Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 39
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (28.03.2022-09.12.2023)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.05.01-2023.05.14 Պաշտոնական հրապարակման օրը 04.05.2023
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
17.03.2022
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
17.03.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.03.2022
Ուժը կորցնելու ամսաթիվ
09.12.2023

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

17 մարտի 2022 թվականի

թիվ 39

քաղ. Մոսկվա

 

ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՇԱՐԺԻՉՆԵՐՈՎ ՇԱՐԺԻՉԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՄԱՍՈՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 43-րդ և 45-րդ հոդվածներին, «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» հիմնադրույթի («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 1 հավելված) 16-րդ կետին, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 7-րդ և 16-րդ կետերին, Եվրասիական տնտեսական միության Մաքսային օրենսգրքի 266-րդ հոդվածի 8-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Մաքսային միության հանձնաժողովի 2009 թվականի նոյեմբերի 27-ի «Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսասակագնային կարգավորման մասին» թիվ 130 որոշման 7-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7.1.38 ենթակետով.

«7.1.38. ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8703 80 000 2 ծածկագրով դասակարգվող էլեկտրական շարժիչներով շարժիչային տրանսպորտային միջոցները, որոնք ներմուծվում են Հայաստանի Հանրապետություն՝ թվով 7 հազ. հատ 2022 թվականին և 8 հազ. հատ 2023 թվականին, Բելառուսի Հանրապետություն՝ 10 հազ. հատ 2022 թվականին և 15 հազ. հատ 2023 թվականին, Ղազախստանի Հանրապետություն՝ 10 հատ 2022 թվականին և 15 հատ 2023 թվականին, Ղրղզստանի Հանրապետություն՝ 5 հազ. հատ 2022 թվականին և 10 հազ. հատ 2023 թվականին։

Նշված սակագնային արտոնությունը տրամադրվում է անդամ պետության լիազորված մարմնի կողմից տրամադրված և այդպիսի ապրանքների ներմուծում իրականացնող անձի, այդ անձի կողմից ներմուծվող ապրանքների քանակության և դրանց արժեքի մասին տեղեկություններ պարունակող փաստաթուղթն անդամ պետության մաքսային մարմին ներկայացնելու պայմանով։

Այն ապրանքների տիրապետման, օգտագործման, տնօրինման իրավունքները, որոնց առնչությամբ կիրառվում է նշված սակագնային արտոնությունը, թույլատրվում է փոխանցել բացառապես Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության և Ղրղզստանի Հանրապետության անձանց։

Սույն կետով նախատեսված սակագնային արտոնությունը տրամադրվում է «բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ձևակերպվող (ձևակերպված) ապրանքների համար, որոնց վերաբերյալ ապրանքների հայտարարագիրը, իսկ մինչև ապրանքների հայտարարագիր ներկայացնելն ապրանքների բացթողման դեպքում՝ մինչև ապրանքների հայտարարագիր ներկայացնելն ապրանքների բացթողման մասին դիմումը գրանցվել են անդամ պետության մաքսային մարմնի կողմից Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2022 թվականի մարտի 17-ի թիվ 39 որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ։»։

2. Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի հուլիսի 15-ի թիվ 728 որոշմամբ հաստատված՝ Մաքսային միության միասնական մաքսային տարածք ապրանքների առանձին կատեգորիաների ներմուծման ժամանակ մաքսատուրքերի վճարումից ազատում կիրառելու կարգի 15-րդ կետում «7.1.37» թվերը փոխարինել «7.1.38» թվերով։

3. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2017 թվականի դեկտեմբերի 20-ի «Անձնական օգտագործման ապրանքների հետ կապված առանձին հարցերի մասին» թիվ 107 որոշման 3-րդ հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 9-րդ կետով.

«9. Ֆիզիկական անձինք կարող են մաքսատուրքերի, հարկերի վճարումից ազատմամբ ցանկացած եղանակով Միության մաքսային տարածք ներմուծել մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ժամկետով ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8703 80 000 2 ծածկագրով դասակարգվող էլեկտրական շարժիչներով շարժիչային տրանսպորտային միջոցներ (այսուհետ՝ էլեկտրական շարժիչներով շարժիչային տրանսպորտային միջոցներ) այն քանակությամբ, որը նախատեսված է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2022 թվականի մարտի 17-ի թիվ 39 որոշմամբ, համապատասխան տարում՝ համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության և Ղրղզստանի Հանրապետության համար, հետևյալ պայմանների միաժամանակյա պահպանման դեպքում.

նշված անդամ պետություններից որևէ մեկի քաղաքացիության առկայությունը.

այն անդամ պետությունում մշտական բնակության վայրը, որի քաղաքացին է նա.

նշված անդամ պետության լիազորված մարմնի կողմից տրամադրված և այդպիսի ապրանքների ներմուծում իրականացնող անձի, այդ անձի կողմից ներմուծվող ապրանքների քանակության և դրանց արժեքի մասին տեղեկություններ պարունակող փաստաթուղթը համապատասխան անդամ պետության մաքսային մարմին ներկայացնելը։

Չի թույլատրվում էլեկտրական շարժիչներով շարժիչային տրանսպորտային միջոցների տիրապետման, օգտագործման, տնօրինման իրավունքները փոխանցել այն անձանց, որոնք Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն և (կամ) Ռուսաստանի Դաշնությունում մշտական բնակության վայր ունեն։

Էլեկտրական շարժիչներով շարժիչային տրանսպորտային միջոցների ժամանակավոր ներմուծումը Ռուսաստանի Դաշնություն թույլատրվում է բացառապես այն անձանց, որոնք միաժամանակ բավարարում են սույն կետի երկրորդ և երրորդ պարբերություններում նշված պայմանները, այն դեպքում, երբ այդպիսի տրանսպորտային միջոցները գրանցված են Հայաստանի Հանրապետությունում, Բելառուսի Հանրապետությունում, Ղազախստանի Հանրապետությունում կամ Ղրղզստանի Հանրապետությունում։

Էլեկտրական շարժիչներով շարժիչային տրանսպորտային միջոցների օգտագործման և (կամ) տնօրինման սահմանափակումը գործում է մինչև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2017 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ 107 որոշման թիվ 2 հավելվածի 2-րդ աղյուսակի 4-րդ կետով նախատեսված չափով մաքսատուրքերը, հարկերը վճարելը, սակայն երեք տարուց ոչ ավելի ժամանակահատվածով, այն ուղևորային մաքսային հայտարարագիրը գրանցելու օրվանից, որին համապատասխան ապրանքները բաց են թողնվել ազատ շրջանառության մեջ։»։

4. ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8703 80 000 2 ծածկագրով դասակարգվող և Մաքսային միության հանձնաժողովի 2009 թվականի նոյեմբերի 27-ի «Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսասակագնային կարգավորման մասին» թիվ 130 որոշման 7-րդ կետի 7.1.38 ենթակետով նախատեսված սակագնային արտոնությունների կիրառմամբ կամ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2017 թվականի դեկտեմբերի 20-ի «Անձնական օգտագործման ապրանքների հետ կապված առանձին հարցերի մասին» թիվ 107 որոշման թիվ 3 հավելվածի 9-րդ կետին համապատասխան՝ մաքսատուրքերի, հարկերի վճարումից ազատմամբ ներմուծված էլեկտրական շարժիչներով շարժիչային տրանսպորտային միջոցների համար ձևակերպվում է տրանսպորտային միջոցի էլեկտրոնային անձնագիր՝ «Լրացուցիչ տեղեկատվությունը» վանդակում հետևյալ տեղեկատվության նշումով՝ «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2022 թվականի մարտի 17-ի թիվ 39 որոշմամբ դրվել են սահմանափակումներ»։

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից՝

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից՝

Ռուսաստանի Դաշնությունից՝

         

Մ. Գրիգորյան

Ի. Պետրիշենկո

Բ. Սուլթանով

Ա. Կոժոշև

Ա. Օվերչուկ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 4 մայիսի 2023 թվական: