ՉՈՐՐՈՐԴ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ
ՀԱԿՈԲՅԱՆՆ ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ
(Գանգատ թիվ 11222/12)
Վ Ճ Ի Ռ
ՍՏՐԱՍԲՈՒՐԳ
29 մարտի 2022թ.
Սույն վճիռը վերջնական է, սակայն կարող է ենթարկվել խմբագրական փոփոխությունների:
Հակոբյանն ընդդեմ Հայաստանի գործով,
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (Չորրորդ բաժանմունք), հանդես գալով Կոմիտեի հետևյալ կազմով՝
Յոլիեն Շուկինգ [Jolien Schukking]՝ Նախագահ,
Արմեն Հարությունյան [Armen Harutyunyan],
Անա Մարիա Գուերա Մարտինս [Ana Maria Guerra Martins]` դատավորներ,
և Իլզե Ֆրայվըրթ [Ilse Freiwirth]՝ Բաժանմունքի քարտուղարի տեղակալ,
հաշվի առնելով՝
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի (Կոնվենցիա) 34-րդ հոդվածի համաձայն՝ 1981 թվականին ծնված և Երևանում բնակվող, Երևանում գործող իրավաբաններ տկն Լ. Սահակյանի և պրն Ե. Վարոսյանի կողմից ներկայացված Հայաստանի Հանրապետության քաղաքացի պրն Արթուր Հակոբյանի (դիմումատու) կողմից ընդդեմ Հայաստանի Հանրապետության՝ 2012 թվականի փետրվարի 10-ին Դատարան ներկայացված (թիվ 11222/12) գանգատը,
Մարդու իրավունքների եվրոպական դատարանում միջազգային իրավական հարցերով Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր ներկայացուցիչ պրն Ե. Կիրակոսյանի կողմից Հայաստանի Հանրապետության կառավարությանը (Կառավարություն) ծանուցելու մասին որոշումը,
կողմերի դիտարկումները,
2022 թվականի մարտի 8-ին անցկացնելով փակ խորհրդակցություն,
կայացրեց հետևյալ վճիռը, որն ընդունվեց նույն օրը.
ԳՈՐԾԻ ԱՌԱՐԿԱՆ
1. Դիմումատուն վիճաբանության մեջ է մտել ոստիկանության ծառայողների հետ, որից հետո նա բերման է ենթարկվել ոստիկանության բաժանմունք, որտեղ ժամանելուց անմիջապես հետո նա ենթադրաբար ծեծի է ենթարկվել ոստիկանության բաժանմունքի հերթապահ մասի չորս ծառայողների կողմից: Դիմումատուի դեմ հարուցվել է քրեական գործ, և նրան մեղադրանք է առաջադրվել ոստիկանության ծառայողների նկատմամբ բռնություն գործադրելու առնչությամբ, սակայն գործը ոստիկանության բաժանմունքից Հատուկ քննչական ծառայությանը (ՀՔԾ) փոխանցվելուց հետո այն կարճվել է, և ոստիկանության չորս ծառայողներին մեղադրանք է առաջադրվել դիմումատուի նկատմամբ վատ վերաբերմունք ցուցաբերելու առնչությամբ։ Նրանց գործն ուղարկվել է դատաքննության, որն ավարտվել է ներպետական դատարանների կողմից նրանց արդարացմամբ այն հիմքով, որ ձեռք բերված ապացույցները բավարար չեն եզրակացնելու համար, որ դիմումատուի վնասվածքները հասցվել են հատկապես ոստիկանության բաժանմունքում՝ նրա նկատմամբ ցուցաբերված վատ վերաբերմունքի հետևանքով: 2011 թվականի հոկտեմբերի 6-ին բարձրագույն դատական ատյանի կողմից արդարացման դատավճիռն անփոփոխ թողնելուց հետո «մեղավորներին բացահայտելու» նպատակով վերսկսվել է դիմումատուին վնասվածքներ հասցնելու հանգամանքների քննությունը, որն այս գանգատը ներկայացնելու պահին եղել է ընթացքի մեջ։
2. Դիմումատուն, Կոնվենցիայի 3-րդ հոդվածի համաձայն, բողոքել է իր նկատմամբ ենթադրյալ վատ վերաբերմունքի և արդյունավետ քննություն չիրականացնելու առնչությամբ։
ԴԱՏԱՐԱՆԻ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 3-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄԸ
3. Դատարանը մերժում է Կառավարության առարկությունն այն մասին, որ գանգատը վաղաժամ է, քանի որ այն ներկայացնելու պահին քննությունը դեռ ընթացքի մեջ է եղել: Արդարացված է եղել դիմումատուի կողմից 2011 թվականի հոկտեմբերի 6-ից, այսինքն՝ այն օրվանից հաշված վեց ամսվա ընթացքում Դատարան դիմելը, երբ իր նկատմամբ ցուցաբերված վատ վերաբերմունքի համար իր կողմից որպես ենթադրյալ կատարողներ մատնանշված ոստիկանության չորս ծառայողների դեմ քրեական գործով վարույթն ավարտվել է, ուստի այն փաստը, որ քննությունը դրանից հետո է վերսկսվել, գործին վերաբերելի չէ: Նույն պատճառներով Դատարանը չի համարում, որ դիմումատուն չարաշահել է անհատական դիմում ներկայացնելու իր իրավունքն այն հիմքով, որ Դատարանին չի տեղեկացրել քննությունը վերսկսվելու մասին, ինչպես պնդել է Կառավարությունը:
4. Դատարանը նշում է, որ այս բողոքը Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ կետի «ա» ենթակետի իմաստով որևէ հիմքով ակնհայտ անհիմն կամ անընդունելի չէ: Հետևաբար այն պետք է հայտարարվի ընդունելի:
5. Վատ վերաբերմունքն արգելելու և նման ենթադրյալ դեպքերի արդյունավետ քննություն իրականացնելու պարտավորության վերաբերյալ ընդհանուր սկզբունքներն ամփոփ ներկայացված են Բույիդն ընդդեմ Բելգիայի ([ՄՊ] [Bouyid v. Belgium [GC]], թիվ 23380/09, § 81-90, 114-23, ՄԻԵԴ 2015) գործով վճռում։
6. Սույն գործում ոստիկանության արգելանքի տակ պահելու վայր բերման ենթարկվելուց մոտ մեկ օր անց՝ ոստիկանության՝ ձերբակալված անձանց ժամանակավոր պահելու վայր ընդունվելու ժամանակ, դիմումատուն ենթարկվել է ֆիզիկական զննության, և նրա մոտ հայտնաբերվել են մի շարք վնասվածքներ: Ոստիկանության բաժանմունքում մեկ օր գտնվելու ընթացքում և մինչև ձերբակալված անձանց ժամանակավոր պահելու վայր տեղափոխվելը շտապօգնություն է կանչվել՝ դիմումատուին առաջին բժշկական օգնություն ցուցաբերելու համար, և նրան տեղափոխել են հիվանդանոց, որտեղ վերջինս գանգատվել է կրծքավանդակի և մեջքի շրջանում ցավերից և ենթադրյալ վատ վերաբերմունքից։ Դիմումատուին լրացուցիչ զննել է դատաբժշկական փորձագետը, որը հաստատել է նրա վնասվածքները, այդ թվում՝ դեմքի և մարմնի հատվածներում կապտուկներն ու քթի ձևախեղումը։ Ոստիկանությունում արգելանքի տակ պահելու վայրից ազատ արձակվելուց հետո, որը տևել է մոտ երեք օր, դիմումատուն հոսպիտալացվել է քթի կոտրվածք ախտորոշմամբ և ենթարկվել քթի վիրահատության, թեև դատաբժշկական փորձագետն ավելի ուշ եզրակացրել է, որ քթի կոտրվածքը հին վնասվածք է, որն առնչություն չունի դեպքի օրը տեղի ունեցած միջադեպի հետ։
7. Կառավարությունը պնդել է, որ դիմումատուի վնասվածքները հասցվել են մինչև ոստիկանության բաժանմունք ժամանելը, ամենայն հավանականությամբ՝ ձերբակալման ընթացքում դիմադրություն ցուցաբերելու հետևանքով: Նրանք, սակայն, չեն կարողացել այս պնդումը հիմնավորել որևէ ապացույցով։ Նախ, առկա չէ որևէ ապացույց այն մասին, որ դիմումատուն ոստիկանության բաժանմունք մուտք գործելիս արդեն իսկ ունեցել է վնասվածքներ, քանի որ, ինչպես արդեն նշվել է վերևում, նրա առաջին ֆիզիկական զննությունն իրականացվել է արգելանքի վերցվելուց մոտ մեկ օր անց: Երկրորդ, Կառավարության պնդումն այն մասին, որ ձերբակալման ընթացքում դիմադրություն ցուցաբերած դիմումատուի նկատմամբ գործադրվել է ուժ, ենթադրյալ բնույթ է կրում և չի հիմնավորվում գործի նյութերով: Ներպետական մակարդակով նման եզրակացություն երբեք չի արվել։ Ավելին, տվյալ ժամանակահատվածում ձերբակալումն իրականացնող ոստիկանների կողմից որևէ հաղորդում չի ներկայացվել դիմումատուի ձերբակալման ժամանակ վերջինիս կողմից ստացված վնասվածքների մասին, ինչպես նախատեսված է «Ոստիկանության մասին» օրենքի 29-րդ հոդվածով (տե՛ս Մուշեղ Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի, [Mushegh Saghatelyan v. Armenia] (թիվ 23086/08, § 122, 2018 թվականի սեպտեմբերի 20 գործով վճիռը), իսկ ոստիկանության ծառայողի վրա ենթադրյալ հարձակման համար դիմումատուի դեմ հարուցված քրեական գործը կարճվել է ապացույցների բացակայության հիմքով: Ճշմարիտ է, որ ավելի ուշ՝ քննության ընթացքում, դատաբժշկական փորձագետը հատկապես դիմումատուի քթի կոտրվածքի մասով եզրակացրել է, որ դա հին վնասվածք է, որն առնչություն չունի դեպքի օրը տեղի ունեցած միջադեպի հետ։ Այդ փաստը, սակայն, որոշիչ չէ, քանի որ դիմումատուն ունեցել է նաև մի շարք այլ վնասվածքներ, այդ թվում՝ դեմքի և մարմնի հատվածներում կապտուկներ:
8. Հաշվի առնելով վերոնշյալը՝ Դատարանը գտնում է, որ Կառավարությունը չի կարողացել արժանահավատ բացատրություն ներկայացնել դիմումատուին հասցված վնասվածքների վերաբերյալ: Մասնավորապես չի հաստատվել այն փաստը, որ նրա վնասվածքները հասցվել են ուժի գործադրման հետևանքով, որը խիստ անհրաժեշտ է եղել՝ պայմանավորված նրա վարքագծով (տե՛ս Բույիդի գործը՝ վերևում հիշատակված, § 100): Հետևաբար Դատարանը եզրակացնում է, որ դիմումատուն ենթարկվել է անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի՝ 3-րդ հոդվածի իմաստով:
9. Ինչ վերաբերում է ծառայողական քննությանը, իշխանություններն ի սկզբանե արագ կերպով արձագանքել են՝ պահանջելով և իրականացնելով դիմումատուի դատաբժշկական փորձաքննությունը նույն օրը, երբ դիմումատուն ցուցմունք է տվել քննիչին իր նկատմամբ ցուցաբերված ենթադրյալ վատ վերաբերմունքի մասին: Այնուամենայնիվ, որևէ լրացուցիչ քննչական միջոցառում չի իրականացվել մինչև վկայի առաջին հարցաքննությունը, որն անցկացվել է մոտ երկու ամիս անց, և դեռևս մոտ յոթ ամիսը չլրացած՝ դիմումատուի դեմ հարուցված քրեական գործը կարճվել է, և նոր գործ է հարուցվել ոստիկանության չորս ծառայողների նկատմամբ, որոնք ենթադրյալ վատ վերաբերմունք են ցուցաբերել նրա նկատմամբ։ Հատկանշական է, որ այդ ամբողջ ժամանակահատվածում վկաների ընդամենը չորս հարցաքննություն է կատարվել։ Դիմումատուն ճանաչվել է որպես տուժող և իր նկատմամբ ցուցաբերված ենթադրյալ վատ վերաբերմունքի մասին հարցաքննվել է միայն նոր քրեական գործ հարուցվելուց հետո։ Վերոնշյալի լույսի ներքո չի կարելի պնդել, որ քննությունն իրականացվել է արագ և համարժեք կերպով, ինչպես պահանջում է 3-րդ հոդվածով, և ակնհայտորեն, նման լուրջ թերությունները կարող էին խաթարել դրա արդյունավետությունը:
10. Հետևաբար տեղի է ունեցել Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում` նյութաիրավական և ընթացակարգային տեսանկյունից:
ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 41-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՈԻՄԸ
11. Դիմումատուն պահանջել է 15 000 եվրո՝ որպես ոչ նյութական վնասի հատուցում։
12. Դատարանը դիմումատուին շնորհում է 12 000 եվրո՝ որպես ոչ նյութական վնասի հատուցում՝ գումարած գանձման ենթակա ցանկացած հարկ։
13. Դատարանը նաև գտնում է, որ չկատարման դեպքում հաշվարկվող տոկոսադրույքը պետք է հիմնված լինի Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած՝ լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքի վրա, որին պետք է գումարվի երեք տոկոսային կետ։
ԱՅՍ ՀԻՄՆԱՎՈՐՄԱՄԲ ԴԱՏԱՐԱՆԸ ՄԻԱՁԱՅՆ՝
1. Հայտարարում է գանգատն ընդունելի.
2. Վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում՝ նյութաիրավական և ընթացակարգային տեսանկյունից.
3. Վճռում է, որ՝
ա) պատասխանող պետությունը երեք ամսվա ընթացքում պետք է ոչ նյութական վնասի դիմաց դիմումատուին վճարի 12 000 եվրո (տասներկու հազար եվրո)՝ գումարած գանձման ենթակա ցանկացած հարկ, որը պետք է փոխարկվի պատասխանող պետության արժույթով՝ վճարման օրվա դրությամբ գործող փոխարժեքով,
բ) վերը նշված եռամսյա ժամկետի ավարտից հետո՝ մինչև վճարման օրը, պետք է հաշվարկվի վերոնշյալ գումարների նկատմամբ պարզ տոկոսադրույք՝ չկատարման ժամանակահատվածում Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած՝ լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքի չափով՝ գումարած երեք տոկոսային կետ.
4. Մերժում է դիմումատուի՝ արդարացի փոխհատուցման պահանջի մնացած մասը։
Կատարված է անգլերենով և գրավոր ծանուցվել է 2022 թվականի մարտի 29-ին՝ համաձայն Դատարանի կանոնակարգի 77-րդ կանոնի 2-րդ և 3-րդ կետերի։
Իլզե Ֆրայվըրթ՝ Բաժանմունքի քարտուղարի տեղակալ |
Յոլիեն Շուկինգ` Նախագահ |
