Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (21.11.2022-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.03.20-2023.04.02 Պաշտոնական հրապարակման օրը 27.03.2023
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
21.11.2022
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
21.11.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.11.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում

Սնանկության գործ թիվ ՇԴ1/0006/04/18

2022 թ.

Սնանկության գործ թիվ ՇԴ1/0006/04/18

Նախագահող դատավոր՝

 Ա. Սմբատյան

 

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով՝

 

նախագահող

Մ. Դրմեյան

զեկուցող

Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ

Ս. Անտոնյան

Գ. Հակոբյան

Ս. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Ա. ՄԿՐՏՉՅԱՆ

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

 

2022 թվականի նոյեմբերի 21-ին

գրավոր ընթացակարգով քննելով «Արարատբանկ» ԲԲԸ-ի (այսուհետ՝ Բանկ) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 07.11.2019 թվականի որոշման դեմ՝ ըստ Բանկի դիմումի՝ «Դարի-կաթ» ՍՊԸ-ին (այսուհետ՝ Ընկերություն) սնանկ ճանաչելու պահանջի մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Բանկը պահանջել է Ընկերությանը ճանաչել սնանկ:

ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Ա. Խաչատրյան) 23.02.2018 թվականի վճռով դիմումը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 27042018 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքը բավարարվել է՝ ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 23.02.2018 վճիռը բեկանվել է, և գործն ուղարկվել է նոր քննության։

ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 18.09.2018 թվականի վճռով դիմումը բավարարվել է:

ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 01.10.2018 թվականի որոշմամբ Ընկերության սնանկության գործով կառավարիչ է նշանակվել Սերգեյ Դոյդոյանը, և նշանակվել է պարտատերերի առաջին ժողովը։

ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 26.11.2018 թվականի որոշմամբ հաստատվել է Ընկերության պարտատերերի պահանջների վերջնական ցուցակը։

ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 23.01.2019 թվականի որոշմամբ սկսվել է Ընկերության լուծարման գործընթացը, և Ընկերության գործունեությունը կասեցվել է։

ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 26.04.2019 թվականի որոշմամբ սնանկության գործով կառավարչին թույլատրվել է հրապարակային սակարկություններով վաճառել Ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող գրավադրված գույքը։

ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 14.06.2019 թվականի որոշմամբ դադարեցվել է Բանկի գրավի իրավունքը Երևան քաղաքի Արաբկիր, Ազատության պողոտա 1/21 շենքի թիվ 6 հասցեի բնակարանի և Երևան քաղաքի Արաբկիր, Ազատության պողոտա 1/21 շենքի թիվ 33 ավտոկայանատեղիի նկատմամբ, ընդհատվել է Ընկերության սնանկության գործով գրավադրված գույքի հրապարակային սակարկություններով իրացումը, և վերացվել են նշված անշարժ գույքերի նկատմամբ կիրառված բոլոր սահմանափակումներն ու արգելանքները։

ՀՀ սնանկության դատարանի (դատավոր՝ Ա. Խաչատրյան) (այսուհետ՝ Դատարան) 21.08.2019 թվականի որոշմամբ սնանկության գործով միջանկյալ բաշխման ծրագրի վերաբերյալ Բանկի ներկայացրած առարկությունները մերժվել են, և Ընկերության սնանկության գործով կառավարչի ներկայացրած միջանկյալ բաշխման ծրագիրը թողնվել է անփոփոխ։

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 07.11.2019 թվականի որոշմամբ Բանկի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի «Պարտապանի սնանկության գործով կազմված միջանկյալ բաշխման ծրագրի վերաբերյալ ներկայացված առարկությունները քննարկելու մասին» 21.08.2019 թվականի որոշումը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Բանկը (ներկայացուցիչ՝ Կարեն Սարգսյան)։

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 10-րդ մասի 1-ին կետը, 30-րդ հոդվածի 1-ին մասը, կիրառել է նույն օրենքի 80-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը, որոնք չպետք է կիրառեր, չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 247-րդ հոդվածը, որը պետք է կիրառեր։

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ ի տարբերություն «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 9-րդ մասի, նույն հոդվածի 10-րդ մասում օրենսդիրը կառավարչի վարձատրության մասին դրույթ չի սահմանել, հետևաբար տվյալ դեպքում կառավարչի վարձատրության մասին խոսք լինել չի կարող։

Վերաքննիչ դատարանն իրավաչափ է համարել Դատարանի կողմից «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 80-րդ հոդվածի կիրառումը, մինչդեռ նշված դրույթի վերլուծությունից բխում է, որ այն կարգավորում է գույքի վաճառքից կամ օտարումից ստացված կամ փոխհատուցված միջոցների բաշխման կարգը, ուստի այն կիրառելի չէ երրորդ անձ գրավատուի կողմից «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 10-րդ մասով սահմանված իրավունքի իրացման արդյունքում գոյացած դրամական միջոցների բաշխման դեպքում։

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ օրենսդիրը հստակ թվարկել է այն աղբյուրները, որոնցից գոյացած միջոցներից պետք է հատուցվի կառավարչի վարձատրությունը, և երրորդ անձ գրավատուի կողմից դեպոզիտ փոխանցումն այդ ցանկում առկա չէ։

Չնայած Վերաքննիչ դատարանն ընդունել է, որ կառավարչի վարձատրությունը գոյանում է պարտապանի դրամական միջոցներից, պարտապանի, երրորդ անձանց գույքի վաճառքից կամ ակտիվների հավաքագրումից գոյացած միջոցներից, սակայն ոչ իրավաչափորեն պարտապանի ակտիվի հավաքագրում է դիտել երրորդ անձ գրավատուի կողմից իր գույքի նկատմամբ գրավի իրավունքը դադարեցնելու նպատակով սնանկության հաշվին կատարած փոխանցումը։

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 07.11.2019 թվականի որոշումը։

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 23.02.2018 թվականի վճռով Ընկերությունը ճանաչվել է սնանկ, 01.10.2018 թվականի որոշմամբ Ընկերության սնանկության գործով կառավարիչ է նշանակվել Սերգեյ Դոյդոյանը (գործի հավելված, գ.թ. 7-14, 31-33):

2) Դատարանը 26.11.2018 թվականի որոշմամբ հաստատել է Ընկերության սնանկության գործով ներկայացված պահանջների վերջնական ցուցակը՝ ըստ հետևյալ առաջնահերթության և ապահովվածության`

- «Արարատբանկ» ԲԲԸ` 6.867.982 ՀՀ դրամ և 81.844,08 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ` «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդված` ապահովված պահանջ,

- «Արմսվիսբանկ» փակ բաժնետիրական ընկերություն` 11.464,80 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ` «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդված` ապահովված պահանջ,

- ՀՀ ԿԱ ՊԵԿ` 141.000 ՀՀ դրամ` «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 82-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետ` չապահովված պահանջ

- «Արարատբանկ» ԲԲԸ` 503.200 ՀՀ դրամ` «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 82-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետ` չապահովված պահանջ

- ՀՀ ԿԱ ՊԵԿ` 233.315 ՀՀ դրամ` «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 82-րդ հոդվածի 1-ին մասի «է» կետ` չապահովված պահանջ (գործի հավելված, գ.թ. 34-37):

3) Դատարանի 26.04.2019 թվականի որոշմամբ սնանկության գործով կառավարչին թույլատրվել է հրապարակային սակարկություններով վաճառել Ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող գրավադրված գույքը (գործի հավելված, գ.թ. 40-44):

4) Իրինա Սիմոնյանը 07.06.2019 թվականին Դատարան ներկայացրած դիմումով խնդրել է վերացնել սեփականության իրավունքով իրեն պատկանող և Բանկում գրավադրված բնակարանի ու ավտոկայանատեղիի նկատմամբ պարտապանի սնանկության գործով կիրառված սահմանափակումներն այն պատճառաբանությամբ, որ այդ գույքով ապահովված պարտավորությունն ինքն ամբողջությամբ կատարել է: Դիմումին կից Իրինա Սիմոնյանը ներկայացրել է 31.05.2019 թվականի վճարման թիվ 190531039222013 հանձնարարագիրը, ըստ որի` վերջինս Ընկերության սնանկության հաշվին վճարել է 46.611.858,20 ՀՀ դրամ` որպես Բանկի նկատմամբ պարտապանի ունեցած պարտքի մարում:

Ներկայացված դիմումի հիման վրա Դատարանի 14.06.2019 թվականի որոշմամբ դադարեցվել է 17.01.2013 թվականին կնքված անշարժ գույքի գրավի /հիփոթեքի/ թիվ 001-13/ԿԳԵՓ պայմանագրի հիման վրա Երևան քաղաքի Արաբկիր, Ազատության պողոտա 1/21 շենքի թիվ 6 բնակարանի և 07.03.2013 թվականին կնքված թիվ 003-13/ԿԳԵՓ պայմանագրի հիման վրա Երևան քաղաքի Արաբկիր, Ազատության պողոտա 1/21 շենքի թիվ 33 ավտոկայանատեղիի նկատմամբ գրանցված Բանկի գրավի իրավունքը, ընդհատվել է Ընկերության սնանկության գործով նշված բնակարանի հրապարակային սակարկություններով իրացումը, և վերացվել են նշված անշարժ գույքերի նկատմամբ կիրառված բոլոր սահմանափակումներն ու արգելանքները (գործի հավելված, գ.թ. 45-49):

5) Ընկերության սնանկության գործով կառավարիչ Սերգեյ Դոյդոյանը 25.06.2019 թվականին Դատարան է ներկայացրել սնանկության հատուկ հաշվեհամարին հավաքագրված դրամական միջոցների միջանկյալ բաշխման ծրագիրը, որի համաձայն` բաշխման ենթակա ընդհանուր գումարը կազմել է 46.196.325 ՀՀ դրամ, որից 42.279.005 ՀՀ դրամն ուղղվել է գրավի առարկայով ապահովված պահանջի բավարարմանը, 3.882.320 ՀՀ դրամը՝ կառավարչի վարձատրությանը, 35.000 ՀՀ դրամը՝ գույքի պահպանմանն ու փոխանցմանը (գործի հավելված, գ.թ. 54-59):

6) 21.06.2019 թվականին «Արարատբանկ» ԲԲԸ-ն, վկայակոչելով «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 10-րդ մասը, առարկություն է ներկայացրել միջանկյալ բաշխման ծրագրի դեմ այն հիմնավորմամբ, որ երրորդ անձ գրավատուի կողմից գրավադրված գույքի դիմաց սնանկության դեպոզիտ հաշվին փոխանցված գումարը չի կարող հաշվարկվել կառավարչի վարձատրության հիմքում։

7) Դատարանի 21.08.2019 թվականի որոշմամբ Ընկերության սնանկության գործով կառավարչի կողմից կազմված և Դատարան ներկայացված միջանկյալ բաշխման ծրագիրը թողնվել է անփոփոխ (գործի հավելված, գ.թ. 60-64):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքով, այն է՝ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, և գտնում է, որ տվյալ դեպքում իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 10-րդ մասի վերաբերյալ արտահայտած իրավական դիրքորոշումը կարևոր նշանակություն կունենա նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար:

Սույն վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ այն իրավական հարցին, արդյո՞ք պարտատերերի ցանկում ընդգրկված ապահովված պարտատիրոջ պահանջը երրորդ անձի գույքով ապահովված լինելու դեպքում սնանկության գործով կառավարչի վարձատրությունը կարող է կատարվել երրորդ անձի կողմից իր գույքով պահանջի ապահովումը դադարեցնելու նպատակով սնանկության հատուկ հաշվին որպես դեպոզիտ օրենքով սահմանված կարգով փոխանցված գումարից:

Սույն գործի հարուցման հիմք հանդիսացած դիմումը ներկայացնելու պահի դրությամբ գործող խմբագրությամբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ Օրենք) 43-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն՝ եթե պարտատերերի ցանկում ընդգրկված ապահովված պարտատիրոջ պահանջն ապահովված է երրորդ անձի գույքով, ապա այդ անձն իրավունք ունի դադարեցնելու իր գույքով պահանջի ապահովումը` սնանկության հատուկ հաշվին որպես դեպոզիտ փոխանցելով`

1) գույքի առաջիկա իրացման համար գնահատված կամ մեկնարկային գինը հիմնական ապահովված պարտավորության արժեքի չափը գերազանցելու դեպքում` ապահովված պահանջի, գույքի պահպանման և փոխանցման հետ կապված ծախսերը.

2) գույքի առաջիկա իրացման համար գնահատված կամ մեկնարկային գինը հիմնական ապահովված պարտավորության արժեքի չափից պակաս լինելու դեպքում` վերջին չկայացած աճուրդի մեկնարկային գնի չափով:

Նշված իրավանորմի վերլուծությունից բխում է, որ օրենսդիրը երրորդ անձին, ում գույքով ապահովված է պարտատիրոջ պահանջը, իրավունք է վերապահել դադարեցնելու իր գույքով պահանջի ապահովումը` պայմանով, որ երրորդ անձը սնանկության հատուկ հաշվին որպես դեպոզիտ փոխանցի համապատասխան գումարը և կատարի համապատասխան ծախսերը:

Օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ կառավարչի վարձատրությունը կատարվում է պարտապանի դրամական միջոցներից, պարտապանի, երրորդ անձանց գույքի վաճառքից (օտարումից) կամ ակտիվների (այդ թվում` դեբիտորական պարտքերի) հավաքագրումից գոյացած միջոցներից, չներառելով գույքի իրացումից ծագող հարկային պարտավորությունների գումարը:

Նշված նորմի վերլուծությունից բխում է, որ կառավարչի վարձատրությունը կատարվում է ինչպես պարտապանի դրամական միջոցներից, այնպես էլ պարտապանի և երրորդ անձանց գույքի վաճառքից (օտարումից) գոյացած միջոցներից:

Օրենքի 47-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պարտապանի գույքի կազմում է ներառվում պարտապանին պատկանող ցանկացած գույք, իրավունք կամ այլ ակտիվ, ներառյալ` մտավոր սեփականության օբյեկտ: Ի ապահովումն պարտապանի` նույն օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված մորատորիում չտարածելու մասին դատարանին ծանուցած ապահովված իրավունքով պարտատիրոջ առջև ստանձնած պարտավորության համար ապահովված իրավունքի առարկան (այդ թվում` երրորդ անձին պատկանող) չի ընդգրկվում պարտապանի գույքի կազմում, բացառությամբ դրա իրացումից ստացված միջոցների, որոնք պարտապանի գույքի կազմում են ընդգրկվում նույն օրենքի 43-րդ հոդվածի 8-րդ մասով նախատեսված դեպքում:

Օրենքի 43-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ եթե ապահովված իրավունքի առարկայի իրացումից ստացված միջոցները գերազանցում են համապատասխան ապահովված պահանջի գումարը, ապա գերազանցող գումարի մասով այդ միջոցների նկատմամբ տարածվում է մորատորիում, և այդ միջոցները բաշխվում են սույն օրենքով սահմանված հերթականությամբ, իսկ եթե ապահովված իրավունքի առարկան այլ անձի սեփականություն է` փոխանցվում են այդ անձին:

Նշված նորմերի վերլուծությունից բխում է, որ օրենսդիրը սահմանել է պարտապանի գույքի հասկացությունը՝ նախատեսելով, որ որպես կանոն պարտապանի գույքի կազմում ներառվում է պարտապանին պատկանող ցանկացած գույք: Միևնույն ժամանակ, օրենսդիրը կարգավորել է նաև այն դեպքերը, երբ պարտապանի գույքի կազմում կարող է ընդգրկվել նաև երրորդ անձին պատկանող գույքը: Նշված նորմը մեկնաբանելով դրանում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությունից ելնելով, այն համադրելով Օրենքում առկա այլ իրավակարգավորումների հետ՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ օրենսդիրը նպատակ է ունեցել սահմանել այնպիսի կարգավորում, ըստ որի երրորդ անձին պատկանող գույքը ևս կընդգրկվի պարտապանի գույքի կազմում այն դեպքերում, երբ՝

1) ապահովված պարտատերը դատարանին չի ծանուցում մորատորիում չտարածելու մասին, կամ

2) թեկուզև ապահովված պարտատերը դատարանին ծանուցում է մորատորիում չտարածելու մասին, սակայն ապահովված իրավունքի առարկայի իրացումից ստացված միջոցները գերազանցում են ապահովված պահանջի գումարը, որի դեպքում գերազանցող գումարի մասով այդ միջոցները ևս համարվում են պարտապանի գույքի կազմում ընդգրկված:

Ավելին, 12.12.2019 թվականին օրենսդրի կողմից Օրենքի 47-րդ հոդվածի 1-ին մասը շարադրվել է նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.

«1. Պարտապանի գույքի կազմում ներառվում են պարտապանին պատկանող ցանկացած գույքը, ներառյալ` մտավոր սեփականության օբյեկտ կամ այլ գույքային իրավունքներ, ինչպես նաև երրորդ անձին պատկանող ապահովված իրավունքի առարկաները: Ապահովված իրավունքի այն առարկան (այդ թվում` երրորդ անձին պատկանող), որի վերաբերյալ դատարանը սույն օրենքի 39.2-րդ հոդվածով սահմանված կարգով ընդունել է ապահովված պարտատիրոջ պահանջի չափը հաստատելու և ապահովված իրավունքի առարկայի իրացում թույլատրելու մասին որոշում, չի ընդգրկվում պարտապանի գույքի կազմում, բացառությամբ դրա իրացումից ստացված միջոցների, որոնք պարտապանի գույքի կազմում ընդգրկվում են սույն օրենքի 43-րդ հոդվածի 8-րդ մասով նախատեսված դեպքում»:

Այսինքն՝ օրենսդիրը նշված փոփոխությամբ ուղղակիորեն նախատեսել է, որ պարտապանի գույքի կազմում ընդգրկվում են նաև երրորդ անձին պատկանող ապահովված իրավունքի առարկաները՝ որոշ բացառությամբ, ինչից բխում է, որ նման փոփոխություն կատարելը պայմանավորված է եղել օրենսդրի ի սկզբանե ունեցած կամքը որոշակիացնելու անհրաժեշտությամբ:

Օրենքի 79-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պարտապանի գույքի վաճառքից (օտարումից) ստացված (փոխհատուցված) միջոցները փոխանցվում են պարտապանի սնանկության հատուկ հաշվին, իսկ անդորրագրերը հանձնվում են կառավարչին:

Օրենքի 80-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պարտապանի գույքի վաճառքից (օտարումից) ստացված (փոխհատուցված) միջոցները բաշխվում են նույն օրենքով սահմանված հերթականությամբ` կառավարչի կողմից հաստատված և պարտատերերի կողմից ընդունված (չառարկված) միջանկյալ բաշխման ծրագրին համապատասխան:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ պարտապանի պարտավորությունների դիմաց գրավադրված գույքի իրացումից ստացված միջոցներից արտահերթ վճարվում են գույքի պահպանման և փոխանցման հետ կապված ծախսերը, ինչպես նաև կառավարչի վարձատրությունը:

Վերոնշյալ իրավանորմերի բովանդակությունից հետևում է, որ պարտապանի պարտավորությունների դիմաց գրավադրված և պարտապանի գույքի կազմում վերը նշված երկու հիմքերից մեկի ուժով ընդգրկված՝ երրորդ անձին պատկանող գրավի առարկայի վաճառքից (օտարումից) ստացված կամ այլ կերպ՝ օտարման դիմաց փոխհատուցված, միջոցներից պետք է արտահերթ վճարվի նաև կառավարչի վարձատրությունը՝ նկատի ունենալով նաև այն օրենսդրական պահանջը, որ այդ միջոցները ենթակա են փոխանցման պարտապանի սնանկության հատուկ հաշվին և պետք է բաշխվեն Օրենքով սահմանված հերթականությամբ` կառավարչի կողմից հաստատված և պարտատերերի կողմից ընդունված (չառարկված) միջանկյալ բաշխման ծրագրին համապատասխան:

Ընդ որում, Օրենքի 43-րդ հոդվածի 10-րդ մասում, ի տարբերություն նույն հոդվածի 9-րդ մասի, կառավարչի վարձատրությունը փոխհատուցելու մասին ուղղակիորեն նշված չլինելը չի կարող հիմք հանդիսանալ երրորդ անձի կողմից իր գույքով պահանջի ապահովումը դադարեցնելու նպատակով սնանկության հատուկ հաշվին որպես դեպոզիտ փոխանցված արժեքից նաև կառավարչի վարձատրությունը չփոխհատուցելու համար, քանի որ, ինչպես արդեն նշվեց, այդ միջոցները ևս հանդիսանում են պարտապանի գույքի օտարման դիմաց փոխհատուցված միջոցներ, որոնցից արտահերթ վճարման է ենթակա նաև կառավարչի վարձատրությունը:

Սույն գործի փաստերի համաձայն` Դատարանը 26.11.2018 թվականի որոշմամբ հաստատել է Ընկերության սնանկության գործով ներկայացված պահանջների վերջնական

ցուցակը, որի համաձայն՝ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի հիմքով Բանկի ապահովված պահանջը կազմել է 6.867.982 ՀՀ դրամ և 81.844,08 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ։

Երրորդ անձ Իրինա Սիմոնյանը 07.06.2019 թվականին Դատարան ներկայացրած դիմումով խնդրել է վերացնել սեփականության իրավունքով իրեն պատկանող և Բանկում գրավադրված բնակարանի ու ավտոկայանատեղիի նկատմամբ պարտապանի սնանկության գործով կիրառված սահմանափակումներն այն պատճառաբանությամբ, որ այդ գույքով ապահովված պարտավորությունն ինքն ամբողջությամբ կատարել է՝ կցելով 31.05.2019 թվականի վճարման թիվ 190531039222013 հանձնարարագիրը, որի համաձայն` Իրինա Սիմոնյանը Ընկերության սնանկության հաշվին վճարել է 46.611.858,20 ՀՀ դրամ` որպես Բանկի նկատմամբ պարտապանի ունեցած պարտքի մարում: Դատարանի 14.06.2019 թվականի որոշմամբ դադարեցվել է 17.01.2013 թվականին կնքված անշարժ գույքի գրավի /հիփոթեքի/ թիվ 001-13/ԿԳԵՓ պայմանագրի հիման վրա Երևան քաղաքի Արաբկիր, Ազատության պողոտա 1/21 շենքի թիվ 6 բնակարանի և 07.03.2019 թվականին կնքված թիվ 003-13/ԿԳԵՓ պայմանագրի հիման վրա Երևան քաղաքի Արաբկիր, Ազատության պողոտա 1/21 շենքի թիվ 33 ավտոկայանատեղիի նկատմամբ գրանցված Բանկի գրավի իրավունքը, ընդհատվել է Ընկերության սնանկության գործով նշված բնակարանի հրապարակային սակարկություններով իրացումը, և վերացվել են նշված անշարժ գույքերի նկատմամբ կիրառված բոլոր սահմանափակումներն ու արգելանքները։

Ընկերության սնանկության գործով կառավարիչ Սերգեյ Դոյդոյանը 25.06.2019 թվականին Դատարան է ներկայացրել սնանկության հատուկ հաշվեհամարին հավաքագրված դրամական միջոցների միջանկյալ բաշխման ծրագիրը, որի համաձայն` բաշխման ենթակա ընդհանուր գումարը կազմել է 46.196.325 ՀՀ դրամ, որից գրավի առարկայով ապահովված պահանջի բավարարմանն ուղղվել է 42.279.005 ՀՀ դրամ գումար, կառավարչի վարձատրությանը` 3.882.320 ՀՀ դրամ գումար, գույքի պահպանման և փոխանցման հետ կապված ծախսերի հատուցմանը` 35.000 ՀՀ դրամ գումար։

Դատարանը, ուսումնասիրելով Բանկի կողմից Ընկերության սնանկության գործով կազմված միջանկյալ բաշխման ծրագրի վերաբերյալ ներկայացված առարկությունները, 21.08.2019 թվականի որոշմամբ մերժել է Բանկի ներկայացրած առարկությունները և սնանկության գործով կառավարչի ներկայացրած միջանկյալ բաշխման ծրագիրը թողել է անփոփոխ այն պատճառաբանությամբ, որ երրորդ անձ գրավատուի կողմից «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 10-րդ մասի 1-ին կետով սահմանված կարգով վճարված գումարը նույնպես ենթակա է բաշխման «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 80-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված կարգով կազմված միջանկյալ բաշխման ծրագրով: Դատարանը մասնավորապես նշել է, որ Պարտապանի գույքի օտարումից ստացված, այդ թվում պարտապանին փոխհատուցված միջոցները պարտապանի սնանկության հատուկ հաշվին փոխանցվելուց հետո բաշխվում են օրենքով սահմանված հերթականությամբ` կառավարչի կողմից հաստատված և պարտատերերի կողմից ընդունված (չառարկված) միջանկյալ բաշխման ծրագրին համապատասխան:

Վերաքննիչ դատարանը մերժել է վերաքննիչ բողոքը և օրինական ուժի մեջ է թողել Դատարանի որոշումը՝ պատճառաբանելով, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 80-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն կառավարչի կողմից հաստատված և պարտատերերի կողմից ընդունված (չառարկված) միջանկյալ բաշխման ծրագրին համապատասխան բաշխվում են ոչ միայն պարտապանի գույքի վաճառքից ստացված միջոցները, այլ նաև փոխանցումները, ուստի տվյալ դեպքում Դատարանն իրավաչափորեն է գտել, որ Իրինա Սիմոնյանի կողմից Օրենքի 43-րդ հոդվածի 10-րդ մասի 1-ին կետով սահմանված կարգով վճարված գումարը ենթակա է բաշխման Օրենքի 80-րդ հոդվածով սահմանված կարգով կազմված միջանկյալ բաշխման ծրագրով: Ինչպես նաև, ըստ Վերաքննիչ դատարանի՝ կառավարչի վարձատրությունը կատարվում է նաև ակտիվների (այդ թվում` դեբիտորական պարտքերի) հավաքագրումից գոյացած միջոցներից, իսկ տվյալ դեպքում սնանկության հատուկ հաշվին Իրինա Սիմոնյանի փոխանցած գումարը ակտիվ է, ուստի Դատարանն իրավացիորեն կիրառել է նշված հոդվածը:

Վերը շարադրված իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությանը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ապահովված պարտատիրոջ պահանջը երրորդ անձի գույքով ապահովված լինելու դեպքում սնանկության գործով կառավարչի վարձատրությունը կարող է կատարվել նաև երրորդ անձի կողմից իր գույքով պահանջի ապահովումը դադարեցնելու նպատակով սնանկության հատուկ հաշվին որպես դեպոզիտ փոխանցված գումարից, քանի որ նշված գումարը Օրենքի իմաստով հանդիսանում է երրորդ անձանց գույքի օտարումից ստացված (փոխհատուցված) դրամական միջոց և հաշվարկվում է կառավարչի վարձատրության չափը սահմանելիս:

Ամփոփելով վերոգրյալ իրավական և փաստական վերլուծությունները` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը, մերժելով վերաքննիչ բողոքը և օրինական ուժի մեջ թողնելով Դատարանի 21.08.2019 թվականի որոշումը, կայացրել է քննության առարկա հարցը ճիշտ լուծող դատական ակտ: Հետևաբար, սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված` վերաքննիչ դատարանի միջանկյալ դատական ակտն օրինական ուժի մեջ թողնելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը մերժել: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 07.11.2019 թվականի որոշումը թողնել օրինական ուժի մեջ՝ սույն որոշման պատճառաբանություններով։

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող

Մ. Դրմեյան

Զեկուցող

Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ

Ս. Անտոնյան

Գ. Հակոբյան

Ս. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Ա. ՄԿՐՏՉՅԱՆ

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

 

Հատուկ կարծիք

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի կողմից թիվ ՇԴ1/0006/04/18 սնանկության գործով 21.11.2022 թվականին կայացված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի վերաբերյալ

 

21.11.2022 թվական

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան), 2022 թվականի նոյեմբերի 21-ին գրավոր ընթացակարգով քննելով «Արարատբանկ» ԲԲԸ-ի (այսուհետ՝ Բանկ) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 07.11.2019 թվականի որոշման դեմ՝ ըստ Բանկի դիմումի՝ «Դարի-կաթ» ՍՊԸ-ին (այսուհետ՝ Ընկերություն) սնանկ ճանաչելու պահանջի մասին, Վճռաբեկ դատարանի դատավորների ընդհանուր թվի մեծամասնությամբ որոշել է վճռաբեկ բողոքը մերժել և օրինական ուժի մեջ թողնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 07.11.2019 թվականի որոշումը։

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի դատավորներ Ս Անտոնյանս, Ա Բարսեղյանս և Ա Մկրտչյանս, համաձայն չլինելով վերը նշված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության կարծիքի հետ, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 9-րդ և 10-րդ մասերով, շարադրում ենք մեր հատուկ կարծիքն այդ մասերի վերաբերյալ:

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Բանկը պահանջել է Ընկերությանը ճանաչել սնանկ:

ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Ա. Խաչատրյան) 23.02.2018 թվականի վճռով դիմումը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 27042018 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքը բավարարվել է՝ ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 23.02.2018 վճիռը բեկանվել է և գործն ուղարկվել է նոր քննության։

ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 18.09.2018 թվականի վճռով դիմումը բավարարվել է:

ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 01.10.2018 թվականի որոշմամբ Ընկերության սնանկության գործով կառավարիչ է նշանակվել Սերգեյ Դոյդոյանը և նշանակվել է պարտատերերի առաջին ժողովը։

ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 26.11.2018 թվականի որոշմամբ հաստատվել է Ընկերության պարտատերերի պահանջների վերջնական ցուցակը։

ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 23.01.2019 թվականի որոշմամբ սկսվել է Ընկերության լուծարման վարույթը և կասեցվել է Ընկերության գործունեությունը։

ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 26.04.2019 թվականի որոշմամբ սնանկության գործով կառավարչին թույլատրվել է հրապարակային սակարկություններով վաճառել Ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող և գրավադրված գույքը։

ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 14.06.2019 թվականի որոշմամբ դադարեցվել է 17.01.2013 թվականին կնքված անշարժ գույքի գրավի (հիփոթեքի) թիվ 001-13/ԿԳԵՓ պայմանագրի հիման վրա Երևան քաղաքի Արաբկիր, Ազատության պողոտա 1/21 շենքի թիվ 6 հասցեի բնակարանի և 07.03.2013 թվականին կնքված թիվ 003-13/ԿԳԵՓ պայմանագրի հիման վրա Երևան քաղաքի Արաբկիր, Ազատության պողոտա 1/21 շենքի թիվ 33 ավտոկայանատեղիի նկատմամբ գրանցված Բանկի գրավի իրավունքը, ընդհատվել է Ընկերության սնանկության գործով նշված բնակարանի հրապարակային սակարկություններով իրացումը ու վերացվել է նշված անշարժ գույքերի նկատմամբ կիրառված բոլոր սահմանափակումներն ու արգելանքները։

ՀՀ սնանկության դատարանի (դատավոր՝ Ա. Խաչատրյան) (այսուհետ՝ Դատարան) 21.08.2019 թվականի որոշմամբ Ընկերության սնանկության գործով կառավարչի կողմից կազմված և Դատարան ներկայացված միջանկյալ բաշխման ծրագիրը թողնվել է անփոփոխ։

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 07.11.2019 թվականի որոշմամբ Բանկի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի՝ «Պարտապանի սնանկության գործով կազմված միջանկյալ բաշխման ծրագրի վերաբերյալ ներկայացված առարկությունները քննարկելու մասին» 21.08.2019 թվականի որոշումը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Բանկը (ներկայացուցիչ՝ Կարեն Սարգսյան)։

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 10-րդ մասի 1-ին կետը, 30-րդ հոդվածի 1-ին մասը, կիրառել է նույն օրենքի 80-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը, որոնք չպետք է կիրառեր, չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 247-րդ հոդվածը, որը պետք է կիրառեր։

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ ի տարբերություն «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 9-րդ մասի, նույն հոդվածի 10-րդ մասում օրենսդիրը կառավարչի վարձատրության մասին դրույթ չի սահմանել, հետևաբար կառավարչի վարձատրության մասին խոսք լինել չի կարող։

Վերաքննիչ դատարանն իրավաչափ է համարել Դատարանի կողմից «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 80-րդ հոդվածի կիրառումը, մինչդեռ նշված դրույթի վերլուծությունից բխում է, որ այն կարգավորում է գույքի վաճառքից կամ օտարումից ստացված կամ փոխհատուցված միջոցների բաշխման կարգը, ուստի այն կիրառելի չէ երրորդ անձ գրավատուի կողմից «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 10-րդ մասով սահմանված իրավունքի իրացման արդյունքում գոյացած դրամական միջոցների բաշխման դեպքում։

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ օրենսդիրը հստակ թվարկել է այն աղբյուրները, որոնցից գոյացած միջոցներից պետք է հատուցվի կառավարչի վարձատրությունը, և երրորդ անձ գրավատուի կողմից դեպոզիտ փոխանցումն այդ ցանկում առկա չէ։

Չնայած Վերաքննիչ դատարանն ընդունել է, որ կառավարչի վարձատրությունը գոյանում է պարտապանի դրամական միջոցներից, պարտապանի, երրորդ անձանց գույքի վաճառքից կամ ակտիվների հավաքագրումից գոյացած միջոցներից, սակայն ոչ իրավաչափորեն պարտապանի ակտիվի հավաքագրում է դիտել երրորդ անձ գրավատուի կողմից իր գույքի նկատմամբ գրավի իրավունքը դադարեցնելու նպատակով սնանկության հաշվին կատարած փոխանցումը։

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 07.11.2019 թվականի որոշումը:

 

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 23.02.2018 թվականի վճռով Ընկերությունը ճանաչվել է սնանկ, իսկ 01.10.2018 թվականի որոշմամբ Ընկերության սնանկության գործով կառավարիչ է նշանակվել Սերգեյ Դոյդոյանը (գործի հավելված, գ.թ. 7-14, 31-33):

2) Դատարանը 26.11.2018 թվականի որոշմամբ հաստատել է Ընկերության սնանկության գործով ներկայացված պահանջների վերջնական ցուցակը՝ ըստ հետևյալ առաջնահերթության և ապահովվածության`

- «Արարատբանկ» ԲԲԸ` 6.867.982 ՀՀ դրամ և 81.844,08 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ` «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդված` ապահովված պահանջ,

- «Արմսվիսբանկ» ՓԲԸ` 11.464,80 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ` «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդված` ապահովված պահանջ,

- ՀՀ ԿԱ ՊԵԿ` 141.000 ՀՀ դրամ` «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 82-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետ` չապահովված պահանջ,

- «Արարատբանկ» ԲԲԸ` 503.200 ՀՀ դրամ` «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 82-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետ` չապահովված պահանջ,

- ՀՀ ԿԱ ՊԵԿ` 233.315 ՀՀ դրամ` «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 82-րդ հոդվածի 1-ին մասի «է» կետ` չապահովված պահանջ (գործի հավելված, գ.թ. 34-37):

3) Դատարանի 26.04.2019 թվականի որոշմամբ սնանկության գործով կառավարչին թույլատրվել է հրապարակային սակարկություններով վաճառել Ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող և գրավադրված գույքը (գործի հավելված, գ.թ. 40-44):

4) Իրինա Սիմոնյանը 07.06.2019 թվականին Դատարան ներկայացրած դիմումով խնդրել է վերացնել սեփականության իրավունքով իրեն պատկանող և Բանկում գրավադրված բնակարանի ու ավտոկայանատեղիի նկատմամբ պարտապանի սնանկության գործով կիրառված սահմանափակումները՝ այն պատճառաբանությամբ, որ այդ գույքով ապահովված պարտավորությունն ինքն ամբողջությամբ կատարել է: Դիմումին կից Իրինա Սիմոնյանը ներկայացրել է 31.05.2019 թվականի վճարման թիվ 190531039222013 հանձնարարագիրը, ըստ որի` վերջինս Ընկերության սնանկության հաշվին վճարել է 46.611.858,20 ՀՀ դրամ` որպես Բանկի նկատմամբ պարտապանի ունեցած պարտքի մարում:

Ներկայացված դիմումի հիման վրա Դատարանի 14.06.2019 թվականի որոշմամբ դադարեցվել է 17.01.2013 թվականին կնքված անշարժ գույքի գրավի /հիփոթեքի/ թիվ 001-13/ԿԳԵՓ պայմանագրի հիման վրա Երևան քաղաքի Արաբկիր, Ազատության պողոտա 1/21 շենքի թիվ 6 հասցեի բնակարանի և 07.03.2013 թվականին կնքված թիվ 003-13/ԿԳԵՓ պայմանագրի հիման վրա Երևան քաղաքի Արաբկիր, Ազատության պողոտա 1/21 շենքի թիվ 33 ավտոկայանատեղիի նկատմամբ գրանցված Բանկի գրավի իրավունքը, ընդհատվել է Ընկերության սնանկության գործով նշված բնակարանի հրապարակային սակարկություններով իրացումը և վերացվել է նշված անշարժ գույքերի նկատմամբ կիրառված բոլոր սահմանափակումներն ու արգելանքները (գործի հավելված, գ.թ. 45-49):

5) Ընկերության սնանկության գործով կառավարիչ Սերգեյ Դոյդոյանը 25.06.2019 թվականին Դատարան է ներկայացրել սնանկության հատուկ հաշվեհամարին հավաքագրված դրամական միջոցների միջանկյալ բաշխման ծրագիրը, համաձայն որի` բաշխման ենթակա ընդհանուր գումարը կազմել է 46.196.325 ՀՀ դրամ, որից 42.279.005 ՀՀ դրամն ուղղվել է գրավի առարկայով ապահովված պահանջի բավարարմանը, 3.882.320 ՀՀ դրամը՝ կառավարչի վարձատրությանը, 35.000 ՀՀ դրամը՝ գույքի պահպանմանն ու փոխանցմանը (գործի հավելված, գ.թ. 54-59):

6) Դատարանի 21.08.2019 թվականի որոշմամբ Ընկերության սնանկության գործով կառավարչի կողմից կազմված և Դատարան ներկայացված միջանկյալ բաշխման ծրագիրը թողնվել է անփոփոխ (գործի հավելված, գ.թ. 60-64):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքով, այն է՝ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, և գտնում է, որ տվյալ դեպքում իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 10-րդ մասի վերաբերյալ արտահայտած իրավական դիրքորոշումը կարևոր նշանակություն կունենա նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար:

Սույն վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ այն իրավական հարցին, արդյո՞ք պարտատերերի ցանկում ընդգրկված ապահովված պարտատիրոջ պահանջը երրորդ անձի գույքով ապահովված լինելու դեպքում սնանկության գործով կառավարչի վարձատրությունը կարող է կատարվել երրորդ անձի կողմից իր գույքով պահանջի ապահովումը դադարեցնելու նպատակով սնանկության հատուկ հաշվին որպես դեպոզիտ օրենքով սահմանված կարգով փոխանցված գումարից:

Սույն գործի հարուցման հիմք հանդիսացած դիմումը ներկայացնելու պահի դրությամբ գործող խմբագրությամբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ Օրենք) 43-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն՝ եթե պարտատերերի ցանկում ընդգրկված ապահովված պարտատիրոջ պահանջն ապահովված է երրորդ անձի գույքով, ապա այդ անձն իրավունք ունի դադարեցնելու իր գույքով պահանջի ապահովումը` սնանկության հատուկ հաշվին որպես դեպոզիտ փոխանցելով`

1) գույքի առաջիկա իրացման համար գնահատված կամ մեկնարկային գինը հիմնական ապահովված պարտավորության արժեքի չափը գերազանցելու դեպքում` ապահովված պահանջի, գույքի պահպանման և փոխանցման հետ կապված ծախսերը.

2) գույքի առաջիկա իրացման համար գնահատված կամ մեկնարկային գինը հիմնական ապահովված պարտավորության արժեքի չափից պակաս լինելու դեպքում` վերջին չկայացած աճուրդի մեկնարկային գնի չափով:

Նշված իրավանորմի վերլուծությունից բխում է, որ օրենսդիրը երրորդ անձին, ում գույքով ապահովված է պարտատիրոջ պահանջը, իրավունք է վերապահել դադարեցնելու իր գույքով պահանջի ապահովումը` պայմանով, որ երրորդ անձը սնանկության հատուկ հաշվին որպես դեպոզիտ փոխանցի համապատասխան գումարը և կատարի համապատասխան ծախսերը:

Օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ կառավարչի վարձատրությունը կատարվում է պարտապանի դրամական միջոցներից, պարտապանի, երրորդ անձանց գույքի վաճառքից (օտարումից) կամ ակտիվների (այդ թվում` դեբիտորական պարտքերի) հավաքագրումից գոյացած միջոցներից, չներառելով գույքի իրացումից ծագող հարկային պարտավորությունների գումարը:

Նշված նորմի վերլուծությունից բխում է, որ կառավարչի վարձատրությունը կատարվում է ինչպես պարտապանի դրամական միջոցներից, այնպես էլ պարտապանի և երրորդ անձանց գույքի վաճառքից (օտարումից) գոյացած միջոցներից:

Օրենքի 47-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պարտապանի գույքի կազմում է ներառվում պարտապանին պատկանող ցանկացած գույք, իրավունք կամ այլ ակտիվ, ներառյալ` մտավոր սեփականության օբյեկտ: Ի ապահովումն պարտապանի` նույն օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված մորատորիում չտարածելու մասին դատարանին ծանուցած ապահովված իրավունքով պարտատիրոջ առջև ստանձնած պարտավորության համար ապահովված իրավունքի առարկան (այդ թվում` երրորդ անձին պատկանող) չի ընդգրկվում պարտապանի գույքի կազմում, բացառությամբ դրա իրացումից ստացված միջոցների, որոնք պարտապանի գույքի կազմում են ընդգրկվում նույն օրենքի 43-րդ հոդվածի 8-րդ մասով նախատեսված դեպքում:

Օրենքի 43-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ եթե ապահովված իրավունքի առարկայի իրացումից ստացված միջոցները գերազանցում են համապատասխան ապահովված պահանջի գումարը, ապա գերազանցող գումարի մասով այդ միջոցների նկատմամբ տարածվում է մորատորիում, և այդ միջոցները բաշխվում են սույն օրենքով սահմանված հերթականությամբ, իսկ եթե ապահովված իրավունքի առարկան այլ անձի սեփականություն է` փոխանցվում են այդ անձին:

Նշված նորմերի վերլուծությունից բխում է, որ օրենսդիրը սահմանել է պարտապանի գույքի հասկացությունը՝ նախատեսելով, որ որպես կանոն պարտապանի գույքի կազմում ներառվում է պարտապանին պատկանող ցանկացած գույք: Միևնույն ժամանակ, օրենսդիրը կարգավորել է նաև այն դեպքերը, երբ պարտապանի գույքի կազմում կարող է ընդգրկվել նաև երրորդ անձին պատկանող գույքը: Նշված նորմը մեկնաբանելով դրանում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությունից ելնելով, այն համադրելով Օրենքում առկա այլ իրավակարգավորումների հետ՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ օրենսդիրը նպատակ է ունեցել սահմանել այնպիսի կարգավորում, ըստ որի երրորդ անձին պատկանող գույքը ևս կընդգրկվի պարտապանի գույքի կազմում այն դեպքերում, երբ՝

1) ապահովված պարտատերը դատարանին չի ծանուցում մորատորիում չտարածելու մասին, կամ

2) թեկուզև ապահովված պարտատերը դատարանին ծանուցում է մորատորիում չտարածելու մասին, սակայն ապահովված իրավունքի առարկայի իրացումից ստացված միջոցները գերազանցում են ապահովված պահանջի գումարը, որի դեպքում գերազանցող գումարի մասով այդ միջոցները ևս համարվում են պարտապանի գույքի կազմում ընդգրկված:

Ավելին, 12.12.2019 թվականին օրենսդրի կողմից Օրենքի 47-րդ հոդվածի 1-ին մասը շարադրվել է նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.

«1. Պարտապանի գույքի կազմում ներառվում են պարտապանին պատկանող ցանկացած գույքը, ներառյալ` մտավոր սեփականության օբյեկտ կամ այլ գույքային իրավունքներ, ինչպես նաև երրորդ անձին պատկանող ապահովված իրավունքի առարկաները: Ապահովված իրավունքի այն առարկան (այդ թվում` երրորդ անձին պատկանող), որի վերաբերյալ դատարանը սույն օրենքի 39.2-րդ հոդվածով սահմանված կարգով ընդունել է ապահովված պարտատիրոջ պահանջի չափը հաստատելու և ապահովված իրավունքի առարկայի իրացում թույլատրելու մասին որոշում, չի ընդգրկվում պարտապանի գույքի կազմում, բացառությամբ դրա իրացումից ստացված միջոցների, որոնք պարտապանի գույքի կազմում ընդգրկվում են սույն օրենքի 43-րդ հոդվածի 8-րդ մասով նախատեսված դեպքում»:

Այսինքն՝ օրենսդիրը նշված փոփոխությամբ ուղղակիորեն նախատեսել է, որ պարտապանի գույքի կազմում ընդգրկվում են նաև երրորդ անձին պատկանող ապահովված իրավունքի առարկաները՝ որոշ բացառությամբ, ինչից բխում է, որ նման փոփոխություն կատարելը պայմանավորված է եղել օրենսդրի ի սկզբանե ունեցած կամքը որոշակիացնելու անհրաժեշտությամբ:

Օրենքի 79-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պարտապանի գույքի վաճառքից (օտարումից) ստացված (փոխհատուցված) միջոցները փոխանցվում են պարտապանի սնանկության հատուկ հաշվին, իսկ անդորրագրերը հանձնվում են կառավարչին:

Օրենքի 80-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պարտապանի գույքի վաճառքից (օտարումից) ստացված (փոխհատուցված) միջոցները բաշխվում են նույն օրենքով սահմանված հերթականությամբ` կառավարչի կողմից հաստատված և պարտատերերի կողմից ընդունված (չառարկված) միջանկյալ բաշխման ծրագրին համապատասխան:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ պարտապանի պարտավորությունների դիմաց գրավադրված գույքի իրացումից ստացված միջոցներից արտահերթ վճարվում են գույքի պահպանման և փոխանցման հետ կապված ծախսերը, ինչպես նաև կառավարչի վարձատրությունը:

Վերոնշյալ իրավանորմերի բովանդակությունից հետևում է, որ պարտապանի պարտավորությունների դիմաց գրավադրված և պարտապանի գույքի կազմում վերը նշված երկու հիմքերից մեկի ուժով ընդգրկված՝ երրորդ անձին պատկանող գրավի առարկայի վաճառքից (օտարումից) ստացված կամ այլ կերպ՝ օտարման դիմաց փոխհատուցված, միջոցներից պետք է արտահերթ վճարվի նաև կառավարչի վարձատրությունը՝ նկատի ունենալով նաև այն օրենսդրական պահանջը, որ այդ միջոցները ենթակա են փոխանցման պարտապանի սնանկության հատուկ հաշվին և պետք է բաշխվեն Օրենքով սահմանված հերթականությամբ` կառավարչի կողմից հաստատված և պարտատերերի կողմից ընդունված (չառարկված) միջանկյալ բաշխման ծրագրին համապատասխան:

Ընդ որում, Օրենքի 43-րդ հոդվածի 10-րդ մասում, ի տարբերություն նույն հոդվածի 9-րդ մասի, կառավարչի վարձատրությունը փոխհատուցելու մասին ուղղակիորեն նշված չլինելը չի կարող հիմք հանդիսանալ երրորդ անձի կողմից իր գույքով պահանջի ապահովումը դադարեցնելու նպատակով սնանկության հատուկ հաշվին որպես դեպոզիտ փոխանցված արժեքից նաև կառավարչի վարձատրությունը չփոխհատուցելու համար, քանի որ, ինչպես արդեն նշվեց, այդ միջոցները ևս հանդիսանում են պարտապանի գույքի օտարման դիմաց փոխհատուցված միջոցներ, որոնցից արտահերթ վճարման է ենթակա նաև կառավարչի վարձատրությունը:

Սույն գործի փաստերի համաձայն` Դատարանը 26.11.2018 թվականի որոշմամբ հաստատել է Ընկերության սնանկության գործով ներկայացված պահանջների վերջնական ցուցակը, որի համաձայն՝ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի հիմքով Բանկի ապահովված պահանջը կազմել է 6.867.982 ՀՀ դրամ և 81.844,08 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ։

Երրորդ անձ Իրինա Սիմոնյանը 07.06.2019 թվականին Դատարան ներկայացրած դիմումով խնդրել է վերացնել սեփականության իրավունքով իրեն պատկանող և Բանկում գրավադրված բնակարանի ու ավտոկայանատեղիի նկատմամբ պարտապանի սնանկության գործով կիրառված սահմանափակումներն այն պատճառաբանությամբ, որ այդ գույքով ապահովված պարտավորությունն ինքն ամբողջությամբ կատարել է՝ կցելով 31.05.2019 թվականի վճարման թիվ 190531039222013 հանձնարարագիրը, որի համաձայն` Իրինա Սիմոնյանը Ընկերության սնանկության հաշվին վճարել է 46.611.858,20 ՀՀ դրամ` որպես Բանկի նկատմամբ պարտապանի ունեցած պարտքի մարում: Դատարանի 14.06.2019 թվականի որոշմամբ դադարեցվել է 17.01.2013 թվականին կնքված անշարժ գույքի գրավի /հիփոթեքի/ թիվ 001-13/ԿԳԵՓ պայմանագրի հիման վրա Երևան քաղաքի Արաբկիր, Ազատության պողոտա 1/21 շենքի թիվ 6 բնակարանի և 07.03.2019 թվականին կնքված թիվ 003-13/ԿԳԵՓ պայմանագրի հիման վրա Երևան քաղաքի Արաբկիր, Ազատության պողոտա 1/21 շենքի թիվ 33 ավտոկայանատեղիի նկատմամբ գրանցված Բանկի գրավի իրավունքը, ընդհատվել է Ընկերության սնանկության գործով նշված բնակարանի հրապարակային սակարկություններով իրացումը, և վերացվել են նշված անշարժ գույքերի նկատմամբ կիրառված բոլոր սահմանափակումներն ու արգելանքները։

Ընկերության սնանկության գործով կառավարիչ Սերգեյ Դոյդոյանը 25.06.2019 թվականին Դատարան է ներկայացրել սնանկության հատուկ հաշվեհամարին հավաքագրված դրամական միջոցների միջանկյալ բաշխման ծրագիրը, որի համաձայն` բաշխման ենթակա ընդհանուր գումարը կազմել է 46.196.325 ՀՀ դրամ, որից գրավի առարկայով ապահովված պահանջի բավարարմանն ուղղվել է 42.279.005 ՀՀ դրամ գումար, կառավարչի վարձատրությանը` 3.882.320 ՀՀ դրամ գումար, գույքի պահպանման և փոխանցման հետ կապված ծախսերի հատուցմանը` 35.000 ՀՀ դրամ գումար։

Դատարանը, ուսումնասիրելով Բանկի կողմից Ընկերության սնանկության գործով կազմված միջանկյալ բաշխման ծրագրի վերաբերյալ ներկայացված առարկությունները, 21.08.2019 թվականի որոշմամբ մերժել է Բանկի ներկայացրած առարկությունները և սնանկության գործով կառավարչի ներկայացրած միջանկյալ բաշխման ծրագիրը թողել է անփոփոխ այն պատճառաբանությամբ, որ երրորդ անձ գրավատուի կողմից «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 10-րդ մասի 1-ին կետով սահմանված կարգով վճարված գումարը նույնպես ենթակա է բաշխման «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 80-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված կարգով կազմված միջանկյալ բաշխման ծրագրով: Դատարանը մասնավորապես նշել է, որ Պարտապանի գույքի օտարումից ստացված, այդ թվում պարտապանին փոխհատուցված միջոցները պարտապանի սնանկության հատուկ հաշվին փոխանցվելուց հետո բաշխվում են օրենքով սահմանված հերթականությամբ` կառավարչի կողմից հաստատված և պարտատերերի կողմից ընդունված (չառարկված) միջանկյալ բաշխման ծրագրին համապատասխան:

Վերաքննիչ դատարանը մերժել է վերաքննիչ բողոքը և օրինական ուժի մեջ է թողել Դատարանի որոշումը՝ պատճառաբանելով, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 80-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն կառավարչի կողմից հաստատված և պարտատերերի կողմից ընդունված (չառարկված) միջանկյալ բաշխման ծրագրին համապատասխան բաշխվում են ոչ միայն պարտապանի գույքի վաճառքից ստացված միջոցները, այլ նաև փոխանցումները, ուստի տվյալ դեպքում Դատարանն իրավաչափորեն է գտել, որ Իրինա Սիմոնյանի կողմից Օրենքի 43-րդ հոդվածի 10-րդ մասի 1-ին կետով սահմանված կարգով վճարված գումարը ենթակա է բաշխման Օրենքի 80-րդ հոդվածով սահմանված կարգով կազմված միջանկյալ բաշխման ծրագրով: Ինչպես նաև, ըստ Վերաքննիչ դատարանի՝ կառավարչի վարձատրությունը կատարվում է նաև ակտիվների (այդ թվում` դեբիտորական պարտքերի) հավաքագրումից գոյացած միջոցներից, իսկ տվյալ դեպքում սնանկության հատուկ հաշվին Իրինա Սիմոնյանի փոխանցած գումարը ակտիվ է, ուստի Դատարանն իրավացիորեն կիրառել է նշված հոդվածը:

Վերը շարադրված իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությանը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ապահովված պարտատիրոջ պահանջը երրորդ անձի գույքով ապահովված լինելու դեպքում սնանկության գործով կառավարչի վարձատրությունը կարող է կատարվել նաև երրորդ անձի կողմից իր գույքով պահանջի ապահովումը դադարեցնելու նպատակով սնանկության հատուկ հաշվին որպես դեպոզիտ փոխանցված գումարից, քանի որ նշված գումարը Օրենքի իմաստով հանդիսանում է երրորդ անձանց գույքի օտարումից ստացված (փոխհատուցված) դրամական միջոց և հաշվարկվում է կառավարչի վարձատրության չափը սահմանելիս:

Ամփոփելով վերոգրյալ իրավական և փաստական վերլուծությունները` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը, մերժելով վերաքննիչ բողոքը և օրինական ուժի մեջ թողնելով Դատարանի 21.08.2019 թվականի որոշումը, կայացրել է քննության առարկա հարցը ճիշտ լուծող դատական ակտ: Հետևաբար, սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված` վերաքննիչ դատարանի միջանկյալ դատական ակտն օրինական ուժի մեջ թողնելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը:

 

4. Հատուկ կարծիքի հիմնավորումները`

Վճռաբեկ դատարանի դատավորներ Ա Բարսեղյանս, Ս Անտոնյանս և Ա Մկրտչյանս համաձայն չլինելով վերը նշված որոշման՝ պատճառաբանական և եզրափակիչ մասերի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության արտահայտած կարծիքի հետ, շարադրում ենք մեր հատուկ կարծիքը դրա վերաբերյալ:

Արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված էր ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հիմքերի առկայությամբ, այն է՝ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող էր էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, և գտնում ենք որ տվյալ դեպքում իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 10-րդ մասի վերաբերյալ արտահայտած իրավական դիրքորոշումները կարևոր նշանակություն կունենային նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար, ինչպես նաև Վերաքննիչ դատարանի կողմից վերոնշյալ իրավանորմը խախտելու հետևանքով առերևույթ առկա էր մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

 

Սույն վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը պետք է անդրադառնար այն իրավական հարցադրմանը, թե պարտատերերի ցանկում ընդգրկված ապահովված պարտատիրոջ պահանջը երրորդ անձի գույքով ապահովված լինելու դեպքում արդյոք սնանկության գործով կառավարչի վարձատրությունը կարող է կատարվել երրորդ անձի կողմից իր գույքով պահանջի ապահովումը դադարեցնելու նպատակով սնանկության հատուկ հաշվին որպես դեպոզիտ օրենքով սահմանված կարգով փոխանցված համապատասխան գումարից, թե՝ ոչ:

 

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 225.1-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ ապահովված իրավունքն օրենքի կամ պայմանագրի ուժով, ի ապահովումն պարտավորության կատարման, գույքի կամ գույքային իրավունքի կամ պարտավորական իրավունքի նկատմամբ պարտատիրոջ իրավունքն է:

Իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ «Սնանկության մասին» ՀՀ օրենք) 43-րդ հոդվածի 9-րդ մասի համաձայն՝ եթե ապահովված իրավունքի առարկայի մեկնարկային գինը հավասար է ապահովված պարտատիրոջ պահանջի գումարին կամ ցածր է դրանից, ապա պարտատերերի ցանկում ընդգրկված պարտատերն իրավունք ունի իր պահանջի կամ դրա մասի չափով դատարանի որոշմամբ որպես սեփականություն իր կամ իր նշած անձի օգտին ստանալու գրավի առարկան` փոխհատուցելով այդ գույքի պահպանման և փոխանցման հետ կապված ծախսերը, ինչպես նաև կառավարչի վարձատրությունը` գրավի առարկայի արժեքի հինգ տոկոսի չափով: Այդ դեպքում տվյալ պարտատիրոջ պահանջի չափը չի նվազեցվում գույքի պահպանման և փոխանցման ծախսերի և կառավարչի վարձատրության համար վճարված գումարի չափով:

«Սնանկության մասին» ՀՀ օրենք 43-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն՝ եթե պարտատերերի ցանկում ընդգրկված ապահովված պարտատիրոջ պահանջն ապահովված է երրորդ անձի գույքով, ապա այդ անձն իրավունք ունի դադարեցնելու իր գույքով պահանջի ապահովումը` սնանկության հատուկ հաշվին որպես դեպոզիտ փոխանցելով`

1) գույքի առաջիկա իրացման համար գնահատված կամ մեկնարկային գինը հիմնական ապահովված պարտավորության արժեքի չափը գերազանցելու դեպքում` ապահովված պահանջի, գույքի պահպանման և փոխանցման հետ կապված ծախսերը

2) գույքի առաջիկա իրացման համար գնահատված կամ մեկնարկային գինը հիմնական ապահովված պարտավորության արժեքի չափից պակաս լինելու դեպքում` վերջին չկայացած աճուրդի մեկնարկային գնի չափով:

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ կառավարչի վարձատրությունը կատարվում է պարտապանի դրամական միջոցներից, պարտապանի, երրորդ անձանց գույքի վաճառքից (օտարումից) կամ ակտիվների (այդ թվում` դեբիտորական պարտքերի) հավաքագրումից գոյացած միջոցներից՝ չներառելով գույքի իրացումից ծագող հարկային պարտավորությունների գումարը:

Նշված իրավանորմի բովանդակությունից բխում է, որ օրենսդիրը հստակ և սպառիչ կերպով թվարկել է բոլոր այն աղբյուրները, որոնցից իրականացվում է կառավարչի վարձատրությունը, որոնց շարքում երրորդ անձի կողմից իր գրավադրված գույքի համար դեպոզիտ հաշվին գումար փոխանցելը ներառված չէ։ Վերոգրյալն առավել ակնհայտ է դառնում, երբ վերոնշյալ իրավակարգավորումը համեմատում ենք «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 9-րդ մասի հետ, որտեղ հստակ ամրագրված է, որ եթե ապահովված իրավունքի առարկայի մեկնարկային գինը հավասար է ապահովված պարտատիրոջ պահանջի գումարին կամ ցածր է դրանից, ապա պարտատերերի ցանկում ընդգրկված պարտատերն իրավունք ունի իր պահանջի կամ դրա մասի չափով դատարանի որոշմամբ որպես սեփականություն իր կամ իր նշած անձի օգտին ստանալու գրավի առարկան` փոխհատուցելով այդ գույքի պահպանման և փոխանցման հետ կապված ծախսերը, ինչպես նաև կառավարչի վարձատրությունը` գրավի առարկայի արժեքի հինգ տոկոսի չափով: Այդ դեպքում տվյալ պարտատիրոջ պահանջի չափը չի նվազեցվում գույքի պահպանման և փոխանցման ծախսերի և կառավարչի վարձատրության համար վճարված գումարի չափով:

Այսինքն՝ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 9-րդ և 10-րդ մասերի համեմատությունից առավել ակնհայտ է երևում, որ օրենսդիրը տարբեր իրավակարգավորումներ է սահմանել պարտատիրոջ ապահովված պահանջի յուրաքանչյուր դեպքի համար։ Արդյունքում պարտատիրոջ այն պահանջը, որն ապահովված է երրորդ անձի գույքով, ում օրենսդրի կողմից հնարավորություն է ընձեռված դադարեցնելու իր գույքով ապահովված պահանջը՝ սնանկության հատուկ հաշվին որպես դեպոզիտ փոխանցելով օրենքով սահմանված համապատասխան գումարը՝ դրանից արտահերթ կարգով կառավարչի վարձատրություն չի կարող գանձվել։

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 80-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի համաձայն՝ պարտապանի գույքի վաճառքից (օտարումից) ստացված (փոխհատուցված) միջոցները բաշխվում են նույն օրենքով սահմանված հերթականությամբ` կառավարչի կողմից հաստատված և պարտատերերի կողմից ընդունված (չառարկված) միջանկյալ բաշխման ծրագրին համապատասխան: Պարտապանի պարտավորությունների դիմաց գրավադրված գույքի իրացումից ստացված միջոցներից արտահերթ վճարվում են գույքի պահպանման և փոխանցման հետ կապված ծախսերը, ինչպես նաև կառավարչի վարձատրությունը:

Հիշյալ իրավանորմի լույսի ներքո արձանագրում ենք, որ սնանկության հատուկ հաշվին որպես դեպոզիտ գումարի փոխանցմամբ երրորդ անձի կողմից իր գույքով ապահովված իրավունքի դադարեցումը չի կարող համարվել գույքի օտարում, ուստիև օրենսդիրը տվյալ դեպքի համար չի նախատեսել սնանկության գործով կառավարչի վարձատրության վճարման պարտականության սահմանում։

ՀՀ վճռաբեկ դատարանն իր նախկինում կայացրած որոշումներից մեկում, անդրադառնալով ապահովված պահանջներին՝ արձանագրել է, որ օրենսդիրը սնանկության վարույթում առանձնահատուկ ուշադրության է արժանացրել ապահովված պահանջների և դրանց բավարարման հարցը՝ առանձին նորմերով նախատեսելով դրանց հետ կապված հարաբերությունների կարգավորումը: Մասնավորապես, վերը թվարկված կարգավորումների ուժով սնանկության վարույթում ապահովված պահանջատերերն օժտված են իրավական հնարավորությամբ՝ ստանալու գրավի առարկան կա՛մ իրենց նշած անձի օգտին, կա՛մ որպես իրենց սեփականություն: Նման կարգավորումը բխում է ապահովված իրավունքի բնույթից, քանի որ պարտատերը, որը սնանկության վարույթում դարձել է պահանջատեր, պարտապանի հետ որոշակի քաղաքացիաիրավական, մասնավորապես՝ պարտավորական հարաբերությունների մեջ մտնելիս ձեռնարկել է միջոցներ ապահովելու իր պահանջի կատարումը՝ հիմնական պարտավորության հետ միասին պարտապանի հետ մտնելով նաև գրավից ծագող հարաբերությունների մեջ: Վճռաբեկ դատարանը գտել է, որ արժևորելով այն հանգամանքը, որ պահանջատերը (ապահովված իրավունքով պարտատերը) ի սկզբանե ձեռնամուխ է եղել իր պահանջի կատարումն ամբողջությամբ կամ մասամբ ապահովելու այլ միջոցներով, մասնավորապես՝ գրավով, օրենսդիրը նրա համար որոշակի գործիքակազմ է սահմանել իր պահանջի բավարարումը հենց այդ ապահովված իրավունքի առարկայի հաշվին ստանալու համար՝ միաժամանակ նախատեսելով որոշակի պահանջներ այդ իրավունքի իրացման համար (տե՛ս, «Հայբիզնեսբանկ» փակ բաժնետիրական ընկերությունն ընդդեմ Ա/Ձ Ղարիբ Հարությունյանի թիվ ԵԱԴԴ/0018/04/16 սնանկության գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 08.05.2020 թվականի որոշումը):

 

Հատուկ կարծիքի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Սույն գործի փաստերի համաձայն` Դատարանը 26.11.2018 թվականի որոշմամբ հաստատել է Ընկերության սնանկության գործով ներկայացված պահանջների վերջնական ցուցակը, համաձայն որի՝ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի հիմքով Բանկի ապահովված պահանջն է 6.867.982 ՀՀ դրամ և 81.844,08 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ։ Երրորդ անձ Իրինա Սիմոնյանը 07.06.2019 թվականին Դատարան ներկայացրած դիմումով խնդրել է վերացնել սեփականության իրավունքով իրեն պատկանող և Բանկում գրավադրված բնակարանի ու ավտոկայանատեղիի նկատմամբ պարտապանի սնանկության գործով կիրառված սահմանափակումներն այն պատճառաբանությամբ, որ այդ գույքով ապահովված պարտավորությունն ինքն ամբողջությամբ կատարել է՝ կցելով 31.05.2019 թվականի վճարման թիվ 190531039222013 հանձնարարագիրը, ըստ որի` Իրինա Սիմոնյանը Ընկերության սնանկության հաշվին վճարել է 46.611.858,20 ՀՀ դրամ` որպես Բանկի նկատմամբ պարտապանի ունեցած պարտքի մարում: Դատարանի 14.06.2019 թվականի որոշմամբ դադարեցվել է 17.01.2013 թվականին կնքված անշարժ գույքի գրավի /հիփոթեքի/ թիվ 001-13/ԿԳԵՓ պայմանագրի հիման վրա Երևան քաղաքի Արաբկիր, Ազատության պողոտա 1/21 շենքի թիվ 6 հասցեի բնակարանի և 07.03.2019 թվականին կնքված թիվ 003-13/ԿԳԵՓ պայմանագրի հիման վրա Երևան քաղաքի Արաբկիր, Ազատության պողոտա 1/21 շենքի թիվ 33 հասցեի ավտոկայանատեղիի նկատմամբ գրանցված Բանկի գրավի իրավունքը և ընդհատվել է Ընկերության սնանկության գործով նշված բնակարանի հրապարակային սակարկություններով իրացումը, վերացվել է նշված անշարժ գույքերի նկատմամբ կիրառված բոլոր սահմանափակումներն ու արգելանքները։ Դատարանի 26.11.2018 թվականի որոշմամբ հաստատվել է Ընկերության սնանկության գործով ներկայացված պահանջների վերջնական ցուցակը, համաձայն որի` պարտատեր է հանդիսանում նաև Բանկը՝ 6.867.982 ՀՀ դրամ և 81844, 08 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ ապահովված պահանջով:

Ընկերության սնանկության գործով կառավարիչ Սերգեյ Դոյդոյանը 25.06.2019 թվականին Դատարան է ներկայացրել սնանկության հատուկ հաշվեհամարին հավաքագրված դրամական միջոցների միջանկյալ բաշխման ծրագիրը, համաձայն որի` բաշխման ենթակա ընդհանուր գումարը կազմել է 46.196.325 ՀՀ դրամ, որից գրավի առարկայով ապահովված պահանջի բավարարմանն ուղղվել է 42.279.005 ՀՀ դրամ, կառավարչի վարձատրություն` 3.882.320 ՀՀ դրամ, գույքի պահպանման և փոխանցման հետ կապված ծախսեր` 35.000 ՀՀ դրամ։

Դատարանը 21.08.2019 թվականի որոշմամբ ուսումնասիրելով Բանկի կողմից Ընկերության սնանկության գործով կազմված միջանկյալ բաշխման ծրագրի վերաբերյալ ներկայացված առարկությունները՝ որոշել է Ընկերության սնանկության գործով կառավարչի կողմից կազմված և Դատարան ներկայացված միջանկյալ բաշխման ծրագիրը թողնել անփոփոխ։

Վերաքննիչ դատարանը մերժել է վերաքննիչ բողոքը՝ համաձայնելով Դատարանի այն պատճառաբանություններին, որ պարտապանի գույքի օտարումից ստացված, այդ թվում` պարտապանին փոխհատուցված միջոցները պարտապանի սնանկության հատուկ հաշվին փոխանցվելուց հետո բաշխվում են օրենքով սահմանված հերթականությամբ` կառավարչի կողմից հաստատված և պարտատերերի կողմից ընդունված (չառարկված) միջանկյալ բաշխման ծրագրին համապատասխան: Դատարանը 21.08.2019 թվականի որոշմամբ մերժել է Ընկերության սնանկության գործով կազմված միջանկյալ բաշխման ծրագրի վերաբերյալ Բանկի կողմից ներկայացված առարկությունները, և սնանկության գործով կառավարչի կողմից կազմված միջանկյալ բաշխման ծրագիրը թողնվել է անփոփոխ այն պատճառաբանությամբ, որ երրորդ անձ գրավատուի կողմից «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 10-րդ մասի 1-ին կետով սահմանված կարգով վճարված գումարը նույնպես ենթակա է բաշխման «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 80-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված կարգով կազմված միջանկյալ բաշխման ծրագրով: Դատարանի նման պատճառաբանության համար հիմք է հանդիսացել այն հանգամանքը, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 10-րդ մասի 1-ին կետով սահմանված գումարը երրորդ անձ գրավատուի կողմից ենթակա է վճարման (փոխանցման) պարտապանի սնանկության հատուկ հաշվին: Իսկ սնանկության հատուկ հաշվին առկա դրամական միջոցները ենթակա են բաշխման միայն «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 80-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով կազմված միջանկյալ բաշխման ծրագրով և այդ դրամական միջոցների բաշխման այլ կարգ օրենքով սահմանված չէ: Միաժամանակ Դատարանը գտել է, որ երրորդ անձ գրավառուի կողմից «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 10-րդ մասի 1-ին կետով սահմանված կարգով պարտապանի սնանկության հաշվին փոխանցված և բաշխման ենթակա գումարից սնանկության գործով կառավարիչն իրավունք ունի ստանալու «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված չափով հաշվարկված վարձատրության գումար բավարարվող պահանջի չափին համամասնորեն։

Վերը շարադրված իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությանը՝ գտնում ենք, որ Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել իրավահարաբերության պահին գործող խմբագրությամբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 10-րդ մասով ամրագրված կարգավորումը: Մասնավորապես, արձանագրում ենք, որ Վերաքննիչ դատարանի այն պատճառաբանությունները, որ երրորդ անձի կողմից սնանկության դեպոզիտ հաշվին փոխանցված գումարից նույնպես «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 80-րդ հոդվածով սահմանված կարգով բաշխվում են օրենքով սահմանված հերթականությամբ` սնանկության գործով կառավարչի կողմից հաստատված և պարտատերերի կողմից ընդունված միջանկյալ բաշխման ծրագրին համապատասխան և պարտապանի պարտավորությունների դիմաց գրավադրված գույքի իրացումից ստացված միջոցներից արտահերթ պետք է վճարվեն գույքի պահպանման և փոխանցման հետ կապված ծախսերը, ինչպես նաև կառավարչի վարձատրությունը, ապա արձանագրում ենք, որ օրենսդրի վերոնշյալ կարգավորումը վերաբերում է պարտապանի պարտավորությունների դիմաց իրացված գույքին, մինչդեռ օրենսդրի կողմից երրորդ անձին տրվել է իրավական հնարավորություն, սնանկության դեպոզիտ հաշվին փոխանցելով համապատասխան գումար, դադարեցնել իր գույքով ապահովված պահանջը, ինչը մեր գնահատմամբ չի կարող համարվել պարտապանի պարտավորությունների դիմաց գույքի օտարում։ Գտնում ենք, որ նման տարբեր իրավակարգավորումներ ամրագրված լինելու պայմաններում՝ դեպոզիտ հաշվին փոխանցված գումարից կառավարչի վարձատրություն գանձելը, իրավաչափ չէ, քանի որ վերոնշյալ դեպքի համար օրենսդրի կողմից կառավարչի վարձատրության վճարման պայման չի նախատեսվել, ինչն անտեսվել է ստորադաս ատյանների կողմից։ Այլ կերպ ասած՝ երրորդ անձի կողմից սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքի՝ գրավի իրավունքի դադարեցման և այն սեփականատիրոջը վերադարձնելու հնարավորության՝ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 10-րդ մասի իրավակարգավորման վերաբերյալ ստորադաս դատարանների նման դատողություններն անհիմն են և չեն բխում «Սնանկության մասին» ՀՀ օրենքի ընդհանուր իրավակարգավորումներից:

Ելնելով վերոգրյալից՝ գտնում ենք, որ ստորադաս դատարանի կողմից սխալ է մեկնաբանվել իրավահարաբերության պահին գործող խմբագրությամբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 10-րդ մասի իրավանորմը, մասնավորապես՝ այն մեկնաբանվել է տվյալ նորմի՝ հատուկ կարծիքով արտահայտված մեկնաբանությունից տարբերվող մեկնաբանությամբ, ինչն անդրադարձել է գործի ելքի վրա, ուստի գտնում ենք, որ անհրաժեշտ էր գործի՝ Բանկի կողմից Ընկերության սնանկության գործով կազմված միջանկյալ բաշխման ծրագրի վերաբերյալ ներկայացված առարկություններով բարձրացված հարցի քննության անհրաժեշտություն՝ հատուկ կարծիքով մեր արտահայտած իրավական դիրքորոշումների լույսի ներքո:

Այսպիսով, գտնում ենք, որ վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար էր` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով վճռաբեկ բողոքը բավարարելու, վերաքննիչ դատարանի 07.11.2019 թվականի որոշումը բեկանելու և գործը՝ «Արարատ» ԲԲԸ-ի կողմից՝ «Դարի-կաթ» ՍՊԸ-ի սնանկության գործով կազմված միջանկյալ բաշխման ծրագրի վերաբերյալ ներկայացված առարկությունը քննարկելու մասով, ՀՀ սնանկության դատարան՝ նոր քննության ուղարկելու համար:

 

Դատավորներ`

Ս. Անտոնյան

 

Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ

 

Ա. ՄԿՐՏՉՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 մարտի 2023 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան