Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (14.10.2022-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Դատալեքս համակարգ www.datalex.am
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
14.10.2022
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
14.10.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.10.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

ԵԴ/0945/11/19

Գործ թիվ ԵԴ/0945/11/19

Նախագահող դատավոր՝  Ս. Համբարձումյան

 

 

ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` նաև Վճռաբեկ դատարան),

               

նախագահությամբ`

Հ. Ասատրյանի

մասնակցությամբ դատավորներ`

Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆԻ

 

Ե. Դանիելյանի

 

Լ. Թադևոսյանի

 

 

Ս. Օհանյանի

14 հոկտեմբերի 2022 թվական

ք. Երևան

գրավոր ընթացակարգով քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2020 թվականի փետրվարի 14-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Հ.Ասլանյանի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության ավագ դատախազ Ս.Հովսեփյանի՝ 2018 թվականի հոկտեմբերի 2-ի որոշմամբ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ ՀՀ քրեական օրենսգիրք) 308-րդ հոդվածի 2-րդ մասի և 314-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է թիվ 61210718 քրեական գործը:

Նախաքննության մարմնի՝ 2018 թվականի դեկտեմբերի 5-ի որոշմամբ Աշոտ Մարկոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 38-314-րդ հոդվածի 1-ին մասով:

Նախաքննության մարմնի՝ 2019 թվականի փետրվարի 15-ի որոշմամբ նշանակվել է շինարարատեխնիկական և ապրանքագիտական համալիր փորձաքննություն, որի կատարումը հանձնարարվել է ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի փորձագետներին:

2019 թվականի սեպտեմբերի 4-ին մեղադրյալ Ա.Մարկոսյանի պաշտպան Խ.Խաչատրյանը դիմում է ներկայացրել ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տնօրենին, որով փորձաքննության շրջանակներում փորձագետներին առաջադրել է լրացուցիչ հարցեր՝ խնդրելով փորձաքննության գնահատման աշխատանքների փուլում մասնակից դարձնել նաև իրեն և մեղադրյալ Ա.Մարկոսյանին:

2019 թվականի հոկտեմբերի 21-ին պաշտպան Խ.Խաչատրյանը նախաքննության մարմնին բողոք է ներկայացրել ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի դեմ, որով միջնորդել է ձեռնարկել օրենքով նախատեսված բոլոր միջոցառումները՝ բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ փորձաքննությունն ապահովելու, իր կողմից առաջադրված լրացուցիչ հարցերին փորձագետների կողմից պատասխանելու, մեղադրյալ Ա.Մարկոսյանի իրավունքների խախտումը դադարեցնելու ուղղությամբ։

Նախաքննության մարմնի՝ 2019 թվականի հոկտեմբերի 21-ի որոշմամբ մեղադրյալ Ա.Մարկոսյանի պաշտպան Խ.Խաչատրյանի բողոքը մերժվել է:

ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալ Մ.Շահգելդյանի՝ 2019 թվականի հոկտեմբերի 31-ի որոշմամբ պաշտպան Խ.Խաչատրյանի բողոքը՝ նախաքննության մարմնի՝ 2019 թվականի հոկտեմբերի 21-ի որոշման դեմ, մերժվել է։

Դիմող Ա.Մարկոսյանի ներկայացուցիչ Խ.Խաչատրյանը բողոք է ներկայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ՝ նաև Առաջին ատյանի դատարան), որով խնդրել է մեղադրյալ Ա.Մարկոսյանի իրավունքների և ազատությունների խախտումը վերացնելու՝ վարույթն իրականացնող մարմնի պարտականության մասին որոշում կայացնել՝ արձանագրելով Ա.Մարկոսյանի՝ 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգիրք) 247-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված իրավունքի խախտման փաստը, և միջոցներ ձեռնարկել, որպեսզի ապրանքագիտական համալիր փորձաքննության շրջանակներում փորձագետները պատասխանեն մեղադրյալ Ա.Մարկոսյանի և իր կողմից 2019 թվականի սեպտեմբերի 4-ի գրությամբ առաջադրած լրացուցիչ հարցերին:

2. Առաջին ատյանի դատարանի՝ 2019 թվականի դեկտեմբերի 13-ի որոշմամբ դիմողի ներկայացուցիչ Խ.Խաչատրյանի բողոք մերժվել է:

3. Վերոգրյալ որոշման դեմ դիմողի ներկայացուցիչ Խ.Խաչատրյանի և շահագրգիռ անձի ներկայացուցիչ Հ.Անանյանի վերաքննիչ բողոքների քննության արդյունքում, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան) 2020 թվականի փետրվարի 14-ի որոշմամբ բողոքները բավարարել է, Առաջին ատյանի դատարանի՝ 2019 թվականի դեկտեմբերի 13-ի որոշումը բեկանել է և վարույթն իրականացնող մարմնին պարտավորեցրել վերացնելու դիմող Ա.Մարկոսյանի իրավունքների և ազատությունների` որոշմամբ արձանագրված խախտումները:

4. Վերաքննիչ դատարանի վերոհիշյալ որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Հ.Ասլանյանը:

Վճռաբեկ դատարանի՝ 2020 թվականի հուլիսի 15-ի որոշմամբ բողոքն ընդունվել է վարույթ1: Վճռաբեկ դատարանի՝ 2022 թվականի սեպտեմբերի 19-ի որոշմամբ սահմանվել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ:

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.

5. Բողոք բերած անձը նշել է, որ օրենսդրությունը տարանջատել է դատախազական հսկողության և դատական վերահսկողության սահմանները, ինչից հետևում է, որ քրեական գործի նախաքննության ընթացքում իրականացվող քննչական և դատավարական այլ գործողությունների օրինականության նկատմամբ անմիջական հսկողությունը վերապահված է միայն դատախազին, իսկ դատարանը նշված փուլում որևէ իրավասություն չունի անմիջականորեն միջամտել կատարվող կամ կատարվելիք գործողություններին, դրանց բովանդակությանը, որոշել դրանց ծավալները, քանի որ ստացված փաստական տվյալները (ապացույցները) դատարանի կողմից կարող են ամբողջ ծավալով և անմիջականորեն հետազոտվել ու գնահատվել բացառապես դատաքննության փուլում՝ քրեական գործի ըստ էության քննության ընթացքում:

5.1 Միաժամանակ, վկայակոչելով ու համակարգային վերլուծության ենթարկելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 65-րդ հոդվածի 2-րդ մասի 19-րդ և 247-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 5-րդ կետերը, բողոքաբերը փաստարկել է, որ կասկածյալը կամ մեղադրյալը չեն կարող վարույթն իրականացնող մարմնին շրջանցելով հարցեր ուղղել փորձաքննությունն իրականացնող փորձագետներին, հիշյալ նորմերի ուժով նշված սուբյեկտները փորձագետին հարցեր առաջադրելու իրավունքն իրացնում են քրեական վարույթն իրականացնող մարմնի միջոցով։

6. Վերոշարադրյալի հիման վրա՝ բողոքաբերը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2020 թվականի փետրվարի 14-ի որոշումը և գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության։

 

Վճռաբեկ բողոքի պատասխանը, հիմնավորումները և պահանջը.

Դիմողի ներկայացուցիչ Խ.Խաչատրյանը ներկայացրել է վճռաբեկ բողոքի պատասխան, որում վերլուծելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 23-րդ և 247-րդ հոդվածները, դիրքորոշում է արտահայտել այն մասին, որ դատավարական օրենսգիրքը մրցակցության պայմաններում կողմերին իրավունք է վերապահում հարցեր ուղղել անկողմնակալ փորձագետին՝ անկախ քրեական վարույթն իրականացնող մարմնից: Վերոգրյալի հիման վրա ներկայացուցիչ Խ.Խաչատրյանը գտել է, որ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Հ.Ասլանյանի վճռաբեկ բողոքն անհիմն է և ենթակա է մերժման:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

7. Առաջին ատյանի դատարանը 2019 թվականի դեկտեմբերի 13-ի որոշմամբ նշել է հետևյալը. «(…) Դատարանն արձանագրում է, որ մեղադրյալը փորձագետին հարցեր առաջադրելու իր իրավունքն արդեն իսկ իրացրել է փորձաքննության կատարման հիմքը դնողի՝ քրեական վարույթն իրականացնող քննիչի միջոցով, ուստի տվյալ պարագայում մեղադրյալի իրավունքները չեն խախտվել, փորձաքննության կատարման օբյեկտիվության հետ կապված կասկածներ և օբյեկտիվության ու լրիվության ապահովման համար լրացուցիչ միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտություն չկա, դրա լրիվության ապահովման նպատակով փորձագետներին արդեն իսկ տրամադրվել են անհրաժեշտ նյութերն ու ապահովվել փորձաքննվող օբյեկտի տեղում հետազոտումը:

Հետևաբար վիճարկվող որոշումները կայացվել են դատավարական օրենսդրության պահանջներին համապատասխան, իսկ բողոքաբերի պատճառաբանություններն անհիմն են և հանդիսանում են բողոքաբերի սուբյեկտիվ կարծիքը, ուստի բավարար չեն` վիճելի որոշման հետևանքով իրավունքների խախտում արձանագրելու համար:

Միաժամանակ դատարանը գտնում է, որ բողոքաբերի միջնորդության մերժման արդյունքում նախաքննության մարմնի կողմից թույլ չեն տրվել բողոքաբերի իրավունքների և ազատությունների այնպիսի խախտումներ, որոնք հնարավոր չէ վերացնել դատաքննության ընթացքում: Այլ կերպ՝ դատարանը գտնում է, որ բողոքում և դատաքննությամբ նշված որոշումները մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության առարկա չեն հանդիսանում, քանի որ փորձաքննություն նշանակելու միջնորդության հարուցումը դատավարության ավելի ուշ փուլում՝ դատարանում գործն ըստ էության քննելիս, անհնար չէ, և որ քննիչի ու դատախազի որոշումները չեն հանգեցնում քրեական գործով մեղադրյալ Աշոտ Մարկոսյանի իրավունքների և օրինական շահերի անհամարժեք սահմանափակման:

Բացի այդ՝ դատարանն արձանագրում է, որ նախաքննության մարմնի կողմից իրականացվող ապացուցողական գործունեությանը (ապացույցներ հավաքելը, ստուգելը և գնահատելը) և ընդհանրապես վարույթն իրականացնող մարմնի գործառույթներին դատարանի միջամտությունն ոչ միայն չի բխում մինչդատական վարույթի նկատմամբ իրականացվող դատական վերահսկողության խնդիրներից, այլև նման միջամտության անթույլատրելիությունն անհրաժեշտ նախապայման է` դատարանի անկողմնակալության և անմեղության կանխավարկածի սկզբունքների պահպանության համար:

Հաշվի առնելով, որ բողոքարկվող որոշումները կայացվել են օրենքին համապատասխան, դրանցով անձի իրավունքների կամ ազատությունների` խախտված լինելու վերաբերյալ բավարար հիմնավորումներ դատարանին չեն ներկայացվել, վարույթն իրականացնող մարմնի գործողությունների և որոշումների օրինականության ստուգման ընթացակարգերը և ժամկետները պահպանվել են` դատարանը գտնում է, որ բողոքն ամբողջությամբ անհիմն է և ենթակա է մերժման»2:

8. Վերաքննիչ դատարանը, 2020 թվականի փետրվարի 14-ի որոշմամբ բեկանելով Առաջին ատյանի դատարանի որոշումը, արձանագրել է հետևյալը. «(…) Վերաքննիչ դատարանը գտնում է, որ փորձագետին ուղղակիորեն լրացուցիչ հարցեր առաջադրելու մեղադրյալի իրավունքների իրացումը դատավարության ավելի ուշ փուլում` դատարանում գործն ըստ էության քննելիս հնարավոր չէ` այդ փորձաքննությունն ավարտված լինելու պատճառով, այն անուղղակիորեն հնարավոր է լրացուցիչ կամ կրկնակի փորձաքննությունների միջոցով, եթե դատական քննության ընթացքում նշանակվեն այդպիսի փորձաքննություններ: Բացի այդ, իրավունքների խախտումը դադարեցնելու պահանջը մերժելը կարող է հանգեցնել մեղադրյալի իրավունքների և օրինական շահերի անհամարժեք սահմանափակման: Մասնավորապես, արդեն իսկ նշանակված փորձաքննության շրջանակներում փորձագետներին լրացուցիչ հարցեր առաջադրելու մեղադրյալի իրավունքների սահմանափակումը, այնուհետև դատական քննության ընթացքում լրացուցիչ կամ կրկնակի փորձաքննությունների կատարումը կարող է էապես ձգձգել գործի քննության ողջամիտ ժամկետները, որով անհամարժեքորեն կարող են երկարաձգվել անձի` մեղադրյալի (ամբաստանյալի) կարգավիճակում գտնվելու ժամկետները` դրանից բխող բոլոր բացասական հետևանքներով: Բացի այդ, փորձագետներին լրացուցիչ հարցեր առաջադրելու` մեղադրյալի իրավունքների իրացման հնարավորություն տալու դեպքում կարող է ստացվել այնպիսի փորձագիտական եզրակացություն, որի պայմաններում հնարավոր է մեղադրյալի նկատմամբ քրեական հետապնդման դադարեցումը, ինչպես նաև քրեական գործի կարճումը`դեռևս քրեական գործի նախնական քննության փուլում:

Ընդ որում, պետք է ընդգծել, որ դիմողի ներկայացուցչի բողոքի քննության ընթացքում դատախազը չի վիճարկել այն հանգամանքը, որ քննիչի որոշումը կարող է հանդիսանալ մինչդատական վարույթում դատական վերահսկողության առարկա, ինչպես նաև վերաքննիչ բողոք չի ներկայացրել դատարանի որոշման դեմ` այն մասով, որով վերջինս ըստ էության քննության է առել դիմողի ներկայացուցչի բողոքը և վերևում շարադրված պատճառաբանություններով մերժել այն: (…)

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 247-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի տառացի մեկնաբանությամբ Վերաքննիչ դատարանը գալիս է այն հետևության, որ փորձաքննություն նշանակելիս և կատարելիս մեղադրյալն իրավունք ունի փորձագետին առաջադրել լրացուցիչ հարցեր: Ընդ որում, պետք է նկատի ունենալ մեղադրյալի այդ իրավունքը օրենքով սահմանափակված չէ քննիչի հայեցողությամբ: Բոլոր այն դեպքերում, երբ օրենսդիրը մեղադրյալի որևէ իրավունքի իրացումը անհրաժեշտ է համարել պայմանավորել քննիչի հայեցողությամբ, դա կատարել է օրենքում ուղղակիորեն այն մատնանշելով:

Այսպես, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 247-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն` փորձաքննություն նշանակելիս և կատարելիս մեղադրյալն իրավունք ունի միջնորդել, որ փորձագետ նշանակվի իր մատնանշած անձանց թվից, և տվյալ դեպքում քննիչն է որոշելու` բավարարել թե մերժել այդ միջնորդությունը:

Փորձագետին լրացուցիչ հարցեր առաջադրելու մեղադրյալի իրավունքի իրացման հնարավորությունն ընձեռելը պայմանավորված է նաև քրեական հետապնդում իրականացնող մարմնի ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված այն պարտականությունից, որով վերջինս պարտավոր է ձեռնարկել սույն օրենսգրքով նախատեսված բոլոր միջոցառումները` գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման համար, պարզել ինչպես կասկածյալի և մեղադրյալի մեղավորությունը հիմնավորող, այնպես էլ նրանց արդարացնող, ինչպես նաև նրանց պատասխանատվությունը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները:

Փորձագետին` փորձաքննության առարկային չվերաբերող հարցեր առաջադրելու վերաբերյալ կասկածները փարատվում է նրանով, որ փորձագետը համապատասխան պատճառաբանությամբ իրավունք ունի չպատասխանել այդ հարցերին:

Ի վերջո, փորձագետի եզրակացությունը ապացույցի տեսակ է, որի հետևությունները կողմերը գնահատելու հնարավորություն ունեն, իսկ դրա հետ համաձայն չլինելու կամ կասկած հարուցելու դեպքում իրավունք ունեն նշանակելու կամ միջնորդելու, որ նշանակվի լրացուցիչ կամ կրկնակի փորձաքննություն:

Վերաքննիչ դատարանի գնահատմամբ, պաշտպան Խ.Խաչատրյանի կողմից փորձագետին առաջադրված հարցերը վերաբերում են նշանակված և կատարվող փորձաքննության առարկային, ըստ այդմ, հիմնավորված չէ Առաջին ատյանի դատարանի այն պատճառաբանությունը, թե մեղադրյալը փորձագետին հարցեր առաջադրելու իր իրավունքն արդեն իսկ իրացրել է փորձաքննության կատարման հիմքը դնողի` քննիչի միջոցով, և փորձաքննության լրիվության ապահովման լրացուցիչ միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտություն չկա:

Եթե անգամ պայմանականորեն ընդունենք, թե փորձաքննություն կատարելիս մեղադրյալը փորձագետին լրացուցիչ հարցեր կարող է առաջադրել միայն քննիչի միջոցով, ապա այդ պարագայում ևս քննիչը չի կարող սահմանափակել մեղադրյալի այդ իրավունքը և ներկայացված հարցերը չառաջադրել փորձագետին:

Վերոգրյալների հիման վրա Վերաքննիչ դատարանը գալիս է այն հետևության, որ փորձագետին լրացուցիչ հարցեր առաջադրելու մեղադրյալի իրավունքների խախտումը դադարեցնելու վերաբերյալ վարույթն իրականացնող մարմնին պաշտպան Խ.Խաչատրյանի ներկայացրած պահանջը եղել է իրավաչափ, քանի որ դրանով խախտվել և անհամարժեք սահմանափակվել են մեղադրյալ Ա.Մարկոսյանի իրավունքները և օրինական շահերը:

Այսպիսով, բերված վերաքննիչ բողոքների հիման վրա ստուգելով «Բողոքը քննության առնելու մասին» Առաջին ատյանի դատարանի որոշման օրինականությունը և հիմնավորվածությունը, Վերաքննիչ դատարանը հանգում է այն հետևության, որ դրանք ենթակա են բավարարման, իսկ որոշումը պետք է բեկանել` դիմողի ներկայացուցիչ Խ.Խաչատրյանի բողոքը ճանաչել հիմնավորված և վարույթն իրականացնող մարմնին պարտավորեցնել վերացնելու մեղադրյալ Ա.Մարկոսյանի իրավունքների և ազատությունների խախտումը` ապահովելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 247-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով նախատեսված` փորձագետին լրացուցիչ հարցեր առաջադրելու վերջինիս իրավունքի իրացումը (...)»3:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

9. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. փորձաքննություն նշանակելիս և կատարելիս կասկածյալի, մեղադրյալի կամ տուժողի կողմից փորձագետին լրացուցիչ հարցեր առաջադրելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու մասին վարույթն իրականացնող մարմնի որոշումը հանդիսանում է արդյո՞ք մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության առարկա:

10. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի համաձայն` «1. Հետաքննության մարմնի աշխատակցի, քննիչի, դատախազի, օպերատիվ-հետախուզական գործողություններ իրականացնող մարմինների` սույն օրենսգրքով նախատեսված որոշումների և գործողությունների օրինական և հիմնավոր չլինելու դեմ բողոքները դատարան կարող են ներկայացվել կասկածյալի, մեղադրյալի, պաշտպանի, տուժողի, քրեական դատավարության մասնակիցների, այլ անձանց կողմից, որոնց իրավունքները և օրինական շահերը խախտվել են այդ որոշումներով և գործողություններով, և եթե նրանց բողոքները չեն բավարարվել դատախազի կողմից:

2. Սույն հոդվածի առաջին մասում նշված անձինք իրավունք ունեն նաև դատարան բողոքարկել հանցագործությունների վերաբերյալ հաղորդումներն ընդունելուց, քրեական գործ հարուցելուց հետաքննության մարմնի, քննիչի և դատախազի հրաժարվելը, ինչպես նաև քրեական գործը կասեցնելու, կարճելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումները` սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում»:

Մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության հարցին Վճռաբեկ դատարանն անդրադարձել է Ներսես Միսակյանի գործով կայացված որոշման մեջ, որտեղ իրավական դիրքորոշում է ձևավորել այն մասին, որ «(…) Մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության խնդիրներն են`

- դատավարության մասնակիցների և այլ անձանց իրավունքների և ազատությունների, օրինական շահերի պահպանության ապահովումը,

- դատավարության մասնակիցների և այլ անձանց խախտված իրավունքների և ազատությունների վերականգնումը մինչդատական վարույթում:

Մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողությունը դատավարական օրենքով նախատեսված միջոցների համակարգ է, որն ուղղված է դատական իշխանության սահմանադրական գործառույթների իրականացմանը գործի մինչդատական վարույթում` նպատակ ունենալով թույլ չտալ անձի իրավունքների և ազատությունների անօրեն և չհիմնավորված սահմանափակումներ, ինչպես նաև վերականգնել խախտված իրավունքներն ու ազատությունները (…):

(…) մինչդատական վարույթի ընթացքում քրեադատավարական օրենսգրքով նախատեսված որոշումները և գործողությունները, որոնք կարող են խախտել դատավարության մասնակիցների իրավունքներն ու ազատությունները կամ խոչընդոտել արդարադատության մատչելիությանը, կարող են բողոքարկվել վարույթն իրականացնող մարմնի գտնվելու վայրի դատարան»4:

Անդրադառնալով դատական վերահսկողության սահմաններին՝ Վճռաբեկ դատարանը Վարուժան Մանուկյանի գործով որոշման մեջ նշել է, որ «(…) մինչդատական վարույթի նկատմամբ հետագա դատական վերահսկողության կարգով բողոքարկման ենթակա են նախնական քննության մարմինների այն որոշումները և գործողությունները (անգործությունը), որոնք խախտում են անձի իրավունքներն ու օրինական շահերը, ինչը, սակայն, չի նշանակում, որ քրեական դատավարության այս փուլում դատական կարգով բողոքարկման ենթակա որոշումների շրջանակն անսահմանափակ է: Մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության կարգով բողոքարկման ենթակա որոշումների շրջանակի հստակեցման նպատակով Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում սահմանել հետևյալ իրավական դիրքորոշումը. գործի նախնական քննության փուլում, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված որոշումներից զատ, դատարան կարող են բողոքարկվել քրեական հետապնդման մարմինների այն բոլոր որոշումներն ու գործողությունները (անգործությունը), որոնց բողոքարկումը դատավարության ավելի ուշ փուլում՝ դատարանում գործն ըստ էության քննելիս անհնար է, կամ այն կհանգեցնի անձի իրավունքների և օրինական շահերի անհամարժեք սահմանափակման»5:

11. Սույն որոշման նախորդ կետում մեջբերված իրավական դիրքորոշումների լույսի ներքո Վճռաբեկ դատարանը փաստում է, որ փորձաքննություն նշանակելիս և կատարելիս կասկածյալի, մեղադրյալի կամ տուժողի կողմից փորձագետին լրացուցիչ հարցեր առաջադրելու մասին վարույթն իրականացնող մարմնի որոշումը ներառված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված այն որոշումների ցանկում, որոնց համար օրենսդիրը նախատեսել է դատական բողոքարկման հնարավորություն: Բացի այդ, կասկածյալի, մեղադրյալի կամ տուժողի կողմից փորձագետին համապատասխան հարցեր ուղղելու հնարավորությունը կարող է իրացվել դատավարության ավելի ուշ փուլերում, այդ թվում՝ դատարանում գործն ըստ էության քննելիս՝ համապատասխան փորձաքննություն նշանակելու միջնորդությամբ հանդես գալու միջոցով և այն չի հանգեցնի անձի իրավունքների և օրինական շահերի անհամարժեք սահմանափակման: Ավելին, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նախաքննության մարմնի կողմից իրականացվող ապացուցողական գործունեությանը (ապացույցներ հավաքելը, ստուգելը և գնահատելը) դատարանի միջամտությունը ոչ միայն չի բխում մինչդատական վարույթի նկատմամբ իրականացվող դատական վերահսկողության խնդիրներից, այլև նման միջամտության անթույլատրելիությունն անհրաժեշտ նախապայման է դատարանի անկողմնակալության և անմեղության կանխավարկածի սկզբունքների պահպանման համար6:

Հիմք ընդունելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ փորձաքննություն նշանակելիս և կատարելիս կասկածյալի, մեղադրյալի կամ տուժողի կողմից փորձագետին լրացուցիչ հարցեր առաջադրելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու մասին վարույթն իրականացնող մարմնի որոշումը մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության առարկա չի հանդիսանում:

12. Սույն գործի նյութերից երևում է, որ.

- Առաջին ատյանի դատարանը, 2019 թվականի դեկտեմբերի 13-ի որոշմամբ արձանագրել է, որ դիմողը փորձագետին հարցեր առաջադրելու իր իրավունքն արդեն իսկ իրացրել է քրեական վարույթն իրականացնող քննիչի միջոցով, ուստի տվյալ պարագայում նրա իրավունքները չեն խախտվել, իսկ փորձաքննության կատարման օբյեկտիվության հետ կապված կասկածներ չկան, հետևաբար վիճարկվող որոշումները կայացվել են դատավարական օրենսդրության պահանջներին համապատասխան։ Միաժամանակ, արձանագրվել է, որ նախաքննության մարմնի կողմից իրականացվող ապացուցողական գործունեությանը (ապացույցներ հավաքելը, ստուգելը և գնահատելը) և ընդհանրապես վարույթն իրականացնող մարմնի գործառույթներին դատարանի միջամտությունը ոչ միայն չի բխում մինչդատական վարույթի նկատմամբ իրականացվող դատական վերահսկողության խնդիրներից, այլև նման միջամտության անթույլատրելիությունն անհրաժեշտ նախապայման է` դատարանի անկողմնակալության և անմեղության կանխավարկածի սկզբունքների պահպանման համար7,

- Վերաքննիչ դատարանը, բեկանելով Առաջին ատյանի դատարանի՝ 2019 թվականի դեկտեմբերի 13-ի որոշումը, արձանագրել է որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 247-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի տառացի մեկնաբանությամբ ստացվում է, որ փորձաքննություն նշանակելիս և կատարելիս, մեղադրյալն իրավունք ունի փորձագետին առաջադրել լրացուցիչ հարցեր, և մեղադրյալի այդ իրավունքը օրենքով սահմանափակված չէ քննիչի հայեցողությամբ՝ միաժամանակ փաստելով, որ Խ.Խաչատրյանի կողմից փորձագետին առաջադրված հարցերը վերաբերում են նշանակված և կատարվող փորձաքննության առարկային, ըստ այդմ, հիմնավորված չէ Առաջին ատյանի դատարանի այն պատճառաբանությունը, թե մեղադրյալը փորձագետին հարցեր առաջադրելու իր իրավունքն արդեն իսկ իրացրել է փորձաքննության կատարման հիմքը դնողի` քննիչի միջոցով, և փորձաքննության լրիվության ապահովման լրացուցիչ միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտություն չկա, իսկ այն դեպքում, եթե պայմանականորեն ընդունվեր, թե փորձաքննություն կատարելիս մեղադրյալը փորձագետին լրացուցիչ հարցեր կարող է առաջադրել միայն քննիչի միջոցով, ապա այդ պարագայում ևս քննիչը չէր կարող սահմանափակել մեղադրյալի այդ իրավունքը և ներկայացված հարցերը չառաջադրել փորձագետին8:

Բացի այդ, Վերաքննիչ դատարանը գտել է, որ փորձագետին ուղղակիորեն լրացուցիչ հարցեր առաջադրելու մեղադրյալի իրավունքների իրացումը դատավարության ավելի ուշ փուլում` դատարանում գործն ըստ էության քննելիս հնարավոր չէ` այդ փորձաքննությունն ավարտված լինելու պատճառով, այն անուղղակիորեն հնարավոր է լրացուցիչ կամ կրկնակի փորձաքննությունների միջոցով, եթե դատական քննության ընթացքում նշանակվեն այդպիսի փորձաքննություններ, իսկ արդեն նշանակված փորձաքննության շրջանակներում փորձագետներին լրացուցիչ հարցեր առաջադրելու մեղադրյալի իրավունքների սահմանափակումը, այնուհետև դատական քննության ընթացքում լրացուցիչ կամ կրկնակի փորձաքննությունների կատարումը կարող է էապես ձգձգել գործի քննության ողջամիտ ժամկետները, որով անհամարժեքորեն կարող են երկարաձգվել անձի` մեղադրյալի (ամբաստանյալի) կարգավիճակում գտնվելու ժամկետները` դրանից բխող բոլոր բացասական հետևանքներով: Բացի այդ, փորձագետներին լրացուցիչ հարցեր առաջադրելու` մեղադրյալի իրավունքի իրացման հնարավորություն տալու դեպքում կարող է ստացվել այնպիսի փորձագիտական եզրակացություն, որի պայմաններում հնարավոր է մեղադրյալի նկատմամբ քրեական հետապնդման դադարեցում, ինչպես նաև քրեական գործի կարճում` դեռևս քրեական գործի նախնական քննության փուլում9:

13. Սույն որոշման նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով 10-11-րդ կետերում նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանը, իրականացնելով փորձաքննություն նշանակելիս և կատարելիս մեղադրյալի կողմից փորձագետին լրացուցիչ հարցեր առաջադրելու մասին միջնորդության վերաբերյալ վարույթն իրականացնող մարմնի որոշման օրինականության և հիմնավորվածության դատական ստուգում, դուրս է եկել մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության իր լիազորությունների շրջանակներից, ինչի արդյունքում խախտվել է ՀՀ Սահմանադրության 5-րդ և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 7-րդ հոդվածներով սահմանված օրինականության սկզբունքը:

14. Ամփոփելով վերոշարադրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Առաջին ատյանի դատարանի՝ 2019 թվականի դեկտեմբերի 13-ի որոշման օրինականության և հիմնավորվածության ստուգման ընթացքում Վերաքննիչ դատարանի կողմից թույլ են տրվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 358-րդ հոդվածի պահանջների խախտումներ, որոնք էական են, քանի որ ազդել են գործով ճիշտ որոշում կայացնելու վրա, ինչը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի հիման վրա, Վերաքննիչ դատարանի՝ 2020 թվականի փետրվարի 14-ի որոշումը բեկանելու հիմք է:

15. Հաշվի առնելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանն այլևս չի անդրադառնում բողոքաբերի՝ սույն որոշման 5.1-րդ կետում նշված փաստարկներին։

16. Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դիմողի ներկայացուցիչ Խ.Խաչատրյանի բողոքը մերժելով, Առաջին ատյանի դատարանը թույլ չի տվել դատական սխալ և կայացրել է գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտ, ուստի պետք է օրինական ուժ տալ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2019 թվականի դեկտեմբերի 13-ի որոշմանը:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ և 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 39-րդ, 43-րդ, 361.1-րդ, 415.1-րդ, 418.1-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2020 թվականի փետրվարի 14-ի որոշումը բեկանել և օրինական ուժ տալ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2019 թվականի դեկտեմբերի 13-ի որոշմանը՝ հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

_________________

1 Համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի անցումային դրույթները կարգավորող 483-րդ հոդվածի 8-րդ մասի՝ սույն բողոքը քննվում է մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը գործող կարգով:

2 Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթեր 64-79:

3 Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթեր 151-171:

4 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Ներսես Միսակյանի գործով 2009 թվականի ապրիլի 10-ի թիվ ԱՐԴ1/0003/11/08 որոշման 12-րդ կետը

5 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Վարուժան Մանուկյանի գործով 2010 թվականի նոյեմբերի 5-ին կայացված թիվ ԵԿԴ/0060/11/10 որոշման 16-րդ կետը։

6 Նշված սկզբունքների մասին mսtatis mսtaոdis տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Արմեն Բաբայանի և Սուրեն Թումանյանի գործով 2011 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ ԵԷԴ/0044/01/11 որոշման 14-րդ կետը։

7 Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը։

8 Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը։

9 Տե՛ս նույն տեղում։

 

Նախագահող`

Հ. Ասատրյան

Դատավորներ`

Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆ

Ե. Դանիելյան

Լ. Թադևոսյան

Ս. Օհանյան

 

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան