ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի որոշում |
ԵԴ/0306/11/20 | ||
Գործ թիվ ԵԴ/0306/11/20 |
|||
|
ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),
նախագահությամբ` |
Հ. Ասատրյանի | |
մասնակցությամբ դատավորներ` |
Ս. Ավետիսյանի | |
Ե. Դանիելյանի | ||
Լ. Թադևոսյանի | ||
|
Ա. Պողոսյանի | |
|
7 հոկտեմբերի 2022 թվական |
ք. Երևանում |
գրավոր ընթացակարգով քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2020 թվականի նոյեմբերի 24-ի որոշման դեմ դիմող Եվա Միխաիլի միրյանի փաստաբան, ներկայացուցիչ Ա․Մկրտչյանի վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
Գործի դատավարական նախապատմությունը.
1. ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնի ավագ քննիչ Ա.Բարսեղյանի՝ 2019 թվականի դեկտեմբերի 17-ի որոշմամբ թիվ 11194519 քրեական գործով վարույթը կարճվել է և Վարդան Մարգարյանի նկատմամբ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով, 178-րդ հոդվածի 3-րդ մասով, 179-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, Արսեն Մկրտչյանի նկատմամբ նույն օրենսգրքի 333-րդ հոդվածով ու Եվա Ամիրյանի նկատմամբ նույն օրենսգրիք 338-րդ հոդվածով քրեական հետապնդում չի իրականացվել՝ արարքներում հանցակազմի բացակայության հիմքով:
Վերոգրյալ որոշման դեմ տուժող Ե․Ամիրյանի փաստաբան Ա․Մկրտչյանի բողոքը Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի դատախազ Գ․Գևորգյանի՝ 2020 թվականի փետրվարի 18-ի որոշմամբ մերժվել է՝ անհիմն լինելու պատճառաբանությամբ:
2․ Փաստաբաններ Ա․Մկրտչյանի և Վ․Նիկողոսյանի բողոքի քննության արդյունքում, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը (այսուհետ՝ նաև Առաջին ատյանի դատարան) 2020 թվականի օգոստոսի 17-ի որոշմամբ բողոքը մերժել է՝ առանց ըստ էության քննարկման առարկա դարձնելու բողոքը։
3․ Վերոնշյալ որոշման դեմ փաստաբաններ Ա․Մկրտչյանի և Վ․Նիկողոսյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան) 2020 թվականի նոյեմբերի 24-ին որոշում է կայացրել բողոքը մերժելու ու Առաջին ատյանի դատարանի՝ 2020 թվականի օգոստոսի 17-ի որոշումն օրինական ուժի մեջ թողնելու մասին։
4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ փաստաբան Ա․Մկրտչյանը բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2021 թվականի մայիսի 3-ի որոշմամբ ընդունվել է վարույթ1: Վճռաբեկ դատարանի՝ 2022 թվականի ապրիլի 12-ի որոշմամբ սահմանվել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ:
Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։
Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.
5. Բողոքի հեղինակը փաստարկել է, որ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատական սխալ՝ դատավարական իրավունքի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:
Այսպես՝ բողոքաբերը գտել է, որ Վերաքննիչ դատարանի հետևությունները կառուցված են գործում առկա փաստական տվյալների միակողմանի, թերի և սուբյեկտիվ գնահատման վրա։
Ի հիմնավորումը նշված պնդման, բողոք բերած անձը նշել է, որ գործում առկա է 2020 թվականի փետրվարի 3-ին կազմված լիազորագիր, որով Ե․Ամիրյանը լիազորել է փաստաբաններ Ա․Մկրտչյանին և Վ․Նիկողոսյանին իր շահերի պաշտպանությամբ հանդես գալու քրեական հետապնդման մարմիններում ու Հայաստանի Հանրապետության բոլոր դատական ատյաններում, ընդ որում այն տրված է 3 տարի ժամկետով։ Նշված լիազորագրի ուժով նախաքննության մարմնի վիճարկվող որոշումը բողոքարկվել է դատախազին և վերջինս իր որոշմամբ կասկածի տակ չի դրել փաստաբանների՝ դիմողի ներկայացուցչությունն իրականացնելու իրավասությունը։
Բացի այդ, Առաջին ատյանի դատարանում ներկայացվել է նաև 2020 թվականի փետրվարի 3-ին կազմված Ե․Ամիրյանի դիմումը՝ նույն փաստաբանների կողմից սույն քրեական գործի նյութերին ծանոթանալու և համապատասխան դիմումներ ու բողոքներ ներկայացնելու խնդրանքով։
Ընդհանրացնելով՝ բողոքաբերն արձանագրել է, որ հիշյալ փաստական տվյալների համակցությունը բավարար է արձանագրելու, որ փաստաբաններ Ա․Մկրտչյանը և Վ․Նիկողոսյանը լիազորված են եղել մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության շրջանակներում ներկայացնելու դիմող Ե․Ամիրյանի օրինական շահերն ու այդ հանգամանքը կասկածի տակ չի դրվել դատավարության մասնակիցների կողմից։
Միևնույն ժամանակ, բողոքի հեղինակը նշել է, որ Առաջին ատյանի դատարանում ներկայացվել էր նաև դիմող Ե․Ամիրյանի դստեր Զ․Ամիրյանին տուժողի իրավահաջորդ ճանաչելու և գործի քննությանը ներգրավելու պահանջով միջնորդություն, որին կցվել է դիմող Ե․Ամիրյանի մահվան վկայականը և ժառանգությունն ընդունելու մասին Զ․Ամիրյանի հայտարարությունը։ Նշվածն, ըստ բողոք բերած անձի, ինքնին բավարար էր Զ․Ամիրյանին որպես տուժողի իրավահաջորդ բողոքի քննությանը ներգրավելու համար։ Ավելին, ՀՀ տարածքից դուրս կազմված լինելու և COVID-19 համավարակով պայմանավորված սահմանափակումների պատճառով Զ․Ամիրյանի տված լիազորագրի բնօրինակը ներկայացվել էր Վերաքննիչ դատարան, սակայն դատարանը ևս Զ․Ամիրյանին չի ներգրավել բողոքի քննությանը։
Ամփոփելով, բողոքաբերը եզրահանգել է, որ հիշյալ փաստական հանգամանքների անտեսմամբ արված Վերաքննիչ դատարանի եզրահանգմամբ խախտվել են տուժողի (տուժողի իրավահաջորդի) իրավունքները և օրինական շահերը։
6. Հիմք ընդունելով վերոշարադրյալը` բողոքաբերը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2020 թվականի նոյեմբերի 24-ի որոշումը և գործն ուղարկել համապատասխան ստորադաս դատարան՝ նոր քննության՝ սահմանելով նոր քննության ծավալը:
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.
7. Քրեական գործ հարուցելու առիթը՝ ենթադրյալ հանցագործության մասին հաղորդումը ներկայացրել է դիմող Ե․Ամիրյանի փաստաբան Ա․Մկրտչյանը, որին կցվել է նաև՝
- 2019 թվականի մայիսի 2-ին կազմված, դիմող Ե․Ամիրյանի ստորագրությամբ վավերացված և փաստաբաններ Ա․Մկրտչյանին ու Վ․Նիկողոսյանին հասցեագրված դիմումը՝ ենթադրյալ խարդախության արդյունքում, իր շահերի պաշտպանությունը Հայաստանի Հանրապետության դատախազության, ոստիկանության և քննչական մարմիններում իրականացնելու խնդրանքով,
- փաստաբաններ Ա․Մկրտչյանի և Վ․Նիկողոսյանի փաստաբանական գործունեության արտոնագրերը2,
- նոտարական կարգով վավերացված, 2018 թվականի մարտի 21-ին կազմված կտակի պատճենը, համաձայն որի՝ Ե․Ամիրյանն իրեն պատկանող շարժական և անշարժ գույքը կտակել է Զինա Վազգենի Ամիրյանին3։
7․1 Առաջին ատյանի դատարանում՝ 2020 թվականի մարտի 23-ին ստացված բողոքի քննության ընթացքում ներկայացվել է՝
- 2020 թվականի փետրվարի 3-ին կազմված, դիմող Ե․Ամիրյանի ստորագրությամբ վավերացված և փաստաբաններ Ա․Մկրտչյանին ու Վ․Նիկողոսյանին հասցեագրված դիմումը՝ թիվ 11194519 քրեական գործի նյութերին ծանոթանալու, համապատասխան դիմումներ և բողոքներ ներկայացնելու խնդրանքով՝ ենթադրյալ հափշտակության արդյունքում, իր իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունն իրականացնելու նպատակով,
- մահվան մասին պետական վկայականը, համաձայն որի՝ Ե․Ամիրյանը մահացել է 2020 թվականի հունիսի 29-ին,
- փաստաբան Ա․Մկրտչյանի միջնորդությունը՝ Զինա Ամիրյանին թիվ 11194519 քրեական գործով տուժող Ե․Ամիրյանի իրավահաջորդ ճանաչելու, և գործի քննությանը ներգրավելու պահանջով, որին կից ներկայացվել է օտար լեզվով կազմված ու նոտարական կարգով վավերացված հայտարարության պատճենը, ինչպես նաև դրա հայերեն թարգմանված օրինակը, հետևյալ բովանդակությամբ․ Զ․Ամիրյանը հայտարարություն է տարածել առ այն, որ որպես Ե․Ամիրյանի դուստր, ըստ օրենքի, հանդիսանում է նրա ժառանգը և բոլոր հիմունքներով ընդունում է ժառանգությունը4։
7․2․ Առաջին ատյանի դատարանի՝ 2020 թվականի օգոստոսի 10-ի դատական նիստի արձանագրության համաձայն՝ նախագահող դատավորը հայտարարել է, որ նախորդ դատական նիստը հետաձգվել էր որպես դիմող Ե․Ամիրյանի ներկայացուցիչ հանդես եկող անձանց իրավավիճակը հաստատող լիազորագիրը ներկայացնելու պատճառով, ինչից հետո դատարանը տեղեկացվել է դիմող Ե․Ամիրյանի մահվան մասին։ Որպես դիմող Ե․Ամիրյանի ներկայացուցիչ հանդես եկող անձը հայտարարել է, որ լիազորագիրը ներկայացնելու է Զ․Ամիրյանը, ինչին ի պատասխան նախագահող դատավորը հայտնել է, որ վերջինս իրավասու չէ ներկայացնելու լիազորագիր, այնուհետև փաստարկել, որ բողոքը ներկայացնելու օրվա դրությամբ դիմող Ե․Ամիրյանը ողջ էր, սակայն բողոքը վերջինիս կողմից չի բերվել, և նյութերում առկա չէ լիազորագիր, այդ պատճառով պահանջվել էր ներկայացնել այն, միաժամանակ հայտարարելով, որ մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության շրջանակներում անհրաժեշտ է նոր լիազորագիր ներկայացնել՝ պատճառաբանելով, որ բողոքը դիմողի կողմից ստորագրված չլինելու դեպքում, հնարավոր է, որ վերջինս չի ցանկանում օգտվել բողոքարկման իրավունքից5։
Նույն դատական նիստի արձանագրության համաձայն՝ Առաջին ատյանի դատարանն արձանագրային որոշմամբ մերժել է վերոհիշյալ միջնորդությունը, պատճառաբանելով, որ․ «(․․․) [Բ]ողոքի շրջանակներում [դատարանը] չի կարող [Զ․Ամիրյանին] տուժողի իրավահաջորդ ճանաչել և բողոքը քննել նրա մասնակցությամբ կամ բացակայությամբ, ըստ էության Դուք [փաստաբանը] ներկայացրել եք Ե․Ամիրյանի շահերը, հանդես եք եկել որպես վերջինիս ներկայացուցիչ ու Ե․Ամիրյանն անգամ բողոքի տակ չի ստորագրել, ըստ էության Ձեր բողոքն է՝ եթե հիմք ընդունենք, որ առկա է լիազորագիր, օրենքով սահմանված կարգով, որն այդպես էլ դատարան չներկայացվեց (․․․)»6։
8. Առաջին ատյանի դատարանի որոշմամբ արձանագրվել է հետևյալը. «(...) Բողոքի քննության ընթացքում բողոքում որպես Եվա Ամիրյանի ներկայացուցիչներ նշված և հանդես եկող Արսեն Մկրտչյանի ու Վարդան Նիկողոսյանի կողմից չի ներկայացվել լիազորագիր այն մասին, որ բողոքաբերի կողմից լիազորված են բողոքի քննության ընթացքում ներկայացնելու նրա շահերը:
Հետևաբար, [Առաջին ատյանի] դատարանը, նկատի ունենալով, որ բողոքաբեր Եվա Միխաիլի Ամիրյանը մահացել է, իսկ Արսեն Մկրտչյանը և Վարդան Նիկողոսյանը լիազորված չեն դատարանում ներկայացնելու վերջինիս շահերը, այսինքն՝ չեն հանդիսանում բողոքի քննության համար պատշաճ սուբյեկտ, գտնում է, որ ներկայացված բողոքը պետք է մերժել՝ առանց անդրադառնալու բողոքի հիմքերին»7։
9. Վերաքննիչ դատարանը, անփոփոխ թողնելով Առաջին ատյանի դատարանի դատական ակտը, իր որոշումը պատճառաբանել է հետևյալ կերպ․ «(…) [Բ]ողոքին առնչվող նյութերում բացակայում է լիազորագիրը, որով Եվա Միխաիլի Ամիրյանը լիազորել է Արսեն Մկրտչյանին և Վարդան Նիկողոսյանին իր անունից ու իր շահերի պաշտպանությամբ հանդես գալու սույն բողոքի դատական քննության ընթացքում, ուստի՝ Արսեն Մկրտչյանը և Վարդան Նիկողոսյանը լիազորված չեն սույն բողոքի դատական քննության ընթացքում ներկայացնելու Եվա Միխաիլի Ամիրյանը շահերը:
Իսկ ինչ վերաբերում է վերաքննիչ բողոքին կից ներկայացված լիազորագրին, որով Զինա Ամիրյանը լիազորել է Արսեն Մկրտչյանին և Վարդան Նիկողոսյանին իր անունից ու իր շահերի պաշտպանությամբ հանդես գալու ՀՀ դատական բոլոր ատյաններում, ապա՝ Վերաքննիչ դատարանը հարկ է համարում նկատել, որ Առաջին ատյանի դատարանի՝ 2020 թվականի օգոստոսի 17-ի որոշման կայացման օրվա դրությամբ այդ լիազորագիրը բացակայել է, հետևաբար Առաջին ատյանի դատարանը թույլ չի տվել դատական սխալ դատավարական իրավունքի խախտում, ինչը հիմք կտար Առաջին ատյանի դատարանի՝ 2020 թվականի օգոստոսի 17-ի դատական ակտը բեկանելու համար»8։
Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
10. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավո՞ր է արդյոք ստորադաս դատարանների հետևությունն այն մասին, որ փաստաբաններ Ա․Մկրտչյանը և Վ․Նիկողոսյանը դատարանում իրավասու չէին ներկայացնելու դիմող Ե․Ամիրյանի օրինական շահերը։
11. 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 59-րդ հոդվածի համաձայն՝ «1. Տուժողը, սույն օրենսգրքով սահմանված կարգով, իրավունք ունի`
(․․․)
8) ունենալ ներկայացուցիչ և դադարեցնել ներկայացուցչի լիազորությունները:
(․․․)
4. Տուժողն իրեն պատկանող իրավունքներից օգտվում և իր վրա դրված պարտականությունները կատարում է անձամբ կամ ներկայացուցչի միջոցով, եթե դա համապատասխանում է համապատասխան իրավունքների և պարտականությունների բնույթին»։
Նույն օրենսգրքի 78-րդ հոդվածի համաձայն՝ «1. Տուժողի, (․․․) ներկայացուցիչներ են հանդիսանում այն անձինք, որոնք դատավարության նշված մասնակ[ցի] կողմից լիազորված են քրեական գործով վարույթի ընթացքում ներկայացնելու [նրա] օրինական շահերը:
2. Քրեական դատավարությունում որպես տուժողի, (․․․) ներկայացուցիչներ կարող են մասնակցել փաստաբանները և դատավարությանը համապատասխան մասնակցի կողմից տրված լիազորագիր ունեցող այլ անձինք: (․․․)»
Տուժողի իրավական վիճակի առնչությամբ իր նախադեպային իրավունքում ձևավորված դիրքորոշումների հաշվառմամբ Վճռաբեկ դատարանը կրկնում է, որ տուժողի իրավունքների և օրինական շահերի պաշտպանության ապահովումը հանդիսանում է քրեական դատավարության կարևորագույն խնդիրներից մեկը9։ Քրեադատավարական իրավահարաբերություններում տուժողի իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը՝ կապված ենթադրյալ հանցագործությամբ անմիջականորեն վնաս պատճառված լինելու (կամ այդպիսի վնաս պատճառելու հավանականության) հանգամանքի հետ, ունի որոշակի առանձնահատկություններ։
Հանցագործություններից տուժած անձի իրավունքների ապահովման անհրաժեշտությունը քննարկելով իրավական պաշտպանություն հայցելու մեխանիզմների համատեքստում, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ տուժողի իրավունքների ու օրինական շահերի երաշխիք է հանդիսանում դատախազական հսկողությունը, միևնույն ժամանակ, տուժողը (տուժողի իրավահաջորդը) հանդիսանալով դատավարության ինքնուրույն սուբյեկտ օժտված է իր իրավաչափ շահերը ներկայացնելու հնարավորությամբ, որը կարող է իրացվել ինչպես անձամբ, այնպես էլ ներկայացուցչի միջոցով։
11․1․ Քրեական դատավարությունում ներկայացուցչություն է համարվում օրենքով սահմանված այն գործունեությունը, երբ մեկ անձը հանդես է գալիս մեկ այլ անձի շահերի պաշտպանությամբ։ Այսինքն՝ տուժողի ներկայացուցիչը դատավարության հիշյալ սուբյեկտի կողմից լիազորված անձն է, ով իրավունք ունի գործով վարույթի ընթացքում ներկայացնելու տուժողի օրինական շահերը։
Տուժողի ներկայացուցիչ ճանաչելու քրեադատավարական կարգին վերաբերող դրույթների վերլուծության արդյունքում, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրենսդիրը սահմանել է սուբյեկտների ընդհանուր շրջանակ, որոնք կարող են քրեադատավարական իրավահարաբերություններում ներկայացնել տուժողի օրինական շահերը։ Տուժողի օրինական շահերի ներկայացուցչությունն իրականացնող սուբյեկտների շարքում ընդգրկված են փաստաբանները և տուժողի կողմից լիազորված այլ անձինք։ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ ներկայացուցիչը՝ որպես իրավահարաբերության սուբյեկտ, իր՝ ներկայացուցչությունն իրականացնելու իրավասությունը պետք է հիմնավորի կարգավիճակը հաստատող անհրաժեշտ փաստաթղթերով։
11․2․ Քրեական գործի շրջանակներում պաշտպանի դատավարական կարգավիճակը հաստատելու հարցը լուծելիս՝ Վճռաբեկ դատարանը կարևոր է համարել ուշադրություն դարձնել այն հանգամանքի վրա, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 71-րդ հոդվածի իմաստով պաշտպանի կարգավիճակը հաստատվում է նշված հոդվածով սպառիչ թվարկված ներկայացվելիք փաստաթղթերով․ ցանկում ներառված՝ պաշտպանյալի ստորագրությամբ վավերացված փաստաթղթային հաստատումը բովանդակային առումով պետք է պարունակի պաշտպանյալի համաձայնությունը կոնկրետ փաստաբանի կողմից իր իրավունքներն ու օրինական շահերը պաշտպանելու մասին, իսկ ձևական առումով պետք է ունենա փաստաթղթային ձևակերպում և հաստատված լինի պաշտպանյալի ստորագրությամբ։ Նշված պահանջներին համապատասխանող փաստաթուղթը վարույթն իրականացնող մարմնի կողմից պետք է գնահատվի որպես պաշտպանյալի կողմից տրված պատշաճ հաստատում, հակառակ դեպքում կխախտվեն ինչպես օրինականության սկզբունքը, այնպես էլ մեղադրյալի (կասկածյալի) իրավաբանական օգնություն ստանալու իրավունքը։ Ընդ որում, ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը չի սահմանում պաշտպանյալի ստորագրությամբ վավերացված փաստաթղթային հաստատման ձևին և բովանդակությանը վերաբերող վավերապայմաններ։ Այդպիսի վավերապայմաններ նախատեսված չեն նաև համապատասխան իրավահարաբերությունները կարգավորող այլ իրավական ակտերում, այդ թվում` «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքում10։
12․3․ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ պաշտպանության իրավունքի համատեքստում ձևավորված վերոգրյալ իրավական դիրքորոշումը վերաբերելի մասով (mutatis mutandis) կիրառելի է նաև քրեադատավարական իրավահարաբերություններում փաստաբանի՝ որպես տուժողի ներկայացուցչի կարգավիճակը հաստատելու հարցը լուծելիս։
12․ Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ՝
- դիմող Ե․Ամիրյանի փաստաբան Ա․Մկրտչյանի հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով հարուցված քրեական գործի վարույթը նախաքննության մարմնի որոշմամբ կարճվել է11,
- որպես դիմող Ե․Ամիրյանի ներկայացուցիչ հանդես եկող փաստաբան Ա․Մկրտչյանի բողոքը Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի դատախազի որոշմամբ մերժվել է՝ անհիմն լինելու պատճառաբանությամբ12,
- վերոնշյալ որոշումների դեմ փաստաբաններ Ա․Մկրտչյանի և Վ․Նիկողոսյանի բողոքն Առաջին ատյանի դատարանի որոշմամբ մերժվել է՝ առանց ըստ էության քննարկման առարկա դարձնելու։ Հիշյալ դիրքորոշումը հիմնավորվել է նրանով, որ ներկայացված չէր լիազորագիր առ այն, որ փաստաբանները լիազորված են դատարանում ներկայացնելու դիմող Ե․Ամիրյանի օրինական շահերը։ Արդյունքում, նկատի ունենալով, որ դիմող Ե․Ամիրյանը մահացել է, իսկ փաստաբանները լիազորված չեն դատարանում ներկայացնելու նրա շահերը, Առաջին ատյանի դատարանը եզրահանգել է, որ փաստաբանները չեն հանդիսանում բողոքի քննության համար պատշաճ սուբյեկտ13։ Միևնույն ժամանակ, Առաջին ատյանի դատարանն արձանագրային որոշմամբ մերժել է դիմող Ե․Ամիրյանի դստեր Զ․Ամիրյանին տուժողի իրավահաջորդ ճանաչելու և բողոքի քննությանը ներգրավելու վերաբերյալ միջնորդությունը14։
- Վերաքննիչ դատարանն իրավաչափ դիտարկելով Առաջին ատյանի դատարանի որոշմամբ արձանագրված վերոգրյալ պնդումը, արձանագրել է նաև, որ Հայաստանի Հանրապետության դատական ատյաններում իր անունից հանդես գալու իրավունքով փաստաբաններ Ա․Մկրտչյանին և Վ․Նիկողոսյանին օժտելու վերաբերյալ Զ․Ամիրյանի տված լիազորագիրը վիճարկվող դատական ակտը կայացնելիս բացակայել է, հետևաբար Առաջին ատյանի դատարանի դատական ակտը բեկանելու հիմքեր չկան15։
I. Մինչև տուժող Ե․Ամիրյանի մահը փաստաբաններ Ա․Մկրտչյանի և Վ․Նիկողոսյանի կարգավիճակը․
13․ Տվյալ գործի փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 11-11․3-րդ կետերում մեջբերված իրավական նորմերի և շարադրված իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանները պատշաճ գնահատման չեն ենթարկել դիմող Ե․Ամիրյանի և փաստաբաններ Ա․Մկրտչյանի և Վ․Նիկողոսյանի միջև ձևավորված իրավահարաբերությունների բնույթը՝ դատավարական նորմի կիրառման հարցում հանգելով սխալ եզրահանգման, որն արդեն իսկ Վճռաբեկ դատարանի կողմից բացահայտվել է սույն որոշման նախորդ կետերում: Մասնավորապես՝ գտնելով, որ մինչդատական վարույթն իրականացնող մարմնի որոշման դեմ բողոք բերելու իրավունքով օժտված է միայն լիազորագրի ուժով դիմողի օրինական շահերի պաշտպանությունն իրականացնելուն լիազորված սուբյեկտը, ստորադաս դատարանները հիշյալ փաստաբանների կարգավիճակը հաստատելու համար ներկայացրել են լրացուցիչ և որևէ իրավական հիմքից զուրկ պահանջ։ Այլ կերպ՝ փաստաբանների՝ ներկայացուցչություն իրականացնելու իրավասությունը ոչ իրավաչափորեն պայմանավորելով լիազորագրի ձևով փաստաթղթային հաստատմամբ, ստորադաս դատարանները խախտել են օրինականության սկզբունքը և սահմանափակել դիմող Ե․Ամիրյանի՝ գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդում չիրականացնելու որոշման կապակցությամբ դատական պաշտպանություն հայցելու իրավունքը:
Վերոգրյալի հետ մեկտեղ, հարկ է նշել, որ Վճռաբեկ դատարանում ստացված նյութերում, այդ թվում՝ Առաջին ատյանի դատարանում ձևավորված, առկա է Ե․Ամիրյանի ստորագրությամբ վավերացված և հիշյալ փաստաբաններին հասցեագրված դիմումներ՝ ենթադրյալ հափշտակության արդյունքով իր օրինական շահերի պաշտպանությունն ապահովելու խնդրանքով։ Այս համատեքստում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ նշված դիմումներից վերջինը կազմված է նախաքննության մարմնի վիճարկվող որոշումը կայացնելուց հետո՝ նախքան փաստաբանների բողոքն Առաջին ատյանի դատարանում ստանալը։ Ընդ որում, այդ դիմումով հիշյալ փաստաբաններին վերապահված էր նաև բողոքարկման իրավունքը16։ Հատկանշական է նաև, որ Վճռաբեկ դատարանի տրամադրության տակ եղած նյութերում առկա չեն քննարկվող դիմումը կազմելուց հետո փաստաբաններ Ա․Մկրտչյանի և Վ․Նիկողոսյանի՝ որպես դիմող Ե․Ամիրյանի ներկայացուցիչների լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ փաստական տվյալները։
Վերոգրյալ հանգամանքները ցույց են տալիս, որ առկա է սույն որոշման 11․2-րդ կետում շարադրված պահանջին համապատասխանող՝ դիմող Ե․Ամիրյանի համաձայնությունը, կոնկրետ փաստաբանների կողմից իր իրավունքներն ու օրինական շահերը պաշտպանելու մասին։
Վերոգրյալի հաշվառմամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ առկա են նշված փաստաբանների՝ որպես դիմող Ե․Ամիրյանի ներկայացուցչի կարգավիճակը հաստատելու համար օրենսդրի կողմից սպառիչ ցանկով նախատեսված ներկայացվելիք փաստաթղթերից՝ փաստաբանների արտոնագրերը17 և Ե․Ամիրյանի ստորագրությամբ վավերացված փաստաթղթային հաստատումը։
Այսպիսով, ամփոփելով վերոգրյալը Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ փաստաբաններ Ա․Մկրտչյանը և Վ․Նիկողոսյանը մինչև դիմող Ե․Ամիրյանի մահը լիազորված են եղել իրականացնելու վերջինիս օրինական շահերի ներկայացուցչությունը, այդ թվում՝ դատական բողոքարկման եղանակով։
II. Տուժող Ե․Ամիրյանի մահից հետո փաստաբաններ Ա․Մկրտչյանի և Վ․Նիկողոսյանի դատավարական կարգավիճակը․
13․1 Հանցագործությունից տուժած անձի իրավունքների պաշտպանության համատեքստում ձևավորված նախադեպային իրավունքի18, այդ թվում նաև դրանցում վկայակոչված միջազգային չափանիշների լույսի ներքո գնահատելով սույն գործի փաստական հանգամանքները՝ Վճռաբեկ դատարանը նախ և առաջ կրկնում է, որ դատարանի մատչելիության իրավունքի իրացմանն առնչվող դատավարական կարգավորումները դատարանների կողմից պետք է ճկուն մեկնաբանման ենթարկվեն` ելնելով դատարանի մատչելիության իրավունքի գերակայությունից` քրեադատավարական օրենքով նախատեսված ընթացակարգային առանձնահատկությունների նկատմամբ19։ Դատարանի մատչելիության հիմնարար իրավունքի բաղադրատարրերից մեկն անձի դատական քննությանը մասնակցելու երաշխիքն է, որի ապահովման պարտականությունը կրում է դատարանը։ Քրեական դատավարության սույն փուլում դատարանի՝ վերահսկողական գործառույթն ընդգծելով հանդերձ, հարկ է նշել, որ, տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանում ստացված նյութերում առկա փաստական տվյալների համակցությունն20 առերևույթ բավարար է արձանագրելու Զ․Ամիրյանին՝ տուժող Ե․Ամիրյանի իրավահաջորդ ճանաչելու իրավական հիմքերը21։ Նման պայմաններում Վճռաբեկ դատարանն արձանագում է, որ դատական պաշտպանություն հայցելու հիմնարար իրավունքի ապահովման տեսանկյունից Առաջին ատյանի դատարանը պարտավոր էր ողջամիտ միջոցներ ձեռնարկելու Զ․Ամիրյանի՝ բողոքի քննությանը ներգրավելու կամահայտնությունը պարզելու, ըստ այդմ՝ անձամբ կամ ներկայացուցչի միջոցով իրեն պատկանող իրավունքներից օգտվելու հարցերը լուծելու ուղղությամբ։ Վերոնշյալը համահունչ է տուժողի (տուժողի իրավահաջորդի) իրավունքների պաշտպանության՝ պետության պոզիտիվ պարտավորության, ինչպես նաև պայմանավորված է վերջինիս` դատարանի մատչելիության իրավունքի իրացվելիության ապահովման տեսանկյունից։
Նշվածի հաշվառմամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ենթադրյալ հանցագործությունից տուժած անձի իրավունքների պաշտպանության տեսանկյունից, սույն գործի փաստական հանգամանքների պայմաններում, Զ․Ամիրյանին տուժողի իրավահաջորդ ճանաչելու և բողոքի քննությանը ներգրավելու միջնորդությունը մերժելն իրավաչափ չի կարող համարվել։
Վերոշարադրյալի հետ մեկտեղ, անդրադառնալով Վերաքննիչ դատարանի այն դատողությանը, թե Զ․Ամիրյանի տված լիազորագիրը վիճարկվող դատական ակտը կայացնելիս առկա չէր, ուստի այն բեկանելու հիմքեր չկան, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տուժողի (տուժողի իրավահաջորդի) իրավունքների պաշտպանության՝ պետության պոզիտիվ պարտականության հատկանիշի՝ դատարանի մատչելիության իրավունքի իրացվելիության ապահովման անհրաժեշտության տեսանկյունից սույն գործով էական համարվել չի կարող այն փաստը, թե Զ․Ամիրյանի տված լիազորագիրն Առաջին ատյանի դատարանի տրամադրության տակ չի եղել, հատկապես այն պայմաններում, երբ գործի փաստական տվյալները հիմք են տալիս փաստելու, որ Առաջին ատյանի դատարանը տեղեկացված է եղել դիմող Ե․Ամիրյանի դստեր Զ․Ամիրյանի՝ իրեն պատկանող իրավունքներից փաստաբաններ Ա․Մկրտչյանի և Վ․Նիկողոսյանի միջոցով օգտվելու և բողոքի քննությանը որպես տուժողի իրավահաջորդ մասնակցելու՝ մտադրության կամ ցանկության մասին22։ Այլ խոսքով՝ Վերաքննիչ դատարանի նման մոտեցումը հանգեցրել է Զ.Ամիրյանի` դատարանի մատչելիության իրավունքի այնպիսի սահմանափակման, որի արդյունքում խաթարվել է նրա՝ հիշյալ իրավունքի բուն էությունը՝ վերածվելով պատրանքայինի։ Այդպիսի սահմանափակումը խախտել է նաև գործադրված միջոցի և հետապնդվող նպատակի միջև հավասարակշռության ողջամիտ հարաբերակցությունը։
Հիմք ընդունելով վերոշարադրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նախաքննության մարմնի վիճարկվող որոշման իրավաչափության դատական ստուգման շրջանակներում դիմող Ե․Ամիրյանի մահից հետո փաստաբաններ Ա․Մկրտչյանի և Վ․Նիկողոսյանի՝ ներկայացուցչություն իրականացնելու իրավասությանը հնարավոր է անդրադառնալ Զ․Ամիրյանին դատավարությանը մասնակից դարձնելու պայմաններում։
14․ Այսպիսով, ընդհանրացնելով կատարված վերլուծությունը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանները, փաստաբաններ Ա․Մկրտչյանի և Վ․Նիկողոսյանի կարգավիճակը հաստատելու հարցի համատեքստում պատշաճ գնահատման չեն ենթարկել վերոնշյալ հանգամանքները։
Վերոգրյալի հիման վրա, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարանների հետևությունն այն մասին, որ փաստաբաններ Ա․Մկրտչյանը և Վ․Նիկողոսյանը դատարանում իրավասու չէին ներկայացնելու դիմող Ե․Ամիրյանի օրինական շահերը, հիմնավոր չէ։
15․ Ամփոփելով վերոգրյալը, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով ստորադաս դատարանների կողմից դատական ակտեր կայացնելիս թույլ են տրվել քրեադատավարական օրենքի խախտումներ, որոնք իրենց բնույթով էական են, քանի որ ազդել են գործով ճիշտ որոշում կայացնելու վրա և, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի համաձայն, հիմք են ստորադաս դատարանների դատական ակտերը բեկանելու և գործը՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության ուղարկելու համար23:
Վճռաբեկ դատարանը փաստում է, որ նոր քննության ընթացքում Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը պետք է վերացնի սույն որոշմամբ արձանագրված խախտումները:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 415.1-րդ, 418.1-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Դիմող Եվա Միխաիլի Ամիրյանի ներկայացուցիչներ Ա․Մկրտչյանի և Վ․Նիկողոսյանի բողոքի վերաբերյալ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2020 թվականի օգոստոսի 17-ի որոշումը և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2020 թվականի նոյեմբերի 24-ի որոշումը բեկանել ու գործն ուղարկել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
_______________________
1 Համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի անցումային դրույթները կարգավորող 483-րդ հոդվածի 8-րդ մասի՝ սույն բողոքը քննվում է մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը գործող կարգով:
2 Տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթեր 4-5, 7-9:
3 Տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթեր 12:
4 Տե՛ս նյութեր, հատոր 1-ին, թերթեր 77, 75, 85-87:
5 Տե՛ս նյութեր, հատոր 1-ին, դատական նիստի արձանագրության լազերային կրիչը, թերթ 93։
6 Տե՛ս նույն տեղում։
7 Տե՛ս նյութեր, հատոր 1-ին, թերթեր 94-95:
8 Տե՛ս քրեական գործ, հատոր 2-րդ, թերթեր 148-152:
9 Տե'ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի` Սուսաննա Անտոնյանի գործով 2013 թվականի փետրվարի 15-ի թիվ ԵԿԴ/0077/11/12 որոշումը։
10 Տե'ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի` Քրիստինե Փաշինյանի գործով 2016 թվականի մարտի 30-ի թիվ ԵՇԴ/0031/01/13 որոշումը։
11 Տե՛ս սույն որոշման 1-ին և 7-րդ կետերը:
12 Տե՛ս սույն որոշման 1-ին կետը:
13 Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը:
14 Տե՛ս սույն որոշման 7․2-րդ կետը:
15 Տե՛ս սույն որոշման 9-րդ կետը:
16 Տե՛ս սույն որոշման 7-րդ և 7․1-րդ կետերը:
17 Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը:
18 Տե'ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի` Տիգրան Քամալյանի գործով 2010 թվականի մարտի 26-ի թիվ ԵՇԴ/0097/01/09, Սուսաննա Անտոնյանի գործով 2013 թվականի փետրվարի 15-ի թիվ ԵԿԴ/0077/11/12, Մինաս Մկրտչյանի և Միքայել Միքայելյանի գործով 2016 թվականի նոյեմբերի 1-ի թիվ ԵԷԴ/0110/01/12 և Ռուզան Ադանալյանի գործով 2019 թվականի նոյեմբերի 7-ի թիվ ՇԴ/0003/11/18 որոշումները։
19 Տե'ս Վճռաբեկ դատարանի` Սամվել Ղազարյանի գործով 2018 թվականի մարտի 20-ի թիվ ԵԿԴ/0018/11/17 որոշումը:
20 Տե՛ս սույն որոշման 7-րդ, 7․1-րդ և 9-րդ կետերը:
21 Տուժողի իրավահաջորդ ճանաչելու քրեադատավարական կարգին վերաբերող դրույթների մեկնաբանությունը մասնրամասն տե՛ս Վճռաբեկ դատարանի` Մինաս Մկրտչյանի և Միքայել Միքայելյանի գործով 2016 թվականի նոյեմբերի 1-ի թիվ ԵԷԴ/0110/01/12 որոշումը։
22 Տե՛ս սույն որոշման 7․2-րդ կետը:
23 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Հրայր Հովսեփյանի գործով 2020 թվականի մայիսի 25-ի թիվ ԵԴ/0426/11/18 որոշումը:
Նախագահող` |
Հ. Ասատրյան |
Դատավորներ` |
Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆ |
Ե. Դանիելյան | |
Լ. Թադևոսյան | |
|
Ա. Պողոսյան |