ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի որոշում ԼԴ/0140/01/20 Գործ թիվ ԼԴ/0140/01/20 Ռ. Բարսեղյան Դատավորներ՝ Ա. Ազարյան Լ. Աբգարյան
Նախագահող դատավոր՝
ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),
նախագահությամբ` |
Հ. Ասատրյանի | |
մասնակցությամբ դատավորներ` |
Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆԻ | |
Ե. Դանիելյանի | ||
Լ. Թադևոսյանի | ||
|
Ա. Պողոսյանի | |
|
Ս. Օհանյանի |
28 հուլիսի 2022 թվական |
ք. Երևան |
գրավոր ընթացակարգով քննության առնելով ամբաստանյալ Աշոտ Եզնիկի Ոսկանյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2021 թվականի սեպտեմբերի 16-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Աֆանդյանի վճռաբեկ բողոքը1,
Պ Ա Ր Զ Ե Ց
Գործի դատավարական նախապատմությունը.
1. 2020 թվականի հունիսի 17-ին ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է թիվ 19102620 քրեական գործը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով։
Նախաքննության մարմնի` 2020 թվականի հուլիսի 21-ի որոշմամբ Աշոտ Եզնիկի Ոսկանյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։
Նախաքննության մարմնի` 2020 թվականի հուլիսի 28-ի որոշմամբ Աշոտ Ոսկանյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով:
2020 թվականի դեկտեմբերի 2-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան):
2. Առաջին ատյանի դատարանը, կիրառելով դատական քննության արագացված կարգ, 2021 թվականի փետրվարի 3-ի դատավճռով Ա․Ոսկանյանին մեղավոր է ճանաչել 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով, և նրա նկատմամբ պատիժ է նշանակել ազատազրկում՝ 3 (երեք) տարի ժամկետով։ Նույն օրենսգրքի 70-րդ հոդվածի հիման վրա, նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել, և սահմանվել է փորձաշրջան՝ 2 (երկու) տարի ժամկետով: Ա․Ոսկանյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը թողնվել է անփոփոխ՝ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը։
3. Մեղադրողի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան), 2021 թվականի սեպտեմբերի 16-ի որոշմամբ ներկայացված բողոքը մերժել է՝ Առաջին ատյանի դատարանի՝ 2021 թվականի փետրվարի 3-ի դատավճիռը թողնելով օրինական ուժի մեջ:
4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Աֆանդյանը բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2022 թվականի մարտի 16-ի որոշմամբ վարույթ է ընդունվել:
Վճռաբեկ դատարանի՝ 2022 թվականի ապրիլի 11-ի որոշմամբ սահմանվել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ:
Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.
5. Աշոտ Ոսկանյանը ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով մեղավոր է ճանաչվել այն բանի համար, որ նա․ «Մարտիրոս Մելիքյանի կողմից իրենից պարտքով վերցրած գումարը չվերադարձնելու և այդ կապակցությամբ հեռախոսազրույցի ընթացքում միմյանց փոխադարձ վիրավորելու պատճառով, պայմանավորվել ու 2020 թվականի հունիսի 16-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, հանդիպել են Վանաձոր քաղաքի Բաղրամյան պողոտայի վերջնամասում՝ «Արփի» գազալցակայանի մոտ, որտեղ հիշյալ հարցի շուրջ առաջացած վիճաբանության ընթացքում Աշոտ Ոսկանյանը, նախապես իր մոտ եղած սուր կտրող-ծակող առարկայով, առողջությանը վնաս պատճառելու դիտավորությամբ, մեկ անգամ հարվածել է Մարտիրոս Մելիքյանի որովայնին, առողջությանը պատճառել ծանր վնաս՝ որովայնի առաջային պատի կտրած-ծակած թափանցող վերք՝ ստամոքսի և լյարդի վնասումով»2։
6. Առաջին ատյանի դատարանը, ամբաստանյալ Ա․Ոսկանյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը կրելու նպատակահարմարության հարցի վերաբերյալ եզրահանգումը պատճառաբանել է հետևյալ կերպ. «(…) [Առաջին ատյանի դ]ատարանն ամբաստանյալ Ա.Ոսկանյանի նկատմամբ պատիժ նշանակելիս հաշվի է առնում հանցագործության` հանրության համար վտանգավորության աստիճանն ու բնույթը, այդ թվում` հանցագործության կատարման հանգամանքներն ու եղանակը, հանցագործության գործիքը, հասցված հարվածների քանակը և դրանց տեղակայ[ում]ը, փաստացի պատճառված վնասի բնույթը, ինչպես նաև խախտված հասարակական հարաբերության սոցիալական նշանակությունը:
(…) [Առաջին ատյանի դ]ատարանը որպես ամբաստանյալ Ա.Ոսկանյանի անձը բնութագրող տվյալ հաշվի է առնում այն, որ նա բնութագրվում է դրական, նախկինում դատապարտված կամ որևէ այլ կերպ արատավորված չէ:
[Առաջին ատյանի դ]ատարանը, (…) որպես ամբաստանյալ Ա.Ոսկանյանի պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանք հաշվի է առնում այն, որ նրա խնամքին է մինչև 14 տարեկան երեխան, (…) տուժողի վարքագծի հակաօրինականությունը, որով պայմանավորվել է հանցագործությունը, այն, որ նա իրեն լիովին մեղավոր է ճանաչել, տվել խոստովանական ցուցմունքներ, զղջացել է կատարածի համար, և այն, որ տուժողը բողոք, պահանջ չի ներկայացրել:
[Առաջին ատյանի դ]ատարանն արձանագրում է, որ ամբաստանյալ Ա.Ոսկանյանի պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանքներ առկա չեն:
(…)
[Առաջին ատյանի դ]ատարանը, Վճռաբեկ դատարանի (…) նախադեպային իրավունքի համատեքստում վերլուծելով սույն գործի փաստական տվյալները, գնահատելով ամբաստանյալ Ա.Ոսկանյանի կատարած արարքի՝ հանրության համար վտանգավորության աստիճանն ու բնույթը, նրա անձը բնութագրող տվյալները, պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքները, պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանքների բացակայությունը, հանգում է հետևության, որ վերոգրյալ հանգամանքների համակցությունն էապես նվազեցնում է ինչպես ամբաստանյալի, այնպես էլ նրա կատարած արարքի հանրության համար վտանգավորության աստիճանը և, որ նրա ուղղվելը հնարավոր է առանց փաստացի պատիժ կրելու»3։
7. Վերաքննիչ դատարանը, անփոփոխ թողնելով Առաջին ատյանի դատարանի դատավճիռը, արձանագրել է հետևյալը. «(…) [Ա]նդրադառնալով վերաքննիչ բողոքում արված պատճառաբանություններին առ այն, որ ուղղակի մտադրության մասին կարելի է փաստել նաև այն հանգամանքը, որ ամբաստանյալը հանցագործության գործիք հանդիսացող դանակը վերցրել է իր հետ այն իրավիճակում, երբ հեռախոսազրույցի ընթացքում արդեն իսկ տուժողի հետ սկսել են վիճաբանել, փոխադարձ միմյանց հասցեին հղել վիրավորանքներ, հետևապես իր համար կանխատեսելի է եղել վեճի շարունակվելը և այն կռվի վերաճելու հնարավորությունը, ուստի պատրաստված, դանակով հարվածելու մտադրությամբ հանդիպել է տուժողին, Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ ամբաստանյալի վերոնշյալ գործողությունները վարույթն իրականացնող մարմնի կողմից հետազոտվել և գնահատման են ենթարկվել, վերջինին իր ոչ իրավաչափ գործողությունների համար արդեն իսկ առաջադրվել է մեղադրանք, որում նա իրեն լիովին մեղավոր է ճանաչել, զղջացել է կատարվածի համար, ուստի ամբաստանյալի դրսևորած հակաիրավական վարքագիծը չի կարող պատիժը պայմանականորեն չկիրառելիս մեկնաբանվել ի վնաս վերջինի և առավել ևս հիմք հանդիսանալ պատիժը պայմանականորեն չկիրառելու հնարավորությունը բացառելու համար:
(․․․) Քրեական գործի նյութերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով ամբաստանյալ Աշոտ Ոսկանյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատժի կրման նպատակահարմարության հարցը քննարկելիս` Առաջին ատյանի դատարանը (․․․) իրավացիորեն գտել է, որ ամբաստանյալ Ա.Ոսկանյանի ուղղվելը հնարավոր է առանց պատիժը կրելու և ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառել` սահմանելով համապատասխան ժամկետով փորձաշրջան:
Վերաքննիչ դատարանը նման հետևության հանգելու համար հաշվի է առնում ամբաստանյալին վերագրվող հանցագործության՝ հանրության համար վտանգավորության աստիճանը և բնույթը, ամբաստանյալի անձը բնութագրող տվյալները` երիտասարդ լինելը, դրական բնութագրվելն ու նախկինում դատապարտված չլինելը, քրեական պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքները՝ նրա խնամքին է մինչև 14 տարեկան երեխան, տուժողի վարքագծի հակաօրինականությունը, որով պայմանավորվել է հանցագործությունը, ինչպես նաև այն, որ նա իրեն լիովին մեղավոր է ճանաչել, տվել խոստովանական ցուցմունքներ, զղջացել է կատարածի համար, և այն, որ տուժողը բողոք, պահանջ չի ներկայացրել:
Վերաքննիչ դատարանն ամբաստանյալ Աշոտ Ոսկանյանի պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանքներ չի արձանագրում»4։
Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.
8. Բողոքի հեղինակը փաստարկել է, որ Վերաքննիչ դատարանը, անփոփոխ թողնելով Առաջին ատյանի դատարանի դատական ակտը, թույլ է տվել դատական սխալ՝ նյութական իրավունքի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը: Բողոքաբերը նշել է նաև, որ Վերաքննիչ դատարանի որոշումը հակասում է Վճռաբեկ դատարանի՝ Արմեն Շահբազյանի և մի շարք այլ գործերով արտահայտած իրավական դիրքորոշումներին:
Բողոքաբերը գտել է, որ ստորադաս դատարաններն ամբաստանյալ Ա․Ոսկանյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու հարցում հանգել են սխալ հետևության։
Ըստ բողոքաբերի ստորադաս դատարանները պատշաճ իրավական վերլուծության չեն ենթարկել ամբաստանյալ Ա․Ոսկանյանի անձի և նրա կատարած արարքի հանրային բարձր վտանգավորության մասին վկայող հետևյալ հանգամանքները.
Այսպես` պատշաճ իրավական գնահատականի չի արժանացել այն, որ ամբաստանյալը դեպքին նախորդող հեռախոսազրույցի ընթացքում վիճաբանել է տուժողի հետ՝ միմյանց փոխադարձ վիրավորելով և պայմանավորվել են հանդիպել՝ կանխատեսելով վիճաբանությունը կռվի վերաճելու հանգամանքն իր հետ վերցրել է դանակ, որով էլ դեպքի ընթացքում հարվածել է տուժողի կենսական կարևոր օրգանին՝ որովայնին։ Ըստ բողոքաբերի՝ նշվածը վկայում է, որ դանակի գործադրմամբ տուժողին մարմնական վնասվածքներ պատճառելը նախապես պլանավորված է եղել։
Բացի այդ, հանցագործության գործիքը, եղանակը և վնասվածքների տեղակայումը վկայում են, որ ամբաստանյալի գործողությունները կարող էին առաջ բերել անդառնալի հետևանք։
Վերոգրյալի հետ մեկտեղ, բողոք բերած անձը կարևորել է կատարված արարքի՝ իր բնույթով և հանրային վտանգավորության աստիճանով ծանր հանցագործությունների շարքին դասված լինելու հանգամանքը, որի համար որպես պատիժ նախատեսված է ազատազրկում՝ երեքից յոթ տարի ժամկետով։
Անդրադառնալով դատարանների կողմից ամբաստանյալի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելիս հաշվի առնված՝ անձը բնութագրող տվյալներին և պատասխանատվությունն ու պատիժ մեղմացնող հանգամանքներին, բողոքի հեղինակը նշել է, որ ստորադաս դատարանները որևէ հիմնավորում չեն ներկայացրել, թե այդպիսիք ողջամտորեն ինչ ազդեցություն են ունեցել կատարված արարքի բնույթի և հանրային վտանգավորության աստիճանի նվազեցման համար։
9. Հիմք ընդունելով վերոշարադրյալը` բողոքաբերը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2021 թվականի սեպտեմբերի 16-ի որոշումը և ամբաստանյալ Ա.Ոսկանյանի նկատմամբ նշանակել համաչափ պատիժ։
Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
10. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավորվա՞ծ են արդյոք ամբաստանյալ Ա.Ոսկանյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները:
11. Վճռաբեկ դատարանն առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու դեպքում ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու հարցերին անդրադարձել է մի շարք նախադեպային որոշումներում5։
12. Սույն գործի փաստական տվյալների վերլուծությունից բխում է հետևյալը.
- վիճաբանության սկզբնապատճառը եղել է ամբաստանյալից պարտքով վերցրած գումարը տուժող Մ․Մելիքյանի կողմից չվերադարձնելը և այդ հանգամանքի շուրջ տեղի ունեցած հեռախոսազրույցի ընթացքում միմյանց փոխադարձ վիրավորելը,
- հեռախոսազրույցի ընթացքում ամբաստանյալը և տուժողը պայմանավորվել են հանդիպել Վանաձոր քաղաքի Բաղրամյան պողոտայի վերջնամասում գտնվող գազալցակայանում,
- վերոնշյալ տեղանքում՝ երեկոյան ժամը 23-ի սահմաններում, հիշյալ հարցի շուրջ, ամբաստանյալի և տուժողի միջև վիճաբանություն է սկսվել,
- վիճաբանության ընթացքում ամբաստանյալը նախապես վերցրած սուր կտրող-ծակող գործիքի գործադրմամբ հարված է հասցրել տուժողի որովայնին,
- հարվածի արդյունքում տուժողի առողջությանը պատճառվել է այնպիսի ծանր մարմնական վնասվածք, որն արտահայտվել է որովայնի առաջային պատի կտրած-ծակած թափանցող վերքի ձևով՝ ուղեկցված ստամոքսի և լյարդի վնասումով6։
12․1․ Առաջին ատյանի դատարանն ամբաստանյալ Ա.Ոսկանյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը կրելու նպատակահարմարության հարցը լուծելիս ընդգծել է, որ հաշվի է առնում կատարված արարքի հանրային վտանգավորության բնույթն ու աստիճանը, անձը բնութագրող փաստական տվյալները և պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքները` մասնավորապես, նախկինում դատապարտված չլինելը, դրական բնութագրվելը, ինքնախոստովանական ցուցմունք տալը, կատարած արարքի համար զղջալը, առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր ճանաչելը, խնամքին մինչև 14 տարեկան երեխայի առկայությունը, տուժողի վարքագծի հակաօրինականությունը, որով պայմանավորվել է հանցագործությունը, նրա կողմից բողոք և պահանջ չներկայացնելը, ինչպես նաև պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանքների բացակայությունը: Արդյունքում, Առաջին ատյանի դատարանը եզրահանգել է, որ նշված հանգամանքների համակցությունն էապես նվազեցնում է ամբաստանյալի անձի և նրա կատարած արարքի հանրային վտանգավորության աստիճանը՝ վկայելով առանց պատիժը փաստացի կրելու ամբաստանյալ Ա․Ոսկանյանի ուղղվելու հնարավորության մասին7։
Վերաքննիչ դատարանը ստորադաս դատարանի դատական ակտը թողել է անփոփոխ` արձանագրելով, որ Առաջին ատյանի դատարանի հետևությունները բխում են գործի նյութերից8։
13․ Նախորդ կետերում մեջբերված փաստական տվյալները գնահատելով սույն որոշման 11-րդ կետում վկայակոչված գործերով արտահայտած իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ամբաստանյալ Ա.Ոսկանյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելիս ստորադաս դատարանները պատշաճ իրավական վերլուծության չեն ենթարկել ամբաստանյալի անձի և նրա կատարած արարքի հանրային վտանգավորության վրա ազդող հետևյալ գործոնները.
ա) խախտված հասարակական հարաբերության բնույթն ու կարևորությունը՝ այն, որ ամբաստանյալը ոտնձգել է այնպիսի հասարակական հարաբերության դեմ, որի խախտումը բացասաբար է անդրադարձել տուժողի առողջական վիճակի վրա,
բ) հանցագործության իրադրությունը, գործիքն ու եղանակը․ գումարային հարցի շուրջ տարաձայնության պայմաններում տուժողի հետ նախապես պլանավորված հանդիպմանը սուր կտրող-ծակող գործիք վերցնելը և հանրորեն վտանգավոր արարքը դրա գործադրմամբ կատարելը,
գ) հասցված հարվածի հետևանքով առաջացած վնասվածքի բնույթն ու տեղակայումը, մասնավորապես այն, որ ամբաստանյալը հարված է հասցրել տուժողի կենսական կարևոր օրգանի շրջանում՝ որովայնի հատվածին և առողջությանը պատճառել ստամոքսի և լյարդի վնասումով ուղեկցված ծանր մարմնական վնասվածք,
դ) հանցավորի հոգեբանական վերաբերմունքն իր արարքի և դրա հետևանքների նկատմամբ, մասնավորապես այն, որ ամբաստանյալը գործել է ուղղակի դիտավորությամբ, գիտակցել է, որ իր գործողություններով տուժողի առողջությանը պատճառում է ծանր վնաս, նախատեսել է իր արարքի և հետևանքների միջև առկա անմիջական պատճառական կապը։
14. Ընդհանրացնելով վերոշարադրյալը` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ստորադաս դատարաններն արձանագրելով հանդերձ, որ ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառելիության վերաբերյալ եզրահանգումը հիմնված է նաև հանցագործության բնույթի և հանրային վտանգավորության աստիճանի գնահատման վրա, այնուամենայնիվ, ամբաստանյալ Ա.Ոսկանյանի նկատմամբ նշանակված պատիժը կրելու նպատակահարմարության հարցի վերաբերյալ եզրահանգումները չեն կառուցել վերոնշյալ հանգամանքների` իրենց ամբողջության մեջ մանրամասն վերլուծության վրա: Այսպես` սույն որոշման շրջանակում մեջբերված և վերլուծված փաստական տվյալների համակցությունը, մասնավորապես՝ հանցագործության եղանակն ու իրադրությունը, օգտագործված գործիքը, հասցված հարվածի հետևանքով պատճառված վնասվածքը և տեղակայումը, խախտված հասարակական հարաբերության բնույթն ու կարևորությունը, ինչպես նաև արարքի և դրա հետևանքների նկատմամբ դրսևորած հոգեբանական վերաբերմունքն ինքնին կանխորոշում են ամբաստանյալ Ա․Ոսկանյանի ու նրա կատարած արարքի հանրային վտանգավորության բարձր աստիճանը։ Նման պայմաններում, ստորադաս դատարանների կողմից ամբաստանյալ Ա.Ոսկանյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու հիմքում դրված՝ անձը բնութագրող տվյալները և պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքները՝ նախկինում դատապարտված չլինելը, դրական բնութագրվելը, առաջադրված մեղադրանքում մեղավոր ճանաչելը և զղջալը, ինքնախոստովանական ցուցմունք տալը, տուժողի կողմից բողոք և պահանջ չներկայացնելը, խնամքին մինչև 14 տարեկա երեխայի առկայությունը, չեն կարող ողջամտորեն նվազեցնել ամբաստանյալ Ա․Ոսկանյանի անձի և նրա կատարած արարքի հանրային վտանգավորության աստիճանն ու ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառման հիմք հանդիսանալ։
15․ Ինչ վերաբերում է որպես պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանք դիտարկված՝ տուժողի վարքագծի հակաօրինականությանը, որով պայմանավորվել է հանցագործությունը, ապա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանները սույն գործով չեն մատնանշել կոնկրետ փաստական տվյալներ, որոնք կհիմնավորեին քննարկվող մեղմացնող հանգամանքի առկայությունը։ Մասնավորապես, չի պատճառաբանվել, թե վարքագծի հակաօրինականությունը տուժողի ինչպիսի գործողություններով է դրսևորվել, որոնք կարող էին հանցագործության կատարման առիթ հանդիսանալ։ Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ որպես ամբաստանյալ Ա․Ոսկանյանի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանք՝ հանցագործությունը տուժողի վարքագծի հակաօրինականությամբ պայմանավորված լինելը հաշվի առնելու ստորադաս դատարանների դատողությունները հիմնավորված չեն9։
16․ Անդրադառնալով Վերաքննիչ դատարանի այն դիրքորոշմանը, որ դանակի գործադրմամբ տուժողին մարմնական վնասվածքներ պատճառելը նախապես պլանավորած լինելն արդեն իսկ ներառված է առաջադրված մեղադրանքում, որում ամբաստանյալն իրեն մեղավոր է ճանաչել, ուստի համապատասխան վարքագիծը չի կարող հիմք հանդիսանալ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու հնարավորությունը բացառելու համար, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ նշվածն արարքի և հանցավորի անձի հանրային վտանգավորության աստիճանը բնութագրող ցուցանիշ է և իր համարժեք իրավական գնահատականը պետք է ստանա կյանքի և առողջության դեմ ուղղված հանցագործություններով հանցավորի նկատմամբ քրեաիրավական ներգործության համաչափ միջոց ընտրելիս։ Ակնհայտ է, որ հանցավորի կողմից հանցանքը նախապես ծրագրելն էապես բարձրացնում է վերջինիս անձի և նրա կատարած արարքի հանրային վտանգավորությունը, որպիսի հանգամանքն ուղիղ համեմատական է ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառելիության հնարավորությանը։
Վերոշարադրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ամբաստանյալ Ա.Ոսկանյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները հիմնավորված չեն:
17․ Հիմք ընդունելով սույն որոշման 12-16-րդ կետերում շարադրված վերլուծությունը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանները, ամբաստանյալ Ա.Ոսկանյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելով, թույլ են տվել ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ, 61-րդ և 70-րդ հոդվածների պահանջների խախտում, ինչն իր բնույթով էական է ու հիմք է ստորադաս դատարանների դատական ակտերը բեկանելու համար: Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարանների կողմից հաստատված փաստական հանգամանքները հնարավորություն են տալիս փոփոխել կայացված դատական ակտերը` ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառման մասով բեկանելով ստորադաս դատարանների դատական ակտերը և վերացնելով ամբաստանյալ Ա․Ոսկանյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով նշանակված 3 (երեք) տարի ժամկետով ազատազրկումը պայմանականորեն չկիրառելը։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 361.1-րդ, 415.1-րդ, 418.1-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Ամբաստանյալ Աշոտ Եզնիկի Ոսկանյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի` 2021 թվականի փետրվարի 3-ի դատավճիռը և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2021 թվականի սեպտեմբերի 16-ի որոշումը՝ պատիժը պայմանականորեն չկիրառելու մասով բեկանել ու փոփոխել՝ ամբաստանյալ Աշոտ Եզնիկի Ոսկանյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով նշանակված՝ 3 (երեք) տարի ժամկետով ազատազրկումը պայմանականորեն չկիրառելը՝ վերացնել:
2. Ստորադաս դատարանների դատական ակտերը մնացած մասով թողնել օրինական ուժի մեջ:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
_________________________
1 Համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի անցումային դրույթները կարգավորող 483-րդ հոդվածի 8-րդ մասի՝ սույն բողոքը քննվում է մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը գործող կարգով:
2 Տե՛ս քրեական գործ, հատոր 2-րդ, թերթեր 46-48:
3 Տե՛ս նույն տեղում:
4 Տե՛ս քրեական գործ, հատոր 2-րդ, թերթեր 154-167:
5 Տե՛ս mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի` Արմեն Շահբազյանի գործով 2014 թվականի օգոստոսի 15-ի թիվ ԵՇԴ/0143/01/13, Սարգիս Խաչատրյանի գործով 2015 թվականի մարտի 27-ի թիվ ՏԴ/0031/01/14, Նարեկ Խաչատրյանի գործով 2015 թվականի օգոստոսի 28-ի թիվ ԵԿԴ/0191/01/14, Արսեն Կարապետյանի և Ռուբեն Գուլգուլյանի գործով 2015 թվականի օգոստոսի 28-ի թիվ ԵԱԴԴ/0011/01/14, Սերգեյ Աբովյանի գործով 2016 թվականի հունիսի 24-ի թիվ ԵԱԴԴ/0038/01/15, Արմեն Գրիգորյանի գործով 2021 թվականի փետրվարի 10-ի թիվ ԵԴ/0335/01/19 որոշումները:
6 Տե՛ս սույն որոշման 5-րդ կետը։
7 Տե՛ս սույն որոշման 6-րդ կետը։
8 Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը։
9 Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի` Խաչիկ Ղազարյանի գործով 2010 թվականի հուլիսի 23-ի թիվ ԵԷԴ/0138/01/09 որոշումը:
Նախագահող` |
Հ. Ասատրյան |
Դատավորներ` |
Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆ |
Ե. Դանիելյան | |
Լ. Թադևոսյան | |
Ա. Պողոսյան | |
|
Ս. Օհանյան |