Գլխավոր տեղեկություն
Համար
N 1773-Լ
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Incorporation (24.03.2023-23.06.2023)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է կայքում 18.11.2022
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
17.11.2022
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
18.11.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.11.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

17 նոյեմբերի 2022 թվականի N 1773-Լ

 

2022 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 13-ԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԿՈՂՄԻՑ ՍԱՆՁԱԶԵՐԾՎԱԾ ԼԱՅՆԱԾԱՎԱԼ ԱԳՐԵՍԻԱՅԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՎԻՐԱՎՈՐՈՒՄ (ՎՆԱՍՎԱԾՔ) ՍՏԱՑԱԾ ԿԱՄ ՀՈԳԵԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐ ՁԵՌՔ ԲԵՐԱԾ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ ԵՎ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 83-րդ հոդվածը և 146-րդ հոդվածի 4-րդ մասը, «Սոցիալական աջակցության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ և 21-րդ հոդվածի 1-ին մասի 3.1-ին և 4-րդ կետերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել 2022 թվականի սեպտեմբերի 13-ից Հայաստանի Հանրապետության տարածքի նկատմամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ ագրեսիայի հետևանքով վիրավորում (վնասվածք) ստացած կամ հոգեկան առողջության խնդիր ձեռք բերած զինծառայողների սոցիալական աջակցության միջոցառումը և տրամադրման կարգը՝ համաձայն NN 1 և 2 հավելվածների։

2. Սահմանել, որ Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման հիմնադրամի շահառու հանդիսանալու դեպքում սույն որոշման հիման վրա վճարված գումարները նվազեցվում են շահառուին Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման հիմնադրամից վճարման ենթակա միանվագ գումարից։

3. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին` սույն որոշումն ընդունվելուց հետո հնգօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն ներկայացնել 2022 թվականի սեպտեմբերի 13-ից Հայաստանի Հանրապետության տարածքի նկատմամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ ագրեսիայի հետևանքով վիրավորում (վնասվածք) ստացած կամ հոգեկան առողջության խնդիր ձեռք բերած` բժշկական հաստատություններում հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնություն և սպասարկում ստացող (ստացած) անձանց ցուցակները՝ ըստ անհրաժեշտության պարբերաբար թարմացնելով տվյալները։

4. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` սույն որոշումն ընդունվելուց հետո տասնօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն սույն որոշմամբ նախատեսված սոցիալական աջակցության տրամադրման ֆինանսավորման նպատակով Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեում վերաբաշխում կատարելու վերաբերյալ:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

18.11.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2022 թվականի

նոյեմբերի 17-ի N 1773-Լ որոշման

 

2022 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 13-ԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԿՈՂՄԻՑ ՍԱՆՁԱԶԵՐԾՎԱԾ ԼԱՅՆԱԾԱՎԱԼ ԱԳՐԵՍԻԱՅԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՎԻՐԱՎՈՐՈՒՄ (ՎՆԱՍՎԱԾՔ) ՍՏԱՑԱԾ ԿԱՄ ՀՈԳԵԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐ ՁԵՌՔ ԲԵՐԱԾ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ

 

1. Միջոցառման նպատակն է սոցիալական աջակցություն տրամադրել 2022 թվականի սեպտեմբերի 13-ից Հայաստանի Հանրապետության տարածքի նկատմամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ ագրեսիայի հետևանքով վիրավորում (վնասվածք) ստացած կամ հոգեկան առողջության խնդիր ձեռք բերած զինծառայողներին (այսուհետ՝ շահառու):

2. Սույն միջոցառման շրջանակում շահառու է համարվում 2022 թվականի սեպտեմբերի 13-ից Հայաստանի Հանրապետության տարածքի նկատմամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ ագրեսիայի հետևանքով վիրավորում (վնասվածք) ստացած կամ հոգեկան առողջության խնդիր ձեռք բերած բժշկական հաստատություններում հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնություն և սպասարկում ստացող (ստացած) անձը, ով չունի հաշմանդամության խումբ կամ ունի կամ կարող է ունենալ հաշմանդամության երրորդ խումբ:

3. Սոցիալական աջակցությունը տրամադրվում է միանվագ դրամական օգնության ձևով՝ յուրաքանչյուր շահառուին 500 000 դրամի չափով։

4. Սոցիալական աջակցության գումարը տրամադրվում է դրամական օգնության գումարը շահառուի քարտային հաշվին փոխանցելու միջոցով:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

18.11.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2022 թվականի

նոյեմբերի 17-ի N 1773-Լ որոշման


Կ Ա Ր Գ

 

2022 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 13-ԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԿՈՂՄԻՑ ՍԱՆՁԱԶԵՐԾՎԱԾ ԼԱՅՆԱԾԱՎԱԼ ԱԳՐԵՍԻԱՅԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՎԻՐԱՎՈՐՈՒՄ (ՎՆԱՍՎԱԾՔ) ՍՏԱՑԱԾ ԿԱՄ ՀՈԳԵԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐ ՁԵՌՔ ԲԵՐԱԾ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում են շահառուի սոցիալական աջակցության (այսուհետ՝ աջակցություն) տրամադրմանը (նշանակելուն և վճարելուն) առնչվող հարաբերությունները:

2. Աջակցությունը տրամադրում (վճարում) է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության (այսուհետ՝ նախարարություն) միասնական սոցիալական ծառայությունը (այսուհետ՝ ծառայություն)՝ շահառուի կողմից էլեկտրոնային եղանակով ներկայացվող դիմումի հիման վրա:

3. Դիմումը ներկայացնելու համար շահառուն, մինչև 2023 թվականի դեկտեմբերի 15-ը, օոliոe.ssa.am կայքէջից մուտք է գործում համապատասխան ծրագրային միջավայր և ծառայություն է ներկայացնում իր անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան ու համարը (անձնագիր կամ նույնականացման քարտ), իսկ անձնագիր կամ նույնականացման քարտ չունենալու դեպքում՝ ծննդյան վկայականի սերիան ու համարը, հետադարձ կապի էլեկտրոնային փոստի հասցեն, բջջային հեռախոսահամարը և իր բանկային հաշվին կցված վճարային քարտի համարը։

(3-րդ կետը փոփ. 23.03.23 N 370-Լ)

4. Ծառայությունը, առցանց ռեժիմում դիմումով ներկայացված տվյալներն ստանալուց հետո առավելագույնը 3 աշխատանքային օրվա ընթացքում համեմատում է (համադրում է) բնակչության պետական ռեգիստրի, քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններից ստացված՝ մահվան ակտերի գրանցման վերաբերյալ տվյալների, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և արդեն իսկ հաշմանդամություն ունեցող անձի կարգավիճակ ունեցող շահառուների վերաբերյալ ծառայությունում առկա և «ՆՈՐՔ» սոցիալական ծառայությունների տեխնոլոգիական և իրազեկման կենտրոն» հիմնադրամի (այսուհետ՝ հիմնադրամ) կողմից նախնական համադրված տվյալների հետ և առավելագույնը 7 աշխատանքային օրվա ընթացքում հաստատում կամ մերժում է դիմումը՝ համաձայն Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության տրամադրած ցուցակում շահառուի առողջական վիճակի (ախտորոշման) վերաբերյալ առկա տվյալների։

5. Եթե դիմումը չի մերժվում, ապա ծառայությունը հաստատում է դիմումը և հինգ աշխատանքային օրվա ընթացքում կազմակերպում դրամական օգնության վճարման գործընթացը:

6. Ծառայությունը մերժում է դիմումը, եթե՝

1) ներկայացված տվյալները թերի են (չեն ներկայացվել պահանջվող բոլոր տվյալները).

2) ներկայացված տվյալները հավաստի չեն (ներկայացված տվյալները չեն համապատասխանում բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալներին).

3) դիմումը ներկայացնելու պահին քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններից ստացված տվյալների համաձայն առկա է շահառուի մահվան պետական գրանցում.

4) շահառուի տվյալները ներառված չեն Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից տրամադրված ցուցակներում.

5) շահառուն ունի կամ կարող է ունենալ հաշմանդամության առաջին կամ երկրորդ խումբ՝ համաձայն Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության տրամադրած ցուցակում շահառուի առողջական վիճակի (ախտորոշման) վերաբերյալ առկա տվյալների հիման վրա ծառայության կողմից կատարված վերլուծության.

6) շահառուի անվամբ առկա է հաստատված դիմում։

7. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից նախարարությանը, համաձայն սույն որոշման 3-րդ կետի, տրամադրվող ցուցակում ներառվում է շահառուի անունը, ազգանունը, հայրանունը (առկայության դեպքում), ծննդյան օրը, ամիսը և տարեթիվը, հեռախոսահամարը (առկայության դեպքում) և տեղեկատվություն շահառուի առողջական վիճակի (ախտորոշման) մասին։

8. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը, սույն որոշումն ընդունվելուց հետո՝ սույն որոշման 7-րդ կետի համաձայն, առկայության դեպքում պարբերաբար՝ յուրաքանչյուր երրորդ աշխատանքային օրը նախարարությանն է տրամադրում թարմացված տվյալներ՝ նշելով թարմացման տեսակը՝ ավելացում կամ տվյալների ուղղում։

9. Ծառայությունը սույն որոշումն ընդունվելուց հետո պարբերաբար՝ յուրաքանչյուր երրորդ աշխատանքային օրը հիմնադրամին է տրամադրում հաշմանդամություն ունեցող շահառուների նոր ցուցակը՝ սույն կարգի 8-րդ կետով սահմանված տվյալների հետ համադրելու և երեք աշխատանքային օրվա ընթացքում ծառայությանը տրամադրելու համար:

10. Հիմնադրամը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և ծառայության կողմից փոխանցված ցուցակների մասով իրականացնում է համադրում, և նախնական համադրում անցած սույն միջոցառման շահառու հանդիսացող անձանց ցանկը (ավելացնելով յուրաքանչյուր անձի մասով անձը հաստատող փաստաթղթի կամ ծննդյան վկայականի սերիան ու համարը, հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի համարը և աջակցության կարգավիճակը՝ մերժում, հաստատում, հաշվառում) փոխանցում է ծառայությանն առավելագույնը 5 աշխատանքային օրվա ընթացքում։ Թարմացված տվյալներ ստանալու դեպքում փոխանցումն իրականացնում է ստանալուց հետո առավելագույնը 3 աշխատանքային օրվա ընթացքում։

11. Վճարման ցուցակում ներառվում են բանկի անվանումը, շահառուի անունը, ազգանունը, հայրանունը (առկայության դեպքում), անձը հաստատող փաստաթղթի կամ ծննդյան վկայականի սերիան ու համարը, հանրային ծառայությունների համարանիշը (կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի համարը), ծննդյան օրը, ամիսը և տարեթիվը, վճարման ենթակա գումարը, շահառուին պատկանող բանկային հաշվին կցված վճարային քարտի համարը, գումարը բանկին փոխանցելու օրը, ամիսը և տարին և շահառուի հեռախոսահամարը։

12. Ծառայությունը դիմումը մերժելու կամ հաստատելու մասին անմիջապես էլեկտրոնային հաղորդագրություն է ուղարկում դիմողի (շահառուի) հետադարձ կապի էլեկտրոնային փոստի հասցեին։ Էլեկտրոնային հաղորդագրությունը ներառում է սույն կարգի 3-րդ կետում նշված տվյալները, դիմումը ներկայացնելու ամսաթիվը, դիմումը մերժելու դեպքում՝ մերժելու պատճառը, իսկ դիմումը հաստատելու դեպքում՝ միանվագ դրամական օգնության չափը՝ 500 000 դրամ։

13. Աջակցությունը շահառուի բանկի կողմից վճարվում է միանվագ դրամական օգնության գումարը շահառուի քարտային հաշվին փոխանցելու միջոցով: Եթե շահառուն սխալ է նշում իր քարտային հաշվին կցված վճարային քարտի համարը, ապա շահառուի բանկը վճարումն իրականացնում է շահառուի՝ ընտրված բանկի մասնաճյուղ անձամբ ներկայանալու և վերջինիս նույնականացնելու դեպքում:

Սույն կետում նշված դեպքում, եթե միանվագ օգնության գումարը բանկին փոխանցելու ամսվան հաջորդող 3 ամսվա ընթացքում բանկին չի ներկայացվում գումարն ստանալու պահանջ, ապա գումարը բանկի կողմից վերադարձվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:

14. Գումարը փոխանցելու օրվան հաջորդող օրը ծառայությունը դրա մասին հետադարձ կապի բջջային հեռախոսահամարին էլեկտրոնային հաղորդագրություն ուղարկելու միջոցով տեղեկացնում է դիմողին։

15. Աջակցության գումարը չի կարող արգելադրվել (դրվել արգելանքի տակ), բռնագանձվել կամ հաշվանցվել հաճախորդի պարտավորությունների դիմաց:

16. Սույն կարգի հիման վրա նշանակված և շահառուի մահվան պատճառով չվճարված գումարը վճարվում է դիմողի ամուսնուն, որի բացակայության դեպքում՝ 14 տարին լրացած երեխային, որի բացակայության դեպքում՝ ծնողին, եթե դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը (դիմողի անձը հաստատող փաստաթուղթը, շահառուի մահվան վկայականը, ազգակցական կապը հաստատող փաստաթուղթ և այլն) ծառայություն են ներկայացվում մինչև 2023 թվականի դեկտեմբերի 20-ը։

(16-րդ կետը փոփ. 23.03.23 N 370-Լ)

(հավելվածը փոփ. 23.03.23 N 370-Լ)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

18.11.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
22.06.2023, N 993-Լ 23.06.2023, N 1773-Լ
23.03.2023, N 370-Լ 24.03.2023, N 1773-Լ
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան