Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (02.09.2022-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Դատալեքս համակարգ www.datalex.am
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
02.09.2022
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
02.09.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.09.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

ԵԴ/0290/06/21

Գործ թիվ ԵԴ/0290/06/21

Նախագահող դատավոր՝

 Մ.Պապոյան

 

ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),

               

նախագահությամբ`

Հ. Ասատրյանի

մասնակցությամբ դատավորներ`

Ե. Դանիելյանի

 

Լ. Թադևոսյանի

 

Ա. Պողոսյանի

 

Ս. Օհանյանի

 

2 սեպտեմբերի 2022 թվական

ք. Երևանում

գրավոր ընթացակարգով քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2021 թվականի մայիսի 31-ի որոշման դեմ մեղադրյալ Արմեն Գրիշայի Ազիզյանի պաշտպան Վ․Բադալյանի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. 2021 թվականի մայիսի 11-ին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով և 258-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով հարուցվել է թիվ 13889221 քրեական գործը։ 2021 թվականի մայիսի 11-ից նախաքննությունը կատարվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում։

2021 թվականի մայիսի 11-ին Արմեն Գրիշայի Ազիզյանը ձերբակալվել է։

Նախաքննության մարմնի՝ 2021 թվականի մայիսի 12-ի որոշմամբ Ա․Ազիզյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով:

2. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան)՝ 2021 թվականի մայիսի 13-ի որոշմամբ մեղադրյալ Ա․Ազիզյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին նախաքննության մարմնի միջնորդությունը մերժվել է: Նույն որոշմամբ պաշտպան Գ․Սաղոյանի բողոքը՝ Ա․Ազիզյանի ձերբակալումը ոչ իրավաչափ ճանաչելու մասին, բավարարվել է և իրավասու մարմիններին կարգադրվել է Ա․Ազիզյանին անհապաղ ազատ արձակել։

3. Դատախազ Ա․Բեգլարյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան) 2021 թվականի մայիսի 31-ի որոշմամբ բողոքը մերժել է՝ Առաջին ատյանի դատարանի` 2021 թվականի մայիսի 13-ի որոշումը թողնելով օրինական ուժի մեջ։

4․ Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել մեղադրյալ Ա․Ազիզյանի պաշտպան Վ․Բադալյանը, որը Վճռաբեկ դատարանի՝ 2021 թվականի դեկտեմբերի 21-ի որոշմամբ ընդունվել է վարույթ1: Վճռաբեկ դատարանի՝ 2022 թվականի հունիսի 30-ի որոշմամբ սահմանվել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ։

Դատավարության մասնակիցները վճռաբեկ բողոքի պատասխան չեն ներկայացրել:

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.

5. Բողոքի հեղինակը գտել է, որ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատավարական իրավունքի խախտում, որն իր բնույթով էական է և ազդել է գործի ելքի վրա։

6. Բողոք բերած անձի պնդմամբ` Վերաքննիչ դատարանի կողմից չեն ներկայացվել համոզիչ հիմնավորումներ և փաստեր, որոնցով հնարավոր կլիներ հաղթահարել առնվազն ողջամիտ կասկածի շեմը, իսկ ներկայացված փաստական տվյալները չեն կարող ուղղակիորեն վկայել Ա.Ազիզյանին վերագրվող՝ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված կոնկրետ արարքին նրա առնչության մասին։ Մինչդեռ, Վերաքննիչ դատարանը, առանց որևէ պատճառաբանության և հիմնավորման իր որոշման մեջ ուղղակի թվարկելով կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությանը կից ներկայացված նյութերը, հանգել է սխալ հետևության և արձանագրել ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված կոնկրետ արարքին Ա․Ազիզյանի առնչությունը։

Մասնավորապես, բողոքաբերը գտել է, որ մեղադրանքի հիմքում դրված տուժող Մանուել Մարգարյանի ցուցմունքը չի կարող հանդիսանալ սույն վարույթի շրջանակներում օրենքով սահմանված կարգով ձեռք բերված փաստական տվյալ և դրվել կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդության հիմքում, քանի որ այդ ցուցմունքը տրվել է դատավարության լեզվին չտիրապետող անձ հանդիսացող Մ.Մարգարյանի իրավունքների էական խախտմամբ՝ նկատի ունենալով, որ տուժողը հարցաքննության սկզբում հայտարարել է, որ տիրապետում է ռուսերեն բանավոր և գրավոր լեզվին, մինչդեռ Հայաստանի Հանրապետությունում քրեական դատավարության լեզուն հայերենն է և տուժողը պետք է ապահովվեր թարգմանով։

Բացի այդ, բողոքաբերը նշել է, որ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությանը կից դատարան ներկայացված նյութերում՝ դեպքին Արմեն Ազիզյանի առնչությունն ուղղակիորեն մատնանշող Մ.Մարգարյանի ցուցմունքը վերցվել է հավանաբար մեկ այլ քրեական գործով, նկատի ունենալով, որ սույն քրեական գործը հարուցվել և քննվել է 13889321 համարի տակ, մինչդեռ ինչպես տուժողի ցուցմունքը, այնպես էլ քրեական գործում առկա մյուս բոլոր փաստական տվյալներն ու դատավարական որոշումները` այդ թվում նաև միջնորդությունը հարուցելու մասին որոշումը, կայացվել են մեկ այլ քրեական գործի՝ 13889221 համարի տակ՝ հավելելով, որ եթե այս պահին վարույթն իրականացվում է 13889221 համարի տակ, ապա չկա համապատասխան որակմամբ այդ փաստի վերաբերյալ քրեական գործ հարուցելու որոշում, իսկ եթե վարույթն իրականացվում է 13889321 համարի տակ, ապա այդ գործով չկա ձեռք բերված որևէ փաստական տվյալ կամ դատավարական փաստաթուղթ:

6․1․ Միևնույն ժամանակ, բողոք բերած անձը նշել է, որ սույն գործով Վերաքննիչ դատարանը պետք է սահմանափակված լիներ Առաջին ատյանի դատարանում քննարկված հարցերի շրջանակով և դատական ակտի վերանայման ընթացքում իր վերստուգիչ լիազորություններն իրականացնելիս չէր կարող անդրադառնալ ստորադաս դատարանում քննարկման առարկա չդարձած հանգամանքներին: Մասնավորապես՝ սույն դեպքում, երբ Առաջին ատյանի դատարանն իր որոշմամբ անդրադարձ չէր կատարել կալանավորման հիմքերին, Վերաքննիչ դատարանը դատական ակտի օրինականությունը ու հիմնավորվածությունը ստուգելիս քննության առարկա չէր կարող դարձնել կալանավորման հիմքերը և չէր կարող փաստացի հանդես գալ որպես Առաջին ատյանի դատարան:

7. Վերոգրյալի հիման վրա, բողոքաբերը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2021 թվականի մայիսի 31-ի որոշումը և օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի՝ 2021 թվականի մայիսի 13-ի որոշմանը։

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

8. Արմեն Ազիզյանին 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ․ «(…) նա, զբաղեցնելով Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի տեղակալի պաշտոնը, հանդիսանալով վարչական շրջանի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար և հանդիսանալով կազմակերպական-տնօրինչական լիազորություններով օժտված պաշտոնատար անձ, 2021 թվականի մայիսի 11-ին՝ ժամը 10:00-ի սահմաններում, նույն վարչական շրջանի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի պետ Մանուել Ալեքսանդրի Մարգարյանի աշխատասենյակում վերջինիս նկատմամբ կատարել է բռնություն գործադրելով զուգորդված այնպիսի գործողություններ, որոնք ակնհայտորեն դուրս են եկել նրա լիազորությունների շրջանակից:

Այսպես.

Արմեն Գրիշայի Ազիզյանը, զբաղեցնելով Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի տեղակալի պաշտոնը, հանդիսանալով ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար և հանդիսանալով կազմակերպական-տնօրինչական լիազորություններով օժտված պաշտոնատար անձ, 2021 թվականի մայիսի 11-ին՝ ժամը 10:00-ի սահմաններում, Կենտրոն վարչական շրջանի կոմունալ բաժնի գլխավոր մասնագետ Արման Դավոյանի և շուրջ 10 այլ աշխատակիցների հետ մուտք է գործել Երևան քաղաքի Տերյան 44 հասցեում գտնվող նույն վարչական շրջանի մասնաշենքում գտնվող քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի պետ Մանուել Ալեքսանդրի Մարգարյանի թիվ 302 աշխատասենյակ և վերջինիս նկատմամբ կատարել է բռնություն գործադրելով զուգորդված այնպիսի գործողություններ, որոնք ակնհայտորեն դուրս են եկել նրա լիազորությունների շրջանակից. այն է՝ Մանուել Մարգարյանից պահանջել է դիմում գրել և ազատվել զբաղեցրած պաշտոնից, որից հետո ստանալով բացասական պատասխան, իր հետ աշխատասենյակ մտած Արման Դավոյանի և շուրջ 10 անձանց հետ ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել Մանուել Մարգարյանի մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ, որպիսի գործողությունների արդյունքում էական վնաս է պատճառվել Մանուել Մարգարյանի իրավունքներին ու օրինական շահերին (…)»2:

9. Առաջին ատյանի դատարանն իր դատական ակտում արձանագրել է հետևյալը. «(...) Ըստ էության վարույթն իրականացնող մարմինն Արմեն Գրիշայի Ազիզյանին ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով առաջադրված մեղադրանքով պաշտոնական լիազորություններն անցնելու հանգամանք է դիտարկել այն, որ վերջինս Մանուել Մարգարյանից պահանջել է դիմում գրել և ազատվել զբաղեցրած պաշտոնից:

Այն հանգամանքը, որ Արմեն Գրիշայի Ազիզյանը Մանուել Մարգարյանից պահանջել է դիմում գրել և ազատվել զբաղեցրած պաշտոնից հայտնել է բացառապես Մ.Մարգարյանը։ Վերջինս իր ցուցմունքով հայտնել է, որ «(…) իր աշխատասենյակում Արմեն Ազիզյանը և Արման Դավոյանը ագրեսիվ տոնով իրենից պահանջել են դիմում գրել և ազատվել աշխատանքից, ինչպես նաև ազատել իր աշխատասենյակը։ Ինքը հրաժարվել է կատարել նրանց պահանջները, որից անմիջապես հետո Արմեն Ազիզյանը իր աջ բռունցքով հարվածել է իր դեմքին՝ ձախ այտի շրջանին, ինչի արդյունքում հետ-հետ է գնացել, դրանից հետո սեռական բնույթի բարձր հայհոյանքներ տալով իրեն, իր վրա են հարձակվել Դավոյանը և Ազիզյանը և սկսել բռունցքներով և ոտքերով խառը հարվածներ հասցնել մարմնի տարբեր մասերին, ինչի արդյունքում ինքը ընկել է հատակին, որից հետո Ազիզյանը և Դավթյանը շարունակել են բազմաթիվ հարվածներ հասցնել իր մարմնի տարբեր մասերին, այդ ժամանակ նկատել է, որ Դավոյանը սեղանի վրայից վերցրել է իր սեփական համակարգչի ստեղնաշարը, որով փորձել է հարվածել իր գլխին, սակայն ինքը ձեռքով պաշտպանվել է և ստեղնաշարը դիպչել է ձեռքերին և կոտրվել»։

Որևէ այլ փաստական տվյալ, որով հնարավոր կլիներ հավաստել վարույթն իրականացնող մարմնի կողմից Ա.Ազիզյանին առաջադրված մեղադրանքով հիմնավոր կասկածի՝ մասնավորապես պաշտոնական լիազորությունները անցնելու հանգամանք առկա չէ: Որպես վերապահում կարող է նշվել վկա Ագնեսա Մելիքսեթյանի ցուցմունքում կատարված դատողությունը այն մասին, որ «Մանուել Մարգարյանի հետ վիճաբանող անձինք վարչական շրջանի աշխատակազմի նույն աշխատակիցներն են եղել, ովքեր մոտ մեկ ամիս առաջ վիճաբանել են Մանուել Մարգարյանի հետ, սակայն մտավախություն ունի, որ այն կկրի շարունակական բնույթ, քանի որ ըստ իրեն, Մանուել Մարգարյանի հետ վիճաբանող անձինք նպատակ ունեն ստիպողաբար պաշտոնից հեռացնել Մանուել Մարգարյանին, իրեն և բաժնի մյուս աշխատակիցներին»:

Ընդ որում` վերոգրյալը որևէ կերպ չի փաստում Արմեն Գրիշայի Ազիզյանին ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով առաջադրված մեղադրանքով պաշտոնական լիազորությունները անցնելու հանգամանք, նկատի ունենալով, որ վկան շարադրել է իր դատողությունները և նշել է անորոշ շրջանակի անձանց (․․․):

Ինչ վերաբերվում է Մհեր Եղիազարյանի ցուցմունքներին, առերես հարցաքննության արձանագրություններին, դեպքի վայրի զննության մասին արձանագրությանը, տեսանյութի զննություն կատարելու մասին արձանագրությանը, ապա դրանցով հավաստվում է, որ իրականում տեղի է ունեցել դեպք (վերոգրյալ հանգամանքը ընդունում է նաև մեղադրյալը), սակայն Ա.Ազիզյանի կողմից կատարված ենթադրյալ հանցավոր արարքին տրված իրավական որակումն ակնհայտորեն չի համապատասխանում արարքի փաստական նկարագրությանը, չի հավաստվում միջնորդության կից ներկայացված նյութերով: Իսկ վարույթն իրականացնող մարմնի կողմից մատնանշված փաստական տվյալները, այլ տվյալների բացակայության պայմաններում բավարար չեն հիմնավոր կասկածի մակարդակում հավաստելու, որ Ա.Ազիզյանն առնչություն ունի իրեն՝ կոնկրետ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով առաջադրված մեղադրանքի հետ:

(...)

Հանգելով հետևության, որ Ա.Ազիզյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդությունը ենթակա է մերժման հիմնավոր կասկածի բացակայության հիմքով, Դատարանը չի անդրադառնում կալանավորման հիմքերին (...)»3։

10. Վերաքննիչ դատարանն իր որոշմամբ արձանագրել է. «(...) Վերաքննիչ դատարանը, Առաջին ատյանի դատարանի որոշման (...) հիմնավորումները դիտարկելով (...) իրավական նորմերի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի, ինչպես նաև ՀՀ վճռաբեկ դատարանի որոշումներում արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո, գտնում է, որ այդ հիմնավորումները չեն բխում դրանցից, որպիսի պայմաններում այդ հիմնավորումներն ընդունելի չեն Վերաքննիչ դատարանի համար:

Վերաքննիչ դատարանի վերոգրյալ եզրահանգումը պայմանավորված է մասնավորապես այն հանգամանքով, որ Դատարան ներկայացված նյութերի` հիմնավոր կասկածի տեսանկյունից կատարված ուսումնասիրությունից երևում է, որ տվյալ դեպքում Առաջին ատյանի դատարանը միջնորդության քննության ժամանակ բավարար տվյալներ ունեցել է մեղադրյալ Արմեն Ազիզյանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով ենթադրյալ հանցանքը կատարած լինելու հիմնավոր կասկածի առկայության մասին հետևության գալու համար: Նման եզրահանգման գալու համար հիմք է հանդիսանում մասնավորապես` տուժող Մանուել Մարգարյանի, վկաներ Ագնեսա Մելիքսեթյանի, Մհեր Եղիազարյանի հարցաքննությունների արձանագրություններում, Մանուել Մարգարյանի և Արման Դավոյանի, Մանուել Մարգարյանի և Արմեն Ազիզյանի, Մհեր Եղիազարյանի և Արմեն Ազիզյանի առերես հարցաքննությունների արձանագրություններում, դեպքի վայրի զննություն կատարելու մասին արձանագրությունում, ինչպես նաև տեսանյութերի զննություն կատարելու մասին արձանագրություններում առկա տվյալները, այսինքն` առկա են եղել կալանավորման պայմանները, որպիսի պայմաններում Վերաքննիչ դատարանը հարկ է համարում նկատել, որ Դատարան են ներկայացվել օրինականության տեսանկյունից առերևույթ կասկած չհարուցող բավարար փաստական տվյալներ, որոնք հիմք են տալիս հիմնավորված ողջամիտ ենթադրություն անելու առ այն, որ դեպքը, որի կատարման մեջ մեղադրվում է Արմեն Ազիզյանը, իրական է: (…)

Անդրադառնալով Առաջին ատյանի դատարանի այն եզրահանգմանը, որ միայն Մանուել Մարգարյանի ցուցմունքները բավարար չեն հավաստելու Արմեն Ազիզյանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով առաջադրված մեղադրանքով հիմնավոր կասկածի առկայությունը` Վերաքննիչ դատարանը հարկ է համարում նկատել, որ վերը նշված փաստական տվյալներն իրենց ամբողջության մեջ վերլուծելու, միասնաբար գնահատելու դեպքում կարելի էր հանգել ճիշտ հակառակ եզրահանգման: Մասնավորապես՝ Մանուել Մարգարյանի ցուցմունքները ներկայացված մյուս փաստական տվյալների հետ համակցության մեջ բավարար են առնվազն ենթադրություն անելու համար, որ Արմեն Ազիզյանն առնչություն ունի իրեն մեղսագրվող հանցանքին։ Այսպես․ Մանուել Մարգարյանը ցուցմունքով ուղղակիորեն նշում է, որ Արմեն Ազիզյանը իրենից պահանջել է դիմում գրել և ազատվել զբաղեցրած պաշտոնից և ներկայացնում է հանցագործության մանրամասները, որոնք համընկնում են վկաներ Ագնեսա Մելիքսեթյանի, Մհեր Եղիազարյանի հարցաքննությունների արձանագրությունների, Մանուել Մարգարյանի և Արման Դավոյանի, Մանուել Մարգարյանի և Արմեն Ազիզյանի, Մհեր Եզիազարյանի և Արմեն Ազիզյանի, առերես հարցաքննությունների արձանագրությունների, դեպքի վայրի զննություն կատարելու մասին արձանագրության, ինչպես նաև տեսանյութերի զննություն կատարելու մասին արձանագրությունների բովանդակությանը։

Այսպիսով՝ Վերաքննիչ դատարանի գնահատմամբ՝ վերոգրյալ փաստական տվյալների առկայությունն արդեն իսկ բավարար է դատավարության տվյալ փուլում ողջամիտ ենթադրություն անելու, որ մեղադրյալ Արմեն Ազիզյանին վերագրված արարքն առերևույթ բովանդակում է ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցակազմի հատկանիշները։ Այլ կերպ, ըստ Վերաքննիչ դատարանի՝ սույն գործով առկա են բավարար հիմքեր եզրակացնելու, որ Արմեն Ազիզյանն առնչություն ունի իրեն վերագրվող ենթադրյալ հանցագործությանը և դեպքը, իրադարձությունը համընկնում է այն առերևույթ հանցանքին, որի կատարման մեջ վերջինս մեղադրվում է (…):

Միաժամանակ, Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ խափանման միջոցի միջնորդության քննարկումը հրատապություն է պահանջում, բացի այդ, անտեղի ձգձգումներից և մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության անհարկի շրջապտույտից խուսափելու համար Վերաքննիչ դատարանը նպատակահարմար է գտնում անդրադառնալ Արմեն Ազիզյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու հիմքերին (...)»:

Կալանավորման հիմքերի քննարկման արդյունքում Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 134-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված նպատակներին հնարավոր է հասնել մեղադրյալ Արմեն Ազիզյանի նկատմամբ այլ խափանման միջոցների կիրառմամբ (...)։ 4»

11. 2021 թվականի սեպտեմբերի 14-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում ստացվել է Ա․Ազիզյանի վերաբերյալ քրեական գործը՝ ըստ էության քննելու համար, և նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված չհեռանալու մասին ստորագրությունը թողնվել է անփոփոխ5։

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

12. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված առաջին իրավական հարցը հետևյալն է. հիմնավո՞ր է արդյոք Վերաքննիչ դատարանի հետևությունն այն մասին, որ ներկայացված նյութերը բավարար են մեղադրյալ Ա.Ազիզյանի արարքում ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործություն կատարելու հիմնավոր կասկածի առկայությունը հաստատելու համար։

13․ ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Յուրաքանչյուր ոք ունի անձնական ազատության իրավունք։ Ոչ ոք չի կարող անձնական ազատությունից զրկվել այլ կերպ, քան հետևյալ դեպքերում և օրենքով սահմանված կարգով`

(…) 4) անձին իրավասու մարմին ներկայացնելու նպատակով, երբ առկա է նրա կողմից հանցանք կատարած լինելու հիմնավոր կասկած, կամ երբ դա հիմնավոր կերպով անհրաժեշտ է հանցանքի կատարումը կամ դա կատարելուց հետո անձի փախուստը կանխելու նպատակով (…)»։

13.1. Վերահաստատելով և զարգացնելով կալանավորման պայմաններից «հիմնավոր կասկածի» գնահատման սահմանների վերաբերյալ Վահրամ Գևորգյանի6, Հարություն Խաչատրյանի7 գործերով արտահայտված իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանն Էդգար Եղիազարյանի գործով ընդգծել է, որ իրավասու մարմինը պետք է ներկայացնի փաստեր կամ տեղեկություններ, որոնք կհամոզեն դատարանին, որ անձը հիմնավոր կերպով է կասկածվում (մեղադրվում) ենթադրյալ հանցագործության կատարման մեջ։ Այսինքն՝ քրեական հետապնդման մարմինները պետք է ներկայացնեն կասկածը հիմնավորող որոշակի փաստական հանգամանքներ, իսկ դրա վերաբերյալ դատարանի հետևությունները պետք է լինեն պատճառաբանված և, միևնույն ժամանակ, չպետք է պարունակեն իրավական գնահատականներ անձի մեղավորության կամ անմեղության հարցի առնչությամբ8։

Վճռաբեկ դատարանը, ի թիվս այլնի, ընդգծել է հետևյալ հանգամանքները՝

- հիմնավոր կասկածը չի պահանջում կատարված արարքի մեջ մեղադրյալի մեղավորությունն ապացուցող՝ հիմնավոր կասկածից վեր ապացուցման չափանիշին համապատասխան բավարար փաստերի առկայություն, այնուամենայնիվ, «կասկածը» պետք է լինի ողջամիտ, այն պետք է հիմնված լինի օրենքով սահմանված կարգով ձեռքբերված որոշակի փաստական տվյալների վրա (որոնք կվկայեն կատարված արարքին անձի առնչությունը և դեպքի, իրադարձության համընկնումն այն հանցանքին, որի առերևույթ կատարման մեջ անձը կասկածվում (մեղադրվում) է), իսկ դրա առկայության կամ բացակայության վերաբերյալ դատարանի հետևությունները պետք է լինեն հիմնավորված և պատճառաբանված,

- մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողություն իրականացնելիս, մասնավորապես՝ կալանավորման վերաբերյալ միջնորդությունը քննելիս դատարանն իրավասու չէ քննարկման առարկա դարձնելու այնպիսի հարցեր, որոնք դուրս են այդ պահին իր առջև դրված խնդիրների շրջանակից9, ուստիև հիմնավոր կասկածի առկայությունը ստուգելիս դատարանն իրավասու չէ կանխորոշելու մեղքի հարցը, իրավական գնահատական տալու անձի մեղավորությանը կամ անմեղությանը, անմիջականորեն փաստելու անձի արարքում հանցակազմի առկայությունը կամ բացակայությունը։ Միևնույն ժամանակ, դատարանը, վերոգրյալ հարցերի շուրջ իրավական գնահատականներ չտալով, իրավասու է որոշում կայացնել կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու կամ ժամկետը երկարացնելու կամ վերահաստատելու վերաբերյալ քրեական հետապնդման մարմնի ներկայացրած միջնորդությունը մերժելու մասին` այն դեպքում, երբ հավաստում է քրեական գործով վարույթը բացառող հանգամանքի առերևույթ առկայությունը և դրա հնարավոր կիրառելիությունը։ Ընդ որում, քրեական գործով վարույթը բացառող այդ հանգամանքի առերևույթ առկայության մասին վկայությունը պետք է լինի ոչ թե ներկայացված նյութերի, այդ թվում՝ ապացույցների` գործն ըստ էության քննելու և լուծելու ժամանակ պահանջվող աստիճանի չափ բազմակողմանի և խորը վերլուծության արդյունք, այլ այդպիսի վկայությունը պետք է հիմնված լինի ներկայացված նյութերից բխող համեմատաբար ակնհայտ փաստերի վրա (օրինակ՝ արարքը, որի կատարման մեջ մեղադրվում է անձը, դրա կատարման պահին հանցագործություն չի համարվել10, կամ որպես մեղադրյալ է ներգրավվել քրեական պատասխանատվության ենթարկվելու տարիքի չհասած անձը, կամ անցել են վաղեմության ժամկետները, ընդունվել է համաներման ակտ և այլն)11։

14. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ՝

- նախաքննության մարմնի կողմից Ա․Ազիզյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով12,

- Առաջին ատյանի դատարանը, քննարկելով Ա․Ազիզյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ նախաքննության մարմնի միջնորդությունը, գտել է, որ մեղադրյալ Ա.Ազիզյանի կողմից կատարված ենթադրյալ հանցավոր արարքին տրված իրավական որակումն ակնհայտորեն չի համապատասխանում արարքի փաստական նկարագրությանը, չի հավաստվում միջնորդության կից ներկայացված նյութերով: Իսկ վարույթն իրականացնող մարմնի կողմից մատնանշված փաստական տվյալները, այլ տվյալների բացակայության պայմաններում բավարար չեն հիմնավոր կասկածի մակարդակով հավաստելու, որ մեղադրյալ Ա.Ազիզյանն առնչություն ունի իրեն՝ կոնկրետ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով առաջադրված մեղադրանքի հետ13։

- Վերաքննիչ դատարանն իր որոշմամբ գտել է, որ ներկայացված նյութերի` հիմնավոր կասկածի տեսանկյունից կատարված ուսումնասիրությունից երևում է, որ տվյալ դեպքում Առաջին ատյանի դատարանը միջնորդության քննության ժամանակ բավարար տվյալներ է ունեցել մեղադրյալ Ա․Ազիզյանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով ենթադրյալ հանցանքը կատարած լինելու հիմնավոր կասկածի առկայության մասին հետևության գալու համար: Նման եզրահանգման գալու համար հիմք են հանդիսանում, մասնավորապես` տուժող Մ․Մարգարյանի, վկաներ Ա․Մելիքսեթյանի, Մ․Եղիազարյանի հարցաքննությունների արձանագրություններում, Մ․Մարգարյանի և Ա․Դավոյանի, Մ․Մարգարյանի և Ա․Ազիզյանի, Մ․Եղիազարյանի և Ա․Ազիզյանի առերես հարցաքննությունների արձանագրություններում, դեպքի վայրի զննություն կատարելու մասին արձանագրությունում, ինչպես նաև տեսանյութերի զննություն կատարելու մասին արձանագրություններում առկա տվյալները։

Անդրադառնալով Առաջին ատյանի դատարանի այն եզրահանգմանը, որ միայն Մ․Մարգարյանի ցուցմունքները բավարար չեն հավաստելու Ա․Ազիզյանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով առաջադրված մեղադրանքով հիմնավոր կասկածի առկայությունը` Վերաքննիչ դատարանը գտել է, որ վերը նշված փաստական տվյալներն իրենց ամբողջության մեջ վերլուծելու, միասնաբար գնահատելու դեպքում կարելի էր հանգել ճիշտ հակառակ եզրահանգման: Մասնավորապես՝ Մ․Մարգարյանի ցուցմունքները ներկայացված մյուս փաստական տվյալների հետ համակցության մեջ բավարար են առնվազն ենթադրություն անելու համար, որ Ա․Ազիզյանն առնչություն ունի իրեն մեղսագրվող հանցանքին։ Ըստ Վերաքննիչ դատարանի՝ Մ․Մարգարյանը ցուցմունքով ուղղակիորեն նշել է, որ Ա․Ազիզյանը իրենից պահանջել է դիմում գրել և ազատվել զբաղեցրած պաշտոնից և ներկայացրել է հանցագործության մանրամասները, որոնք համընկնում են վկաներ Ա․Մելիքսեթյանի, Մ․Եղիազարյանի հարցաքննությունների արձանագրությունների, Մ․Մարգարյանի և Ա․Դավոյանի, Մ․Մարգարյանի և Ա․Ազիզյանի, Մ․Եզիազարյանի և Ա․Ազիզյանի, առերես հարցաքննությունների արձանագրությունների, դեպքի վայրի զննություն կատարելու մասին արձանագրության, ինչպես նաև տեսանյութերի զննություն կատարելու մասին արձանագրությունների բովանդակությանը14։

15. Նախորդ կետում վկայակոչված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 13-13․1-րդ կետերում մեջբերված իրավադրույթների և իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը մեղադրյալ Ա․Ազիզյանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության կատարման հիմնավոր կասկածի առկայության հարցում հանգել է ճիշտ հետևության։

Այսպես, Վճռաբեկ դատարանի գնահատմամբ՝ նախաքննության մարմնի կողմից ներկայացված փաստական տվյալները բավարար են Ա․Ազիզյանին մեղսագրվող՝ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված ենթադրյալ հանցանքի կատարմանը նրա առնչության վերաբերյալ հիմնավոր կասկածի առկայությունը հաստատված համարելու համար, որպիսի պայմաններում, Վճռաբեկ դատարանն իր համաձայնությունն է հայտնում Վերաքննիչ դատարանի դատողությունների հետ:

Վճռաբեկ դատարանի համար ընդունելի են Վերաքննիչ դատարանի հետևություններն առ այն, որ Մանուել Մարգարյանի ցուցմունքները, ներկայացված մյուս փաստական տվյալների հետ համակցության մեջ, բավարար են ենթադրություն անելու, որ մեղադրյալ Ա․Ազիզյանն առնչություն ունի իրեն մեղսագրվող հանցանքին։ Այլ կերպ, սույն գործով առկա են բավարար հիմքեր եզրակացնելու, որ մեղադրյալ Ա․Ազիզյանն առնչություն ունի իրեն վերագրվող ենթադրյալ հանցագործությանը և դեպքը, իրադարձությունը համընկնում է այն առերևույթ հանցանքին, որի կատարման մեջ վերջինս մեղադրվում է:

Ամփոփելով վերոշարադրյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործում առկա նյութերն իրենց համակցության մեջ դատավարության տվյալ փուլում բավարար են Ա․Ազիզյանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործություն կատարած լինելու հիմնավոր կասկածի շեմը հաղթահարելու համար:

16․ Անդրադառնալով բողոքաբերի այն պնդմանը, որ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությանը կից դատարան ներկայացված նյութերում՝ դեպքին Ա․Ազիզյանի առնչությունն ուղղակիորեն մատնանշող Մ․Մարգարյանի ցուցմունքը վերցվել է հավանաբար մեկ այլ քրեական գործով՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ գործում առկա նյութերի ամբողջական ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ առկա է մեկ քրեական գործ և քրեական գործ հարուցելու մասին որոշման ու Մ․Մարգարյանի հարցաքննության արձանագրությունում նշված քրեական գործի համարների միջև եղած տարբերությունը տեխնիկական սխալի արդյունք է, ուստի տուժող Մ․Մարգարյանի ցուցմունքը նախաքննական մարմնի կողմից վերցվել է հենց այն քրեական գործով, որի շրջանակներում մեղադրյալ է ներգրավված Ա․Ազիզյանը։

17․ Բացի այդ, անդրադարձ կատարելով նաև բողոքի հեղինակի այն պնդմանը, որ մեղադրանքի հիմքում դրված տուժող Մ․Մարգարյանի ցուցմունքը չի կարող դրվել կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդության հիմքում, քանի որ այդ ցուցմունքը տրվել է դատավարության լեզվին չտիրապետող անձ հանդիսացող Մ․Մարգարյանի իրավունքների էական խախտմամբ, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ներկայացված նյութերում բացակայում են տվյալներ առ այն, որ տուժող Մ․Մարգարյանը որևէ բողոք է ներկայացրել իր իրավունքների խախտման վերաբերյալ։ Նման պայմաններում, տուժող Մ․Մարգարյանի ցուցմունքը թույլատրելիության տեսանկյունից առերևույթ կասկած չի հարուցում։

Այս առնչությամբ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ ապացույցի վերաբերյալ բողոքաբերի գնահատականը գործն ըստ էության քննելու և լուծելու ժամանակ պահանջվող աստիճանի չափ խորը վերլուծության արդյունք է, ինչը բնորոշ է քրեական գործի ըստ էության քննության փուլին։

18․ Վերոգրյալի հաշվառմամբ, Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ հիմնավոր է Վերաքննիչ դատարանի հետևությունն այն մասին, որ ներկայացված նյութերը բավարար են մեղադրյալ Ա.Ազիզյանի արարքում ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործություն կատարելու հիմնավոր կասկածի առկայությունը հաստատելու համար։

19․ Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված երկրորդ իրավական հարցը հետևյալն է․ իրավասու՞ էր արդյոք Վերաքննիչ դատարանը, հանցագործություն կատարելու հիմնավոր կասկածի առկայությունը հաստատված համարելով, քննության առարկա դարձնել մեղադրյալ Ա․Ազիզյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու հիմքերն այն պարագայում, երբ Առաջին ատյանի դատարանը դրանց անդրադարձ չէր կատարել։

20․ ՀՀ Սահմանադրության 172-րդ հոդվածի համաձայն՝ «Վերաքննիչ դատարաններն առաջին ատյանի դատարանների դատական ակտերն օրենքով սահմանված լիազորությունների շրջանակներում վերանայող դատական ատյան են»։

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք»:

1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 386-րդ հոդվածի համաձայն՝ «Վերաքննիչ բողոքի հիման վրա վերաքննիչ դատարանն ստուգում է գործի փաստական հանգամանքների բացահայտման և քրեական օրենքի կիրառման ճշտությունը, ինչպես նաև գործը քննելիս և լուծելիս քրեական դատավարական օրենքի նորմերի պահպանումը»:

20․1․ Վճռաբեկ դատարանը Սամվել Մելիքյանի գործով իրավական դիրքորոշում է արտահայտել այն մասին, որ․ «(…) Վերաքննիչ դատարանը, սահմանափակված լինելով Առաջին ատյանի դատարանում քննարկված հարցերի շրջանակով, դատական ակտի վերանայման ընթացքում, իր վերստուգիչ լիազորություններն իրականացնելիս անդրադարձել է ստորադաս դատարանում քննարկման առարկա չդարձված հանգամանքներին: Մասնավորապես՝ այն դեպքում, երբ Առաջին ատյանի դատարանն իր որոշմամբ անդրադարձ չէր կատարել կալանավորման հիմքերին, Վերաքննիչ դատարանը դատական ակտի օրինականության և հիմնավորվածության ստուգման շրջանակներում քննության առարկա է դարձրել կալանավորման հիմքերն ու Ս.Մելիքյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելով՝ փաստացի հանդես եկել որպես առաջին ատյանի դատարան, այդ կերպ խախտելով դատական վերանայման ծավալի վերընթաց նվազման և օրինականության սկզբունքները15 (…)»16:

21․ Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ՝

- Առաջին ատյանի դատարանը, արձանագրելով, որ Ա.Ազիզյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդությունը ենթակա է մերժման՝ հիմնավոր կասկածի բացակայության հիմքով, չի անդրադարձել կալանավորման հիմքերին17։

- Վերաքննիչ դատարանը, հաստատելով մեղադրյալ Ա.Ազիզյանի արարքում ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործություն կատարելու հիմնավոր կասկածի առկայությունը, նպատակահարմար է գտել նաև անդրադառնալ Ա․Ազիզյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու հիմքերին18։

22․ Նախորդ կետում վկայակոչված փաստական հանգամանքները՝ գնահատելով սույն որոշման 20-20․1-րդ կետերում մեջբերված իրավադրույթների և իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում փաստել, որ այն դեպքում, երբ Առաջին ատյանի դատարանն իր որոշմամբ անդրադարձ չէր կատարել կալանավորման հիմքերին, Վերաքննիչ դատարանը դատական ակտի օրինականության և հիմնավորվածության ստուգման շրջանակներում քննության առարկա դարձնելով կալանավորման հիմքերը, փաստացի հանդես է եկել որպես առաջին ատյանի դատարան, այդ կերպ խախտելով դատական վերանայման ծավալի վերընթաց նվազման և օրինականության սկզբունքները:

23․ Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը, հանցագործություն կատարելու հիմնավոր կասկածի առկայությունը հաստատված համարելով, իրավասու չէր քննության առարկա դարձնել մեղադրյալ Ա․Ազիզյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու հիմքերն այն պարագայում, երբ Առաջին ատյանի դատարանը դրանց անդրադարձ չէր կատարել։

Նման պայմաններում, Վերաքննիչ դատարանը պետք է գործն ուղարկեր Առաջին ատյանի դատարան՝ կալանավորման հիմքերի մասով նոր քննության19:

24. Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը, դատական ակտ կայացնելիս, թույլ է տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 386-րդ հոդվածի խախտում, որն իր բնույթով էական է, քանի որ ազդել է գործով ճիշտ որոշում կայացնելու վրա, ինչը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի համաձայն, հիմք է Վերաքննիչ դատարանի` 2021 թվականի մայիսի 31-ի որոշումը բեկանելու համար: Սակայն հաշվի առնելով, որ սույն գործով մինչդատական վարույթն ավարտվել է, և Ա․Ազիզյանի վերաբերյալ քրեական գործն ըստ էության քննության առնելու համար ուղարկվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան և նրա նկատմամբ կիրառված խափանման միջոցի վերաբերյալ կայացվել է նոր որոշում20, բողոքարկված դատական ակտը չի կարող բեկանվել, քանի որ եղել է ժամանակավոր և սույն որոշումը կայացնելու պահին կորցրել է իր իրավական նշանակությունը: Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի որոշումը պետք է թողնել օրինական ուժի մեջ՝ հիմք ընդունելով սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները։

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով և Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 415.1-րդ, 418.1-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը մերժել: Մեղադրյալ Արմեն Գրիշայի Ազիզյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2021 թվականի մայիսի 31-ի որոշումը թողնել օրինական ուժի մեջ՝ հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

______________________

1 Համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի անցումային դրույթները կարգավորող 483-րդ հոդվածի 8-րդ մասի՝ սույն բողոքը քննվում է մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը գործող կարգով:

2 Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթեր 166-169:

3 Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթեր 183-203:

4 Տե՛ս նյութեր, հատոր 2, թերթեր 60-71:

5 Տե՛ս www.datalex.am Դատական տեղեկատվական համակարգ, թիվ ԵԴ/1231/01/21 քրեական գործը։

6 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Վահրամ Գևորգյանի գործով 2011 թվականի փետրվարի 24-ի թիվ ԵԿԴ/0678/06/10 որոշումը, կետեր 20-23։

7 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Հարություն Խաչատրյանի գործով 2011 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ ՏԴ2/0009/06/11 որոշումը, կետեր 13 և 15:

8 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Էդգար Եղիազարյանի գործով 2017 թվականի հունիսի 22-ի թիվ ԵԱՆԴ/0017/06/16 որոշումը, կետ 14:

9 Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի՝ Ներսես Միսակյանի գործով 2009 թվականի ապրիլի 10-ի թիվ ԱՐԴ1/0003/11/08 որոշումը։

10 Այդ առումով մանրամասն տե՛ս, օրինակ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Խաչատրյանը և այլք ընդդեմ Հայաստանի գործով 2012 թվականի նոյեմբերի 27-ի վճիռը, գանգատ թիվ 23978/06։

11 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Էդգար Եղիազարյանի գործով 2017 թվականի հունիսի 22-ի թիվ ԵԱՆԴ/0017/06/16 որոշումը, կետ 15:

12 Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը:

13 Տե՛ս սույն որոշման 9-րդ կետը։

14 Տե՛ս սույն որոշման 10-րդ կետը։

15 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Արման Կարախանյանի գործով 2009 թվականի հունիսի 29-ի թիվ ԵՔՐԴ/0569/01/08 որոշումը, կետ 17, Գոռ Դուրյանի գործով 2015 թվականի հունիսի 5-ի թիվ ՏԴ/0052/06/14 որոշումը, կետ 19, Հրայր Հովսեփյանի գործով 2020 թվականի մայիսի 25-ի թիվ ԵԴ/0426/11/18 որոշումը, կետ 22։

16 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Սամվել Մելիքյանի գործով 2020 թվականի սեպտեմբերի 11-ի թիվ ԵԴ/0610/06/20 որոշումը, կետ 15:

17 Տե՛ս սույն որոշման 9-րդ կետը։

18 Տե՛ս սույն որոշման 10-րդ կետը։

19 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Հրայր Հովսեփյանի գործով 2020 թվականի մայիսի 25-ի թիվ ԵԴ/0426/11/18 որոշումը:

20 Տե՛ս սույն որոշման 11-րդ կետը։

 

Նախագահող`

Հ. Ասատրյան

Դատավորներ`

Ե. Դանիելյան

Լ. Թադևոսյան

Ա. Պողոսյան

 

Ս. Օհանյան