ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի որոշում ԼԴ1/0016/01/17 Գործ թիվ ԼԴ1/0016/01/17 Ա. Բեկթաշյան Դատավորներ՝ Մ. Պապոյան Ա. Վարդանյան
Նախագահող դատավոր՝
ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),
նախագահությամբ` |
Հ. Ասատրյանի | |
մասնակցությամբ դատավորներ` |
Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆԻ | |
Ե. Դանիելյանի | ||
Լ. Թադևոսյանի | ||
|
Ա. Պողոսյանի | |
|
Ս. Օհանյանի |
16 սեպտեմբերի 2022 թվական |
ք. Երևան |
գրավոր ընթացակարգով քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2019 թվականի դեկտեմբերի 17-ի որոշման դեմ ամբաստանյալ Գագիկ Դավթի Կարապետյանի և պաշտպան Լ.Պինգոլցյանի վճռաբեկ բողոքները,
Պ Ա Ր Զ Ե Ց
Գործի դատավարական նախապատմությունը.
1. 2016 թվականի հոկտեմբերի 31-ին ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 1.1-րդ կետերով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է թիվ 53104116 քրեական գործը։
Նախաքննության մարմնի` 2016 թվականի դեկտեմբերի 2-ի որոշմամբ Գագիկ Դավթի Կարապետյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետով:
Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` նույն օրվա որոշմամբ Գ.Կարապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։
Նախաքննության մարմնի` 2016 թվականի դեկտեմբերի 15-ի որոշմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է թիվ 53104516 քրեական գործը, որը նույն թվականի դեկտեմբերի 22-ին միացվել է թիվ 53104116 քրեական գործին։
Նախաքննության մարմնի` 2017 թվականի մարտի 6-ի որոշմամբ Գ.Կարապետյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել է, և նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետով (երկու դրվագ)։
2017 թվականի ապրիլի 13-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան):
2. Առաջին ատյանի դատարանի` 2019 թվականի մայիսի 24-ի դատավճռով ամբաստանյալ Գ.Կարապետյանը մեղավոր է ճանաչվել 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետով՝ երկու դրվագով և նրա նկատմամբ յուրաքանչյուր դրվագով պատիժ է նշանակվել ազատազրկում` 4 (չորս) տարի ժամկետով՝ առանց գույքի բռնագրավման: ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի կիրառմամբ` Գ.Կարապետյանի նկատմամբ նշանակված պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում` 4 (չորս) տարի 8 (ութ) ամիս ժամկետով՝ առանց գույքի բռնագրավման։
3. Ամբաստանյալ Գ.Կարապետյանի և պաշտպան Վ.Սուղյանի վերաքննիչ բողոքների քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան)` 2019 թվականի դեկտեմբերի 17-ի որոշմամբ բողոքները մերժել է` Առաջին ատյանի դատարանի՝ 2019 թվականի մայիսի 24-ի դատավճիռը թողնելով օրինական ուժի մեջ:
Վերաքննիչ դատարանի՝ նույն օրվա մեկ այլ որոշմամբ Գ.Կարապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը փոխարինվել է չհեռանալու մասին ստորագրությամբ։
4. Վերաքննիչ դատարանի՝ 2019 թվականի դեկտեմբերի 17-ի՝ Առաջին ատյանի դատարանի դատավճիռն օրինական ուժի մեջ թողնելու մասին որոշման դեմ ամբաստանյալ Գ.Կարապետյանը և պաշտպան Լ.Պինգոլցյանը բերել են վճռաբեկ բողոքներ, որոնք Վճռաբեկ դատարանի` 2020 թվականի մայիսի 13-ի որոշմամբ ընդունվել են վարույթ1: Վճռաբեկ դատարանը 2021 թվականի դեկտեմբերի 28-ի որոշմամբ սահմանել է վճռաբեկ բողոքների քննության գրավոր ընթացակարգ:
Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքների պատասխաններ չեն ներկայացվել։
Վճռաբեկ բողոքների հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Վճռաբեկ բողոքները քննվում են հետևյալ հիմքերի սահմաններում` ներքոշարադրյալ հիմնավորումներով.
I. Պաշտպան Լ.Պինգոլցյանի բողոքի փաստարկները.
5. Պաշտպան Լ.Պինգոլցյանի կարծիքով՝ սույն գործով ձեռք չի բերվել վերաբերելի, թույլատրելի և արժանահավատ ապացույցների բավարար համակցություն, որը թույլ կտար հաստատված համարել Գ.Կարապետյանի կողմից իրեն մեղսագրված արարքները կատարելու հանգամանքը։
5.1. Ըստ բողոքաբերի՝ սույն գործով ընթերականեր Ն.Գրիգորյանի, Ա.Խուբլարյանի, Է.Պողոսյանի և Գ.Սահակյանի ստորագրություններով կազմված քննչական գործողությունների արձանագրությունները ձեռք են բերվել քրեադատավարական օրենքի կոպիտ խախտմամբ, հետևաբար ինչպես այդ արձանագրությունները, այնպես էլ դրանց հիման վրա ձեռք բերված մյուս ապացույցներն անթույլատրելի են և չեն կարող դրվել Գ.Կարապետյանի մեղադրանքի հիմքում:
Ի հիմնավորումն իր վերոնշյալ փաստարկի՝ բողոք բերած անձը նշել է, որ սույն գործով ընթերակաների մասնակցությամբ կատարված քննչական գործողություններից 10-ին մասնակցել են Ն.Գրիգորյանը և Ա.Խուբլարյանը, իսկ 5-ին՝ Գ.Սահակյանը և Է.Պողոսյանը, մինչդեռ վերջիններս հայտնել են, որ սույն քրեական գործով որպես ընթերակա ներգրավված են եղել մեկ անգամ։ Ավելին՝ բողոքաբերը փաստել է, որ վերջիններս դատաքննության ընթացքում չեն կարողացել հաստատել քննչական գործողությունների կատարման փաստը, բովանդակությունը և արդյունքները, ինչպես նաև պարզվել է, որ նրանք ունակ չեն լրիվ և ճշմարիտ ընկալելու իրենց ներկայությամբ կատարված գործողությունները, չունեն կրթություն, գրել-կարդալ չգիտեն, իսկ Է.Պողոսյանը տառապում է չափավոր դեբիլությամբ, ինչը հաստատված է թիվ ԼԴ2/0078/01/17 քրեական գործով։
5.2. Բացի այդ, բողոքի հեղինակը նշել է, որ պաշտպանության կողմը դատաքննության փուլում զրկված է եղել վկա Ժ.Համբարձումյանին հարցաքննելու հնարավորությունից, սակայն վերջինիս նախաքննական ցուցմունքը դրվել է մեղադրական դատական ակտի հիմքում, ինչով էլ Առաջին ատյանի դատարանը չի ապահովել ամբաստանյալ Գ․Կարապետյանի՝ հակընդդեմ հարցման իրավունքը։
5.3. Փաստելով, որ գործով էական նշանակություն ունեցող հանգամանքի վերաբերյալ վկա Հ.Վարոսյանի՝ նախաքննության և դատաքննության ընթացքում տրված ցուցմունքներն էական հակասություն են պարունակում՝ բողոքաբերը եզրահանգել է, որ Առաջին ատյանի դատարանը որևէ կերպ չի պատճառաբանել թե ինչու է արժանահավատ դիտարկել վերջինիս նախաքննության ընթացքում տված ցուցմունքը։
Բողոքաբերի պնդմամբ, վկա Կ.Բալայանի ցուցմունքը ևս անարժանահավատ է, քանի որ վերջինս ոստիկանության ծառայող է և որոշակի փոխհարաբերությունների մեջ է գտնվում քրեական հետապնդման մարմնի հետ։ Բացի այդ, դատաքննության ընթացքում նա պաշտպանության կողմի հարցադրումներին տվել է հակասական պատասխաններ, իսկ վերջում առհասարակ հրաժարվել է պատասխանելուց։
Բողոքի հեղինակը նաև նշել է, որ Տ.Բրուտյանից առգրավում կատարելու մասին քննչական գործողության արձանագրությունը ևս անթույլատրելի է, քանի որ նշված չէ կատարման տարեթիվը և ժամանակը։
5.4. Բացի այդ, ըստ բողոքաբերի՝ սույն գործի փաստական հանգամանքները բավարար են եզրահանգելու, որ ամբաստանյալի ուղղվելը հնարավոր է առանց ազատազրկման ձևով նշանակված պատիժը կրելու։
5.5. Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը խնդրել է բեկանել ստորադաս դատարանների դատական ակտերը և կայացնել նոր դատական ակտ՝ ճանաչելով ու հռչակելով Գ.Կարապետյանի անմեղությունը մեղսագրված արարքներում՝ ապացույցների անբավարարության հիմքով կամ գործն ուղարկել ստորադաս դատարան՝ նոր քննության կամ պատժի մասով բեկանել և փոփոխել ստորադաս դատարանների դատական ակտերը, Գ.Կարապետյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի հիման վրա պայմանականորեն չկիրառել ու «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի դրույթների կիրառմամբ վերջինիս ազատել պատժից:
II. Ամբաստանյալ Գ.Կարապետյանի բողոքի փաստարկները.
6. Ըստ ամբաստանյալ Գ.Կարապետյանի վճռաբեկ բողոքի՝ Առաջին ատյանի դատարանն իր մեղավորության վերաբերյալ եզրահանգման հիմքում դրել է մի շարք ապացույցներ, որոնք ձեռք են բերվել քրեադատավարական օրենքի էական խախտմամբ, ուստի անթույլատրելի են։
Մասնավորապես՝ բողոքաբերն անդրադարձ է կատարել մեղադրանքի հիմքում դրված քննչական գործողությունների արձանագրությունների թույլատրելիությանը՝ ներկայացնելով սույն որոշման 5.1-րդ կետում շարադրված փաստարկները՝ ավելացնելով նաև, որ Ն.Գրիգորյանը, Ա.Խուբլարյանը, Է.Պողոսյանը և Գ.Սահակյանն այլ քրեական գործերով ևս ներգրավված են եղել որպես ընթերակա, ինչը վկայում է այն մասին, որ վերջիններս համագործակցում են ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Ստեփանավանի և ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժինների աշխատակիցների հետ։
6.1. Բողոքաբերը նշել է նաև, որ ոստիկանության աշխատակից, վկա Կ.Բալայանը գործի ելքով շահագրգիռ անձ է, ուղղորդված է վերադասի կողմից, բացի այդ նրա դատաքննական և նախաքննական ցուցմունքներում առկա են հակասություններ:
Անդրադառնալով վկա Հ.Վարոսյանին՝ բողոք բերած անձը նշել է, որ վերջինս ոստիկանության կողմից ուղղորդված կեղծ վկա է, իսկ նրա ցուցմունքներն անարժանահավատ են, քանի որ կան հակասություններ վերջինիս նախաքննական և դատաքննական ցուցմունքներում:
6.2. Բողոքաբերը փաստարկել է նաև, որ վկա Ժ.Համբարձումյանի նախաքննական ցուցմունքը չէր կարող դրվել մեղադրական դատական ակտի հիմքում, քանի որ Առաջին ատյանի դատարանը չի ապահովել իր՝ հակընդդեմ հարցման իրավունքը:
6.3. Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2019 թվականի դեկտեմբերի 17-ի որոշումը և առաջադրված մեղադրանքում իրեն արդարացնել կամ գործն ուղարկել ստորադաս դատարան՝ նոր քննության։
Վճռաբեկ բողոքների քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.
7. Նախաքննության մարմնի կողմից Գագիկ Կարապետյանին ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետով (երկու դրվագով) մեղադրանք է առաջադրվել հետևյալ արարքների համար. «(…) [Ն]ա ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, 2016 թվականի հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14:00-ից մինչև ժամը 22:50-ն ընկած ժամանակահատվածում, առարկայի գործադրմամբ խոհանոցի մետաղապլաստե պատուհանափեղկը բացելու եղանակով ապօրինի մուտք է գործել Ստեփանավան քաղաքի Չարենցի 28 հասցեում գտնվող, Միսակ Բաբայանին պատկանող առանձնատուն և ննջասենյակի պահարանի վրա առկա զարդատուփից գաղտնի հափշտակել վերջինիս կնոջ՝ Անուշ Իսպիրյանի զգալի չափերով՝ ընդհանուր շուրջ 203.000 ՀՀ դրամ արժողությամբ «Սվարովսկի» ապրանքանիշի բիժու զարդերը և դիմել փախուստի:
(...)
Բացի այդ, նա ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, 2016 թվականի հոկտեմբերի 30-ին՝ ժամը 16:00-ից մինչև 20:00-ն ընկած ժամանակահատվածում, առանձնատան հյուրասենյակի լուսամուտի փեղկը հրել բացելու միջոցով ապօրինի մուտք է գործել Ստեփանավան քաղաքի Րաֆֆի 112-րդ հասցեում գտնվող, Հովհաննես Փիլիկյանին պատկանող առանձնատան ննջասենյակ և պահարանից գաղտնի հափշտակել խոշոր չափերով՝ ընդհանուր 2.043.700 ՀՀ դրամ արժողությամբ 16 կտոր տարբեր տեսակի ոսկյա զարդեր՝ մասնավորապես 6 հատ մատանի, 2 հատ շղթա, թևնոց, 2 հատ խաչ, վզնոց, 3 զույգ ականջօղեր, կախազարդ և 60.000 կանխիկ դրամ ու դիմել փախուստի (...)»2։
8. Սույն գործով, ի թիվս այլնի, կատարվել են հետևյալ քննչական գործողությունները՝
- 2016 թվականի նոյեմբերի 3-ին՝ հեռախոսահամարի վերծանումների զննություն, որին որպես ընթերակա մասնակցել են Գոհար Հոկտեմբերիկի Սահակյանը և Էդգար Զավենի Պողոսյանը3,
- 2016 թվականի նոյեմբերի 29-ին՝ առարկաները ճանաչման ներկայացնելու չորս քննչական գործողություն, որոնց որպես ընթերակա մասնակցել են Նարեկ Բորիսի Գրիգորյանը և Արսեն Ասլանի Խուբլարյանը4,
- 2016 թվականի նոյեմբերի 29-ին՝ Գ.Կարապետյանի անձնական խուզարկությունը, որին որպես ընթերակա մասնակցել են Նարեկ Բորիսի Գրիգորյանը և Արսեն Ասլանի Խուբլարյանը5,
- 2016 թվականի դեկտեմբերի 8-ին՝ երկու բնակարանի խուզարկություն, որոնց որպես ընթերակա մասնակցել են Նարեկ Բորիսի Գրիգորյանը և Արսեն Ասլանի Խուբլարյանը6,
- 2016 թվականի դեկտեմբերի 14-ին՝ դեպքի վայրի զննություն, որին որպես ընթերակա մասնակցել են Նարեկ Բորիսի Գրիգորյանը և Արսեն Ասլանի Խուբլարյանը7,
- 2016 թվականի դեկտեմբերի 15-ին՝ հեռախոսային խոսակցությունների գաղտնալսման զննություն, որին որպես ընթերակա մասնակցել են Գոհար Հոկտեմբերիկի Սահակյանը և Էդգար Զավենի Պողոսյանը8,
- 2016 թվականի դեկտեմբերի 16-ին՝ առարկաները ճանաչման ներկայացնելու քննչական գործողություն, որին որպես ընթերակա մասնակցել են Նարեկ Բորիսի Գրիգորյանը և Արսեն Ասլանի Խուբլարյանը9,
- 2016 թվականի դեկտեմբերի 22-ին՝ անձին ճանաչման ներկայացնելու քննչական գործողություն, որին որպես ընթերակա մասնակցել է նաև Արսեն Ասլանի Խուբլարյանը։ Նշված գործողությանը որպես ճանաչվող անձ մասնակցել է նաև Նարեկ Բորիսի Գրիգորյանը10,
- 2017 թվականի փետրվարի 8-ին՝ հեռախոսահամարի վերծանումների զննություն, որին որպես ընթերակա մասնակցել են Գոհար Հոկտեմբերիկի Սահակյանը և Էդգար Զավենի Պողոսյանը11,
- 2017 թվականի փետրվարի 9-ին՝ հեռախոսահամարի վերծանումների զննություն, որին որպես ընթերակա մասնակցել են Գոհար Հոկտեմբերիկի Սահակյանը և Էդգար Զավենի Պողոսյանը12,
- 2017 թվականի մարտի 15-ին՝ քննչական փորձարարություն, որին որպես ընթերակա մասնակցել են Գոհար Հոկտեմբերիկի Սահակյանը և Էդգար Զավենի Պողոսյանը13։
9. Վկա Արսեն Խուբլարյանն ըստ էության ցուցմունք է տվել այն մասին, որ ունի 8-ամյա կրթություն, գրել-կարդալ լավ չի կարողանում, մեկ անգամ մասնակցել է ոսկյա առարկաները ճանաչման ներկայացնելու քննչական գործողությանը14։
9.1. Վկա Նարեկ Գրիգորյանն ըստ էության ցուցմունք է տվել այն մասին, որ ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Ստեփանավանի բաժնում հաճախ է ներգրավվել որպես ընթերակա, իրեն ասել են, որ գա ստորագրի, ինչն էլ կատարել է, սակայն չի իմացել, թե ինչ է ստորագրում։ Տառաճանաչ է, գրել գիտի, սակայն նորմալ չի կարողանում կարդալ։ Նշել է նաև, որ Գ.Կարապետյանի գործով մեկ անգամ է մասնակցել որպես ընթերակա՝ անձին ճանաչման ներկայացնելու քննչական գործողությանը, սակայն չի հասկացել, թե ինչ է կատարվում. ինքը ոստիկանների կանչով է գնացել, ասել են, որ թուղթ պետք է ստորագրի, և քանի որ կարդալ չի կարողանում, հնարավոր է, որ առանց հասկանալու ստորագրել է, Գ.Կարապետյանի գործով այլ գործողությունների չի մասնակցել։ Վկան հայտնել է նաև, որ չի հիշում, որ մասնակցած լինի առարկաները ճանաչման ներկայացնելու քննչական գործողությանը, չնայած ստորագրությունն իրենն է և ինքը գնացել ստորագրել է քննիչ Լ.Պառավյանի մոտ, սակայն որևէ գործողության չի մասնակցել15։
9.2. Վկա Էդգար Պողոսյանն ըստ էության ցուցմունք է տվել այն մասին, որ ունի միջնակարգ կրթություն, ավարտել է 3-րդ դասարանը, ոստիկանության բաժին գնացել է իր գործերով, երբ կանչել են, այդ ժամանակ էլ է գնացել, Գ.Կարապետյանի գործով չի հիշում որևէ քննչական գործողության մասնակցել է, թե ոչ, նրան ոստիկանության բաժնում չի հիշում տեսել է, թե ոչ, իր հետ չի հիշում որևէ գործողության մասնակցել է, թե ոչ։ Հայտնել է նաև, որ եղել են դեպքեր, որ գնացել է միայն ստորագրել և դուրս եկել՝ առանց հետաքրքրվելու, թե ինչ է ստորագրում16։
9.3. Վկա Գոհար Սահակյանն ըստ էության ցուցմունք է տվել այն մասին, որ չի հիշում, որ Ստեփանավանի քննչական բաժնում Գ.Կարապետյանի հետ կամ նրա վերաբերյալ քրեական գործով որևէ քննչական գործողության ինքը մասնակցած լինի որպես ընթերակա, առհասարակ, որևէ գործով քննչական գործողության մասնակցելը։ Վկան հայտնել է նաև, որ չի հիշում, թե Ստեփանավանի բաժնում իր մասնակցությամբ հեռախոսահամարների վերծանումների զննության մասնակցել է, թե ոչ, իրեն քաղաքից են բերել բաժին, չեն ստիպել, ասել են, որ գործ կա, ինքն էլ գնացել է՝ չիմանալով, որ ընթերակայի գործ է, սակայն չի հիշում, թե ինչ էին անում: Քննիչի մոտ է իմացել, որ ընթերակայի գործ է, գրած պատրաստ է եղել, ինքը ստորագրել է: Վկան նշել է նաև, որ ինքն Էդգարի հետ է եղել, նա էլ է ստորագրել17։
10. Առաջին ատյանի դատարանը 2019 թվականի մայիսի 24-ի դատավճռով արձանագրել է հետևյալը. «(...) Անդրադառնալով պաշտպանական կողմի բարձրացրած (...) միջնորդությանը` ընթերակաների մասնակցությամբ կատարված քննչական կամ դատավարական գործողություններն անթույլատրելի ապացույց ճանաչելու մասին, (...) [Առաջին ատյանի դ]ատարանն արձանագրում է, որ գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ սույն գործով քննչական կամ դատավարական գործողությունների մի մասին որպես ընթերականեր մասնակցել են Գոհար Սահակյանը և Էդգար Պողոսյանը:
[Առաջին ատյանի դ]ատարանն արձանագրում է, որ գործի նյութերում առկա չէ, ինչպես նաև դատաքննության ընթացքում ձեռք չբերվեցին այնպիսի փաստական տվյալներ, որով կհիմնավորվեր, որ այս ընթերականերն ունակ չեն լրիվ և ճշտորեն ընկալելու իր[ենց] ներկայությամբ կատարվող գործողությունները կամ վարույթն իրականացնող մարմնից գտնվում [են] անձնական կամ ծառայողական կախվածության մեջ կամ առկա են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 90-րդ հոդվածով նախատեսված հիմքերը: Ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ նրանց մասնակցությունը կրել է պարբերական բնույթ, ապա այդ հանգամանքն առանձին վերցրած չի կարող դիտվել էական խախտում և չի հանգեցնում այդ ընթերակաների մասնակցությամբ կատարված գործողությունների և դրանց արդյունքում ձեռք բերված ապացույցների անթույլատրելիությանը։
Պաշտպանական կողմը միջնորդել է անթույլատրելի ճանաչել վկա Տ.Բրուտյանից հետագայում իրեղեն ապացույց ճանաչված առարկաներն առգրավելու մասին արձանագրությունը, քանի որ բացակայում է արձանագրության կազման տարեթիվը:
Վերոհիշյալի կապակցությամբ Դատարանն արձանագրում է (...), որ առարկաներն առգրավելու մասին արձանագրությունը կազմ[վ]ել է առանց ժամի նշմամբ: (...) Դատարանը գտնում է, որ (...) քննիչի կողմից թույլ է տրվել խախտում, սակայն այդ խախտում իր բնույթով էական չէ և չի կարող հանգեցնել (...) ձեռք բերված ապացույցի անթույլատրելիությանը:
Պաշտպանական կողմը միջնորդել է անթույլատրելի ապացույց ճանաչել վկա Ժ.Համբարձումյանի նախաքննության ընթացքում տված ցուցմունքները, քանի որ նրան հնարավոր չի եղել ներկայացնել դատարան և անհրաժեշտ հարցադրումներ ներկայացնել:
(...)
Դատարանն արձանագրում է, որ Դատարանը միջոցներ է ձեռնարկել նշված վկայի ներկայությունը դատաքննությանն ապահովելու համար, նրան ուղարկվել են ծանուցագրեր, գրություններ և հարցումներ են ուղարկվել ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչություն և ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն, որոնց հիման վրա պարզվել է, որ վկա Ժ.Համբարձումյանը բացակայում է ՀՀ-ից:
Դատարանն արձանագրում է, որ նախաքննության ընթացքում վկա Ժ.Համբարձումյանի և ամբաստանյալ Գ.Կարապետյանի միջև կատարվել է առերես հարցաքննություն, ամբաստանյալը, հրաժարվել է հարցեր տալուց, այսինքն պաշտպանական կողմը հնարավորություն է ունեցել հարցեր ուղղել ամբաստանյալի դեմ ցուցմունք տված վկային, հետևաբար այդ մասով միջնորդությունն անհիմն է։ Դատարանն արձանագրում է նաև, որ ամբաստանյալ Գ.Կարապետյանին առաջադրված մեղադրանքի հիմնավորումն և դրա արդյունքում հնարավոր դատապարտումն ամբողջապես կամ վճռական չափով հիմնված չէ Ժ.Համբարձումյանի ցուցմունքների վրա: Այսինքն, նշված վկայի ցուցմունքները վճռական կշիռ չուն[են] ամբաստանյալ Գ.Կարապետյանի մեղքը հաստատող ապացույցների զանգվածում, բացի այդ, վկայի բացակայության պայմաններում նրա ցուցմունքների հրապարակումը եղել է արդարացված (...):
Պաշտպանական կողմը միջնորդել է անթույլատրելի ապացույց ճանաչել վկա Հ.Վարոսյանի ցուցմունքները, քանի որ դրանք իրականությանը չեն համապատասխանում, ցուցմունքներում առկա են հակասություններ, նրա վրա հնարավոր է ճնշումներ գործադրված լինեն:
Վերոհիշյալի կապակցությամբ Դատարանն արձանագրում է, որ (...) նախաքննության ժամանակ հարցաքննվելիս Հ.Վարոսյանը տվել է մանրամասն ցուցմունք, ներկայացրել է մանրամասն փաստեր, որոնց մասին կարող էին տեղյակ լինել միայն անմիջապես ականատես անձը, ուստի այն վարկածը, որ Հ.Վարոսյանն ամբաստանյալին չի տեսել և իր նկատմամբ իրականացված ճնշումների ազդեցության տակ է նման ցուցմունք տվել մտացածին է, չփաստարկված:
Պաշտպանական կողմը միջնորդեց անթույլատրելի ապացույց ճանաչել վկա Կ.Բալայանի ցուցմունքը, քանի որ վերջինս հանդիսանում է ոստիկան և գործի ելքով ունի շահագրգռվածություն:
Դատարանն արձանագրում է, որ դատարանում չներկայացվեցին որևէ փաստական տվյալ կամ հանգամանք, որը հնարավորություն կտար Դատարանին գալ եզրահանգման, որ վկա Կ.Բալայանը որպես ոստիկան որևէ շահագրգռվածություն ունի գործի ելքով, ուստի Դատարանը գտնում է, որ առկա չէ որևէ հիմք վկայի ցուցմունքը որպես անթույլատրելի ապացույց ճանաչելու համար:
(...)
Նախաքննության մարմինը [Գ.Կարապետյանի] մեղքը հիմնավորված է համարել տուժողներ Հ.Փիլիկյանի, Մ.Բաբայանի, վկաներ Ս.Ջուլակյանի, Ա.Մխոյանի, Կ.Բաբայանի, Հ.Վարոսյանի, Ա.Իսպարյանի, Ն.Բարսեղյանի, Տ.Բրուտյանի ցուցմունքներով, դեպքի վայրի զննության արձանագրություններով, դատահետքաբանական փորձաքննության եզրակացությամբ, առգրավում կատարելու մասին արձանագրությամբ, առարկաները ճանաչման ներկայացնելու մասին արձանագրություններով, անձին ճանաչման ներկայացնելու արձանագրությամբ, մետաղագիտական, հեմոլոգիական և ապրանքագիտական փորձաքննության եզրակացությամբ ու քննչական փորձարարության արձանագրությամբ:
Վերոհիշյալ ապացույցները, իրեղեն ապացույցները ճանաչելու մասին որոշումները հետազոտվել են դատաքննության ընթացքում:
[Առաջին ատյանի դ]ատարանը, վերլուծելով ամբաստանյալ Գ.Կարապետյանին առաջադրված մեղադրանքի հիմքում դրված և դատաքննության ընթացքում հետազոտված վերոգրյալ ապացույցները` դրանք գնահատելով վերաբերելիության, թույլատրելիության, իսկ ամբողջ ապացույցներն իրենց համակցությամբ` գործի լուծման համար բավարարության տեսանկյունից, դրանց բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության վրա հիմնված ներքին համոզմամբ, ամբաստանյալի մեղավորության վերաբերյալ չփարատվող բոլոր կասկածները նրա օգտին մեկնաբանելով, հաստատված է համարում [2 դրվագ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով որակված՝ Գագիկ Կարապետյանին մեղսագրված արարքները կատարելու մեջ վերջինիս մեղավորությունը]»18։
11. Վերաքննիչ դատարանը 2019 թվականի դեկտեմբերի 17-ի որոշմամբ արձանագրել է. «(…) Առաջին ատյանի դատարանը, պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում ստուգման ենթարկելով քրեական գործի հիմքում դրված ապացույցների ձեռքբերման աղբյուրները, յուրաքանչյուր ապացույց գնահատելով թույլատրելիության, վերաբերելիության, իսկ ամբողջ ապացույցներն իրենց համակցությամբ` գործի լուծման համար բավարարության տեսանկյունից, ղեկավարվելով օրենքով, ներքին համոզմամբ, ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետով (2 դրվագ) ամբաստանյալ Գագիկ Կարապետյանի մեղավորության վերաբերյալ հանգել է ճիշտ հետևության:
Այսպիսով` ամբաստանյալ Գագիկ Կարապետյանի մեղքը ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետով (2 դրվագ) մեղսագրված արարքներում հաստատված է և նրա կատարած հանցանքներն ապացուցված, իսկ պաշտպանի պատճառաբանությունները հերքվում են քրեական գործով ձեռք բերված և պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում Առաջին ատյանի դատարանում հետազոտված փոխկապակցված ապացույցների բավարար ամբողջությամբ (…)»19։
Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
12. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավորված են արդյո՞ք ապացույցների թույլատրելիության և արժանահավատության վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները։
I. Ընթերականեր Ն.Գրիգորյանի, Ա.Խուբլարյանի, Գ.Սահակյանի և Է.Պողոսյանի մասնակցությամբ կատարված քննչական գործողությունների արձանագրությունների թույլատրելիությունը.
13. 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 105-րդ հոդվածի համաձայն՝ «1. Քրեական գործով վարույթում մեղադրանքի հիմքում չեն կարող դրվել և որպես ապացույց օգտագործվել այն նյութերը, որոնք ձեռք են բերվել`
(…)
5) քննչական կամ այլ դատավարական գործողության կատարման կարգի էական խախտմամբ.
(…)։
2. Ապացույցներ ձեռք բերելիս էական են այն խախտումները, որոնք, դրսևորվելով մարդու և քաղաքացու սահմանադրական իրավունքների և ազատությունների կամ սույն օրենսգրքի որևէ պահանջի խախտմամբ, դատավարության մասնակիցներին` օրենքով երաշխավորված իրավունքների զրկմամբ կամ սահմանափակմամբ կամ որևէ այլ կերպ ազդել են կամ կարող էին ազդել ստացված փաստական տվյալների հավաստիության վրա»։
Ապացույցների թույլատրելիության հարցին Վճռաբեկ դատարանն անդրադարձել է Արարատ Ավագյանի և Վահան Սահակյանի գործով որոշմամբ՝ արձանագրելով հետևյալը. «(…) Ապացույցների թույլատրելիության հատկանիշը վերաբերում է դրանց ձևական կողմին։ Դրա էությունը կազմում է ապացույցները ձեռք բերելիս օրենքով նախատեսված դատավարական պահանջների պահպանվածությունը և ենթադրում է.
- աղբյուրի օրինականություն՝ ապացույցը պետք է ձեռք բերվի միայն օրենքով սահմանված աղբյուրներից (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մաս),
- ձեռքբերման միջոցների օրինականություն՝ պետք է պահպանված լինեն ապացույցների ձեռքբերմանն ուղղված գործողություններ կատարելուն օրենքով առաջադրված պահանջները,
- դատավարական ձևակերպում՝ ապացույցը, դրա ձեռքբերման գործընթացը պետք է օրենքով սահմանված կարգով ենթարկվեն դատավարական ձևակերպման,
- լիազորված սուբյեկտ՝ այն պետք է ստացված լինի ապացույց ձեռք բերելու լիազորությամբ օժտված սուբյեկտի կողմից։
Ապացույցն անթույլատրելի ճանաչելու հիմքերը հստակ սահմանված են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 105-րդ հոդվածով։ (…)»20:
13.1. Վճռաբեկ դատարանը կրկնում է, որ որպես ապացույց չեն կարող օգտագործվել քննչական կամ այլ դատավարական գործողության կատարման կարգի էական խախտմամբ ձեռք բերված փաստական տվյալները, հատկապես եթե դրանք իրենց հերթին հանգեցրել են դատավարության մասնակիցների իրավունքների էական խախտման, ազդել են կամ կարող էին ազդել uտացված փաuտական տվյալների հավաuտիության վրա։ Ընդ որում՝ ապացույցների ձեռքբերման գործընթացում էական չեն կարող համարվել քննչական կամ այլ դատավարական գործողության կատարման կարգի այն խախտումները, որոնցով չեն սահմանափակվել դատավարության մասնակիցների` օրենքով երաշխավորված իրավունքները կամ այդ իրավունքներից նրանք չեն զրկվել, ինչպես նաև այն խախտումները, որոնք ստացված փաստական տվյալների հավաստիության վրա չեն ազդել կամ չէին կարող ազդել։ Այլ խոսքով` քննչական կամ այլ դատավարական գործողություննների կատարման ժամանակ թույլ տրված քրեադատավարական օրենսդրության խախտումները պետք է գնահատվեն` ելնելով դրանց բնույթից, ծանրությունից և վերոնշյալ գործողությունների արդյունքում ստացված ապացուցողական նյութի որակի և հավաստիության վրա դրանց ազդեցության աստիճանից։ Ապացույցն անթույլատրելի ճանաչելը` որպես իրավական հետևանք, պետք է տեղի ունենա միայն քրեադատավարական օրենսդրության էական խախտման առկայության պարագայում։ Հակառակ դեպքում ապացույցների թույլատրելիության հարցին կցուցաբերվի ձևական մոտեցում, ինչն էլ կհանգեցնի ապացուցողական նյութի անտեղի կորստի21։
14. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 81-րդ հոդվածի (մինչ 2018 թվականի մարտի 21-ին ընդունված ՀՕ-181-Ն օրենքը գործող խմբագրությամբ) համաձայն՝ «1. Ընթերական քրեական գործով չշահագրգռված՝ Հայաստանի Հանրապետության չափահաս քաղաքացին է, որին քրեական հետապնդման մարմինը հրավիրում է մասնակցելու քննչական գործողության կատարման՝ հաստատելու համար դրա կատարման փաստը, բովանդակությունը, ընթացքը և արդյունքները։
2. Ընթերական պետք է ունակ լինի լրիվ և ճշտորեն ընկալելու իր ներկայությամբ կատարվող գործողությունները։ (...)»։
Նույն օրենսգրքի 94-րդ հոդվածի (մինչ 2018 թվականի մարտի 21-ին ընդունված ՀՕ-181-Ն օրենքը գործող խմբագրությամբ) համաձայն՝ «(...) 2. Ընթերական չի կարող մասնակցել քրեական գործով վարույթին, եթե գտնվում է քրեական վարույթն իրականացնող մարմնից անձնական կամ ծառայողական կախվածության մեջ։
3. Ընթերակայի նախկին մասնակցությունը քննչական գործողությանը տվյալ քրեական գործով այլ քննչական գործողությանը նրա մասնակցությունը բացառող հանգամանք չէ, բացի այն դեպքերից, երբ որևէ ընթերակայի մասնակցությունը կրում է պարբերական բնույթ։ (...)»։
15. Վերոշարադրյալ քրեադատավարական նորմերի վերլուծությունից բխում է, որ ընթերակայի ինստիտուտը քրեական դատավարությունում ինքնանպատակ չէ, այն ապացույցների հավաստիության, դրանց ձեռք բերման օրինականության ապահովման յուրահատուկ միջոց է։ Ընթերակաների պարտադիր մասնակցությունն առանձին քննչական գործողությունների կատարմանը նպատակ է հետապնդում ապահովել հանրային վերահսկողությունը նախաքննության նկատմամբ, երաշխավորել արժանահավատ և թույլատրելի ապացույցների ստացումը, բացառել ապացույցների կեղծման հնարավորությունը՝ այդպիսով ապահովելով նաև ենթադրյալ հանցանք կատարած անձի իրավունքների պաշտպանությունը մրցակցության սկզբունքի սահմանափակ կիրառություն ունեցող մինչդատական վարույթում։ Վերոգրյալի հիման վրա, հարկ է փաստել, որ քրեական դատավարությունում ընթերակաների հիմնական դերն իրենց մասնակցությամբ կատարված քննչական գործողության փաստի, բովանդակության, ընթացքի և արդյունքների հաստատումն է, որպիսի հանգամանքով էլ պայմանավորված օրենսդիրը սահմանել է անձին որպես ընթերակա ներգրավելու համար այնպիսի որակական չափանիշներ, ինչպիսիք են տարիքը, գործունակությունը և անաչառությունը։ Մասնավորապես, օրենսդիրը հստակ ամրագրել է, որ քրեական գործով վարույթին որպես ընթերակա կարող է ներգրավվել գործի ելքով չշահագրգռված՝ Հայաստանի Հանրապետության այն չափահաս քաղաքացին, ով ունակ է լրիվ և ճշտորեն ընկալելու իր ներկայությամբ կատարվող գործողությունները։ Միևնույն ժամանակ, օրենսդիրը, նպատակ ունենալով բացառել ընթերակայի անկողմնակալության և ըստ այդմ էլ՝ նրա պարտադիր մասնակցությամբ ձեռք բերված և մեղադրանքի հիմքում դրված ապացույցների օրինականության և հավաստիության վերաբերյալ կասկածները, ի թիվս այլնի, սահմանել է, որ քրեական գործով վարույթին անձը չի կարող մասնակցել որպես ընթերակա, եթե վերջինիս մասնակցությունը կրում է պարբերական բնույթ։
16. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ՝
- Առաջին ատյանի դատարանը Գ.Կարապետյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետով (երկու դրվագով) նախատեսված արարքների կատարման մեջ: Առաջին ատյանի դատարանը, գնահատելով գործի նյութերը, գտել է, որ թեև կատարված մի շարք քննչական և դատավարական գործողություններին որպես ընթերակա մասնակցել են Գ.Սահակյանը և Է.Պողոսյանը, սակայն գործի նյութերում առկա չեն և դատաքննությամբ ձեռք չեն բերվել այնպիսի փաստական տվյալներ, որով կհիմնավորվեր, որ այդ ընթերականերն ունակ չեն լրիվ ու ճիշտ ընկալելու իրենց ներկայությամբ կատարված գործողությունները կամ վարույթն իրականացնող մարմնից գտնվում են անձնական կամ ծառայողական կախվածության մեջ, իսկ քրեական գործով վարույթին նրանց մասնակցության պարբերական լինելն ինքնին չի կարող դիտվել էական խախտում և հիմք հանդիսանալ վերջիններիս մասնակցությամբ կատարված գործողությունները ու դրանց արդյունքում ձեռք բերված ապացույցներն անթույլատրելի գնահատելու համար: Արդյունքում, Առաջին ատյանի դատարանն առաջադրված մեղադրանքում ամբաստանյալ Գ.Կարապետյանի մեղավորությունը հաստատված է համարել նաև մեղադրանքի հիմքում դրված քննչական գործողությունների արձանագրություններով22,
- Վերաքննիչ դատարանը, օրինական ուժի մեջ թողնելով Առաջին ատյանի դատարանի դատավճիռը, իր հերթին փաստել է, որ Առաջին ատյանի դատարանը, պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում ստուգման ենթարկելով քրեական գործի հիմքում դրված ապացույցների ձեռքբերման աղբյուրները, յուրաքանչյուր ապացույց գնահատելով թույլատրելիության, վերաբերելիության, իսկ ամբողջ ապացույցներն իրենց համակցությամբ` գործի լուծման համար բավարարության տեսանկյունից, Գ.Կարապետյանի մեղավորության հարցում հանգել է ճիշտ հետևության23։
17. Սույն որոշման 8-9.3-րդ և 16.3-րդ կետերում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 13-15-րդ կետերում մեջբերված իրավադրույթների և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ընթերականեր Ն.Գրիգորյանի, Ա.Խուբլարյանի, Գ.Սահակյանի և Է.Պողոսյանի մասնակցությամբ կատարված քննչական գործողությունների արձանագրությունները որպես ապացույց օգտագործելու թույլատրելիությունը որոշելիս ստորադաս դատարանները պատշաճ իրավական գնահատականի չեն արժանացրել սույն գործով առանցքային նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ։ Այսպես՝
Առաջին ատյանի դատարանը, գտնելով, որ գործի նյութերում առկա չեն և դատաքննությամբ ձեռք չեն բերվել այնպիսի փաստական տվյալներ, որոնք կհիմնավորեին, որ այդ ընթերականերն ունակ չեն լրիվ ու ճիշտ ընկալելու իրենց ներկայությամբ կատարված գործողությունները կամ վարույթն իրականացնող մարմնից գտնվում են անձնական կամ ծառայողական կախվածության մեջ, ինչպես նաև սույն գործով վարույթին նրանց մասնակցության պարբերականությունն ինքնին չի կարող գնահատվել որպես էական խախտում, իսկ Վերաքննիչ դատարանն էլ ըստ էության համաձայնելով Առաջին ատյանի դատարանի այդ եզրահանգմանը, անտեսել են այս անձանց դատաքննական ցուցմունքներով հայտնած տվյալները։ Մասնավորապես, ստորադաս դատարանները նշված անձանց մասնակցությամբ կատարված քննչական գործողությունների արձանագրությունները մեղադրական դատական ակտերի հիմքում դնելիս առհասարակ ուշադրության չեն արժանացրել այն հանգամանքը, որ թեև սույն գործով Ա.Խուբլարյանը և Ն.Գրիգորյանը որպես ընթերակա ներգրավված են եղել համապատասխանաբար տասը և ինը քննչական գործողության, սակայն իրենց դատաքննական ցուցմունքներով հայտնել են, որ սույն գործով որպես ընթերակա մեկ անգամ են մասնակցել, ընդ որում՝ Ն.Գրիգորյանը նշել է, որ սույն գործով որպես ընթերակա մասնակցել է միայն անձին ճանաչման ներկայացնելու քննչական գործողությանը, սակայն համապատասխան արձանագրության համաձայն՝ վերջինս ներգրավված է եղել ոչ թե որպես ընթերակա, այլ որպես ճանաչվող անձ։ Ավելին՝ Ա.Խուբլարյանը նշել է նաև, որ գրել-կարդալ լավ չի կարողանում, իսկ Ն.Գրիգորյանն էլ իր հերթին հայտնել է, որ գրել գիտի, սակայն նորմալ չի կարողանում կարդալ, և հավելել է, որ ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Ստեփանավանի բաժնում հաճախ է ներգրավվել որպես ընթերակա՝ փաստաթուղթ ստորագրելու նպատակով, ինչն էլ կատարել է՝ առանց տեղեկանալու, թե ինչ է ստորագրում։ Ստորադաս դատարանները պատշաճ ուշադրության չեն արժանացրել նաև դատաքննության ժամանակ Գ.Սահակյանի և Է.Պողոսյանի հայտնած տվյալները, ովքեր թեև սույն գործով որպես ընթերակա ներգրավված են եղել թվով հինգ քննչական գործողության կատարմանը, սակայն իրենց ցուցմունքներով հայտնել են, որ չեն հիշում՝ Գ.Կարապետյանի գործով որևէ քննչական գործողության մասնակցել են, թե ոչ։ Ավելին՝ վերջիններս հայտնել են, որ եղել են դեպքեր, երբ առանց որևէ գործողության մասնակցելու փաստաթղթեր են ստորագրել։
18. Նախորդ կետում վկայակոչված հանգամանքների հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով կատարված քննչական գործողություններին ընթերակաների մասնակցությունը ոչ միայն պարբերական բնույթ է կրել, այլև ողջամտորեն կասկածի տակ է դրվել վերջիններիս մասնակցությամբ կատարված և ստորադաս դատարանների դատական ակտերի հիմքում դրված քննչական գործողությունների արձանագրությունները որպես ապացույց օգտագործելու թույլատրելիությունը։ Մասնավորապես, վերոգրյալ փաստական հանգամանքների համակցությունը, անկողմնակալ դիտորդի տեսանկյունից, ստվերում են ընթերականեր Ն.Գրիգորյանի, Ա.Խուբլարյանի, Գ.Սահակյանի և Է.Պողոսյանի անաչառությունը և ընդհանրապես մասնակցությունն այդ քննչական գործողություններին և ողջամիտ կասկածներ առաջացնում այդ ապացույցների օրինականության և հավաստիության վերաբերյալ։ Նման պայմաններում, ստորադաս դատարանները դատական ակտեր կայացնելիս, մինչ նշված անձանց մասնակցությամբ կատարված քննչական գործողությունների արձանագրությունները՝ որպես Գ.Կարապետյանի մեղքը հիմնավորող ապացույցներ դիտարկելը, պետք է պատշաճ իրավական գնահատականի արժանացնեին վերոնշյալ հանգամանքների համակցությունը, որոնք հնարավորություն կտային պատշաճ երաշխավորելու վարույթի արդարացիությունը և ըստ այդմ` նաև ապահովելու Գ.Կարապետյանի` «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Եվրոպական կոնվենցիա) 6-րդ հոդվածով ամրագրված` արդար դատաքննության իրավունքը։
19. Այսպիսով, ամփոփելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վերոնշյալ հանգամանքները պատշաճ ուշադրության չարժանացնելը և ընթերականեր Ն.Գրիգորյանի, Ա.Խուբլարյանի, Գ.Սահակյանի և Է.Պողոսյանի մասնակցությամբ կատարված մի շարք քննչական գործողությունների արձանագրությունները Գ.Կարապետյանի նկատմամբ կայացված մեղադրական դատական ակտերի հիմքում դնելը, եղել է ոչ իրավաչափ` հանգեցնելով վարույթի արդարացիության և ըստ այդմ` նաև Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով երաշխավորված` արդար դատաքննության իրավունքի խախտման։ Այլ կերպ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ընթերականեր Ն.Գրիգորյանի, Ա.Խուբլարյանի, Գ.Սահակյանի և Է.Պողոսյանի մասնակցությամբ կատարված և մեղադրական դատական ակտերի հիմքում դրված քննչական գործողությունների արձանագրությունները, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 105-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի ուժով, անթույլատրելի են և չէին կարող դրվել մեղսագրվող արարքներում Գ.Կարապետյանի մեղավորությունը հիմնավորող ապացույցների զանգվածում։
20. Վերոնշյալի հաշվառմամբ, Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ ստորադաս դատարանների հետևություններն այն մասին, որ ընթերականեր Ն.Գրիգորյանի, Ա.Խուբլարյանի, Գ.Սահակյանի և Է.Պողոսյանի մասնակցությամբ կատարված քննչական գործողությունների ժամանակ թույլ չեն տրվել այնպիսի էական դատավարական խախտումներ, որոնք կարող են հանգեցնել այդ ապացույցների անթույլատրելիության, հիմնավոր չեն։
II. Բողոքաբերների բարձրացրած մյուս փաստարկները.
21. Անդրադառնալով Տ.Բրուտյանից առգրավում կատարելու մասին արձանագրության անթույլատրելիության վերաբերյալ բողոքաբերների փաստարկներին, Վճռաբեկ դատարանը իր համաձայնությունն է հայտնում Առաջին ատյանի դատարանի դատողություններին24 և գտնում, որ քննչական գործողության արձանագրության մեջ ժամի բացթողումն իր բնույթով էական խախտում չէ և բավարար չէ ապացույցն այդ հիմքով անթույլատրելի ճանաչելու համար։
Ինչ վերաբերում է պաշտպանական կողմի բարձրացրած այն փաստարկին, որ վկա Կ.Բալայանի ցուցմունքն անարժանահավատ է, քանի որ վերջինս ոստիկանության ծառայող է, ապա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ոստիկան լինելն ինքնին վկայի ցուցմունքն անարժանահավատ չի դարձնում, և այս առումով բողոքաբերների փաստարկները հիմնված են զուտ ենթադրական և սուբյեկտիվ դատողությունների վրա։
22. Հիմք ընդունելով սույն որոշման 13-20-րդ կետերում շարադրված վերլուծությունը և եզրահանգումները՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանները դատական ակտեր կայացնելիս ապացույցների գնահատման հարցում թույլ են տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 81-րդ, 94-րդ, 105-րդ հոդվածների պահանջների խախտումներ, ինչը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի համաձայն, քրեադատավարական օրենքի էական խախտում է և հիմք է ստորադաս դատարանների դատական ակտերը բեկանելու և գործն Առաջին ատյանի դատարան՝ նոր քննության ուղարկելու համար։
Նոր քննության ընթացքում Առաջին ատյանի դատարանը պետք է սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների հաշվառմամբ գնահատի քրեական գործում առկա այլ ապացույցները և հանգի համապատասխան հետևության՝ անդրադառնալով նաև բողոքաբերների կողմից բարձրացված՝ վկաների ցուցմունքների արժանահավատության և մեղադրանքի հիմքում դրված ապացույցների բավարարության հարցերին, ինչպես նաև այդ համատեքստում Արտուշ Ղուլյանի25 գործով արտահայտված իրավական դիրքորոշումների հաշվառմամբ քննարկի բողոքաբերների՝ սույն որոշման 5.2-րդ և 6.2-րդ կետերում բարձրացված փաստարկները և հանգի համապատասխան հետևության։
Վերոգրյալի հաշվառմամբ Վճռաբեկ դատարանն առարկայազուրկ է համարում անդրադառնալ բողոքաբերի՝ սույն որոշման 5.4-րդ կետում բարձրացրած՝ Գ.Կարապետյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը կրելու նպատակահարմարության հարցին:
22. Միևնույն ժամանակ, հաշվի առնելով, որ չեն վերացել ամբաստանյալ Գ.Կարապետյանի նկատմամբ խափանման միջոց կիրառելու հիմքերն ու պայմանները, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը պետք է թողնել անփոփոխ։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 39-րդ, 43-րդ, 361.1-րդ, 415.1-րդ, 418.1-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքները բավարարել: Ամբաստանյալ Գագիկ Դավթի Կարապետյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետով (երկու դրվագով) Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2019 թվականի մայիսի 24-ի դատավճիռը և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2019 թվականի դեկտեմբերի 17-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության:
2․ Ամբաստանյալ Գագիկ Դավթի Կարապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը թողնել անփոփոխ:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
________________________
1 Համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի անցումային դրույթները կարգավորող 483-րդ հոդվածի 8-րդ մասի՝ սույն բողոքը քննվում է մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը գործող կարգով:
2 Տե՛ս քրեական գործ, հատոր 2, թերթեր 167-168:
3 Տե՛ս քրեական գործ, հատոր 1, թերթեր 45-47:
4 Տե՛ս քրեական գործ, հատոր 1, թերթեր 72-75:
5 Տե՛ս քրեական գործ, հատոր 1, թերթ 80:
6 Տե՛ս քրեական գործ, հատոր 1, թերթեր 180-181 և 187-188:
7 Տե՛ս քրեական գործ, հատոր 1, թերթեր 239-247:
8 Տե՛ս քրեական գործ, հատոր 1, թերթեր 215-217:
9 Տե՛ս քրեական գործ, հատոր 2, թերթեր 18-19:
10 Տե՛ս քրեական գործ, հատոր 1, թերթեր 225-226:
11 Տե՛ս քրեական գործ, հատոր 2, թերթեր 119-120:
12 Տե՛ս քրեական գործ, հատոր 2, թերթեր 127-129:
13 Տե՛ս քրեական գործ, հատոր 2, թերթեր 195-196:
14 Տե՛ս քրեական գործ, հատոր 6, թերթ 196։
15 Տե՛ս քրեական գործ, հատոր 6, թերթ 196։
16 Տե՛ս քրեական գործ, հատոր 6, թերթեր 196-197։
17 Տե՛ս քրեական գործ, հատոր 6, թերթ 197։
18 Տե՛ս քրեական գործ, հատոր 6, թերթեր 175-212։
19 Տե՛ս քրեական գործ, հատոր 8, թերթեր 79-93։
20 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Արարատ Ավագյանի և Վահան Սահակյանի գործով 2014 թվականի հոկտեմբերի 31-ի թիվ ԵԿԴ/0252/01/13 որոշման 31.1-րդ կետը:
21 Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի՝ Արմեն Սարգսյանի գործով 2009 թվականի սեպտեմբերի 16-ի թիվ ԵՔՐԴ/0295/01/08 որոշման 15-րդ կետը, Սարիբեկ Հարությունյանի գործով 2014 թվականի մայիսի 31-ի թիվ ԵԱՔԴ0189/01/12 որոշման 20-րդ կետը։
22 Տե՛ս սույն որոշման 10-րդ կետը:
23 Տե՛ս սույն որոշման 11-րդ կետը:
24 Տե՛ս սույն որոշման 10-րդ կետը։
25 Հակընդդեմ հարցման (կոնֆրոնտացիայի) ենթարկելու իրավունքի վերաբերյալ մանրամասն տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Արտուշ Ղուլյանի գործով 2018 թվականի նոյեմբերի 15-ի թիվ ՏԴ2/0037/01/15 որոշումը:
Նախագահող` |
Հ. Ասատրյան |
Դատավորներ` |
Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆ |
Ե. Դանիելյան | |
Լ. Թադևոսյան | |
Ա. Պողոսյան | |
|
Ս. Օհանյան |