Գլխավոր տեղեկություն
Համար
N 1481-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (31.03.2023-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.09.06-2021.09.19 Պաշտոնական հրապարակման օրը 17.09.2021
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
16.09.2021
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
17.09.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.09.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

16 սեպտեմբերի 2021 թվականի N 1481-Ն

 

ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻ, ԱԱՀ, ակցիզային հարկի ԵՎ բնապահպանական հարկի ՎՃԱՐՈՒՄԸ ՀԵՏԱՁԳԵԼՈՒ ԿԱՄ ՏԱՐԱԺԱՄԿԵՏ ՎՃԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԵՎ ՉԵՂՅԱԼ ՃԱՆԱՉՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը լրաց. 29.09.22 N 1495-Ն)

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածը և «Մաքսային կարգավորման մասին» օրենքի 45-րդ հոդվածի 7-րդ մասը, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 78-րդ հոդվածի 5.1-ին, 99-րդ հոդվածի 2.1-ին մասերը և 181-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

(նախաբանը լրաց. 29.09.22 N 1495-Ն, փոփ. 30.03.23 N 400-Ն)

1. Սահմանել մաքսային մարմնի կողմից ներմուծման մաքսատուրքի, ԱԱՀ-ի, ակցիզային հարկի և բնապահպանական հարկի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետ վճարելու մասին որոշման ընդունման և չեղյալ ճանաչման կարգը՝ համաձայն հավելվածի։

(1-ին կետը լրաց. 29.09.22 N 1495-Ն)

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
փոխվա
րչապետ

Ս. ՊԱՊԻԿՅԱՆ

 

Երևան


17.09.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ կառավարության 2021 թվականի

սեպտեմբերի 16-ի N 1481-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻ, ԱԱՀ, ակցիզային հարկի ԵՎ բնապահպանական հարկի ՎՃԱՐՈՒՄԸ ՀԵՏԱՁԳԵԼՈՒ ԿԱՄ ՏԱՐԱԺԱՄԿԵՏ ՎՃԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԵՎ ՉԵՂՅԱԼ ՃԱՆԱՉՄԱՆ

(վերնագիրը լրաց. 29.09.22 N 1495-Ն)

 

1․ Սույն կարգով կարգավորվում են մաքսային մարմնի կողմից ներմուծման մաքսատուրքի, ԱԱՀ-ի, ակցիզային հարկի և բնապահպանական հարկի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետ վճարելու մասին որոշման ընդունման և չեղյալ ճանաչման հետ կապված հարաբերությունները՝ «Մաքսային կարգավորման մասին» օրենքի 45-րդ հոդվածի 7-րդ մասին, 2017 թվականի ապրիլի 11-ի «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» պայմանագրի N 1 հավելվածով հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի (այսուհետ՝ օրենսգիրք) 59-րդ հոդվածի 5-րդ կետին, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 78-րդ հոդվածի 5.1-ին, 99-րդ հոդվածի 2.1-ին մասերին և 181-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետին համապատասխան։

(1-ին կետը խմբ. 29.09.22 N 1495-Ն, 30.03.23 N 400-Ն)

2. Մաքսային մարմնի կողմից ներմուծման մաքսատուրքի, ԱԱՀ-ի, ակցիզային հարկի և բնապահպանական հարկի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետ վճարելու մասին որոշման ընդունման նպատակով մաքսային հայտարարագրի ներկայացմանը զուգահեռ մաքսային մարմին է ներկայացվում սույն կարգի N 1 ձևին համապատասխան դիմում (այսուհետ՝ դիմում)՝ էլեկտրոնային կամ թղթային եղանակով։

(2-րդ կետը լրաց. 29.09.22 N 1495-Ն)

2.1. Նախնական մաքսային հայտարարագրով հայտարարագրվող ապրանքների ներմուծման մաքսատուրքի, ԱԱՀ-ի, ակցիզային հարկի և բնապահպանական հարկի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետ վճարելու համար հայտարարատուն կարող է մաքսային մարմին ներկայացնել մեկ դիմում մեկ տարին չգերազանցող՝ հայտարարատուի կողմից խնդրարկված ժամանակահատվածում իրականացվող ներմուծումների համար` սույն կարգի N 1 ձևին համապատասխան։

(2.1-ին կետը լրաց. 24.03.22 N 381-Ն, 29.09.22 N 1495-Ն)

3. Դիմումը թղթային եղանակով ներկայացվելու դեպքում այն ներկայացվում է ստորագրված և կնքված (առկայության դեպքում), իսկ էլեկտրոնային եղանակով ներկայացվելու դեպքում ստորագրված՝ էլեկտրոնային թվային ստորագրությամբ։

4. Դիմումը ներկայացվում է հայտարարատուի կամ մաքսային ներկայացուցչի կողմից։

5. Դիմումը ներկայացվում է այն մաքսային մարմին, որին ներկայացվել կամ ներկայացվելու է մաքսային հայտարարագիրը։

(5-րդ կետը լրաց. 24.03.22 N 381-Ն)

6. Դիմումը գրանցվում է համապատասխան մաքսային մարմնի կողմից` ստանալով հաշվառման համար:

7. Դիմումում նշման ենթակա տեղեկություններն են՝

1) հայտարարատու ֆիզիկական անձի և անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը, հայրանունը (անձնագրում հայրանվան առկայության դեպքում), իրավաբանական անձի անվանումը.

2) հայտարարատուի հասցեն (իրավաբանական անձի դեպքում՝ գտնվելու վայրի հասցեն, անհատ ձեռնարկատիրոջ կամ ֆիզիկական անձի դեպքում՝ հաշվառման հասցեն), հեռախոսահամարը, էլեկտրոնային հասցեն.

3) հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)` իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի դեպքում, կամ անձը հաստատող փաստաթղթի տվյալները՝ ֆիզիկական անձի դեպքում.

4) ներմուծման մաքսատուրքի, ԱԱՀ-ի, ակցիզային հարկի և բնապահպանական հարկի վճարման ժամկետների փոփոխության ձևի վերաբերյալ տեղեկություն (հետաձգում կամ տարաժամկետ վճարում).

5) ներմուծման մաքսատուրքի, ԱԱՀ-ի, ակցիզային հարկի և բնապահպանական հարկի գումարը, որի մասով խնդրարկվում է հետաձգման կամ տարաժամկետ վճարման հնարավորության տրամադրում, ընդ որում՝ նախնական հայտարարագրման առանձնահատկություններով ներմուծվող ապրանքների համար նշվում է մաքսատուրքի, ԱԱՀ-ի, ակցիզային հարկի և բնապահպանական հարկի գծով այն պարտավորությունների առավելագույն հանրագումարը, որոնք կարող են միաժամանակ առաջանալ խնդրարկվող ժամանակահատվածում ներկայացվելիք նախնական մաքսային հայտարարագրերի հիման վրա ներմուծվող և բաց թողնվող ապրանքների համար.

6) ներմուծման մաքսատուրքի, ԱԱՀ-ի, ակցիզային հարկի և բնապահպանական հարկի հետաձգման կամ տարաժամկետ վճարման ժամկետը՝ լրիվ ամիսներով.

7) ներմուծման մաքսատուրքի, ԱԱՀ-ի, ակցիզային հարկի և բնապահպանական հարկի փուլային վճարման առաջարկվող ժամանակացույցը՝ ներմուծման մաքսատուրքի, ԱԱՀ-ի, ակցիզային հարկի և բնապահպանական հարկի տարաժամկետ վճարման դեպքում.

8) օրենսգրքի 59-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետերով սահմանված հիմքերի առկայության վերաբերյալ տեղեկատվություն.

9) դիմումի ներկայացման ամսաթիվը և դիմումատուի ստորագրությունը։

(7-րդ կետը լրաց. 24.03.22 N 381-Ն, լրաց., փոփ. 29.09.22 N 1495-Ն)

8. Դիմումին կից ներկայացվում են օրենսգրքի 59-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետերով սահմանված հիմքերի առկայությունը հիմնավորող փաստաթղթերը, իսկ ներմուծման մաքսատուրքի մասով` նաև օրենսգրքի 58-րդ հոդվածով սահմանված՝ ներմուծման մաքսատուրքի գծով պարտավորության կատարման ապահովումը հաստատող փաստաթղթերը:

(8-րդ կետը խմբ. 29.09.22 N 1495-Ն)

9. Ներմուծման մաքսատուրքի գծով պարտավորության կատարման ապահովումը հաստատող փաստաթղթի ներկայացում չի պահանջվում այն դեպքում, երբ դիմումատուն ընդգրկված է լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրում և հանդիսանում է ապրանքների հայտարարատու:

10. Ներմուծման մաքսատուրքի, ԱԱՀ-ի, ակցիզային հարկի և բնապահպանական հարկի վճարման ժամկետի հետաձգման կամ տարաժամկետ վճարման որոշումը մաքսային մարմնի կողմից ընդունվում կամ որոշման ընդունումը մերժվում է դիմումը մաքսային մարմնի կողմից գրանցվելուց հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում։

(10-րդ կետը լրաց. 29.09.22 N 1495-Ն)

11. Ներմուծման մաքսատուրքի, ԱԱՀ-ի, ակցիզային հարկի և բնապահպանական հարկի վճարման ժամկետի հետաձգման կամ տարաժամկետ վճարման մասին որոշումն ընդունվում կամ որոշման ընդունումը մերժվում է սույն կարգի NN 2 և 3 ձևերին համապատասխան:

(11-րդ կետը լրաց. 29.09.22 N 1495-Ն)

12. Մաքսային մարմինը մերժում է ներմուծման մաքսատուրքի, ԱԱՀ-ի, ակցիզային հարկի և բնապահպանական հարկի վճարման ժամկետի հետաձգման կամ տարաժամկետ վճարման մասին որոշման ընդունումը, եթե՝

1) դիմումի մեջ բացակայում են սույն կարգի 7-րդ կետում նշված տեղեկությունները.

2) չեն ներկայացվել սույն կարգի 8-րդ կետով սահմանված փաստաթղթերը.

3) դիմումը ներկայացնելու պահին առկա են մաքսատուրքի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի գծով սահմանված ժամկետում չկատարված պարտավորություններ.

4) դիմումատուի (իրավաբանական անձի դեպքում՝ հիմնադրի կամ տնօրենի), նկատմամբ հարուցվել է քրեական գործ՝ մաքսային և հարկային օրենսդրության խախտման համար.

5) դիմումատուն սնանկության դատարանի որոշմամբ ճանաչվել է սնանկ, կամ սնանկության դատարանում քննվում է նրան սնանկ ճանաչելու պահանջի մասին գործը:

(12-րդ կետը լրաց. 29.09.22 N 1495-Ն)

13. Եթե սույն կարգի 8-րդ կետով նշված փաստաթղթերը դիմումի հետ մեկտեղ չեն ներկայացվել մաքսային մարմին կամ ներկայացվել են թերի, ապա մաքսային մարմինը հարցում է ուղարկում դիմումատուին, որով տրամադրվում է 2 աշխատանքային օր ժամկետ չներկայացված կամ թերի ներկայացված փաստաթղթերի ներկայացման համար: Նշված ժամկետը չի ներառվում սույն կարգի 10-րդ կետով սահմանված ժամկետի մեջ: Սույն կետում նշված ժամկետում պահանջվող փաստաթղթերը չներկայացնելու կամ թերի ներկայացնելու դեպքում մաքսային մարմինը մերժում է դիմումը:

14. Մաքսային մարմինը ներմուծման մաքսատուրքի, ԱԱՀ-ի, ակցիզային հարկի և բնապահպանական հարկի վճարման ժամկետի հետաձգման կամ տարաժամկետ վճարման հնարավորության տրամադրման կամ մերժման վերաբերյալ որոշումը կայացնելուց հետո 1 աշխատանքային օրվա ընթացքում որոշումն ուղարկում է դիմումատուին։

(14-րդ կետը լրաց. 29.09.22 N 1495-Ն)

15. Մաքսային մարմնի կողմից ներմուծման մաքսատուրքի, ԱԱՀ-ի, ակցիզային հարկի և բնապահպանական հարկի վճարման ժամկետի հետաձգման կամ տարաժամկետ վճարման վերաբերյալ որոշման ընդունման դեպքում, նշված որոշման հետ, դիմումատուի կողմից ներկայացված առաջարկին համապատասխան, հաստատվում է նաև սույն կարգի N 4 ձևով սահմանված՝ ներմուծման մաքսատուրքի, ԱԱՀ-ի, ակցիզային հարկի և բնապահպանական հարկի փուլային վճարման ժամանակացույցը, որն ընդունված որոշման հետ ուղարկվում է դիմումատուին՝ սույն կարգի 14-րդ կետով սահմանված ժամկետում:

(15-րդ կետը լրաց. 29.09.22 N 1495-Ն)

16. Ներմուծման մաքսատուրքի, ԱԱՀ-ի, ակցիզային հարկի և բնապահպանական հարկի վճարման ժամկետի հետաձգման կամ տարաժամկետ վճարման վերաբերյալ որոշումը, մինչև ներմուծման մաքսատուրքի, ԱԱՀ-ի, ակցիզային հարկի և բնապահպանական հարկի վճարման գծով առկա պարտավորության կատարումը, կարող է մաքսային մարմինների նախաձեռնությամբ կամ հայտարարատուի դիմումի հիման վրա չեղյալ ճանաչվել, եթե հայտնաբերվել են դիմումատուի կողմից անարժանահավատ և (կամ) ոչ ամբողջական տեղեկություններ, ինչպես նաև դիմումատուի կողմից կեղծված փաստաթղթերի ներկայացման հանգամանք։

(16-րդ կետը լրաց. 24.03.22 N 381-Ն, 29.09.22 N 1495-Ն)

17. Սույն կարգի 16-րդ կետով նախատեսված դեպքում համապատասխան հանգամանքի բացահայտման կամ հայտարարատուի կողմից դիմումի ներկայացման օրվանից 2 աշխատանքային օրվա ընթացքում մաքսային մարմնի կողմից կայացվում է ներմուծման մաքսատուրքի, ԱԱՀ-ի, ակցիզային հարկի և բնապահպանական հարկի վճարման ժամկետի հետաձգման կամ տարաժամկետ վճարման մասին որոշումը չեղյալ ճանաչելու մասին որոշում՝ սույն կարգի N 5 ձևին համապատասխան:

(17-րդ կետը լրաց. 24.03.22 N 381-Ն, 29.09.22 N 1495-Ն)

18. Ներմուծման մաքսատուրքի, ԱԱՀ-ի, ակցիզային հարկի և բնապահպանական հարկի վճարման ժամկետի հետաձգման կամ տարաժամկետ վճարման մասին որոշումը չեղյալ ճանաչելու մասին որոշումը՝ նշված որոշման ընդունման օրվանից 1 աշխատանքային օրվա ընթացքում ուղարկվում է մաքսատուրք և հարկեր վճարողին (այսուհետ` վճարող)։

(18-րդ կետը լրաց. 29.09.22 N 1495-Ն)

19. Եթե սույն կարգով նախատեսված որոշումները մաքսային մարմնի կողմից վճարողին են ուղարկվում նրա հասցեով` հանձնման մասին ծանուցմամբ պատվիրված նամակով, ապա ստացման օր է համարվում ծանուցման մեջ նշված հանձնման ամսաթիվը:

20. Եթե սույն կարգով նախատեսված որոշումները մաքսային մարմնի կողմից վճարողին են ուղարկվում էլեկտրոնային փոստի միջոցով, ապա ստացման օր է համարվում վճարողի էլեկտրոնային հասցեին ուղարկելու օրը:

 

Ձև N 1

 

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ

___________________________________________

Մաքսատուն-վարչության անվանումը

 

ԴԻՄՈՒՄ

 

ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻ, ԱԱՀ, ակցիզային հարկի ԵՎ բնապահպանական հարկի  ՎՃԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԻ ՀԵՏԱՁԳՄԱՆ ԿԱՄ ՏԱՐԱԺԱՄԿԵՏ ՎՃԱՐՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

(վերնագիրը լրաց. 29.09.22 N 1495-Ն)

 

Վճարողի անունը (իրավաբանական անձի դեպքում՝ անվանումը, իսկ անհատ ձեռնարկատիրոջ կամ ֆիզիկական անձի դեպքում՝ անունը, ազգանունը և հայրանունը).

_________________________________________________________________________________

_________________________________________________________________________________

Վճարողի հասցեն (իրավաբանական անձի դեպքում՝ գտնվելու վայրի հասցեն, անհատ ձեռնարկատիրոջ կամ ֆիզիկական անձի դեպքում՝ հաշվառման հասցեն), հեռախոսահամարը, էլեկտրոնային հասցեն.

_________________________________________________________________________________

_________________________________________________________________________________

Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)` իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի համար, անձը հաստատող փաստաթղթի համարը` ֆիզիկական անձանց համար.

_________________________________________________________________________________

_________________________________________________________________________________

Խնդրում եմ տրամադրել ներմուծման մաքսատուրքի, ԱԱՀ-ի, ակցիզային հարկի և բնապահպանական հարկի հետաձգման կամ տարաժամկետ վճարման (ընդգծել համապատասխան տարբերակը)

հնարավորություն` _________________________ դրամի չափով, __________________________ ամիս ժամկետով` հաշվի առնելով Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 59-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետերով սահմանված հետևյալ հիմքի (հիմքերի) առկայությունը.

_________________________________________________________________________________

_________________________________________________________________________________

_________________________________________________________________________________

_________________________________________________________________________________

_________________________________________________________________________________

_________________________________________________________________________________

_________________________________________________________________________________

_________________________________________________________________________________ :

 

Ներմուծման մաքսատուրքի, ԱԱՀ-ի, ակցիզային հարկի և բնապահպանական հարկի հետաձգման կամ տարաժամկետ վճարման հնարավորությունը խնդրում եմ տրամադրել __________________________ ժամանակահատվածում նախնական մաքսային հայտարարագրով հայտարարագրվող ապրանքների ներմուծման համար (լրացվում է միայն նախնական հայտարարագրման առանձնահատկություններով ներմուծվող ապրանքների համար):

 

ԴԻՄՈՂ`

_______________________________

(դիմումատուի անվանումը)

_______________________________

(ստորագրությունը)

 

«_____ » ___________  20   թ.

 

(ձևը խմբ. 24.03.22 N 381-Ն, լրաց. 29.09.22 N 1495-Ն)

 

Ձև N 2

 

ՈՐՈՇՈՒՄ

ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻ, ԱԱՀ-Ի, ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿԻ ԵՎ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՀԱՐԿԻ ՎՃԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԻ ՀԵՏԱՁԳՄԱՆ ԿԱՄ ՏԱՐԱԺԱՄԿԵՏ ՎՃԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ
(վերնագիրը խմբ. 29.09.22 N 1495-Ն)

1. Իրավաբանական անձի անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ, ֆիզիկական

անձի անունը, ազգանունը

2. Գրանցման համարը

3. Ընդունման ամսաթիվը

4. Ժամկետի հետաձգում/տարաժամկետ վճարում

       

5. Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքով սահմանված համապատասխան

հիմքը

       

6. Նախնական հայտարարագրման ժամանակահատվածը (լրացվում է միայն նախնական

հայտարարագրման առանձնահատկություններով ներմուծվող ապրանքների համար)

       

7. Մաքսային հայտարարագրի գրանցման համարը

 

8. Ներմուծման մաքսատուրքի գումարը, որի մասով ընդունվում է որոշումը

9. Ներմուծման մաքսատուրքի վճարման ժամկետի հետաձգման կամ տարաժամկետ վճարման ժամկետը

(ամիսներով)

10. Ներմուծման մաքսատուրքի գծով պարտավորության կատարման ապահովումը հաստատող փաստաթղթի վերաբերյալ տեղեկությունը (համարը, ամսաթիվը)

     

11. ԱԱՀ-ի գումարը, որի մասով ընդունվում է որոշումը

12. ԱԱՀ-ի վճարման ժամկետի հետաձգման կամ տարաժամկետ վճարման ժամկետը (ամիսներով)

   

13. Ակցիզային հարկի գումարը, որի մասով ընդունվում է որոշումը

14. Ակցիզային հարկի վճարման ժամկետի հետաձգման կամ տարաժամկետ վճարման ժամկետը (ամիսներով)

   

15. Բնապահպանական հարկի գումարը, որի մասով ընդունվում է որոշումը

16. Բնապահպանական հարկի վճարման ժամկետի հետաձգման կամ տարաժամկետ վճարման ժամկետը (ամիսներով)

   

17. Մաքսային մարմնի պաշտոնատար անձի անունը, ազգանունը, ստորագրությունը

 

(ձևը խմբ. 24.03.22 N 381-Ն, 29.09.22 N 1495-Ն)

 

Ձև N 3

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻ, ԱԱՀ, ակցիզային հարկի ԵՎ բնապահպանական հարկի ՎՃԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԻ ՀԵՏԱՁԳՈՒՄԸ ԿԱՄ ՏԱՐԱԺԱՄԿԵՏ ՎՃԱՐՈՒՄԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

(վերնագիրը լրաց. 29.09.22 N 1495-Ն)

 

Ուսումնասիրելով

______________________________________________ կողմից «______» __________20 _____ թ. ներկայացված` ներմուծման մաքսատուրքի, ԱԱՀ-ի, ակցիզային հարկի և բնապահպանական հարկի հետաձգման կամ տարաժամկետ վճարման (ընդգծել համապատասխան տարբերակը) հնարավորության տրամադրման վերաբերյալ դիմումը` կայացվել է որոշում` նշված հնարավորության տրամադրումը մերժելու վերաբերյալ` հիմք ընդունելով հետևյալ հանգամանքը (հանգամանքները).

1. __________________________________________________________________________

____________________________________________________________________________ ,

2. __________________________________________________________________________

____________________________________________________________________________,

3. __________________________________________________________________________

____________________________________________________________________________ :

 

____________________________________________________________________________

Մաքսային մարմնի պաշտոնատար անձի անունը, ազգանունը, ստորագրությունը

 

«_____» ___________ 20 ______ թ.

(ձևը լրաց. 29.09.22 N 1495-Ն)

Ձև N 4

 

ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻ, ԱԱՀ, ակցիզային հարկի ԵՎ բնապահպանական հարկի ՏԱՐԱԺԱՄԿԵՏ ՎՃԱՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ

(վերնագիրը լրաց. 29.09.22 N 1495-Ն)

 

N

Հերթական ամիսը` նշելով օր/ամիս/ամսաթիվը

Ներմուծման մաքսատուրքի, ԱԱՀ-ի, ակցիզային հարկի և բնապահպանական հարկի տարաժամկետ վճարման յուրաքանչյուր փուլին համապատասխան գումարի չափը

1

 

 

2

 

 

․․․

 

 

Ընդամենը

 

 

(ձևը լրաց. 29.09.22 N 1495-Ն)

 

Ձև N 5

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻ, ԱԱՀ, ակցիզային հարկի ԵՎ բնապահպանական հարկի ՎՃԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԻ ՀԵՏԱՁԳՄԱՆ ԿԱՄ ՏԱՐԱԺԱՄԿԵՏ ՎՃԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՉԵՂՅԱԼ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը լրաց. 29.09.22 N 1495-Ն)

 

«_____» ____________ 20 ______ թ. N ______ գրանցման համարով ներմուծման մաքսատուրքի, ԱԱՀ-ի, ակցիզային հարկի և բնապահպանական հարկի վճարման ժամկետի հետաձգման կամ տարաժամկետ վճարման մասին որոշումը ճանաչել չեղյալ` հաշվի առնելով հետևյալ հանգամանքը (հանգամանքները).

1. __________________________________________________________________________

____________________________________________________________________________ ,

2. __________________________________________________________________________

____________________________________________________________________________ :

 

 

____________________________________________________________________________

Մաքսային մարմնի պաշտոնատար անձի անունը, ազգանունը, ստորագրությունը

 

« _____» ____________ 20 ____ թ.

(ձևը լրաց. 29.09.22 N 1495-Ն)

(հավելվածը լրաց., խմբ. 24.03.22 N 381-Ն, լրաց., խմբ., փոփ. 29.09.22 N 1495-Ն, խմբ. 30.03.23 N 400-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

17.09.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 17 սեպտեմբերի 2021 թվական: