ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 ապրիլի 2023 թվականի N 490-Լ
«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հավանություն տալ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (Պ-532-13.03.2023-ԳԿ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությանը:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմ:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ն. ՓաշինՅԱՆ |
Երևան |
06.04.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Պ-532-13.03.2023-ԳԿ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով (այսուհետ՝ օրենքի նախագիծ) առաջարկվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (այսուհետ՝ օրենսգիրք) 94-րդ հոդվածի վերնագրում «Բնության» բառից հետո լրացնել «և մշակույթի» բառերը, իսկ 1-ին մասում «հուշարձանի» բառից հետո լրացնել «, արգելոց-թանգարանի, հնագիտական պարկի, հուշարձանի պահպանության գոտու» բառերը: Նախագծով առաջարկվում է նաև խստացնել Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով սահմանված տուգանքների չափերը:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 94-րդ հոդվածով նախատեսված են «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» օրենքի 31-րդ հոդվածով նախատեսված բնության հատուկ պահպանվող տարածքների մասին օրենսդրությունը խախտելու համար պատասխանատվության միջոցներ, իսկ 95-րդ հոդվածով նախատեսված են «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» օրենքի 44-րդ հոդվածով նախատեսված հուշարձանների պահպանության և օգտագործման մասին օրենսդրությունը խախտելու համար պատասխանատվության միջոցներ:
«Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2023 թվականի մարտի 1-ի ՀՕ-38-Ն օրենքով «, արգելոց-թանգարանի, հնագիտական պարկի, հուշարձանի պահպանության գոտու» հասկացությունները ներառվել են «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» օրենքի կարգավորման առարկայում, ինչով պայմանավորված Հայաստանի Հանրապետության կառավարությունն առաջարկում է հանել օրենքի նախագծի 1-ին հոդվածի 1-ին և 2-րդ մասերը:
Բնության հատուկ պահպանվող տարածքների ռեժիմը և պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության և օգտագործման կանոնները խախտելը կարող է հանգեցնել անդառնալի վնասների, իսկ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 94-րդ և 95-րդ հոդվածներով նախատեսված գործող տուգանքների սահմանաչափերի փոքր լինելը չի նպաստում նման դեպքերի կանխարգելմանը: Նկատի ունենալով այն հանգամանքը, որ բացի առաջացնող պատասխանատվությունից, տուգանքների սահմանաչափերի բարձրացումը կարող է կանխարգելիչ գործիք լինել բնության հատուկ պահպանվող տարածքների ռեժիմի և պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների և պատմական միջավայրի անխաթար պահպանության համար, նախագծով առաջարկվող՝ տուգանքների չափերի բարձրացումը հիմնավորված է։
Միաժամանակ նախագծի 1-ին հոդվածում օրենսգրքին կատարած հղումն անհրաժեշտ է համապատասխանեցնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 5-րդ մասին, ըստ որի «Սահմանադրական օրենք չհանդիսացող օրենսգրքի լրիվ անվանումը հիշատակելիս հետևյալ հաջորդականությամբ ներառվում են օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, օրենսգրքի վերնագիրը և «օրենսգիրք» բառը, եթե վերնագիրը չի ներառում այն: Սահմանադրական օրենք չհանդիսացող օրենսգրքի կրճատ անվանումը հիշատակելիս նշվում է օրենսգրքի վերնագիրը և «օրենսգիրք» բառը, եթե վերնագիրը չի ներառում այն:»:
Նախագծի համարակալումն անհրաժեշտ է համապատասխանեցնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ մասի պահանջներին, ըստ որի «Օրենսդրական ակտի հոդվածները, մասերը և կետերը համարակալվում են արաբական թվանշաններով: Հոդվածում ենթակետերը համարակալվում են հայերենի այբուբենի փոքրատառերով: Հոդվածների և մասերի համարները տեքստից բաժանվում են միջակետերով, իսկ հոդվածների կետերի համարները` փակագծերով: Հոդվածում ենթակետի` հայերենի այբուբենի փոքրատառերով նշված համարները տեքստից բաժանվում են միջակետով:»:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|