Գլխավոր տեղեկություն
Համար
N 550-Լ
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (22.04.2023-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 21.04.2023
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
21.04.2023
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
21.04.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.04.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

21 ապրիլի 2023 թվականի N 550-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 21-Ի N 1133-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով`

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հուլիսի 21-ի «Հայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թվականների ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների ծրագիրը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 10-ի N 1441-Լ որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1133-Լ որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված N 1 հավելվածում «Ռազմավարության և գործողությունների ծրագրերի իրականացման համակարգումը, մշտադիտարկումը և գնահատումը» վերտառությամբ 2-րդ բաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

 

«ԲԱԺԻՆ II: ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄԸ, ՄՇՏԱԴԻՏԱՐԿՈՒՄԸ ԵՎ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ

Ռազմավարության և դրա Գործողությունների ծրագրի լիարժեք և արդյունավետ իրագործման ապահովման նպատակով նախատեսվում է երկու մեխանիզմ՝ Մշտադիտարկման խորհուրդ, որը գործելու է որպես ընդհանուր մշտադիտարկման մեխանիզմ, և Հասարակական կազմակերպությունների աշխատանքային խումբ՝ որպես հասարակական վերահսկողության ապահովման մեխանիզմ:

1. Ընդհանուր ոլորտային մշտադիտարկման և վերահսկողության նպատակով կազմավորվում է 22 անդամից բաղկացած Մշտադիտարկման խորհուրդ (այսուհետ՝ Խորհուրդ):

Խորհուրդը Ռազմավարության և Գործողությունների ծրագրի իրականացման ընթացքի համակարգմանը, մշտադիտարկմանը և գնահատմանն աջակցելու գործառույթներ իրականացնող մշտապես գործող բազմաշահառու խորհրդատվական մարմին է:

Խորհրդի կազմի մեջ մտնում են՝

1) Վարչապետը կամ նրա հանձնարարությամբ՝ Վարչապետի աշխատակազմի ներկայացուցիչը.

2) Արդարադատության նախարարը.

3) Արդարադատության նախարարի՝ համապատասխան ոլորտը համակարգող տեղակալը.

4) Բարձրագույն դատական խորհրդի նախագահը կամ նրա հանձնարարությամբ` Բարձրագույն դատական խորհրդի անդամը (համաձայնությամբ).

5) Վճռաբեկ դատարանի նախագահը (համաձայնությամբ).

6) Դատական դեպարտամենտի ղեկավարը (համաձայնությամբ).

7) Մարդու իրավունքների պաշտպանը կամ նրա հանձնարարությամբ` Մարդու իրավունքների պաշտպանի տեղակալը (համաձայնությամբ).

8) Ազգային ժողովի պետական և իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը կամ նրա հանձնարարությամբ` մշտական հանձնաժողովի անդամը (համաձայնությամբ).

9) Գլխավոր դատախազը կամ նրա հանձնարարությամբ` Գլխավոր դատախազի տեղակալը (համաձայնությամբ).

10) Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը կամ նրա հանձնարարությամբ` Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալը (համաձայնությամբ).

11) Քննչական կոմիտեի նախագահը կամ նրա հանձնարարությամբ` Քննչական կոմիտեի նախագահի տեղակալը (համաձայնությամբ).

12) Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչը.

13) Արդարադատության ակադեմիայի ռեկտորը կամ նրա հանձնարարությամբ` պրոռեկտորը (համաձայնությամբ).

14) Փաստաբանների պալատի նախագահը կամ նրա հանձնարարությամբ` Փաստաբանների պալատի նախագահի տեղակալը (համաձայնությամբ).

15) Հայաստանի Հանրապետությունում առավել մեծ թվով ուսանողներ ունեցող երկու իրավագիտության ֆակուլտետները ներկայացնող մեկական ներկայացուցիչ՝ պրոֆեսորադասախոսական կազմից (համաձայնությամբ).

16) Քաղաքացիական հասարակության կազմակերպություններից 2 ներկայացուցիչ (համաձայնությամբ).

17) «Հայաստանի բանկերի միություն» հասարակական կազմակերպության ներկայացուցիչը.

18) «Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միություն» հասարակական կազմակերպության ներկայացուցիչը.

19) «Կառուցապատողների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության ներկայացուցիչը.

20) «Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն» հասարակական կազմակերպության ներկայացուցիչը:

Խորհրդի անհատական կազմը հաստատվում է Վարչապետի կողմից, իսկ անհատական կազմի ձևավորման կազմակերպական աշխատանքներն իրականացնում է Արդարադատության նախարարությունը։ Խորհրդի կազմում քաղաքացիական հասարակության կազմակերպություններից ներկայացուցիչներ ընդգրկելու համար թեկնածությունները ներկայացվում են այն ոչ առևտրային կազմակերպությունների կողմից, որոնց կանոնադրական նպատակներից է մարդու իրավունքների պաշտպանությանը կամ դատական համակարգի հանրային հաշվետվողականության բարձրացմանն ուղղված գործունեությունը, և որոնք վերջին հինգ տարիներին իրականացնում են նման գործունեություն։ Թեկնածուների կենսագրությունները և նրանց ներկայացրած հասարակական կազմակերպությունների վերաբերյալ ամփոփ տեղեկությունները հրապարակվում են Արդարադատության նախարարության կայքում: Խորհրդի կազմում ընդգրկվելու համար դիմում ներկայացնելու կարգը դիմում ներկայացնելու վերջնաժամկետից առնվազն 30 օր առաջ հրապարակվում է Արդարադատության նախարարության կայքում:

Խորհրդի անդամի լիազորությունները կարող են դադարել կամ դադարեցվել: Խորհրդի անդամի լիազորությունները դադարելու կամ դադարեցվելու դեպքում Խորհրդի տվյալ անդամը փոխարինվում է:

Խորհրդի անդամի լիազորությունները դադարում են Խորհրդի՝ համապատասխան մարմնի կողմից ներկայացրած անձի կողմից իրեն փոխարինելու մասին Վարչապետին գրավոր դիմում ներկայացնելու դեպքում: Խորհրդի անդամի լիազորությունները դադարելու դեպքում այդ անդամին ներկայացրած մարմինը (անձը) 5 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է նոր ներկայացուցիչ:

Քաղաքացիական հասարակությունը ներկայացնող կազմակերպությունների անդամների մասնակցությունը Խորհրդի կազմում համարվում է դադարած Արդարադատության նախարարություն դիմում ներկայացնելուց հետո 10-րդ օրը: Արդարադատության նախարարությունը սահմանված կարգով անցկացնում է նոր մրցույթ:

Խորհրդի անդամի լիազորությունները դադարեցվում են Վարչապետի որոշմամբ՝ Խորհրդի միջնորդությամբ՝ Խորհրդի անդամի կողմից իր լիազորությունները և պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու՝ ներառյալ Խորհրդի աշխատանքներին մասնակցելու անհնարինության կամ մեկ տարվա ընթացքում Խորհրդի նիստերի ավելի քան կեսից անհարգելի բացակայելու դեպքում: Խորհուրդը համարվում է ձևավորված իր անդամների կեսից ավելին նշանակվելու դեպքում:

Խորհուրդն իր գործառույթներն իրականացնում է նիստերի միջոցով: Խորհրդի նիստերը կարող են անցկացվել նաև գրավոր, այդ թվում՝ էլեկտրոնային եղանակով կատարվող հարցման և պատասխանի, ինչպես նաև էլեկտրոնային հաղորդակցության այլ միջոցներով: Խորհրդի նիստն իրավազոր է Խորհրդի անդամների կեսից ավելին ներկա լինելու դեպքում, իսկ որոշումներն ընդունվում են նիստին ներկա անդամների ձայների մեծամասնությամբ, եթե այլ բան սահմանված չէ Խորհրդի աշխատակարգով:

Խորհուրդն ընդունում է իր աշխատակարգը՝ կազմավորվելուց հետո մեկ ամսվա ընթացքում: Աշխատակարգում լրացումներ և փոփոխություններ կարող են կատարվել Խորհրդի կողմից՝ Խորհրդի նիստին ներկա անդամների ձայների մեծամասնությամբ:

Խորհուրդը կարող է ձևավորել աշխատանքային խմբեր Խորհրդում ընդգրկված մարմինների (անձանց) կազմից կամ Խորհրդի նախագահի թույլտվությամբ այլ անձանցից, որոնք պատասխանատու կլինեն Ռազմավարությամբ սահմանված առանձին ռազմավարական նպատակներից բխող գործողությունների իրականացման համակարգման համար: Խորհրդի կողմից ձևավորված աշխատանքային խմբերի գործունեության կարգը հաստատվում է Խորհրդի կողմից:

Խորհրդի անդամներին վարչական, փորձագիտական և տեխնիկական աջակցության տրամադրման նպատակով Արդարադատության նախարարության կազմում ստեղծվում է Խորհրդի քարտուղարություն:

Ռազմավարության և Գործողությունների ծրագրի ընթացքի մշտադիտարկման և գնահատման գործառույթներն իրականացնում է Արդարադատության նախարարությունը՝ Խորհրդի քարտուղարության միջոցով:

Ռազմավարության և Գործողությունների ծրագրի իրականացման համակարգումը և մշտադիտարկումն ապահովելու նպատակով պատասխանատու մարմինները յուրաքանչյուր կիսամյակի ավարտից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում Խորհրդի քարտուղարություն են ներկայացնում Գործողությունների ծրագրով իրենց վերապահված գործողությունների կատարման ընթացքի վերաբերյալ տեղեկատվություն՝ Խորհրդի աշխատակարգով կամ Խորհրդի կողմից հաստատված այլ փաստաթղթերով սահմանված կարգով և չափանիշներին համապատասխան: Խորհրդի քարտուղարությունը նշված ժամկետի ավարտից հետո 7 աշխատանքային օրվա ընթացքում ամփոփում է ստացված տեղեկատվությունը, դրա հիման վրա կազմում համապատասխան կիսամյակի հաշվետվությունը և ներկայացնում Խորհուրդ՝ միաժամանակ տեղադրելով Արդարադատության նախարարության պաշտոնական կայքէջում կամ Ռազմավարության և Գործողությունների մշտադիտարկման նպատակով ստեղծված այլ կայքէջում: Հաշվետվության առնչությամբ դիտողություններ և առաջարկություններ ներկայացվելու դեպքում Քարտուղարությունը այդպիսիք ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում ամփոփում է դրանք և, ըստ անհրաժեշտության, լրամշակում է հաշվետվությունը և կրկին ներկայացնում է Խորհուրդ՝ միաժամանակ տեղադրելով Արդարադատության նախարարության պաշտոնական կայքէջում կամ Ռազմավարության և Գործողությունների մշտադիտարկման նպատակով ստեղծված այլ կայքէջում: Խորհուրդը Քարտուղարության կողմից հաշվետվությունը ստանալուց հետո, ըստ անհրաժեշտության, գումարում է նիստ՝ դրա քննարկման և հաստատման նպատակով:

Քարտուղարությունը յուրաքանչյուր տարվա ավարտից հետո՝ կիսամյակային հաշվետվությունը հրապարակելուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում կազմում է մշտադիտարկման ու գնահատման վերաբերյալ տարեկան ամփոփ զեկույցը, որը ներկայացնում է Խորհուրդ՝ միաժամանակ տեղադրելով Արդարադատության նախարարության պաշտոնական կայքէջում կամ Ռազմավարության և Գործողությունների մշտադիտարկման նպատակով ստեղծված այլ կայքէջում: Զեկույցը ներառում է նաև Խորհրդի տարեկան գործունեության վերաբերյալ տեղեկությունները: Զեկույցի առնչությամբ դիտողություններ և առաջարկություններ ներկայացվելու դեպքում Քարտուղարությունը այդպիսիք ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում ամփոփում է դրանք և, ըստ անհրաժեշտության, ներկայացնում է Խորհուրդ՝ միաժամանակ տեղադրելով Արդարադատության նախարարության պաշտոնական կայքէջում կամ Ռազմավարության և Գործողությունների մշտադիտարկման նպատակով ստեղծված այլ կայքէջում: Խորհուրդը Քարտուղարության կողմից զեկույցը ստանալուց հետո, ըստ անհրաժեշտության, գումարում է նիստ՝ դրա քննարկման և հաստատման նպատակով:

Քարտուղարությունը կիսամյակային հաշվետվությունը և տարեկան ամփոփ զեկույցը Կառավարություն է ներկայացնում Խորհրդի կողմից հաստատվելուց կամ դրանց առնչությամբ Խորհրդի կամ դրա առանձին անդամների կողմից դիտողություններ և առաջարկություններ ներկայացված լինելու դեպքում՝ դրանք ամփոփվելուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում:

Խորհուրդը Ռազմավարության և Գործողությունների ծրագրի իրականացման արդյունավետության զեկույցների քննարկման արդյունքում կարող է.

● Կառավարություն ներկայացնել առաջարկություններ՝ Ռազմավարությունում և Գործողությունների ծրագրում փոփոխություններ կատարելու վերաբերյալ,

● առանձին գործողությունների կատարման համար պատասխանատու մարմիններին ներկայացնել խորհրդատվական կարծիքներ՝ առանձին գործողությունների կատարման ընթացքի, աստիճանի և կատարմանն ուղղված հնարավոր անհրաժեշտ քայլերի վերաբերյալ:

Կառավարության կողմից հավանության արժանանալու դեպքում առաջարկվող փոփոխությունների իրականացման աշխատանքները համակարգվում են Արդարադատության նախարարության կողմից՝ որպես դատաիրավական ոլորտում Կառավարության քաղաքականության մշակման համար պատասխանատու մարմին:

Ռազմավարության ու Գործողությունների ծրագրերի ազդեցության գնահատման նպատակով Խորհուրդը միջնաժամկետ (Ռազմավարության ընդունումից հետո 3 տարի) ու երկարաժամկետ (Ռազմավարության ընդունումից հետո 5 տարի) փուլերում տարբեր թիրախային խմբերում կարող է նախաձեռնել հանրային կարծիքի հարցումներ, որոնց անցկացման հիման վրա գնահատվում է բարեփոխումների ազդեցությունը հասարակության վրա: Միջնաժամկետ փուլում իրականացված հարցումների արդյունքների գնահատման ու վերլուծության արդյունքում Խորհուրդը կարող է նախաձեռնել Ռազմավարության ու Գործողությունների ծրագրերի, ինչպես նաև իրականացման մեթոդների ու կառուցակարգերի վերանայում:

Խորհուրդն օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով կարող է նախաձեռնել Ռազմավարության առանձին նպատակների իրագործման համար պատասխանատու մարմինների հաշվետվողականության լրացուցիչ գործընթացներ:

2. Հայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թվականների ռազմավարության և դրանից բխող գործողությունների կատարման արդյունավետության և հասարակական վերահսկողության ապահովման նպատակով ոլորտային հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ Արդարադատության նախարարի հրամանով ստեղծվում է նաև աշխատանքային խումբ։

Աշխատանքային խմբի հիմնական նպատակներն են.

● քննարկել և վերլուծել Ռազմավարությանն առնչվող բոլոր ընթացիկ ծրագրերը, գործողությունները և քայլերը, Ռազմավարությունից բխող առանձին նախագծերի կամ միջոցառումների իրականացման ընթացքը,

● անհրաժեշտության դեպքում ներկայացնել գրավոր առաջարկություններ՝ ուղղված Ռազմավարության և դրանից բխող միջոցառումների արդյունավետ իրականացման ապահովմանը,

● ամփոփել Ռազմավարության և դրանից բխող գործողությունների ծրագրերի կատարման արդյունքները և արդյունավետությունը:

Աշխատանքային խումբն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով, որոնք գումարվում են ըստ անհրաժեշտության, բայց ոչ ուշ, քան երեք ամիսը մեկ անգամ։ Աշխատանքային խմբի գործունեության արդյունքներն ամփոփվում են գրավոր հաշվետվության կազմման միջոցով, որը ներկայացվում է Արդարադատության նախարարին՝ յուրաքանչյուր երեք ամիսը մեկ անգամ:

Աշխատանքային խմբին վերապահված աշխատանքները կարող են իրականացվել նաև Արդարադատության նախարարության խնդիրների և նպատակների իրականացման ընթացքում քաղաքացիական հասարակության մասնակցության ապահովման նպատակով Արդարադատության նախարարին կից ստեղծված հասարակական խորհրդի կողմից:»:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Ն. ՓաշինՅԱՆ

 

Երևան

 

21.04.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ