Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (18.11.2022-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.03.20-2023.04.02 Պաշտոնական հրապարակման օրը 27.03.2023
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
18.11.2022
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
18.11.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.11.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում

Սնանկության գործ թիվ ԿԴ1/0132/04/18

2022 թ.

Սնանկության գործ թիվ ԿԴ1/0132/04/18

Նախագահող դատավոր՝

 Գ. Խանդանյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

 

նախագահող և զեկուցող

Մ. Դրմեյան

Ս. Անտոնյան

Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ

Գ. Հակոբյան

Ս. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Ա. ՄԿՐՏՉՅԱՆ

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

 

2022 թվականի նոյեմբերի 18-ին

գրավոր ընթացակարգով քննելով ըստ Վիկտորյա Գրիգորյանի դիմումի` սեփական սնանկությունը ճանաչելու պահանջի մասին, սնանկության գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 19.02.2021 թվականի որոշման դեմ «ՄԱՐՍԵՐԱԼ» ՍՊԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն) վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Վիկտորյա Գեղամի Գրիգորյանը պահանջել է իրեն ճանաչել սնանկ։

ՀՀ սնանկության դատարանի (դատավոր՝ Տ. Փոլադյան) 27.12.2019 թվականի վճռով դիմումը բավարարվել է։ Նույն վճռով արգելանք է դրվել Վիկտորյա Գրիգորյանին սեփականության իրավունքով պատկանող գույքի վրա՝ բացառությամբ այն գույքի, որի վրա օրենքով չի կարող բռնագանձում տարածվել:

ՀՀ սնանկության դատարանի (դատավոր՝ Տ. Փոլադյան) 28.04.2020 թվականի որոշմամբ հաստատվել է 28.04.2020 թվականի դրությամբ Վիկտորյա Գրիգորյանի պահանջների վերջնական ցուցակը՝ ըստ համապատասխան առաջնահերթության և ապահովվածության:

ՀՀ սնանկության դատարանի (դատավոր՝ Տ. Փոլադյան) (այսուհետ՝ Դատարան) 20.10.2020 թվականի որոշմամբ բավարարվել է Վիկտորյա Գրիգորյանի սնանկության գործով կառավարիչ Հարություն Գևորգյանի միջնորդությունը և Վիկտորյա Գրիգորյանի սնանկության գործով կառավարիչ Հարություն Գևորգյանին թույլատրվել է ՀՀ, Կոտայքի մարզի Մայակովսկի համայնքում գտնվող և անշարժ գույքերի սեփականության իրավունքի գրանցման թիվ 530768, թիվ 755814, թիվ 755748, թիվ 1354532, թիվ 1618594 և թիվ 161849 վկայականներով գրանցված թվով 6 անշարժ գույքերից Վիկտորյա Գրիգորյանի 1/5 բաժինն ուղղակի գործարքով՝ 2.608.000 ՀՀ դրամով վաճառել Արսեն Գրիգորյանին՝ վաճառքն իրականացնելով 30 օրյա ժամկետում՝ նույն որոշումը ստանալու ամսաթվից հաշված, վերացվել է ՀՀ, Կոտայքի մարզի Մայակովսկի համայնքում գտնվող և անշարժ գույքերի սեփականության իրավունքի գրանցման թիվ 530768, թիվ 755814, թիվ 755748, թիվ 1354532, թիվ 1618594, թիվ 161849 վկայականներով գրանցված թվով 6 անշարժ գույքերի նկատմամբ կիրառված բոլոր արգելանքները և սահմանափակումները:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 19022021 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի «Գույքի վաճառքը ուղղակի գործարքի միջոցով թույլատրելու և գույքի նկատմամբ կիրառված արգելանքներն ու սահմանափակումները վերացնելու մասին» 20102020 թվականի որոշումը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերությունը (ներկայացուցիչ Արփինե Եղիկյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը չի կիրառել «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 57-րդ հոդվածը, որը պետք է կիրառեր սխալ է մեկնաբանել «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 77-րդ հոդվածը, խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ, 66-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

29.09.2020 թվականին կայացել է սնանկ ճանաչված Վիկտորյա Գրիգորյանի պարտատերերի ժողովը, որի ընթացքում քննարկվել է նաև Վիկտորյա Գրիգորյանին համատեղ սեփականության իրավունքով պատկանող գույքերում Վիկտորյա Գրիգորյանի բաժինը մեկ այլ համատեղ սեփականատիրոջ՝ Արսեն Գրիգորյանի կողմից գույքը ուղղակի վաճառքով 2608000 ՀՀ դրամով գնելու ցանկությունը: Պարտատեր Ընկերության կողմից հայտարարվել է, որ վերջինս դեմ է նշված՝ 2608000 ՀՀ դրամով գույքի վաճառքին, ինչպիսի դիրքորոշումը արտացոլված է ինչպես 29.09.2020 թվականի պարտատերերի ժողովի արձանագրության մեջ, այնպես էլ քվեաթերթիկում: Ընդ որում, նույն ժողովի ընթացքում սնանկության կառավարչին է ներկայացվել նաև թիվ ԿԴ1/1082/02/18 քաղաքացիական գործով օրինական ուժի մեջ մտած վճիռը, որով հաստատված է Վիկտորյա Գրիգորյանին համատեղ սեփականության իրավունքով պատկանող գույքերի այլ՝ Վիկտորյա Գրիգորյանի կողմից ներկայացված արժեքից տարբերվող արժեք:

Անտեսելով պարտատիրոջ դիրքորոշումը՝ Վիկտորյա Գրիգորյանի սնանկության գործով կառավարչի կողմից Դատարանին է ներկայացվել միջնորդություն՝ գույքը 2608000 ՀՀ դրամով վաճառելու վերաբերյալ:

Կառավարչի կողմից գույքի գնահատման արդյունք հանդիսացող որևէ փաստաթուղթ Ընկերությանը չի ներկայացվել, և ինչպես երևում է գործի փաստերից, ինքնուրույն գնահատում իրականացնելու փոխարեն կառավարիչը հիմք է ընդունել իրեն սնանկ ճանաչելու դիմում ներկայացրած պարտապան Վ. Գրիգորյանի կողմից սնանկության դիմումին կից Դատարանին ներկայացված «Տիգրիս» ՍՊ ընկերության կողմից 28.10.2018 թվականի եզրակացությամբ նշված արժեքը:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ գործում առկա փաստը՝ մասնավորապես գույքերի գնահատման եզրակացությունը, ոչ թե կառավարչի կողմից գույքի գնահատման արդյունք է, այլ պարտապանի կողմից ներկայացված փաստաթուղթ, հետևաբար գույքի վաճառքի՝ կառավարչի առաջարկած արժեքը հիմնվում է ոչ թե կառավարչի կողմից իրականացված գույքի գնահատման վրա, այլ իրեն սնանկ ճանաչելու դիմում ներկայացրած պարտապանի կողմից ներկայացված եզրակացության վրա:

Գույքը պարտապանի առաջարկած գնով վաճառելու կառավարչի միջնորդությունը բավարարելն ակնհայտորեն խախտում է պարտատիրոջ իրավունքները՝ զրկելով իր կրած վնասները և խախտված սեփականության իրավունքը վերականգնելու հնարավորությունից:

Վերաքննիչ դատարանը գույքի վաճառքի ծրագիրը պարտատերերի ժողովում հաստատված համարելով՝ հաշվի չի առել, որ 29.09.2020 թվականին կայացած ժողովի նիստի արձանագրությունից ակնհայտ է, որ ժողովում Վիկտորյա Գրիգորյանի գույքի վաճառքի ծրագիր չի քննարկվել և չի հաստատվել, իսկ քննարկված հարցերի վերաբերյալ արձանագրությունը չի կարող գնահատվել որպես գույքի վաճառքի ծրագիր: Ընդ որում, արձանագրությանը կից քվեաթերթիկի ուսումնասիրությունից պարզ է, որ 3-րդ հարցին, այն է՝ Վիկտորյա Գրիգորյանին համատեղ սեփականության իրավունքով պատկանող թիվ 530768, թիվ 755814, թիվ 755748, թիվ 1354532, թիվ 1618594, թիվ 161849 անշարժ գույքերի սեփականության վկայականներով գրանցված գյուղատնտեսական նշանակության հողամասերի և բնակելի տան 1/5 բաժնեմասը՝ 2608000 ՀՀ դրամ շուկայական արժեքով ուղղակի վաճառքով իրացնելու միջնորդություն դատարանին ներկայացնելու հարցին, Ընկերության կողմից քվեարկվել է «դեմ»։

Վերաքննիչ դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ կերպով չի հետազոտել գործում առկա փաստաթղթերն ու դատարանին հայտնված փաստերը, մասնավորապես՝ 29.09.2020 թվականի ժողովի արձանագրությունն ու քվեաթերթիկը, միակ պարտապանի կողմից գույքի՝ նշված գնով ուղղակի վաճառքին դեմ լինելը, կառավարչի կողմից գույքի գնահատում չիրականացնելը, նույն գույքի արժեքի վերաբերյալ երկու էականորեն տարբերվող արժեքների առկայությունը, որոնցից մեկը՝ օրինական ուժ ստացած վճռով հաստատված գին է, իսկ մյուսը՝ իրեն սնանկ ճանաչելու դիմում ներկայացնող պարտապանի կողմից, ինչի արդյունքում կայացրել է սխալ որոշում:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 19022021 թվականի որոշումը և կայացնել նոր՝ Վիկտորյա Գրիգորյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքերի 1/5 բաժնեմասի ուղղակի վաճառքը 2608000 ՀՀ դրամ շուկայական արժեքով իրականացնելու մասին սնանկության կառավարիչ Հ. Գևորգյանի միջնորդությունը մերժելու մասին դատական ակտ:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1 Դատարանի 27122019 թվականի վճռով բավարարվել է Վիկտորյա Գրիգորյանի դիմումը՝ սեփական սնանկությունը ճանաչելու պահանջի մասին (հավելված, հատոր 1-ին, գ.թ. 8-12).

2 Դատարանի 27042020 թվականի որոշմամբ հաստատվել է Վիկտորյա Գրիգորյանի սնանկության գործով պահանջների վերջնական ցուցակը` ըստ հետևյալ առաջնահերթության և ապահովվածության`

«Մարսերալ» ՍՊԸ - 13777787 ՀՀ դրամ և 111.242,95 ՀՀ դրամ – ստորադաս չապահովված պահանջ «ը» հերթ (հավելված, հատոր 1-ին, գ.թ. 15-17).

3 29092020 թվականին նշանակված ժողովի օրակարգում ի թիվս այլնի ներառված է եղել նաև Վիկտորյա Գրիգորյանին համատեղ սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքերի 1/5 բաժնեմասերն ուղղակի գործարքով օտարելու մասին հարցը, ինչպես նաև անշարժ գույքերի վաճառքի ծրագրի հաստատման հարցը (հավելված, հատոր 1-ին, գ.թ. 19).

4 29092020 թվականի Վիկտորյա Գրիգորյանի սնանկության գործով պարտատերերի ժողովի մասնակցության քվեաթերթիկի համաձայն Ընկերությունը՝ լիազորված անձ Արփինե Եղիկյանը, Վիկտորյա Գրիգորյանին համատեղ սեփականության իրավունքով պատկանող, թիվ 530768, թիվ 755814, թիվ 755748, թիվ 1354532, թիվ 1618594, թիվ 151849 անշարժ գույքերի սեփականության վկայականներով գրանցված գյուղատնտեսական նշանակության հողամասերի և բնակելի տան 1/5 բաժնեմասերը 2608000 ՀՀ դրամ շուկայական արժեքով ուղղակի վաճառքով իրացնելու միջնորդություն դատարան նրկայացնելու հարցի վերաբերյալ քվեարկել է «դեմ» (հավելված, հատոր 1-ին, գթ 28)

5 29092020 թվականի Վիկտորյա Գրիգորյանի սնանկության գործով պարտատերերի ժողովի արձանագրության համաձայն Ընկերության լիազորված անձը քննարկվող հարցերին կողմ է, բացառությամբ նշված անշարժ գույքերի գնահատման արժեքների, ինչի վերաբերյալ, առարկությունը կներկայացնի դատարան (հավելված, հատոր 1-ին, գ.թ. 26).

6 Վիկտորյա Գրիգորյանի սնանկության գործով կառավարիչ Հարություն Գևորգյանը՝ պարտապան Վիկտորյա Գրիգորյանի սնանկության գործով պարտատերերի 29092020 թվականի ժողովի որոշմամբ հաստատված է համարել պարտապան Վիկտորյա Գրիգորյանին համատեղ սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքերի 1/5 բաժնեմասի վաճառքի ծրագիրը (հավելված, հատոր 1-ին, գ.թ. 30).

7 Թիվ ԿԴ1/0132/04/18 սնանկության գործի շրջանակներում սնանկության գործով կառավարիչը 12.10.2020 թվականին միջնորդություն է ներկայացրել ՀՀ սնանկության դատարան, որով հայտնել է, որ Վիկտորյա Գրիգորյանին համատեղ սեփականության իրավունքով պատկանող ՀՀ Կոտայքի մարզ, Մայակովսկի համայնքում գտնվող, թիվ 530768, թիվ 755814, թիվ թիվ 755748, թիվ 1354532, թիվ 1618594, թիվ 1618497 անշարժ գույքերի սեփականության վկայականներով գրանցված գյուղատնտեսական նշանակության հողամասերի և բնակելի տան 1/5 բաժնեմասերի շուկայական արժեքը ըստ «Տիգրիս» ՍՊԸ-ի կողմից տրված գույքերի գնահատման եզրակացությունների կազմում է՝ 2608000 ՀՀ դրամ: Անշարժ գույքերի բաժնեմասերը ներկայացվելու է ուղղակի գործարքով վաճառքի համաձայն «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 77-րդ հոդվածի: Վերոնշյալ գույքերի բաժնեմասերն ուղղակի գործարքով ձեռք բերելու ցանկություն է հայտնել համասեփականատեր' Արսեն Գրիգորյանի լիազորված անձ՝ Հակոբ Արմանդարյանը: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով. «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 77-րդ հոդվածով, միջնորդել է դատարանին թույլատրել վաճառել ուղղակի գործարքով Վիկտորյա Գրիգորյանին համատեղ սեփականության իրավունքով պատկանող ՀՀ Կոտայքի մարզ, Մայակովսկի համայնքում գտնվող, թիվ 530768, թիվ 755814, թիվ 755748, թիվ 1354532, թիվ 1618594, թիվ 151849 անշարժ գույքերի սեփականության վկայականներով գրանցված գյուղատնտեսական նշանակության հողամասերի և բնակելի տան 1/5 բաժնեմասերը (թվով վեց անշարժ գույք) 2608000 ՀՀ դրամ արժեքով և վերացնել գույքերի վրա դրված բոլոր տեսակի արգելանքներն ու սահմանափակումները (հավելված, հատոր 1-ին, գթ 18)

8 15.10.2020 թվականին պարտատեր Ընկերությունն՝ ի դեմս տնօրեն Ս. Մարտիրոսյանի, Դատարան է ներկայացրել առարկություն՝ գույքերի վաճառքի արժեքի վերաբերյալ՝ հիմքում դնելով այն հանգամանքը, որ ԿԴ1/1082/02/18 քաղաքացիական գործի շրջանակներում «Վարմօն Ռիելթի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից տրված փորձաքննության եզրակացության համաձայն՝ գույքերից 1/5 բաժնեմասի շուկայական արժեքը կազմել է 4.589.980 ՀՀ դրամ, ինչը 75 տոկոսով գերազանցում է կառավարչի ներկայացրած արժեքը: Հիմք ընդունելով վերոգրյալը Ընկերության տնօրենը խնդրել է մերժել կառավարչի ներկայացրած միջնորդությունը (հավելված, հատոր 1-ին, գթ 66-67)

9 Դատարանի 20102020 թվականի որոշմամբ Վիկտորյա Գրիգորյանի սնանկության գործով կառավարիչ Հարություն Գևորգյանին թույլատրվել է ՀՀ, Կոտայքի մարզի, Մայակովսկի համայնքում գտնվող և անշարժ գույքերի սեփականության իրավունքի գրանցման թիվ 530768, թիվ 755814, թիվ 755748, թիվ 1354532, թիվ 1618594 և թիվ 161849 վկայականներով գրանցված թվով 6 անշարժ գույքերից Վիկտորյա Գրիգորյանի 1/5 բաժինը ուղղակի գործարքով՝ 2.608.000 ՀՀ դրամով վաճառել Արսեն Գրիգորյանին (հավելված, հատոր 1-ին, գ.թ. 69-72):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ նույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի իմաստով, այն է՝ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 77-րդ հոդվածի միատեսակ կիրառության համար, ու գտնում է, որ տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումը` կապված պարտապանին պատկանող գույքի վաճառքն ուղղակի գործարքով իրականացնելու ընթացակարգային որոշ հարցերի հետ, կարող է էական նշանակություն ունենալ նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար:

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 75-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պարտապանի գույքի վաճառքն իրականացնում է կառավարիչը` իր կողմից գույքագրման արդյունքներով ներկայացված և պարտատերերի խորհրդի, իսկ խորհուրդ ձևավորված չլինելու դեպքում պարտատերերի ժողովի կողմից հաստատված գույքի վաճառքի ծրագրի համաձայն և դատարանի թույլտվությամբ` հրապարակային սակարկություններով կամ ուղղակի գործարքով: Նույն հոդվածի 1.1-րդ մասի համաձայն` գույքի վաճառքի ծրագիրը պետք է ներառի պարտապանի ամբողջ գույքի, ներառյալ՝ պահանջի իրավունքների վերաբերյալ մանրամասն տեղեկություններ (անվանումները, նկարագրությունը, քանակը, հաշվեկշռային արժեքը), վաճառքի նախատեսվող ձևը, նախնական գնահատված արժեքները` ըստ գույքի տեսակի։ Գույքի վաճառքի ծրագիրը պարտատերերի խորհրդի կամ ժողովի կողմից չհաստատվելու դեպքում կառավարիչն իրավունք ունի դիմելու դատարան և պահանջելու հաստատել գույքի վաճառքի ծրագիրը` կցելով պարտատերերի ժողովի կամ խորհրդի որոշումները կամ ժողովի կամ խորհրդի նիստի անցկացման անհնարինության հիմքերը։ Ծրագրի փոփոխությունները կատարվում են ծրագրի ընդունման համար սահմանված կարգով։

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 77-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` եթե կառավարիչը մտադիր է պարտապանին պատկանող գույքի վաճառքն իրականացնել ուղղակի գործարքով, ապա նա հրավիրում է խորհրդի նիստ, իսկ վերջինի ձևավորված չլինելու դեպքում` ժողով` քննարկման դնելով այդ հարցը: Խորհրդի կամ ժողովի որոշումը` ուղղակի գործարքի վերաբերյալ կառավարչի մտադրությանը հավանություն տալու կամ չտալու վերաբերյալ, և խորհրդի նիստի արձանագրությունը կառավարիչն իր միջնորդության հետ ներկայացնում է դատարան: Միջնորդության մեջ նշվում են գույքի գտնվելու վայրը, գույքի նկարագրությունը, վաճառքի գինը և հնարավոր գնորդը: Դատավորն առանց դատական նիստ հրավիրելու որոշում է կայացնում միջնորդությունը բավարարելու կամ այն մերժելու մասին: Դատավորը մերժում է միջնորդությունը, եթե առկա է խորհրդի որոշումը` ուղղակի գործարքի վերաբերյալ կառավարչի մտադրությանը հավանություն չտալու մասին:

Վերը նշված նորմերի վերլուծությունից բխում է նաև, որ պարտապանի գույքի վաճառքը կառավարիչը կարող է իրականացնել ինչպես հրապարակային սակարկությունների, այնպես էլ ուղղակի գործարքի միջոցով: Ընդ որում, պարտապանի գույքի վաճառքն ուղղակի գործարքի միջոցով իրականացնելու մտադրություն ունենալու դեպքում կառավարիչը պարտավոր է հրավիրել խորհրդի նիստ, իսկ վերջինի ձևավորված չլինելու դեպքում` ժողով` քննարկման դնելով այդ հարցը:

Նշված հարցի վերաբերյալ խորհրդի կամ ժողովի կայացրած համապատասխան որոշումը և նիստի արձանագրությունը կառավարիչն իր միջնորդության հետ ներկայացնում է դատարան: Դատավորն առանց դատական նիստ հրավիրելու կարող է որոշում կայացնել միջնորդությունը բավարարելու կամ այն մերժելու մասին: Ընդ որում, դատավորը մերժում է միջնորդությունը, եթե առկա է ուղղակի գործարքի վերաբերյալ կառավարչի մտադրությանը հավանություն չտալու մասին որոշում:

Սույն գործի փաստերի համաձայն` սեփական սնանկության դիմումի հիման վրա Վիկտորյա Գրիգորյանը ճանաչվել է սնանկ: Դատարանի 28042020 թվականի որոշմամբ հաստատվել է վերջինիս սնանկության գործով պահանջների վերջնական ցուցակը` որպես միակ պարտատեր գրանցվել է Ընկերությունը:

Վիկտորյա Գրիգորյանի սնանկության գործով կառավարիչ Հարություն Գևորգյանը 29092020 թվականին հրավիրել է պարտատերերի ժողով, ժողովի օրակարգում ի թիվս այլնի ներառված է եղել նաև Վիկտորյա Գրիգորյանին համատեղ սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքերի 1/5 բաժնեմասերն 2.608.000 ՀՀ դրամով, ուղղակի գործարքով օտարելու մասին հարցը, ինչպես նաև անշարժ գույքերի վաճառքի ծրագրի հաստատման հարցը։

Վիկտորյա Գրիգորյանի սնանկության գործով պարտատերերի 29092020 թվականի ժողովի մասնակցության քվեաթերթիկի համաձայն՝ Ընկերության լիազորված անձ Արփինե Եղիկյանը, կառավարչի կողմից կատարված աշխատանքների հարցին քվեարկել է «կողմ», Վիկտորյա Գրիգորյանին համատեղ սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքերի 1/5 բաժնեմասերը ուղղակի վաճառքով օտարելու մասին համասեփականատեր՝ Արսեն Գրիգորյանի լիազորված անձ Հակոբ Արմանդարյանի դիմումի քննարկման հարցին քվեարկել է «կողմ», սակայն Վիկտորյա Գրիգորյանին համատեղ սեփականության իրավունքով պատկանող, թիվ 530768, թիվ 755814, թիվ 755748, թիվ 1354532, թիվ 1618594, թիվ 151849 անշարժ գույքերի սեփականության վկայականներով գրանցված գյուղատնտեսական նշանակության հողամասերի և բնակելի տան 1/5 բաժնեմասերը 2608000 ՀՀ դրամ շուկայական արժեքով ուղղակի վաճառքով իրացնելու միջնորդություն դատարան նրկայացնելու հարցի վերաբերյալ քվեարկել է «դեմ»։

Վիկտորյա Գրիգորյանի սնանկության գործով պարտատերերի 29092020 թվականի ժողովի արձանագրության համաձայն Ընկերության լիազորված անձը քննարկվող հարցերին կողմ է, բացառությամբ նշված անշարժ գույքերի գնահատման արժեքների, ինչի վերաբերյալ, առարկությունը կներկայացնի դատարան։

Վիկտորյա Գրիգորյանի սնանկության գործով կառավարիչ Հարություն Գևորգյանը՝ պարտապան Վիկտորյա Գրիգորյանի սնանկության գործով պարտատերերի 29092020 թվականի ժողովի որոշմամբ հաստատված է համարել պարտապան Վիկտորյա Գրիգորյանին համատեղ սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքերի 1/5 բաժնեմասի վաճառքի ծրագիրը։

Վիկտորյա Գրիգորյանի սնանկության գործով կառավարիչ Հարություն Գևորգյանը միջնորդություն է ներկայացրել Դատարան՝ Վիկտորյա Գրիգորյանին համատեղ սեփականության իրավունքով պատկանող՝ ՀՀ Կոտայքի մարզ, Մայակովսկի համայնքում գտնվող, թիվ 530768, թիվ 755814, թիվ թիվ 755748, թիվ 1354532, թիվ 1618594, թիվ 1618497 անշարժ գույքերի սեփականության վկայականներով գրանցված գյուղատնտեսական նշանակության հողամասերի և բնակելի տան 1/5 բաժնեմասերը, ուղղակի գործարքով վաճառելու թույլտվության մասին։ Որպես ուղղակի վաճառքի գին սահմանվել է 2608000 ՀՀ դրամ։

Պարտատեր Ընկերությունը՝ ի դեմս տնօրեն Ս. Մարտիրոսյանի, 15.10.2020 թվականին Դատարան է ներկայացրել առարկություն՝ գույքերի վաճառքի արժեքի վերաբերյալ՝ հիմքում դնելով այն հանգամանքը, որ ԿԴ1/1082/02/18 քաղաքացիական գործի շրջանակներում «Վարմօն Ռիելթի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից տրված փորձաքննության եզրակացության համաձայն՝ գույքերից 1/5 բաժնեմասի շուկայական արժեքը կազմել է 4.589.980 ՀՀ դրամ, ինչը 75 տոկոսով գերազանցում է կառավարչի ներկայացրած արժեքը: Հիմք ընդունելով վերոգրյալը Ընկերության տնօրենը խնդրել է մերժել կառավարչի ներկայացրած միջնորդությունը։

Դատարանը 20102020 թվականի որոշմամբ Վիկտորյա Գրիգորյանի սնանկության գործով կառավարիչ Հարություն Գևորգյանի միջնորդությունը բավարարել է և Վիկտորյա Գրիգորյանի սնանկության գործով կառավարիչ Հարություն Գևորգյանին թույլատրել է ՀՀ, Կոտայքի մարզի, Մայակովսկի համայնքում գտնվող և անշարժ գույքերի սեփականության իրավունքի գրանցման թիվ 530768, թիվ 755814, թիվ 755748, թիվ 1354532, թիվ 1618594 և թիվ 161849 վկայականներով գրանցված թվով 6 անշարժ գույքերից Վիկտորյա Գրիգորյանի 1/5 բաժինը ուղղակի գործարքով՝ 2.608.000 ՀՀ դրամով վաճառել Արսեն Գրիգորյանին։

Դատարանը նշված որոշմամբ արձանագրել է, որ սնանկության գործով կառավարչի կողմից ներկայացված գույքերի գնահատման եզրակացությունների համաձայն՝ գույքերի ընդհանուր շուկայական արժեքը կազմել է 13.040.000 ՀՀ դրամ: Արդյունքում ստացվում է, որ գույքերից պարտապան Վիկտորյա Գրիգորյանի 1/5 բաժնեմասի շուկայական արժեքը կազմում է 2.608.000 ՀՀ դրամ:

Դատարանն արձանագրել է նաև, որ կառավարչի միջնորդությունը, դրան կից ներկայացված գրավոր ապացույցները ներկայացվել են «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 77-րդ հոդվածի դրույթներին համապատասխան, այն է՝ պարտապանի գույքն ուղղակի գործարքի միջոցով իրացնելու հարցը քննարկելու նպատակով հրավիրված ժողովում պարտատեր Ընկերության ներկայացուցիչը կողմ է քվեարկել գույքերից պարտապանի բաժինն ուղղակի վաճառքով օտարելու վերաբերյալ կառավարչի մտադրությանը՝ միաժամանակ առարկելով գույքերի գնահատման արժեքների դեմ:

Անդրադառնալով գույքերի արժեքների վերաբերյալ պարտատեր Ընկերության ներկայացուցչի կողմից դատարան ներկայացրած գրավոր առարկությանը՝ Դատարանը նշել է, որ Ընկերության կողմից չի ներկայացվել առարկությունը հիմնավորող որևէ ապացույց, բացի այդ՝ նույն պարտատերը կայացած ժողովում կողմ է քվեարկել գույքերից պարտապանի բաժինն ուղղակի վաճառքով օտարելու վերաբերյալ կառավարչի մտադրությանը, հաշվի առնելով վերոգրյալը՝ Դատարանը գտել է, որ առարկությունը հիմնավոր չէ և չի կարող հիմք հանդիսանալ կառավարչի միջնորդությունը մերժելու համար:

Վերաքննիչ դատարանը՝ վերահաստատելով Դատարանի դիրքորոշումը, մերժել է Ընկերության բողոքը և Դատարանի «Գույքի վաճառքը ուղղակի գործարքի միջոցով թույլատրելու և գույքի նկատմամբ կիրառված արգելանքներն ու սահմանափակումները վերացնելու մասին» որոշումը թողել է անփոփոխ։

Վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո համադրելով սույն գործի փաստերը և գնահատելով ստորադաս դատարանների վերոգրյալ եզրահանգումները` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

Պարտապանի գույքը նրա հաշվեկշռում հաշվառված ցանկացած օբյեկտն է։ Պարտապանի գույքի վաճառք ասելով հասկանում ենք այդ գույքի իրացում` առավել մեծ հասույթ ստանալու նպատակով։ Պարտապանի գույքի վաճառքը «Սնանկության մասին» ՀՀ օրենքով կանոնակարգված ընթացակարգ է, որն իրականցվում է «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 75-րդ և 77-րդ հոդվածներով նախատեսված կանոններով։ Պարտապանի գույքի վաճառքը տեղի է ունենում պարտապանի գույքը գույքագրելուց և գնահատելուց հետո, որն էլ հնարավորություն է տալիս որոշելու վաճառվող օբյեկտների լուծարքային արժեքները։ Պարտապանի գույքի վաճառքն իրականացնում է կառավարիչը` դատավորի թույլտվությամբ՝ հրապարակային սակարկություններով կամ ուղղակի գործարքով։

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 75-րդ և 77-րդ հոդվածները նախատեսում են պարտապանին պատկանող գույքի իրացման ընթացակարգերը: Այսպես` պարտատերերի պահանջները բավարարելու նպատակով սնանկության գործով կառավարչին է վերապահված ձեռնարկել պարտապանի գույքի վաճառքը` հրապարակային սակարկությունների կամ ուղղակի գործարքի միջոցով: Ընդ որում, պարտապանի գույքը հրապարակային սակարկություններով կամ ուղղակի գործարքով վաճառքի համար սնանկության գործով կառավարիչը պետք է գույքագրման արդյունքներով կազմված գույքի վաճառքի ծրագիրը ներկայացնի պարտատերերի խորհրդի, իսկ խորհուրդ ձևավորված չլինելու դեպքում պարտատերերի ժողովի հաստատմանը, որից հետո էլ ստանա դատարանի թույլտվությունը գույքի վաճառքի վերաբերյալ: Ավելին, հաշվի առնելով, որ պարտատերերի ժողովի (կամ խորհրդի) կողմից հաստատված գույքի վաճառքի ծրագիրն այն հիմքն է, որի հիման վրա իրականացվում է գույքի վաճառքը, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ պարտապանի գույքի վաճառքը պետք է տեղի ունենա բացառապես հաստատված ծրագրին համապատասխան:

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 77-րդ հոդվածով սահմանված ընթացակարգը, մասնավորապես՝ խորհրդի նիստ, իսկ վերջինի ձևավորված չլինելու դեպքում` ժողով հրավիրելու և գույքի ուղղակի վաճառքի հարցը քննարկման դնելու, խորհրդի կամ ժողովի որոշումը` ուղղակի գործարքի վերաբերյալ կառավարչի մտադրությանը հավանություն տալու կամ չտալու վերաբերյալ դատարանին ներկայացնելն ինքնանպատակ չէ, և նպատակ ունի բացահայտել պարտապանի ու պարտատիրոջ դիրքորոշումը և, որ ամենակարևորն է, հավասարակշռել կողմերի շահերը, ապահովել նրանց իրավունքների իրականացումը: Ընդ որում, կողմերի իրավունքների իրականացման երաշխավորը տվյալ դեպքում հանդիսանում է Դատարանը, որի դերը նախատեսված ընթացակարգում ոչ թե պարզապես միջնորդությունը հաստատելն է, այլև արդարադատություն իրականացնելը՝ միջնորդությունը քննարկելու և բոլոր կողմերի դիրքորոշումներին գնահատական տալու միջոցով:

Բացի այդ, օրենսդիրը սահմանել է այն էական տվյալները, որոնք կառավարիչը պետք է ներկայացնի գույքն ուղղակի վաճառքով իրացնելու վերաբերյալ դատարան ներկայացվող միջնորդության մեջ։ Միջնորդության մեջ պետք է նշվեն գույքի գտնվելու վայրը, գույքի նկարագրությունը, վաճառքի գինը և հնարավոր գնորդը: Նշվածից հետևում է, որ վաճառքի գինը համարվում է էական պայման՝ գույքը ուղղակի գործարքի միջոցով իրացնելու համար ներկայացված միջնորդությունը բավարարելու կամ մերժելու համար։ Միաժամանակ, վաճառվող գույքի գնի հետ անհամաձայնության, առարկության պայմաններում, պարտապանի գույքն ուղղակի գործարքի միջոցով օտարելու գաղափարին պարտատիրոջ դեմ չլինելը չի կարող գնահատվել որպես համաձայնություն՝ գույքը կառավարչի նշած գնով վաճառելու համար:

Սույն գործում առկա փաստերի համաձայն՝ գույքն ուղղակի գործարքի միջոցով իրացնելու վերաբերյալ հրավիրված պարտատերերի ժողովի ընթացքում քննարկված ծրագրին Ընկերությունը դեմ է քվեարկել ծրագրի այնպիսի էական պայմանի, ինչպիսին գույքերի իրացման գինն է։ Նշվածից հետևում է, որ Ընկերության կողմից գույքերի իրացման գնին հավանություն չտալն ինքնին բացառում է գույքի ուղղակի վաճառքի վերաբերյալ կառավարչի մտադրությանը հավանություն տալու մասին։ Նման պայմաններում դատարանը չէր կարող առանց գույքի վաճառքի գնի վերաբերյալ պարտատիրոջ համաձայնության՝ սնանկության կառավարչի կողմից ներկայացված միջնորդությունը և դրա հիմքում դրված ժողովի որոշումը բավարար համարել և թույլ տալ գույքի ուղղակի վաճառքը։

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված՝ ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու՝ Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիայի) 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք։ Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար։ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից։ Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է։

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 19022021 թվականի որոշումը և այն փոփոխել՝ բեկանել ՀՀ սնանկության դատարանի 20102020 թվականի «Գույքի վաճառքը ուղղակի գործարքի միջոցով թույլատրելու և գույքի նկատմամբ կիրառված արգելանքներն ու սահմանափակումները վերացնելու մասին» որոշումը և փոփոխել այն՝ Վիկտորյա Գեղամի Գրիգորյանի սնանկության գործով կառավարիչ Հարություն Գևորգյանի միջնորդությունը՝ գույքի վաճառքն ուղղակի գործարքի միջոցով թույլատրելու և գույքի նկատմամբ կիրառված արգելանքներն ու սահմանափակումները վերացնելու մասին, մերժել:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող

 

Մ. Դրմեյան

Զեկուցող

Ս. Անտոնյան

Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ

Գ. Հակոբյան

Ս. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Ա. ՄԿՐՏՉՅԱՆ

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

 

Հատուկ կարծիք

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի կողմից թիվ ԿԴ1/0132/04/18 սնանկության գործով 18.11.2022 թվականին կայացված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի վերաբերյալ

 

18.11.2022 թվական

 

 Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան), 2022 թվականի նոյեմբերի 18-ին գրավոր ընթացակարգով քննելով «ՄԱՐՍԵՐԱԼ» ՍՊԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 1902.2021 թվականի որոշման դեմ՝ ըստ Վիկտորյա Գրիգորյանի դիմումի` սեփական սնանկությունը ճանաչելու պահանջի մասին, Վճռաբեկ դատարանի դատավորների ընդհանուր թվի մեծամասնությամբ որոշել է «վճռաբեկ բողոքը բավարարել, բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 19022021 թվականի որոշումը և այն փոփոխել՝ բեկանել ՀՀ սնանկության դատարանի 20102020 թվականի «Գույքի վաճառքը ուղղակի գործարքի միջոցով թույլատրելու և գույքի նկատմամբ կիրառված արգելանքներն ու սահմանափակումները վերացնելու մասին» որոշումը և փոփոխել այն՝ Վիկտորյա Գեղամի Գրիգորյանի սնանկության գործով կառավարիչ Հարություն Գևորգյանի միջնորդությունը՝ գույքի վաճառքն ուղղակի գործարքի միջոցով թույլատրելու և գույքի նկատմամբ կիրառված արգելանքներն ու սահմանափակումները վերացնելու մասին, մերժել»։

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի դատավոր Գ. Հակոբյանս, համաձայն չլինելով վերը նշված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության կարծիքի հետ, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 9-րդ և 10-րդ մասերով, շարադրում եմ հատուկ կարծիքս այդ մասերի վերաբերյալ:

 

1. Վճռաբեկ դատարանը որպես գործի դատավարական նախապատմություն նշել է հետևյալը.

 «Դիմելով դատարան` Վիկտորյա Գեղամի Գրիգորյանը պահանջել է իրեն ճանաչել սնանկ։

ՀՀ սնանկության դատարանի (դատավոր՝ Տ. Փոլադյան) 27.12.2019 թվականի վճռով դիմումը բավարարվել է։ Նույն վճռով արգելանք է դրվել Վիկտորյա Գրիգորյանին սեփականության իրավունքով պատկանող գույքի վրա՝ բացառությամբ այն գույքի, որի վրա օրենքով չի կարող բռնագանձում տարածվել:

ՀՀ սնանկության դատարանի (դատավոր՝ Տ. Փոլադյան) 28.04.2020 թվականի որոշմամբ հաստատվել է 28.04.2020 թվականի դրությամբ Վիկտորյա Գրիգորյանի պահանջների վերջնական ցուցակը՝ ըստ համապատասխան առաջնահերթության և ապահովվածության:

ՀՀ սնանկության դատարանի (դատավոր՝ Տ. Փոլադյան) (այսուհետ՝ Դատարան) 20.10.2020 թվականի որոշմամբ բավարարվել է Վիկտորյա Գրիգորյանի սնանկության գործով կառավարիչ Հարություն Գևորգյանի միջնորդությունը և Վիկտորյա Գրիգորյանի սնանկության գործով կառավարիչ Հարություն Գևորգյանին թույլատրվել է ՀՀ, Կոտայքի մարզի Մայակովսկի համայնքում գտնվող և անշարժ գույքերի սեփականության իրավունքի գրանցման թիվ 530768, թիվ 755814, թիվ 755748, թիվ 1354532, թիվ 1618594 և թիվ 161849 վկայականներով գրանցված թվով 6 անշարժ գույքերից Վիկտորյա Գրիգորյանի 1/5 բաժինն ուղղակի գործարքով՝ 2.608.000 ՀՀ դրամով վաճառել Արսեն Գրիգորյանին՝ վաճառքն իրականացնելով 30 օրյա ժամկետում՝ նույն որոշումը ստանալու ամսաթվից հաշված, վերացվել է ՀՀ, Կոտայքի մարզի Մայակովսի համայնքում գտնվող և անշարժ գույքերի սեփականության իրավունքի գրանցման թիվ 530768, թիվ 755814, թիվ 755748, թիվ 1354532, թիվ 1618594, թիվ 161849 վկայականներով գրանցված թվով 6 անշարժ գույքերի նկատմամբ կիրառված բոլոր արգելանքները և սահմանափակումները:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 19022021 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի «Գույքի վաճառքը ուղղակի գործարքի միջոցով թույլատրելու և գույքի նկատմամբ կիրառված արգելանքներն ու սահմանափակումները վերացնելու մասին» 20102020 թվականի որոշումը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերությունը (ներկայացուցիչ Արփինե Եղիկյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել»:

 

2. Վճռաբեկ դատարանը որպես վճռաբեկ բողոքի հիմք, հիմնավորումներ և պահանջ նշել է հետևյալը.

«Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը չի կիրառել «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 57-րդ հոդվածը, որը պետք է կիրառեր սխալ է մեկնաբանել «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 77-րդ հոդվածը, խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ, 66-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

29.09.2020 թվականին կայացել է սնանկ ճանաչված Վիկտորյա Գրիգորյանի պարտատերերի ժողովը, որի ընթացքում քննարկվել է նաև Վիկտորյա Գրիգորյանին համատեղ սեփականության իրավունքով պատկանող գույքերում Վիկտորյա Գրիգորյանի բաժինը մեկ այլ համատեղ սեփականատիրոջ՝ Արսեն Գրիգորյանի կողմից գույքը ուղղակի վաճառքով 2608000 ՀՀ դրամով գնելու ցանկությունը: Պարտատեր Ընկերության կողմից հայտարարվել է, որ վերջինս դեմ է նշված՝ 2608000 ՀՀ դրամով գույքի վաճառքին, ինչպիսի դիրքորոշումը արտացոլված է ինչպես 29.09.2020 թվականի պարտատերերի ժողովի արձանագրության մեջ, այնպես էլ քվեաթերթիկում: Ընդ որում, նույն ժողովի ընթացքում սնանկության կառավարչին է ներկայացվել նաև թիվ ԿԴ1/1082/02/18 քաղաքացիական գործով օրինական ուժի մեջ մտած վճիռը, որով հաստատված է Վիկտորյա Գրիգորյանին համատեղ սեփականության իրավունքով պատկանող գույքերի այլ՝ Վիկտորյա Գրիգորյանի կողմից ներկայացված արժեքից տարբերվող արժեք:

Անտեսելով պարտատիրոջ դիրքորոշումը՝ Վիկտորյա Գրիգորյանի սնանկության գործով կառավարչի կողմից Դատարանին է ներկայացվել միջնորդություն՝ գույքը 2608000 ՀՀ դրամով վաճառելու վերաբերյալ:

Կառավարչի կողմից գույքի գնահատման արդյունք հանդիսացող որևէ փաստաթուղթ Ընկերությանը չի ներկայացվել, և ինչպես երևում է գործի փաստերից, ինքնուրույն գնահատում իրականացնելու փոխարեն կառավարիչը հիմք է ընդունել իրեն սնանկ ճանաչելու դիմում ներկայացրած պարտապան Վ. Գրիգորյանի կողմից սնանկության դիմումին կից Դատարանին ներկայացված «Տիգրիս» ՍՊ ընկերության կողմից 28.10.2018 թվականի եզրակացությամբ նշված արժեքը:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ գործում առկա փաստը՝ մասնավորապես գույքերի գնահատման եզրակացությունը, ոչ թե կառավարչի կողմից գույքի գնահատման արդյունք է, այլ պարտապանի կողմից ներկայացված փաստաթուղթ, հետևաբար գույքի վաճառքի՝ կառավարչի առաջարկած արժեքը հիմնվում է ոչ թե կառավարչի կողմից իրականացված գույքի գնահատման վրա, այլ իրեն սնանկ ճանաչելու դիմում ներկայացրած պարտապանի կողմից ներկայացված եզրակացության վրա:

Գույքը պարտապանի առաջարկած գնով վաճառելու կառավարչի միջնորդությունը բավարարելն ակնհայտորեն խախտում է պարտատիրոջ իրավունքները՝ զրկելով իր կրած վնասները և խախտված սեփականության իրավունքը վերականգնելու հնարավորությունից:

Վերաքննիչ դատարանը գույքի վաճառքի ծրագիրը պարտատերերի ժողովում հաստատված համարելով՝ հաշվի չի առել, որ 29.09.2020 թվականին կայացած ժողովի նիստի արձանագրությունից ակնհայտ է, որ ժողովում Վիկտորյա Գրիգորյանի գույքի վաճառքի ծրագիր չի քննարկվել և չի հաստատվել, իսկ քննարկված հարցերի վերաբերյալ արձանագրությունը չի կարող գնահատվել որպես գույքի վաճառքի ծրագիր: Ընդ որում, արձանագրությանը կից քվեաթերթիկի ուսումնասիրությունից պարզ է, որ 3-րդ հարցին, այն է՝ Վիկտորյա Գրիգորյանին համատեղ սեփականության իրավունքով պատկանող թիվ 530768, թիվ 755814, թիվ 755748, թիվ 1354532, թիվ 1618594, թիվ 161849 անշարժ գույքերի սեփականության վկայականներով գրանցված գյուղատնտեսական նշանակության հողամասերի և բնակելի տան 1/5 բաժնեմասը՝ 2608000 ՀՀ դրամ շուկայական արժեքով ուղղակի վաճառքով իրացնելու միջնորդություն դատարանին ներկայացնելու հարցին, Ընկերության կողմից քվեարկվել է «դեմ»։

Վերաքննիչ դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ կերպով չի հետազոտել գործում առկա փաստաթղթերն ու դատարանին հայտնված փաստերը, մասնավորապես՝ 29.09.2020 թվականի ժողովի արձանագրությունն ու քվեաթերթիկը, միակ պարտապանի կողմից գույքի՝ նշված գնով ուղղակի վաճառքին դեմ լինելը, կառավարչի կողմից գույքի գնահատում չիրականացնելը, նույն գույքի արժեքի վերաբերյալ երկու էականորեն տարբերվող արժեքների առկայությունը, որոնցից մեկը՝ օրինական ուժ ստացած վճռով հաստատված գին է, իսկ մյուսը՝ իրեն սնանկ ճանաչելու դիմում ներկայացնող պարտապանի կողմից, ինչի արդյունքում կայացրել է սխալ որոշում:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 19022021 թվականի որոշումը և կայացնել նոր՝ Վիկտորյա Գրիգորյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքերի 1/5 բաժնեմասի ուղղակի վաճառքը 2608000 ՀՀ դրամ շուկայական արժեքով իրականացնելու մասին սնանկության կառավարիչ Հ. Գևորգյանի միջնորդությունը մերժելու մասին դատական ակտ»:

 

3. Վճռաբեկ դատարանը որպես վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստեր նշել է հետևյալը.

«Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1 Դատարանի 27122019 թվականի վճռով բավարարվել է Վիկտորյա Գրիգորյանի դիմումը՝ սեփական սնանկությունը ճանաչելու պահանջի մասին (հավելված, հատոր 1-ին, գ.թ. 8-12).

2 Դատարանի 27042020 թվականի որոշմամբ հաստատվել է Վիկտորյա Գրիգորյանի սնանկության գործով պահանջների վերջնական ցուցակը` ըստ հետևյալ առաջնահերթության և ապահովվածության`

«Մարսերալ» ՍՊԸ - 13777787 ՀՀ դրամ և 111.242,95 ՀՀ դրամ – ստորադաս չապահովված պահանջ «ը» հերթ (հավելված, հատոր 1-ին, գ.թ. 15-17).

3 29092020 թվականին նշանակված ժողովի օրակարգում ի թիվս այլնի ներառված է եղել նաև Վիկտորյա Գրիգորյանին համատեղ սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքերի 1/5 բաժնեմասերն ուղղակի գործարքով օտարելու մասին հարցը, ինչպես նաև անշարժ գույքերի վաճառքի ծրագրի հաստատման հարցը (հավելված, հատոր 1-ին, գ.թ. 19).

4 29092020 թվականի Վիկտորյա Գրիգորյանի սնանկության գործով պարտատերերի ժողովի մասնակցության քվեաթերթիկի համաձայն Ընկերությունը՝ լիազորված անձ Արփինե Եղիկյանը, Վիկտորյա Գրիգորյանին համատեղ սեփականության իրավունքով պատկանող, թիվ 530768, թիվ 755814, թիվ 755748, թիվ 1354532, թիվ 1618594, թիվ 151849 անշարժ գույքերի սեփականության վկայականներով գրանցված գյուղատնտեսական նշանակության հողամասերի և բնակելի տան 1/5 բաժնեմասերը 2608000 ՀՀ դրամ շուկայական արժեքով ուղղակի վաճառքով իրացնելու միջնորդություն դատարան նրկայացնելու հարցի վերաբերյալ քվեարկել է «դեմ» (հավելված, հատոր 1-ին, գթ 28)

5 29092020 թվականի Վիկտորյա Գրիգորյանի սնանկության գործով պարտատերերի ժողովի արձանագրության համաձայն Ընկերության լիազորված անձը քննարկվող հարցերին կողմ է, բացառությամբ նշված անշարժ գույքերի գնահատման արժեքների, ինչի վերաբերյալ, առարկությունը կներկայացնի դատարան (հավելված, հատոր 1-ին, գ.թ. 26).

6 Վիկտորյա Գրիգորյանի սնանկության գործով կառավարիչ Հարություն Գևորգյանը՝ պարտապան Վիկտորյա Գրիգորյանի սնանկության գործով պարտատերերի 29092020 թվականի ժողովի որոշմամբ հաստատված է համարել պարտապան Վիկտորյա Գրիգորյանին համատեղ սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքերի 1/5 բաժնեմասի վաճառքի ծրագիրը (հավելված, հատոր 1-ին, գ.թ. 30).

7 Թիվ ԿԴ1/0132/04/18 սնանկության գործի շրջանակներում սնանկության գործով կառավարիչը 12.10.2020 թվականին միջնորդություն է ներկայացրել ՀՀ սնանկության դատարան, որով հայտնել է, որ Վիկտորյա Գրիգորյանին համատեղ սեփականության իրավունքով պատկանող ՀՀ Կոտայքի մարզ, Մայակովսկի համայնքում գտնվող, թիվ 530768, թիվ 755814, թիվ թիվ 755748, թիվ 1354532, թիվ 1618594, թիվ 1618497 անշարժ գույքերի սեփականության վկայականներով գրանցված գյուղատնտեսական նշանակության հողամասերի և բնակելի տան 1/5 բաժնեմասերի շուկայական արժեքը ըստ «Տիգրիս» ՍՊԸ-ի կողմից տրված գույքերի գնահատման եզրակացությունների կազմում է՝ 2608000 ՀՀ դրամ: Անշարժ գույքերի բաժնեմասերը ներկայացվելու է ուղղակի գործարքով վաճառքի համաձայն «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 77-րդ հոդվածի: Վերոնշյալ գույքերի բաժնեմասերն ուղղակի գործարքով ձեռք բերելու ցանկություն է հայտնել համասեփականատեր' Արսեն Գրիգորյանի լիազորված անձ՝ Հակոբ Արմանդարյանը: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով. «Սնանակության մասին» ՀՀ օրենքի 77-րդ հոդվածով, միջնորդել է դատարանին թույլատրել վաճառել ուղղակի գործարքով Վիկտորյա Գրիգորյանին համատեղ սեփականության իրավունքով պատկանող ՀՀ Կոտայքի մարզ, Մայակովսկի համայնքում գտնվող, թիվ 530768, թիվ 755814, թիվ 755748, թիվ 1354532, թիվ 1618594, թիվ 151849 անշարժ գույքերի սեփականության վկայականներով գրանցված գյուղատնտեսական նշանակության հողամասերի և բնակելի տան 1/5 բաժնեմասերը (թվով վեց անշարժ գույք) 2608000 ՀՀ դրամ արժեքով և վերացնել գույքերի վրա դրված բոլոր տեսակի արգելանքներն ու սահմանափակումները (հավելված, հատոր 1-ին, գթ 18)

8 15.10.2020 թվականին պարտատեր Ընկերությունն՝ ի դեմս տնօրեն Ս. Մարտիրոսյանի, Դատարան է ներկայացրել առարկություն՝ գույքերի վաճառքի արժեքի վերաբերյալ՝ հիմքում դնելով այն հանգամանքը, որ ԿԴ1/1082/02/18 քաղաքացիական գործի շրջանակներում «Վարմօն Ռիելթի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից տրված փորձաքննության եզրակացության համաձայն՝ գույքերից 1/5 բաժնեմասի շուկայական արժեքը կազմել է 4.589.980 ՀՀ դրամ, ինչը 75 տոկոսով գերզանցում է կառավարչի ներկայացրած արժեքը: Հիմք ընդունելով վերոգրյալը Ընկերության տնօրենը խնդրել է մերժել կառավարչի ներկայացրած միջնորդությունը (հավելված, հատոր 1-ին, գթ 66-67)

9 Դատարանի 20102020 թվականի որոշմամբ Վիկտորյա Գրիգորյանի սնանկության գործով կառավարիչ Հարություն Գևորգյանին թույլատրվել է ՀՀ, Կոտայքի մարզի, Մայակովսկի համայնքում գտնվող և անշարժ գույքերի սեփականության իրավունքի գրանցման թիվ 530768, թիվ 755814, թիվ 755748, թիվ 1354532, թիվ 1618594 և թիվ 161849 վկայականներով գրանցված թվով 6 անշարժ գույքերից Վիկտորյա Գրիգորյանի 1/5 բաժինը ուղղակի գործարքով՝ 2.608.000 ՀՀ դրամով վաճառել Արսեն Գրիգորյանին (հավելված, հատոր 1-ին, գ.թ. 69-72)»

 

4. Վճռաբեկ դատարանը որպես պատճառաբանություններ և եզրահանգումներ նշել է հետևյալը.

«Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ նույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի իմաստով, այն է՝ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 77-րդ հոդվածի միատեսակ կիրառության համար, ու գտնում է, որ տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումը` կապված պարտապանին պատկանող գույքի վաճառքն ուղղակի գործարքով իրականացնելու ընթացակարգային որոշ հարցերի հետ, կարող է էական նշանակություն ունենալ նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար:

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 75-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պարտապանի գույքի վաճառքն իրականացնում է կառավարիչը` իր կողմից գույքագրման արդյունքներով ներկայացված և պարտատերերի խորհրդի, իսկ խորհուրդ ձևավորված չլինելու դեպքում պարտատերերի ժողովի կողմից հաստատված գույքի վաճառքի ծրագրի համաձայն և դատարանի թույլտվությամբ` հրապարակային սակարկություններով կամ ուղղակի գործարքով: Նույն հոդվածի 1.1-րդ մասի համաձայն` գույքի վաճառքի ծրագիրը պետք է ներառի պարտապանի ամբողջ գույքի, ներառյալ՝ պահանջի իրավունքների վերաբերյալ մանրամասն տեղեկություններ (անվանումները, նկարագրությունը, քանակը, հաշվեկշռային արժեքը), վաճառքի նախատեսվող ձևը, նախնական գնահատված արժեքները` ըստ գույքի տեսակի։ Գույքի վաճառքի ծրագիրը պարտատերերի խորհրդի կամ ժողովի կողմից չհաստատվելու դեպքում կառավարիչն իրավունք ունի դիմելու դատարան և պահանջելու հաստատել գույքի վաճառքի ծրագիրը` կցելով պարտատերերի ժողովի կամ խորհրդի որոշումները կամ ժողովի կամ խորհրդի նիստի անցկացման անհնարինության հիմքերը։ Ծրագրի փոփոխությունները կատարվում են ծրագրի ընդունման համար սահմանված կարգով։

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 77-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` եթե կառավարիչը մտադիր է պարտապանին պատկանող գույքի վաճառքն իրականացնել ուղղակի գործարքով, ապա նա հրավիրում է խորհրդի նիստ, իսկ վերջինի ձևավորված չլինելու դեպքում` ժողով` քննարկման դնելով այդ հարցը: Խորհրդի կամ ժողովի որոշումը` ուղղակի գործարքի վերաբերյալ կառավարչի մտադրությանը հավանություն տալու կամ չտալու վերաբերյալ, և խորհրդի նիստի արձանագրությունը կառավարիչն իր միջնորդության հետ ներկայացնում է դատարան: Միջնորդության մեջ նշվում են գույքի գտնվելու վայրը, գույքի նկարագրությունը, վաճառքի գինը և հնարավոր գնորդը: Դատավորն առանց դատական նիստ հրավիրելու որոշում է կայացնում միջնորդությունը բավարարելու կամ այն մերժելու մասին: Դատավորը մերժում է միջնորդությունը, եթե առկա է խորհրդի որոշումը` ուղղակի գործարքի վերաբերյալ կառավարչի մտադրությանը հավանություն չտալու մասին:

Վերը նշված նորմերի վերլուծությունից բխում է նաև, որ պարտապանի գույքի վաճառքը կառավարիչը կարող է իրականացնել ինչպես հրապարակային սակարկությունների, այնպես էլ ուղղակի գործարքի միջոցով: Ընդ որում, պարտապանի գույքի վաճառքն ուղղակի գործարքի միջոցով իրականացնելու մտադրություն ունենալու դեպքում կառավարիչը պարտավոր է հրավիրել խորհրդի նիստ, իսկ վերջինի ձևավորված չլինելու դեպքում` ժողով` քննարկման դնելով այդ հարցը:

Նշված հարցի վերաբերյալ խորհրդի կամ ժողովի կայացրած համապատասխան որոշումը և նիստի արձանագրությունը կառավարիչն իր միջնորդության հետ ներկայացնում է դատարան: Դատավորն առանց դատական նիստ հրավիրելու կարող է որոշում կայացնել միջնորդությունը բավարարելու կամ այն մերժելու մասին: Ընդ որում, դատավորը մերժում է միջնորդությունը, եթե առկա է ուղղակի գործարքի վերաբերյալ կառավարչի մտադրությանը հավանություն չտալու մասին որոշում:

Սույն գործի փաստերի համաձայն` սեփական սնանկության դիմումի հիման վրա Վիկտորյա Գրիգորյանը ճանաչվել է սնանկ: Դատարանի 28042020 թվականի որոշմամբ հաստատվել է վերջինիս սնանկության գործով պահանջների վերջնական ցուցակը` որպես միակ պարտատեր գրանցվել է Ընկերությունը:

Վիկտորյա Գրիգորյանի սնանկության գործով կառավարիչ Հարություն Գևորգյանը 29092020 թվականին հրավիրել է պարտատերերի ժողով, ժողովի օրակարգում ի թիվս այլնի ներառված է եղել նաև Վիկտորյա Գրիգորյանին համատեղ սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքերի 1/5 բաժնեմասերն 2.608.000 ՀՀ դրամով, ուղղակի գործարքով օտարելու մասին հարցը, ինչպես նաև անշարժ գույքերի վաճառքի ծրագրի հաստատման հարցը։

Վիկտորյա Գրիգորյանի սնանկության գործով պարտատերերի 29092020 թվականի ժողովի մասնակցության քվեաթերթիկի համաձայն՝ Ընկերության լիազորված անձ Արփինե Եղիկյանը, կառավարչի կողմից կատարված աշխատանքների հարցին քվեարկել է «կողմ», Վիկտորյա Գրիգորյանին համատեղ սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքերի 1/5 բաժնեմասերը ուղղակի վաճառքով օտարելու մասին համասեփականատեր՝ Արսեն Գրիգորյանի լիազորված անձ Հակոբ Արմանդարյանի դիմումի քննարկման հարցին քվերակել է «կողմ», սակայն Վիկտորյա Գրիգորյանին համատեղ սեփականության իրավունքով պատկանող, թիվ 530768, թիվ 755814, թիվ 755748, թիվ 1354532, թիվ 1618594, թիվ 151849 անշարժ գույքերի սեփականության վկայականներով գրանցված գյուղատնտեսական նշանակության հողամասերի և բնակելի տան 1/5 բաժնեմասերը 2608000 ՀՀ դրամ շուկայական արժեքով ուղղակի վաճառքով իրացնելու միջնորդություն դատարան նրկայացնելու հարցի վերաբերյալ քվեարկել է «դեմ»։

Վիկտորյա Գրիգորյանի սնանկության գործով պարտատերերի 29092020 թվականի ժողովի արձանագրության համաձայն Ընկերության լիազորված անձը քննարկվող հարցերին կողմ է, բացառությամբ նշված անշարժ գույքերի գնահատման արժեքների, ինչի վերաբերյալ, առարկությունը կներկայացնի դատարան։

Վիկտորյա Գրիգորյանի սնանկության գործով կառավարիչ Հարություն Գևորգյանը՝ պարտապան Վիկտորյա Գրիգորյանի սնանկության գործով պարտատերերի 29092020 թվականի ժողովի որոշմամբ հաստատված է համարել պարտապան Վիկտորյա Գրիգորյանին համատեղ սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքերի 1/5 բաժնեմասի վաճառքի ծրագիրը։

Վիկտորյա Գրիգորյանի սնանկության գործով կառավարիչ Հարություն Գևորգյանը միջնորդություն է ներկայացրել Դատարան՝ Վիկտորյա Գրիգորյանին համատեղ սեփականության իրավունքով պատկանող՝ ՀՀ Կոտայքի մարզ, Մայակովսկի համայնքում գտնվող, թիվ 530768, թիվ 755814, թիվ թիվ 755748, թիվ 1354532, թիվ 1618594, թիվ 1618497 անշարժ գույքերի սեփականության վկայականներով գրանցված գյուղատնտեսական նշանակության հողամասերի և բնակելի տան 1/5 բաժնեմասերը, ուղղակի գործարքով վաճառելու թույլտվության մասին։ Որպես ուղղակի վաճառքի գին սահմանվել է 2608000 ՀՀ դրամ։

Պարտատեր Ընկերությունը՝ ի դեմս տնօրեն Ս. Մարտիրոսյանի, 15.10.2020 թվականին Դատարան է ներկայացրել առարկություն՝ գույքերի վաճառքի արժեքի վերաբերյալ՝ հիմքում դնելով այն հանգամանքը, որ ԿԴ1/1082/02/18 քաղաքացիական գործի շրջանակներում «Վարմօն Ռիելթի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից տրված փորձաքննության եզրակացության համաձայն՝ գույքերից 1/5 բաժնեմասի շուկայական արժեքը կազմել է 4.589.980 ՀՀ դրամ, ինչը 75 տոկոսով գերզանցում է կառավարչի ներկայացրած արժեքը: Հիմք ընդունելով վերոգրյալը Ընկերության տնօրենը խնդրել է մերժել կառավարչի ներկայացրած միջնորդությունը։

Դատարանը 20102020 թվականի որոշմամբ Վիկտորյա Գրիգորյանի սնանկության գործով կառավարիչ Հարություն Գևորգյանի միջնորդությունը բավարարել է և Վիկտորյա Գրիգորյանի սնանկության գործով կառավարիչ Հարություն Գևորգյանին թույլատրել է ՀՀ, Կոտայքի մարզի, Մայակովսկի համայնքում գտնվող և անշարժ գույքերի սեփականության իրավունքի գրանցման թիվ 530768, թիվ 755814, թիվ 755748, թիվ 1354532, թիվ 1618594 և թիվ 161849 վկայականներով գրանցված թվով 6 անշարժ գույքերից Վիկտորյա Գրիգորյանի 1/5 բաժինը ուղղակի գործարքով՝ 2.608.000 ՀՀ դրամով վաճառել Արսեն Գրիգորյանին։

Դատարանը նշված որոշմամբ արձանագրել է, որ սնանկության գործով կառավարչի կողմից ներկայացված գույքերի գնահատման եզրակացությունների համաձայն՝ գույքերի ընդհանուր շուկայական արժեքը կազմել է 13.040.000 ՀՀ դրամ: Արդյունքում ստացվում է, որ գույքերից պարտապան Վիկտորյա Գրիգորյանի 1/5 բաժնեմասի շուկայական արժեքը կազմում է 2.608.000 ՀՀ դրամ:

Դատարանն արձանագրել է նաև, որ կառավարչի միջնորդությունը, դրան կից ներկայացված գրավոր ապացույցները ներկայացվել են «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 77-րդ հոդվածի դրույթներին համապատասխան, այն է՝ պարտապանի գույքն ուղղակի գործարքի միջոցով իրացնելու հարցը քննարկելու նպատակով հրավիրված ժողովում պարտատեր Ընկերության ներկայացուցիչը կողմ է քվեարկել գույքերից պարտապանի բաժինն ուղղակի վաճառքով օտարելու վերաբերյալ կառավարչի մտադրությանը՝ միաժամանակ առարկելով գույքերի գնահատման արժեքների դեմ:

Անդրադառնալով գույքերի արժեքների վերաբերյալ պարտատեր Ընկերության ներկայացուցչի կողմից դատարան ներկայացրած գրավոր առարկությանը՝ Դատարանը նշել է, որ Ընկերության կողմից չի ներկայացվել առարկությունը հիմնավորող որևէ ապացույց, բացի այդ՝ նույն պարտատերը կայացած ժողովում կողմ է քվեարկել գույքերից պարտապանի բաժինն ուղղակի վաճառքով օտարելու վերաբերյալ կառավարչի մտադրությանը, հաշվի առնելով վերոգրյալը՝ Դատարանը գտել է, որ առարկությունը հիմնավոր չէ և չի կարող հիմք հանդիսանալ կառավարչի միջնորդությունը մերժելու համար:

Վերաքննիչ դատարանը՝ վերահաստատելով Դատարանի դիրքորոշումը, մերժել է Ընկերության բողոքը և Դատարանի «Գույքի վաճառքը ուղղակի գործարքի միջոցով թույլատրելու և գույքի նկատմամբ կիրառված արգելանքներն ու սահմանափակումները վերացնելու մասին» որոշումը թողել է անփոփոխ։

Վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո համադրելով սույն գործի փաստերը և գնահատելով ստորադաս դատարանների վերոգրյալ եզրահանգումները` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

Պարտապանի գույքը նրա հաշվեկշռում հաշվառված ցանկացած օբյեկտն է։ Պարտապանի գույքի վաճառք ասելով հասկանում ենք այդ գույքի իրացում` առավել մեծ հասույթ ստանալու նպատակով։ Պարտապանի գույքի վաճառքը «Սնանկության մասին» ՀՀ օրենքով կանոնակարգված ընթացակարգ է, որն իրականցվում է «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 75-րդ և 77-րդ հոդվածներով նախատեսված կանոններով։ Պարտապանի գույքի վաճառքը տեղի է ունենում պարտապանի գույքը գույքագրելուց և գնահատելուց հետո, որն էլ հնարավորություն է տալիս որոշելու վաճառվող օբյեկտների լուծարքային արժեքները։ Պարտապանի գույքի վաճառքն իրականացնում է կառավարիչը` դատավորի թույլտվությամբ՝ հրապարակային սակարկություններով կամ ուղղակի գործարքով։

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 75-րդ և 77-րդ հոդվածները նախատեսում են պարտապանին պատկանող գույքի իրացման ընթացակարգերը: Այսպես` պարտատերերի պահանջները բավարարելու նպատակով սնանկության գործով կառավարչին է վերապահված ձեռնարկել պարտապանի գույքի վաճառքը` հրապարակային սակարկությունների կամ ուղղակի գործարքի միջոցով: Ընդ որում, պարտապանի գույքը հրապարակային սակարկություններով կամ ուղղակի գործարքով վաճառքի համար սնանկության գործով կառավարիչը պետք է գույքագրման արդյունքներով կազմված գույքի վաճառքի ծրագիրը ներկայացնի պարտատերերի խորհրդի, իսկ խորհուրդ ձևավորված չլինելու դեպքում պարտատերերի ժողովի հաստատմանը, որից հետո էլ ստանա դատարանի թույլտվությունը գույքի վաճառքի վերաբերյալ: Ավելին, հաշվի առնելով, որ պարտատերերի ժողովի (կամ խորհրդի) կողմից հաստատված գույքի վաճառքի ծրագիրն այն հիմքն է, որի հիման վրա իրականացվում է գույքի վաճառքը, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ պարտապանի գույքի վաճառքը պետք է տեղի ունենա բացառապես հաստատված ծրագրին համապատասխան:

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 77-րդ հոդվածով սահմանված ընթացակարգը, մասնավորապես՝ խորհրդի նիստ, իսկ վերջինի ձևավորված չլինելու դեպքում` ժողով հրավիրելու և գույքի ուղղակի վաճառքի հարցը քննարկման դնելու, խորհրդի կամ ժողովի որոշումը` ուղղակի գործարքի վերաբերյալ կառավարչի մտադրությանը հավանություն տալու կամ չտալու վերաբերյալ դատարանին ներկայացնելն ինքնանպատակ չէ, և նպատակ ունի բացահայտել պարտապանի ու պարտատիրոջ դիրքորոշումը և, որ ամենակարևորն է, հավասարակշռել կողմերի շահերը, ապահովել նրանց իրավունքների իրականացումը: Ընդ որում, կողմերի իրավունքների իրականացման երաշխավորը տվյալ դեպքում հանդիսանում է Դատարանը, որի դերը նախատեսված ընթացակարգում ոչ թե պարզապես միջնորդությունը հաստատելն է, այլև արդարադատություն իրականացնելը՝ միջնորդությունը քննարկելու և բոլոր կողմերի դիրքորոշումներին գնահատական տալու միջոցով:

Բացի այդ, օրենսդիրը սահմանել է այն էական տվյալները, որոնք կառավարիչը պետք է ներկայացնի գույքն ուղղակի վաճառքով իրացնելու վերաբերյալ դատարան ներկայացվող միջնորդության մեջ։ Միջնորդության մեջ պետք է նշվեն գույքի գտնվելու վայրը, գույքի նկարագրությունը, վաճառքի գինը և հնարավոր գնորդը: Նշվածից հետևում է, որ վաճառքի գինը համարվում է էական պայման՝ գույքը ուղղակի գործարքի միջոցով իրացնելու համար ներկայացված միջնորդությունը բավարարելու կամ մերժելու համար։ Միաժամանակ, վաճառվող գույքի գնի հետ անհամաձայնության, առարկության պայմաններում, պարտապանի գույքն ուղղակի գործարքի միջոցով օտարելու գաղափարին պարտատիրոջ դեմ չլինելը չի կարող գնահատվել որպես համաձայնություն՝ գույքը կառավարչի նշած գնով վաճառելու համար:

Սույն գործում առկա փաստերի համաձայն՝ գույքն ուղղակի գործարքի միջոցով իրացնելու վերաբերյալ հրավիրված պարտատերերի ժողովի ընթացքում քննարկված ծրագրին Ընկերությունը դեմ է քվեարկել ծրագրի այնպիսի էական պայմանի, ինչպիսին գույքերի իրացման գինն է։ Նշվածից հետևում է, որ Ընկերության կողմից գույքերի իրացման գնին հավանություն չտալն ինքնին բացառում է գույքի ուղղակի վաճառքի վերաբերյալ կառավարչի մտադրությանը հավանություն տալու մասին։ Նման պայմաններում դատարանը չէր կարող առանց գույքի վաճառքի գնի վերաբերյալ պարտատիրոջ համաձայնության՝ սնանկության կառավարչի կողմից ներկայացված միջնորդությունը և դրա հիմքում դրված ժողովի որոշումը բավարար համարել և թույլ տալ գույքի ուղղակի վաճառքը։

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված՝ ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու՝ Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիայի) 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք։ Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար։ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից։ Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է»։

 

Վճռաբեկ դատարանի դատավոր Գ. Հակոբյանս, համաձայն չլինելով վերը նշված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերում Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության կողմից արտահայտված կարծիքի հետ, շարադրում եմ հատուկ կարծիքս դրա վերաբերյալ:

Այսպես՝

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի համաձայն՝ վճռաբեկ բողոքում պետք է նշվեն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հիմքը և դրա հիմնավորումը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վճռաբեկ բողոքն ընդունվում է քննության, եթե Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար, առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` նույն հոդվածի իմաստով` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար, եթե առնվազն մեկ այլ գործով ստորադաս դատարանի օրինական ուժի մեջ մտած դատական ակտում միևնույն նորմը կիրառվել է կամ չի կիրառվել հակասող մեկնաբանությամբ, բողոքարկվող դատական ակտում որևէ նորմի մեկնաբանությունը հակասում է Վճռաբեկ դատարանի որոշման մեջ տվյալ նորմին տրված մեկնաբանությանը, դատարանի կիրառած նյութական կամ դատավարական իրավունքի նորմի կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր:

Տվյալ դեպքում բողոք բերած անձը, որպես վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հիմք վկայակոչելով նաև բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ օրենքի միատեսակ կիրառության համար Վճռաբեկ դատարանի որոշման էական նշանակություն ունենալու հանգամանքը, վճռաբեկ բողոքում հստակ չի նշել, թե ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 2-րդ մասում նշված հիմքերից վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու կոնկրետ ո՞ր հիմքով է ներկայացնում բողոքը, ինչպես նաև այդ հիմքի հիմնավորումը:

Նման պայմաններում, կարծում եմ, որ Վճռաբեկ դատարանը, 19052021 թվականին որոշում կայացնելով վճռաբեկ բողոքն այլ հիմքով վերադարձնելու մասին, վճռաբեկ բողոքը պետք է վերադարձներ նաև այդ առումով այն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի պահանջներին չհամապատասխանելու հիմքով, որպիսի պատճառաբանությամբ որոշում տվյալ դեպքում չի կայացվել։

Ավելին՝ Վճռաբեկ դատարանն իր հերթին վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի իմաստով՝ չունենալով նման հիմքով ներկայացված վճռաբեկ բողոք։

Այդ առումով միևնույն ժամանակ ցանկանում եմ հայտնել նաև հետևյալի մասին

Ինչպես արդեն իսկ նշեցի վերը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վճռաբեկ բողոքն ընդունվում է քննության նաև, եթե Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար:

Նույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի համաձայն` նույն հոդվածի իմաստով` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար, եթե դատարանի կիրառած նյութական կամ դատավարական իրավունքի նորմի կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր:

Նշված իրավակարգավորումներից բխում է, որ Վճռաբեկ դատարանի կողմից այդ հիմքով բողոքը կարող է վարույթ ընդունվել բացառապես այն դեպքում, երբ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի կամ այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար, որը տվյալ դեպքում պայմանավորված է Վերաքննիչ դատարանի կողմից կիրառված նյութական կամ դատավարական իրավունքի նորմի կապակցությամբ իրավունքի զարգացման խնդրի առկայությամբ։

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 406-րդ հոդվածի 5-րդ մասի 6-րդ կետի համաձայն՝ բողոքի քննության արդյունքներով կայացված Վճռաբեկ դատարանի որոշման մեջ նշվում են վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու` նույն օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքերից առնվազն մեկի առկայության հիմնավորումը։

Մինչդեռ տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանը, բողոքը վարույթ ընդունելը պայմանավորելով վերը նշված հիմքով, իր որոշման մեջ ինչպես չի բացահայտել նման խնդրի առկայությունը, այնպես ցույց չի տվել այդ նորմի համապատասխան զարգացման ուղղությունը՝ ըստ էության, չնշելով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի նույն օրենսգրքի 394-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված հիմքի առկայության հիմնավորումը։

 

Հիմք ընդունելով վերոգրյալը՝ հայտնում եմ իմ անհամաձայնությունը Վճռաբեկ դատարանի կողմից կայացված որոշման վերաբերյալ:

 

Դատավոր`

Գ. Հակոբյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 մարտի 2023 թվական: