ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի որոշում |
ԵԴ/0237/06/19 | ||
Գործ թիվ ԵԴ/0237/06/19 |
|||
|
ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ նաև` Վճռաբեկ դատարան),
նախագահությամբ` |
Հ. Ասատրյանի | |
մասնակցությամբ դատավորներ` |
Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆԻ | |
Ե. Դանիելյանի | ||
|
Ա. Պողոսյանի | |
Ս. Օհանյանի |
27 դեկտեմբերի 2021 թվական |
ք. Երևան |
գրավոր ընթացակարգով, քննության առնելով մեղադրյալ Ռուբեն Սուրենի Հովհաննիսյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2019 թվականի հունիսի 12-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Հ.Ասլանյանի վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
Գործի դատավարական նախապատմությունը.
1. 2016 թվականի մայիսի 23-ին Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազությունում ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է թիվ 13201616 քրեական գործը և նախաքննության կատարման համար ուղարկվել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին (այսուհետ` նաև Նախաքննության մարմին):
2017 թվականի նոյեմբերի 1-ին ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է թիվ 11860717 քրեական գործը, որը Նախաքննության մարմնի՝ 2017 թվականի նոյեմբերի 24-ի որոշմամբ միացվել է թիվ 13201616 քրեական գործին:
Նախաքննության մարմնի՝ 2018 թվականի ապրիլի 7-ի որոշմամբ թիվ 13201616 քրեական գործով Ռուբեն Հովհաննիսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
Նախաքննության մարմնի՝ 2018 թվականի ապրիլի 16-ի որոշմամբ թիվ 13201616 քրեական գործով Ռ.Հովհաննիսյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նույն թվականի մայիսի 22-ին վերջինիս մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 2-րդ մասով (24 դրվագով):
1.1. 2018 թվականի հուլիսի 20-ին Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազությունում ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի և 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի հատկանիշներով հարուցվել է թիվ 13205118 քրեական գործը և նախաքննության կատարման համար ուղարկվել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին:
Նախաքննության մարմնի՝ 2018 թվականի օգոստոսի 24-ի որոշմամբ թիվ 13205118 քրեական գործով Ռ.Հովհաննիսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը, իսկ նույն թվականի օգոստոսի 31-ի որոշմամբ թիվ 13205118 քրեական գործով Ռ.Հովհաննիսյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1.1-րդ և 2-րդ կետերով (6 դրվագ) և 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1.1-րդ կետով (4 դրվագ):
Նախաքննության մարմնի՝ 2019 թվականի փետրվարի 8-ի որոշմամբ թիվ 13201616 քրեական գործը միացվել է թիվ 13205118 քրեական գործին, և նախաքննությունը շարունակվել է 13205118 համարով:
1.2. Նախաքննության մարմնի` 2019 թվականի ապրիլի 12-ի որոշմամբ Ռ.Հովհաննիսյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել, լրացվել է, և նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 2-րդ մասով (24 դրվագ), 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1.1-րդ և 2-րդ կետերով (6 դրվագ), 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1.1-րդ կետով (4 դրվագ):
2019 թվականի ապրիլի 12-ին Նախաքննության մարմինը միջնորդություն է ներկայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան)` մեղադրյալ Ռ.Հովհաննիսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը փոփոխելու և որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու մասին:
2. Առաջին ատյանի դատարանի՝ 2019 թվականի ապրիլի 13-ի որոշմամբ Նախաքննության մարմնի միջնորդությունը մերժվել է:
3. Դատախազ Ն.Խաչատրյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան) 2019 թվականի հունիսի 12-ի որոշմամբ բողոքը մերժել է՝ Առաջին ատյանի դատարանի` 2019 թվականի ապրիլի 13-ի որոշումը թողնելով օրինական ուժի մեջ:
4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Հ.Ասլանյանը բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2019 թվականի սեպտեմբեր 16-ի որոշմամբ ընդունվել է վարույթ։
Վճռաբեկ դատարանի՝ 2021 թվականի հոկտեմբերի 28-ի որոշմամբ սահմանվել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ:
Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.
5. Առաջին ատյանի դատարանի՝ 2019 թվականի ապրիլի 13-ի որոշման համաձայն. «(…) [Ա]նձի նկատմամբ խափանման միջոց կալանավորում ընտրելու մասին միջնորդությունները քննարկելուց առաջ, մինչև անդրադառնալը մեղսագրվող արարքին առնչություն ունենալուն, իսկ դրանից հետո խափանման միջոց ընտրելու հիմքերին, դատարանը նախ պետք է անդրադառնա խափանման միջոց կալանավորում ընտրելու այլ պայմանների, որոնցից է նաև անձի նկատմամբ նույն քրեական գործով այլ խափանման միջոցի բացակայությունը:
Ինչպես երևում է քննիչի կողմից ներկայացված նյութերից, սույն գործով դեռևս 2018 թվականի օգոստոսի 24-ին Ռ.Հովհաննիսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել «ստորագրություն` չհեռանալու մասին», որը մինչ օրս վերացված չէ:
Ինչ վերաբերվում է քննիչի այն հայտարարությանը, որ դատարան ներկայացված որոշումը վերնագրված է «Ընտրված խափանման միջոցը փոփոխելու և...», ապա հարկ է նկատել, որ որոշման միայն վերնագիրն այլ խափանման միջոցի բացակայություն չէ, քանի որ վերնագիրը չի կարող օգտագործվել դատավարական հարկադրանքի միջոցի մեկնաբանման համար, առավել ևս այն պայմաններում, երբ որոշման նկարագրական և պատճառաբանական մասում Ռ.Հովհաննիսյանի նկատմամբ ընտրված «ստորագրություն` չհեռանալու մասին» խափանման միջոցի բացակայությունը վկայող որևէ ձևակերպում առկա չէ:
(…)
Ինչպես երևում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 151-րդ հոդվածի պահանջից, խափանման միջոցը կարող է փոխվել վարույթն իրականացնող մարմնի կողմից, այսինքն կարող է փոխվել այնպիսի խափանման միջոցով, որը կարող է ընտրվել հենց այդ մարմնի կողմից: Այսինքն, նախնական քննության փուլում քննվող քրեական գործով «ստորագրություն` չհեռանալու մասին» խափանման միջոցը «կալանավորում» խափանման միջոցով փոփոխելու որոշում չի կարող կայացվել ոչ քննիչի, ոչ էլ դատարանի կողմից, քանի որ «կալանավորում» խափանման միջոցն ընտրվում է դատարանի կողմից, իսկ «ստորագրություն` չհեռանալու մասին» խափանման միջոցի իրավաչափության գնահատման իրավասություն ունի քրեական հետապնդում իրականացնող մարմինը:
Հարկ է նկատել նաև, որ խափանման միջոցը փոփոխելը, դա խափանման միջոցի բացակայություն չէ:
Այսպիսով, ելնելով վերը նշված իրավանորմերից, դատարանը գտնում է, որ ներկայացված միջնորդությունը ենթակա է մերժման: (…)»1:
6. Վերաքննիչ դատարանի՝ 2019 թվականի հունիսի 12-ի որոշման համաձայն. «(…) Վերաքննիչ դատարան ներկայացված նյութերից պարզ է դառնում, որ նախաքննության մարմինը մեղադրյալ Ռուբեն Հովհաննիսյանի նկատմամբ թիվ 13205118 քրեական գործով որպես խափանման միջոց է ընտրել ստորագրությունը չհեռանալու մասին:
Վերաքննիչ դատարանը նաև փաստում է, որ հետագայում` մինչ մեղադրյալ Ռուբեն Հովհաննիսյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին դատարան միջնորդություն ներկայացնելը նախկինում ընտրված խափանման միջոցը` ստորագրություն չհեռանալու մասին, քննիչի կողմից վերացված չի եղել:
Այսինքն մեղադրյալի նկատմամբ ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոց ընտրված լինելու պայմաններում նախաքննության մարմինը Դատարան է ներկայացրել միջնորդություն` ընտրված խափանման միջոցը փոփոխելու և մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում կիրառելու մասին, որը սակայն Դատարանի կողմից մերժվել է, այն հիմնավորմամբ, որ համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 134-րդ հոդվածի 4-րդ մասի «ստորագրությունը` չհեռանալու մասին» և «կալանավորում» խափանման միջոցները չեն կարող կիրառվել մեկը մյուսի հետ կապակցված:
Դատախազի փաստարկն այն մասին, թե խափանման միջոցի փոփոխելը` մեկը մյուսով փոխարինելը, ենթադրում է նոր խափանման միջոցի կիրառություն և արդեն իսկ վկայում է նախկինում ընտրված խափանման միջոցի վերացված լինելու մասին, ընդունելի չէ Վերաքննիչ դատարանի համար:
Դատարանը մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության շրջանակներում իրավասու չէ փոփոխել քննիչի վարույթում գտնվող քրեական գործով մեղադրյալի նկատմամբ ընտրված խափանման միջոցը: Նման իրավասությամբ դատարանը օժտված է իր վարույթում գտնվող քրեական գործով` այսինքն դատարանը իրավասու է փոփոխել ամբաստանյալի նկատմամբ ընտրված խափանման միջոցի տեսակը` առկա հիմքերի պայմաններում: (…)»2:
Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.
7. Բողոքի հեղինակի կարծիքով` ստորադաս դատարանները թույլ են տվել դատական սխալ՝ քրեադատավարական օրենքի էական խախտում, որն ազդել է գործի ելքի վրա, մասնավորապես չեն պահպանվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 131-րդ, 134-րդ, 144-րդ և 151-րդ հոդվածներով սահմանված պահանջները:
7.1. Ի հիմնավորումն իր փաստարկի՝ բողոքաբերը, վերլուծելով վերոնշյալ նորմերը, նշել է, որ անհրաժեշտ է տարանջատել խափանման միջոցների կիրառման ընդհանուր անհրաժեշտությունը յուրաքանչյուր տեսակի խափանման միջոցի ընտրության անհրաժեշտությունից։ Այսպես, ըստ բողոքաբերի՝ եթե բոլոր խափանման միջոցների կիրառման նպատակը նույնն է՝ կանխել քրեական գործով վարույթի ընթացքում կասկածյալի կամ մեղադրյալի ոչ պատշաճ վարքագիծը և ապահովել դատավճռի կատարումը, ինչով էլ պայմանավորվում է առհասարակ դրանց կիրառման անհրաժեշտությունը, ապա դրանցից յուրաքանչյուրի ընտրությունը պայմանավորված է այլ անհրաժեշտությամբ, և խափանման միջոցը վերացվում է այն դեպքում, երբ վերանում է խափանման միջոց կիրառելու անհրաժեշտությունն ընդհանրապես, այլ ոչ թե յուրաքանչյուր տեսակի խափանման միջոցի ընտրության անհրաժեշտությունը, հետևաբար, անհիմն են դատարանների հետևություններն այն մասին, որ նախքան միջնորդություն ներկայացնելը վարույթն իրականացնող մարմինը չի վերացրել նախկինում ընտրված խափանման միջոցը՝ չհեռանալու մասին ստորագրությունը, քանի որ մեղադրյալ Ռ.Հովհաննիսյանի նկատմամբ առհասարակ խափանման միջոց կիրառելու՝ ընդհանուր նպատակներով պայմանավորված անհրաժեշտությունը չի վերացել, ավելին՝ քննությամբ ձեռք բերված տվյալներով, մասնավորապես այն, որ վերջինս խախտել է արդեն իսկ կիրառված խափանման միջոցի պայմանները, առաջացել է առավել խիստ հարկադրանքի միջոցը՝ կալանավորումը, կիրառելու անհրաժեշտությունը։
7.2. Բացի այդ, բողոք բերած անձը փաստարկել է, քանի որ արդեն իսկ կիրառված խափանման միջոցի վերացումը, դրանից հետո կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդություն ներկայացնելը, դրա քննությունը քրեադատավարական իմաստով ենթադրում է որոշակի տևողություն, որը շատ դեպքերում օրեր է տևում, ուստի, սահմանափակումները վերացված լինելու պարագայում մեղադրյալը կարող է առանց վարույթն իրականացնող մարմնի թույլտվության մեկնել այլ տեղանք կամ փոխել բնակության վայրը, հատել ՀՀ սահմանը։
7.3. Բողոքի հեղինակն ընդգծել է նաև, որ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու բացառիկ իրավասությունը դատարանին վերապահված լինելու պայմաններում նախաքննական մարմնի կողմից ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը կալանավորում խափանման միջոցով փոխելը ենթադրում է երկու տարբեր մարմինների՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված իրավասությունների իրականացում: Հետևաբար, դատարանների՝ ընտրված խափանման միջոցը փոփոխելու կապակցությամբ հետևությունները ևս անհիմն են և չպատճառաբանված:
8. Վերոգրյալի հիման վրա, բողոք բերած անձը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2019 թվականի հունիսի 12-ի որոշումը և կայացնել նոր դատական ակտ՝ մեղադրյալ Ռ.Հովհաննիսյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառելով կալանավորումը՝ երկու ամիս ժամկետով:
Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
9. Վճռաբեկ դատարանը գտնում է, որ կիրառված խափանման միջոցը վերացնելու և փոփոխելու դատավարական ընթացակարգերի սահմանազատման հարցի կապակցությամբ առկա է օրենքի միատեսակ կիրառություն ապահովելու խնդիր։ Ուստի, անհրաժեշտ է համարում սույն գործով արտահայտել իրավական դիրքորոշումներ, որոնք կարող են ուղղորդող նշանակություն ունենալ նման գործերով դատական պրակտիկայի ճիշտ ձևավորման համար։
10. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. իրավաչափ է արդյո՞ք ստորադաս դատարանների կողմից մեղադրյալ Ռ.Հովհաննիսյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունը մերժելն այն պատճառաբանությամբ, որ նախքան միջնորդություն ներկայացնելը որպես խափանման միջոց ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը վերացված չի եղել:
11. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 55-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` «Քննիչը, մասնավորապես, լիազորված է`
22) որոշում ընդունել խափանման միջոցներ ընտրելու, փոխելու, վերացնելու և դատավարական հարկադրանքի այլ միջոցներ կիրառելու մասին, բացառությամբ կալանքի (...).
(...)
24) դիմել դատարան` մեղադրյալի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու և մեղադրյալին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու (...) միջնորդություններով.
(...)»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 134-րդ հոդվածի (մինչ 2020 թվականի ապրիլի 14-ին ընդունված ՀՕ-196-Ն օրենքը գործող խմբագրությամբ) համաձայն՝ «1. Խափանման միջոցները հարկադրանքի միջոցներ են, որոնք կիրառվում են կասկածյալի կամ մեղադրյալի նկատմամբ` քրեական գործով վարույթի ընթացքում նրանց ոչ պատշաճ վարքագիծը կանխելու և դատավճռի կատարումն ապահովելու նպատակով:
2. Խափանման միջոցներն են`
1) կալանավորումը.
(…)
3) ստորագրություն` չհեռանալու մասին.
(…)
4. Սույն հոդվածի երկրորդ մասով նախատեսված խափանման միջոցները չեն կարող կիրառվել մեկը մյուսի հետ կապակցված: (…)»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «1. Դատարանը, դատախազը, քննիչը կամ հետաքննության մարմինը խափանման միջոց կարող են կիրառել միայն այն դեպքում, երբ քրեական գործով ձեռք բերված նյութերը բավարար հիմք են տալիս ենթադրելու, որ կասկածյալը կամ մեղադրյալը կարող է`
1) թաքնվել քրեական վարույթն իրականացնող մարմնից.
2) խոչընդոտել մինչդատական վարույթում կամ դատարանում գործի քննությանը` քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու, գործի համար նշանակություն ունեցող նյութերը թաքցնելու կամ կեղծելու, քրեական վարույթն իրականացնող մարմնի կանչով առանց հարգելի պատճառների չներկայանալու կամ այլ ճանապարհով.
3) կատարել քրեական օրենքով չթույլատրված արարք.
4) խուսափել քրեական պատասխանատվությունից և նշանակված պատիժը կրելուց.
5) խոչընդոտել դատարանի դատավճռի կատարմանը:
(…)»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 151-րդ հոդվածի (մինչ 2020 թվականի ապրիլի 14-ին ընդունված ՀՕ-196-Ն օրենքը գործող խմբագրությամբ) համաձայն՝ «1. Անհրաժեշտության դեպքում քրեական վարույթն իրականացնող մարմնի կողմից խափանման միջոցը կարող է փոխվել:
2. Խափանման միջոցը վերացվում է, երբ վերանում է դրա անհրաժեշտությունը:
(…)»:
12. Վերոշարադրյալ քրեադատավարական նորմերի վերլուծությունից բխում է, որ խափանման միջոցները, նպատակ ունենալով կանխել քրեական գործով վարույթի ընթացքում կասկածյալի կամ մեղադրյալի հնարավոր ոչ պատշաճ վարքագիծը և ապահովել դատավճռի կատարումը, կիրառվում են միայն այն դեպքում, երբ բավարար հիմքեր կան ենթադրելու, որ անձը կարող է կատարել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված գործողությունները կամ դրանցից որևէ մեկը: Ընդ որում՝ վերոնշյալ նպատակների իրականացման և անձի ենթադրյալ ոչ պատշաճ վարքագծի բացասական դրսևորումների չեզոքացման համար անհրաժեշտ և պիտանի խափանման միջոցի կոնկրետ տեսակի ընտրության հարցն օրենսդիրը վերապահել է վարույթն իրականացնող մարմնի հայեցողությանը՝ միաժամանակ վերջինիս տալով անհրաժեշտության դեպքում այն ավելի մեղմով կամ խստով փոխելու կամ վերացնելու հնարավորություն: Այս առումով Վճռաբեկ դատարանը փաստում է, որ խափանման միջոցը փոխելը և վերացնելը նույն բովանդակությունը չկրող և իրավական տարբեր նշանակություն և հետևանքներ ունեցող դատավարական գործողություններ են, որոնք անհրաժեշտ է տարբերակել միմյանցից: Այսպես՝ խափանման միջոցը վերացվում է այն դեպքում, երբ վերանում են այն կիրառելու փաստական և (կամ) իրավական հիմքերը, և որպես այդպիսին վերանում է նաև ընդհանրապես որևէ տեսակի խափանման միջոց կիրառելու անհրաժեշտությունը, մինչդեռ խափանման միջոցը փոխելու դատավարական ինստիտուտը գործադրվում է այն դեպքում, երբ ոչ միայն չեն վերացել խափանման միջոց կիրառելու հիմք հանդիսացած հանգամանքները, այլև բարելավման կամ վատթարացման տեսանկյունից ենթարկվել են այնպիսի փոփոխությունների, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 134-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված նպատակներին հասնելու տեսանկյունից հնարավոր է դարձել կամ անհրաժեշտություն է առաջացել այն փոխարինել ավելի մեղմ կամ ավելի խիստ ռեժիմ ունեցող հարկադրանքի միջոցով: Հետևաբար, նման իրավիճակներում վարույթն իրականացնող մարմինը կայացնում է ոչ թե խափանման միջոցը վերացնելու, այլ խափանման միջոցը փոփոխելու մասին որոշում:
12.1. Վերոգրյալի հետ մեկտեղ հարկ է նկատել, որ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու լիազորությունը վերապահված է բացառապես դատարանին, ուստի այն դեպքերում, երբ նախաքննության փուլում մեղադրյալի նկատմամբ կիրառված խափանման միջոցը չի ծառայում իր նպատակներին և անհրաժեշտություն է առաջանում այն փոխարինել կալանավորմամբ, ապա վարույթն իրականացնող մարմինը, մի կողմից՝ չկարողանալով գործադրել խափանման միջոցի վերացման ինստիտուտը, քանի որ շարունակում են առկա լինել խափանման միջոց կիրառելու հիմքերը, մյուս կողմից՝ չունենալով ընտրված խափանման միջոցը կալանավորմամբ փոխարինելու վերաբերյալ որոշում կայացնելու իրավասություն, նման միջնորդությամբ դիմում է դատարան: Վերոշարադրյալի հետ կապված՝ Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ դատարանի կողմից անձի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունը բավարարելու դեպքում ոչ թե տեղի է ունենում արդեն իսկ կիրառված խափանման միջոցի հետ կապակցված կիրառություն, այլ խափանման միջոցի փոփոխություն, մեկը մյուսով փոխարինում՝ նոր խափանման միջոցի կիրառություն և նախկինում ընտրված խափանման միջոցի գործողության դադարեցում:
13. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ
- Նախաքննության մարմնի՝ 2018 թվականի ապրիլի 7-ի և նույն թվականի օգոստոսի 24-ի որոշումներով համապատասխանաբար թիվ 13201616 և թիվ 13205118 քրեական գործերով Ռ.Հովհաննիսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը3:
- Նախաքննության մարմինը 2019 թվականի փետրվարի 8-ի որոշմամբ թիվ 13201616 քրեական գործը միացրել է թիվ 13205118 քրեական գործին և 2019 թվականի ապրիլի 12-ին Ռ.Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 2-րդ մասով (24 դրվագ), 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1.1-րդ և 2-րդ կետերով (6 դրվագ) և 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1.1-րդ կետով (4 դրվագ)4:
- 2019 թվականի ապրիլի 12-ին Նախաքննության մարմինը միջնորդություն է ներկայացրել Առաջին ատյանի դատարան` մեղադրյալ Ռ.Հովհաննիսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը փոփոխելու և որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու մասին5:
- Առաջին ատյանի դատարանի՝ 2019 թվականի ապրիլի 13-ի որոշմամբ Նախաքննության մարմնի միջնորդությունը մերժվել է՝ այն պատճառաբանությամբ, որ Ռ.Հովհաննիսյանի նկատմամբ 2018 թվականի օգոստոսի 24-ին որպես խափանման միջոց ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը միջնորդության քննարկման ժամանակ դեռևս վերացված չի եղել: Վկայակոչելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 151-րդ հոդվածը՝ Առաջին ատյանի դատարանը փաստել է նաև, որ նախաքննության փուլում «ստորագրությունը` չհեռանալու մասին» խափանման միջոցը «կալանավորում» խափանման միջոցով փոխելու որոշում չի կարող կայացվել ոչ քննիչի, ոչ էլ դատարանի կողմից, քանի որ «կալանավորում» խափանման միջոցն ընտրվում է դատարանի կողմից, իսկ «ստորագրությունը` չհեռանալու մասին» խափանման միջոցի իրավաչափության գնահատման իրավասություն ունի քրեական հետապնդում իրականացնող մարմինը6:
- Վերաքննիչ դատարանը, օրինական ուժի մեջ թողնելով Առաջին ատյանի դատարանի դատական ակտը, իր հերթին փաստել է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 134-րդ հոդվածի 4-րդ մասի ուժով «ստորագրությունը` չհեռանալու մասին» և «կալանավորում» խափանման միջոցները չեն կարող կիրառվել մեկը մյուսի հետ կապակցված, իսկ դատախազի փաստարկն այն մասին, թե խափանման միջոցի փոփոխելը` մեկը մյուսով փոխարինելը, ենթադրում է նոր խափանման միջոցի կիրառություն և արդեն իսկ վկայում է նախկինում ընտրված խափանման միջոցի վերացված լինելու մասին, ընդունելի չէ Վերաքննիչ դատարանի համար7:
14. Նախորդ կետում մեջբերված փաստական տվյալները գնահատելով սույն որոշման 11-12.1-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանները, հղում կատարելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 134-րդ հոդվածի 4-րդ մասին և 151-րդ հոդվածին և նշելով, որ մեղադրյալի նկատմամբ նախաքննության մարմնի կողմից որպես խափանման միջոց ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը վերացված չլինելու պայմաններում կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունը չի կարող բավարարվել, քանի որ դա կհանգեցնի ստորագրությունը չհեռանալու մասին խափանման միջոցի և կալանավորման կապակցված կիրառման, ինչն անթույլատրելի է, հաշվի չեն առել, որ տվյալ դեպքում ենթակա էր կիրառման ոչ թե խափանման միջոցը վերացնելու, այլ փոփոխելու ընթացակարգը: Մասնավորապես ստորադաս դատարաններն անտեսել են այն հանգամանքը, որ վարույթն իրականացնող մարմինն անձի նկատմամբ ընտրված խափանման միջոցը վերացնում է այն դեպքում, երբ վերանում են այն կիրառելու փաստական և (կամ) իրավական հիմքերը, մինչդեռ տվյալ դեպքում դրանք ոչ միայն վերացած չեն եղել, այլև վարույթն իրականացնող մարմնի գնահատմամբ ենթարկվել են այնպիսի փոփոխությունների, որ անհրաժեշտություն է առաջացել մեղադրյալի պատշաճ վարքագիծն ապահովելու համար այն փոխարինել ավելի խիստ խափանման միջոցով, և ի տարբերություն մյուս խափանման միջոցների, կալանավորման դեպքում նախաքննության մարմնի կողմից համապատասխան որոշման կայացումը չի կարող բավարար լինել այն փոխելու համար, քանի որ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու իրավասությամբ օժտված է բացառապես դատարանը: Այս առումով Վճռաբեկ դատարանը փաստում է, որ անձի նկատմամբ արդեն իսկ կիրառված խափանման միջոցի վերացումը չի կարող դիտվել որպես կալանավորման կիրառման պարտադիր պայման, քանի որ դատարանի կողմից կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունը բավարարելու դեպքում նախկինում կիրառված՝ ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը կդադարի գործել:
Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ ստորադաս դատարանների մոտեցումն ընդունելի համարելու պարագայում ստացվում է, որ այն դեպքերում, երբ նախաքննության փուլում կասկածյալի կամ մեղադրյալի նկատմամբ կիրառված խափանման միջոցը չի ծառայում իր նպատակներին և անհրաժեշտություն է առաջանում այն փոխարինել կալանավորմամբ, ապա վարույթն իրականացնող մարմինը նման միջնորդություն ներկայացնելու համար ստիպված պետք է կայացնի խափանման միջոցը վերացնելու մասին որոշում, որպիսի մոտեցումն ակնհայտ է, որ չի բխի խափանման միջոցը վերացնելու և փոփոխելու ինստիտուտների նպատակային նշանակությունից, կհակասի խափանման միջոցի կիրառման խնդիրներին և նպատակներին, իսկ միջնորդության ներկայացումը կկորցնի իր իմաստն ու կդառնա առարկայազուրկ, քանի որ խափանման միջոցը վերացնելու մասին որոշման կայացումն արդեն իսկ ենթադրում է հիմքերի իսպառ բացակայություն:
Բացի այդ, նախքան մեղադրյալի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդություն ներկայացնելը, անձի նկատմամբ կիրառված ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցի վերացումը կարող է հանգեցնել այնպիսի իրավիճակների, երբ օրինակ՝ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդության քննությունը որոշակի ժամանակահատված տևի, և խափանման միջոցի բացակայության պայմաններում, անձը կկարողանա անարգել մեկնել այլ տեղանք, փոխել բնակության վայրը, հատել ՀՀ սահմանը և այլն: Ավելին՝ եթե դատարանը մերժի կալանավորման միջնորդությունը, ապա վարույթն իրականացնող մարմինն ըստ էության կզրկվի նաև անձի նկատմամբ որևէ այլ խափանման միջոց կիրառելու հնարավորությունից:
15. Ուստի, հիմք ընդունելով վերոշարադրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանների կողմից մեղադրյալ Ռ.Հովհաննիսյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունը մերժելն այն պատճառաբանությամբ, որ նախքան միջնորդություն ներկայացնելը որպես խափանման միջոց ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը վերացված չի եղել, իրավաչափ չէ:
16. Ամփոփելով վերոշարադրյալը՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ստորադաս դատարանները դատական ակտեր կայացնելիս թույլ են տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 134-րդ և 151-րդ հոդվածների պահանջների խախտումներ, որոնք իրենց բնույթով էական են, և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի համաձայն՝ հիմք են ստորադաս դատարանների դատական ակտերը բեկանելու և գործն Առաջին ատյանի դատարան` նոր քննության ուղարկելու համար8:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նոր քննության ընթացքում Առաջին ատյանի դատարանը պետք է ըստ էության քննության առնի Նախաքննության մարմնի ներկայացրած միջնորդությունը և հանգի համապատասխան հետևության:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 361.1-րդ, 403-406-րդ, 415.1-րդ, 418.1-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Մեղադրյալ Ռուբեն Սուրենի Հովհաննիսյանի վերաբերյալ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի` 2019 թվականի ապրիլի 13-ի որոշումը և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2019 թվականի հունիսի 12-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության։
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
_________________________
1 Տե՛ս նյութեր, հատոր 1-ին, թերթ 348:
2 Տե՛ս նյութեր, հատոր 2-րդ, թերթ 76:
3 Տե՛ս սույն որոշման 1-ին և 1.1-րդ կետերը:
4 Տե՛ս սույն որոշման 1.1-րդ և 1.2-րդ կետերը:
5 Տե՛ս սույն որոշման 1.2-րդ կետը:
6 Տե՛ս սույն որոշման 5-րդ կետը:
7 Տե՛ս սույն որոշման 6-րդ կետը:
8 Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի` Հրայր Հովսեփյանի վերաբերյալ գործով 2020 թվականի մայիսի 25-ի թիվ ԵԴ/0426/11/18 որոշումը:
Նախագահող` |
Հ. Ասատրյան | |
Դատավորներ` |
Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆ | |
Ե. Դանիելյան | ||
|
Ա. Պողոսյան | |
Ս. Օհանյան |