Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (15.02.2023-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Դատալեքս համակարգ www.datalex.am
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
15.02.2023
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
15.02.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.02.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

ՏԴ1/0028/01/17

Գործ թիվ ՏԴ1/0028/01/17

Նախագահող դատավոր՝

  Ս. Մարաբյան

Դատավորներ՝

 Տ. Սահակյան

 Ռ. Բարսեղյան

 

ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ նաև` Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ`

Հ. Ասատրյանի

մասնակցությամբ դատավորներ`

Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆԻ

 

Ե. Դանիելյանի

 

Լ. Թադևոսյանի

 

Ա. Պողոսյանի

 

Ս. Օհանյանի

15 փետրվարի 2023 թվական

ք. Երևան

գրավոր ընթացակարգով քննության առնելով Արման Լեոնիդի Հովսեփյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2020 թվականի փետրվարի 11-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Աֆանդյանի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. 2016 թվականի հոկտեմբերի 11-ին ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ ՀՀ քրեական օրենսգիրք) 316-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է թիվ 36103716 քրեական գործը:

Նախաքննության մարմնի` 2016 թվականի հոկտեմբերի 14-ի որոշմամբ Արման Լեոնիդի Հովսեփյանը ներգրավվել է որպես մեղադրյալ և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասով:

2017 թվականի ապրիլի 28-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան և ընդունվել է դատարանի վարույթ:

2018 թվականի օգոստոսի 24-ին Տավուշի մարզի դատախազի տեղակալ Ա.Գևորգյանի կողմից որոշում է կայացվել Արման Հովսեփյանին ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասով առաջադրված մեղադրանքը փոփոխելու և ՀՀ քրեական օրենսգրքի 34-316-րդ հոդվածի 2-րդ մասով նրան նոր մեղադրանք առաջադրելու մասին:

2. Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ՝ նաև Առաջին ատյանի դատարան)՝ 2018 թվականի հոկտեմբերի 4-ի դատավճռով ամբաստանյալ Ա.Հովսեփյանը ՀՀ քրեական օրենսգրքի 34-316-րդ հոդվածի 2-րդ մասով առաջադրված մեղադրանքում ճանաչվել է անմեղ և արդարացվել` արարքում հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ:

3. Առաջին ատյանի դատարանը 2019 թվականի հունվարի 18-ի որոշմամբ վերականգնել է վերոնշյալ դատավճռի դեմ դատախազի կողմից վերաքննիչ բողոք բերելու բաց թողնված ժամկետը:

4. Հիշյալ դատավճռի դեմ 2019 թվականի հունվարի 24-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարան է ստացվել Տավուշի մարզի դատախազ Վ.Գրիգորյանի վերաքննիչ բողոքը:

5. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան)՝ 2020 թվականի փետրվարի 11-ի որոշմամբ դատախազի բողոքը մերժվել է, իսկ Առաջին ատյանի դատարանի՝ 2018 թվականի հոկտեմբերի 4-ի դատավճիռը՝ թողնվել անփոփոխ:

6. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Աֆանդյանը բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2021 թվականի փետրվարի 8-ի որոշմամբ ընդունվել է վարույթ1: Վճռաբեկ դատարանը 2022 թվականի նոյեմբերի 21-ի որոշմամբ սահմանել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ:

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.

7. Բողոքաբերը գտել է, որ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել դատական սխալ, որը խաթարել է արդարադատության բուն էությունը՝ անհիմն կերպով մերժվել է դատավճռի դեմ դատախազի կողմից բերված վերաքննիչ բողոքը, և արդյունքում խախտվել է հանրային ու մասնավոր շահերի հավասարակշռությունը։

Բողոքի հեղինակը փաստարկել է, որ Վերաքննիչ դատարանը դուրս է եկել իր իրավասության սահմաններից՝ քննարկման առարկա դարձնելով մի հարց, որը չի բխել վերաքննիչ բողոքի հիմքերից և հիմնավորումներից։ Ի հիմնավորումն իր պնդման, բողոքաբերը նշել է, որ դատախազը վերաքննիչ բողոք է ներկայացրել Առաջին ատյանի դատարանի՝ 2018 թվականի հոկտեմբերի 4-ի դատավճռի դեմ, մինչդեռ Վերաքննիչ դատարանը, սեփական նախաձեռնությամբ, իր որոշման մեջ քննարկման առարկա է դարձրել վերաքննիչ բողոք ներկայացնելու ժամկետի բացթողումը հարգելի ճանաչելու մասին Առաջին ատյանի դատարանի՝ 2019 թվականի հունվարի 18-ի որոշման օրինականությունը, արդյունքում արձանագրել է, որ այն օրինական չէ, և առանց անդրադառնալու դատախազի վերաքննիչ բողոքի փաստարկներին, մերժել է այն:

Բողոքաբերն ընդգծել է, որ Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների համաձայն՝ չի բացառվում Վերաքննիչ դատարանի հնարավորությունը՝ դուրս գալու վերաքննիչ վերանայման սահմաններից, եթե առկա է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված` դատական ակտի անվերապահ բեկանման հիմք: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի 3-րդ մասի վերլուծությունից ակնհայտ է, որ դատարանի կողմից բողոքարկման համար օրենքով նախատեսված ժամկետի բացթողումը հարգելի ճանաչելու իրավաչափության հարցը ներառված չէ դատավճիռը բոլոր դեպքերում բեկանման ենթակա լինելու հարցերի շրջանակում և հետևաբար չի կարող հիմք հանդիսանալ վերաքննիչ վերանայման սահմաններից դուրս գալու համար։ Այսինքն, Վերաքննիչ դատարանը, դուրս գալով վերաքննիչ բողոքի հիմքերից և հիմնավորումներից, անդրադարձել է այնպիսի հարցի, որը չէր կարող ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված՝ դատական ակտի անվերապահ բեկանման հիմք հանդիսանալ։ Բողոք բերած անձը նշել է նաև, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 174-րդ հոդվածի 4-րդ մասից բխում է, որ վերադաս դատարան կարող է բողոքարկվել միայն բաց թողնված ժամկետը վերականգնելուց դատարանի հրաժարումը, իսկ բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին դատական ակտը վերաքննության կարգով բողոքարկման ենթակա չէ։ Եվ հենց այդ պատճառով է, որ Առաջին ատյանի դատարանի՝ 2019 թվականի հունվարի 18-ի որոշման դեմ պաշտպանության կողմի բողոքը Վերաքննիչ դատարանի՝ 2019 թվականի փետրվարի 20-ի որոշմամբ առանց քննության է թողնվել։ Ուստի՝ Վերաքննիչ դատարանը դուրս է եկել իր իրավասության սահմաններից, ինչը դատավարական իրավունքի խախտում է։ 7.1. Բողոքաբերն անհիմն է համարել նաև Վերաքննիչ դատարանի այն դիրքորոշումը, որ բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին Առաջին ատյանի դատարանի որոշմանն իրավասու է անդրադառնալ գործն ըստ էության լուծող դատական ակտի դեմ ներկայացված դատախազի բողոքի քննության հետ մեկտեղ, հակառակ դեպքում՝ կվտանգվի անձի արդար դատաքննության իրավունքը։ Մինչդեռ, անձի արդար դատաքննության իրավունքը քննարկվող դեպքում չէր կարող խախտվել առնվազն այն պատճառով, որ եթե գործն ըստ էության քննելիս Վերաքննիչ դատարանը կայացներ որոշում՝ ի վնաս ամբաստանյալի, օրինակ, ամբաստանյալ Արման Հովսեփյանը մեղավոր ճանաչվեր առաջադրված մեղադրանքում, ապա նման պայմաններում պաշտպանության կողմը զրկված չէր լինի Վերաքննիչ դատարանի կայացրած դատական ակտը Վճռաբեկ դատարան բողոքարկելու հնարավորությունից։ Նույնը վերաբերում է նաև այն դեպքերին, երբ վերաքննիչ դատարանը, բեկանելով առաջին ատյանի դատարանի դատավճիռը, քրեական գործն ուղարկեր ստորադաս դատարան՝ այլ կազմով նոր քննություն իրականացնելու համար և այդ քննության արդյունքում առաջին ատյանի դատարանի կողմից կայացվեր մեղադրական դատավճիռ։ Նման պայմաններում պաշտպանության կողմը հնարավորություն կունենար առաջին ատյանի դատարանի դատավճիռը բողոքարկել վերաքննության կարգով։ Հետևաբար, նման դեպքերում չի վտանգվում անձի արդար դատաքննության իրավունքը։ 8. Վերոգրյալի հիման վրա, բողոք բերած անձը խնդրել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2020 թվականի փետրվարի 11-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության։

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

9. Արման Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ «նա 2016 թվականի հոկտեմբերի 11-ին, ժամը 16:20-ին Դիլիջան քաղաքի Մյասնիկյան 88 հասցեում գտնվող իրենց տանը ալկոհոլային հարբածության վիճակում հայհոյել է կնոջը` Ադրինա Մատինյանին, ում ահազանգի հիման վրա նշված հասցե ժամանած իշխանության ներկայացուցիչներ` ոստիկանության Դիլիջանի բաժնի քրեական հետախուզության օպերլիազոր` օպերատիվ խմբի անդամ Էմիլ Ղազարյանը, անչափահասների գործերով խմբի տեսուչ Կարապետ Մակվեցյանը և թույլտվության համակարգի տեսուչ Արմեն Անդրեասյանը, կատարելով իրենց ծառայողական պարտականությունները` պահանջել են դադարեցնել հայհոյանքները, սակայն Արման Հովսեփյանը չի ենթարկվել ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին` շարունակել է հայհոյել և սպառնալիքներ տալով, գործարկված բենզասղոցով հարձակվել է Արմեն Անդրեասյանի վրա` վերջինիս և մյուս աշխատողների կյանքի և առողջության համար գործադրել վտանգավոր բռնություն` կապված նրանց կողմից իրենց ծառայողական պարտականությունները կատարելու հետ»2:

10. «Բողոքարկման ժամկետը վերականգնելու միջնորդությունը քննության առնելու մասին» Առաջին ատյանի դատարանի՝ 2019 թվականի հունվարի 18-ի որոշման համաձայն՝ «(…) Քննության առնելով միջնորդությունը, ուսումնասիրելով ներկայացված նյութերը՝ դատարանը գտնում է, որ վերաքննիչ բողոք բերելու ժամկետը բաց է թողնվել հարգելի պատճառով, ուստի և այն պետք է վերականգնել՝ նկատի ունենալով, որ թիվ ՏԴ1/0028/01/17 քրեական գործով դատավճիռը կայացվել է 04.10.2018 թվականին, դատավճիռը փաստորեն Տավուշի մարզի դատախազություն ստացվել է 2018 թվականի հոկտեմբերի 15-ին, իսկ մինչև բողոքարկման ժամկետի լրանալը սույն գործով դատախազը եղել է ծանրաբեռնված, գտնվել է պարտադիր դասընթացների մեջ»3:

11. Առաջին ատյանի դատարանի՝ 2018 թվականի հոկտեմբերի 4-ի դատավճռի դեմ 2019 թվականի հունվարի 24-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարան է ստացվել Տավուշի մարզի դատախազ Վ.Գրիգորյանի վերաքննիչ բողոքը: Բողոքաբերը Վերաքննիչ դատարանին խնդրել է բեկանել և փոփոխել արդարացման դատավճիռը և Արման Հովսեփյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 34-316-րդ հոդվածի 2-րդ մասով:

12. Վերաքննիչ դատարանի` 2019 թվականի հունվարի 29-ի որոշմամբ Տավուշի մարզի դատախազ Վ.Գրիգորյանի վերաքննիչ բողոքն ընդունվել է դատարանի վարույթ:

13. 2019 թվականի փետրվարի 14-ին Վերաքննիչ դատարանում ստացվել է ամբաստանյալ Արման Հովսեփյանի պաշտպան Վրեժ Ներկարարյանի վերաքննիչ բողոքն ընդդեմ դատախազի կողմից վերաքննիչ բողոք բերելու բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին Առաջին ատյանի դատարանի՝ 2019 թվականի հունվարի 18-ի որոշման:

14. Առաջին ատյանի դատարանի՝ 2019 թվականի հունվարի 18-ի որոշման դեմ պաշտպանության կողմի բողոքը Վերաքննիչ դատարանի՝ 2019 թվականի փետրվարի 20-ի որոշմամբ թողնվել է առանց քննության՝ տվյալ որոշումը վերաքննության կարգով բողոքարկման ենթակա չլինելու հիմքով4:

14.1. Մեջբերելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 376.1-րդ հոդվածը` Վերաքննիչ դատարանը 2019 թվականի փետրվարի 20-ի որոշմամբ արձանագրել է. «Վերոգրյալ իրավանորմի համակարգային և համալիր վերլուծությունը ցույց է տալիս, որ օրենսդիրը հստակ սահմանել է առաջին ատյանի դատարանի այն դատական ակտերը, որոնք կարող են բողոքարկվել վերաքննության կարգով, միաժամանակ սահմանելով, որ օրենքով ուղղակի նախատեսված դեպքերում կարող են բողոքարկվել նաև այլ դատական ակտեր, որոնք նշված հոդվածում թվարկված ցանկում ներառված չեն:

Քննարկվող նորմի վերլուծությունից պարզ է դառնում, որ վերաքննիչ բողոք բերելու համար բաց թողնված ժամկետը հարգելի համարելու վերաբերյալ միջնորդությունը առաջին ատյանի կողմից բավարարելու մասին որոշումը ներառված չէ վերաքննության կարգով ինքնուրույն բողոքարկման ենթակա որոշումների ցանկում, իսկ օրենսգրքի այլ հոդվածներում ևս նախատեսված չէ այդ որոշման բողոքարկման հնարավորություն, հետևաբար հիմք ընդունելով վերոգրյալը, Վերաքննիչ դատարանը գտնում է, որ Օրենսգրքի 376.1 հոդվածում չնախատեսված որոշումները չեն հանդիսանում վերաքննության կարգով քննության առարկա:

(...)

Նկատի ունենալով, որ Արման Հովսեփյանի պաշտպան Վ.Ներկարարյանի կողմից վերաքննության կարգով ըստ էության բողոքարկվել է Առաջին ատյանի դատարանի կայացրած այնպիսի որոշում, որը նախատեսված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 376.1-րդ հոդվածով և չի կարող լինել վերաքննության առարկա, ուստի Վերաքննիչ դատարանը գտնում է, որ այն Վերաքննիչ դատարանի կողմից ըստ էության քննության առնվել չի կարող և պետք է թողնել առանց քննության»5:

15. Վերաքննիչ դատարանի (դատավորների նույն կազմով, որոնք կայացրել էին նախորդ կետում հիշատակված որոշումը)` 2020 թվականի փետրվարի 11-ի որոշման համաձայն՝ «(...) Վերաքննիչ դատարանը գտնում է, որ մինչև դատախազի ներկայացրած վերաքննիչ բողոքի հիմքերին ու հիմնավորումներին անդրադառնալը՝ պետք է նախևառաջ անդրադառնալ այն հարցին, թե որքանով է իրավաչափ եղել դատարանի կողմից բողոքարկման համար օրենքով նախատեսված ժամկետի բաց թողնումը հարգելի ճանաչելը:

(...) Վերաքննիչ դատարանը փաստում է, որ դատարանի այդ որոշման դեմ ներկայացված բողոքը վարույթ չի ընդունվել, քանի որ այն նախատեսված չէ բողոքարկման ենթակա որոշումների ցանկում (տե՛ս վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելու մասին 20.02.2019 թվականի որոշումը), սակայն Վերաքննիչ դատարանը գտնում է, որ այդ որոշմանը պետք է անդրադառնա ըստ էության քննության փուլում և այն գնահատի գործն ըստ էության լուծող դատական ակտի դեմ ներկայացված դատախազի բողոքի քննության հետ մեկտեղ, հակառակ դեպքում՝ վտանգվում է անձի արդար դատաքննության իրավունքը:

(...) Վերաքննիչ դատարանը գտնում է, որ ՀՀ Տավուշի մարզի ըդնհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 18.01.2019թ. որոշումը՝ դատախազի միջնորդությունը բավարարելու և բողոքարկման համար օրենքով նախատեսված ժամկետի բաց թողնելը հարգելի ճանաչելու մասին, անօրինական է և անհիմն հետևյալ պատճառաբանությամբ:

(...) Վերաքննիչ դատարանն ուսումնասիրելով դատարանի որոշումը՝ գտնում է, որ դատարանը ցուցաբերել է ձևական մոտեցում, ակնհայտ անհիմն կերպով հարգելի է համարել բողոքարկման ժամկետի բաց թողնելը, քանի որ դրա համար բերված փաստարկները բավարար չէին բողոքարկման ժամկետի բաց թողումը հարգելի ճանաչելու համար:

(...) Վերաքննիչ դատարանի համար նախևառաջ անընդունելի են դատախազի միջնորդության մեջ բերված պատճառաբանություններն առ այն, որ «[թեև] Դատավճիռը Տավուշի մարզի դատախազությունում ստացվել է 2018թ. հոկտեմբերի 15-ին, որի բողոքարկման ժամկետը լրացել է 2018թ. նոյեմբերի 15-ին, [սակայն] սույն գործով մեղադրողը՝ Տավուշի մարզի դատախազի տեղակալ Ա.Գևորգյանը հիշյալ դատավճիռը ստանալու պահին 01.10.2018-16.10.2018թթ. հանդիսացել է Տավուշի մարզի դատախազի պաշտոնակատարը, այնուհետև մեկնել է Արդարադատության ակադեմիա պարտադիր դասընթացների, իսկ 25.12.2018թ-ից գտնվում է արձակուրդում: Վերոգրյալի համատեքստում դիտարկելով սույն միջնորդության քննության համար էական նշանակություն ունեցող հանգամանքները՝ նկատի առնելով մեղադրող դատախազի աշխատանքային ծանրաբեռնվածության հանգամանքները, ինչպես նաև վերջինիս կողմից դասընթացների և արձակուրդում գտնվելու հանգամանքը, խնդրում եմ հարգելի համարել վերաքննության կարգով դատավճիռը բողոքարկելու բաց թողնված ժամկետը՝ նկատի ունենալով, որ դատավճիռը փաստորեն ստացվել է 2018 թվականի հոկտեմբերի 15-ին, իսկ մինչև բողոքարկման ժամկետի լրանալը մեղադրող դատախազը եղել է ծանրաբեռնված, գտնվել է պարտադիր դասընթացների մեջ (…)»:

(…) Ինչպես երևում է Վերաքննիչ բողոքից ու բողոքարկման համար սահմանված ժամկետը բաց թողնելը հարգելի ճանաչելու մասին միջնորդությունից՝ ՀՀ Տավուշի մարզի դատախազն է միջնորդություն և բողոք ներկայացրել, հետևաբար անհիմն են այն պատճառաբանությունները, որ դատավճիռը ստանալու պահին մեղադրողը հանդիսացել է մարզի դատախազի պաշտոնակատարը, ուստի եղել է ծանրաբեռնված, հետո պարտադիր դասընթացների մեջ է գտնվել և այլն, քանի որ մարզի դատախազը կարող էր ավելի շուտ նման միջնորդություն և բողոք ներկայացնել:

(...) Դատախազի միջնորդության մեջ ներկայացվող պատճառաբանություններն ակնհայտ անհիմն են նաև այն պատճառով, որ դատավիճռը ստանալուց (15.10.2018թ.) մինչև բողոք ներկայացնելը (24.01.2019թ.) անցել է երեք ամսից ավել ժամանակ:

(...) Վերոգրյալի հաշվառմամբ դատարանը չպետք է բավարարեր դատախազի միջնորդությունը, բողոքարկման ժամկետի բաց թողնելը հարգելի համարելու պատճառաբանությունները «հարգելի» չեն:

Դատարանը հաշվի չի առել նաև այն հանգամանքը, որ բողոքարկման ժամկետի բաց թողնելը հարգելի ճանաչելով հնարավորություն է տվել դատախազին բողոքարկելու օրինական ուժի մեջ մտած դատական ակտը, որը պաշտպանվում է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ նաև՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի և ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի ուժով:

(...) Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը պետք է բողոքարկման համար բաց թողնված ժամկետը հարգելի ճանաչելու մասին միջնորդությունը մերժեր, քանի որ բողոքարկվում էր օրենքի ուժ ստացած դատական ակտը, ընդ որում՝ սովորական բողոքարկմանը բնորոշ հիմքերով (...):

(...) Դատարանը հնարավորություն տալով բողոքարկելու օրինական ուժի մեջ մտած դատական ակտը՝ բողոքարկման սովորական հիմքերով, զուտ կրկնակի քննություն կատարելու նպատակով՝ թույլ է տվել Կոնվենցիայի 6-րդ հոդվածով և Սահմանադրության 63-րդ հոդվածով յուրաքանչյուր անձի համար երաշխավորված՝ արդար դատաքննության իրավունքի խախտում, քանի որ խախտվել է դատական ակտի վերջնական լինելու և իրավական որոշակիության սկզբունքները, որպիսի հանգամանքը բավարար է փաստելու, որ բողոքը չի կարող բավարարվել:

(...) Վերաքննիչ դատարանը գտնում է, որ սույն դեպքում բողոքը պետք է մերժել ժամկետանց լինելու պատճառաբանությամբ, քանի որ, ինչպես նշվեց վերևում, դատական ակտը, որով հարգելի է ճանաչվել բողոքարկման ժամկետի բաց թողնելը, կայացվել է անձի հիմնարար իրավունքների խախտմամբ, ուստի այն չի կարող իրավական հետևանք առաջացնել:

Վերաքննիչ դատարանը փաստում է, որ թեև ժամկետանց բողոքները թողնվում են առանց քննության, չեն ընդունվում վարույթ, սակայն այս դեպքում առանձնահատկությունն այն է, որ առկա է դատարանի որոշում, որով հարգելի էր ճանաչվել ժամկետի բաց թողնելը, ուստի Վերաքննիչ դատարանը այդ հարցին անդրադառնում է բողոքի վերաբերյալ ըստ էության որոշում կայացնելու համատեքստում՝ հաշվի առնելով, որ այդ հանգամանքը Վերաքննիչ դատարանում պնդեցին նաև արդարացվածը և նրա պաշտպանը, որոնց բողոքը թողնվել էր առանց քննության:

(...) Ամփոփելով, Վերաքննիչ դատարանը հանգում է այն հետևության, որ դատախազի վերաքննիչ բողոքը պետք է մերժել, իսկ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 2018 թվականի հոկտեմբերի 4-ի թիվ ՏԴ1/0028/01/17 դատավճիռը թողնել անփոփոխ: (...)»6:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

16. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. արդյո՞ք իրավաչափ էր Վերաքննիչ դատարանի կողմից վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններից դուրս գալը:

17. ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի համաձայն՝ «Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով (…)»: 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգիրք) 385-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Վերաքննիչ դատարանը դատական ակտը վերանայում է վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում»: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` «Դատավճիռը բոլոր դեպքերում ենթակա է բեկանման, եթե` 1) գործով վարույթի կարճման կամ քրեական հետապնդման դադարեցման համար հիմքերի առկայության դեպքում առաջին ատյանի դատարանը չի կարճել վարույթը կամ չի դադարեցրել հետապնդումը. 1.1) մեղադրական դատավճիռը կայացվել է ապացույցների բավարար ամբողջությամբ չհիմնավորված խոստովանական ցուցմունքի հիման վրա. 2) դատավճիռը կայացվել է դատարանի ոչ օրինական կազմով. 3) գործը քննվել է ամբաստանյալի բացակայությամբ, բացառությամբ սույն օրենսգրքի 314.1-րդ հոդվածի վեցերորդ մասով նախատեսված դեպքի. 4) գործը քննվել է պաշտպանի բացակայությամբ, երբ նրա մասնակցությունը, համաձայն օրենքի, պարտադիր էր, կամ այլ կերպ խախտվել է մեղադրյալի` պաշտպան ունենալու իրավունքը. 5) դատարանում խախտվել է մայրենի լեզվից և թարգմանչի ծառայություններից օգտվելու` ամբաստանյալի իրավունքը.

6) անձամբ իր պաշտպանությունն իրականացրած ամբաստանյալին իրավունք չի վերապահվել մասնակցելու դատական վիճաբանություններին.

7) ամբաստանյալին չի տրվել վերջին խոսքի իրավունք.

8) խախտվել է խորհրդակցական սենյակի գաղտնիությունը.

9) գործում բացակայում է դատական նիստի արձանագրությունը.

10) դատավճռում իսպառ բացակայում է դրա նկարագրական-պատճառաբանական մասը. 11) խախտվել է գործի քննության ընդդատությունը.

12) հեռակա վարույթ իրականացնելու՝ սույն օրենսգրքով նախատեսված հիմքի բացակայության կամ հեռակա վարույթի իրականացումը բացառող՝ սույն օրենսգրքով սահմանված պայմաններից որևէ մեկի առկայության դեպքում իրականացվել է հեռակա կարգով դատական քննություն»: 18. Անդրադառնալով վերաքննիչ դատարանի կողմից դատական ակտը վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում վերանայելու օրենսդրական պահանջի բովանդակությանը՝ Վճռաբեկ դատարանը կրկնում է, որ՝ - դատական ակտը վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում վերանայելու իրավական պահանջը պարունակում է դատավարության մասնակցին տրված երաշխիք առ այն, որ դատական քննության ընթացքում վերաքննիչ դատարանը չի կատարի տվյալ անձի դատավարական հակառակորդի գործառույթ7, - ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 385-րդ հոդվածում ամրագրված սահմանափակումները բացարձակ բնույթ չեն կրում, և դրանք պետք է դիտարկել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի այլ իրավանորմերի համատեքստում: Վերաքննիչ դատարանն իրավասու է դուրս գալ վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններից միայն այն դեպքում, երբ առկա է դատավարական իրավունքի այնպիսի խախտում, որն անվերապահորեն պետք է հանգեցնի դատական ակտի բեկանման (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի 3-րդ մաս) կամ առկա է քրեական գործի վարույթը կարճելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու հիմք (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասեր) կամ անձի նկատմամբ խոշտանգում և վատ վերաբերմունքի այլ ձևեր կիրառված լինելու դեպքում: Մյուս բոլոր դեպքերում վերաքննիչ դատարանը կաշկանդված է դատական վերանայման սահմանների վերաբերյալ կանոններով, ուստիև պարտավոր է դատական ակտը վերանայել բացառապես վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում8:

19. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ՝

- Առաջին ատյանի դատարանի՝ 2018 թվականի հոկտեմբերի 4-ի դատավճռով Արման Հովսեփյանը ՀՀ քրեական օրենսգրքի 34-316-րդ հոդվածի 2-րդ մասով առաջադրված մեղադրանքում ճանաչվել է անմեղ և արդարացվել9,

- Առաջին ատյանի դատարանը 2019 թվականի հունվարի 18-ի որոշմամբ վերականգնել է վերոնշյալ դատավճռի դեմ դատախազի կողմից վերաքննիչ բողոք բերելու բաց թողնված ժամկետը10,

- վերոհիշյալ դատավճռի դեմ 2019 թվականի հունվարի 24-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարան է ստացվել Տավուշի մարզի դատախազ Վ.Գրիգորյանի վերաքննիչ բողոքը: Բողոքաբերը Վերաքննիչ դատարանին խնդրել է բեկանել և փոփոխել արդարացման դատավճիռը և Արման Հովսեփյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 34-316-րդ հոդվածի 2-րդ մասով11,

- 2019 թվականի փետրվարի 14-ին Վերաքննիչ դատարանում ստացվել է ամբաստանյալ Արման Հովսեփյանի պաշտպան Վրեժ Ներկարարյանի վերաքննիչ բողոքն ընդդեմ վերաքննիչ բողոք բերելու բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին Առաջին ատյանի դատարանի՝ 2019 թվականի հունվարի 18-ի որոշման: Վերաքննիչ դատարանի՝ 2019 թվականի փետրվարի 20-ի որոշմամբ պաշտպանի բողոքը թողնվել է առանց քննության՝ տվյալ դատական ակտը բողոքարկման ենթակա չլինելու պատճառաբանությամբ12,

- Վերաքննիչ դատարանի՝ 2020 թվականի փետրվարի 11-ի որոշմամբ դատախազի բողոքը մերժվել է, իսկ Առաջին ատյանի դատարանի՝ 2018 թվականի հոկտեմբերի 4-ի դատավճիռը՝ թողնվել անփոփոխ: Վերաքննիչ դատարանը նշել է, որ մինչև դատախազի ներկայացրած վերաքննիչ բողոքի հիմքերին ու հիմնավորումներին անդրադառնալը՝ պետք է նախևառաջ անդրադառնա բողոքարկման համար օրենքով նախատեսված ժամկետի բացթողումն Առաջին ատյանի դատարանի կողմից հարգելի ճանաչելու իրավաչափությանը: Վերաքննիչ դատարանը նշել է, որ Առաջին ատյանի դատարանի այդ որոշման դեմ ներկայացված վերաքննիչ բողոքը վարույթ չի ընդունվել, քանի որ այն նախատեսված չէ բողոքարկման ենթակա որոշումների ցանկում, սակայն այդ որոշմանը պետք է անդրադառնալ և այն գնահատել դատավճռի դեմ ներկայացված դատախազի վերաքննիչ բողոքի քննության հետ մեկտեղ, քանի որ հակառակ դեպքում կվտանգվի անձի արդար դատաքննության իրավունքը: Վերաքննիչ դատարանը գտել է, որ դատախազի միջնորդությունը բավարարելու և բողոքարկման համար օրենքով նախատեսված ժամկետը բաց թողնելը հարգելի ճանաչելու մասին Առաջին ատյանի դատարանի որոշումն անօրինական է և անհիմն, դատարանը չպետք է բավարարեր դատախազի միջնորդությունը, քանի որ դրանում բերված պատճառաբանությունները հարգելի չեն: Վերաքննիչ դատարանը նշել է, որ թեև ժամկետանց բողոքները չեն ընդունվում վարույթ, թողնվում են առանց քննության, սակայն այս դեպքում առանձնահատկությունն այն է, որ առկա է դատարանի որոշում, որով հարգելի էր ճանաչվել ժամկետը բաց թողնելը, ուստի այդ հարցին անդրադառնալով գործի ըստ էության քննության փուլում, հանգում է այն հետևության, որ դատախազի վերաքննիչ բողոքը պետք է մերժել, իսկ դատավճիռը՝ թողնել անփոփոխ13:

20. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 380-րդ հոդվածի համաձայն` «1. Հարգելի պատճառներով բողոքարկման համար սահմանված ժամկետը բաց թողնելու դեպքում բողոք ներկայացնելու իրավունք ունեցող անձինք կարող են դատական ակտը կայացրած դատարանի առաջ միջնորդել` վերականգնելու բաց թողնված ժամկետը: Բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը քննվում է դատական նիստում դատավճիռ կամ որոշում կայացրած դատարանի կողմից, որն իրավունք ունի կանչել միջնորդություն հարուցած անձին` բացատրություններ տալու համար:

2. Բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը մերժելու որոշումը տասնհինգօրյա ժամկետում կարող է բողոքարկվել վերաքննիչ դատարան, որն իրավունք ունի վերականգնել բաց թողնված ժամկետը և քննել գործը` պահպանելով սույն օրենսգրքի 382 հոդվածում և 383 հոդվածի երկրորդ մասում շարադրված պահանջները: Վերաքննիչ դատարանը բողոք ներկայացրած անձի միջնորդության հիման վրա բաց թողնված ժամկետն իրավունքի ուժով համարում է հարգելի, եթե բողոք ներկայացրած անձը հիմնավորում է, որ դատական ակտն ստանալու պահից չեն լրացել բողոքարկման ժամկետները։ (...)»:

21. Վերը մեջբերված նորմի բովանդակությունից ակնհայտ է, որ հիշյալ իրավակարգավորման իմաստով` վերաքննության կարգով բողոքարկման ենթակա է միայն բաց թողնված ժամկետը վերականգնելու միջնորդությունը մերժելու մասին որոշումը, իսկ միջնորդությունը բավարարելու մասին որոշումը վերաքննության կարգով բողոքարկման ենթակա չէ: Հիմք ընդունելով վերը նշված կարգավորումը, Վերաքննիչ դատարանը, բողոքարկման ժամկետը վերականգնելու մասին Առաջին ատյանի դատարանի՝ 2019 թվականի հունվարի 18-ի որոշման դեմ պաշտպան Վ.Ներկարարյանի վերաքննիչ բողոքը թողել է առանց քննության` ևս փաստելով նշված դատական ակտի` բողոքարկման ենթակա չլինելու հանգամանքը14:

Վերը վկայակոչված փաստերից հետևում է, որ Վերաքննիչ դատարանը, նույն կազմով քննության առնելով մեկ այլ դատական ակտի դեմ դատախազի վերաքննիչ բողոքը, նախորդ որոշմամբ արտահայտված դիրքորոշմանը տրամագծորեն հակառակ դիրքորոշում արտահայտելով, դուրս է եկել վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններից, փաստացի քննության է առել իր իսկ կողմից առանց քննության թողնված պաշտպան Վ.Ներկարարյանի վերաքննիչ բողոքը` օրենքով նման իրավական հնարավորության բացակայության պայմաններում և արդյունքում արձանագրել է անձի արդար դատաքննության իրավունքի հնարավոր խախտման փաստը:

22. Սույն որոշման 19-րդ կետում վկայակոչված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 17-18-րդ և 20-21-րդ կետերում մեջբերված իրավադրույթների և իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Վերաքննիչ դատարանը, օրենքով սահմանված հիմքերի բացակայության պայմաններում, դուրս է եկել վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններից` արդյունքում ոչ իրավաչափ հետևության հանգելով անձի արդար դատաքննության իրավունքը վտանգված լինելու վերաբերյալ: Վճռաբեկ դատարանը կրկնում է, որ վերաքննիչ դատարանի՝ վերանայման սահմաններից դուրս գալու հնարավորությունը կրում է ոչ թե բացարձակ, այլ սահմանափակ բնույթ, քանի որ հանրային և մասնավոր շահերի հավասարակշռումը պահանջում է ոչ թե ցանկացած, այլ միայն բացառիկ դեպքերում բողոքի սահմաններից դուրս գալու հնարավորության ընձեռում: Մինչդեռ սույն գործով որոշում կայացնելիս, Վերաքննիչ դատարանը, օրենքով նախատեսված բացառիկ հիմքերի բացակայության պարագայում, չի ունեցել վերանայման սահմաններից դուրս գալու իրավական հնարավորություն, ուստիև պարտավոր էր դատական ակտը վերանայել բացառապես վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում: Ընդ որում, հարկ է նկատել, որ վերոնշյալ ոչ իրավաչափ հետևության հանգելու արդյունքում Վերաքննիչ դատարանն իր որոշմամբ չի անդրադարձել բողոքաբերի փաստարկներին, մասնավորապես՝ ապացույցների ոչ պատշաճ գնահատման և նյութական իրավունքի նորմի սխալ կիրառության հարցերին։

23. Ելնելով վերոգրյալից Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ դատախազի վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններից Վերաքննիչ դատարանի կողմից դուրս գալն իրավաչափ չէր:

24. Ամփոփելով վերոշարադրյալը` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ սույն գործով դատական ակտ կայացնելիս Վերաքննիչ դատարանը թույլ է տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 7-րդ և 385-րդ հոդվածների պահանջների խախտումներ, որոնք իրենց բնույթով էական են, քանի որ ազդել են գործով ճիշտ որոշում կայացնելու վրա: Վերոնշյալ հանգամանքը Վճռաբեկ դատարանին հիմք է տալիս ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիման վրա բեկանելու Վերաքննիչ դատարանի որոշումը և գործն ուղարկելու նույն դատարան՝ նոր քննության:

25. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նոր քննության ընթացքում Վերաքննիչ դատարանը պետք է ըստ էության քննության առնի Առաջին ատյանի դատարանի դատավճռի դեմ դատախազի ներկայացրած վերաքննիչ բողոքը և հանգի համապատասխան հետևության:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 415.1-րդ, 418.1-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Արման Լեոնիդի Հովսեփյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2020 թվականի փետրվարի 11-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության: 2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

______________________

1 Համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի անցումային դրույթները կարգավորող 483-րդ հոդվածի 8-րդ մասի՝ սույն բողոքը քննվում է մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը գործող կարգով:

2 Տե՛ս քրեական գործ, հատոր 5, թերթեր 37-39:

3 Տե՛ս նյութեր, հատոր 5, թերթ 101ա:

4 Տե՛ս նյութեր, հատոր 6, թերթեր 42-43:

5 Տե՛ս նյութեր, հատոր 6, թերթեր 42-43:

6 Տե՛ս նյութեր, հատոր 7, թերթեր 67-75:

7 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Արթուր Սաքունցի գործով 2010 թվականի օգոստոսի 27-ի թիվ ԼԴ/0001/11/10 որոշման 11-րդ կետը:

8 Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի` Սվետլանա Գրիգորյանի գործով 2011 թվականի մայիսի 11-ի թիվ ԵԿԴ/0281/01/10 որոշումը, Արթուր Խուրշուդյանի գործով 2012 թվականի հունիսի 8-ի թիվ ԵԱՔԴ/0065/01/11 որոշումը, Իլլարիոն Նունուշյանի գործով 2015 թվականի հունիսի 5-ի որոշումը, Լուկաշ Վերանյանի գործով 2018 թվականի հունիսի 15-ի որոշումը։

9 Տե՛ս սույն որոշման 2-րդ կետը:

10 Տե՛ս սույն որոշման 3-րդ կետը:

11 Տե՛ս սույն որոշման 4-րդ և 13-րդ կետերը:

12 Տե՛ս սույն որոշման 15-րդ և 16-րդ կետերը:

13 Տե՛ս սույն որոշման 17-րդ կետը:

14 Տե՛ս սույն որոշման 14-րդ և 14.1-րդ կետերը:

 

Նախագահող`

Հ. Ասատրյան

Դատավորներ`

Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆ

Ե. Դանիելյան

Լ. Թադևոսյան

Ա. Պողոսյան

 

Ս. Օհանյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան