման բուսասանիտարական հավաստագրերը տրամադրվում են Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (այսուհետ՝ տեսչական մարմին) կողմից։

4. Արտահանման և վերաարտահանման բուսասանիտարական հավաստագրերը տրամադրվում են Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի հունիսի 18-ի «Եվրասիական տնտեսական միությունում բույսերի կարանտինի ապահովման մասին» N 318 որոշմամբ սահմանված բուսասանիտարական հսկման ենթակա ապրանքների ցանկին և ներմուծող երկրների պահանջներին համապատասխան:

5. Արտահանման և վերաարտահանման բուսասանիտարական հավաստագրերի տրամադրման մերժումը կարող է բողոքարկվել օրենքով սահմանված կարգով։

 

II. ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՀԱՎԱՍՏԱԳՐԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ

 

6. Բուսասանիտարական հավաստագիր ստանալու համար տեսչական մարմնին ներկայացվում է հայտ, որտեղ նշվում են՝

1) արտահանող կամ Եվրասիական տնտեսական միության անդամ երկիր փոխադրող անձի անունը, ազգանունը, բնակության վայրը, իրավաբանական անձի դեպքում` լրիվ անվանումը և գտնվելու վայրը.

2) արտադրող (աճեցնող, փաթեթավորող, պահեստավորող) անձի անունը, ազգանունը և բնակության վայրը, իրավաբանական անձի դեպքում` լրիվ անվանումը և գտնվելու վայրը.

3) ներմուծող կամ ստացող երկրի անվանումը.

4) ստացող անձի անունը, ազգանունը և բնակության վայրը, իրավաբանական անձի դեպքում` լրիվ անվանումը և գտնվելու վայրը.

5) արտահանվող կարանտին բուսասանիտարական հսկման ենթակա ապրանքների անվանումները և քանակությունը.

6) ստացման վայրը․

7) բեռնաթափման վայրը:

7. Տեսչական մարմինը հայտն ստանալուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում անցկացնում է արտահանման կամ Եվրասիական տնտեսական միության անդամ երկիր փոխադրման ներկայացվող ապրանքների կարանտին բուսասանիտարական զննում և ստացող երկրի կարանտին բուսասանիտարական պահանջներին դրանց համապատասխանության դեպքում տալիս է բուսասանիտարական հավաստագիր` համաձայն սույն որոշման N 4 հավելվածի:

8. Եթե զննման արդյունքում կարանտին բուսասանիտարական հսկման ենթակա ապրանքի մակերեսին կամ փաթեթավորման մեջ հայտնաբերվում են այնպիսի օրգանիզմներ, որոնց մուտքն արգելված է ստացող երկրի կողմից, կամ այդ օրգանիզմներին իրենց մորֆոլոգիական հատկանիշներով նման վնասակար օրգանիզմներ, կամ բույսերի հիվանդությունների ախտանիշներ, կամ կարանտին վնասակար օրգանիզմների կողմից վնասվածության նշաններ, ապա բուսասանիտարական հավաստագիր չի տրվում, կատարվում է բեռից նմուշառում և ներկայացվում լաբորատոր փորձաքննության։

9․ Եթե լաբորատոր փորձաքննության արդյունքում հաստատվում է բեռում ստացող երկրի կողմից մուտքն արգելված վնասակար օրգանիզմի (օրգանիզմների) առկայությունը, ապա բեռի արտահանումը կամ Եվրասիական տնտեսական միության անդամ երկիր փոխադրումն արգելվում է՝ բուսասանիտարական հավաստագրի տրամադրման մերժման միջոցով։

10․ Բուսասանիտարական հավաստագրի տրամադրումը մերժվում է նաև ստացող երկրների հատուկ պահանջներին բեռի չհամապատասխանելու դեպքում։

11․ Եթե լաբորատոր փորձաքննության արդյունքում հաստատվում է, որ բեռում առկա չեն այնպիսի վնասակար օրգանիզմներ, որոնց մուտքն ստացող երկրում արգելված է, ապա տրամադրվում է արտահանման բուսասանիտարական հավաստագիր։

12․ Սույն կարգի 6-րդ կետով սահմանված հայտը ներկայացվում և 11-րդ կետով սահմանված բուսասանիտարական հավաստագիրը տրամադրվում է Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան էլեկտրոնային հարթակում (www.trade.gov.am) հասանելի «Թույլատվական փաստաթղթեր» (www.sw.gov.am) համակարգի միջոցով, բացառությամբ անհաղթահարելի ուժի առկայության, ինչպես նաև արտահանվող երկրներ թղթային եղանակով ներկայացնելու անհրաժեշտության դեպքերի:

13. Արտահանման բուսասանիտարական հավաստագիրը կարող է տրամադրվել նաև արտահանողի կամ Եվրասիական տնտեսական միության անդամ երկիր փոխադրողի կողմից ներկայացված արտահանվող կամ Եվրասիական տնտեսական միության անդամ երկիր փոխադրվող բեռի վերաբերյալ բուսասանիտարական անձնագրի հիման վրա: Տվյալ դեպքում սահմանային հսկիչ կետի տեսուչն արտահանվող կամ Եվրասիական տնտեսական միության անդամ երկիր փոխադրվող բեռի խմբաքանակը նույնականացնում է ներկայացված բուսասանիտարական անձնագրի հետ և հավաստում, որ բուսասանիտարական անձնագիրը տրված է ներկայացված տվյալ խմբաքանակի համար։

14. Բուսասանիտարական հավաստագիրն առձեռն՝ թղթային եղանակով (անհաղթահարելի ուժի առկայության, ինչպես նաև արտահանվող երկրներ թղթային եղանակով ներկայացնելու անհրաժեշտության դեպքում) տրամադրելիս՝ կազմվում է 3 օրինակից, որոնցից բնօրինակը ծառայում է որպես արտահանվող կամ Եվրասիական տնտեսական միության անդամ երկիր փոխադրվող կարանտին բուսասանիտարական հսկման ենթակա ապրանքները մինչև նշանակման վայրն ուղեկցող փաստաթուղթ, մեկ օրինակը մնում է սահմանային մաքսային մարմնում, մյուսը պահվում է Տեսչական մարմնում:

 

III. ՎԵՐԱԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՀԱՎԱՍՏԱԳՐԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ

 

15. Վերաարտահանման բուսասանիտարական հավաստագիրը տրամադրվում է ներմուծված կամ Եվրասիական տնտեսական միության անդամ երկրից փոխադրված կարանտին բուսասանիտարական հսկման ենթակա ապրանքները մեկ այլ երկիր արտահանելու դեպքում, եթե դրանք բավարարում են ստացող երկրի բուսասանիտարական պահանջներին։

16․ Վերաարտահանման բուսասանիտարական հավաստագրի տրամադրումն իրականացվում է արտահանման բուսասանիտարական հավաստագրի տրամադրման կարգին համապատասխան։

17. Վերաարտահանման բուսասանիտարական հավաստագիրը տրամադրվում է նաև այն դեպքերում, եթե վերաարտահանվող կարանտին բուսասանիտարական հսկման ենթակա ապրանքները`

1) պահեստավորված են.

2) մասնատված են.

3) համակցված են այլ բեռների հետ.

4) վերափաթեթավորված են:

18. Վերաարտահանման բուսասանիտարական հավաստագիրը տրամադրվում է համաձայն սույն որոշման N 5 հավելվածի:

19. Արտահանող երկրի կողմից տրված բուսասանիտարական հավաստագիրը կամ դրա` սահմանված կարգով վավերացված պատճենը (ստացող երկրի համաձայնության դեպքում) ծառայում է որպես վերաարտահանվող կարանտին բուսասանիտարական հսկման ենթակա ապրանքներն ուղեկցող փաստաթուղթ:»։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

16.05.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 16 մայիսի 2023 թվական: