Գլխավոր տեղեկություն
Համար
N 736-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (12.05.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.05.03-2021.05.16 Պաշտոնական հրապարակման օրը 07.05.2021
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
06.05.2021
Ստորագրող մարմին
Վարչապետի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
07.05.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.05.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

6 մայիսի 2021 թվականի N 736-Ն

 

ՌԱԶՄԱԿԱՆ ԴՐՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՌԵԺԻՄԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՌԱԶՄԱԿԱՆ ԴՐՈՒԹՅԱՄԲ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԼՈՒԾԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԵՎ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԳՈՒՅՔԸ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ԱՆՀՆԱՐԻՆՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՕՐԻՆԱԿԱՆ ՏԻՐԱՊԵՏՈՂԻՆ ՀԱՄԱՐԺԵՔ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ, ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ԵՎ ՉԱՓԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՌԱԶՄԱԿԱՆ ԴՐՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՌԵԺԻՄԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՌԱԶՄԱԿԱՆ ԴՐՈՒԹՅԱՄԲ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԼՈՒԾԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԵՎ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԳՈՒՅՔԸ ՎՆԱՍՎԱԾ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ԿԱՄ ԳՈՒՅՔԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ԱՌԱՋԱՑԱԾ ԲԱՑ ԹՈՂՆՎԱԾ ՕԳՈՒՏԻ ԴԵՊՔԵՐՈՒՄ ՕՐԻՆԱԿԱՆ ՏԻՐԱՊԵՏՈՂԻՆ ՀԱՄԱՐԺԵՔ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ, ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ԵՎ ՉԱՓԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 4-րդ մասով և «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի 8.1-ին հոդվածի 16-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1․ Սահմանել՝

1) ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում ռազմական դրությամբ պայմանավորված խնդիրները լուծելու նպատակով օգտագործված ֆիզիկական և իրավաբանական անձանց գույքը վերադարձնելու անհնարինության դեպքում օրինական տիրապետողին համարժեք փոխհատուցման տրամադրման կարգը, ժամկետները և չափը` համաձայն N 1 հավելվածի.

2) ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում ռազմական դրությամբ պայմանավորված խնդիրները լուծելու նպատակով օգտագործված ֆիզիկական և իրավաբանական անձանց գույքը վնասված վերադարձնելու կամ գույքի օգտագործման արդյունքում առաջացած բաց թողնված օգուտի դեպքերում օրինական տիրապետողին համարժեք փոխհատուցման տրամադրման կարգը, ժամկետները և չափը` համաձայն N 2 հավելվածի:

2․ Ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում ռազմական դրությամբ պայմանավորված խնդիրները լուծելու նպատակով օգտագործված ֆիզիկական և իրավաբանական անձանց գույքը վերադարձնելու անհնարինության, գույքը վնասված վերադարձնելու կամ գույքի օգտագործման արդյունքում առաջացած բաց թողնված օգուտի դեպքերում օրինական տիրապետողին համարժեք փոխհատուցում տրամադրելու նպատակով ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով (այսուհետ՝ հանձնաժողով)՝ հետևյալ կազմով՝

1) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն (հանձնաժողովի նախագահ).

2) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն.

3) Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարություն.

4) Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն.

5) Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն.

6) Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայություն.

7) Հայաստանի Հանրապետության ոստիկանություն:

3․ Հանձնաժողովի՝

1) անհատական կազմը և աշխատակարգը հաստատվում է Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ.

2) քարտուղարության աշխատանքներն իրականացվելու են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից:

4․ Սույն որոշումը չի տարածվում «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի 8-րդ և 15-րդ հոդվածների հիմքով օգտագործված գույքի վրա։

5․ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը սահմանել որպես փոխհատուցումն իրականացնող բյուջետային գլխավոր և ստորադաս կարգադրիչ:

6. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել հանձնաժողովի անհատական կազմը և աշխատակարգը հաստատելու մասին Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշման նախագիծ։

7․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2020 թվականի սեպտեմբերի 27-ից հետո ծագած իրավահարաբերությունների վրա:

8․ Սահմանել, որ սույն որոշմամբ սահմանված դիմումները Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն են ներկայացվում սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երեք տարվա ընթացքում։

(8-րդ կետը փոփ. 16.09.21 N 1509-Ն, 11.05.23 N 700-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի պաշտոնակատար

Ն. Փաշինյան

 

Երևան


07.05.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2021 թվականի

մայիսի 6-ի N 736-Ն որոշման

 

ՌԱԶՄԱԿԱՆ ԴՐՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՌԵԺԻՄԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՌԱԶՄԱԿԱՆ ԴՐՈՒԹՅԱՄԲ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԼՈՒԾԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԵՎ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԳՈՒՅՔԸ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ԱՆՀՆԱՐԻՆՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՕՐԻՆԱԿԱՆ ՏԻՐԱՊԵՏՈՂԻՆ ՀԱՄԱՐԺԵՔ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ, ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ԵՎ ՉԱՓԸ

 

1. Սույն կարգով սահմանվում են ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում ռազմական դրությամբ պայմանավորված խնդիրները լուծելու նպատակով օգտագործված ֆիզիկական և իրավաբանական անձանց գույքը վերադարձնելու անհնարինության դեպքում օրինական տիրապետողին համարժեք փոխհատուցում տրամադրելու հետ կապված հարաբերությունները:

2. Սույն կարգի իմաստով գույքը վերադարձնելու անհնարինություն է համարվում գույքը բնեղենով վերադարձնելը կամ վերադարձված գույքն ըստ այդ գույքի նպատակային նշանակությանն օգտագործելը բացառող հանգամանքը։

3․ Փոխհատուցում ստանալու նպատակով օրինական տիրապետողը դիմումը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն (այսուհետ՝ նախարարություն)։

4․ Դիմումը կարող է ներկայացվել նաև օրինական տիրապետողի ներկայացուցչի կամ իրավահաջորդի կողմից:

5. Փոխհատուցում տալու նպատակով նախարարությունը ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում ռազմական դրությամբ պայմանավորված խնդիրները լուծելու նպատակով իրենց կողմից օգտագործված ֆիզիկական և իրավաբանական անձանց գույքը վերադարձնելու անհնարինության դեպքում համարժեք փոխհատուցում տալու նպատակով ընդունում է օրինական տիրապետողի (ներկայացուցչի կամ իրավահաջորդի) կողմից համապատասխան դիմում՝ համաձայն N 1 ձևի, անձը հաստատող փաստաթղթի պատճենը (իրավաբանական անձանց դեպքում` պետական գրանցման վկայականի պատճենը), դիմումն օրինական տիրապետողի ներկայացուցչի կամ իրավահաջորդի կողմից ներկայացվելու դեպքում՝ համապատասխանաբար ներկայացուցչի լիազորությունները կամ անձի իրավահաջորդ հանդիսանալու փաստը հաստատող փաստաթղթեր, տվյալ գույքի նկատմամբ իրավունքները հավաստող փաստաթուղթ, ինչպես նաև սույն կարգի 11-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերով սահմանված փաստաթղթեր, իսկ դրանց բացակայության դեպքում՝ գույքի հանձնումը հավաստող փաստաթուղթ և դրանք ստանալուն հաջորդող օրվանից առավելագույնը եռամսյա ժամկետում ներկայացնում է հանձնաժողովի քննարկմանը:

(5-րդ կետը լրաց. 16.09.21 N 1509-Ն, փոփ. 11.05.23 N 700-Ն)

6․ Սույն որոշմամբ սահմանված ժամկետները բաց թողնելու դեպքում դիմումին կցվում են նաև բաց թողնված ժամկետները հարգելի համարելու վերաբերյալ հիմնավորումներ, որոնք քննության են առնվում նախարարության կողմից և 3 աշխատանքային օրվա ընթացքում դիմումը քննելու կամ այն վերադարձնելու մասին պատշաճ իրազեկվում է դիմումը ներկայացնողին։

7․ Դիմումում կամ կից փաստաթղթերում թերությունների առկայության, ինչպես նաև փաստաթղթերը թերի լինելու դեպքում նախարարությունը դիմումն ստանալուն հաջորդող օրվանից 3 աշխատանքային օրվա ընթացքում դրանք հայտնաբերելուց հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում դիմումը վերադարձնում է օրինական տիրապետողին (ներկայացուցչին կամ իրավահաջորդին)՝ առաջարկելով 5 աշխատանքային օրվա ընթացքում վերացնել թերությունները՝ ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ և 41-րդ հոդվածներով:

8․ Սույն կարգի 7-րդ կետով սահմանված հիմքերով դիմումը մերժվում է, եթե դրա մասին պատշաճ ձևով նախարարության կողմից դիմումը վերադարձվելու օրվան հաջորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում օրինական տիրապետողը (ներկայացուցիչը կամ իրավահաջորդը) չի վերացնում դիմումում կամ կից փաստաթղթերում առկա թերությունները կամ չի ներկայացնում անհրաժեշտ փաստաթղթեր կամ նյութեր:

9. Միջգերատեսչական հանձնաժողովի աշխատակարգով սահմանված կարգով ուսումնասիրվում են սույն կարգի 5-րդ կետով սահմանված` ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից ներկայացված փաստաթղթերը, և 30-օրյա ժամկետում փոխհատուցում տալու վերաբերյալ առաջարկությունները նախարարության միջոցով ներկայացվում են Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ՝ Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնելու նպատակով, ընդ որում, փոխհատուցում տալու վերաբերյալ առաջարկություն ներկայացվելու դեպքում նշվում է նաև առաջարկվող փոխհատուցման չափը։

10. Փոխհատուցում ստանալու մասին դիմումը մերժվում է սույն կարգի 7-րդ կետով սահմանված կարգով դիմումում կամ կից փաստաթղթերում առկա թերությունները չվերացնելու կամ անհրաժեշտ փաստաթղթեր կամ նյութեր չներկայացնելու դեպքում, ինչպես նաև, եթե գույքի վերադարձման անհնարինությունը չի բխում ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում ռազմական դրությամբ պայմանավորված խնդիրները լուծելու նպատակով այդ գույքի օգտագործումից։

11․ Ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում ռազմական դրությամբ պայմանավորված խնդիրները լուծելու նպատակով օգտագործված ֆիզիկական և իրավաբանական անձանց գույքը վերադարձնելու անհնարինության դեպքում՝ որպես համարժեք փոխհատուցում կարող է դիտարկվել Պետական գույքի կառավարման կոմիտեի «Գույքի գնահատման և աճուրդի կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից որոշված՝ գույքի միջին շուկայական արժեքը, ընդ որում՝ նույնական գույքերի դեպքում ընտրվում է մեկ միջինացված արժեք։ Ընդ որում՝

1) տրանսպորտային միջոցների միջինացված շուկայական արժեքը որոշելու համար անհրաժեշտ է ներկայացնել տրանսպորտային միջոցի հաշվառման վկայագրի կամ սեփականության իրավունքի վկայականի պատճենը (բացակայության դեպքում՝ տեղեկանք ճանապարհային ոստիկանությունից), կամ հանձնման-ընդունման ակտի պատճենը, որտեղ առնվազն նշված կլինեն տրանսպորտային միջոցի մակնիշը և տիպարը, թողարկման տարեթիվը, հաշվառման համարանիշը։ Գնահատման համար բոլոր տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակն ընդունվում է բավարար, եթե չկան այլ հավաստող փաստաթղթեր, որտեղ նշված կլինեն հանձնման-ընդունման պահին տրանսպորտային միջոցի տեխնիկական վիճակը և լուսանկարները.

2) այլ գույքերի դեպքում միջինացված շուկայական արժեքը որոշելու համար անհրաժեշտ է ներկայացնել հանձնման-ընդունման ակտի պատճենը, որտեղ նշված կլինեն գույքի անվանումը, տեխնիկական բնութագիրը, թողարկման տարեթիվը, առկայության դեպքում՝ սեփականության վկայականի պատճենը։

Գնահատման համար բոլոր գույքերի տեխնիկական վիճակն ընդունվում է բավարար, եթե չկան այլ հավաստող փաստաթղթեր, որտեղ նշված կլինեն հանձնման-ընդունման պահին գույքի տեխնիկական վիճակը և լուսանկարները.

3) գնահատման աշխատանքներն իրականացվում են սույն կետի 1-ին և 2-րդ ենթակետերով սահմանված ամբողջական փաստաթղթերը նախարարության կողմից սույն կարգի 5-րդ և 7-րդ կետերով սահմանված դեպքերում նշված ժամկետների ավարտից հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում Պետական գույքի կառավարման կոմիտե ներկայացնելուց հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում:

(11-րդ կետը խմբ. 16.09.21 N 1509-Ն)

12. Հայաստանի Հանրապետության կառավարությունը, սույն կարգի 9-րդ կետում նշված առաջարկությունների համաձայն, 30-օրյա ժամկետում ընդունում է համապատասխան որոշում, որով սահմանվում են ֆիզիկական և իրավաբանական անձանց ցանկը, գույքի անվանումը և փոխհատուցման չափը:

13․ Սույն կարգը չի տարածվում «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի 8.1-ին հոդվածի 17-րդ մասում նշված դեպքերի վրա։

 

Ձև N 1

 

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն

————————————————

(ֆիզիկական անձի դեպքում՝ անունը, ազգանունը, իրավաբանական անձի դեպքում՝ անվանումը,

հասցեն/գործունեության իրականացման վայրը, կոնտակտային տվյալները)

 

ԴԻՄՈՒՄ

 

----------------թվականին (ամիսը, ամսաթիվը) ——————-ին պատկանող —————————————— (գույքի տվյալները) գույքը ռազմական դրությամբ պայմանավորված խնդիրները լուծելու նպատակով տրամադրվել է ——————————— ին (պետական մարմնի անվանումը):

 

Խնդրում եմ վերադարձնել տրամադրված գույքը կամ անհնարինության դեպքում տրամադրել «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի 8.1-ին հոդվածով սահմանված փոխհատուցում։

 

Դիմող

—————————

(ստորագրությունը)

——————————

(անունը, ազգանունը)

     

——— ———————20  թ.

   

(հավելվածը լրաց., խմբ. 16.09.21 N 1509-Ն, փոփ. 11.05.23 N 700-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Թորոսյան

 

07.05.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2021 թվականի

մայիսի 6-ի N 736-Ն որոշման

 

ՌԱԶՄԱԿԱՆ ԴՐՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՌԵԺԻՄԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՌԱԶՄԱԿԱՆ ԴՐՈՒԹՅԱՄԲ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԼՈՒԾԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԵՎ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԳՈՒՅՔԸ ՎՆԱՍՎԱԾ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ԿԱՄ ԳՈՒՅՔԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ԱՌԱՋԱՑԱԾ ԲԱՑ ԹՈՂՆՎԱԾ ՕԳՈՒՏԻ ԴԵՊՔԵՐՈՒՄ ՕՐԻՆԱԿԱՆ ՏԻՐԱՊԵՏՈՂԻՆ ՀԱՄԱՐԺԵՔ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ, ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ԵՎ ՉԱՓԸ

 

1. Սույն կարգով կարգավորվում են ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում ռազմական դրությամբ պայմանավորված խնդիրները լուծելու նպատակով օգտագործված ֆիզիկական և իրավաբանական անձանց գույքը վնասված լինելու դեպքում կամ գույքի օգտագործման արդյունքում առաջացած բաց թողնված օգուտի դեպքում օրինական տիրապետողին համարժեք փոխհատուցում տալու հետ կապված հարաբերությունները:

2. Փոխհատուցում ստանալու նպատակով օրինական տիրապետողը դիմումը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն (այսուհետ՝ նախարարություն)։

3. Դիմումը կարող է ներկայացվել նաև օրինական տիրապետողի ներկայացուցչի կամ իրավահաջորդի կողմից։

4. Փոխհատուցում տալու նպատակով նախարարությունն ընդունում է օրինական տիրապետողի (ներկայացուցչի կամ իրավահաջորդի) կողմից համապատասխան դիմում՝ համաձայն N 1 ձևի, անձը հաստատող փաստաթղթի պատճենը (իրավաբանական անձանց դեպքում` պետական գրանցման վկայականի պատճենը), տվյալ գույքի նկատմամբ իրավունքները հավաստող փաստաթուղթ, իսկ դրանց բացակայության դեպքում՝ գույքի հանձնումը հավաստող փաստաթուղթ, իսկ գույքի օգտագործման արդյունքում առաջացած բաց թողնված օգուտի դեպքում՝ «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի 8.1-ին հոդվածի 2-րդ մասով սահմանված լիազոր մարմիններին հանձնելուն նախորդող եռամսյա ժամանակահատվածում նշված գույքի օգտագործման արդյունքում ստացված եկամուտը հավաստող փաստաթղթեր և դրանք ստանալուն հաջորդող օրվանից առավելագույնը եռամսյա ժամկետում ներկայացնում հանձնաժողովի քննարկմանը։

(4-րդ կետը փոփ. 11.05.23 N 700-Ն)

5․ Սույն որոշմամբ սահմանված ժամկետները բաց թողնելու դեպքում դիմումին կցվում են նաև բաց թողնված ժամկետները հարգելի համարելու վերաբերյալ հիմնավորումներ, որոնք քննության են առնվում նախարարության կողմից և 3 աշխատանքային օրվա ընթացքում դիմումը քննելու կամ այն վերադարձնելու մասին պատշաճ իրազեկվում է դիմումը ներկայացնողին։

6. Դիմումում կամ կից փաստաթղթերում թերությունների առկայության, ինչպես նաև փաստաթղթերը թերի լինելու դեպքում նախարարությունը դիմումն ստանալուն հաջորդող օրվանից 3 աշխատանքային օրվա ընթացքում դրանք հայտնաբերելուց հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում դիմումը վերադարձնում է օրինական տիրապետողին (ներկայացուցչին կամ իրավահաջորդին)՝ առաջարկելով 5 աշխատանքային օրվա ընթացքում վերացնել թերությունները՝ ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ և 41-րդ հոդվածներով:

7. Սույն կարգի 6-րդ կետով սահմանված հիմքերով դիմումը մերժվում է, եթե դրա մասին պատշաճ ձևով նախարարության կողմից դիմումը վերադարձվելու օրվան հաջորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում օրինական տիրապետողը (ներկայացուցիչը կամ իրավահաջորդը) չի վերացնում դիմումում կամ կից փաստաթղթերում առկա թերությունները կամ չի ներկայացնում անհրաժեշտ փաստաթղթեր կամ նյութեր:

8. Հանձնաժողովն ուսումնասիրում է սույն կարգի 4-րդ կետով սահմանված` ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից ներկայացված փաստաթղթերը և 30-օրյա ժամկետում փոխհատուցում տալու վերաբերյալ առաջարկությունները նախարարության միջոցով ներկայացնում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ՝ Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնելու նպատակով, ընդ որում, փոխհատուցում տալու վերաբերյալ առաջարկություն ներկայացվելու դեպքում նշվում է նաև առաջարկվող փոխհատուցման չափը։

9. Փոխհատուցում ստանալու մասին դիմումը մերժվում է սույն կարգի 6-րդ կետով սահմանված կարգով դիմումում կամ կից փաստաթղթերում առկա թերությունները չվերացնելու կամ անհրաժեշտ փաստաթղթեր կամ նյութեր չներկայացնելու դեպքում, ինչպես նաև, եթե գույքը վնասված վերադարձնելը կամ գույքի օգտագործման արդյունքում բաց թողնված օգուտի առաջացումը չի բխում ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում ռազմական դրությամբ պայմանավորված խնդիրները լուծելու նպատակով այդ գույքի օգտագործումից:

10․ Ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում ռազմական դրությամբ պայմանավորված խնդիրները լուծելու նպատակով ֆիզիկական և իրավաբանական անձանց օգտագործած գույքին հասցված նյութական վնասի դեպքում տրվում է համարժեք փոխհատուցում՝ Պետական գույքի կառավարման կոմիտեի «Գույքի գնահատման և աճուրդի կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից որոշված՝ գույքի միջին շուկայական արժեքի 30 տոկոսի չափով, ընդ որում՝ նույնական գույքերի դեպքում ընտրվում է մեկ միջինացված արժեք:

(10-րդ կետը խմբ. 16.09.21 N 1509-Ն)

11․ Ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում ռազմական դրությամբ պայմանավորված խնդիրները լուծելու նպատակով ֆիզիկական և իրավաբանական անձանց գույքի օգտագործման արդյունքում առաջացած բաց թողնված օգուտի դեպքում փոխհատուցվում է բաց թողնված օգուտը` այն չստացված եկամուտները, որոնք օրինական տիրապետողը (ներկայացուցիչը կամ իրավահաջորդը) կստանար քաղաքացիական շրջանառության սովորական պայմաններում գույքն օգտագործելու դեպքում:

12․ Ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում ռազմական դրությամբ պայմանավորված խնդիրները լուծելու նպատակով օգտագործված ֆիզիկական և իրավաբանական անձանց գույքը վնասված լինելու դեպքում կամ գույքի օգտագործման արդյունքում առաջացած բաց թողնված օգուտի դեպքում օրինական տիրապետողին (ներկայացուցչին կամ իրավահաջորդին) համարժեք փոխհատուցում տրամադրվում է բանկային հաշվին փոխանցմամբ:

13. Հայաստանի Հանրապետության կառավարությունը, սույն կարգի 8-րդ կետում նշված առաջարկությունների համաձայն, 30-օրյա ժամկետում ընդունում է համապատասխան որոշում, որով սահմանվում են ֆիզիկական և իրավաբանական անձանց ցանկը, գույքի անվանումը և փոխհատուցման չափը:

14. Սույն կարգը չի տարածվում «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի 8.1-ին հոդվածի 17-րդ մասում նշված դեպքերի վրա։

15․ Սույն կարգի պահանջների համաձայն գույքին հասցված նյութական վնասի, ինչպես նաև բաց թողնված օգուտի փոխհատուցումն իրականացվում է ողջամիտ ժամկետում: Փոխհատուցման պայմանների և չափի հետ համաձայն չլինելու դեպքում օրինական տիրապետողը (ներկայացուցիչը կամ իրավահաջորդը) կարող է դիմել դատարան:

 

Ձև N 1

 

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն

————————————————

(ֆիզիկական անձի դեպքում՝ անունը, ազգանունը, իրավաբանական անձի դեպքում՝ անվանումը,

հասցեն/գործունեության իրականացման վայրը, կոնտակտային տվյալները)

 

ԴԻՄՈՒՄ

 

----------------թվականին (ամիսը, ամսաթիվը) ——————-ին պատկանող —————————————— (գույքի տվյալները) գույքը ռազմական դրությամբ պայմանավորված խնդիրները լուծելու նպատակով տրամադրվել է ——————————— ին (պետական մարմնի անվանումը), որի հետևանքով գույքը վերադարձվել է վնասված և (կամ) ունեմ բաց թողնված օգուտ:

 

Խնդրում եմ տրամադրել «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի 8.1-ին հոդվածով սահմանված փոխհատուցում։

 

Դիմող

—————————

(ստորագրությունը)

——————————

(անունը, ազգանունը)

     

——— ———————20  թ.

   

 

(հավելվածը խմբ. 16.09.21 N 1509-Ն, փոփ. 11.05.23 N 700-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Թորոսյան

 

07.05.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 7 մայիսի 2021 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
11.05.2023, N 700-Ն 12.05.2023, N 736-Ն
16.09.2021, N 1509-Ն 27.09.2021, N 736-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան