ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի որոշում |
ԵԴ/0097/06/20 | ||
Գործ թիվ ԵԴ/0097/06/20 |
|||
|
ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ նաև` Վճռաբեկ դատարան),
նախագահությամբ` |
Հ. Ասատրյանի | |
մասնակցությամբ դատավորներ` |
Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆԻ | |
Ե. Դանիելյանի | ||
Լ. Թադևոսյանի | ||
|
Ա. Պողոսյանի | |
Ս. Օհանյանի |
27 մայիսի 2022 թվական |
ք. Երևան |
գրավոր ընթացակարգով քննության առնելով մեղադրյալ Ֆեդյա Նորիկի Նաջարյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2020 թվականի հունիսի 26-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Դ.Մելքոնյանի վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
Գործի դատավարական նախապատմությունը.
1. 2020 թվականի փետրվարի 13-ին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի բաժնում հարուցվել է թիվ 14105120 քրեական գործը` ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված հանցագործության հատկանիշներով, որը 2020 թվականի մարտի 2-ին միացվել է թիվ 17154520 քրեական գործին, և նախաքննությունը շարունակվել է 17154520 քրեական գործի համարով։
2. 2020 թվականի փետրվարի 15-ին Ֆեդյա Նորիկի Նաջարյանը ձերբակալվել է։
3. 2020 թվականի փետրվարի 17-ին Ֆ.Նաջարյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով։
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի` 2020 թվականի փետրվարի 18-ի որոշմամբ Ֆ.Նաջարյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը՝ 2 (երկու) ամիս ժամկետով։
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի` 2020 թվականի ապրիլի 10-ի որոշմամբ Ֆ.Նաջարյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացվել է 2 (երկու) ամիս ժամկետով, իսկ պաշտպանի միջնորդությունը՝ կալանքն այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու մասին, մերժվել է։
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան)՝ 2020 թվականի հունիսի 10-ի որոշմամբ Ֆ.Նաջարյանին կալանքի տակ պահելու ժամկետը հերթական անգամ երկարացվել է 2 (երկու) ամիս ժամկետով։
4. Պաշտպան Ա.Ջուվանովայի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան) 2020 թվականի հունիսի 26-ի որոշմամբ բողոքը բավարարել է, Առաջին ատյանի դատարանի՝ 2020 թվականի հունիսի 10-ի որոշումը բեկանել է՝ մերժելով Ֆ.Նաջարյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու մասին միջնորդությունը։
5. Վերաքննիչ դատարանի՝ 2020 թվականի հունիսի 26-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Դ.Մելքոնյանը բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի՝ 2020 թվականի սեպտեմբերի 29-ի որոշմամբ ընդունվել է վարույթ։ Վճռաբեկ դատարանի՝ 2021 թվականի դեկտեմբերի 24-ի որոշմամբ սահմանվել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ:
Դատավարության մասնակիցները վճռաբեկ բողոքի պատասխան չեն ներկայացրել։
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.
6. Ֆ․Նաջարյանին ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ․ « (…) [Ն]ա ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու հարցի շուրջ նախնական համաձայնության գալով Խաչիկ Դավիթի Դարբինյանի հետ, 2020 թվականի փետրվարի 13-ին, ժամը 06:32-ին, գնացել են Երևան քաղաքի Վրացական 9/4 հասցեում գործող «Սոլի» գեղեցկության սրահի մոտ, որտեղ տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են Երևան քաղաքի Վրացական 9/4 հասցեում գործող շինություն հանդիսացող «Սոլի» գեղեցկության սրահի մուտքի դուռը, ապօրինի մուտք են գործել ներս և սենյակից գաղտնի հափշտակել են խոշոր չափերի` 2.300.000 ՀՀ դրամ արժողության «SKIN» ապրանքանիշի մազահեռացման սարքը և հեռացել են»1:
7․ Ֆ.Նաջարյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու վերաբերյալ միջնորդություն հարուցելու մասին որոշմանը կից նախաքննության մարմինն Առաջին ատյանի դատարան է ներկայացրել նաև Ֆ.Նաջարյանին կալանքի տակ պահելու ժամկետը 2 (երկու) ամիս ժամկետով երկարացնելու վերաբերյալ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի` 2020 թվականի ապրիլի 10-ի որոշումը, համաձայն որի. « (…) Վարույթն իրականացնող մարմինը նշել է, որ մեղադրյալի առնչությունը (կապը) իրեն մեղսագրված հանցավոր արարքին հիմնավորվում է
- Տուժող Սուսաննա Վալերիի Եղոյանի ցուցմունքով այն մասին, որ հանդիսացել է Երևան քաղաքի Վրացական 9/4 հասցեում գործող «Սոլի» գեղեցկության սրահի տնօրենը և 2020 թվականի փետրվարի 13-ին, ժամը 06:32-ին իր ամուսնու բջջային հեռախոսահամարին ձայնաազդանշանային համակարգի կանչ է ստացվել, իսկ վերջինիս ամուսնու` Արա Եղոյանի գեղեցկության սրահ հասնելուն պես տեղեկացել է, որ սրահի մուտքի դուռը բաց վիճակում է եղել, իսկ ներսում առկա «Էլոս Սկին» մազահեռացման սարքը բացակայել է: Վերջինս նշել է, որ գեղեցկության սրահի տեսանկարահանող սարքերի տեսագրությունը դիտելուց հետո պարզել է, որ ազդանշանային համակարգի միանալու ժամանակահատվածում գեղեցկության սրահ մուտք են գործել երկու անձինք և գաղտնի հափշտակել նշված սարքը:
- Վկա Արա Կարենի Եղոյանի ցուցմունքով այն մասին, որ հանդիսացել է տուժող Սուսաննա Եղոյանի ամուսինը և 2020 թվականի փետրվարի 13-ին, ժամը 06:32-ին իր բջջային հեռախոսահամարին անվտանգության համակարգի կանչ է ստացվել և ինքը գնացել է գեղեցկության սրահ պարզելու, թե ինչ է պատահել և պարզել է, որ գեղեցկության սրահի մուտքի դուռը եղել է բաց վիճակում, իսկ ներսից բացակայել է 2.300.000 ՀՀ դրամ արժողության «Էլոս Սկին» մազահեռացման սարքը:
- Վկա Յուրի Ավդալյանի ցուցմունքով այն մասին, որ վարել է «Մերսեդես Բենզ Ց180» մակնիշի 88 TU 878 հ/հ-ի ավտոմեքենան: 2020 թվականի փետրվարի 13-ին, ժամը 06:30-ի սահմաններում իր մեքենան են նստել երկու երիտասարդներ, ովքեր իր մեքենան են դրել մազահեռացման սարք և որոնց տեղափոխել է դեպի Երևան քաղաքի Վաղարշյան փողոց: Յուրի Ավդալյանի լրացուցիչ ցուցմունքով այն մասին, որ իրեն ներկայացված անձանցից Ֆեդյա Նաջարյանին, իսկ լուսանկարով ներկայացված անձանցից Խաչիկ Դարբինյանին ճանաչել է նրանց արտաքին տեսքից, դեմքի ձևից և նշել, որ վերջիններս այն անձինք են, ովքեր իր մեքենայով տեղափոխել են մազահեռացման սարքը:
- Անձին ճանաչման ներկայացնելու մասին արձանագրությամբ, որի ժամանակ Յուրի Ավդալյանը իրեն ներկայացված թվով 4 անձանցից Ֆեդյա Նաջարյանին ճանաչել է դեմքի ձևից` աչքերի և հոնքերի հատվածից, քթից, մարմնակառուցվածքից:
- (…) Վկա Յուրի Ավդալյանի մասնակցությամբ դեպքի վայրի տեսանկարահանող սարքերի տեսագրությունների զննության արձանագրությամբ, որի ժամանակ մասնակիցը հայտարարել է, որ տեսագրություններում երևացող անձինք հանդիսացել են իր կողմից անձին ճանաչման և լուսանկարով ճանաչման ներկայացված անձինք:
- Վկա Յուրի Ավդալյանի և մեղադրյալ Ֆեդյա Նաջարյանի մասնակցությամբ առերես հարցաքննության արձանագրությամբ, որի ժամանակ Յուրի Ավդալյանը նշել է, որ իր հետ առերեսվող անձը հանդիսանում է իր կողմից ճանաչված և դեպքի օրը իր մեքենայով մազահեռացման սարքը տեղափոխած անձանցից մեկը:
(…)
Վարույթն իրականացնող մարմինը նշել է, որ Ֆեդյա Նաջարյանի, Խաչիկ Դարբինյանի և մյուս մեղադրյալների կողմից տրված ցուցմունքները, իրականացված դեպքի վայրի զննությունների, քննչական փորձարարությունների արձանագրությունները և այլ փաստական հանգամանքները, հիմք են տալիս պնդելու, որ առկա է հիմնավոր կասկած, որոնք առերևույթ հաստատում են մեղադրյալի առնչությունը (կապը) իրեն մեղսագրված հանցագործությանը` այն ծավալով, որ անաչառ դիտորդի մոտ մեղսագրված հանցագործության հետ մեղադրյալի առերևույթ առնչությունը կասկածի տեղիք չտա, իսկ մյուս կողմից՝ չվտանգվի վարույթի նորմալ ընթացքը (…)»2։
Դատարանը, հիմնվելով ձեռք բերված փաստական տվյալների վրա, լսելով ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի ավագ քննիչ Ռ.Ղարիբյանին, քննարկելով նաև պաշտպան Ա.Ջուվանովայի առարկությունները, գտնում է, որ քրեական գործի նյութերում առկա են բավարար փաստական տվյալներ, որոնք վկայում են մեղադրյալ Ֆեդյա Նորիկի Նաջարյանի առնչությունը մեղսագրվող արարքին, որի վերաբերյալ առկա է հիմնավոր կասկած: Դատարանը գտնում է, որ շարունակում են պահպանվել մեղադրյալ Ֆեդյա Նորիկի Նաջարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցի հիմքերը և պայմանները (...)»3։
8. Առաջին ատյանի դատարանի՝ 2020 թվականի հունիսի 10-ի որոշման համաձայն՝ «(...) Դատարանը, հիմնվելով ձեռք բերված փաստական տվյալների վրա, լսելով ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի ավագ քննիչ Ռ.Ղարիբյանին, պաշտպան Ա.Ջուվանովային, մեղադրյալ Ֆ.Նաջարյանին, գտնում է, որ քրեական գործի նյութերում առկա են բավարար փաստական տվյալներ, որոնք վկայում են մեղադրյալ Ֆեդյա Նորիկի Նաջարյանի առնչությունը մեղսագրվող արարքին, որի վերաբերյալ առկա է հիմնավոր կասկած: Դատարանը գտնում է, որ շարունակում են պահպանվել մեղադրյալ Ֆեդյա Նորիկի Նաջարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցի հիմքերը և պայմանները, և նա, հայտնվելով ազատության մեջ, կարող է թաքնվել քրեական վարույթն իրականացնող մարմնից, խոչընդոտել մինչդատական վարույթում գործի քննությանը` քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու ճանապարհով, կատարել քրեական օրենքով չթույլատրված արարք (...)»4։
Առաջին ատյանի դատարանը նաև արձանագրել է, որ վարույթն իրականացնող մարմնի միջնորդության համաձայն՝ մեղադրյալի առնչությունը (կապը) իրեն մեղսագրված հանցավոր արարքին հիմնավորվում է տուժող Սուսաննա Վալերիի Եղոյանի, վկաներ Արա Կարենի Եղոյանի, Յուրի Ավդալյանի ցուցմունքներով, անձին ճանաչման ներկայացնելու մասին արձանագրությամբ, որի ժամանակ Յուրի Ավդալյանը ճանաչել է իրեն ներկայացված թվով 4 անձանցից Ֆեդյա Նաջարյանին, վկա Յուրի Ավդալյանի մասնակցությամբ անձին լուսանկարով ճանաչման ներկայացնելու մասին արձանագրությամբ, վկա Յուրի Ավդալյանի մասնակցությամբ դեպքի վայրի տեսանկարահանող սարքերի տեսագրությունների զննության արձանագրությամբ, վկա Յուրի Ավդալյանի և մեղադրյալ Ֆեդյա Նաջարյանի մասնակցությամբ առերես հարցաքննության արձանագրությամբ` բացահայտելով նաև միջնորդության մեջ ներկայացված՝ նշված ապացույցների բովանդակությունը։
9. Առաջին ատյանի դատարանի՝ 2020 թվականի հունիսի 10-ի որոշման դեմ ներայացված Վերաքննիչ բողոքի հիման վրա Վերաքննիչ դատարան ներկայացված նյութերում առկա է եղել նաև Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի` 2020 թվականի ապրիլի 10-ի որոշումը՝ Ֆ.Նաջարյանին կալանքի տակ պահելու ժամկետը 2 (երկու) ամիս ժամկետով երկարացնելու վերաբերյալ։
10. Վերաքննիչ դատարանի՝ 2020 թվականի հունիսի 26-ի որոշման համաձայն՝ «(...) Սույն գործի նյութերի ուսումնասիրությամբ Վերաքննիչ դատարանը փաստում է, որ մեղադրյալ Ֆ.Նաջարյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու մասին Առաջին ատյանի դատարանի որոշման օրինականությունը և հիմնավորվածությունը ստուգելու համար Վերաքննիչ դատարանն իր տրամադրության տակ ունի ընդամենը Քննիչի միջնորդությունը, Առաջին ատյանի դատարանի՝ մեղադրյալ Ֆ.Նաջարյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու մասին 2020 թվականի ապրիլի 10-ի և հունիսի 10-ի որոշումները, ինչպես նաև մի քանի հարցաքննությունների արձանագրություններ։
Վերաքննիչ դատարանը փաստում է, որ Քննիչի՝ մեղադրյալին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու մասին միջնորդության կապակցությամբ Առաջին ատյանի դատարանում կազմված և Վերաքննիչ դատարան ներկայացված նյութերում բացակայում է անգամ անձին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշումը, ինչն արդեն իսկ Վերաքննիչ դատարանին զրկում է կալանավորման տվյալ պայմանի առկայության օգտին իրավաչափ հետևություն անելու հնարավորությունից: Միաժամանակ, ներկայացված հարցաքննությունների արձանագրություններում էլ առկա չէ որևէ փաստական տվյալ, որը կվերաբերեր մեղադրյալին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու միջնորդություն հարուցելու մասին Քննիչի` 2020 թվականի հունիսի 5-ի որոշման մեջ շարադրված «Ֆ.Նաջարյանին առաջադրված մեղադրանքի» փաստական կողմին։ Այսինքն դրանցում իսպառ բացակայում են վիճարկվող դատական ակտում կալանավորում խափանման միջոցի պայմանների և հիմքերի կապակցությամբ բերված պատճառաբանությունների համար հիմք հանդիսացած փաստական տվյալները։
Այսպիսով Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ կալանավորում խափանման միջոցի պայմանների և հիմքերի շարունակական առկայության վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի հետևությունները հիմնավորող որևէ նյութ Վերաքննիչ դատարան ներկայացված փաստաթղթերում առկա չէ, ինչը ոչ միայն հակասում է կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու կամ կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու վերաբերյալ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի իրավակարգավորումներին ու ՀՀ վճռաբեկ դատարանի նախադեպային իրավունքին, այլև ձևական է դարձնում դատական վերահսկողությունը, խոչընդոտում մեղադրյալի պաշտպանության իրավունքի իրացմանը, որպիսի հանգամանքները բավարար են դատական ակտը բեկանելու, կալանքը որպես խափանման միջոց վերացնելու և անձին կալանքից ազատելու համար։
Ավելին` Վերաքննիչ դատարանի համար անհասկանալի է, թե ինչպես է Առաջին ատյանի դատարանը միայն վերոգրյալ նյութերի առկայության պայմաններում բավարարել մեղադրյալ Ֆ.Նաջարյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու մասին Քննիչի միջնորդությունը: Եթե ընդունենք, որ միջնորդությունը քննելիս Առաջին ատյանի դատարանի տրամադրության տակ եղել են Քննիչի կողմից ներկայացված միջնորդությունը հիմնավորող այլ նյութեր, ապա այդ նյութերը վերաքննիչ բողոքի քննության ընթացքում ներկայացված չեն Վերաքննիչ դատարանին։ Պյեր Ժան Մուրադյանի գործով Վճռաբեկ դատարանի վերոհիշյալ դիրքորոշումների լույսի ներքո գնահատելով հիշյալ հանգամանքը՝ Վերաքննիչ դատարանը փաստում է, որ Առաջին ատյանի դատարանի հետազոտած նյութերը միջնորդության կապակցությամբ կազմված նյութերին կցված չլինելու, ինչպես նաև Վերաքննիչ դատարանի տրամադրության տակից բացակայելու հանգամանքները սահմանափակում են Վերաքննիչ դատարանի կողմից Առաջին ատյանի դատարանի կայացրած դատական ակտը դատական ստուգման ենթարկելու հնարավորությունը, որպիսի պայմաններում Վերաքննիչ դատարանը զրկված է վերաքննիչ բողոքում ներկայացված փաստարկներն ըստ էության քննարկելու և այդ առումով Առաջին ատյանի դատարանի բողոքարկված դատական ակտի իրավաչափությանն իրավական գնահատական տալու հնարավորությունից, որպիսի հանգամանքն ինքնին առանձին հիմք է Առաջին ատյանի դատարանի 2020 թվականի հունիսի 10-ի դատական ակտը բեկանելու համար։
Վերոգրյալի հաշվառմամբ Վերաքննիչ դատարանը գտնում է, որ բոլոր դեպքերում օրինական և հիմնավորված չի կարող լինել Առաջին ատյանի դատարանի 2020 թվականի հունիսի 10-ի որոշումն այն պայմաններում, երբ Առաջին ատյանի դատարանի կողմից Վերաքննիչ դատարան ուղարկված թիվ ԵԴ/0097/06/20 նյութերում բացակայում են մեղադրյալ Ֆ.Նաջարյանին կալանքի տակ պահելու անհրաժեշտությունը հիմնավորող նյութերը»5։
11. Ֆ.Նաջարյանի վերաբերյալ քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան։ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2021 թվականի մայիսի 20-ի որոշմամբ քրեական գործն ընդունվել է վարույթ, իսկ նույն թվականի մայիսի 25-ի որոշմամբ ամբաստանյալ Ֆ.Նաջարյանի նկատմամբ ընտրված ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը թողնվել է անփոփոխ։
Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.
12. Բողոքի հեղինակը գտել է, որ Վերաքննիչ դատարանի բողոքարկվող որոշումն օրինական և հիմնավոր չէ, կայացվել է դատավարական իրավունքի այնպիսի խախտումներով, որոնք ազդել են գործի ելքի վրա։
Մասնավորապես, ըստ բողոքի հեղինակի՝ Վերաքննիչ դատարանը, իրավացիորեն արձանագրելով, որ ներկայացված նյութերի ոչ բավարար լինելու պայմաններում օբյեկտիվորեն հնարավոր չէ անդրադառնալ հիմնավոր կասկածի առկայության հանգամանքին, միևնույն ժամանակ Առաջին ատյանի դատարանից գործի ամբողջական նյութերը պահանջելու փոխարեն, կայացրել է դատական ակտ, որի պատճառաբանություններն առավելապես հիմնված են մեղադրյալ Ֆ.Նաջարյանի՝ մեղսագրված հանցանքին առնչությունը հիմնավորող փաստական տվյալների բացակայության կանխավարկածի վրա։ Մինչդեռ մինչդատական վարույթն իրականացնող մարմինը, ըստ բողոքաբերի, ձեռնարկել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածի 3-րդ մասի տրամաբանությունից բխող անհրաժեշտ և բավարար բոլոր գործողությունները, առկա են դրանց արդյունքներն ամրագրող բոլոր դատավարական փաստաթղթերը, որոնք կցված են եղել Առաջին ատյանի դատարան ներկայացված միջնորդությանը, ուստի Վերաքննիչ դատարանը կարող էր պահանջել և ստանալ դրանք։
13. Վերոգրյալի հիման վրա բողոքաբերը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2020 թվականի հունիսի 26-ի որոշումը և մեղադրյալ Ֆ.Նաջարյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել կալանավորումը։
Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
14. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավո՞ր է արդյոք Վերաքննիչ դատարանի կողմից Ֆ.Նաջարյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու մասին միջնորդությունը մերժելն այն հիմնավորմամբ, որ Վերաքննիչ դատարան ուղարկված նյութերում բացակայում են կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու պայմանների և հիմքերի շարունակական առկայության վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի հետևությունների հիմքում դրված փաստական տվյալները։
15. ՀՀ քրեական դատավարության օրենսգրիքի 11-րդ հոդվածի համաձայն՝ «1. Յուրաքանչյուր ոք ունի ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության և անձնական ազատության իրավունք:
2. Ոչ ոք չի կարող արգելանքի վերցվել և պահվել անազատության մեջ այլ կերպ, քան սույն օրենսգրքով նախատեսված հիմքերով և կարգով: (...)»։
Նույն օրենսգրքի 136-րդ հոդվածի համաձայն` «1. Խափանման միջոցը կիրառվում է դատարանի, դատախազի, քննիչի կամ հետաքննության մարմնի որոշմամբ: Խափանման միջոց կիրառելու մասին քրեական վարույթն իրականացնող մարմնի որոշումը պետք է լինի պատճառաբանված, բովանդակի մեղադրյալին կամ կասկածյալին վերագրվող հանցագործության մասին նշումներ և համապատասխան խափանման միջոց ընտրելու անհրաժեշտության մասին հիմնավորում (...)»։
Նույն օրենսգրքի 285-րդ հոդվածի համաձայն՝ «1. (...) [Կ]ալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու անհրաժեշտության դեպքում դատախազը կամ քննիչը միջնորդություն է հարուցում դատարան` (...) կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու մասին: Միջնորդություն հարուցելու որոշման մեջ պետք է շարադրվեն այն շարժառիթները և հիմքերը, որոնց հիման վրա առաջացել է մեղադրյալին կալանավորելու անհրաժեշտություն: Որոշմանը կցվում են միջնորդության հիմնավորվածությունը հաստատող նյութերը: (...)»։
Նույն օրենսգրքի 287-րդ հոդվածի համաձայն՝ «1. Կալանքը որպես խափանման միջոց ընտրելու կամ կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու անհրաժեշտության դեպքում դատախազը կամ քննիչը միջնորդություն է հարուցում դատարան` խափանման միջոցի այդ տեսակը ընտրելու կամ կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու մասին: Միջնորդություն հարուցելու որոշման մեջ պետք է շարադրվեն այն շարժառիթները և հիմքերը, որոնց հիման վրա առաջացել է մեղադրյալին կալանավորելու անհրաժեշտություն: Որոշմանը կցվում են միջնորդության հիմնավորվածությունը հաստատող նյութերը»։
16. Մեջբերված նորմերի վերլուծության շրջանակում, հիմք ընդունելով նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային պրակտիկայում ձևավորված վերաբերելի մոտեցումները, Վճռաբեկ դատարանը մշտապես ընդգծել է անձի ազատության իրավունքի հիմնարար ու անօտարելի բնույթը և հետևողականորեն ամրապնդել ու զարգացրել քրեական դատավարության ընթացքում մեղադրյալի պատշաճ վարքագիծն ապահովելու նպատակով նրա անձնական ազատությունը կալանավորման եղանակով սահմանափակելու ժամկետը երկարացնելիս անձի ազատության իրավունքի կամայական կամ անհիմն սահմանափակումը բացառելուն ուղղված երաշխիքները: Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը կայուն նախադեպային իրավունք է ձևավորել առ այն, որ կալանքի տակ գտնվելու ժամկետը երկարացնելու օրինականության և հիմնավորվածության ապահովման տեսանկյունից կարևոր է հետևյալ երկու պայմանների միաժամանակյա առկայության վերաբերյալ դատական ակտում ողջամիտ հետևությունների առկայությունը` հիմնավորված վարույթն իրականացնող մարմնի կողմից ներկայացվող տեղեկություններով, փաստերով կամ ապացույցներով.
ա) շարունակվում են առկա լինել կալանավորման պայմանները (հանցանք կատարած լինելու կասկածը պահպանված է ու շարունակում է մնալ «հիմնավոր» և այլն) ու ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասում թվարկված` կալանավորման հիմքերից որևէ մեկը կամ մի քանիսը կամ ի հայտ են եկել անձին կալանքի տակ պահելու նոր հիմքեր,
բ) գործի քննության ընթացքն ապահովելու համար վարույթն իրականացնող մարմնի կողմից դրսևորվել է անհրաժեշտ ջանասիրություն6:
17. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ.
- Առաջին ատյանի դատարանը, 2020 թվականի հունիսի 10-ի որոշման մեջ վկայակոչելով Ֆ.Նաջարյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու վերաբերյալ միջնորդություն հարուցելու մասին որոշման մեջ ներկայացված՝ Ֆ.Նաջարյանին առաջադրված մեղադրանքը, հիմնավոր կասկածի առկայությունը հիմնավորող ապացույցները և դրանց բովանդակությունը, կալանավորման հիմքերի առկայության վերաբերյալ հիմնավորումները, գտել է, որ քրեական գործի նյութերում առկա են բավարար փաստական տվյալներ, որոնք վկայում են, որ մեղադրյալ Ֆ.Նաջարյանն առնչություն ունի մեղսագրվող արարքին, և որ նա, հայտնվելով ազատության մեջ, կարող է թաքնվել քրեական վարույթն իրականացնող մարմնից, խոչընդոտել մինչդատական վարույթում գործի քննությանը` քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու ճանապարհով, կատարել քրեական օրենքով չթույլատրված արարք7։ Վերոնշյալ փաստական տվյալները վկայակոչված են նաև նախաքննության մարմնի միջնորդությանը կից ներկայացված՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի` 2020 թվականի ապրիլի 10-ի որոշման մեջ8։
- Վերաքննիչ դատարանը, բեկանելով Առաջին ատյանի դատարանի որոշումը և մերժելով նախաքննության մարմնի միջնորդությունը, ի թիվս այլնի, արձանագրել է, որ կալանավորման պայմանների և հիմքերի շարունակական առկայության վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի հետևությունները հիմնավորող որևէ նյութ Վերաքննիչ դատարան ներկայացված փաստաթղթերում առկա չէ, ինչը ձևական է դարձնում դատական վերահսկողությունը, խոչընդոտում մեղադրյալի պաշտպանության իրավունքի իրացմանը, որպիսի հանգամանքները բավարար են դատական ակտը բեկանելու, կալանքը որպես խափանման միջոց վերացնելու և անձին կալանքից ազատելու համար։ Վերաքննիչ դատարանը նաև արձանագրել է, որ Առաջին ատյանի դատարանում կազմված և Վերաքննիչ դատարան ներկայացված նյութերում բացակայում է անգամ անձին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշումը9։
18. Վերոնշյալ փաստական հանգամանքների վերլուծության հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը պատշաճ գնահատման չի ենթարկել այն հանգամանքը, որ Առաջին ատյանի դատարանի՝ 2020 թվականի հունիսի 10-ի որոշման մեջ վկայակոչված են հիմնավոր կասկածի և կալանավորման հիմքերի առկայության վերաբերյալ մի շարք փաստական տվյալներ՝ հաստատված տուժողի, վկաների ցուցմունքներով, ճանաչման ներկայացնելու մասին, դեպքի վայրի տեսանկարահանող սարքերի տեսագրությունների զննության, առերես հարցաքննության, քննչական փորձարարությունների արձանագրություններով, որոնց հաշվառմամբ Առաջին ատյանի դատարանը հանգել է համապատասխան հետևության։ Ընդ որում, նշված ապացույցների բովանդակությունը բացահայտված և վկայակոչված է եղել նաև նախաքննության մարմնի միջնորդությանը կից ներկայացված՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի` 2020 թվականի ապրիլի 10-ի որոշման մեջ։ Ավելին, ինչպես Առաջին ատյանի դատարանը, այնպես էլ Վերաքննիչ դատարանն իրենց որոշումներով արձանագրել են, որ Ֆ․Նաջարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով։
Նշված պայմաններում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հիմնավոր կասկածի շարունակական առկայության վերաբերյալ հետևությունն Առաջին ատյանի դատարանը կարող էր հիմնավորել՝ վկայակոչելով քրեական գործով ձեռքբերված համապատասխան ապացույցները՝ նկատի ունենալով, որ Առաջին ատյանի դատարանը համապատասխան միջնորդությունը քննելիս իր տրամադրության տակ ունեցել է մեղադրյալ Ֆ.Նաջարյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի ապրիլի 10-ի որոշումը, որով ևս բացահայտված է եղել նշված ապացույցներից յուրաքանչյուրի բովանդակությունը10։
19. Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հիմնավոր չէ Վերաքննիչ դատարանի կողմից Ֆ.Նաջարյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու մասին միջնորդությունը մերժելն այն հիմնավորմամբ, որ Վերաքննիչ դատարան ուղարկված նյութերում բացակայում են կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու պայմանների և հիմքերի շարունակական առկայության վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի հետևությունների հիմքում դրված փաստական տվյալները։
20. Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով Վերաքննիչ դատարանը թույլ է տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 17-րդ, 358-րդ հոդվածների խախտումներ, որոնք իրենց բնույթով էական են և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի համաձայն՝ հիմք են Վերաքննիչ դատարանի կայացրած դատական ակտը բեկանելու համար։ Սակայն հաշվի առնելով, որ սույն գործով մինչդատական վարույթն ավարտվել է, Ֆ.Նաջարյանի վերաբերյալ քրեական գործն ըստ էության քննության համար ուղարկվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան, և որոշում է կայացվել ամբաստանյալ Ֆ.Նաջարյանի նկատմամբ ընտրված ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցն անփոփոխ թողնելու վերաբերյալ11, ուստի բողոքարկված դատական ակտը չի կարող բեկանվել, քանի որ այն եղել է ժամանակավոր և սույն որոշումը կայացնելու պահին կորցրել է իր իրավական նշանակությունը։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 39-րդ, 43-րդ, 361․1-րդ, 403-406-րդ, 415.1-րդ, 418.1-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը մերժել։ Մեղադրյալ Ֆեդյա Նորիկի Նաջարյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2020 թվականի հունիսի 26-ի որոշումը թողնել օրինական ուժի մեջ՝ հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները։
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։
___________________
1 Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթ 43։
2 Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթեր 15-25։
3 Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթ 27։
4 Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթեր 38-51:
5 Տե՛ս նյութեր, հատոր 2, թերթեր 35-36։
6 Տե՛ս, մասնավորապես, Վճռաբեկ դատարանի` թիվ ԱՎԴ/0022/06/08, ԵԿԴ/0580/06/09, ԵԱՆԴ/0017/06/16 և այլ գործերով կայացված որոշումները:
7 Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը։
8 Տե՛ս սույն որոշման 6-րդ կետը։
9 Տե՛ս սույն որոշման 9-րդ կետը։
10 Այդ մասին մանրամասն տե՛ս, Վճռաբեկ դատարանի՝ Իշխան Գասպարյանի գործով 2021 թվականի նոյեմբերի 5-ի թիվ ԵԴ/1314/06/19 որոշումը։
11 Տե՛ս սույն որոշման 10-րդ կետը։
Նախագահող` |
Հ. Ասատրյան | |
Դատավորներ` |
Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆ | |
Ե. Դանիելյան | ||
Լ. Թադևոսյան | ||
|
Ա. Պողոսյան | |
Ս. Օհանյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|