ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 մարտի 2023 թվականի N 415-Լ
«ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ՄԱՍԻՆ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հավանություն տալ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին» սահմանադրական օրենքի նախագծի (Պ-523-01.03.2023-ՄԻ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությանը:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմ:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ն. ՓաշինՅԱՆ |
Երևան |
30.03.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
«ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ՄԱՍԻՆ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» (Պ-523-01.03.2023-ՄԻ-011/0) ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ
«Մարդու իրավունքների պաշտպանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին» սահմանադրական օրենքի նախագծով (այսուհետ՝ նախագիծ) առաջարկվում է «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» սահմանադրական օրենքի (այսուհետ՝ օրենք) 13-րդ հոդվածի 5-րդ մասում «մեկ» բառը փոխարինել «երեք» բառով, ինչի արդյունքում Մարդու իրավունքների պաշտպանի ընտրության համար նախատեսված մեկամսյա ժամկետը փոխարինվում է եռամսյա ժամկետով:
Որպես նախագծի հիմնավորում նշվել է, որ նախատեսված փոփոխությունը պայմանավորված է «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 145-րդ հոդվածով և Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 138-րդ հոդվածով՝ Մարդու իրավունքների պաշտպանի ընտրության համար նախատեսված եռամսյա ժամկետով:
Այս կապակցությամբ հարկ ենք համարում հայտնել հետևյալը.
Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պաշտպանն անկախ պաշտոնատար անձ է, որը հետևում է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց, իսկ սույն օրենքով սահմանված դեպքերում` նաև կազմակերպությունների կողմից մարդու իրավունքների և ազատությունների պահպանմանը, նպաստում է խախտված իրավունքների և ազատությունների վերականգնմանը, իրավունքներին ու ազատություններին առնչվող նորմատիվ իրավական ակտերի կատարելագործմանը:
Միաժամանակ, օրենքի՝ «Պաշտպանին փոխարինելը» վերտառությամբ 14-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ Պաշտպանի բացակայության ժամանակահատվածում նրան փոխարինող դեպարտամենտի ղեկավարն իրականացնում է Պաշտպանին սույն օրենքով վերապահված լիազորությունները, բացառությամբ սույն օրենքի 26-րդ, 28-րդ հոդվածի 5-7-րդ մասերով, 29-րդ հոդվածի 1-4-րդ մասերով, 31-33-րդ հոդվածներով, 35-րդ հոդվածի 4-րդ մասով, 36-րդ հոդվածի 4-րդ մասով, 37-րդ հոդվածի 3-րդ մասով, 39-րդ հոդվածի 1-ին մասի 3-7-րդ և 9-րդ կետերով սահմանված լիազորությունների: Ինչպես կարելի է նկատել, բացառություն կազմող լիազորությունների շրջանակը բավականին լայն է:
«Հանրային ծառայության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ինքնավար պաշտոնը Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և (կամ) օրենքով սահմանված որոշակի ժամանակահատվածով նշանակովի կամ ընտրովի պաշտոն է, որն զբաղեցնող պաշտոնատար անձը Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում կոլեգիալ, իսկ օրենքով նախատեսված դեպքերում նաև անհատական հիմունքներով անկախության սկզբունքի հիման վրա ընդունում է որոշումներ, օրենքով նախատեսված դեպքերում համակարգում դրանց կատարումը, ինչպես նաև պատասխանատվություն է կրում իր պաշտոնից բխող նպատակների և խնդիրների իրականացման համար: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնն ինքնավար պաշտոն է:
Վերոնշյալ դրույթներից, ինչպես նաև օրենքով սահմանված կարգավորումներից բխում է, որ Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնն անհատական հիմունքներով իրականացվող պաշտոն է, ինչը ենթադրում է Մարդու իրավունքների պաշտպանին վերապահված գործառույթների իրականացումը վերջինիս կողմից՝ անձամբ: Նշված հանգամանքները հիմք ընդունելով՝ օրենսդիրն օրենքով այդ պաշտոնի ընտրության համար սահմանել է առավել կարճ ժամկետ՝ Մարդու իրավունքների պաշտպանին վերապահված գործառույթների իրականացումն ապահովելու համար:
Դեռևս «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» 2016 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-1-Ն սահմանադրական օրենքի ընդունման հիմնավորման մեջ նշված է, որ Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության գործունեության ընթացքում երկու անգամ Պաշտպանի պաշտոնը որոշակի ժամանակահատվածով թափուր է մնացել, ինչը խոչընդոտներ է առաջացրել կառույցի գործունեության համար և օրենքով սահմանվել են որոշակի երաշխիքներ Պաշտպանի պաշտոնը թափուր մնալու դեպքերի բացառման համար: Մինչդեռ նախագծով առաջարկվող ժամկետի փոփոխությունը թուլացնում է այդ նվազագույն երաշխիքը:
Ինչ վերաբերում է օրենքի և նախագծի հիմնավորման մեջ վկայակոչված՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 138-րդ և «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 145-րդ հոդվածով ամրագրված կարգավորումների միջև անհամապատասխանությանը, ապա գտնում ենք, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության և օրենքի համապատասխան դրույթների միջև հակասություն առկա չէ, սակայն «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 145-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետն ամրագրում է, որ Մարդու իրավունքների պաշտպանի ընտրությունն անցկացվում է պաշտոնը թափուր մնալուց հետո՝ եռամսյա ժամկետում, ինչը հակասում է օրենքի 13-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված՝ Պաշտպանի ընտրության անցկացման ժամկետի վերաբերյալ կարգավորմանը:
Միևնույն ժամանակ, նկատի ունենալով այն հանգամանքը, որ օրենքի 1-ին հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունները, գործունեության կարգը և երաշխիքները, Պաշտպանի ընտրության և լիազորությունների դադարեցման կարգը սահմանվում են այդ օրենքով, ինչին համապատասխան, օրենքի 13-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանվել է, որ օրենքով նախատեսված որոշակի հիմքերով Պաշտպանի լիազորությունները դադարելու դեպքում, բացառությամբ ժամկետն ավարտվելու հիմքով Պաշտպանի լիազորությունների դադարման դեպքի, Պաշտպանի ընտրությունն անցկացվում է նույն հոդվածի 4-րդ մասով սահմանված կարգով հաղորդագրության հրապարակման օրվանից հետո՝ մեկ ամսվա ընթացքում՝ նախագծով առաջարկվող փոփոխության փոխարեն առաջարկում ենք համապատասխան փոփոխություն կատարել «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 145-րդ հոդվածում՝ նախատեսելով, որ Մարդու իրավունքների պաշտպանի ընտրությունն անցկացվում է «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» սահմանադրական օրենքով սահմանված ժամկետում:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|