ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում |
Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/3785/02/17 2022 թ. | ||||||
Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/3785/02/17 |
|||||||
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով՝
նախագահող |
Մ. Դրմեյան | |
զեկուցող |
Տ. Պետրոսյան | |
Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ | ||
Գ. Հակոբյան Ս. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ | ||
Ա․ ՄԿՐՏՉՅԱՆ | ||
Է. Սեդրակյան |
2022 թվականի նոյեմբերի 11-ին
գրավոր ընթացակարգով քննելով Հովհաննես Առաքելյանի ներկայացուցչի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 30.12.2019 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշման դեմ` ըստ հայցի Հովհաննես Առաքելյանի ընդդեմ «Ղ-Տելեկոմ» ՓԲԸ-ի (իրավահաջորդ՝ «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ) (այսուհետ՝ Ընկերություն)` արտաժամյա աշխատանքի դիմաց չվճարված աշխատավարձի և վնասակար աշխատանք կատարելու համար հիմնական աշխատավարձի նկատմամբ հաշվարկվող հավելում բռնագանձելու պահանջների մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Հովհաննես Առաքելյանը պահանջել է Ընկերությունից հօգուտ իրեն բռնագանձել 04․07․2007 թվականից մինչև 2009 թվականի դեկտեմբեր ամիսը ներառյալ ընկած ժամանակահատվածի համար նախատեսված լրացուցիչ աշխատավարձ, այսինքն՝ վնասակար աշխատանք կատարելու համար հիմնական աշխատավարձի նկատմամբ հաշվարկվող հավելումը, ինչպես նաև 2009 թվականի հունվար ամսից մինչև 18․04․2017 թվականն ընկած ժամանակահատվածի համար Ընկերությունից հօգուտ հայցվորի բռնագանձել արտաժամյա աշխատանքի դիմաց չվճարված աշխատավարձը։
ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Հ. Զարգարյան) (այսուհետ` Դատարան) 11.10.2019 թվականի վճռով հայցը մերժվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 30.12.2019 թվականի որոշմամբ Հովհաննես Առաքելյանի կողմից ներկայացված միջնորդությունը` վերաքննիչ բողոք բերելու համար օրենքով սահմանված ժամկետը բաց թողնելու պատճառը հարգելի ճանաչելու մասին, ինչպես նաև վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվել են:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Հովհաննես Առաքելյանը (ներկայացուցիչ՝ Արշավիր Խալափյան):
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ն (ներկայացուցիչ՝ Վահագն Բաղրամյան):
2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 119-րդ հոդվածի 1-ին մասը, 371-րդ հոդվածը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ սույն գործով Դատարանի 11.10.2019 թվականի վճիռը փոստային առաքմամբ Հովհաննես Առաքելյանը ստացել է 21.10.2019 թվականին, որի արդյունքում հնարավոր չի եղել 11․10․2019 թվականի վճիռը բողոքարկել մինչև 12․11․2019 թվականը։
Վերաքննիչ դատարանն անհիմն մերժելով վերաքննիչ բողոքի ընդունումը, անտեսել է սահմանադրական նորմով երաշխավորված՝ անձի դատական պաշտպանության արդյունավետ միջոցների իրականացման իրավունքը։
Վերաքննիչ դատարանի որոշումը հակասում է ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից թիվ ԱՐԱԴ2/0169/02/11 քաղաքացիական գործով 28․11․2014 թվականին կայացված և թիվ ԵԿԴ/2628/02/13 քաղաքացիական գործով 03․12․2014 թվականին կայացված որոշումներում արտահայտված իրավական դիրքորոշումներին։
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 30.12.2019 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը:
2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները
Վճռաբեկ բողոքն ենթակա է մերժման, քանի որ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ չի տրվել այնպիսի խախտում, որն ազդել կամ կարող էր ազդել գործի ելքի վրա, բողոք բերողը բոլոր դեպքերում վերաքննիչ բողոքը ներկայացրել է սահմանված ժամկետի ավարտից հետո։ Բողոք բերած անձը որևէ կերպ չի հիմնավորել վերաքննիչ բողոքը հարգելի պատճառով մեկամսյա ժամկետի ավարտից հետո՝ 22․11․2019 թվականին ներկայացված լինելու հանգամանքը, ինչի պարագայում ակնհայտ է, որ միջնորդությունը ենթակա էր մերժման։
3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 119-րդ հոդվածի 1-ին մասի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:
Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական խնդրին` արդյոք դատական ակտը դատարանի կողմից դատական իշխանության պաշտոնական կայքում սահմանված ժամկետում հրապարակված լինելը կարող է համարվել դատարանի կողմից դատական ակտը գործին մասնակցող անձին հասանելի դարձնելու պարտականության պատշաճ կատարում, այն պարագայում, երբ դատական ակտի օրինակը հրապարակման հաջորդ օրը չի ուղարկվել կամ մինչ այդ առձեռն չի հանձնվել գործին մասնակցող անձին՝ վերահաստատելով նախկինում արտահայտած դիրքորոշումը:
ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:
ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:
Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:
Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 07.02.1995 թվականի թիվ R(95)5 հանձնարարականի 1-ին հոդվածի (a) կետով նախատեսված սկզբունքի համաձայն` պետք է առկա լինի վերադաս դատարանի (երկրորդ ատյանի դատարան) կողմից ստորադաս դատարանի (առաջին ատյանի դատարան) ցանկացած որոշման վերանայման հնարավորություն:
Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Հայաստանի Հանրապետությունում երաշխավորված են անձի դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնական իրավունքները, որոնց կարևոր բաղադրիչներից մեկը բողոքարկման իրավունքն է: Բողոքարկման ինստիտուտն իրավական միջոց է, որը հնարավորություն է տալիս որոշակի ընթացակարգի միջոցով գործնականում ապահովելու դատական սխալների բացահայտումը և ուղղումը` դրանով իսկ նպաստելով արդարադատության նպատակների գործնականում իրականացմանը: Ուղղված լինելով դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնական իրավունքների երաշխավորմանը` այդուհանդերձ, օրենսդրի կողմից սահմանված են բողոքարկման իրավունքի իրացման որոշակի պայմաններ, որոնցից են ժամկետային սահմանափակումները:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործին մասնակցող անձինք ունեն առաջին ատյանի դատարանի դատական ակտերի վերաքննության կարգով վերանայման իրավունք` նույն օրենսգրքով նախատեսված դեպքերում և կարգով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ դատարանի` եզրափակիչ, իսկ նույն օրենսգրքով կամ Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ նախատեսված դեպքերում նաև այլ դատական ակտերը հրապարակվում են դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 114-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատավարական ժամկետները սահմանվում են նույն օրենսգրքով, այլ օրենքներով, իսկ օրենքով սահմանված չլինելու դեպքում` դատարանի կողմից:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 362-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վճռի, ինչպես նաև գործի վարույթը կարճելու մասին որոշման դեմ վերաքննիչ բողոք կարող է բերվել այն հրապարակվելու օրվանից մեկամսյա ժամկետում:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 32-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի համաձայն՝ գործին մասնակցող անձինք, նույն օրենսգրքի և այլ օրենքների պահանջների պահպանմամբ, իրավունք ունեն` միջնորդություններ անելու, (…):
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 119-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատավարական ժամկետների ավարտից հետո գործին մասնակցող անձինք զրկվում են այդ ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքից, բացառությամբ այն դեպքերի, երբ դատարանը բավարարում է բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը:
Վերը նշված իրավական նորմերի վերլուծությունից հետևում է, որ քաղաքացիական դատավարությունում գործին մասնակցող անձինք ունեն դատարանի դատական ակտերի վերաքննության կարգով վերանայման իրավունք, որը դատարանի կողմից վճիռ կայացվելու դեպքում կարող է իրականացվել այն հրապարակվելու օրվանից մեկամսյա ժամկետում: Ընդ որում, դատական ակտը բողոքարկելու դատավարական ժամկետը բաց թողնելու դեպքում գործին մասնակցող անձն իրավունք ունի հարուցելու միջնորդություն` բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ:
Միաժամանակ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանին օրենսդիրն իրավունք է վերապահել մերժելու վերաքննիչ բողոքի ընդունումը, եթե վերաքննիչ բողոքը բերվել է սահմանված ժամկետը լրանալուց հետո, և բաց թողած ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը մերժվել է: Ընդ որում, միջնորդության քննության արդյունքով դատարանը կայացնում է որոշում:
ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացված որոշմամբ անդրադառնալով գործի քննության ընթացքում ներկայացվող միջնորդությունների քննարկման և լուծման հարցին, փաստել է, որ շահագրգիռ անձը, իր դատական պաշտպանության իրավունքն իրացնելիս դատավարական օրենքով նախատեսված որևէ միջնորդություն հարուցելով, ակնկալում է իր կողմից բարձրացված հարցի որոշակի լուծում` դատարանի կողմից համապատասխան որոշման կայացման ձևով: Դատավարության մասնակցի միջնորդություն հարուցելու իրավունքին համապատասխանում է տվյալ հարցով որոշում կայացնելու դատարանի պարտականությունը: Դատարանի որոշմանը ներկայացվող պարտադիր պահանջ է քննարկվող հարցի վերաբերյալ համապատասխան եզրահանգումը: Հետևաբար, այդպիսի եզրահանգման բացակայության պայմաններում բացակայում է նաև դատարանի որոշումը, ինչի արդյունքում խախտվում է անձի` դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքը (տե´ս «Ռեքվիեմ» ՍՊԸ-ն ընդդեմ «Մեգարոն» ՍՊԸ-ի թիվ ԵՇԴ/1017/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 11.03.2015 թվականի որոշումը):
Վերը նշված դիրքորոշման համատեքստում անդրադառնալով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից վերաքննիչ բողոք բերելու բաց թողած ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը մերժելու և վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին որոշման կայացմանը` Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ այդ միջնորդությունը քննարկելիս և լուծելիս ևս պետք է հաշվի առնել, որ այն հարուցած անձն ակնկալել է իր կողմից հարուցված միջնորդության միջոցով բարձրացված հարցի որոշակի լուծում, որի դեպքում դատարանը պարտավոր է իր եզրահանգումները հիմնավորել` բացառապես ելնելով գործի փաստերից: Այլ կերպ ասած` դատարանի կողմից կատարվող եզրահանգումը պետք է վերաբերի գործի փաստական հանգամանքներին և հարուցված միջնորդության բովանդակությանը, հակառակ պարագայում կհամարվի, որ բացակայում է տվյալ գործի փաստական կազմից բխող համապատասխան եզրահանգումը, իսկ դրա հետևանքով` նաև դատարանի որոշումը հարուցված միջնորդության վերաբերյալ, ինչն իր հերթին կհանգեցնի անձի` դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքի խախտմանը:
Վճռաբեկ դատարանը փաստում է, որ քաղաքացիական դատավարության յուրաքանչյուր փուլն ուղղված է յուրաքանչյուր անձի արդար դատաքննության իրավունքի իրացման ապահովմանը, որն ի թիվս այլնի իր մեջ ներառում է իրավական որոշակիության սկզբունքի պահպանում, որը պահանջում է, որպեսզի դատարանի կողմից որևէ հարցի կապակցությամբ կայացված վերջնական դատական ակտը կասկած չհարուցի (տե՛ս Բրումարեսկուն ընդդեմ Ռումինիայի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 28.10.1999 թվականի վճիռը, գանգատ թիվ 28342/95, կետ 61): Հետևաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործին մասնակցող անձանց կողմից ներկայացված համապատասխան միջնորդությունը մերժելու կամ բավարարելու մասին դատարանի եզրահանգումն առաջին հերթին պետք է բխի տվյալ գործի փաստերից, որը պայմանավորված է յուրաքանչյուր անձի` իր գործով որոշակի և հաստատուն դատական ակտ ստանալու ակնկալիքով:
Բացի այդ, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Հայաստանի Հանրապետությունում երաշխավորված են անձի դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնական իրավունքները, որոնց կարևոր բաղադրիչներից մեկը բողոքարկման իրավունքն է: Բողոքարկման ինստիտուտն իրավական միջոց է, որը հնարավորություն է տալիս որոշակի ընթացակարգի միջոցով գործնականում ապահովելու դատական սխալների բացահայտումը և ուղղումը` դրանով իսկ նպաստելով արդարադատության նպատակների գործնականում իրականացմանը: Ուղղված լինելով դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնական իրավունքների երաշխավորմանը, այդուհանդերձ, օրենսդրի կողմից սահմանված են բողոքարկման իրավունքի իրացման որոշակի պայմաններ, որոնցից են ժամկետային սահմանափակումները:
Վերոգրյալի համատեքստում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ՝ Եվրոպական դատարան) կողմից բողոքարկման իրավունքի և դրա իրացման պայմանների վերաբերյալ հայտնած դիրքորոշումներին: Այսպես՝ Եվրոպական դատարանն արձանագրել է, որ պետությունը դատարան դիմելու իրավունքից օգտվելու համար կարող է սահմանել որոշակի պայմաններ, «(...) պարզապես պետության կողմից կիրառված սահմանափակումները չպետք է այն կերպ կամ այն աստիճանի սահմանափակեն անձի դատարանի մատչելիության իրավունքը, որ վնաս հասցվի այդ իրավունքի բուն էությանը: Բացի այդ, սահմանափակումը չի համապատասխանի Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետին, եթե այն չհետապնդի իրավաչափ նպատակ, և եթե կիրառված միջոցների ու հետապնդվող նպատակի միջև չլինի համաչափության ողջամիտ հարաբերակցություն» (տե´ս Khalfaoui v. France գործով Եվրոպական դատարանի 14.03.2000 թվականի վճիռը, կետ 36):
Պետության կողմից սահմանված՝ բողոք բերելու ժամկետային սահմանափակումների վերաբերյալ կանոններն ուղղված են իրավական որոշակիության երաշխավորմանը: Դատավարության կողմերը պետք է գիտակցեն դատավարական նմանատիպ կանոնների կիրառումն իրենց նկատմամբ: Բայց և այնպես այդ կանոնները և դրանց կիրառումը չպետք է խոչընդոտեն դատավարության մասնակիցների կողմից պաշտպանության հասանելի միջոցներն օգտագործելուն (տե՛ս Magomedov and others v Russia գործով Եվրոպական դատարանի 28.06.2017 թվականի վճիռը, կետ 87):
Բացի այդ, Եվրոպական դատարանը նշել է, որ բողոք ներկայացնելու իրավունքը պետք է իրացվի այն պահից սկսած, երբ համապատասխան անձը ձեռք է բերել իրական հնարավորություն ծանոթանալու դատարանի որոշման հետ, որը շոշափում է նրա իրավունքները կամ օրինական շահերը, կամ նրա համար առաջացնում է որոշակի հետևանքներ: Հակառակ դեպքում, դատարանները կստանային հնարավորություն դատական ակտերի կայացման մասին անձանց ուշացմամբ ծանուցելով էապես սահմանափակել անձանց կողմից բողոք բերելու իրավունքը, անգամ՝ բացառել այդ հնարավորությունը: Դատական ծանուցումները համարվում են միջոց դատարանի և դատավարության մասնակիցների միջև փոխազդեցություն ստեղծելու համար և ուղղված են դատավարության մասնակիցներին կայացված ակտերի մասին տեղեկացնելուն, ինչպես նաև նրանց՝ այդ ակտերը բողոքարկելու հնարավորություն տալուն: Կոնվենցիայի 6-րդ հոդվածը չի սահմանում դատական ակտերի հանձնման կոնկրետ եղանակ, ինչպես, օրինակ, պատվիրված նամակով ուղարկելն է: Սակայն միաժամանակ դատարանի որոշումն անձին պետք է հանձնված լինի այնպիսի եղանակով, որը հնարավորություն կտա ստուգել ինչպես դատական ակտը փոխանցված լինելու հանգամանքը, այնպես էլ այն հանձնելու ստույգ օրը (տե՛ս Ivanova and Ivashova v. Russia գործով Եվրոպական դատարանի 26.04.2017 թվականի վճիռը, կետեր 41, 45-46):
Դատարանի մատչելիության իրավունքի դրսևորումներից է համարվում կայացված որոշումների մասին պատշաճ ծանուցում ստանալու իրավունքը, մասնավորապես այն դեպքերում, երբ բողոք բերելու իրավունքը սահմանափակված է որոշակի ժամկետներով (տե՛ս Zavodnik v. Slovénie գործով Եվրոպական դատարանի 21.08.2015 թվականի վճիռը, կետ 71):
Կողմերը պետք է ունենան հայց կամ բողոք բերելու հնարավորություն այն պահից սկսած, երբ նրանք արդյունավետ կերպով տեղեկացվել են դատական ակտի մասին, որը նրանց համար առաջացնում է հետևանքներ կամ շոշափում է նրանց իրավունքները կամ օրինական շահերը: Որպես դատարանի և դատավարության կողմի միջև կապի միջոց՝ ծանուցումները կողմին հաղորդակից են դարձնում դատական ակտին և նրա հիմքերին՝ դրանով անձին ընձեռելով հնարավորություն ներկայացնելու բողոք, եթե նա անհրաժեշտ կհամարի (տե՛ս Miragall Escolano and others v. Spain գործով Եվրոպական դատարանի 25.01.2000 թվականի վճիռը, կետ 37):
ՀՀ վճռաբեկ դատարանը փաստել է նաև, որ անձի բողոքարկման իրավունքը, հանդիսանալով դատարանի մատչելիության իրավունքի բաղկացուցիչ տարր, կարող է իրացվել այն դեպքում, երբ անձն իրական հնարավորություն է ձեռք բերել ծանոթանալու դատարանի որոշմանը: Ներպետական օրենսդրությամբ դատական ակտը հրապարակելու, գործին մասնակցող անձանց հանձնելու և նրանց ուղարկելու ընթացակարգեր սահմանելով՝ օրենսդիրը նպատակ է հետապնդում այդ միջոցներով ստեղծել բավարար հիմքեր և երաշխիքներ, որպեսզի անձինք կարողանան անխաթար կերպով օգտվելու իրենց դատական պաշտպանության իրավունքից: Ուստի ելնելով այդ նպատակներից՝ դատավարական նորմերով սահմանված՝ դատական ակտը հրապարակելու և գործին մասնակցող անձանց հանձնելու կամ նրանց ուղարկելու ընթացակարգերը պետք է ուղղված լինեն պաշտպանության միջոցներն ավելի հասանելի դարձնելուն, այլ ոչ դրանք ոչ իրավաչափորեն սահմանափակելուն: ՀՀ վճռաբեկ դատարանը, ամփոփելով Եվրոպական դատարանի որոշումներում արտահայտված դիրքորոշումները, եզրահանգել է, որ թեև Կոնվենցիայի 6-րդ հոդվածը հստակ չի սահմանում, թե դատարանի կայացրած ակտն ինչ կերպով պետք է հանձնվի անձին, սակայն միանշանակ է այն, որ դատական ակտը պետք է հանձնվի այնպիսի եղանակով, որը հնարավորություն կտա իրապես պարզելու ինչպես դատական ակտի փոխանցված լինելու հանգամանքը, այնպես էլ այն հանձնելու ստույգ օրը: Դատական ակտի հանձնման կոնկրետ եղանակ չսահմանելով հանդերձ՝ Կոնվենցիան և դրա կիրառումը պահանջում են, որպեսզի անձի բողոքարկման իրավունքի իրացումը սերտորեն փոխկապակցված լինի դատարանի կայացրած ակտին ծանոթանալու իրական հնարավորության հետ: Այսինքն՝ դատավարական նորմերը պետք է սահմանվեն այնպես, որպեսզի գործին մասնակցող անձանց համար իրական հնարավորություն ապահովեն տիրապետելու դատական ակտի բովանդակությանը, և չարդարացված կերպով չսահմանափակվի նրանց բողոք բերելու իրավունքը: Դրա հիման վրա ՀՀ վճռաբեկ դատարանը փաստել է, որ հանդիսանալով դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնական իրավունքների բաղադրատարրերից մեկը՝ բողոքարկման իրավունքը կարող է սահմանափակվել պետության կողմից, սակայն այդ սահմանափակումները՝ ներառյալ ժամկետայինները, չպետք է խաթարեն այդ իրավունքի բուն էությունը (տե՛ս նաև «Եղիցի Լույս-ԲՀ» ՍՊԸ-ն ընդդեմ «Արմինե» Ա/Կ-ի թիվ ԿԴ/0412/02/18 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.05.2019 թվականի որոշումը):
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերը նշված սկզբունքների լույսի ներքո անհրաժեշտ է համակցության մեջ մեկնաբանել նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 119-րդ հոդվածի 4-րդ և 179-րդ հոդվածի 2-րդ մասերը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 119-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ դատարանը, պարզելով, որ գործին մասնակցող անձը դատավարական ժամկետը բաց է թողել հարգելի պատճառով, որոշում է կայացնում բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը բավարարելու մասին:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ վճռի օրինակը ոչ ուշ, քան դրա հրապարակման հաջորդ օրն ուղարկվում է գործին մասնակցող անձանց, եթե մինչ այդ առձեռն նրանց չի հանձնվել:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվում է, եթե վերաքննիչ բողոքը բերվել է սահմանված ժամկետը լրանալուց հետո, և բաց թողած ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը մերժվել է:
ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշմամբ վերլուծելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածի 7-րդ մասում և 179-րդ հոդվածում նշված նորմերը, արձանագրել է, որ վճիռը հրապարակվում է դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով և վճռի օրինակը ոչ ուշ, քան դրա հրապարակման հաջորդ օրն ուղարկվում է գործին մասնակցող անձանց, եթե մինչ այդ առձեռն նրանց չի հանձնվել: Փաստորեն՝ եթե վճիռը դատական իշխանության պաշտոնական կայքում հրապարակելուց հետո դրա օրինակը չի հանձնվել անձին, ապա հրապարակման հաջորդ օրն այն պետք է ուղարկվի գործին մասնակցող անձանց: Այսինքն` ՀՀ քաղաքացիական դատավարության գործող օրենսգիրքը որդեգրել է այն մոտեցումը, որի համաձայն՝ առձեռն հանձնվելու եղանակի իրագործված չլինելու պայմաններում վճռի օրինակն ուղարկելը դիտարկվում է որպես առաջինին համարժեք, դրան փոխարինող միջոց: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի պայմաններում վճռի հրապարակումն իրականացվում է դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով, այսինքն՝ դատական նիստ հրավիրելու և նիստում դատական ակտի եզրափակիչ մասը հրապարակելու փոխարեն դատական ակտը հրապարակվում է դատական իշխանության պաշտոնական կայքում: Հրապարակման նոր կարգ սահմանելն ուղղված է հանրության ավելի լայն շրջանակներին դատական ակտին հաղորդակից դարձնելուն, ինչպես նաև դատարանների ծանրաբեռնվածության բեռնաթափմանը: Օրենսդիրը ՀՀ քաղաքացիական դատավարության գործող օրենսգրքով սահմանել է նոր կարգ, սակայն դատարաններին չի ազատել դատական ակտի օրինակն անձին առձեռն հանձնելու կամ ուղարկելու պարտականությունից: Օրենսդիրը դատական ակտը դատական իշխանության պաշտոնական կայքում հրապարակելը չի դիտարկել դատական ակտին հաղորդակից դարձնելու դատարանի պարտականության պատշաճ իրականացում, քանի որ հակառակ պարագայում իմաստազուրկ է դառնում հրապարակման այդ կարգին զուգահեռ դատական ակտի հանձնման կամ ուղարկման եղանակների պահպանումը: Այսինքն՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի կարգավորումներից բխող հրապարակման նոր կարգը չի բացառում և չի դադարեցնում դատարանի՝ վճռի օրինակը ոչ ուշ, քան դրա հրապարակման հաջորդ օրը գործին մասնակցող անձանց ուղարկելու պարտականությունը, եթե մինչ այդ այն առձեռն նրանց չի հանձնվել:
Մեկ այլ գործով ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ այն դեպքում, երբ բողոքարկման իրավունքի իրացման ժամկետի բացթողումը պայմանավորված է ստորադաս դատարանի անգործությամբ, բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու հարցը քննարկելիս վերադաս դատարանը պետք է առաջնորդվի անձի` իր իրավունքների պաշտպանության համար դատարան դիմելու և դրա մատչելիության սկզբունքներով (տե՛ս Ալբերտ Հովհաննիսյանն ընդդեմ Լորիկ Վարդանյանի թիվ ԵՇԴ/0245/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 16.03.2016 թվականի որոշումը):
Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով Դատարանի 11․10․2019 թվականի որոշումը դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով հրապարակվել է 14.10.2019 թվականին (հիմք` /«http://www.datalex.am»/ տեղեկատվական համակարգը, հղում՝ http://www.datalex.am/):
Դատարանի 11․10․2019 թվականի վճիռը Հովհաննես Առաքելյանին ուղարկելու վերաբերյալ գործում ապացույց առկա չէ, իսկ վերջինս այն ստացել է 21.10.2019 թվականին (հատոր 1-ին, գ.թ. 105):
Հովհաննես Առաքելյանի ներկայացուցիչը 22.11.2019 թվականին փոստային ծառայության միջոցով ներկայացրել է վերաքննիչ բողոք՝ միջնորդելով հարգելի համարել վերաքննիչ բողոք բերելու օրենքով սահմանված ժամկետը բաց թողնելու պատճառը (հատոր 3-րդ, գ.թ. 3-12)։
Վերաքննիչ դատարանի 30.12.2019 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշմամբ Հովհաննես Առաքելյանի ներկայացուցչի` վերաքննիչ բողոք բերելու ժամկետի բացթողնման պատճառները հարգելի համարելու վերաբերյալ միջնորդությունը և վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվել են այն պատճառաբանությամբ, որ www.datalex.am դատական տեղեկատվական համակարգից պարզ է, որ որոշումը գեներացվել է որոշման կայացման հաջորդ աշխատանքային օրը՝ 14․10․2019 թվականին, ուստի Վերաքննիչ դատարանը գտել է, որ բողոքաբերը բաց է թողել վերաքննիչ բողոք ներկայացնելու համար օրենքով սահմանված ժամկետը ոչ իր կամքից անկախ հանգամանքներով։
Հիմք ընդունելով վերոշարադրյալ իրավական վերլուծությունները և ելնելով սույն գործի փաստական հանգամանքներից՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի եզրահանգումներն անհիմն են հետևյալ պատճառաբանությամբ.
Նախկինում կայացված իր որոշումներում ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ վերաքննիչ բողոք բերելու ժամկետի բացթողումը հարգելի համարելու վերաբերյալ միջնորդության քննության համար էական նշանակություն ունեն և´ գործով կայացված վճիռը դատարանի կողմից հայտարարված օրը դատական իշխանության պաշտոնական կայքում հրապարակելու, և´ վճիռն օրենքով սահմանված ժամկետում կողմին հանձնված կամ ուղարկված լինելու փաստերը, քանի որ թե´ վճռի հրապարակումը, թե´ դրա ուղարկումը կողմին նպատակ են հետապնդում վերջինիս տեղեկացնելու դատարանի կողմից կայացված դատական ակտի մասին, ինչն իր հերթին ուղղված է բողոքարկման իրավունքի իրացումն ապահովելուն: Էլեկտրոնային կայքի միջոցով դատական ակտի հրապարակման պայմաններում դատական ակտն անմիջապես հրապարակվելուց հետո կարող է հասանելի լինել գործին մասնակցող անձանց և ապահովել վերջիններիս բողոքարկման իրավունքի իրականացման համար իրական երաշխիքներ: Այդուհանդերձ, օրենսդիրը, հաշվի առնելով էլեկտրոնային ռեսուրսի հասանելիության օբյեկտիվ սահմանափակումները (մասնավորապես՝ միացնող-անջատող կամ ուղղորդող սարքավորումների և այլ ռեսուրսների անհրաժեշտությունը, էլեկտրոնային հաղորդակցության ծառայության վճարովի բնույթը և այլն), դատական ակտի հրապարակման լիազորությանը զուգահեռ սահմանել է նաև գործին մասնակցող անձանց դատական ակտն առձեռն հանձնելու կամ ուղարկելու դատարանի պարտականությունը: Միայն նշված պարտականությունների միաժամանակյա և օրենքով սահմանված կարգով իրականացման պայմաններում կարող են լիարժեք նախադրյալներ ստեղծվել բողոքարկման իրավունքի իրականացման համար:
ՀՀ վճռաբեկ դատարանը, արժևորելով դատական իշխանության պաշտոնական կայքում դատական ակտի հրապարակումը՝ որպես դատական ակտը գործին մասնակցող անձանց հասանելի դարձնելու միջոց, անհրաժեշտ է համարել ընդգծել, որ բողոքարկման իրավունքի իրականացման լիարժեք նախադրյալներ ստեղծելու տեսանկյունից դատարանի վրա դրված է նաև դատական ակտը գործին մասնակցող անձանց առձեռն հանձնելու կամ ուղարկելու պարտականություն, որպիսի պայմաններում դատական ակտը գործին մասնակցող անձանց հասանելի դարձնելու պարտականության պատշաճ իրականացման մասին կարելի է եզրահանգումներ կատարել միայն այն դեպքում, երբ դատարանը պատշաճ իրագործել է վերոնշյալ հետևյալ պարտականությունները, այն է՝
ա) հայտարարված օրը դատական ակտը հրապարակել է դատական իշխանության պաշտոնական կայքում,
բ) դատական ակտի օրինակը ոչ ուշ, քան դրա հրապարակման հաջորդ օրն ուղարկել է գործին մասնակցող անձանց, եթե մինչ այդ այն առձեռն չի հանձնվել նրանց (տե՛ս «Եղիցի Լույս-ԲՀ» ՍՊԸ-ն ընդդեմ «Արմինե» Ա/Կ-ի թիվ ԿԴ/0412/02/18 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.05.2019 թվականի որոշումը):
Վճռաբեկ դատարանը փաստում է, որ սույն գործով Դատարանը 11.10.2019 թվականի վճիռը www.datalex.am դատական տեղեկատվական համակարգում հրապարակել է հաջորդ աշխատանքային օրը` 14․10․2019 թվականին: Դատարանի վճիռը Հովհաննես Առաքելյանին Դատարանի կողմից ուղարկելու վերաբերյալ գործում ապացույց առկա չէ, իսկ վերջինս վճիռը փոստային առաքման միջոցով ստացել է 21.10.2019 թվականին և 22․11․2019 թվականին ներկայացրել է վերաքննիչ բողոք` դատական ակտն ուշացումով ստանալու օրվանից մեկամսյա ժամկետի պահպանմամբ:
Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ ՀՀ սահմանադրական դատարանը, քննելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 119-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերի ու 391-րդ հոդվածի 1-ին մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործը, 02.02.2021 թվականի թիվ ՍԴՈ-1575 որոշմամբ, արձանագրել է, որ «դատական ակտի բողոքարկման ժամկետի հաշվարկումը հրապարակման պահից սահմանելու իրավաչափության հարցը պետք է գնահատել այն երաշխիքների համատեքստում, որոնք Օրենսգրքով ապահովվում են բողոք բերող անձանց համար և, մասնավորապես, բողոքարկվող դատական ակտի՝ գործին մասնակցող անձին հասանելիության և բաց թողնված ժամկետը հարգելի համարելու հիմքով՝ վերջինիս վերականգնելիության կառուցակարգերի առկայության առումներով: Հակառակ պարագայում, եթե, մի կողմից՝ բողոք բերելու իրավունք ունեցող անձից անկախ պատճառներով դատական ակտը վերջինիս հասանելի չլինի, իսկ, մյուս կողմից, շարունակեն հոսել դատական ակտի բողոքարկման ժամկետները, կստացվի, որ ընթացակարգային կանոններով անհամաչափորեն սահմանափակվում է անձի՝ դատարանի մատչելիության իրավունքը՝ խաթարելով այդ իրավունքի բուն էությունը»:
ՀՀ սահմանադրական դատարանը, նույն որոշման մեջ նշել է, որ «Նման մոտեցում Սահմանադրական դատարանը որդեգրել է իր մի շարք որոշումներում (ՍԴՈ-1052, ՍԴՈ-1062, ՍԴՈ-1249, ՍԴՈ-1254, ՍԴՈ-1268 և այլն)՝ առանձնակի կարևորելով այդ առումով բողոքարկվող դատական ակտի՝ կողմի համար հասանելիության երաշխավորման հարցը»:
Միևնույն ժամանակ 02.02.2021 թվականի թիվ ՍԴՈ-1575 որոշմամբ ՀՀ սահմանադրական դատարանն արձանագրել է, որ դատարանի կողմից դատական ակտերի՝ դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով հրապարակման և դրա հետ մեկտեղ դատական ակտի օրինակը ոչ ուշ, քան դրա հրապարակման հաջորդ օրը գործին մասնակցող անձանց ուղարկելու պարտականությունների պատշաճ կատարումը, այդուհանդերձ, չի կարող ամբողջ ծավալով երաշխավորել անձի՝ դատական բողոքարկման իրավունքի արդյունավետ իրացումը՝ հաշվի առնելով դատական ակտի հրապարակման, այն հասցեատիրոջն ուղարկելու (եթե մինչ այդ այն առձեռն չի հանձնվել) և հասցեատիրոջ կողմից այն փաստացիորեն ստանալու պահերի միջև առկա ժամանակային գործոնը և դրանով պայմանավորված՝ դատական ակտը բողոքարկելու իրական հնարավորության ապահովման անհրաժեշտությունը։
ՀՀ սահմանադրական դատարանը վկայակոչելով իր 16.10.2012 թվականի ՍԴՈ-1052 որոշմամբ արտահայտված այն դիրքորոշումը, որ «Եթե օրենսդիրը, հիմք ընդունելով բողոքարկվող դատական ակտի բնույթը, հաշվի առնելով դատարանի մատչելիության և արդար դատաքննության իրավունքների իրացման անհրաժեշտությունը, տվյալ ակտի բողոքարկման համար բավարար է համարել տվյալ ժամկետը, (…), ապա նշված ժամկետները պետք է մեկնարկեն բողոքարկվող դատական ակտին ծանոթանալու իրական հնարավորության առաջացման պահից»:
Սահմանադրական դատարանը, հաշվի առնելով վերը նշված իր որոշումներում արտահայտած իրավական դիրքորոշումները, ինչպես նաև դատական ակտերի բողոքարկման ինստիտուտի հիմնախնդրին առնչվող` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պրակտիկայի վերլուծության հիման վրա սույն գործի քննության շրջանակներում վերահաստատել է նախկինում իր կողմից արտահայտված իրավական դիրքորոշումն առ այն, որ օրենսդրորեն պետք է սահմանվեն անհրաժեշտ ու բավարար երաշխիքներ դատական ակտը բողոք բերողի կողմից ամբողջությամբ ու ողջամիտ ժամկետում ստանալու և դատարանի մատչելիության ու արդար դատաքննության իր իրավունքներն արդյունավետ իրացնելու համար։
ՀՀ սահմանադրական դատարանի վերոգրյալ դիրքորոշումների համատեքստում համեմատական վերլուծության ենթարկելով Վերաքննիչ դատարանի 30.12.2019 թվականի որոշման մեջ նշված՝ վերաքննիչ բողոք բերելու համար բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը մերժելու հիմքում դրված պատճառաբանությունները, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դրանք չեն բխում ՀՀ սահմանադրական դատարանի վերոգրյալ մեկնաբանություններից՝ նկատի ունենալով այն, որ նման պայմաններում Վերաքննիչ դատարանի դատական ակտի բողոքարկման ժամկետը ենթակա էր վերականգման՝ հաշվի առնելով սույն գործի փաստերն այն մասին, որ Դատարանի 11.10.2019 թվականով թվագրված վճիռը դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով հրապարակվել է 14.10.2019 թվականին, իսկ վճիռը նույն կամ հաջորդ օրը բողոք բերած անձին ուղարկելու կամ հանձնելու մասին ապացույց գործում առկա չէ։ Դատարանի 11.10.2019 թվականի վճիռը Հովհաննես Առաքելյանը ստացել է 21.10.2019 թվականին, այսինքն՝ վճիռը կայացվելու օրվանից 10 օր հետո: Նման պայմաններում առկա է որոշակի ժամանակային խզում դատական ակտը հրապարակելու և այն հասցեատիրոջ կողմից փաստացի ստանալու միջև, որի դեպքում ընթացակարգային կանոններով անհամաչափորեն սահմանափակվում է անձի՝ դատարանի մատչելիության իրավունքը՝ խաթարելով այդ իրավունքի բուն էությունը:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Հովհաննես Առաքելյանի ներկայացուցչի միջնորդությունը ենթակա էր բավարարման, և բաց թողնված ժամկետը Վերաքննիչ դատարանի կողմից պետք է վերականգնվեր իրավունքի ուժով (ex jure), քանի որ առկա է եղել բողոքաբերից անկախ պատճառներով դատական ակտը նրան ուշ հասու լինելու հանգամանքը, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից: Հետևաբար Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 119-րդ հոդվածի 4-րդ և 372-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, քանի որ մերժելով բողոքարկման ժամկետի վերականգնումը և վերաքննիչ բողոքի ընդունումը, Վերաքննիչ դատարանը սահմանափակել է Հովհաննես Առաքելյանի՝ բողոքարկման իրավունքի իրականացման հնարավորությունը՝ արդյունքում զրկելով վերջինիս վերադաս դատարանի մատչելիության իրավունքից:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 1-ին մասի և 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը վերացնելու համար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 30․12․2019 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող |
Մ. Դրմեյան |
Զեկուցող |
Տ. Պետրոսյան Ս. Ա նտոնյան |
Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ | |
Գ. Հակոբյան | |
Ս. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ | |
Ա. ՄԿՐՏՉՅԱՆ | |
Է. Սեդրակյան |
Հատուկ կարծիք
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի կողմից թիվ ԵԿԴ/3785/02/17 քաղաքացիական գործով 11.11.2022 թվականին կայացված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի վերաբերյալ
11.11.2022 թվական
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան), 2022 թվականի նոյեմբերի 11-ին գրավոր ընթացակարգով քննելով Հովհաննես Առաքելյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 30․12.2019 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Հովհաննես Առաքելյանի ընդդեմ «Ղ-Տելեկոմ» ՓԲԸ-ի (իրավահաջորդ՝ «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ) (այսուհետ՝ Ընկերություն)` արտաժամյա աշխատանքի դիմաց չվճարված աշխատավարձի և վնասակար աշխատանք կատարելու համար հիմնական աշխատավարձի նկատմամբ հաշվարկվող հավելում բռնագանձելու պահանջների մասին, Վճռաբեկ դատարանի դատավորների ընդհանուր թվի մեծամասնությամբ որոշել է վճռաբեկ բողոքը բավարարել, վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 30․12․2019 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը։
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի դատավոր Գ. Հակոբյանս, համաձայն չլինելով վերը նշված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության կարծիքի հետ, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 9-րդ և 10-րդ մասերով, շարադրում եմ հատուկ կարծիքս այդ մասերի վերաբերյալ:
1. Վճռաբեկ դատարանը որպես գործի դատավարական նախապատմություն նշել է հետևյալը.
«Դիմելով դատարան` Հովհաննես Առաքելյանը պահանջել է Ընկերությունից հօգուտ իրեն բռնագանձել 04․07․2007 թվականից մինչև 2009 թվականի դեկտեմբեր ամիսը ներառյալ ընկած ժամանակահատվածի համար նախատեսված լրացուցիչ աշխատավարձ, այսինքն՝ վնասակար աշխատանք կատարելու համար հիմնական աշխատավարձի նկատմամբ հաշվարկվող հավելումը, ինչպես նաև 2009 թվականի հունվար ամսից մինչև 18․04․2017 թվականն ընկած ժամանակահատվածի համար Ընկերությունից հօգուտ հայցվորի բռնագանձել արտաժամյա աշխատանքի դիմաց չվճարված աշխատավարձը։
ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Հ. Զարգարյան) (այսուհետ` Դատարան) 11.10.2019 թվականի վճռով հայցը մերժվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 30.12.2019 թվականի որոշմամբ Հովհաննես Առաքելյանի կողմից ներկայացված միջնորդությունը` վերաքննիչ բողոք բերելու համար օրենքով սահմանված ժամկետը բաց թողնելու պատճառը հարգելի ճանաչելու մասին, ինչպես նաև վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվել են:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Հովհաննես Առաքելյանը (ներկայացուցիչ՝ Արշավիր Խալափյան):
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ն (ներկայացուցիչ՝ Վահագն Բաղրամյան)»:
2. Վճռաբեկ դատարանը որպես վճռաբեկ բողոքի հիմք, հիմնավորումներ և պահանջ նշել է հետևյալը.
«Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 119-րդ հոդվածի 1-ին մասը, 371-րդ հոդվածը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ սույն գործով Դատարանի 11.10.2019 թվականի վճիռը փոստային առաքմամբ Հովհաննես Առաքելյանը ստացել է 21.10.2019 թվականին, որի արդյունքում հնարավոր չի եղել 11․10․2019 թվականի վճիռը բողոքարկել մինչև 12․11․2019 թվականը։
Վերաքննիչ դատարանն անհիմն մերժելով վերաքննիչ բողոքի ընդունումը, անտեսել է սահմանադրական նորմով երաշխավորված՝ անձի դատական պաշտպանության արդյունավետ միջոցների իրականացման իրավունքը։
Վերաքննիչ դատարանի որոշումը հակասում է ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից թիվ ԱՐԱԴ2/0169/02/11 քաղաքացիական գործով 28․11․2014 թվականին կայացված և թիվ ԵԿԴ/2628/02/13 քաղաքացիական գործով 03․12․2014 թվականին կայացված որոշումներում արտահայտված իրավական դիրքորոշումներին։
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 30.12.2019 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը»:
2.1. Վճռաբեկ դատարանը որպես վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումներ նշել է հետևյալը.
«Վճռաբեկ բողոքն ենթակա է մերժման, քանի որ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ չի տրվել այնպիսի խախտում, որն ազդել կամ կարող էր ազդել գործի ելքի վրա, բողոք բերողը բոլոր դեպքերում վերաքննիչ բողոքը ներկայացրել է սահմանված ժամկետի ավարտից հետո։ Բողոք բերած անձը որևէ կերպ չի հիմնավորել վերաքննիչ բողոքը հարգելի պատճառով մեկամսյա ժամկետի ավարտից հետո՝ 22․11․2019 թվականին ներկայացված լինելու հանգամանքը, ինչի պարագայում ակնհայտ է, որ միջնորդությունը ենթակա էր մերժման»:
3. Վճռաբեկ դատարանը որպես պատճառաբանություններ և եզրահանգումներ նշել է հետևյալը.
«Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 119-րդ հոդվածի 1-ին մասի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:
Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական խնդրին` արդյոք դատական ակտը դատարանի կողմից դատական իշխանության պաշտոնական կայքում սահմանված ժամկետում հրապարակված լինելը կարող է համարվել դատարանի կողմից դատական ակտը գործին մասնակցող անձին հասանելի դարձնելու պարտականության պատշաճ կատարում, այն պարագայում, երբ դատական ակտի օրինակը հրապարակման հաջորդ օրը չի ուղարկվել կամ մինչ այդ առձեռն չի հանձնվել գործին մասնակցող անձին՝ վերահաստատելով նախկինում արտահայտած դիրքորոշումը:
ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:
ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:
Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:
Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 07.02.1995 թվականի թիվ R(95)5 հանձնարարականի 1-ին հոդվածի (a) կետով նախատեսված սկզբունքի համաձայն` պետք է առկա լինի վերադաս դատարանի (երկրորդ ատյանի դատարան) կողմից ստորադաս դատարանի (առաջին ատյանի դատարան) ցանկացած որոշման վերանայման հնարավորություն:
Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Հայաստանի Հանրապետությունում երաշխավորված են անձի դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնական իրավունքները, որոնց կարևոր բաղադրիչներից մեկը բողոքարկման իրավունքն է: Բողոքարկման ինստիտուտն իրավական միջոց է, որը հնարավորություն է տալիս որոշակի ընթացակարգի միջոցով գործնականում ապահովելու դատական սխալների բացահայտումը և ուղղումը` դրանով իսկ նպաստելով արդարադատության նպատակների գործնականում իրականացմանը: Ուղղված լինելով դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնական իրավունքների երաշխավորմանը` այդուհանդերձ, օրենսդրի կողմից սահմանված են բողոքարկման իրավունքի իրացման որոշակի պայմաններ, որոնցից են ժամկետային սահմանափակումները:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործին մասնակցող անձինք ունեն առաջին ատյանի դատարանի դատական ակտերի վերաքննության կարգով վերանայման իրավունք` նույն օրենսգրքով նախատեսված դեպքերում և կարգով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ դատարանի` եզրափակիչ, իսկ նույն օրենսգրքով կամ Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ նախատեսված դեպքերում նաև այլ դատական ակտերը հրապարակվում են դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 114-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատավարական ժամկետները սահմանվում են նույն օրենսգրքով, այլ օրենքներով, իսկ օրենքով սահմանված չլինելու դեպքում` դատարանի կողմից:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 362-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վճռի, ինչպես նաև գործի վարույթը կարճելու մասին որոշման դեմ վերաքննիչ բողոք կարող է բերվել այն հրապարակվելու օրվանից մեկամսյա ժամկետում:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 32-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի համաձայն՝ գործին մասնակցող անձինք, նույն օրենսգրքի և այլ օրենքների պահանջների պահպանմամբ, իրավունք ունեն` միջնորդություններ անելու, (…):
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 119-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատավարական ժամկետների ավարտից հետո գործին մասնակցող անձինք զրկվում են այդ ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքից, բացառությամբ այն դեպքերի, երբ դատարանը բավարարում է բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը:
Վերը նշված իրավական նորմերի վերլուծությունից հետևում է, որ քաղաքացիական դատավարությունում գործին մասնակցող անձինք ունեն դատարանի դատական ակտերի վերաքննության կարգով վերանայման իրավունք, որը դատարանի կողմից վճիռ կայացվելու դեպքում կարող է իրականացվել այն հրապարակվելու օրվանից մեկամսյա ժամկետում: Ընդ որում, դատական ակտը բողոքարկելու դատավարական ժամկետը բաց թողնելու դեպքում գործին մասնակցող անձն իրավունք ունի հարուցելու միջնորդություն` բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ:
Միաժամանակ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանին օրենսդիրն իրավունք է վերապահել մերժելու վերաքննիչ բողոքի ընդունումը, եթե վերաքննիչ բողոքը բերվել է սահմանված ժամկետը լրանալուց հետո, և բաց թողած ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը մերժվել է: Ընդ որում, միջնորդության քննության արդյունքով դատարանը կայացնում է որոշում:
ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացված որոշմամբ անդրադառնալով գործի քննության ընթացքում ներկայացվող միջնորդությունների քննարկման և լուծման հարցին, փաստել է, որ շահագրգիռ անձը, իր դատական պաշտպանության իրավունքն իրացնելիս դատավարական օրենքով նախատեսված որևէ միջնորդություն հարուցելով, ակնկալում է իր կողմից բարձրացված հարցի որոշակի լուծում` դատարանի կողմից համապատասխան որոշման կայացման ձևով: Դատավարության մասնակցի միջնորդություն հարուցելու իրավունքին համապատասխանում է տվյալ հարցով որոշում կայացնելու դատարանի պարտականությունը: Դատարանի որոշմանը ներկայացվող պարտադիր պահանջ է քննարկվող հարցի վերաբերյալ համապատասխան եզրահանգումը: Հետևաբար, այդպիսի եզրահանգման բացակայության պայմաններում բացակայում է նաև դատարանի որոշումը, ինչի արդյունքում խախտվում է անձի` դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքը (տե´ս «Ռեքվիեմ» ՍՊԸ-ն ընդդեմ «Մեգարոն» ՍՊԸ-ի թիվ ԵՇԴ/1017/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 11.03.2015 թվականի որոշումը):
Վերը նշված դիրքորոշման համատեքստում անդրադառնալով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից վերաքննիչ բողոք բերելու բաց թողած ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը մերժելու և վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին որոշման կայացմանը` Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ այդ միջնորդությունը քննարկելիս և լուծելիս ևս պետք է հաշվի առնել, որ այն հարուցած անձն ակնկալել է իր կողմից հարուցված միջնորդության միջոցով բարձրացված հարցի որոշակի լուծում, որի դեպքում դատարանը պարտավոր է իր եզրահանգումները հիմնավորել` բացառապես ելնելով գործի փաստերից: Այլ կերպ ասած` դատարանի կողմից կատարվող եզրահանգումը պետք է վերաբերի գործի փաստական հանգամանքներին և հարուցված միջնորդության բովանդակությանը, հակառակ պարագայում կհամարվի, որ բացակայում է տվյալ գործի փաստական կազմից բխող համապատասխան եզրահանգումը, իսկ դրա հետևանքով` նաև դատարանի որոշումը հարուցված միջնորդության վերաբերյալ, ինչն իր հերթին կհանգեցնի անձի` դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքի խախտմանը:
Վճռաբեկ դատարանը փաստում է, որ քաղաքացիական դատավարության յուրաքանչյուր փուլն ուղղված է յուրաքանչյուր անձի արդար դատաքննության իրավունքի իրացման ապահովմանը, որն ի թիվս այլնի իր մեջ ներառում է իրավական որոշակիության սկզբունքի պահպանում, որը պահանջում է, որպեսզի դատարանի կողմից որևէ հարցի կապակցությամբ կայացված վերջնական դատական ակտը կասկած չհարուցի (տե՛ս Բրումարեսկուն ընդդեմ Ռումինիայի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 28.10.1999 թվականի վճիռը, գանգատ թիվ 28342/95, կետ 61): Հետևաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործին մասնակցող անձանց կողմից ներկայացված համապատասխան միջնորդությունը մերժելու կամ բավարարելու մասին դատարանի եզրահանգումն առաջին հերթին պետք է բխի տվյալ գործի փաստերից, որը պայմանավորված է յուրաքանչյուր անձի` իր գործով որոշակի և հաստատուն դատական ակտ ստանալու ակնկալիքով:
Բացի այդ, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Հայաստանի Հանրապետությունում երաշխավորված են անձի դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնական իրավունքները, որոնց կարևոր բաղադրիչներից մեկը բողոքարկման իրավունքն է: Բողոքարկման ինստիտուտն իրավական միջոց է, որը հնարավորություն է տալիս որոշակի ընթացակարգի միջոցով գործնականում ապահովելու դատական սխալների բացահայտումը և ուղղումը` դրանով իսկ նպաստելով արդարադատության նպատակների գործնականում իրականացմանը: Ուղղված լինելով դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնական իրավունքների երաշխավորմանը, այդուհանդերձ, օրենսդրի կողմից սահմանված են բողոքարկման իրավունքի իրացման որոշակի պայմաններ, որոնցից են ժամկետային սահմանափակումները:
Վերոգրյալի համատեքստում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ՝ Եվրոպական դատարան) կողմից բողոքարկման իրավունքի և դրա իրացման պայմանների վերաբերյալ հայտնած դիրքորոշումներին: Այսպես՝ Եվրոպական դատարանն արձանագրել է, որ պետությունը դատարան դիմելու իրավունքից օգտվելու համար կարող է սահմանել որոշակի պայմաններ, «(...) պարզապես պետության կողմից կիրառված սահմանափակումները չպետք է այն կերպ կամ այն աստիճանի սահմանափակեն անձի դատարանի մատչելիության իրավունքը, որ վնաս հասցվի այդ իրավունքի բուն էությանը: Բացի այդ, սահմանափակումը չի համապատասխանի Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետին, եթե այն չհետապնդի իրավաչափ նպատակ, և եթե կիրառված միջոցների ու հետապնդվող նպատակի միջև չլինի համաչափության ողջամիտ հարաբերակցություն» (տե´ս Khalfaoui v. France գործով Եվրոպական դատարանի 14.03.2000 թվականի վճիռը, կետ 36):
Պետության կողմից սահմանված՝ բողոք բերելու ժամկետային սահմանափակումների վերաբերյալ կանոններն ուղղված են իրավական որոշակիության երաշխավորմանը: Դատավարության կողմերը պետք է գիտակցեն դատավարական նմանատիպ կանոնների կիրառումն իրենց նկատմամբ: Բայց և այնպես այդ կանոնները և դրանց կիրառումը չպետք է խոչընդոտեն դատավարության մասնակիցների կողմից պաշտպանության հասանելի միջոցներն օգտագործելուն (տե՛ս Magomedov and others v Russia գործով Եվրոպական դատարանի 28.06.2017 թվականի վճիռը, կետ 87):
Բացի այդ, Եվրոպական դատարանը նշել է, որ բողոք ներկայացնելու իրավունքը պետք է իրացվի այն պահից սկսած, երբ համապատասխան անձը ձեռք է բերել իրական հնարավորություն ծանոթանալու դատարանի որոշման հետ, որը շոշափում է նրա իրավունքները կամ օրինական շահերը, կամ նրա համար առաջացնում է որոշակի հետևանքներ: Հակառակ դեպքում, դատարանները կստանային հնարավորություն դատական ակտերի կայացման մասին անձանց ուշացմամբ ծանուցելով էապես սահմանափակել անձանց կողմից բողոք բերելու իրավունքը, անգամ՝ բացառել այդ հնարավորությունը: Դատական ծանուցումները համարվում են միջոց դատարանի և դատավարության մասնակիցների միջև փոխազդեցություն ստեղծելու համար և ուղղված են դատավարության մասնակիցներին կայացված ակտերի մասին տեղեկացնելուն, ինչպես նաև նրանց՝ այդ ակտերը բողոքարկելու հնարավորություն տալուն: Կոնվենցիայի 6-րդ հոդվածը չի սահմանում դատական ակտերի հանձնման կոնկրետ եղանակ, ինչպես, օրինակ, պատվիրված նամակով ուղարկելն է: Սակայն միաժամանակ դատարանի որոշումն անձին պետք է հանձնված լինի այնպիսի եղանակով, որը հնարավորություն կտա ստուգել ինչպես դատական ակտը փոխանցված լինելու հանգամանքը, այնպես էլ այն հանձնելու ստույգ օրը (տե՛ս Ivanova and Ivashova v. Russia գործով Եվրոպական դատարանի 26.04.2017 թվականի վճիռը, կետեր 41, 45-46):
Դատարանի մատչելիության իրավունքի դրսևորումներից է համարվում կայացված որոշումների մասին պատշաճ ծանուցում ստանալու իրավունքը, մասնավորապես այն դեպքերում, երբ բողոք բերելու իրավունքը սահմանափակված է որոշակի ժամկետներով (տե՛ս Zavodnik v. Slovénie գործով Եվրոպական դատարանի 21.08.2015 թվականի վճիռը, կետ 71):
Կողմերը պետք է ունենան հայց կամ բողոք բերելու հնարավորություն այն պահից սկսած, երբ նրանք արդյունավետ կերպով տեղեկացվել են դատական ակտի մասին, որը նրանց համար առաջացնում է հետևանքներ կամ շոշափում է նրանց իրավունքները կամ օրինական շահերը: Որպես դատարանի և դատավարության կողմի միջև կապի միջոց՝ ծանուցումները կողմին հաղորդակից են դարձնում դատական ակտին և նրա հիմքերին՝ դրանով անձին ընձեռելով հնարավորություն ներկայացնելու բողոք, եթե նա անհրաժեշտ կհամարի (տե՛ս Miragall Escolano and others v. Spain գործով Եվրոպական դատարանի 25.01.2000 թվականի վճիռը, կետ 37):
ՀՀ վճռաբեկ դատարանը փաստել է նաև, որ անձի բողոքարկման իրավունքը, հանդիսանալով դատարանի մատչելիության իրավունքի բաղկացուցիչ տարր, կարող է իրացվել այն դեպքում, երբ անձն իրական հնարավորություն է ձեռք բերել ծանոթանալու դատարանի որոշմանը: Ներպետական օրենսդրությամբ դատական ակտը հրապարակելու, գործին մասնակցող անձանց հանձնելու և նրանց ուղարկելու ընթացակարգեր սահմանելով՝ օրենսդիրը նպատակ է հետապնդում այդ միջոցներով ստեղծել բավարար հիմքեր և երաշխիքներ, որպեսզի անձինք կարողանան անխաթար կերպով օգտվելու իրենց դատական պաշտպանության իրավունքից: Ուստի ելնելով այդ նպատակներից՝ դատավարական նորմերով սահմանված՝ դատական ակտը հրապարակելու և գործին մասնակցող անձանց հանձնելու կամ նրանց ուղարկելու ընթացակարգերը պետք է ուղղված լինեն պաշտպանության միջոցներն ավելի հասանելի դարձնելուն, այլ ոչ դրանք ոչ իրավաչափորեն սահմանափակելուն: ՀՀ վճռաբեկ դատարանը, ամփոփելով Եվրոպական դատարանի որոշումներում արտահայտված դիրքորոշումները, եզրահանգել է, որ թեև Կոնվենցիայի 6-րդ հոդվածը հստակ չի սահմանում, թե դատարանի կայացրած ակտն ինչ կերպով պետք է հանձնվի անձին, սակայն միանշանակ է այն, որ դատական ակտը պետք է հանձնվի այնպիսի եղանակով, որը հնարավորություն կտա իրապես պարզելու ինչպես դատական ակտի փոխանցված լինելու հանգամանքը, այնպես էլ այն հանձնելու ստույգ օրը: Դատական ակտի հանձնման կոնկրետ եղանակ չսահմանելով հանդերձ՝ Կոնվենցիան և դրա կիրառումը պահանջում են, որպեսզի անձի բողոքարկման իրավունքի իրացումը սերտորեն փոխկապակցված լինի դատարանի կայացրած ակտին ծանոթանալու իրական հնարավորության հետ: Այսինքն՝ դատավարական նորմերը պետք է սահմանվեն այնպես, որպեսզի գործին մասնակցող անձանց համար իրական հնարավորություն ապահովեն տիրապետելու դատական ակտի բովանդակությանը, և չարդարացված կերպով չսահմանափակվի նրանց բողոք բերելու իրավունքը: Դրա հիման վրա ՀՀ վճռաբեկ դատարանը փաստել է, որ հանդիսանալով դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնական իրավունքների բաղադրատարրերից մեկը՝ բողոքարկման իրավունքը կարող է սահմանափակվել պետության կողմից, սակայն այդ սահմանափակումները՝ ներառյալ ժամկետայինները, չպետք է խաթարեն այդ իրավունքի բուն էությունը (տե՛ս նաև «Եղիցի Լույս-ԲՀ» ՍՊԸ-ն ընդդեմ «Արմինե» Ա/Կ-ի թիվ ԿԴ/0412/02/18 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.05.2019 թվականի որոշումը):
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերը նշված սկզբունքների լույսի ներքո անհրաժեշտ է համակցության մեջ մեկնաբանել նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 119-րդ հոդվածի 4-րդ և 179-րդ հոդվածի 2-րդ մասերը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 119-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ դատարանը, պարզելով, որ գործին մասնակցող անձը դատավարական ժամկետը բաց է թողել հարգելի պատճառով, որոշում է կայացնում բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը բավարարելու մասին:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ վճռի օրինակը ոչ ուշ, քան դրա հրապարակման հաջորդ օրն ուղարկվում է գործին մասնակցող անձանց, եթե մինչ այդ առձեռն նրանց չի հանձնվել:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվում է, եթե վերաքննիչ բողոքը բերվել է սահմանված ժամկետը լրանալուց հետո, և բաց թողած ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը մերժվել է:
ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշմամբ վերլուծելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածի 7-րդ մասում և 179-րդ հոդվածում նշված նորմերը, արձանագրել է, որ վճիռը հրապարակվում է դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով և վճռի օրինակը ոչ ուշ, քան դրա հրապարակման հաջորդ օրն ուղարկվում է գործին մասնակցող անձանց, եթե մինչ այդ առձեռն նրանց չի հանձնվել: Փաստորեն՝ եթե վճիռը դատական իշխանության պաշտոնական կայքում հրապարակելուց հետո դրա օրինակը չի հանձնվել անձին, ապա հրապարակման հաջորդ օրն այն պետք է ուղարկվի գործին մասնակցող անձանց: Այսինքն` ՀՀ քաղաքացիական դատավարության գործող օրենսգիրքը որդեգրել է այն մոտեցումը, որի համաձայն՝ առձեռն հանձնվելու եղանակի իրագործված չլինելու պայմաններում վճռի օրինակն ուղարկելը դիտարկվում է որպես առաջինին համարժեք, դրան փոխարինող միջոց: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի պայմաններում վճռի հրապարակումն իրականացվում է դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով, այսինքն՝ դատական նիստ հրավիրելու և նիստում դատական ակտի եզրափակիչ մասը հրապարակելու փոխարեն դատական ակտը հրապարակվում է դատական իշխանության պաշտոնական կայքում: Հրապարակման նոր կարգ սահմանելն ուղղված է հանրության ավելի լայն շրջանակներին դատական ակտին հաղորդակից դարձնելուն, ինչպես նաև դատարանների ծանրաբեռնվածության բեռնաթափմանը: Օրենսդիրը ՀՀ քաղաքացիական դատավարության գործող օրենսգրքով սահմանել է նոր կարգ, սակայն դատարաններին չի ազատել դատական ակտի օրինակն անձին առձեռն հանձնելու կամ ուղարկելու պարտականությունից: Օրենսդիրը դատական ակտը դատական իշխանության պաշտոնական կայքում հրապարակելը չի դիտարկել դատական ակտին հաղորդակից դարձնելու դատարանի պարտականության պատշաճ իրականացում, քանի որ հակառակ պարագայում իմաստազուրկ է դառնում հրապարակման այդ կարգին զուգահեռ դատական ակտի հանձնման կամ ուղարկման եղանակների պահպանումը: Այսինքն՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի կարգավորումներից բխող հրապարակման նոր կարգը չի բացառում և չի դադարեցնում դատարանի՝ վճռի օրինակը ոչ ուշ, քան դրա հրապարակման հաջորդ օրը գործին մասնակցող անձանց ուղարկելու պարտականությունը, եթե մինչ այդ այն առձեռն նրանց չի հանձնվել:
Մեկ այլ գործով ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ այն դեպքում, երբ բողոքարկման իրավունքի իրացման ժամկետի բացթողումը պայմանավորված է ստորադաս դատարանի անգործությամբ, բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու հարցը քննարկելիս վերադաս դատարանը պետք է առաջնորդվի անձի` իր իրավունքների պաշտպանության համար դատարան դիմելու և դրա մատչելիության սկզբունքներով (տե՛ս Ալբերտ Հովհաննիսյանն ընդդեմ Լորիկ Վարդանյանի թիվ ԵՇԴ/0245/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 16.03.2016 թվականի որոշումը):
Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով Դատարանի 11․10․2019 թվականի որոշումը դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով հրապարակվել է 14.10.2019 թվականին (հիմք` /«http://www.datalex.am»/ տեղեկատվական համակարգը, հղում՝ http://www.datalex.am/):
Դատարանի 11․10․2019 թվականի վճիռը Հովհաննես Առաքելյանին ուղարկելու վերաբերյալ գործում ապացույց առկա չէ, իսկ վերջինս այն ստացել է 21.10.2019 թվականին (հատոր 1-ին, գ.թ. 105):
Հովհաննես Առաքելյանի ներկայացուցիչը 22.11.2019 թվականին փոստային ծառայության միջոցով ներկայացրել է վերաքննիչ բողոք՝ միջնորդելով հարգելի համարել վերաքննիչ բողոք բերելու օրենքով սահմանված ժամկետը բաց թողնելու պատճառը (հատոր 3-րդ, գ.թ. 3-12)։
Վերաքննիչ դատարանի 30.12.2019 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշմամբ Հովհաննես Առաքելյանի ներկայացուցչի` վերաքննիչ բողոք բերելու ժամկետի բացթողնման պատճառները հարգելի համարելու վերաբերյալ միջնորդությունը և վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվել են այն պատճառաբանությամբ, որ www.datalex.am դատական տեղեկատվական համակարգից պարզ է, որ որոշումը գեներացվել է որոշման կայացման հաջորդ աշխատանքային օրը՝ 14․10․2019 թվականին, ուստի Վերաքննիչ դատարանը գտել է, որ բողոքաբերը բաց է թողել վերաքննիչ բողոք ներկայացնելու համար օրենքով սահմանված ժամկետը ոչ իր կամքից անկախ հանգամանքներով։
Հիմք ընդունելով վերոշարադրյալ իրավական վերլուծությունները և ելնելով սույն գործի փաստական հանգամանքներից՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի եզրահանգումներն անհիմն են հետևյալ պատճառաբանությամբ.
Նախկինում կայացված իր որոշումներում ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ վերաքննիչ բողոք բերելու ժամկետի բացթողումը հարգելի համարելու վերաբերյալ միջնորդության քննության համար էական նշանակություն ունեն և´ գործով կայացված վճիռը դատարանի կողմից հայտարարված օրը դատական իշխանության պաշտոնական կայքում հրապարակելու, և´ վճիռն օրենքով սահմանված ժամկետում կողմին հանձնված կամ ուղարկված լինելու փաստերը, քանի որ թե´ վճռի հրապարակումը, թե´ դրա ուղարկումը կողմին նպատակ են հետապնդում վերջինիս տեղեկացնելու դատարանի կողմից կայացված դատական ակտի մասին, ինչն իր հերթին ուղղված է բողոքարկման իրավունքի իրացումն ապահովելուն: Էլեկտրոնային կայքի միջոցով դատական ակտի հրապարակման պայմաններում դատական ակտն անմիջապես հրապարակվելուց հետո կարող է հասանելի լինել գործին մասնակցող անձանց և ապահովել վերջիններիս բողոքարկման իրավունքի իրականացման համար իրական երաշխիքներ: Այդուհանդերձ, օրենսդիրը, հաշվի առնելով էլեկտրոնային ռեսուրսի հասանելիության օբյեկտիվ սահմանափակումները (մասնավորապես՝ միացնող-անջատող կամ ուղղորդող սարքավորումների և այլ ռեսուրսների անհրաժեշտությունը, էլեկտրոնային հաղորդակցության ծառայության վճարովի բնույթը և այլն), դատական ակտի հրապարակման լիազորությանը զուգահեռ սահմանել է նաև գործին մասնակցող անձանց դատական ակտն առձեռն հանձնելու կամ ուղարկելու դատարանի պարտականությունը: Միայն նշված պարտականությունների միաժամանակյա և օրենքով սահմանված կարգով իրականացման պայմաններում կարող են լիարժեք նախադրյալներ ստեղծվել բողոքարկման իրավունքի իրականացման համար:
ՀՀ վճռաբեկ դատարանը, արժևորելով դատական իշխանության պաշտոնական կայքում դատական ակտի հրապարակումը՝ որպես դատական ակտը գործին մասնակցող անձանց հասանելի դարձնելու միջոց, անհրաժեշտ է համարել ընդգծել, որ բողոքարկման իրավունքի իրականացման լիարժեք նախադրյալներ ստեղծելու տեսանկյունից դատարանի վրա դրված է նաև դատական ակտը գործին մասնակցող անձանց առձեռն հանձնելու կամ ուղարկելու պարտականություն, որպիսի պայմաններում դատական ակտը գործին մասնակցող անձանց հասանելի դարձնելու պարտականության պատշաճ իրականացման մասին կարելի է եզրահանգումներ կատարել միայն այն դեպքում, երբ դատարանը պատշաճ իրագործել է վերոնշյալ հետևյալ պարտականությունները, այն է՝
ա) հայտարարված օրը դատական ակտը հրապարակել է դատական իշխանության պաշտոնական կայքում,
բ) դատական ակտի օրինակը ոչ ուշ, քան դրա հրապարակման հաջորդ օրն ուղարկել է գործին մասնակցող անձանց, եթե մինչ այդ այն առձեռն չի հանձնվել նրանց (տե՛ս «Եղիցի Լույս-ԲՀ» ՍՊԸ-ն ընդդեմ «Արմինե» Ա/Կ-ի թիվ ԿԴ/0412/02/18 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.05.2019 թվականի որոշումը):
Վճռաբեկ դատարանը փաստում է, որ սույն գործով Դատարանը 11.10.2019 թվականի վճիռը www.datalex.am դատական տեղեկատվական համակարգում հրապարակել է հաջորդ աշխատանքային օրը` 14․10․2019 թվականին: Դատարանի վճիռը Հովհաննես Առաքելյանին Դատարանի կողմից ուղարկելու վերաբերյալ գործում ապացույց առկա չէ, իսկ վերջինս վճիռը փոստային առաքման միջոցով ստացել է 21.10.2019 թվականին և 22․11․2019 թվականին ներկայացրել է վերաքննիչ բողոք` դատական ակտն ուշացումով ստանալու օրվանից մեկամսյա ժամկետի պահպանմամբ:
Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ ՀՀ սահմանադրական դատարանը, քննելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 119-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերի ու 391-րդ հոդվածի 1-ին մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործը, 02.02.2021 թվականի թիվ ՍԴՈ-1575 որոշմամբ, արձանագրել է, որ «դատական ակտի բողոքարկման ժամկետի հաշվարկումը հրապարակման պահից սահմանելու իրավաչափության հարցը պետք է գնահատել այն երաշխիքների համատեքստում, որոնք Օրենսգրքով ապահովվում են բողոք բերող անձանց համար և, մասնավորապես, բողոքարկվող դատական ակտի՝ գործին մասնակցող անձին հասանելիության և բաց թողնված ժամկետը հարգելի համարելու հիմքով՝ վերջինիս վերականգնելիության կառուցակարգերի առկայության առումներով: Հակառակ պարագայում, եթե, մի կողմից՝ բողոք բերելու իրավունք ունեցող անձից անկախ պատճառներով դատական ակտը վերջինիս հասանելի չլինի, իսկ, մյուս կողմից, շարունակեն հոսել դատական ակտի բողոքարկման ժամկետները, կստացվի, որ ընթացակարգային կանոններով անհամաչափորեն սահմանափակվում է անձի՝ դատարանի մատչելիության իրավունքը՝ խաթարելով այդ իրավունքի բուն էությունը»:
ՀՀ սահմանադրական դատարանը, նույն որոշման մեջ նշել է, որ «Նման մոտեցում Սահմանադրական դատարանը որդեգրել է իր մի շարք որոշումներում (ՍԴՈ-1052, ՍԴՈ-1062, ՍԴՈ-1249, ՍԴՈ-1254, ՍԴՈ-1268 և այլն)՝ առանձնակի կարևորելով այդ առումով բողոքարկվող դատական ակտի՝ կողմի համար հասանելիության երաշխավորման հարցը»:
Միևնույն ժամանակ 02.02.2021 թվականի թիվ ՍԴՈ-1575 որոշմամբ ՀՀ սահմանադրական դատարանն արձանագրել է, որ դատարանի կողմից դատական ակտերի՝ դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով հրապարակման և դրա հետ մեկտեղ դատական ակտի օրինակը ոչ ուշ, քան դրա հրապարակման հաջորդ օրը գործին մասնակցող անձանց ուղարկելու պարտականությունների պատշաճ կատարումը, այդուհանդերձ, չի կարող ամբողջ ծավալով երաշխավորել անձի՝ դատական բողոքարկման իրավունքի արդյունավետ իրացումը՝ հաշվի առնելով դատական ակտի հրապարակման, այն հասցեատիրոջն ուղարկելու (եթե մինչ այդ այն առձեռն չի հանձնվել) և հասցեատիրոջ կողմից այն փաստացիորեն ստանալու պահերի միջև առկա ժամանակային գործոնը և դրանով պայմանավորված՝ դատական ակտը բողոքարկելու իրական հնարավորության ապահովման անհրաժեշտությունը։
ՀՀ սահմանադրական դատարանը վկայակոչելով իր 16.10.2012 թվականի ՍԴՈ-1052 որոշմամբ արտահայտված այն դիրքորոշումը, որ «Եթե օրենսդիրը, հիմք ընդունելով բողոքարկվող դատական ակտի բնույթը, հաշվի առնելով դատարանի մատչելիության և արդար դատաքննության իրավունքների իրացման անհրաժեշտությունը, տվյալ ակտի բողոքարկման համար բավարար է համարել տվյալ ժամկետը, (…), ապա նշված ժամկետները պետք է մեկնարկեն բողոքարկվող դատական ակտին ծանոթանալու իրական հնարավորության առաջացման պահից»:
Սահմանադրական դատարանը, հաշվի առնելով վերը նշված իր որոշումներում արտահայտած իրավական դիրքորոշումները, ինչպես նաև դատական ակտերի բողոքարկման ինստիտուտի հիմնախնդրին առնչվող` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պրակտիկայի վերլուծության հիման վրա սույն գործի քննության շրջանակներում վերահաստատել է նախկինում իր կողմից արտահայտված իրավական դիրքորոշումն առ այն, որ օրենսդրորեն պետք է սահմանվեն անհրաժեշտ ու բավարար երաշխիքներ դատական ակտը բողոք բերողի կողմից ամբողջությամբ ու ողջամիտ ժամկետում ստանալու և դատարանի մատչելիության ու արդար դատաքննության իր իրավունքներն արդյունավետ իրացնելու համար։
ՀՀ սահմանադրական դատարանի վերոգրյալ դիրքորոշումների համատեքստում համեմատական վերլուծության ենթարկելով Վերաքննիչ դատարանի 30.12.2019 թվականի որոշման մեջ նշված՝ վերաքննիչ բողոք բերելու համար բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը մերժելու հիմքում դրված պատճառաբանությունները, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դրանք չեն բխում ՀՀ սահմանադրական դատարանի վերոգրյալ մեկնաբանություններից՝ նկատի ունենալով այն, որ նման պայմաններում Վերաքննիչ դատարանի դատական ակտի բողոքարկման ժամկետը ենթակա էր վերականգման՝ հաշվի առնելով սույն գործի փաստերն այն մասին, որ Դատարանի 11.10.2019 թվականով թվագրված վճիռը դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով հրապարակվել է 14.10.2019 թվականին, իսկ վճիռը նույն կամ հաջորդ օրը բողոք բերած անձին ուղարկելու կամ հանձնելու մասին ապացույց գործում առկա չէ։ Դատարանի 11.10.2019 թվականի վճիռը Հովհաննես Առաքելյանը ստացել է 21.10.2019 թվականին, այսինքն՝ վճիռը կայացվելու օրվանից 10 օր հետո: Նման պայմաններում առկա է որոշակի ժամանակային խզում դատական ակտը հրապարակելու և այն հասցեատիրոջ կողմից փաստացի ստանալու միջև, որի դեպքում ընթացակարգային կանոններով անհամաչափորեն սահմանափակվում է անձի՝ դատարանի մատչելիության իրավունքը՝ խաթարելով այդ իրավունքի բուն էությունը:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Հովհաննես Առաքելյանի ներկայացուցչի միջնորդությունը ենթակա էր բավարարման, և բաց թողնված ժամկետը Վերաքննիչ դատարանի կողմից պետք է վերականգնվեր իրավունքի ուժով (ex jure), քանի որ առկա է եղել բողոքաբերից անկախ պատճառներով դատական ակտը նրան ուշ հասու լինելու հանգամանքը, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից: Հետևաբար Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 119-րդ հոդվածի 4-րդ և 372-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, քանի որ մերժելով բողոքարկման ժամկետի վերականգնումը և վերաքննիչ բողոքի ընդունումը, Վերաքննիչ դատարանը սահմանափակել է Հովհաննես Առաքելյանի՝ բողոքարկման իրավունքի իրականացման հնարավորությունը՝ արդյունքում զրկելով վերջինիս վերադաս դատարանի մատչելիության իրավունքից:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 1-ին մասի և 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը վերացնելու համար»։
Վճռաբեկ դատարանի դատավոր Գ. Հակոբյանս, համաձայն չլինելով վերը նշված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերում Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության կողմից արտահայտված կարծիքի հետ, շարադրում եմ հատուկ կարծիքս դրա վերաբերյալ:
Այսպես՝
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի համաձայն՝ վճռաբեկ բողոքում պետք է նշվեն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հիմքը և դրա հիմնավորումը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վճռաբեկ բողոքն ընդունվում է քննության, եթե Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար, առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում:
Նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի համաձայն` նույն հոդվածի իմաստով` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, եթե բողոքարկվող դատական ակտը կայացնելիս դատարանը թույլ է տվել նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:
Տվյալ դեպքում բողոք բերած անձը որպես միակ նախադասություն, որը կարող էր ինչ-որ ձևով վերաբերելի լինել վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հիմքին և հիմնավորմանը, վճռաբեկ բողոքում նշել է հետևյալը.
«Սույն դեպքում առկա է մարդու իրավունքների և ազատությունների առերևույթ հիմնարար խախտում. 21.11.2019թ.-ին ստացել եմ թիվ ԵԿԴ/3785/02/17 քաղաքացիական գործով կայացված Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 11.10.2019թ.-ի վճիռը և մեկամսյա ժամկետում վերաքննիչ բողոք եմ ներկայացրել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան՝ ներկայացնելով բաց թողնված ժամկետը հարգելի համարելու և այն վերականգնելու մասին միջնորդություն»:
Այսինքն՝ բողոք բերած անձը, որպես վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հիմք, ըստ էության, վկայակոչել է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտման առերևույթ առկայության հանգամանքը, մինչդեռ վճռաբեկ բողոքում բավարար չափով չի նշել, թե Վերաքննիչ դատարանը նյութական կամ դատավարական իրավունքի կոնկրետ որ նորմերի խախտում է թույլ տվել, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, ինչպես նաև չի նշել վճռաբեկ բողոքը նման հիմքով վարույթ ընդունելու հիմնավորումը:
Նման պայմաններում, կարծում եմ, որ Վճռաբեկ դատարանը պարտավոր էր, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 395-րդ հոդվածի 1-ին մասով, որոշում կայացնել ներկայացված վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին՝ այն նույն օրենսգրքի 393-րդ հոդվածի պահանջներին չհամապատասխանելու պատճառաբանությամբ: Մինչդեռ Վճռաբեկ դատարանը նման որոշում չի կայացրել, և դրա փոխարեն որոշում է կայացրել վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու մասին։
Հիմք ընդունելով վերոգրյալը՝ նաև կարծում եմ, որ նման պայմաններում Վճռաբեկ դատարանն ինչպես չէր կարող վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորել վճռաբեկ բողոքում չնշված՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով՝ նշելով, թե իբրև առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 119-րդ հոդվածի 1-ին մասի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, այնպես էլ չէր կարող եզրահանգում կատարել այն մասին, որ «վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար։
Վերոգրյալը համարում եմ բավարար չանդրադառնալու Վճռաբեկ դատարանի կողմից կայացված որոշման մեջ որպես նման եզրահանգման գալու համար նշված պատճառաբանություններին:
Բացի այդ, ցանկանում եմ նշել նաև հետևյալի մասին․
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 404-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վճռաբեկության կարգով բողոքի քննության ժամանակ Վճռաբեկ դատարանը գործով կայացված դատական ակտը վերանայում է միայն վճռաբեկ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում, բացառությամբ նույն օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերի:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 406-րդ հոդվածի 5-րդ մասի 5-րդ կետի համաձայն՝ բողոքի քննության արդյունքներով կայացված Վճռաբեկ դատարանի որոշման մեջ նշվում են հիմքերը, որոնցով դրվել է դատական ակտի օրինականությունն ստուգելու հարցը։
Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի որոշման 2-րդ բաժնի բովանդակությունից բխում է, որ Վճռաբեկ դատարանը Վերաքննիչ դատարանի որոշման օրինականությունն ստուգելու հիմքերում դրել է բացառապես «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 119-րդ հոդվածի 1-ին մասը և 371-րդ հոդվածը: Մինչդեռ Վճռաբեկ դատարանը, դուրս գալով վճռաբեկության սահմաններից, Վերաքննիչ դատարանին վերագրել է նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի խախտում՝ չունենալով նման հիմքով ներկայացված վճռաբեկ բողոք։
Հիմք ընդունելով վերոգրյալը՝ հայտնում եմ իմ անհամաձայնությունը Վճռաբեկ դատարանի կողմից կայացված որոշման վերաբերյալ:
Դատավոր` |
Գ. Հակոբյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 մարտի 2023 թվական: