ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում |
Քաղաքացիական գործ թիվ ԵԱՆԴ/1788/02/12 2022 թ. | ||||||
Քաղաքացիական գործ թիվ ԵԱՆԴ/1788/02/12 |
|||||||
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով՝
նախագահող |
Մ. Դրմեյան | |
զեկուցող |
Տ. Պետրոսյան | |
Ս. Անտոնյան | ||
Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ | ||
Գ. Հակոբյան | ||
Է. Սեդրակյան |
2022 թվականի սեպտեմբերի 30-ին
գրավոր ընթացակարգով քննելով ըստ հայցի Տիգրան Մարտիրոսյանի ընդդեմ Սեդա Վարդանյանի իրավահաջորդ Լուսինե Հակոբյանի՝ գումար բռնագանձելու պահանջի մասին, և ըստ հակընդդեմ հայցի Սեդա Վարդանյանի իրավահաջորդ Լուսինե Հակոբյանի ընդդեմ Տիգրան Մարտիրոսյանի, երրորդ անձ՝ Կենտրոն նոտարական տարածքի նոտար Նունե Սարգսյանի, ՀՀ ԱԳԿ ՊԿ-ի և Աղասի Վարդանյանի՝ առոչինչ գործարքի անվավերության հետևանքներ կիրառելու պահանջի մասին, քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 16.05.2019 թվականի որոշման դեմ Տիգրան Մարտիրոսյանի բերած վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` Տիգրան Մարտիրոսյանը պահանջել է Սեդա Վարդանյանից բռնագանձել 5.900.000 ՀՀ դրամ` որպես փոխառության գումար, 118.000 ՀՀ դրամ՝ որպես նախապես վճարված պետական տուրքի գումար, ինչպես նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված հաշվարկվելիք բանկային տոկոսների գումարը` սկսած 01.04.2010 թվականից մինչև պարտավորությունների դադարման օրը:
Հակընդդեմ հայցով դիմելով դատարան` Սեդա Վարդանյանը պահանջել է իր և Տիգրան Մարտիրոսյանի միջև կնքված փոխառության պայմանագիրը ճանաչել չկնքված, անվավեր ճանաչել 30.12.2009 թվականի թիվ 9178 անշարժ գույքի հիփոթեքի (գրավի) պայմանագիրը և վերացնել դրա հիման վրա կատարված գրավի իրավունքի պետական գրանցումը:
Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ա. Պետրոսյան) 05.06.2014 թվականի վճռով հայցը բավարարվել է, իսկ հակընդդեմ հայցը` մերժվել:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (նախագահող դատավոր` Կ. Հակոբյան, դատավորներ` Ն. Տավարացյան, Տ. Նազարյան) 10.10.2014 թվականի որոշմամբ Սեդա Վարդանյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 05.06.2014 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 03.12.2014 թվականի որոշմամբ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 10.10.2014 թվականի որոշման դեմ Սեդա Վարդանյանի բերած վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է:
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 02.12.2016 թվականի որոշմամբ նոր երևան եկած հանգամանքի հիմքով դատական ակտը վերանայելու վերաբերյալ Սեդա Վարդանյանի իրավահաջորդ Լուսինե Հակոբյանի բերած վճռաբեկ բողոքը բավարարվել է, որոշվել է. «Նոր երևան եկած հանգամանքի հիմքով վերանայել ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 03.12.2014 թվականի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումը: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 10.10.2014 թվականի որոշումը և գործն ուղարկել Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության»:
Սեդա Վարդանյանի իրավահաջորդ Լուսինե Հակոբյանը 02.06.2017 թվականին ներկայացրել է հակընդդեմ հայցադիմում՝ առոչինչ գործարքի անվավերության հետևանքներ կիրառելու պահանջի մասին:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ա. Դավթյան) (այսուհետ` Դատարան) 30.11.2018 թվականի վճռով հայցը և հակընդդեմ հայցը մերժվել են։
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 16.05.2019 թվականի որոշմամբ Տիգրան Մարտիրոսյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, իսկ Լուսինե Հակոբյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է՝ Դատարանի 30.11.2018 թվականի վճիռը՝ հակընդդեմ հայցի մասով, բեկանվել և փոփոխվել է հետևյալ կերպ. «Սեդա Վարդանյանի հակընդդեմ հայցը բավարարել: Սեդա Վարդանյանի և Տիգրան Մարտիրոսյանի միջև 30.12.2009 թվականին Երևանի Նորքի Գայի պողոտա 21/22 շենքի թիվ 46 հասցեի անշարժ գույքի նկատմամբ կնքված թիվ 9178 գրավի պայմանագիրը ճանաչել անվավեր»:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Տիգրան Մարտիրոսյանը։
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 877-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ պարբերությունը, 878-րդ հոդվածի 1-ին կետը և 882-րդ հոդվածը, խախտել է 17.06.1998 թվականին ընդունված, 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Նախկին օրենսգիրք) 52-րդ հոդվածի 3-րդ կետը և 53-րդ հոդվածի 1-ին կետը։
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության պահանջները և գործում առկա յուրաքանչյուր ապացույց չէ, որ գնահատել է, ինչն էլ հանգեցրել է սխալ որոշման կայացմանը։
Վերաքննիչ դատարանը չի հետազոտել և իրավական գնահատական չի տվել գործում առկա ստացականին՝ կանխավ եզրահանգելով, որ դատավճռի առկայության պայմաններում դրա անհրաժեշտությունը վերանում է։
Վերաքննիչ դատարանը սխալ է կիրառել նախադատելիության կանոնները, գտել է, որ դատավճիռը նախադատելի է սույն քաղաքացիական գործի համար և այդպիսով գործով ըստ էության սխալ լուծման է եկել։ Այսպես՝ Վերաքննիչ դատարանը թեև վկայակոչել է նախադատելիության վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանի որոշումները, և իր որոշման մեջ մեջբերումներ կատարել դրանցից, սակայն չանդրադառնալով վաշխառության գործերով քաղաքացիական գործերի քննության վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանի որոշումներին, ոչ ճիշտ հետևություններ է արել և դատավճռին բացառիկ ապացույցի դեր վերապահելով հանդերձ՝ հանգել է գործի սխալ լուծման։
Սեդա Վարդանյանի իրավահաջորդ Լուսինե Հակոբյանն իրազեկ է եղել իր իրավանախորդի հետ առնչվող բոլոր գործընթացներին, ուստի վերաքննիչ դատարանի հղումները ՀՀ քաղաքացիական օրենսգրքի՝ ժառանգությանը վերաբերվող հոդվածներին և դրանից հետևություն անելը, որ պետք է իրավահաջորդին տեղյակ պահվեր քաղաքացիական վեճի մասին՝ անհիմն է, ինչը նշվել է վերաքննիչ բողոքում՝ համապատասխան իրավական հիմնավորումներով։
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 16.05.2019 թվականի որոշումը և փոփոխել այն՝ հայցը բավարարել, իսկ հակընդդեմ հայցը՝ մերժել։
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.
1) Սեդա Վարդանյանը Տիգրան Մարտիրոսյանին 30.12.2009 թվականին 5.900.000 ՀՀ դրամ գումար ստանալու փաստը հաստատող ստացական է տվել (hատոր 1-ին, գ.թ. 9)։
2) Սեդա Վարդանյանը և Տիգրան Մարտիրոսյանը 30.12.2009 թվականին կնքել են գրավի պայմանագիր, որով Սեդա Վարդանյանը, ի ապահովումն 30.12.2009 թվականին կողմերի միջև կնքված փոխառության պայմանագրի, գրավադրել է Երևան քաղաքի Նոր Նորքի Գայի պողոտա 21/22 շենքի թիվ 46 հասցեի անշարժ գույքը (hատոր 1-ին, գ.թ. 8).
3) Երևանի Նոր Նորքի Գայի պողոտա 21/22 շենքի թիվ 46 հասցեի անշարժ գույքի նկատմամբ 13.01.2010 թվականին գրանցվել է 30.12.2009թ. կնքված անշարժ գույքի հիփոթեքի (գրավի) թիվ 9178 պայմանագրից ծագող Տիգրան Վրեժի Մարտիրոսյանի գրավի իրավունքը և տրվել է թիվ 0103529 վկայականը (hատոր 2-րդ, գ.թ. 50-51).
4) Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 21.05.2015 թվականի դատավճռով դատապարտվել է ՀՀ քրեական օրենսգրքի 213-րդ հոդվածով նախատեսված հանցանք կատարելու համար, այն է՝ «2009թ. դեկտեմբերի 30-ին Տիգրան Մարտիրոսյանը ՀՀ կենտրոնական բանկի սահմանած բանկային 12 տոկոս տարեկան հաշվարկային դրույքի կրկնապատիկը գերազանցող չափով՝ ամսական 5 տոկոսով, Կենտրոն Վարչական շրջանում նոտարական գրասենյակի մոտ, Աղասի Վարդանյանին է տվել 3.856.700 ՀՀ դրամին համարժեք 10.000 ԱՄՆ դոլար պարտքով գումար, իսկ որպես գումարի վերադարձի երաշխիք՝ անշարժ գույքի հիփոթեքի /գրավի/ պայմանագրով Տիգրան Մարտիրոսյանի անվամբ գրավադրվել է Աղասի Վարդանյանի քրոջը՝ Սեդա Հակոբի Վարդանյանին, պատկանող Երևան քաղաքի Նոր Նորքի 2-րդ զանգված Մոլդովական 3 շենքի թիվ 46 բնակարանը։ (hատոր 5-րդ, գ.թ. 10-40)․
5) Մինչև 2011թ. դեկտեմբեր ամիսը Տիգրան Մարտիրոսյանն Աղասի Վարդանյանին տված 10.000 ԱՄՆ դոլար գումարի դիմաց որպես տոկոսագումար Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում վերջինիցս ստացել է ընդհանուր առմամբ 2.700.390 ՀՀ դրամին համարժեք 7.000 ԱՄՆ դոլար գումար։ Աղասի Վարդանյանը 2011թ. նոյեմբեր ամսից չկարողանալով տոկոսագումարներ վճարել, 2013թ. հունվար ամսվա դրությամբ Տիգրան Մարտիրոսյանին պարտք է մնացել 21.000 ԱՄՆ դոլար գումար, որից 10.000 ԱՄՆ դոլարը որպես նախապես վերցրած գումար, իսկ 11.000 ԱՄՆ դոլարը՝ տոկոսագումար։» (hատոր 5-րդ, գ.թ. 10-40)․
6) Ըստ 19.12.2015 թվականի թիվ 230751 մահվան վկայականի պատճենի՝ Սեդա Հակոբի Վարդանյանը մահացել է 19.12.2015 թվականին: Լուսինե Յուրիկի Հակոբյանը դատավարությանը ներգրավվել է որպես Սեդա Հակոբի Վարդանյանի իրավահաջորդ (hատոր 5-րդ, գ.թ. 54, 56)․
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել Նախկին օրենսգրքի 53-րդ հոդվածի և 52-րդ հոդվածի 2-րդ մասի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև բերված պատճառաբանություններով։
Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ դատական ակտի նախադատելիության իրավական հարցին՝ վերահաստատելով նախկինում արտահայտված իրավական դիրքորոշումները․
17.06.1998 թվականին ընդունված, 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Նախկին օրենսգիրք) 53-րդ հոդվածի համաձայն՝
1. Դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:
2. Դատարանի համար որևէ ապացույց նախապես հաստատվածի ուժ չունի, բացառությամբ սույն օրենսգրքի 52 հոդվածով նախատեսված դեպքերի:
Նույն օրենսգրքի 52-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ քրեական գործով օրինական ուժի մեջ մտած դատավճիռը պարտադիր է դատարանի համար միայն այն փաստերով, ըստ որոնց հաստատված են որոշակի գործողություններ և դրանք կատարած անձինք:
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ փաստել է, որ քաղաքացիական գործի քննության արդյունավետությունը մեծապես կախված է այն բանից, թե որքանով է պարզ և հստակ ապացուցման գործընթացը: Այդ գործընթացը հնարավորինս պարզեցնելու, գործին մասնակցող անձանց և դատարանին անհարկի չծանրաբեռնելու նպատակով օրենսդիրը սահմանել է դեպքեր, երբ գործի քննության ընթացքում որոշակի փաստեր որոշակի հանգամանքներում անհրաժեշտ չէ ապացուցել: Այդպիսի ապացուցում չպահանջող փաստերի շրջանակին են դասվում նախադատելի փաստերը (տե՛ս, Արա Բաղդասարյանն ընդդեմ Նարինե Հակոբյանի և մյուսների թիվ ԵԷԴ/0985/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.04.2017 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանն անդրադարձել է դատական ակտի նախադատելիության իրավական խնդրին` նշելով, որ օրինական ուժի մեջ մտած սկզբնական դատական ակտի նախադատելիությունը պայմանավորում է նոր կայացվելիք դատական ակտի բովանդակությունն այն մասով, որը վերաբերում է նախկինում քննված այլ գործով արդեն իսկ հաստատված հանգամանքներին:
Գործին մասնակցող անձանց համար նախադատելիությունը նշանակում է որոշակի սահմաններում ապացուցման պարտականությունից ազատում, ինչպես նաև կրկնակի ապացուցման կամ նման հանգամանքները հետագա դատավարություններում հերքելու արգելք: Նախադատելիությունը դատարանի համար ենթադրում է պարտականություն` ներմուծելու նման հանգամանքը նոր կայացվող դատական ակտում: Որպես կանոն դատական ակտերի պրեյուդիցիալ կապը ենթադրում է դատական ակտի նախադատելիության տարածում ամբողջ ծավալով թե՛ գործին մասնակցող անձանց, թե՛ դատարանի վրա: Հետևաբար, նախադատելիությունն օրենքի ուժով միանշանակ կանխորոշիչ դերակատարություն է ունենում նոր դատական ակտի համար, իսկ գործին մասնակցող անձանց կամքը և դատական հայեցողությունն այս հարցում ազդեցություն չունեն:
ՀՀ վճռաբեկ դատարանն անդրադարձել է դատավճռի նախադատելիության հարցին, մասնավորապես՝ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ օրինական ուժի մեջ մտած դատավճիռը նախադատելի (պրեյուդիցիալ) նշանակություն ունի միայն հանցագործության քաղաքացիաիրավական հետևանքներին վերաբերող քաղաքացիական գործ քննող դատարանի համար հետևյալ շրջանակներում.
1. արդյո՞ք կատարվել են որոշակի գործողություններ (հանցագործության օբյեկտիվ կողմը),
2. արդյո՞ք այդ գործողությունները կատարվել են տվյալ անձի կողմից (հանցագործության սուբյեկտ) (տե՛ս, Կարապետ Գրաչյանն ընդդեմ Ատոմ Ղազազյանի թիվ 3-1091(ՎԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 05.09.2007 թվականի որոշումը):
Հետևաբար, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նախադատելի կարող են համարվել միայն այն հանգամանքները, որոնք վերաբերում են հանցագործությունը կատարած անձին՝ հանցագործության սուբյեկտին, և կատարված որոշակի գործողությանը՝ հանցագործության օբյեկտիվ կողմին։ Ուստի նախադատելի հանգամանքներ են հանցագործության սուբյեկտին և օբյեկտիվ կողմին վերաբերող փաստերը։
Այլ հարցերով դատավճիռը քաղաքացիական դատավարության կարգով քննվող գործով պարտադիր չէ:
Վճռաբեկ դատարանը ևս մեկ անգամ ընդգծում է, որ հանցագործության քաղաքացիաիրավական հետևանքներին վերաբերող քաղաքացիական գործ քննող դատարանի համար քրեական գործով կայացված և օրինական ուժի մեջ մտած դատավճիռը պարտադիր է միայն հանցագործության օբյեկտիվ կողմի և հանցագործության սուբյեկտի մասով հաստատված փաստերի շրջանակներում, այդ շրջանակներից դուրս պրեյուդիցիալ կապ գոյություն ունենալ չի կարող, իսկ մյուս բոլոր հանգամանքները ենթակա են պարզման և ապացուցման ընդհանուր կարգով:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 345-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` պարտավորության ուժով մի անձը (պարտապանը) պարտավոր է մեկ այլ անձի (պարտատիրոջ) օգտին կատարել որոշակի գործողություն. այն է` վճարել դրամ, հանձնել գույք, կատարել աշխատանք, մատուցել ծառայություն և այլն, կամ ձեռնպահ մնալ որոշակի գործողություն կատարելուց, իսկ պարտատերն իրավունք ունի պարտապանից պահանջել կատարելու իր պարտականությունը:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 345-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ պարտավորությունները ծագում են պայմանագրից, վնաս պատճառելու հետևանքով և սույն օրենսգրքում նշված այլ հիմքերից:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 226-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ գրավի իրավունքը (այսուհետ` գրավը) գրավատուի գույքի նկատմամբ գրավառուի գույքային իրավունքն է, որը միաժամանակ միջոց է գրավառուի հանդեպ պարտապանի ունեցած դրամական կամ այլ պարտավորության կատարման ապահովման համար:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 228-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերի համաձայն՝ գույքի գրավատու կարող է լինել միայն դրա սեփականատերը: Գրավատու կարող է լինել ինչպես պարտապանը, այնպես էլ երրորդ անձը:
Այսպիսով, վկայակոչված հոդվածների վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ պարտավորությունները ծագում են ի թիվս այլնի՝ պայմանագրից, պարտավորության կողմերն են պարտատերը և պարտապանը, պարտավորության մեջ անձերի փոփոխության դեպքում պարտավորությունը չի դադարում, տեղի է ունենում իրավահաջորդություն, այսինքն՝ սուբյեկտիվ իրավունքների և պարտականությունների փոխանցում մեկ անձից մյուսին:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 877-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` փոխառության պայմանագրով մեկ կողմը (փոխատուն) մյուu կողմի (փոխառուի) սեփականությանն է հանձնում դրամ կամ տեuակային հատկանիշով որոշվող այլ գույք, իuկ փոխառուն պարտավորվում է փոխատուին վերադարձնել միևնույն գումարի դրամ (փոխառության գումարը) կամ փոխատուից uտացված գույքին հավաuար քանակի և նույն տեuակի ու որակի գույք: Փոխառության պայմանագիրը կնքված է համարվում դրամ կամ այլ գույք հանձնելու պահից:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 882-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ փոխառուն իրավունք ունի վիճարկել փոխառության պայմանագիրը, եթե ապացուցում է, որ ինքը փոխատուից իրականում դրամ կամ այլ գույք չի ստացել կամ ստացել է պայմանագրում նշվածից ավելի պակաս քանակով: Նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ եթե փոխառության պայմանագիրը սույն հոդվածի 1-ին կետով սահմանված հիմքերով վիճարկելիս պարզվում է, որ փոխառուն դրամը կամ այլ գույքն իրականում չի ստացել փոխատուից, փոխառության պայմանագիրը համարվում է չկնքված: Եթե դրամը կամ այլ գույքը փոխառուն փոխատուից ստացել է պայմանագրում նշվածից ավելի պակաս քանակով, պայմանագիրը կնքված է համարվում ստացված քանակի գումարի կամ գույքի չափով:
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ անդրադարձել է վերը նշված հոդվածների վերլուծությանը՝ դիրքորոշում հայտնելով այն մասին, որ փոխառության պայմանագիրը գրավոր ձևով կնքվող գործարք է, որի ուժով փոխատուն փոխառուին է հանձնում դրամ կամ տեսակային հատկանիշով որոշվող այլ գույք, իսկ փոխառուն պարտավորվում է փոխառության պայմանագրով նախատեսված ժամկետում և կարգով փոխատուին վերադարձնել փոխառության գումարը կամ փոխատուից ստացված գույքին հավասար քանակի և նույն տեսակի ու որակի գույք: Փոխառության պայմանագիրը կնքված է համարվում դրանով նախատեսված դրամը կամ այլ գույքը հանձնելու պահից (տե՛ս, Վահե Սահակյանն ընդդեմ Լեոնիդ Ներսիսյանի թիվ ԵՔԴ/0916/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 29.07.2011 թվականի որոշումը):
Մեկ այլ որոշմամբ վերահաստատելով վերոգրյալ դիրքորոշումը՝ ՀՀ վճռաբեկ դատարանը հավելել է, որ օրենսդիրը, փոխառության պայմանագրի համար պարտադիր համարելով գրավոր ձևը,ապացույցների թույլատրելիության շրջանակը սահմանափակել է միայն գրավոր ապացույցներով…: Օրենսդիրը, պարտադիր համարելով փաստաթղթի ներկայացումը, չի սահմանել գրավոր ապացույցների սպառիչ ցանկ` հնարավորություն ընձեռելով ներկայացնելու իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի պահանջներին համապատասխանող ցանկացած գրավոր ապացույց, որը կհաստատի փոխառուին որոշակի դրամական գումար կամ որոշակի քանակի գույք տալը (տե´ս, Հրանտ Ավետիսյանն ընդդեմ «Տրանսունիվերսալ» ՓԲԸ-ի թիվ ԵԿԴ/4542/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.07.2016 թվականի որոշումը):
Սույն գործով Տիգրան Մարտիրոսյանը դիմել է դատարան և պահանջել Սեդա Վարդանյանից բռնագանձել 5.900.000 ՀՀ դրամ՝ որպես փոխառության գումար, իսկ Սեդա Վարդանյանը հակընդդեմ հայցով դիմելով դատարան` պահանջել է իր և Տիգրան Մարտիրոսյանի միջև կնքված փոխառության պայմանագիրը ճանաչել չկնքված, անվավեր ճանաչել անշարժ գույքի հիփոթեքի (գրավի) պայմանագիրը և վերացնել դրա հիման վրա կատարված գրավի իրավունքի պետական գրանցումը:
Դատարանը 30.11.2018 թվականի վճռով հայցը և հակընդդեմ հայցը մերժել է՝ պատճառաբանելով, որ հայցն անհիմն է, քանի որ Սեդա Վարդանյանի մահից հետո Տիգրան Մարտիրոսյանն իր պահանջի իրավունքն օրենքով սահմանված կարգին համապատասխան չի իրացրել, այն է՝ Տիգրան Մարտիրոսյանը Սեդա Վարդանյանի հանդեպ ունեցած իր պահանջն օրենքով սահմանված ժամկետում և կարգով չի ներկայացրել Սեդա Վարդանյանի ժառանգությունն ընդունած ժառանգին կամ կտակակատարին, իսկ անհնարինության դեպքում՝ ժառանգության բացման վայրի նոտարին, և գտել է, որ գումարային ենթադրյալ պարտավորությունն օրենքի ուժով դադարել է և չի փոխանցվել Սեդա Վարդանյանի ժառանգությունն ընդունած ժառանգ Լուսինե Հակոբյանին: Դատարանը գտել է նաև, որ հակընդդեմ հայցը ևս անհիմն է, քանի որ Լուսինե Հակոբյանը Սեդա Վարդանյանի 5.900.000 ՀՀ դրամ ենթադրյալ պարտավորության կրողը չի հանդիսանում և նշված պարտավորությունը դադարած լինելու պայմաններում դրա ծագման հիմք հանդիսացող գործարքի վիճարկման պահանջն առարկայազուրկ է:
Վերաքննիչ դատարանը Լուսինե Հակոբյանի վերաքննիչ բողոքը բավարարել է` պատճառաբանելով, որ քրեական գործով կայացված դատավճռով հաստատվել է այն հանգամանքը, որ Տիգրան Մարտիրոսյանը, զբաղվելով վաշխառությամբ, 3.856.700 ՀՀ դրամին համարժեք 10.000 ԱՄՆ դոլար 30.12.2009 թվականին հանձնել է Աղասի Վարդանյանին, ով Սեդա Վարդանյանի եղբայրն է և ի ապահովումն այդ պարտավորության գրավադրվել է Սեդա Վարդանյանին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքը: Հետևաբար դատավճռով հաստատվել է այն հանգամանքը, որ փոխառության պայմանագիրը փաստացի կնքվել է ոչ թե Սեդա Վարդանյանի հետ, այլ՝ Աղասի Վարդանյանի հետ, ինչն էլ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 882-րդ հոդվածի 1-ին և 3-րդ հոդվածների իմաստով համարվում է չկնքված: Վերաքննիչ դատարանը գտել է նաև, որ եթե գոյություն չունի հիմնական պարտավորություն, ապա չի կարող գոյություն ունենալ նաև ածանցյալ պարտավորությունը, այդպիսով նաև անվավեր է ճանաչել թիվ 9178 գրավի պայմանագիրը։
Գնահատելով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությունը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.
Վերաքննիչ դատարանը վերը նշված եզրահանգումների և դատողությունների հիմքում դնելով օրինական ուժի մեջ մտած դատավճիռը, անտեսել է այն հանգամանքը, որ առանց փոխառության գործարքը քաղաքացիական դատավարության կարգով շինծու ճանաչելու Սեդա Վարդանյանի և Տիգրան Մարտիրոսյանի միջև կնքված փոխառության գործարքով պարտավորության կողմի փոփոխություն չի կարող տեղի ունենալ, իսկ օրինական ուժի մեջ մտած դատավճռով վաշխառության փաստը հաստատված լինելու պայմաններում փոխառության պայմանագիրը անփողության հիմքով վիճարկելը կհակասի օրինական ուժի մեջ մտած դատավճռով հաստատված հանգամանքներին։
Նախկին օրենսգրքի 36-րդ հոդվածի համաձայն` դատավարության կողմերից մեկի դուրս գալու դեպքում դատարանը կատարում է այդ կողմի փոխարինում նրա իրավահաջորդով` այդ մասին նշելով որոշման մեջ: Իրավահաջորդություն հնարավոր է դատավարության ցանկացած փուլում: Այն բոլոր գործողությունները, որոնք կատարվել են դատավարության ընթացքում մինչև իրավահաջորդի` գործի մեջ մտնելը, նրա համար պարտադիր են այնքանով, որքանով դրանք պարտադիր կլինեն այն անձի համար, որին փոխարինել է իրավահաջորդը:
Վերը նշված հոդվածի իրավական բովանդակության վերլուծությունից ակնհայտորեն հետևում է, որ դատավարության ցանկացած փուլում կողմի փոխարինումը նրա իրավահաջորդով վերջինիս համար առաջացնում է այն բոլոր իրավունքները, որոնցով օժտված կլիներ իր իրավանախորդը և այն բոլոր պարտականությունները, որոնք վերապահված կլինեին իր իրավանախորդին: Ընդ որում, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ իրավանախորդի կողմից կատարված դատավարական բոլոր գործողությունները պարտադիր են դառնում նաև վերջինիս իրավահաջորդի համար:
Սույն գործի փաստերից հետևում է, որ քաղաքացիական գործի քննության ընթացքում Սեդա Վարդանյանը մահացել է և դատավարական իրավահաջորդության արդյունքում վերջինիս փոխարինել է Լուսինե Հակոբյանը, այսինքն՝ ի սկզբանե հայցը հարուցվել է Սեդա Վարդանյանի դեմ, իսկ վերջինիս իրավահաջորդ Լուսինե Հակոբյանը գործում որպես կողմ է ներգրավվել դատավարական իրավահաջորդության կարգով, հետևաբար Տիգրան Մարտիրոսյանը ժառանգատուի իրավահաջորդին վեցամսյա ժամկետում պահանջ ներկայացնելու պարտականություն չուներ։ Երբևիցե պատասխանողի իրավահաջորդ Լուսինե Հակոբյանը դիրքորոշում չի ներկայացրել հայցվոր Տիգրան Մարտիրոսյանի կողմից պատասխանողի իրավահաջորդին Սեդա Վարդանյանի մահից հետո վեցամսյա ժամկետում պահանջ ներկայացնելու իրավական հարցի վերաբերյալ։
Վերաքննիչ դատարանը որոշման եզրափակիչ մասում նշելով Սեդա Վարդանյանի հակընդդեմ հայցի ամբողջությամբ բավարարման և գրավի պայմանագրի անվավեր ճանաչման մասին, անտեսել է այն հանգամանքը, որ այլ անձի կողմից փոխառության գումարի տնօրինման հանգամանքի քրեաիրավական գնահատականը ինքնին քաղաքացիաիրավական հետևանքներ չի առաջացնում պարտավորության կողմի փոփոխման առումով, եթե առկա չեն օրենքին համապատասխան կնքված պայմանագիր՝ պահանջի կամ պարտքի զիջման մասին կամ քաղաքացիական դատավարության կարգով շինծու ճանաչված գործարք՝ դրա կողմերի անհամապատասխանության առումով։
Այսպիսով, ամփոփելով Տիգրան Մարտիրոսյանի վճռաբեկ բողոքի քննության արդյունքները` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքի քննության արդյունքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված՝ ստորադաս դատարանի դատական ակտն ամբողջությամբ բեկանելու և գործն ամբողջ ծավալով համապատասխան ստորադաս ատյան նոր քննության ուղարկելու լիազորությունը։
5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլխի կանոններին համապատասխան:
Տվյալ դեպքում նկատի ունենալով, որ Վճռաբեկ դատարանի 21.11.2019 թվականի որոշմամբ հետաձգվել է սույն վճռաբեկ բողոքի համար սահմանված պետական տուրքի վճարումը և որոշվել է այդ հարցին անդրադառնալ գործն ըստ էության լուծող դատական ակտ կայացնելիս, իսկ Տիգրան Մարտիրոսյանի վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման և գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այդ հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակի: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 16.05.2019 թվականի որոշումը և գործն ուղարկել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության:
2. Դատական ծախսերի, այդ թվում նաև` վճռաբեկ բողոքի համար սահմանված և ՀՀ Վճռաբեկ դատարանի 21.11.2019 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող Մ. Դրմեյան զեկուցող Տ. Պետրոսյան Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ Գ. Հակոբյան Է. Սեդրակյան
Ս. Անտոնյան
Հատուկ կարծիք
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի կողմից ԵԱՆԴ/1788/02/12 քաղաքացիական գործով 30.09.2022 թվականին կայացված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի վերաբերյալ
30.09.2022 թվական
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան), 2022 թվականի սեպտեմբերի 30-ին գրավոր ընթացակարգով քննելով Տիգրան Մարտիրոսյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 16.05.2019 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Տիգրան Մարտիրոսյանի ընդդեմ Սեդա Վարդանյանի իրավահաջորդ Լուսինե Հակոբյանի՝ գումար բռնագանձելու պահանջի մասին, և ըստ հակընդդեմ հայցի Սեդա Վարդանյանի իրավահաջորդ Լուսինե Հակոբյանի ընդդեմ Տիգրան Մարտիրոսյանի, երրորդ անձ Կենտրոն նոտարական տարածքի նոտար Նունե Սարգսյանի, ՀՀ ԱԳԿ ՊԿ-ի և Աղասի Վարդանյանի՝ առոչինչ գործարքի անվավերության հետևանքներ կիրառելու պահանջի մասին, Վճռաբեկ դատարանի դատավորների ընդհանուր թվի մեծամասնությամբ որոշել է վճռաբեկ բողոքը բավարարել մասնակի, բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 16.05.2019 թվականի որոշումը և գործն ուղարկել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության:
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի դատավոր Գ. Հակոբյանս, համաձայն չլինելով վերը նշված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության կարծիքի հետ, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 9-րդ և 10-րդ մասերով, շարադրում եմ հատուկ կարծիքս այդ մասերի վերաբերյալ:
1. Վճռաբեկ դատարանը որպես գործի դատավարական նախապատմություն նշել է հետևյալը.
«Դիմելով դատարան` Տիգրան Մարտիրոսյանը պահանջել է Սեդա Վարդանյանից բռնագանձել 5.900.000 ՀՀ դրամ` որպես փոխառության գումար, 118.000 ՀՀ դրամ՝ որպես նախապես վճարված պետական տուրքի գումար, ինչպես նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված հաշվարկվելիք բանկային տոկոսների գումարը` սկսած 01.04.2010 թվականից մինչև պարտավորությունների դադարման օրը:
Հակընդդեմ հայցով դիմելով դատարան` Սեդա Վարդանյանը պահանջել է իր և Տիգրան Մարտիրոսյանի միջև կնքված փոխառության պայմանագիրը ճանաչել չկնքված, անվավեր ճանաչել 30.12.2009 թվականի թիվ 9178 անշարժ գույքի հիփոթեքի (գրավի) պայմանագիրը և վերացնել դրա հիման վրա կատարված գրավի իրավունքի պետական գրանցումը:
Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ա. Պետրոսյան) 05.06.2014 թվականի վճռով հայցը բավարարվել է, իսկ հակընդդեմ հայցը` մերժվել:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (նախագահող դատավոր` Կ. Հակոբյան, դատավորներ` Ն. Տավարացյան, Տ. Նազարյան) 10.10.2014 թվականի որոշմամբ Սեդա Վարդանյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 05.06.2014 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 03.12.2014 թվականի որոշմամբ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 10.10.2014 թվականի որոշման դեմ Սեդա Վարդանյանի բերած վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է:
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 02.12.2016 թվականի որոշմամբ նոր երևան եկած հանգամանքի հիմքով դատական ակտը վերանայելու վերաբերյալ Սեդա Վարդանյանի իրավահաջորդ Լուսինե Հակոբյանի բերած վճռաբեկ բողոքը բավարարվել է, որոշվել է. «Նոր երևան եկած հանգամանքի հիմքով վերանայել ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 03.12.2014 թվականի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումը: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 10.10.2014 թվականի որոշումը և գործն ուղարկել Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության»:
Սեդա Վարդանյանի իրավահաջորդ Լուսինե Հակոբյանը 02.06.2017 թվականին ներկայացրել է հակընդդեմ հայցադիմում՝ առոչինչ գործարքի անվավերության հետևանքներ կիրառելու պահանջի մասին:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ա. Դավթյան) (այսուհետ` Դատարան) 30.11.2018 թվականի վճռով հայցը և հակընդդեմ հայցը մերժվել են։
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 16.05.2019 թվականի որոշմամբ Տիգրան Մարտիրոսյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, իսկ Լուսինե Հակոբյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է՝ Դատարանի 30.11.2018 թվականի վճիռը՝ հակընդդեմ հայցի մասով, բեկանվել և փոփոխվել է հետևյալ կերպ. «Սեդա Վարդանյանի հակընդդեմ հայցը բավարարել: Սեդա Վարդանյանի և Տիգրան Մարտիրոսյանի միջև 30.12.2009 թվականին Երևանի Նորքի Գայի պողոտա 21/22 շենքի թիվ 46 հասցեի անշարժ գույքի նկատմամբ կնքված թիվ 9178 գրավի պայմանագիրը ճանաչել անվավեր»:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Տիգրան Մարտիրոսյանը։
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել»։
2. Վճռաբեկ դատարանը որպես վճռաբեկ բողոքի հիմքեր, հիմնավորումներ և պահանջ նշել է հետևյալը.
«Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 877-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ պարբերությունը, 878-րդ հոդվածի 1-ին կետը և 882-րդ հոդվածը, խախտել է 17.06.1998 թվականին ընդունված, 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Նախկին օրենսգիրք) 52-րդ հոդվածի 3-րդ կետը և 53-րդ հոդվածի 1-ին կետը։
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության պահանջները և գործում առկա յուրաքանչյուր ապացույց չէ, որ գնահատել է, ինչն էլ հանգեցրել է սխալ որոշման կայացմանը։
Վերաքննիչ դատարանը չի հետազոտել և իրավական գնահատական չի տվել գործում առկա ստացականին՝ կանխավ եզրահանգելով, որ դատավճռի առկայության պայմաններում դրա անհրաժեշտությունը վերանում է։
Վերաքննիչ դատարանը սխալ է կիրառել նախադատելիության կանոնները, գտել է, որ դատավճիռը նախադատելի է սույն քաղաքացիական գործի համար և այդպիսով գործով ըստ էության սխալ լուծման է եկել։ Այսպես՝ Վերաքննիչ դատարանը թեև վկայակոչել է նախադատելիության վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանի որոշումները, և իր որոշման մեջ մեջբերումներ կատարել դրանցից, սակայն չանդրադառնալով վաշխառության գործերով քաղաքացիական գործերի քննության վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանի որոշումներին, ոչ ճիշտ հետևություններ է արել և դատավճռին բացառիկ ապացույցի դեր վերապահելով հանդերձ՝ հանգել է գործի սխալ լուծման։
Սեդա Վարդանյանի իրավահաջորդ Լուսինե Հակոբյանն իրազեկ է եղել իր իրավանախորդի հետ առնչվող բոլոր գործընթացներին, ուստի վերաքննիչ դատարանի հղումները ՀՀ քաղաքացիական օրենսգրքի՝ ժառանգությանը վերաբերվող հոդվածներին և դրանից հետևություն անելը, որ պետք է իրավահաջորդին տեղյակ պահվեր քաղաքացիական վեճի մասին անհիմն է, ինչը նշվել է վերաքննիչ բողոքում՝ համապատասխան իրավական հիմնավորումներով։
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 16.05.2019 թվականի որոշումը և փոփոխել այն՝ հայցը բավարարել, իսկ հակընդդեմ հայցը՝ մերժել»:
3. Վճռաբեկ դատարանը որպես վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստեր նշել է հետևյալը.
«Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.
1) Սեդա Վարդանյանը Տիգրան Մարտիրոսյանին 30.12.2009 թվականին 5.900.000 ՀՀ դրամ գումար ստանալու փաստը հաստատող ստացական է տվել (hատոր 1-ին, գ.թ. 9)։
2) Սեդա Վարդանյանը և Տիգրան Մարտիրոսյանը 30.12.2009 թվականին կնքել են գրավի պայմանագիր, որով Սեդա Վարդանյանը, ի ապահովումն 30.12.2009 թվականին կողմերի միջև կնքված փոխառության պայմանագրի, գրավադրել է Երևան քաղաքի Նոր Նորքի Գայի պողոտա 21/22 շենքի թիվ 46 հասցեի անշարժ գույքը (hատոր 1-ին, գ.թ. 8).
3) Երևանի Նոր Նորքի Գայի պողոտա 21/22 շենքի թիվ 46 հասցեի անշարժ գույքի նկատմամբ 13.01.2010 թվականին գրանցվել է 30.12.2009թ. կնքված անշարժ գույքի հիփոթեքի (գրավի) թիվ 9178 պայմանագրից ծագող Տիգրան Վրեժի Մարտիրոսյանի գրավի իրավունքը և տրվել է թիվ 0103529 վկայականը (hատոր 2-րդ, գ.թ. 50-51).
4) Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 21.05.2015 թվականի դատավճռով դատապարտվել է ՀՀ քրեական օրենսգրքի 213-րդ հոդվածով նախատեսված հանցանք կատարելու համար, այն է՝ «2009թ. դեկտեմբերի 30-ին Տիգրան Մարտիրոսյանը ՀՀ կենտրոնական բանկի սահմանած բանկային 12 տոկոս տարեկան հաշվարկային դրույքի կրկնապատիկը գերազանցող չափով՝ ամսական 5 տոկոսով, Կենտրոն Վարչական շրջանում նոտարական գրասենյակի մոտ, Աղասի Վարդանյանին է տվել 3.856.700 ՀՀ դրամին համարժեք 10.000 ԱՄՆ դոլար պարտքով գումար, իսկ որպես գումարի վերադարձի երաշխիք՝ անշարժ գույքի հիփոթեքի /գրավի/ պայմանագրով Տիգրան Մարտիրոսյանի անվամբ գրավադրվել է Աղասի Վարդանյանի քրոջը՝ Սեդա Հակոբի Վարդանյանին, պատկանող Երևան քաղաքի Նոր Նորքի 2-րդ զանգված Մոլդովական 3 շենքի թիվ 46 բնակարանը։ (hատոր 5-րդ, գ.թ. 10-40)․
5) Մինչև 2011թ. դեկտեմբեր ամիսը Տիգրան Մարտիրոսյանն Աղասի Վարդանյանին տված 10.000 ԱՄՆ դոլար գումարի դիմաց որպես տոկոսագումար Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում վերջինիցս ստացել է ընդհանուր առմամբ 2.700.390 ՀՀ դրամին համարժեք 7.000 ԱՄՆ դոլար գումար։ Աղասի Վարդանյանը 2011թ. նոյեմբեր ամսից չկարողանալով տոկոսագումարներ վճարել, 2013թ. հունվար ամսվա դրությամբ Տիգրան Մարտիրոսյանին պարտք է մնացել 21.000 ԱՄՆ դոլար գումար, որից 10.000 ԱՄՆ դոլարը որպես նախապես վերցրած գումար, իսկ 11.000 ԱՄՆ դոլարը՝ տոկոսագումար։» (hատոր 5-րդ, գ.թ. 10-40)․
6) Ըստ 19.12.2015 թվականի թիվ 230751 մահվան վկայականի պատճենի՝ Սեդա Հակոբի Վարդանյանը մահացել է 19.12.2015 թվականին: Լուսինե Յուրիկի Հակոբյանը դատավարությանը ներգրավվել է որպես Սեդա Հակոբի Վարդանյանի իրավահաջորդ (hատոր 5-րդ, գ.թ. 54, 56)»:
4. Վճռաբեկ դատարանը որպես պատճառաբանություններ և եզրահանգումներ նշել է հետևյալը.
«Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել Նախկին օրենսգրքի 53-րդ հոդվածի և 52-րդ հոդվածի 2-րդ մասի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև բերված պատճառաբանություններով։
Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ դատական ակտի նախադատելիության իրավական հարցին՝ վերահաստատելով նախկինում արտահայտված իրավական դիրքորոշումները․
17.06.1998 թվականին ընդունված, 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Նախկին օրենսգիրք) 53-րդ հոդվածի համաձայն՝
1. Դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:
2. Դատարանի համար որևէ ապացույց նախապես հաստատվածի ուժ չունի, բացառությամբ սույն օրենսգրքի 52 հոդվածով նախատեսված դեպքերի:
Նույն օրենսգրքի 52-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ քրեական գործով օրինական ուժի մեջ մտած դատավճիռը պարտադիր է դատարանի համար միայն այն փաստերով, ըստ որոնց հաստատված են որոշակի գործողություններ և դրանք կատարած անձինք:
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ փաստել է, որ քաղաքացիական գործի քննության արդյունավետությունը մեծապես կախված է այն բանից, թե որքանով է պարզ և հստակ ապացուցման գործընթացը: Այդ գործընթացը հնարավորինս պարզեցնելու, գործին մասնակցող անձանց և դատարանին անհարկի չծանրաբեռնելու նպատակով օրենսդիրը սահմանել է դեպքեր, երբ գործի քննության ընթացքում որոշակի փաստեր որոշակի հանգամանքներում անհրաժեշտ չէ ապացուցել: Այդպիսի ապացուցում չպահանջող փաստերի շրջանակին են դասվում նախադատելի փաստերը (տե՛ս, Արա Բաղդասարյանն ընդդեմ Նարինե Հակոբյանի և մյուսների թիվ ԵԷԴ/0985/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.04.2017 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանն անդրադարձել է դատական ակտի նախադատելիության իրավական խնդրին` նշելով, որ օրինական ուժի մեջ մտած սկզբնական դատական ակտի նախադատելիությունը պայմանավորում է նոր կայացվելիք դատական ակտի բովանդակությունն այն մասով, որը վերաբերում է նախկինում քննված այլ գործով արդեն իսկ հաստատված հանգամանքներին:
Գործին մասնակցող անձանց համար նախադատելիությունը նշանակում է որոշակի սահմաններում ապացուցման պարտականությունից ազատում, ինչպես նաև կրկնակի ապացուցման կամ նման հանգամանքները հետագա դատավարություններում հերքելու արգելք: Նախադատելիությունը դատարանի համար ենթադրում է պարտականություն` ներմուծելու նման հանգամանքը նոր կայացվող դատական ակտում: Որպես կանոն դատական ակտերի պրեյուդիցիալ կապը ենթադրում է դատական ակտի նախադատելիության տարածում ամբողջ ծավալով թե՛ գործին մասնակցող անձանց, թե՛ դատարանի վրա: Հետևաբար, նախադատելիությունն օրենքի ուժով միանշանակ կանխորոշիչ դերակատարություն է ունենում նոր դատական ակտի համար, իսկ գործին մասնակցող անձանց կամքը և դատական հայեցողությունն այս հարցում ազդեցություն չունեն:
ՀՀ վճռաբեկ դատարանն անդրադարձել է դատավճռի նախադատելիության հարցին, մասնավորապես՝ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ օրինական ուժի մեջ մտած դատավճիռը նախադատելի (պրեյուդիցիալ) նշանակություն ունի միայն հանցագործության քաղաքացիաիրավական հետևանքներին վերաբերող քաղաքացիական գործ քննող դատարանի համար հետևյալ շրջանակներում.
1. արդյո՞ք կատարվել են որոշակի գործողություններ (հանցագործության օբյեկտիվ կողմը),
2. արդյո՞ք այդ գործողությունները կատարվել են տվյալ անձի կողմից (հանցագործության սուբյեկտ) (տե՛ս, Կարապետ Գրաչյանն ընդդեմ Ատոմ Ղազազյանի թիվ 3-1091(ՎԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 05.09.2007 թվականի որոշումը):
Հետևաբար, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նախադատելի կարող են համարվել միայն այն հանգամանքները, որոնք վերաբերում են հանցագործությունը կատարած անձին՝ հանցագործության սուբյեկտին, և կատարված որոշակի գործողությանը՝ հանցագործության օբյեկտիվ կողմին։ Ուստի նախադատելի հանգամանքներ են հանցագործության սուբյեկտին և օբյեկտիվ կողմին վերաբերող փաստերը։
Այլ հարցերով դատավճիռը քաղաքացիական դատավարության կարգով քննվող գործով պարտադիր չէ:
Վճռաբեկ դատարանը ևս մեկ անգամ ընդգծում է, որ հանցագործության քաղաքացիաիրավական հետևանքներին վերաբերող քաղաքացիական գործ քննող դատարանի համար քրեական գործով կայացված և օրինական ուժի մեջ մտած դատավճիռը պարտադիր է միայն հանցագործության օբյեկտիվ կողմի և հանցագործության սուբյեկտի մասով հաստատված փաստերի շրջանակներում, այդ շրջանակներից դուրս պրեյուդիցիալ կապ գոյություն ունենալ չի կարող, իսկ մյուս բոլոր հանգամանքները ենթակա են պարզման և ապացուցման ընդհանուր կարգով:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 345-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` պարտավորության ուժով մի անձը (պարտապանը) պարտավոր է մեկ այլ անձի (պարտատիրոջ) օգտին կատարել որոշակի գործողություն. այն է` վճարել դրամ, հանձնել գույք, կատարել աշխատանք, մատուցել ծառայություն և այլն, կամ ձեռնպահ մնալ որոշակի գործողություն կատարելուց, իսկ պարտատերն իրավունք ունի պարտապանից պահանջել կատարելու իր պարտականությունը:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 345-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ պարտավորությունները ծագում են պայմանագրից, վնաս պատճառելու հետևանքով և սույն օրենսգրքում նշված այլ հիմքերից:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 226-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ գրավի իրավունքը (այսուհետ` գրավը) գրավատուի գույքի նկատմամբ գրավառուի գույքային իրավունքն է, որը միաժամանակ միջոց է գրավառուի հանդեպ պարտապանի ունեցած դրամական կամ այլ պարտավորության կատարման ապահովման համար:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 228-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերի համաձայն՝ գույքի գրավատու կարող է լինել միայն դրա սեփականատերը: Գրավատու կարող է լինել ինչպես պարտապանը, այնպես էլ երրորդ անձը:
Այսպիսով, վկայակոչված հոդվածների վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ պարտավորությունները ծագում են ի թիվս այլնի՝ պայմանագրից, պարտավորության կողմերն են պարտատերը և պարտապանը, պարտավորության մեջ անձերի փոփոխության դեպքում պարտավորությունը չի դադարում, տեղի է ունենում իրավահաջորդություն, այսինքն՝ սուբյեկտիվ իրավունքների և պարտականությունների փոխանցում մեկ անձից մյուսին:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 877-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` փոխառության պայմանագրով մեկ կողմը (փոխատուն) մյուu կողմի (փոխառուի) սեփականությանն է հանձնում դրամ կամ տեuակային հատկանիշով որոշվող այլ գույք, իuկ փոխառուն պարտավորվում է փոխատուին վերադարձնել միևնույն գումարի դրամ (փոխառության գումարը) կամ փոխատուից uտացված գույքին հավաuար քանակի և նույն տեuակի ու որակի գույք: Փոխառության պայմանագիրը կնքված է համարվում դրամ կամ այլ գույք հանձնելու պահից:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 882-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ փոխառուն իրավունք ունի վիճարկել փոխառության պայմանագիրը, եթե ապացուցում է, որ ինքը փոխատուից իրականում դրամ կամ այլ գույք չի ստացել կամ ստացել է պայմանագրում նշվածից ավելի պակաս քանակով: Նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ եթե փոխառության պայմանագիրը սույն հոդվածի 1-ին կետով սահմանված հիմքերով վիճարկելիս պարզվում է, որ փոխառուն դրամը կամ այլ գույքն իրականում չի ստացել փոխատուից, փոխառության պայմանագիրը համարվում է չկնքված: Եթե դրամը կամ այլ գույքը փոխառուն փոխատուից ստացել է պայմանագրում նշվածից ավելի պակաս քանակով, պայմանագիրը կնքված է համարվում ստացված քանակի գումարի կամ գույքի չափով:
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ անդրադարձել է վերը նշված հոդվածների վերլուծությանը՝ դիրքորոշում հայտնելով այն մասին, որ փոխառության պայմանագիրը գրավոր ձևով կնքվող գործարք է, որի ուժով փոխատուն փոխառուին է հանձնում դրամ կամ տեսակային հատկանիշով որոշվող այլ գույք, իսկ փոխառուն պարտավորվում է փոխառության պայմանագրով նախատեսված ժամկետում և կարգով փոխատուին վերադարձնել փոխառության գումարը կամ փոխատուից ստացված գույքին հավասար քանակի և նույն տեսակի ու որակի գույք: Փոխառության պայմանագիրը կնքված է համարվում դրանով նախատեսված դրամը կամ այլ գույքը հանձնելու պահից (տե՛ս, Վահե Սահակյանն ընդդեմ Լեոնիդ Ներսիսյանի թիվ ԵՔԴ/0916/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 29.07.2011 թվականի որոշումը):
Մեկ այլ որոշմամբ վերահաստատելով վերոգրյալ դիրքորոշումը՝ ՀՀ վճռաբեկ դատարանը հավելել է, որ օրենսդիրը, փոխառության պայմանագրի համար պարտադիր համարելով գրավոր ձևը, ապացույցների թույլատրելիության շրջանակը սահմանափակել է միայն գրավոր ապացույցներով…: Օրենսդիրը, պարտադիր համարելով փաստաթղթի ներկայացումը, չի սահմանել գրավոր ապացույցների սպառիչ ցանկ` հնարավորություն ընձեռելով ներկայացնելու իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի պահանջներին համապատասխանող ցանկացած գրավոր ապացույց, որը կհաստատի փոխառուին որոշակի դրամական գումար կամ որոշակի քանակի գույք տալը (տե´ս, Հրանտ Ավետիսյանն ընդդեմ «Տրանսունիվերսալ» ՓԲԸ-ի թիվ ԵԿԴ/4542/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.07.2016 թվականի որոշումը):
Սույն գործով Տիգրան Մարտիրոսյանը դիմել է դատարան և պահանջել Սեդա Վարդանյանից բռնագանձել 5.900.000 ՀՀ դրամ՝ որպես փոխառության գումար, իսկ Սեդա Վարդանյանը հակընդդեմ հայցով դիմելով դատարան` պահանջել է իր և Տիգրան Մարտիրոսյանի միջև կնքված փոխառության պայմանագիրը ճանաչել չկնքված, անվավեր ճանաչել անշարժ գույքի հիփոթեքի (գրավի) պայմանագիրը և վերացնել դրա հիման վրա կատարված գրավի իրավունքի պետական գրանցումը:
Դատարանը 30.11.2018 թվականի վճռով հայցը և հակընդդեմ հայցը մերժել է՝ պատճառաբանելով, որ հայցն անհիմն է, քանի որ Սեդա Վարդանյանի մահից հետո Տիգրան Մարտիրոսյանն իր պահանջի իրավունքն օրենքով սահմանված կարգին համապատասխան չի իրացրել, այն է՝ Տիգրան Մարտիրոսյանը Սեդա Վարդանյանի հանդեպ ունեցած իր պահանջն օրենքով սահմանված ժամկետում և կարգով չի ներկայացրել Սեդա Վարդանյանի ժառանգությունն ընդունած ժառանգին կամ կտակակատարին, իսկ անհնարինության դեպքում՝ ժառանգության բացման վայրի նոտարին, և գտել է, որ գումարային ենթադրյալ պարտավորությունն օրենքի ուժով դադարել է և չի փոխանցվել Սեդա Վարդանյանի ժառանգությունն ընդունած ժառանգ Լուսինե Հակոբյանին: Դատարանը գտել է նաև, որ հակընդդեմ հայցը ևս անհիմն է, քանի որ Լուսինե Հակոբյանը Սեդա Վարդանյանի 5.900.000 ՀՀ դրամ ենթադրյալ պարտավորության կրողը չի հանդիսանում և նշված պարտավորությունը դադարած լինելու պայմաններում դրա ծագման հիմք հանդիսացող գործարքի վիճարկման պահանջն առարկայազուրկ է:
Վերաքննիչ դատարանը Լուսինե Հակոբյանի վերաքննիչ բողոքը բավարարել է` պատճառաբանելով, որ քրեական գործով կայացված դատավճռով հաստատվել է այն հանգամանքը, որ Տիգրան Մարտիրոսյանը, զբաղվելով վաշխառությամբ, 3.856.700 ՀՀ դրամին համարժեք 10.000 ԱՄՆ դոլար 30.12.2009 թվականին հանձնել է Աղասի Վարդանյանին, ով Սեդա Վարդանյանի եղբայրն է և ի ապահովումն այդ պարտավորության գրավադրվել է Սեդա Վարդանյանին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքը: Հետևաբար դատավճռով հաստատվել է այն հանգամանքը, որ փոխառության պայմանագիրը փաստացի կնքվել է ոչ թե Սեդա Վարդանյանի հետ, այլ՝ Աղասի Վարդանյանի հետ, ինչն էլ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 882-րդ հոդվածի 1-ին և 3-րդ հոդվածների իմաստով համարվում է չկնքված: Վերաքննիչ դատարանը գտել է նաև, որ եթե գոյություն չունի հիմնական պարտավորություն, ապա չի կարող գոյություն ունենալ նաև ածանցյալ պարտավորությունը, այդպիսով նաև անվավեր է ճանաչել թիվ 9178 գրավի պայմանագիրը։
Գնահատելով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությունը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.
Վերաքննիչ դատարանը վերը նշված եզրահանգումների և դատողությունների հիմքում դնելով օրինական ուժի մեջ մտած դատավճիռը, անտեսել է այն հանգամանքը, որ առանց փոխառության գործարքը քաղաքացիական դատավարության կարգով շինծու ճանաչելու Սեդա Վարդանյանի և Տիգրան Մարտիրոսյանի միջև կնքված փոխառության գործարքով պարտավորության կողմի փոփոխություն չի կարող տեղի ունենալ, իսկ օրինական ուժի մեջ մտած դատավճռով վաշխառության փաստը հաստատված լինելու պայմաններում փոխառության պայմանագիրը անփողության հիմքով վիճարկելը կհակասի օրինական ուժի մեջ մտած դատավճռով հաստատված հանգամանքներին։
Նախկին օրենսգրքի 36-րդ հոդվածի համաձայն` դատավարության կողմերից մեկի դուրս գալու դեպքում դատարանը կատարում է այդ կողմի փոխարինում նրա իրավահաջորդով` այդ մասին նշելով որոշման մեջ: Իրավահաջորդություն հնարավոր է դատավարության ցանկացած փուլում: Այն բոլոր գործողությունները, որոնք կատարվել են դատավարության ընթացքում մինչև իրավահաջորդի` գործի մեջ մտնելը, նրա համար պարտադիր են այնքանով, որքանով դրանք պարտադիր կլինեն այն անձի համար, որին փոխարինել է իրավահաջորդը:
Վերը նշված հոդվածի իրավական բովանդակության վերլուծությունից ակնհայտորեն հետևում է, որ դատավարության ցանկացած փուլում կողմի փոխարինումը նրա իրավահաջորդով վերջինիս համար առաջացնում է այն բոլոր իրավունքները, որոնցով օժտված կլիներ իր իրավանախորդը և այն բոլոր պարտականությունները, որոնք վերապահված կլինեին իր իրավանախորդին: Ընդ որում, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ իրավանախորդի կողմից կատարված դատավարական բոլոր գործողությունները պարտադիր են դառնում նաև վերջինիս իրավահաջորդի համար:
Սույն գործի փաստերից հետևում է, որ քաղաքացիական գործի քննության ընթացքում Սեդա Վարդանյանը մահացել է և դատավարական իրավահաջորդության արդյունքում վերջինիս փոխարինել է Լուսինե Հակոբյանը, այսինքն՝ ի սկզբանե հայցը հարուցվել է Սեդա Վարդանյանի դեմ, իսկ վերջինիս իրավահաջորդ Լուսինե Հակոբյանը գործում որպես կողմ է ներգրավվել դատավարական իրավահաջորդության կարգով, հետևաբար Տիգրան Մարտիրոսյանը ժառանգատուի իրավահաջորդին վեցամսյա ժամկետում պահանջ ներկայացնելու պարտականություն չուներ։ Երբևիցե պատասխանողի իրավահաջորդ Լուսինե Հակոբյանը դիրքորոշում չի ներկայացրել հայցվոր Տիգրան Մարտիրոսյանի կողմից պատասխանողի իրավահաջորդին Սեդա Վարդանյանի մահից հետո վեցամսյա ժամկետում պահանջ ներկայացնելու իրավական հարցի վերաբերյալ։
Վերաքննիչ դատարանը որոշման եզրափակիչ մասում նշելով Սեդա Վարդանյանի հակընդդեմ հայցի ամբողջությամբ բավարարման և գրավի պայմանագրի անվավեր ճանաչման մասին, անտեսել է այն հանգամանքը, որ այլ անձի կողմից փոխառության գումարի տնօրինման հանգամանքի քրեաիրավական գնահատականը ինքնին քաղաքացիաիրավական հետևանքներ չի առաջացնում պարտավորության կողմի փոփոխման առումով, եթե առկա չեն օրենքին համապատասխան կնքված պայմանագիր՝ պահանջի կամ պարտքի զիջման մասին կամ քաղաքացիական դատավարության կարգով շինծու ճանաչված գործարք՝ դրա կողմերի անհամապատասխանության առումով։
Այսպիսով, ամփոփելով Տիգրան Մարտիրոսյանի վճռաբեկ բողոքի քննության արդյունքները` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքի քննության արդյունքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված՝ ստորադաս դատարանի դատական ակտն ամբողջությամբ բեկանելու և գործն ամբողջ ծավալով համապատասխան ստորադաս ատյան նոր քննության ուղարկելու լիազորությունը»։
Վճռաբեկ դատարանի դատավոր Գ. Հակոբյանս, համաձայն չլինելով վերը նշված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերում Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության կողմից արտահայտված կարծիքի հետ, շարադրում եմ հատուկ կարծիքս դրանց վերաբերյալ:
Այսպես`
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ վճռաբեկ բողոքն ընդունվում է քննության, եթե Վճռաբեկ դատարանը գտնում է, որ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում:
Նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ նույն հոդվածի իմաստով` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, եթե բողոքարկվող դատական ակտը կայացնելիս դատարանը թույլ է տվել նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ դատավարական իրավունքի նորմերը համարվում են խախտված կամ սխալ կիրառված, եթե առկա է նույն օրենսգրքի 365-րդ հոդվածով նախատեսված հիմքերից որևէ մեկը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատավարական իրավունքի նորմերի խախտումը կամ սխալ կիրառումը դատական ակտի բեկանման հիմք է, եթե հանգեցրել է կամ կարող էր հանգեցնել գործի սխալ լուծման։ (…)
Վերը նշված նորմերի վերլուծությունից բխում է, որ մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտման առերևույթ առկայության հիմքով վճռաբեկ բողոքն ընդունվում է քննության, եթե բողոքարկվող դատական ակտը կայացնելիս դատարանը թույլ է տվել նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը: Օրենսդիրը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 3-րդ մասի և նույն օրենսգրքի 365-րդ հոդվածի 1-ին մասի իմաստով՝ դատավարական իրավունքի նորմերի խախտման առումով այդպիսի խախտում, իսկ դրա արդյունքում՝ դատական ակտի բեկանման հիմք է համարում դատավարական իրավունքի նորմերի այնպիսի խախտումը կամ դրանց սխալ կիրառումը, որը հանգեցրել է կամ կարող էր հանգեցնել գործի սխալ լուծման։
Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանը, ինչպես արդեն իսկ վերը նշվեց, սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով՝ նշելով, որ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել Նախկին օրենսգրքի 53-րդ հոդվածի և 52-րդ հոդվածի 2-րդ մասի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը՝ նույն որոշման պատճառաբանություններով:
Դրանից ելնելով՝ անհրաժեշտ եմ համարում անդրադառնալ Վճռաբեկ դատարանի պատճառաբանություններին՝ պարզելու համար, թե արդյո՞ք դրանցում նշվածները կարող էին բավարար հիմք հանդիսանալ Վերաքննիչ դատարանին արդարադատության բուն էությունը խաթարող՝ Նախկին օրենսգրքի 53-րդ հոդվածի և 52-րդ հոդվածի 2-րդ մասի խախտում վերագրելու համար։
Այսպես՝
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 406-րդ հոդվածի 5-րդ մասի 8-րդ կետի համաձայն՝ բողոքի քննության արդյունքներով կայացված Վճռաբեկ դատարանի որոշման մեջ նշվում են դատական ակտը բեկանելիս այն շարժառիթները, որոնցով Վճռաբեկ դատարանը չի համաձայնվել այդ ակտը կայացրած դատարանի հետևությունների հետ։
Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանը Վերաքննիչ դատարանին արդարադատության բուն էությունը խաթարող՝ Նախկին օրենսգրքի 53-րդ հոդվածի և 52-րդ հոդվածի 2-րդ մասի խախտում է վերագրել, ըստ էության, այն շարժառիթներով, որ՝
1) «Վերաքննիչ դատարանը վերը նշված եզրահանգումների և դատողությունների հիմքում դնելով օրինական ուժի մեջ մտած դատավճիռը, անտեսել է այն հանգամանքը, որ առանց փոխառության գործարքը քաղաքացիական դատավարության կարգով շինծու ճանաչելու Սեդա Վարդանյանի և Տիգրան Մարտիրոսյանի միջև կնքված փոխառության գործարքով պարտավորության կողմի փոփոխություն չի կարող տեղի ունենալ, իսկ օրինական ուժի մեջ մտած դատավճռով վաշխառության փաստը հաստատված լինելու պայմաններում փոխառության պայմանագիրը անփողության հիմքով վիճարկելը կհակասի օրինական ուժի մեջ մտած դատավճռով հաստատված հանգամանքներին»,
2) «քաղաքացիական գործի քննության ընթացքում Սեդա Վարդանյանը մահացել է և դատավարական իրավահաջորդության արդյունքում վերջինիս փոխարինել է Լուսինե Հակոբյանը, այսինքն՝ ի սկզբանե հայցը հարուցվել է Սեդա Վարդանյանի դեմ, իսկ վերջինիս իրավահաջորդ Լուսինե Հակոբյանը գործում որպես կողմ է ներգրավվել դատավարական իրավահաջորդության կարգով, հետևաբար Տիգրան Մարտիրոսյանը ժառանգատուի իրավահաջորդին վեցամսյա ժամկետում պահանջ ներկայացնելու պարտականություն չուներ։ Երբևիցե պատասխանողի իրավահաջորդ Լուսինե Հակոբյանը դիրքորոշում չի ներկայացրել հայցվոր Տիգրան Մարտիրոսյանի կողմից պատասխանողի իրավահաջորդին Սեդա Վարդանյանի մահից հետո վեցամսյա ժամկետում պահանջ ներկայացնելու իրավական հարցի վերաբերյալ»,
3) «Վերաքննիչ դատարանը որոշման եզրափակիչ մասում նշելով Սեդա Վարդանյանի հակընդդեմ հայցի ամբողջությամբ բավարարման և գրավի պայմանագրի անվավեր ճանաչման մասին, անտեսել է այն հանգամանքը, որ այլ անձի կողմից փոխառության գումարի տնօրինման հանգամանքի քրեաիրավական գնահատականը ինքնին քաղաքացիաիրավական հետևանքներ չի առաջացնում պարտավորության կողմի փոփոխման առումով, եթե առկա չեն օրենքին համապատասխան կնքված պայմանագիր՝ պահանջի կամ պարտքի զիջման մասին կամ քաղաքացիական դատավարության կարգով շինծու ճանաչված գործարք՝ դրա կողմերի անհամապատասխանության առումով»:
Նախ ցանկանում եմ կարծիք հայտնել այն մասին, որ վերը նշված շարժառիթներից թիվ 2-ը և թիվ 3-ը չեն կարող հիմք հանդիսանալ Վերաքննիչ դատարանին արդարադատության բուն էությունը խաթարող՝ ՀՀ քաղաքացիական դատավարության 1998 թվականի հունիսի 17-ի օրենսգրքի 53-րդ հոդվածի (Ապացույցների գնահատումը) և 52-րդ հոդվածի (Ապացուցելուց ազատվելու հիմքերը) 2-րդ մասի (Նախկինում քննված` քաղաքացիական գործով օրինական ուժի մեջ մտած դատարանի վճռով հաստատված հանգամանքները նույն անձանց միջև դատարանում այլ գործ քննելիս կրկին չեն ապացուցվում) խախտում վերագրելու համար, քանի որ եթե անգամ այդ շարժառիթները հիմնավոր լինեն, ապա, հիմք ընդունելով դրանց բովանդակությունը, Վերաքննիչ դատարանին լավագույն դեպքում կարող էր վերագրվել նյութական իրավունքի նորմերի խախտում թույլ տալը:
Ավելին, թիվ 3-րդ շարժառիթի առումով ցանկանում եմ հայտնել, որ վճռաբեկ բողոքը նման հիմք չի պարունակում, և Վճռաբեկ դատարանը, Վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելով նաև այդ շարժառիթով, ըստ էության, դուրս է եկել վճռաբեկության սահմաններից՝ խախտելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 404-րդ հոդվածի 1-ին մասը:
Ինչ վերաբերում է թիվ 1 շարժառիթին, ապա կարծում եմ, որ այն ևս չէր կարող հիմք հանդիսանալ Վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու համար, քանի որ վճռաբեկ բողոքը Տիգրան Մարտիրոսյանի կողմից ներկայացված լինելու պայմաններում և նկատի ունենալով վերջինիս կողմից ներկայացված հայցի հիմքն ու առարկան՝ Վճռաբեկ դատարանը չէր կարող նման շարժառիթով բեկանել Վերաքննիչ դատարանի դատական ակտը, քանի որ հակընդդեմ հայցվորն է ներկայացրել առոչինչ գործարքի անվավերության հետևանք կիրառելու՝ Սեդա Վարդանյանի կողմից Տիգրան Մարտիրոսյանից փոխառությամբ 5.900.000 ՀՀ դրամ ստանալը շինծու գործարք ճանաչելու պահանջ, որպիսի պահանջի բավարարումը Տիգրան Մարտիրոսյանի համար անբարենպաստ է:
Բացի այդ, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 406-րդ հոդվածի 5-րդ մասի 6-րդ կետի համաձայն՝ բողոքի քննության արդյունքներով կայացված Վճռաբեկ դատարանի որոշման մեջ նշվում է վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու` նույն օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքերից առնվազն մեկի առկայության հիմնավորումը:
Մինչդեռ տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանը, սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով՝ նշելով, որ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել Նախկին օրենսգրքի 53-րդ հոդվածի և 52-րդ հոդվածի 2-րդ մասի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, որոշման մեջ չի նշել Վերաքննիչ դատարանի կողմից թույլ տրված վերը նշված դատավարական իրավունքի նորմերի ենթադրյալ խախտման արդյունքում արդարադատության բուն էությունը խաթարված լինելու վերաբերյալ հիմնավորումը:
Վերոգրյալից ելնելով՝ հայտնում եմ սույն հատուկ կարծիքը Վճռաբեկ դատարանի որոշման վերաբերյալ:
Դատավոր` Գ. Հակոբյան
Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 մարտի 2023 թվական: