Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (02.03.2023-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Դատալեքս համակարգ www.datalex.am
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
02.03.2023
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
02.03.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.03.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

ՇԴ/0041/11/19

Գործ թիվ ՇԴ/0041/11/19

Նախագահող դատավոր՝

 Ռ. Բարսեղյան

 

ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),

 

նախագահությամբ`

Հ. Ասատրյանի

մասնակցությամբ դատավորներ`

Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆԻ

 

Ե. Դանիելյանի

 

Լ. Թադևոսյանի

 

Ա. Պողոսյանի

 

Ս. Օհանյանի

2 մարտի 2023 թվական

ք. Երևան

գրավոր ընթացակարգով քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2020 թվականի մարտի 2-ի որոշման դեմ դիմող Արա Վարդևանի Գրիգորյանի ներկայացուցիչ Ա.Հայրապետյանի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. 2018 թվականի հունիսի 28-ին ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ ՀՀ քրեական օրենսգիրք) 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի, 325-րդ հոդվածի 2-րդ մասի և 315-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է թիվ 58156918 քրեական գործը, որի նախաքննությունը հետագայում կատարվել է Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի և Անիի քննչական բաժնում։

2018 թվականի սեպտեմբերի 14-ին Արա Վարդևանի Գրիգորյանը ներգրավվել է որպես մեղադրյալ և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 325-րդ հոդվածի 1-ին մասով։

Նախաքննության մարմնի՝ 2018 թվականի սեպտեմբերի 24-ի որոշմամբ Ա.Գրիգորյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Ա.Գրիգորյանի ներկայացուցիչ Ա.Հայրապետյանը միջնորդություն է ներկայացրել վարույթն իրականացնող մարմնին՝ խնդրելով փոփոխել Ա.Գրիգորյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը և վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել անձնական երաշխավորությունը, որը նախաքննական մարմնի՝ 2019 թվականի հոկտեմբերի 24-ի որոշմամբ մերժվել է։

Վերոնշյալ որոշման դեմ Ա.Գրիգորյանի ներկայացուցիչ Ա.Հայրապետյանը բողոք է ներկայացրել Շիրակի մարզի դատախազություն, որը դատախազ Լ.Նահապետյանի՝ 2019 թվականի նոյեմբերի 4-ի որոշմամբ մերժվել է։

2. Վերը նշված որոշման դեմ ներկայացուցիչ Ա.Հայրապետյանի բողոքը Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան)՝ 2019 թվականի դեկտեմբերի 5-ի որոշմամբ մերժվել է։

3. Վերոնշյալ որոշման դեմ ներկայացուցիչ Ա.Հայրապետյանի վերաքննիչ բողոքը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան) 2020 թվականի մարտի 2-ի որոշմամբ թողել է առանց քննության։

4. Վերաքննիչ դատարանի՝ 2020 թվականի մարտի 2-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել Ա.Գրիգորյանի ներկայացուցիչ Ա.Հայրապետյանը:

Վճռաբեկ դատարանի՝ 2020 թվականի հուլիսի 1-ի որոշմամբ բողոքն ընդունվել է վարույթ1, և 2023 թվականի հունվարի 31-ի որոշմամբ սահմանվել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ:

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.

5. Բողոքաբերը նշել է, որ ստորադաս դատարանների դատական ակտերն օրինական և հիմնավոր չեն, կայացվել են քրեադատավարական օրենքի էական խախտումներով, որոնք հիմք են վիճարկվող որոշումները բեկանելու համար: Մասնավորապես, բողոքաբերը գտել է, որ չնայած 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը մեղադրյալի նկատմամբ մինչդատական վարույթում ընտրված խափանման միջոցի դատական բողոքարկման ուղղակի ընթացակարգ առանձին նորմով չի նախատեսում, սակայն դա չի կարող դուրս մնալ դատական վերահսկողության ոլորտից, քանզի նշվածով ուղղակիորեն շոշափվում են անձի՝ սահմանադրական իրավունքներն ու ազատությունները։

5.1. Ըստ բողոքաբերի՝ անհիմն է Վերաքննիչ դատարանի այն եզրահանգումը, որ Առաջին ատյանի դատարանի որոշումը վերաքննության կարգով բողոքարկման ենթակա չէ, քանի որ սույն գործով դատական, այդ թվում՝ վերաքննության կարգով բողոքարկվել է ոչ թե անմիջապես ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը, այլ այն մեկ ուրիշ խափանման միջոցով չփոխելու վերաբերյալ մեղադրանքի կողմի իրականացրած գործողություններն ու կայացրած որոշումները, որոնցով խախտվել է մեղադրյալ Արա Գրիգորյանի ազատ տեղաշարժվելու իրավունքը։

5.2. Բողոքաբերի պնդմամբ՝ դատական վերահսկողության առարկան որոշելու համար կարևոր է անձանց իրավունքների խախտման փաստը, այլ ոչ թե կոնկրետ որոշման տեսակը, ոստի դատարանի առջև բարձրացված հարցը ենթակա է եղել դատական վերահսկողության և այն չի ներառել այնպիսի հարցեր, որոնց գնահատումը կարող էր համարվել միջամտություն նախաքննությանը։

5.3. Բացի այդ բողոքաբերը նշել է, որ սույն քրեական գործով նախաքննության ժամկետները գերազանցել են ողջամտության սահմանները և Ա.Գրիգորյանի իրավունքները կարող են կամայականորեն անորոշ ժամանակով սահմանափակվել, ինչը հակասում է իրավունքի գերակայության սկզբունքին։

6. Վերոշարադրյալի հիման վրա, բողոքի հեղինակը խնդրել է բեկանել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2020 թվականի մարտի 2-ի որոշումը և գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

7. Առաջին ատյանի դատարանի՝ 2019 թվականի դեկտեմբերի 5-ի որոշման համաձայն՝ «(…) Դատարանը փաստում է, որ [«մեղադրյալ Ա.Գրիգորյանի ազատ տեղաշարժվելու իրավունքի խախտման փաստը ճանաչելու՝ նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը փոփոխելու, անձնական երաշխավորությունը որպես խափանման միջոց ընտրելու պարտավորություն սահմանելու» վերաբերյալ բերված բողոքը] ներառված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված այն որոշումների թվում, որոնց համար օրենսդիրը նախատեսել է դատական բողոքարկման հնարավորություն: Բացի այդ, «մեղադրյալ Ա.Գրիգորյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը փոփոխելու, անձնական երաշխավորությունը որպես խափանման միջոց ընտրելու» հարցի քննությունը դատավարության ավելի ուշ փուլերում, այդ թվում՝ դատարանում գործն ըստ էության քննելիս, հնարավոր է, և այն չի հանգեցնի անձի իրավունքների և օրինական շահերի անհամարժեք սահմանափակման:

Հիմք ընդունելով վերոգրյալը՝ Դատարանը գտնում է, որ անձի նկատմամբ ընտրված խափանման միջոցը փոփոխելու վերաբերյալ դիմողի ներկայացուցչի կողմից բերված բողոքը մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության առարկա չի հանդիսանում:

(...)

Դատարանն արձանագրում է, որ իրավասու չէ իրականացնել քրեական հետապնդման մարմնի որոշման կամ գործողության դեմ բերված բողոքի քննության արդյունքում դատախազի կայացրած որոշման օրինականության և հիմնավորվածության դատական ստուգում այն դեպքում, երբ քրեական հետապնդման մարմնի վիճարկվող որոշումը կամ գործողությունը մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության առարկա չի հանդիսանում: Հետևաբար, սույն գործով Դատարանը, իրականացնելով վարույթն իրականացնող մարմնի որոշման՝ Ա.Գրիգորյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրելու մասին որոշման դեմ բերված բողոքի դատախազական հսկողության արդյունքում կայացված ակտի օրինականության և հիմնավորվածության դատական ստուգում, դուրս կգա մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության իր լիազորությունների շրջանակներից, ինչի արդյունքում կխախտվի ՀՀ Սահմանադրության 4-րդ և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 7-րդ հոդվածներով սահմանված օրինականության սկզբունքը (…)»2։

8. Վերաքննիչ դատարանը, առանց քննության թողնելով Առաջին ատյանի դատարանի որոշման դեմ ներկայացուցիչ Ա.Հայրապետյանի վերաքննիչ բողոքը, արձանագրել է. «(…) [Օ]րենսդիրը չհեռանալու մասին ստորագրություն խափանման միջոցի դեմ բերված բողոքի դատախազական հսկողության արդյունքում կայացրած որոշման դատական, այդ թվում նաև՝ վերաքննության կարգով բողոքարկման հնարավորություն չի նախատեսում՝ այն սահմանափակելով միայն դատախազին բողոքարկելու կառուցակարգի ամրագրմամբ։

(…)

Վերաքննիչ դատարանը գտնում է, որ վերաքննության կարգով բողոքարկման հնարավորության բացակայության պայմաններում արդարացված չէ ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցն ընտրելու մասին նախաքննական մարմնի որոշման բողոքարկումը մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության կառուցակարգի շրջանակում։ Միևնույն ժամանակ Վերաքննիչ դատարանը փաստում է, որ դիմողը զրկված չէ ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցն ընտրելու վերաբերյալ որոշման իրավաչափությունն ավելու ուշ փուլում՝ դատարանում գործն ըստ էության քննելիս վիճարկելու հնարավորությունից»3:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

9. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավո՞ր է արդյոք դիմողի ներկայացուցիչ Ա.Հայրապետյանի վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելու մասին Վերաքննիչ դատարանի հետևությունը:

10. ՀՀ Սահմանադրության 172-րդ հոդվածի համաձայն՝ «Վերաքննիչ դատարաններն առաջին ատյանի դատարանների դատական ակտերն օրենքով սահմանված լիազորությունների շրջանակներում վերանայող դատական ատյան են»:

1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ ՀՀ քրեական դատավրության օրենսգիրք) 386-րդ հոդվածի համաձայն՝ «Վերաքննիչ բողոքի հիման վրա վերաքննիչ դատարանը ստուգում է գործի փաստական հանգամանքների բացահայտման և քրեական օրենքի կիրառման ճշտությունը, ինչպես նաև գործը քննելիս և լուծելիս քրեական դատավարական օրենքի նորմերի պահպանումը»:

10.1 Դատական վերանայման իրավունքի համատեքստում դատարանների գործառութային տարանջատման մասին Սահմանադրական դատարանը նշել է, որ տարբեր ատյանների դատարանները միմյանցից տարբերվում են իրենց իրավասությունների շրջանակով։ Տվյալ դատական ատյանի իրավասությունների շրջանակով են պայմանավորված այդ դատարանի կողմից ընդունվող դատական ակտերի բնույթն ու բովանդակությունը. յուրաքանչյուր դատական ատյանի կողմից ընդունվող ակտը հանդիսանում է տվյալ դատական ատյանի իրավասությունների և գործառույթների կրողը։ Հետևաբար, հաշվի առնելով, որ յուրաքանչյուր դատական ատյանի գործառույթի իրացման արդյունքում անձի իրավունքների դատական պաշտպանությունը նոր որակ է ստանում, յուրաքանչյուր դատական ատյանի կողմից իր գործառույթների իրականացման արդյունքում ընդունված դատական ակտն իր ինքնուրույն դերակատարությունն ունի դատական պաշտպանության իրավունքի իրացման ողջ գործընթացում4։

Վճռաբեկ դատարանը Հրայր Հովսեփյանի գործով իրավական դիրքորոշում է արտահայտել այն մասին, որ «վերաքննություն» բառը ծագում է լատիներեն «appelarel» բառից և թարգմանաբար նշանակում է բողոքարկում, որը իրենից ենթադրում է ստորադաս դատարանի կողմից կայացված դատական ակտի օրինականության և հիմնավորվածության ստուգում։ Այսինքն՝ վերաքննիչ դատարանը, սահմանափակ վերաքննության մոդելի պայմաններում, կաշկանդված լինելով վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններով, վերանայում է առաջին ատյանի դատարանի դատական ակտը։ Նման պայմաններում, պետք է փաստել, որ եթե առաջին ատյանի դատարանը լրիվ ծավալով քննության է առնում բողոքը և կայացված որոշմամբ լուծում ներկայացված պահանջի հիմնավորվածության ու իրավաչափության հարցը, ապա վերաքննիչ դատարանը, որպես կանոն, վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում վերանայում է առաջին ատյանի դատարանի կողմից բողոքի առնչությամբ տրված լուծման հիմնավորվածությունը և իրավաչափությունը։ Այդ համատեքստում վերաքննիչ դատարանի մատչելիությունն անձի համար երաշխավորվում է հենց այդ նպատակով՝ ստուգման ենթարկելու իր իրավունքներին և օրինական շահերին առնչվող դատական ակտը։ Հարկ է նկատել, որ այս սահմանով են տարանջատվում առաջին ատյանի և վերաքննիչ դատարանների գործառույթները, այդ դատարանների առջև դրված խնդիրները և հետապնդվող նպատակները։ Հակառակ պարագայում, երբ վերաքննիչ դատարանն իր կարգավիճակով ստանձնի առաջին ատյանի դատարանի դերը, ոչ միայն կխախտվի այդ դատարանների միջև ձևավորված գործառութային կապը, այլ նաև անհամաչափորեն կսահմանափակվի անձի՝ վերաքննության մատչելիության իրավունքը, և վերջինս կզրկվի իր վերաբերյալ կայացված դատական ակտը ստուգման ենթարկելու հնարավորությունից5։

11. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ՝

- նախաքննության մարմնի՝ 2018 թվականի սեպտեմբերի 24-ի որոշմամբ Ա.Գրիգորյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը6,

- նախաքննության մարմնի՝ 2019 թվականի հոկտեմբերի 24-ի որոշմամբ ներկայացուցիչ Ա.Հայրապետյանի միջնորդությունը՝ Ա.Գրիգորյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը անձնական երաշխավորությամբ փոխելու վերաբերյալ, մերժվել է7,

- վերոնշյալ որոշման դեմ Ա.Գրիգորյանի ներկայացուցիչ Ա.Հայրապետյանի բողոքը Շիրակի մարզի դատախազության դատախազ Լ.Նահապետյանի՝ 2019 թվականի նոյեմբերի 4-ի որոշմամբ մերժվել է8։

- վերոնշյալ որոշումների դեմ դիմող Ա.Գրիգորյանի ներկայացուցիչ Ա.Հայրապետյանի բողոքն Առաջին ատյանի դատարանը 2019 թվականի դեկտեմբերի 5-ի որոշմամբ մերժել է՝ արձանագրելով, որ իրավասու չէ իրականացնել քրեական հետապնդման մարմնի որոշման կամ գործողության դեմ բերված բողոքի քննության արդյունքում դատախազի կայացրած որոշման օրինականության և հիմնավորվածության դատական ստուգում այն դեպքում, երբ քրեական հետապնդման մարմնի վիճարկվող որոշումը կամ գործողությունը մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության առարկա չի հանդիսանում, ուստի Ա.Գրիգորյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրելու մասին որոշման դեմ բերված բողոքի դատախազական հսկողության արդյունքում կայացված ակտի օրինականության և հիմնավորվածության դատական ստուգում իրականացնելիս դատարանը դուրս կգա մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության իր լիազորությունների շրջանակներից, որով կխախտվի ՀՀ Սահմանադրության 4-րդ և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 7-րդ հոդվածներով սահմանված օրինականության սկզբունքը9,

- Վերաքննիչ դատարանը, 2020 թվականի մարտի 2-ի որոշմամբ ներկայացուցիչ Ա.Հայրապետյանի վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելով, արձանագրել է, որ վերաքննության կարգով բողոքարկման հնարավորության բացակայության պայմաններում արդարացված չէ ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցն ընտրելու մասին նախաքննական մարմնի որոշման բողոքարկումը մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության կառուցակարգի շրջանակում10։

12. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 10-10.1-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը, առանց քննարկման առարկա դարձնելու Առաջին ատյանի դատարանի որոշման հիմնավորվածությունը և իրավաչափությունը, ներկայացուցիչ Ա.Հայրապետյանի վերաքննիչ բողոքը թողել է առանց քննության՝ այն նույն հիմքով, որով Առաջին ատյանի դատարանը մերժել էր ըստ էության քննարկել նրա բողոքը։ Նման պայմաններում, Ա.Հայրապետյանի՝ բողոք բերելու իրավասության առնչությամբ Առաջին ատյանի դատարանի փաստարկը ստուգման չի ենթարկվել Վերաքննիչ դատարանի կողմից՝ այն դեպքում, երբ այդ դատարանի գործառույթն էր Առաջին ատյանի դատարանի դատական ակտի օրինականության և հիմնավորվածության ստուգումը։ Արդյունքում խախտվել է Առաջին ատյանի և Վերաքննիչ դատարանների միջև ձևավորված գործառութային կապը, անհամաչափորեն սահմանափակվել անձի՝ դատարանի մատչելիության իրավունքը, և վերջինս զրկվել է բողոք բերելու իրավասության բացակայության մասին Առաջին ատյանի դատարանի փաստարկը վերադաս դատարանի կողմից ստուգման ենթարկելու հնարավորությունից։

Վերոգրյալի հիման վրա, Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ դիմողի ներկայացուցիչ Ա.Հայրապետյանի վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելու մասին Վերաքննիչ դատարանի հետևություը հիմնավոր չէ։

13. Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նաև նշել, որ ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցի՝ դատական վերահսկողութան առարկա լինելու հարցին Վճռաբեկ դատարանն անդրադարձել է Լուսինե Կարապետյանի գործով որոշմամբ11։

14. Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը դատական ակտ կայացնելիս թույլ է տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 386-րդ հոդվածի խախտում, որն իր բնույթով էական է, քանի որ ազդել է գործով ճիշտ որոշում կայացնելու վրա, ինչը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի համաձայն, հիմք է Վերաքննիչ դատարանի` 2020 թվականի մարտի 2-ի որոշումը բեկանելու և գործը Վերաքննիչ դատարան՝ նոր քննության ուղարկելու համար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 39-րդ, 43-րդ, 361.1-րդ, 415.1-րդ, 418.1-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Դիմող Արա Վարդևանի Գրիգորյանի ներկայացուցիչ Ա.Հայրապետյանի բողոքի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2020 թվականի մարտի 2-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

_______________________

1 Համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի անցումային դրույթները կարգավորող 483-րդ հոդվածի 8-րդ մասի՝ սույն բողոքը քննվում է մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը գործող կարգով:

2 Տե՛ս նյութեր, թերթեր 33-34։

3 Տե՛ս նյութեր, թերթ 68։

4 Տե՛ս ՀՀ Սահմանադրական դատարանի` 2007 թվականի նոյեմբերի 28-ի թիվ ՍԴՈ-719 որոշման 5-րդ կետը։

5 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Հրայր Հովսեփյանի գործով 2020 թվականի մայիսի 25-ի թիվ ԵԴ/0426/11/18 որոշման 15-րդ կետը։

6 Տե՛ս սույն որոշման 1-ին կետը։

7 Տե՛ս նույն տեղում։

8 Տե՛ս նույն տեղում։

9 Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը։

10 Տես սույն որոշման 8-րդ կետը։

11 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Լուսինե Կարապետյանի գործով 2022 թվականի դեկտեմբերի 27-ի թիվ ԿԴ2/0009/11/19 որոշումը:

 

Նախագահող`

Հ. Ասատրյան

Դատավորներ`

Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆ

Ե. Դանիելյան

Լ. Թադևոսյան

Ա. Պողոսյան

 

Ս. Օհանյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան