ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում |
Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/26032/02/20 2022 թ. | ||||||
Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/26032/02/20 |
|||||||
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`
նախագահող |
Մ. Դրմեյան | |
զեկուցող |
Տ. Պետրոսյան | |
Ս. Անտոնյան | ||
Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ | ||
Գ. Հակոբյան | ||
Ա. ՄԿՐՏՉՅԱՆ | ||
Է. Սեդրակյան |
2022 թվականի հոկտեմբերի 07-ին
գրավոր ընթացակարգով քննելով Տիգրան Արզումանյանի ներկայացուցիչ Էմիլ Ամիրխանյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 14.01.2022 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Տիգրան Վարդգեսի Արզումանյանի (այսուհետ՝ նաև Հայցվոր) ընդդեմ Արմեն Վիլենի Տոնիկյանի, երրորդ անձինք՝ Լևոն Էդուարդի Քոչարյանի, Դավիթ Ավետիքի Ենգոյանի՝ առոչինչ պայմանագրի անվավերության հետևանք կիրառելու պահանջի մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան՝ Հայցվորը պահանջել է կիրառել Տիգրան Վարդգեսի Արզումանյանի և Արմեն Տոնիկյանի միջև 10.08.2015 թվականին կնքված առոչինչ բաժնեմասի առուվաճառքի պայմանագրի (այսուհետ՝ նաև Պայմանագիր) անվավերության հետևանքներ, այն է՝ ճանաչել որպես մի կողմից Տիգրան Արզումանյանի, և մյուս կողմից Լևոն Քոչարյանի, Թադևոս Հովհաննիսյանի և Դավիթ Ենգոյանի միջև «Քալրս Դիզայն» ՍՊԸ-ի 60 տոկոս բաժնեմասի անհատույց փոխանցման պայմանագիր:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Ռ. Բունիաթյան) (այսուհետ՝ Դատարան) 06.08.2021 թվականի վճռով հայցը բավարարվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 14.01.2022 թվականի որոշմամբ Լևոն Քոչարյանի, Դավիթ Ենգոյանի, Արմեն Տոնիկյանի վերաքննիչ բողոքները բավարարվել են՝ Դատարանի 06.08.2021 թվականի վճիռը բեկանվել և փոփոխվել է․ Տիգրան Վարդգեսի Արզումանյանի հայցը մերժվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Տիգրան Արզումանյանը (ներկայացուցիչը` Է․ Ամիրխանյան):
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Արմեն Տոնիկյանը (ներկայացուցիչը` Մ․ Աղաբաբյան):
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով։
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ, 8-րդ, 9-րդ և 66-րդ հոդվածների պահանջները, ինչպես նաև Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների մասին եվրոպական կոնվենցիայի (ՄԻԵԿ) 6-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված՝ արդար դատաքննության իրավունքի երաշխիքները, սխալ է մեկնաբանել և կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 306-րդ հոդվածի 2-րդ մասը։
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով:
Վերաքննիչ դատարանի որոշումը հիմնավորված և պատճառաբանված չէ: Վերաքննիչ դատարանը ոչ միայն անտեսել է գործում առկա մի շարք ապացույցներ, այլ նաև հենց իր իսկ կողմից կայացված դատական ակտի էական նշանակություն ունեցող փաստերում նշված են փաստեր, որոնց՝ պատճառաբանական մասում ընդհանրապես անդրադարձ չի կատարվել, և գնահատման առարկա չեն դարձվել։ Վերաքննիչ դատարանի եզրահանգումները հիմնված են բացառապես Պատասխանողի և երրորդ անձանց ցուցմունքների՝ կոնտեքստից հանված մի շարք պնդումների վրա: Արդյունքում խախտվել է Հայցվորի՝ Սահմանադրությամբ և Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների մասին Եվրոպական կոնվենցիայով (այսուհետ՝ Կոնվենցիա) երաշխավորված պատճառաբանված դատական ակտ ստանալու և իր գործը պատշաճ քննության առարկա դարձված լինելու իրավունքները:
Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել և կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 306-րդ հոդվածի 2-րդ մասը, որի արդյունքում խաթարել է շինծու գործարքների էությունը և բնութագրիչ հատկանիշները։ Վերաքննիչ դատարանի կողմից տրված մեկնաբանությունը հակասում է ՀՀ վճռաբեկ դատարանի որոշումներով նախկինում տրված մեկնաբանություններին։ Վերաքննիչ դատարանը հայցի մերժման հիմքում դրել է այն հանգամանքը, որ Երրորդ անձինք և Թադևոս Հովհաննիսյանը Ընկերության գրանցված մասնակիցներ չեն հանդիսացել և հետևաբար նաև որևէ կերպ՝ անհատույց կամ հատուցելի գործարքով չէին կարող փոխանցել գոյություն չունեցող և իրենց չպատկանող իրավունքները։
Գտնում ենք, որ Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունը ոչ միայն անհիմն է, այլ նաև հակասում է շինծու գործարքի էությանը։
Մասնավորապես, շինծու գործարքի բնութագրիչ հատկանիշներից է այն, որ գործարքի իրական կողմերը այլ են, ինչպես տեղի է ունեցել այս դեպքում։ Այն փաստը, որ սույն գործով Երրորդ անձինք և Թադևոս Հովհաննիսյանը, ինչպես նաև Հայցվորը հանդիսացել են Ընկերության 20-ական տոկոս բաժնեմասի փաստացի սեփականատերեր, հաստատվել է գործի բազմակողմանի և օբյեկտիվ քննության արդյունքում: Հատկանշական է նաև այն փաստը, որ վերջիններս փաստացի իրենց ցուցմունքներում հաստատել են, որ հանդիսացել են բաժնեմասի իրավատեր, սակայն փոխադարձ վստահության հիման վրա ամբողջը գրանցել են Պատասխանողի անվամբ:
Հետևաբար, անկախ նրանից թե Ընկերության բաժնեմասի նկատմամբ իրավունքները գրանցում ստացել են, թե ոչ, շինծու գործարքի հարց քննելիս դատարանը իրավասու է և պարտավոր է վեր հանել գործարքի իրական կողմերին և նրանց իրական կամքը։ Այսինքն, նշված իրավական ինստիտուտի ամբողջ էությունը կայանում է հենց նրանում, որ գործարքի կողմ հանդես եկող անձինք քողարկում են իրենց իրական կամաարտահայտությունը և/կամ այդ գործարքի իրական կողմերին։ Հետևաբար, դատարանի խնդիրն է վեր կանգնել ֆորմալ փաստերից և իրողություններից, և վեր հանել իրական իրավահարաբերության բնույթը և իրական կողմերին։
Գործարքը շինծու ճանաչելու նախապայմաններն են՝ սուբյեկտային կազմի և/կամ գործարքի կողմերի իրական կամարտահայտության քողարկմամբ կնքված գործարքները։ Ի դեպ, նշված 2 վավերապայմաններից միայն մեկի առկայությունն արդեն իսկ բավարար է գործարքը շինծու ճանաչելու համար։ Տվյալ դեպքում, 2-րդ՝ գործարքի կողմերի իրական կամարտահայտության քողարկված լինելը ընդունել է հենց գործարքի մյուս կողմը՝ Պատասխանողը։ Այսպես, Դատարանում 09․07․2021 թվականին կայացած դատական նիստի վերջում Պատասխանողը ի պատասխան դատարանի հարցին հայտնել է հետևյալի մասին՝ «3 անձանց դուրս գալուց հետո ես ներդրում եմ կատարել, «էն 90 մլն էլ որ տալիս էր Տիգրան Արզումանյանը, դրանով մենք պետքա որ էդ կազմակերպությունը նորից սկսեր աշխատել»: Այսինքն, սրանով ուղղակիորեն հիմնավորվում է հայցի հիմքն այն մասին, որ վիճարկվող գործարքով քողարկված է իրական կամահայտնությունը (ծագել են այլ իրավահարաբերություններ) և որ պայմանագրում նշված արժեքը ոչ թե առուվաճառքի գինն է, որը պետք է վճարվեր Պատասխանողին, այլև գումար, որը պետք է ներդրվեր Ընկերությունում, ինչն իր հերթին նշանակում է, որ կողմերի միջև ոչ թե ծագել են առուվաճառքի իրավահարաբերություններ, այլ բաժնեմասի անհատույց փոխանցման և ընկերությունում ներդրումներ կատարելու իրավահարաբերություններ։
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 14.01.2022 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 06.08.2021 թվականի վճռին:
2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները.
Վերաքննիչ քաղաքացիական դատարանը մանրամասն անդրադարձել է գործում առկա ապացույցներին՝ դրանք գնահատել և մեկնաբանել է իրավաչափ կերպով, եզրակացնելով, որ 10.08.2015թ. գործարքը շինծու լինելու փաստեր և ապացույցներ գործում առկա չեն, ուստի Վերաքննիչ քաղաքացիական դատարանը կայացրել է պատճառաբանված և օրինական դատական ակտ։
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.
1) Տիգրան Արզումանյանի և Արմեն Տոնիկյանի միջև 10.08.2015 թվականին ստորագրվել է «Բաժնեմասերի առուվաճառքի պայմանագիր» որի համաձայն՝ Արմեն Տոնիկյանը «Քալրս Դիզայն» ՍՊ ընկերությունում (այսուհետ նաև՝ Ընկերություն) սեփականության իրավունքով իրեն պատկանող 100 տոկոս բաժնեմասերից 80 տոկոս բաժնեմասը վաճառում է Տիգրան Արզումանյանին:
2) ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող թիվ 62226018 քրեական գործով ցուցմունք են տվել մի շարք անձինք, այդ թվում՝ Պատասխանող Արմեն Տոնիկյանը, ինչպես նաև Վարազդատ Ասատրյանը, Տիգրան Արզումանյանը, Լևոն Քոչարյանը, Թադևոս Հովհաննիսյանը և Դավիթ Ենգորյանը:
3) Պատասխանող Արմեն Տոնիկյանի կողմից 08․08․2018 թվականին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում տրված ցուցմունքով վերջինս հայտնել է, որ ««Քալրս Դիզայն» ՍՊԸ-ի 100% բաժնեմասը հաշվառված է եղել իմ անունով, սակայն իրականում ինձ հետ համատեղ, 2006 թվականից շուրջ քսանական տոկոսի փաստացի բաժնետեր են հանդիսացել նաև Վարազդատ Ասատրյանը, և ևս 3 հոգի՝ Լևոն Քոչարյանը, Թադևոս Հովհաննիսյանը և Դավիթ Ենգորյանը»։ «2014 թվականից մինչև 2015 թվականը մյուս բաժնետերերը բիզնեսից հեռացել են տարբեր պատճառաբանություններով, մնացել է միայն Վարազդատ Ասատրյանը։ Քանի որ բաժնեմասի 100% իմ անվամբ էր հաշվառված, Վարազդատ Ասատրյանի պահանջով բիզնեսից հեռացած մասնակիցների ընդհանուր 60 տոկոս բաժնեմասը վաճառվել է Վարազդատ Ասատրյանին, ով փաստորեն դարձել է 80 տոկոս բաժնեմասի սեփականատեր, չնայած, որ այն հաշվառվել է նրա աներոջ՝ Տիգրան Արզումանյանի անվամբ։ Ի դեպ նշեմ, որ մյուս մասնակիցների կողմից իրենց բաժնեմասերը Վարազդատ Ասատրյանին վաճառելը տարբեր պատճառներով է եղել։»
Նույն ցուցմունքը տրվել է նաև 24․08․2018 թվականին։
Արմեն Տոնիկյանի 11․08․2018 թվականի ցուցմունքի համաձայն վերջինս հայտնել է, որ «Իմ կողմից ներկայացված հիշյալ փաստաթղթերում առկա է «Քալրս դիզայն» ՍՊԸ-ի 10․08․2015 թվականի 80% բաժնեմասի առուվաճառքի պայմանագիրը, որով ես համապատասխան բաժնեմասը վաճառել եմ Վարազդատ Ասատրյանի աներոջը՝ Տիգրան Արզումանյանին, ում նախկինում չեմ ճանաչել նրա հետ որևէ առնչություն չեմ ունեցել։ Հիշյալ բաժնեմասը փաստացի վաճառվել է Վարազդատ Ասատրյանին, սակայն փաստաթղթային ձևակերպում կատարվել է նրա աներոջ անվամբ»:
4) Դավիթ Ենգոյանի 13․10․2018 թվականի ցուցմունքի համաձայն վերջինս հայտնել է, որ ««Քալրս Դիզայն» ընկերության հիմնադիր և տնօրեն հանդիսանում էր Արմեն Տոնիկյանը, թեև մենք բոլորս մասնաբաժին ունեինք նշված ընկերությունում։ Մինչև 2015 թվականը աշխատել ենք նշված գործընկերներով, ես 2015 թվականին դուրս եմ եկել բիզնեսից, ես ոչինչ ինձ հետ չեմ վերցրել, քանի որ ընկերության տնտեսական վիճակը ծանր էր։ Իմ իմանալով իմ դուրս գալուց հետո բաժնեմասի փոփոխություն է եղել, թե կոնկրետ ինչ փայաբաժիններով կամ ում անուններով ես տեղեկություն չունեմ»։
5) Լևոն Քոչարյանի կողմից 10․10․2018 թվականին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում տրված ցուցմունքի համաձայն «Քալրս Դիզայն» ընկերությունը 100 տոկոս բաժնեմասով պետական ռեգիստրում հաշվառված էր Արմեն Տոնիկյանի անվամբ, սակայն նշված անձինք, այդ թվում նաև Վարազդատ Ասատրյանը փաստացի տիրապետում էինք որոշակի չափով բաժնեմասի։ Քանի որ մենք ընկերներ էինք Արմեն Տոնիկյանի հետ և վստահում էինք նրան, դրա համար պետական ռեգիստրում մեր անվամբ ձևակերպումներ չենք կատարել։ Մեզ պետք էր որ ՍՊԸ-ն շարունակեր իր գործունեությունը ու կատարեր վարկային պարտավորությունները, որպեսզի հետագայում բանկի հետ կապված խնդիրներ չունենայինք։ Այդ պատճառով էլ մենք հրաժարվել ենք հետ ստանալ մեր բաժնեմասի գումարները։ Վարազդատը և Արմենը իրենց պայմանավորվածության համաձայն՝ 80 և 20 տոկոս հարաբերությամբ նորից գումար ներդրեցին բիզնեսի մեջ, որպեսզի կարողանան ապրանք ներմուծեն։ Ես գիտեմ, որ Արմեն Տոնիկյանը և Վարազդատը ներդրում են կատարել միասին գործը շարունակելու համար, բայց տեղեկություններ չունեմ, թե ներդրումները կատարվել են «Քալրս դիզայնով» թե Վարազդատի կողմից բացված «Արևաս» ՍՊԸ-ով»։
6. Թադևոս Հովհաննիսյանի 15․10․2018 թվականի ցուցմունքի համաձայն վերջինս հայտնել է, որ «Հետո իմացա, որ Արմեն Տոնիկյանը իր բիզնեսի չգիտեմ որքան մասը ինչ պայմաններով տվել է իմ ընկեր Վարազդատ Ասատրյանի աներոջ՝ Տիգրան Արզումանյանին։ Իմ իմանալով Տիգրան Արզումանյանը պետք է լուրջ ներդրում կատարեր Ընկերությունում։ Երբ ես Արմեն Տոնիկյանից նորից պահանջեցի իմ գումարները ու որպեսզի բանկի գրավից հանի բնակարանս, նա պատասխանեց, որ արդեն Տիգրանի կողմից ներդրումը կատարվել է, ունի կես միլիոն դոլարից ավել ապրանքային մնացորդ ու ոչ մի վտանգ ինձ չի սպառնում գումարներս ու գույքերս կորցնելու հետ կապված»:
7. Երևանի քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում (այսուհետ՝ Դատարան) 09․07․2021 թվականին դատական նիստի վերջում Պատասխանողը ի պատասխան դատարանի այն հարցին, թե վերջը այդ անձինք եղել են փայատեր թե ոչ, դրական պատասխան է տվել և հայտնել է հետևյալի մասին՝ «3 անձանց դուրս գալուց հետո ես ներդրում եմ կատարել, «էն 90 մլն էլ որ տալիս էր Տիգրան Արզումանյանը, դրանով մենք պետքա որ էդ կազմակերպությունը նորից սկսեր աշխատել»:
Նույն փաստը ընդունել է նաև Լևոն Քոչարյանը։ Մասնավորապես, 09․07․2021 թվականին դատարանում տրված իր ցուցմունքում Հայցվորի ներկայացուցչի հարցին, թե արդյոք նա որևէ ակնկալիք չի ունեցել վիճարկվող գործարքից, չէ որ նա էլ հանդիսանում էր ընկերության մասնակից, Լևոն Քոչարյանը պատասխանել է «իմ ակնկալիքը այդ 90 մլնից եղել է այն, որ ինքը պետք է փակի բանկի պարտքը», Հայցվորի ներկայացուցչի ճշգրտող հարցին՝ այսինքն վիճարկվող պայմանագրում նշված գումարը պետք է ներդրվեր ընկերության պարտավորություններով բանկի վարկի մարմանը, պատասխանել է, «իհարկե»:
8․ Լևոն Քոչարյանը, 29․07․2021 թվականին դատարանում տրված իր ցուցմունքում նշել է, որ «Ես մասնակցություն եմ ունեցել կազմակերպության մեջ, գումարային ներդրում եմ կատարել, իմ գումարով եմ մասնակցել, գումար եմ ներդրել, որը օգտագործվել է ֆիրմայի աշխատանքի համար։ Հիմնադրել ասելով նկատի եմ ունեցել, որ ներդրում եմ արել ակնկալել եմ որ ինչ-որ եկամուտ պետք է ստանամ»։ Պատասխանողի ներկայացուցչի հարցին, թե արդյոք իր իրավունքը գրանցվել է Ընկերության բաժնեմասի նկատմամբ, պատասխանել է․ «Իմ իրավունքը չի գրանցվել որովհետև ես Արմեն Տոնիկյանի հետ շատ մոտ բարեկամական կապի մեջ եմ, նրա ընտանիքի քավորն եմ, վստահել եմ իրեն»։
9․ Լևոն Քոչարյանը, 29․07․2021 թվականին դատարանում տրված իր ցուցմունքում նշել է, որ «Քանի որ ես ունեցել եմ, ես էդ ամեն ինչը թողել եմ, էդ ամեն ինչը ինչ որ ես մասնակցություն եմ ունեցել, որովհետև հիմնարկը շատ վատ վիճակում էր» Դատարանի հարցին թե վիճակը ինչ ձևի էր, պատասխանում է «ինքը ծանր ֆինանսական, նորմալ առևտուր չկար, նորից պետք էր գումար ներդնել, բանկում կար գույքի տեսքով գրավներ, 2 գույք ես ունեի դրած, հիմնարկի աբառոտները ու շահութաբերությունը թույլ չէր տալիս, որ կարենայիր մինիմալ ակնկալիք ունենայիր։»
10․ Դավիթ Ենգոյանը 09․07․2021 թվականին դատարանում տրված իր ցուցմունքում, ի պատասխան այն հարցին թե ինչ է նկատի ունեցել քրեական գործով ցուցմունքում նշելով, որ մասնաբաժին է ունեցել ընկերությունում, պատասխանել է «ներդրում եմ ունեցել այդ կազմակերպության մեջ», հարցին թե ցուցմունքում հայտնել եք, որ ընկերության ժողովներին մասնակցել եք, ինչ եք նկատի ունեցել, պատասխանել է «մեր անելիքների մասին քննարկումներ ենք անցկացրել, հավաքվել ենք, որոշել ենք անելիքները»։ Դատարանի ճշտող հարցին, որ հավաքվել որոշել են տնտեսական գործունեությունը, բիզնես ծրագրերը, դրական պատասխան է տվել։
11․ Դավիթ Ենգոյանը 09․07․2021 թվականին դատարանում տրված իր ցուցմունքում ասել է, որ ընկերությունը ծանր կացության մեջ է եղել։
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հիմքերի առկայությամբ, այն է`
1) բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, քանի որ բողոքարկվող դատական ակտում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 306-րդ հոդվածի 2-րդ մասի մեկնաբանությունը հակասում է ՀՀ վճռաբեկ դատարանի 27․11․2015 թվականի թիվ ԵԱՔԴ/0406/02/12 և 09․10․2020 թվականի թիվ ԵՄԴ/0250/02/16 քաղաքացիական գործերով կայացված որոշումների մեջ նույն նորմին տրված մեկնաբանությանը։
2) Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ, 8-րդ, 9-րդ և 66-րդ հոդվածների խախտման հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:
Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ շինծու գործարքի իրավական բնույթին՝ վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 289-րդ հոդվածի համաձայն՝ գործարքները քաղաքացիների և իրավաբանական անձանց այն գործողություններն են, որոնք ուղղված են քաղաքացիական իրավունքներ և պարտականություններ սահմանելուն, փոփոխելուն կամ դրանց դադարելուն:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 303-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ գործարքն անվավեր է նույն օրենսգրքով սահմանված հիմքերով դատարանի կողմից այն այդպիսին ճանաչելու ուժով (վիճահարույց գործարք) կամ անկախ նման ճանաչումից (առոչինչ գործարք):
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 304-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ անվավեր գործարքը չի հանգեցնում իրավաբանական հետևանքների, բացառությամբ այն հետևանքների, որոնք կապված են գործարքի անվավերության հետ: Նման գործարքն անվավեր է կնքելու պահից: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ գործարքի անվավերության դեպքում կողմերից յուրաքանչյուրը պարտավոր է մյուս կողմին վերադարձնել գործարքով ամբողջ ստացածը, իսկ ստացածը բնեղենով վերադարձնելու անհնարինության դեպքում (ներառյալ, երբ ստացածն արտահայտվում է գույքից օգտվելու, կատարված աշխատանքի կամ մատուցված ծառայության մեջ)՝ հատուցել դրա արժեքը դրամով, եթե գործարքի անվավերության այլ հետևանքներ նախատեսված չեն օրենքով:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 306-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ շինծու գործարքը, այսինքն՝ մեկ այլ գործարքի քողարկման նպատակով կնքված գործարքն առոչինչ է: Այդ գործարքի նկատմամբ, հաշվի առնելով դրա էությունը, կիրառվում են այն գործարքին վերաբերող կանոնները, որը կողմերն իրականում նկատի են ունեցել շինծու գործարքը կնքելիս:
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներից մեկում արձանագրել է, որ յուրաքանչյուր գործարք (պայմանագիր) նախևառաջ կամային ակտ է, որն ուղղված է որոշակի իրավական հետևանքներ առաջացնելուն: Գործարքի կնքման համար առաջնային նշանակություն ունեն «կամք» և «կամահայտնություն» հասկացությունները: Հետևաբար ՀՀ վճռաբեկ դատարանը հարկ է համարել բացահայտել նշված հասկացությունների բովանդակությունը: «Կամքը» անձի ներքին ցանկությունն է, պահանջը, ձգտումը, մտադրությունը, դիտավորությունը, համաձայնությունը: «Կամահայտնությունը» կամքի արտահայտման արտաքին ձևն է, միջոցը, եղանակը: Այլ կերպ ասած՝ գործարքն այն կնքած անձանց ներքին կամքի և արտաքին կամահայտնության համակցությունն է: Ընդ որում, կնքված գործարքում կամքի և կամահայտնության անհամապատասխանությունն օրենքով նախատեսված դեպքերում կարող է հանգեցնել այդ գործարքի անվավերությանը: Այդպիսի անհամապատասխանությունը կարող է պայմանավորված լինել ինչպես գործարքը կնքած անձանց անձնական հատկանիշներով, այնպես էլ արտաքին ներգործության ազդեցությամբ (տե՛ս Նելլի Հակոբյանը և մյուսներն ընդդեմ «Համխաչ» ՍՊԸ-ի թիվ ԵԿԴ/1013/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.07.2015 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանը շինծու գործարքի վերաբերյալ նախկինում կայացրած որոշումներից մեկով արձանագրել է, որ երկկողմ գործարքը կնքողներից միայն մեկ կողմի մոտ խաթարված կամքի առկայության դեպքում այդ գործարքը չի կարող գնահատվել շինծու, քանի որ նման փաստերի առկայությունը հնարավոր հիմք է տալիս հանգելու հետևության, որ հարցը վերաբերում է խաբեությամբ կնքված գործարքին (վիճահարույց գործարք), որի համար օրենսդիրը (ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 313-րդ հոդված) սահմանել է անվավեր ճանաչելու այլ հիմքեր և դրանից բխող հետևանքներ (տե՛ս Հասմիկ Բլուրցյանն ընդդեմ Վահե Այվազյանի և մյուսների թիվ 3-793 (ՎԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 18.05.2007 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ անդրադարձել է շինծու գործարքի անվավերության հետևանքների կիրառման պահանջների քննության առանձնահատկություններին: Մասնավորապես՝ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ գրավոր գործարքների նկատմամբ շինծու լինելու հիմքով առոչինչ գործարքի անվավերության հետևանքների կիրառման համար անհրաժեշտ է ապացուցել, որ՝
1. գործարքն իրականում կնքվել է ոչ այն ստորագրած անձանց միջև, կամ
2. այն ստորագրած անձանց կամքը չի համապատասխանում պայմանագրում շարադրվածին:
Այսինքն՝ շինծու գործարքն առկա է այն դեպքում, երբ կողմերի միջև իրականում ծագում են իրավահարաբերություններ, սակայն դրանք իրենց բնույթով այլ են, քան այն իրավահարաբերությունները, որոնք կողմերը ցանկանում են ներկայացնել երրորդ անձանց (տե՛ս «Սինկրիստալ» ՍՊԸ-ն ընդդեմ Գագիկ Բղդոյանի և մյուսների թիվ 3-623(ՎԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 28.11.2008 թվականի որոշումը):
Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը, զարգացնելով վերը նշված դիրքորոշումը, նշել է, որ գրավոր գործարքների նկատմամբ շինծու լինելու հայցապահանջով ապացուցման առարկան կազմում են հետևյալ փաստերը.
- օրենքով սահմանված ձևին համապատասխանող գործարքի առկայությունը.
- այդ գործարքը վիճարկելու իրավունք ունենալը (շահագրգիռ անձ հանդիսանալը).
- գործարքը կնքելիս կողմերի իրական կամարտահայտությունը.
- վիճարկվող գործարքում նշված քաղաքացիական իրավահարաբերություններից տարբերվող՝ իրականում այլ քաղաքացիական իրավահարաբերությունների առկայությունը.
- կողմերի միջև իրականում առկա քաղաքացիական իրավահարաբերությունները վիճարկվող գործարքով քողարկելու նպատակի առկայությունը:
Ընդ որում, նշված հանգամանքները պետք է ապացուցի այդ փաստերը վկայակոչող կողմը (տե՛ս Նունյա Առաքելյանն ընդդեմ Քնարիկ Մարտիրոսյանի և մյուսների թիվ ԵԱՔԴ/1299/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 08.05.2014 թվականի որոշումը):
Վերահաստատելով և զարգացնելով վերոնշյալ իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանը նաև փաստել է, որ շինծու գործարքի տեսակ է հանդիսանում նաև այն գործարքը, որով քողարկվում է իրականում ոչ այն ստորագրած անձանց միջև կնքված գործարքը, այսինքն` քողարկվում է գործարքի իրական կողմը: Նման պայմաններում քողարկող և քողարկված գործարքների սուբյեկտային կազմը չի համընկնում: Հետևաբար շինծու գործարք կարող է կնքվել ոչ միայն իր բնույթով այլ գործարք քողարկելու, այլ նաև գործարքի իրական կողմին քողարկելու նպատակով: Այսինքն՝ շինծու գործարքն առկա է այն դեպքում, երբ իրավահարաբերությունները իրականում ծագում են ոչ այն ստորագրած անձանց միջև: Այսպիսով՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 306-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված մեկ այլ գործարք հասկացությունը ներառում է ոչ միայն այլ պայմաններով գործարքը, այլ նաև այլ սուբյեկտային կազմով գործարքը (տե՛ս Վճռաբեկ դատարանի թիվ ԵՄԴ/0250/02/16 քաղաքացիական գործով 09․10․2020 թվականի որոշումը)։
Վերոնշյալ որոշումներով տրված մեկնաբանություններից հետևում է, որ ՀՀ վճռաբեկ դատարանը հստակ կանխորոշել է գործարքը շինծու ճանաչելու համար անհրաժեշտ նախապայմանները։ Մասնավորապես, դրանք են՝ գործարքի կողմերի իրական կամարտահայտության և/կամ սուբյեկտային կազմի քողարկմամբ կնքված լինելը։ Ի դեպ, նշված 2 վավերապայմաններից միայն մեկի առկայությունը բավարար է գործարքը շինծու ճանաչելու համար։
Սույն գործով Դատարանը, կիրառելով վերոնշյալ իրավունքի նորմերը և հիմք ընդունելով դրանց վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանի իրավական մեկնաբանությունները եկել է այն եզրահանգման, որ տվյալ դեպքում առուվաճառքի պայմանագիրը շինծու գործարք է, քանի որ իրականում իրավահարաբերության կողմերը և նրանց իրական կամքը այլ է եղել։ Նշված հանգամանքները Դատարանը հաստատված է համարել հիմք ընդունելով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում և Դատարանում Պատասխանողի և երրորդ անձանց կողմից տրված ցուցմունքները։ Մասնավորապես, Դատարանը եկել է այն եզրահանգման, որ ««Քալրս Դիզայն» ՍՊԸ-ի 100 տոկոս բաժնեմասը հաշվառված է եղել միայն Արմեն Տոնիկյանի անունով, սակայն իրականում վերջինիս հետ համատեղ, ինչպես նշել է պատասխանողը շուրջ 20-ական տոկոսի փաստացի բաժնետեր են հանդիսացել նաև Վարազդատ Ասատրյանը, Լևոն Քոչարյանը, Թադևոս Հովհաննիսյանը, Դավիթ Ենգոյանը: Վարազդատ Ասատրյանի, Լևոն Քոչարյանի, Թադևոս Հովհաննիսյանի, Դավիթ Ենգոյանի բաժնեմասերը ներքին պայմանավորվածության և վստահության հիման վրա գրանցված է եղել միայն Արմեն Տոնիկյանի անվամբ, սակայն վերջիններս ներգրավված են եղել ընկերության աշխատանքների մեջ, մասնակցել են ժողովներին և իրենց միջև բաժանված է եղել ընկերության աշխատանքները: Վերջիններս իրենց բաժիններին համաչափ կատարել են ներդրումները և բաժնեմասերին համաչափ ստացել են շահույթները: Նշված գործընթացը շարունակվել է այնքան ժամանակ մինչև «Քալրս Դիզայն» ՍՊԸ-ի շրջանառությունը նվազել էր, և ընկերությունը հայտնվել է ֆինանսական այնպիսի ծանր վիճակում, որ անհրաժեշտություն է եղել ընկերության մեջ կատարել ներդրումներ: Նկատի ունենալով, որ «Քալրս Դիզայն» ՍՊԸ-ի տվյալ վիճակից դուրս բերելու համար անհրաժեշտ է եղել կատարել ներդրումներ, իսկ Լևոն Քոչարյանը, Թադևոս Հովհաննիսյանը, Դավիթ Ենգոյանն իրենց բաժիններին համաչափ միջոցներ չեն ունեցել և ցանկություն չեն հայտնել ներդրումներ կատարելու համար՝ ընկերությունը ծանր վիճակից դուրս բերելու համար, ուստի 2015թ. առանց իրենց բաժիններին համաչափ գումար վերցնելու դուրս են եկել ընկերությունից: Ընկերությունում մնացել են Արմեն Տոնիկյանը և Վարազդատ Ասատրյանը:
Ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման տրամաբանական հետևության արդյունքում հետևում է, որ շահաբաժինները ճիշտ ձևակերպելու նպատակով կնքվել է բաժնեմասի ձևական առուվաճառքի պայմանագիր, ըստ որի՝ ընկերության բաժնեմասի 80 տոկոսը փոխանցվում է Տիգրան Արզումանյանին, իսկ 20 տոկոսը՝ մնալու է Արմեն Տոնիկյանին:
Բացի այդ, ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման տրամաբանական հետևության արդյունքում Դատարանը գալիս է այն եզրահանգման, որ բաժնեմասի առուվաճառքի կնքման պահին ընկերությունը եղել է ծանր ֆինանսական վիճակի մեջ, որի պատճառով փաստացի բաժնետեր հանդիսացող անձինք՝ Լևոն Քոչարյանը, Թադևոս Հովհաննիսյանը, Դավիթ Ենգոյանը, առանց ֆինանսական միջոցներ ակնկալելու ընկերությունը թողել և հեռացել են, որպիսի պայմաններում ընկերության 80 տոկոս բաժնեմասը չէր կարող վաճառվել 90.000.000 ՀՀ դրամ արժեքով:
Սույն քաղաքացիական գործում առկա ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման և վերլուծության արդյունքում շարադրված վերոնշյալ պատճառաբանությունից հետևում է, որ գործարքն իրականում չի կնքվել Արմեն Տոնիկյանի և Տիգրան Արզումանյանի միջև, ինչպես նաև պայմանագիրը ստորագրած անձանց կամքը չի համապատասխանել պայմանագրում շարադրվածին»:
Վերաքննիչ դատարանը, Դատարանի վճռի բեկանման և հայցի մերժման հիմքում դրել է այն հանգամանքը, որ երրորդ անձինք և Թադևոս Հովհաննիսյանը Ընկերության գրանցված մասնակիցներ չեն հանդիսացել և հետևաբար նաև որևէ կերպ՝ անհատույց կամ հատուցելի գործարքով չէին կարող փոխանցել գոյություն չունեցող և իրենց չպատկանող իրավունքները։ Միաժամանակ, Վերաքննիչ դատարանը հատվածական մեջբերումներ կատարելով երրորդ անձանց ցուցմունքներից, եկել է այն եզրահանգման, որ դրանցով չի հիմնավորվում առոչինչ գործարքի անվավերության հետևանքներ կիրառելու հիմքերի առկայությունը՝ երրորդ անձանց կապը պայմանագրի, Հայցվորի և Ընկերության հետ։
Վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո համադրելով սույն գործի փաստերը և գնահատելով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությունը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 306-րդ հոդվածի 2-րդ մասին տրված մեկնաբանությունը հակասում է ՀՀ վճռաբեկ դատարանի վերոնշյալ որոշումների մեջ նույն նորմին տրված մեկնաբանությանը, ինչպես նաև Վերաքննիչ դատարանի կողմից արված եզրահանգումները հիմնված չեն գործում առկա ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա։
Այսպես, ինչպես արդեն իսկ նշվեց վերևում, ՀՀ վճռաբեկ դատարանը հստակ կանխորոշել է գործարքը շինծու ճանաչելու համար անհրաժեշտ նախապայմանները։ Այսպիսիք են՝ գործարքի կողմերի իրական կամարտահայտության և/կամ սուբյեկտային կազմի քողարկմամբ կնքված լինելը։ Այսինքն, գործարքը շինծու է, եթե գործարքի կողմ հանդես եկող անձինք քողարկում են իրենց իրական կամարտահայտությունը և/կամ այդ գործարքի իրական կողմերին։ Նշվածից հետևում է, որ նման գործերի քննության ընթացքում պետք է վեր հանվեն գործարքի իրական կողմերը և նրանց իրական կամքը։ Հետևաբար, տվյալ դեպքում Ընկերության բաժնեմասի նկատմամբ երրորդ անձանց իրավունքների գրանցում ստացած չլինելու հանգամանքը չի կարող խոչընդոտ հանդիսանալ գործարքի իրական կողմերին վեր հանելու հարցում։ Այսինքն, տվյալ դեպքում կարևոր է ոչ թե այն հարցադրումը, թե արդյոք երրորդ անձինք հանդիսացել են Ընկերության գրանցված մասնակիցներ, թե ոչ և հետևաբար ֆորմալ տեսանկյունից կարող էին բաժնեմասի օտարման գործարք կնքել, այլ այն թե արդյոք վերջիններս եղել են այդ բաժնեմասերի իրական իրավատերը և հանդիսացել են իրական գործարքի կողմը։ Նշվածը բացատրվում է այն հանգամանքով, որ շինծու գործարքի անվավերության հետևանքների կիրառման իրավական ինստիտուտը կոչված է բացահայտելու գործարքի քողարկված տարրերը, վերականգնելու բնականոն քաղաքացիական շրջանառությունը, հաղթահարելով բոլոր ձևական խոչընդոտները։ Նշվածով է բացատրվում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 306-րդ հոդվածի 2-րդ կետի կարգավորումն այն մասին, որ շինծու գործարքի նկատմամբ, հաշվի առնելով դրա էությունը, կիրառվում են այն գործարքին վերաբերող կանոնները, որը կողմերն իրականում նկատի են ունեցել շինծու գործարքը կնքելիս։
Անդրադառնալով վիճարկվող գործարքի իրական կողմերի և վերջիններիս իրական կամքի վերհանմանը, Վճռաբեկ դատարանն անհիմն է համարում Վերաքննիչ դատարանի եզրահանգումն այն մասին, որ գործում առկա ցուցմունքներով չի հիմնավորվում առոչինչ գործարքի անվավերության հետևանքներ կիրառելու հիմքերի առկայությունը, հետևյալ պատճառաբանությամբ․
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի համաձայն՝
1. Դատական ակտը պետք է լինի օրինական:
2. Դատական ակտը պետք է լինի հիմնավորված և պատճառաբանված, եթե այլ բան նախատեսված չէ սույն օրենսգրքով:
Նույն օրենսգրքի 8-րդ հոդվածի համաձայն՝ Դատական ակտը հիմնավորված է, եթե դրանում արտացոլված են այն կայացնելու համար անհրաժեշտ և բավարար փաստական և իրավական հիմքերը։
Նույն օրենսգրքի 9-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Դատական ակտը պատճառաբանված է, եթե դրանում արտացոլված են ապացույցների գնահատման, փաստերի հաստատման և իրավունքի կիրառման գործընթացի կապակցությամբ դատարանի դատողությունների ընթացքը և դրանից բխող եզրահանգումները:
Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ Դատական ակտը չի կարող պատճառաբանվել վերացական դատողություններով: Դատարանը չի կարող փաստել, որ գործին մասնակցող որևէ անձ չի կատարել որևէ փաստական հանգամանք ապացուցելու պարտականությունը՝ առանց ցույց տալու, թե տվյալ փաստական հանգամանքն ինչ պատճառով չի կարող ապացուցված համարվել գործում առկա ապացույցներով:
ՀՀ վճռաբեկ դատարանն իր որոշումներում բազմիցս անդրադարձել է դատական ակտերի իրավական հիմնավորվածության հարցին։ Մասնավորապես` ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ յուրաքանչյուր դեպքում դատարանը պարտավոր է տալ որոշման իրավական հիմնավորումը։ Որոշման իրավական հիմնավորումը կայանում է հաստատված փաստերի և իրավահարաբերությունների նկատմամբ իրավունքի համապատասխան նորմի կամ նորմերի ընտրության և կիրառման մեջ, այն նորմի (նորմերի), որի հիման վրա դատարանը եզրակացություն է անում վիճելի իրավահարաբերության առկայության կամ բացակայության մասին։ Որոշման մեջ ոչ միայն պետք է ցույց տալ նորմատիվ ակտի այս կամ այն հոդվածը, որում ամրագրված է կիրառման ենթակա նորմը, այլև պետք է պատճառաբանվի, թե հատկապես ինչու պետք է կիրառվի հենց այդ նորմը։ Որոշման իրավական հիմնավորումը բնութագրում է ինչպես դատարանի, այնպես էլ նրա որոշման իրավակիրառ գործառույթը, ընդգծում դատական գործունեության և դատական որոշման օրինականությունը։ Միաժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ դատարանը ոչ միայն պետք է նշի այն ապացույցները, որոնց վրա հիմնվել է վիճելի փաստերը հաստատելիս և արդյունքում որոշում կայացնելիս, այլև պետք է պատճառաբանի, թե ինչու է կողմի ներկայացրած այս կամ այն ապացույցը մերժվում։ Միայն նման հիմնավորումը կարող է վկայել գործի բազմակողմանի հետազոտության մասին (տե՛ս, Ռազմիկ Մարությանն ընդդեմ Ստեփան և Անահիտ Մարությանների, ՀՀ Կենտրոն նոտարական գրասենյակի թիվ 3-54(ՎԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.03.2008 թվականի որոշումը)։
ՄԻԵԿ 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Յուրաքանչյուր ոք ունի իրավունք, որպեսզի իր գործն արդարացիորեն, հրապարակայնորեն և խելամիտ ժամկետներում քննվի օրենքով` հիմնված անկախ և անաչառ դատարանի կողմից, որը որոշում կկայացնի կամ իր քաղաքացիական բնույթի իրավունքների և պարտականությունների վերաբերյալ վեճերի, կամ իր դեմ ուղղված քրեական մեղադրանքի հիմնավորվածության վերաբերյալ...»
Մարդու իրավունքների Եվրոպական Դատարանը իր նախադեպային իրավունքում անդրադառնալով դատական ակտերի պատճառաբանվածության հարցին, արձանագրել է, որ «Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված երաշխիքները ներառում են դատարանների պարտականությունը՝ բավարար կերպով պատճառաբանելու իրենց որոշումները» (H. v. Belgium,, 30.11.1987, N8950/80, § 53): «Պատճառաբանված դատական ակտը գործին մասնակցող անձանց ցույց է տալիս, որ նրանց գործը դատարանի կողմից պատշաճ քննության առարկա է դարձել» (Suominen v. Finland, 24.07.2003, 37801/97, § 36):
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-3-րդ կետերի համաձայն՝
Դատարանը, գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը` ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ։
Յուրաքանչյուր ապացույց ենթակա է գնահատման վերաբերելիության, թույլատրելիության, արժանահավատության, իսկ բոլոր ապացույցներն իրենց համակցության մեջ` փաստի հաստատման համար բավարարության տեսանկյունից:
Դատարանը հետազոտված ապացույցը ճանաչում է անարժանահավատ, եթե դրա հետազոտման, գնահատման կամ այլ ապացույցների հետ համադրման արդյունքով հաստատվում է, որ դրանում պարունակվող տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը:
ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով ապացույցների գնահատման հարցին, նախկինում կայացված որոշմամբ արձանագրել է, որ այս կամ այն հանգամանքի առկայության կամ բացակայության մասին դատարանի եզրակացությունը պետք է լինի գործով ձեռք բերված ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման տրամաբանական հետևությունը՝ հաշվի առնելով դրանց համակցությունը և փոխադարձ կապը, կիրառման ենթակա իրավունքը և ներքին համոզմունքը: Ապացույցի գնահատումն ապացույցների տրամաբանական և իրավաբանական որակումն է՝ դրանց վերաբերելիության, թույլատրելիության, արժանահավատության և բավարարության տեսանկյունից: Ընդ որում, ապացույցների բավարարությունը գործով ձեռք բերված ապացույցների այնպիսի համակցությունն է, որը հնարավորություն է տալիս վերջնական եզրահանգում կատարելու որոնվող փաստերի առկայության կամ բացակայության վերաբերյալ: Ապացույցների գնահատումը բավարարության տեսանկյունից հետապնդում է ապացույցների միջև հակասությունները վերացնելու նպատակ այնպես, որ փարատվեն ստացված ամբողջ ապացուցողական զանգվածից կատարված հետևությունների ճշմարտացիության վերաբերյալ կասկածները: ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ ապացույցների անբավարար լինելու դեպքում գործի հանգամանքների վերաբերյալ դատարանը կարող է կատարել ոչ թե որոշակի, այլ՝ հավանական եզրակացություններ, մինչդեռ դատարանի կողմից գործն ըստ էության լուծող դատական ակտը չի կարող հիմնված լինել հավանական եզրակացությունների և դատողությունների վրա (տե՛ս «Շենքերի կառավարում» համատիրությունն ընդդեմ Մասիս Ղազանչյանի թիվ ԵԱՔԴ/0483/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.07.2016 թվականի որոշումը):
Մինչդեռ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով Վերաքննիչ դատարանը բազմակողմանի և օբյեկտիվ գնահատման առարկա չի դարձրել գործում առկա ապացույցները, հետևյալ պատճառաբանությամբ․
Ա) Իրական կողմերի մասով։
Սույն գործում առկա՝ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում և Դատարանում Պատասխանողի և երրորդ անձանց կողմից տրված ցուցմունքներից հետևում է, որ չնայած Ընկերության 100 % բաժնեմասի նկատմամբ գրանցված էր Պատասխանողի իրավունքը, վերջինս նշված բաժնեմասի իրական իրավատերը չի հանդիսացել։ Իրական սեփականատերեր էին Լևոն Քոչարյանը, Թադևոս Հովհաննիսյանը, Դավիթ Ենգորյանը, ինչպես նաև Հայցվորը և Պատասխանողը՝ 20-ական տոկոս բաժնեմասերով։ Հետևաբար, վիճարկվող պայմանագրի ստորագրումը հենց Պատասխանողի կողմից պայմանավորված էր զուտ այն ֆորմալ հանգամանքով, որ այդ բաժնեմասերը գրանցված էին իր անվամբ։
Այսպես, նշված ցուցմունքներով Պատասխանողը և երրորդ անձինք ոչ միայն հաստատել են Հայցվորի և երրորդ անձանց՝ Ընկերության բաժնեմասի իրական իրավատեր լինելու փաստը, այլև Դատարանի և Հայցվորի հստակեցնող հարցերին տվել են այնպիսի պատասխաններ, որոնցից նույնպես հետևում է, որ վերջիններս փաստացի եղել են ընկերության բաժնեմասի իրական իրավատեր։
Մասնավորապես, ՀՀ հատուկ քննչական ծառայությունում Պատասխանող Արմեն Տոնիկյանի կողմից 08․08․2018 թվականին տրված ցուցմունքով վերջինս հայտնել է, որ ««Քալրս Դիզայն» ՍՊԸ-ի 100% բաժնեմասը հաշվառված է եղել իմ անունով, սակայն իրականում ինձ հետ համատեղ, 2006 թվականից շուրջ 20-ական տոկոսի փաստացի բաժնետեր են հանդիսացել նաև Վարազդատ Ասատրյանը, և ևս 3 հոգի՝ Լևոն Քոչարյանը, Թադևոս Հովհաննիսյանը և Դավիթ Ենգորյանը», «2014 թվականից մինչև 2015 թվականը մյուս բաժնետերերը բիզնեսից հեռացել են, «Քանի որ բաժնեմասի 100% իմ անվամբ էր հաշվառված, Վարազդատ Ասատրյանի պահանջով բիզնեսից հեռացած մասնակիցների ընդհանուր 60 տոկոս բաժնեմասը վաճառվել է» ։
Դավիթ Ենգոյանը 13․10․2018 թվականին տվել է ցուցմունք այն մասին, որ ««Քալրս Դիզայն» ընկերության հիմնադիր և տնօրեն հանդիսանում էր Արմեն Տոնիկյանը, թեև մենք բոլորս մասնաբաժին ունեինք նշված ընկերությունում։
Լևոն Քոչարյանի 10․10․2018 թվականի ցուցմունքի համաձայն «2005 թվականին «Քալրս Դիզայն» ընկերությունը հիմնադրել ենք ես, Արմեն Տոնիկյանը, Դավիթ Ենգորյանը, Թադևոս Հովհաննիսյանը և Վարազդատ Ասատրյանը։ «Քալրս Դիզայն» ընկերությունը 100 տոկոս բաժնեմասով պետական ռեգիստրում հաշվառված էր Արմեն Տոնիկյանի անվամբ, սակայն նշվածս անձինք, այդ թվում նաև Վարազդատ Ասատրյանը փաստացի տիրապետում էինք որոշակի չափով բաժնեմասի։
Սույն գործի քննության ընթացքում վերոնշյալ անձինք տվել են նույնաբովանդակ ցուցմունքներ, միաժամանակ հստակեցնելով, թե ինչ են նկատի ունեցել ասելով «հիմնադիր», կամ «բաժնետեր»։
Այսպես, Լևոն Քոչարյանը, 29․07․2021 թվականին դատարանում տրված իր ցուցմունքում նշել է, որ «Ես մասնակցություն եմ ունեցել կազմակերպության մեջ, գումարային ներդրում եմ կատարել, իմ գումարով եմ մասնակցել, գումար եմ ներդրել, որը օգտագործվել է ֆիրմայի աշխատանքի համար։ Հիմնադրել ասելով նկատի եմ ունեցել, որ ներդրում եմ արել ակնկալել եմ որ ինչ-որ եկամուտ պետք է ստանամ։
«Իմ իրավունքը չի գրանցվել որովհետև ես Արմեն Տոնիկյանի հետ շատ մոտ բարեկամական կապի մեջ եմ, նրա ընտանիքի քավորն եմ, վստահել եմ իրեն»։
Դավիթ Ենգորյանը 09․07․2021 թվականին դատարանում տրված իր ցուցմունքում, ի պատասխան այն հարցին թե ինչ է նկատի ունեցել քրեական գործով ցուցմունքում նշելով, որ մասնաբաժին է ունեցել Ընկերությունում, պատասխանել է «ներդրում եմ ունեցել այդ կազմակերպության մեջ», հարցին թե ցուցմունքում հայտնել եք, որ ընկերության ժողովներին մասնակցել եք, ինչ եք նկատի ունեցել, պատասխանել է «մեր անելիքների մասին քննարկումներ ենք անցկացրել, հավաքվել ենք, որոշել ենք անելիքները»։ Դատարանի ճշտող հարցին, որ հավաքվել որոշել են տնտեսական գործունեությունը, բիզնես ծրագրերը, դրական պատասխան է տվել։
09․07․2021 թվականին դատական նիստի վերջում Պատասխանողը ի պատասխան դատարանի այն հարցին, թե արդյոք այդ անձինք եղել են փայատեր թե ոչ, վերջինս դրական պատասխան է տվել։
Վերլուծելով վերոգրյալը, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վերոնշյալ ապացույցներով հաստատվում է հայցի հիմքում դրված այն հանգամանքը, որ Պատասխանողը չի հանդիսացել ընկերության 100 տոկոս բաժնեմասի իրական իրավատերը։ Փոխարենը այդպիսիք են հանդիսացել Հայցվորը, Պատասխանողը, ինչպես նաև Լևոն Քոչարյանը, Թադևոս Հովհաննիսյանը և Դավիթ Ենգոյանը։ Ավելին, Ընկերությունում վերջիններիս մասնակցությունը չի գրանցվել զուտ այն պատճառով, որ սերտ հարաբերությունների մեջ են գտնվել Պատասխանողի հետ և վստահել են վերջինիս։
Բ) Կողմերի իրական կամարտահայտության և նրանց միջև այլ իրավահարաբերության առկայության մասով։
Սույն գործում առկա՝ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում և Դատարանում Պատասխանողի և երրորդ անձանց կողմից տրված ցուցմունքներից հետևում է, որ վիճարկվող գործարքի կողմերի իրական կամքը չի համապատասխանում գործարքում նշվածին։
Մասնավորապես, թե Պատասխանողը և թե Երրորդ անձինք իրենց ցուցմունքներում նշել են, որ Ընկերությունը գտնվել է ֆինանսական շատ ծանր վիճակում, ինչով պայմանավորված 2015 թվականին Ընկերության իրական բաժնետերերը անհատույց զիջել են իրենց բաժնեմասերը, Ընկերությունում ներդրումներ ներգրավվելու միջոցով ֆինանսական խնդիրները լուծելու նպատակով։
Այսպես, Պատասխանողը 08․08․2018 թվականին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում տրված ցուցմունքում ընդունել է, որ նշված 3 բաժնեմասի սեփականատերերը փաստացի իրենց բաժնեմասը «վաճառել են» Վարազդատին, չնայած այն հաշվառվել է Հայցվորի անվամբ։ Այսպես, Արմեն Տոնիկյանի 08․08․2018 թվականի ցուցմունքի համաձայն, վերջինս ուղղակիորեն նշել է՝ «Ի դեպ նշեմ, որ մյուս մասնակիցների կողմից իրենց բաժնեմասերը Վարազդատ Ասատրյանին վաճառելը տարբեր պատճառներով է եղել։ Այսինքն, հենց Պատասխանողը ուղղակիորեն ասում է, որ իրականում բաժնեմասերը ոչ թե ինքն է «վաճառել», այլ նշված 3 բաժնեմասի սեփականատերերը (երրորդ անձինք), գիտակցելով որ նա չէր հանդիսանում այդ բաժնեմասերի իրական սեփականատերը, հետևաբար պարզապես նրա դերը սահմանափակվել է փաստաթղթի վրա ստորագրություն դնելով։ Ինչ վերաբերում է ցուցմունքում օգտագործված «վաճառել են» եզրույթին, ապա նշված 3 անձինք իրենց ցուցմունքներում ընդգծել են, որ անհատույց են փոխանցել բաժնեմասերը, հետևաբար ակնհայտ է, որ վաճառել ասելով Պատասխանողը նկատի է ունեցել, որ բաժնեմասերի փոխանցումը ձևական տեսանկյունից ձևակերպվել է առուվաճառքի եղանակով։
Ավելին, Լևոն Քոչարյանի կողմից 10․10․2018 թվականի ՀՀ հատուկ քննչական ծառայությունում տրված ցուցմունքի համաձայն վերջինս հայտնել է․ «Մեզ պետք էր որ ՍՊԸ-ն շարունակեր իր գործունեությունը ու կատարեր վարկային պարտավորությունները, որպեսզի հետագայում բանկի հետ կապված խնդիրներ չունենայինք։ Այդ պատճառով էլ մենք հրաժարվել ենք հետ ստանալ մեր բաժնեմասի գումարները։ Վարազդատը և Արմենը իրենց պայմանավորվածության համաձայն՝ 80 և 20 տոկոս հարաբերությամբ նորից գումար ներդրեցին բիզնեսի մեջ, որպեսզի կարողանան ապրանք ներմուծեն։ Ես գիտեմ, որ Արմեն Տոնիկյանը և Վարազդատը ներդրում են կատարել միասին գործը շարունակելու համար, բայց տեղեկություններ չունեմ, թե ներդրումները կատարվել են «Քալրս դիզայնով» թե Վարազդատի կողմից բացված «Արևաս» ՍՊԸ-ով»։
Թադևոս Հովհաննիսյանի կողմից 15․10․2018 թվականի ՀՀ հատուկ քննչական ծառայությունում տրված ցուցմունքի համաձայն վերջինս հայտնել է, որ « Հետո իմացա, որ Արմեն Տոնիկյանը իր բիզնեսի չգիտեմ որքան մասը ինչ պայմաններով տվել է իմ ընկեր Վարազդատ Ասատրյանի աներոջ՝ Տիգրան Արզումանյանին։ Իմ իմանալով Տիգրան Արզումանյանը պետք է լուրջ ներդրում կատարեր Ընկերությունում։
Իսկ ինչ վերաբերում է այն դիրքորոշմանը, որ Երրորդ անձինք չեն ճանաչել Հայցվորին, հետևաբար չէին կարող նրան որևէ բան օտարել, ապա այն անհիմն է, քանի որ հենց իրենք իրենց ցուցմունքներում հաստատել են, որ տեղյակ են եղել վիճարկվող գործարքի մասին, ինչպես նաև այն, որ գործարքում նշված գումարի չափով Հայցվորը պետք է ներդրում կատարեր Ընկերությունում։ Մասնավորապես, դատաքննության ընթացքում, Լևոն Քոչարյանին հասցեագրված Հայցվորի ներկայացուցչի հարցին, թե արդյոք նա որևէ ակնկալիք չի ունեցել վիճարկվող գործարքից, չէ որ նա էլ հանդիսանում էր ընկերության մասնակից, Լևոն Քոչարյանը պատասխանել է «իմ ակնկալիքը այդ 90 մլնից եղել է այն որ ԻՆՔԸ պետք է փակի բանկի պարտքը», բացի այդ վերջինս հայտնել է «Երբ ես Արմեն Տոնիկյանից նորից պահանջեցի իմ գումարները ու որպեսզի բանկի գրավից հանի բնակարանս, նա պատասխանեց, որ արդեն Տիգրանի կողմից ներդրումը կատարվել է»։ Այսինքն, նշվածից հետևում է, որ Լևոն Քոչարյանը ճանաչել է Հայցվորին, հակառակ դեպքում վերջինիս մոտ չէր կարող առաջանալ ակնկալիք Հայցվորի կողմի գործարքում նշված գումարի չափով ներդրում կատարելու և բանկի նկատմամբ ունեցած պարտավորությունը մարելու վերաբերյալ։ Ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ Պատասխանողը և երրորդ անձինք իրենց ցուցմունքներից մի մասում նշում են Վարազդատի անունը, իսկ մյուսներում՝ Հայցվորի, ապա Վճռաբեկ դատարանը հիմնավոր է համարում բողոք բերած անձի փաստարկն այն մասին, որ իրականում Ընկերությունում մասնակցություն ունեցել է հենց Հայցվորը, որն Վարազդատ Ասատրյանի աներն է, և վերջինս է համոզել Հայցվորին ներդրում կատարել այդ Ընկերությունում (հիմք՝ Վարազդատ Ասատրյանի կողմից ՀՀ հատուկ քննչական ծառայությունում տրված ցուցմունք), սակայն քանի որ մյուս բաժնեմասերի իրավատերերը առաջին հերթին ճանաչել են Վարազդատին և նա է Հայցվորի անունից ավելի հաճախակի հարաբերվել մյուս մասնակիցների հետ, վերջիններս առավելապես իրենց ցուցմունքներում նշում են նրա անունը։
Կողմերի իրական կամարտահայտության բացահայտման տեսանկյունից կարևոր է նաև այն հանգամանքը, որ սույն գործի դատաքննության ընթացքում տված ցուցմունքներով թե Պատասխանողը և թե երրորդ անձինք հաստատել են քրեական գործով տված իրենց ցուցմունքները և ավելին, վերջիններս ուղղակիորեն ընդունել են, որ առուվաճառքի պայմանագրում նշված գումարը ոչ թե պետք է վճարվեր Պատասխանողին, այլ այն պետք է ներդրվեր Ընկերությունում, ինչը անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:
Մասնավորապես, Պատասխանողը սույն գործով 09․07․2021 թվականին կայացած դատական նիստի վերջում հայտնեց, որ «3 անձանց դուրս գալուց հետո ես ներդրում եմ կատարել, «էն 90 մլն էլ որ տալիս էր Տիգրանը, դրանով մենք պետքա որ էդ կազմակերպությունը նորից սկսեր աշխատել», նույն փաստը ընդունել է նաև Լևոն Քոչարյանը։ Մասնավորապես, 09․07․2021 թվականին դատարանում տրված իր ցուցմունքում, Հայցվորի ներկայացուցչի հարցին, թե արդյոք նա որևէ ակնկալիք չի ունեցել վիճարկվող գործարքից, չէ որ նա էլ հանդիսանում էր ընկերության մասնակից, պատասխանել է «իմ ակնկալիքը այդ 90 մլնից եղել է այն որ ինքը պետք է փակի բանկի պարտքը»։ Հայցվորի ներկայացուցչի ճշգրտող հարցին՝ այսինքն վիճարկվող պայմանագրում նշված գումարը պետք է ներդրվեր ընկերության պարտավորություններով բանկի վարկի մարմանը, պատասխանել է, «իհարկե»:
Վերոնշյալից հետևում է, որ Պատասխանողը և երրորդ անձը գործի քննության ընթացքում ընդունել են, որ նրանք և Հայցվորը պայմանավորվել են ներդրումներ կատարել Ընկերությունում։ Ի դեպ Հայցվորի կողմից կատարվելիք ներդրումը վիճարկվող պայմանագրում նշված հենց 90մլն էր։ Այսինքն, վերջինս ընդունել է, որ վիճարկվող պայմանագրի իրական նպատակը ոչ թե Պատասխանողի անվամբ գրանցված ընկերության բաժնեմասերի վաճառքն է եղել, այլ բաժնեմասի փոխանցման դիմաց պայմանագրում նշված գումարը հայցվորի կողմից պետք է ուղղվեր ընկերության գործունեության շարունակականության ապահովմանը՝ ընկերությունում ներդրում կատարելու եղանակով։ Այսինքն, սրանով ուղղակիորեն հիմնավորվում է հայցի հիմքն այն մասին, որ վիճարկվող գործարքով քողարկված է կողմերի իրական կամահայտնությունը և որ պայմանագրում նշված արժեքը ոչ թե առուվաճառքի գինն է, որը պետք է վճարվեր Պատասխանողին, այլև գումար, որը պետք է ներդրվեր Ընկերությունում, ինչն իր հերթին նշանակում է, որ կողմերի միջև ոչ թե ծագել են առուվաճառքի իրավահարաբերություններ, այլ բաժնեմասի անհատույց փոխանցման և ընկերությունում ներդրումներ կատարելու իրավահարաբերություններ։
Վերոնշյալից հետևում է, որ թե Պատասխանողը և թե նրա կողմում հանդես եկող երրորդ անձինք գործի քննության ընթացքում ընդունել են հայցի հիմքում դրված բոլոր փաստական հանգամանքների հավաստիությունը, որպիսիք են՝ ընկերության բաժնեմասերի սեփականատերերի իրական կազմը այլ է եղել և որ կողմերի կամքը ոչ թե առուվաճառքի պայմանագրի կնքումն է եղել, այլ անհատույց փոխանցումը՝ հետագա ներդրումների ակնկալիքով:
Հիմք ընդունելով վերոգրյալը, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը բազմակողմանի և օբյեկտիվ գնահատման առարկա չի դարձրել գործում առկա ապացույցները, անտեսել է գործում առկա վերոնշյալ՝ գործի լուծման համար էական նշանակություն ունեցող հանգամանքները, փոխարենը կատարել է եզրահանգումներ, որոնք հիմնված են բացառապես Պատասխանողի և երրորդ անձանց ցուցմունքների՝ հատվածական վերլուծության վրա: Մասնավորապես, բողոքարկվող որոշման պատճառաբանական մասում բացակայում են կոնկրետ փաստերի հաստատման, ապացույցների գնահատման կապակցությամբ դատարանի դատողությունների ընթացքը, դրանից բխող եզրահանգումները, բացահայտված չէ նաև նրանց միջև պատճառահետևանքային կապը։
Հիմք ընդունելով վերոգրյալը, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի որոշումը պատճառաբանված չէ՝ զուրկ է իրավական հիմնավորումից, և այս առումով այն չի կարող լինել օրինական, համոզիչ, ինչպես նաև հեղինակավոր։
Վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները հերքվում են վերոգրյալ պատճառաբանություններով:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` սույն վճռաբեկ բողոքը ներկայացնելու պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:
Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով սահմանված՝ առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու՝ Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք։ Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար։ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր։ Հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից։
Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է։
5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին և 3-րդ կետերի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն: Գործին մասնակցող անձը, որի դեմ կայացվել է եզրափակիչ դատական ակտ, կրում է Հայաստանի Հանրապետության կողմից վկաներին, փորձագետներին, մասնագետներին և թարգմանիչներին վճարված գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև դատարանի և գործին մասնակցող անձանց կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունն այնքանով, որքանով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` վերաքննիչ կամ վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլխի կանոններին համապատասխան:
Սույն գործով նկատի ունենալով, որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, որպիսի պայմաններում Վերաքննիչ դատարանի որոշումն ենթակա է բեկանման, Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի իրավակարգավորումը, գտնում է, որ Արմեն Տոնիկյանից հօգուտ Տիգրան Արզումանյանի ենթակա է բռնագանձման 24.000 ՀՀ դրամ՝ որպես հայցադիմումի և վճռաբեկ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի հատուցման գումար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ, 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 14.01.2022 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 06.08.2021 թվականի վճռին:
2. Արմեն Տոնիկյանից հօգուտ Տիգրան Արզումանյանի բռնագանձել 24.000 ՀՀ դրամ` որպես հայցադիմումի և վճռաբեկ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի հատուցման գումար:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող Մ. Դրմեյան Զեկուցող Տ. Պետրոսյան Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ Գ. Հակոբյան Ա. ՄԿՐՏՉՅԱՆ Է. Սեդրակյան
Ս. Անտոնյան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում |
Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/26032/02/20 2022 թ. | ||||||
Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/26032/02/20 |
|||||||
|
ՀԱՏՈՒԿ ԿԱՐԾԻՔ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի կողմից թիվ ԵԴ/26032/02/20 քաղաքացիական գործով 07.10.2022 թվականին կայացված որոշման վերաբերյալ
ք. Երևան
«07» հոկտեմբերի, 2022 թ.
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան), 07.10.2022 թվականին գրավոր ընթացակարգով քննելով Տիգրան Արզումանյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 14․01․2022 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Տիգրան Արզումանյանի ընդդեմ Արմեն Տոնիկյանի, երրորդ անձինք՝ Լևոն Քոչարյանի, Դավիթ Ենգոյանի՝ առոչինչ պայմանագրի անվավերության հետևանք կիրառելու պահանջի մասին, քաղաքացիական գործով նույն պալատի դատավորների ընդհանուր թվի մեծամասնությամբ որոշել է վճռաբեկ բողոքը բավարարել՝ բեկանել Վերաքննիչ դատարանի 14․01․2022 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ՝ Դատարան) 06․08․2021 թվականի վճռին։
Վճռաբեկ դատարանի դատավորներ Արսեն Մկրտչյանս, Գոռ Հակոբյանս համաձայն չլինելով 07.10.2022 թվականի որոշման (այսուհետ՝ Որոշում) պատճառաբանական և եզրափակիչ մասերի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության կարծիքի հետ, և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 9-րդ և 10-րդ մասերով, շարադրում ենք հատուկ կարծիքս այդ մասերի վերաբերյալ:
Հատուկ կարծիքի հիմնավորումները.
Վճռաբեկ դատարանը, բեկանելով Վերաքննիչ դատարանի 14․01․2022 թվականի որոշումը և օրինական ուժ տալով Դատարանի 06․08․2021 թվականի վճռին, ըստ էության գտել է, որ Տիգրան Արզումանյանի և Արմեն Տոնիկյանի միջև 10․08․2015 թվականին կնքված բաժնեմասի առուվաճառքի պայմանագիրը շինծու է, և որպես շինծու գործարքի անվավերության հետևանք գտել է, որ մի կողմից Տիգրան Արզումանյանի, և մյուս կողմից Լևոն Քոչարյանի, Թադևոս Հովհաննիսյանի և Դավիթ Ենգոյանի միջև «Քալրս Դիզայն» ՍՊԸ-ի 60 տոկոս բաժնեմասի անհատույց փոխանցման՝ նվիրատվության պայմանագիր կնքելու իրավահարաբերություններ են առաջացել։
Համաձայն չլինելով Որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի հետ՝ գտնում ենք, որ սույն գործով Տիգրան Արզումանյանի ներկայացրած՝ առոչինչ պայմանագրի անվավերության հետևանք կիրառելու պահանջը ենթակա է մերժման, հետևյալ պատճառաբանությամբ։
Ա) Սույն բողոքի քննության շրջանակներում հարկավոր է պարզել, թե ում դեմ և ինչ նյութաիրավական պահանջ է ներկայացրել Տիգրան Արզումանյանը, ինչպես նաև դրա համար հիմք հանդիսացած փաստական հիմքերը։
Տիգրան Արզումանյանը 02․09․2020 թվականին ներկայացրել է հայց ընդդեմ Արմեն Տոնիկյանի՝ պնդելով, որ իր և Արմեն Տոնիկյանի միջև 10․08․2015 թվականին կնքված բաժնեմասի առուվաճառքի պայմանագիրը շինծու է, ու պահանջել է բաժնեմասի առուվաճառքի պայմանագիրը ճանաչել որպես մի կողմից իր նվիրառուի, և մյուս կողմից, որպես նվիրատուների՝ Լևոն Քոչարյանի, Թադևոս Հովհաննիսյանի և Դավիթ Ենգոյանի միջև «Քալրս Դիզայն» ՍՊԸ-ի 60 տոկոս բաժնեմասի անհատույց փոխանցման՝ նվիրատվության պայմանագիր։
Որպես հայցի փաստական հիմք վկայակոչել է հետևյալը․
«1) Տիգրան Արզումանյանի (այսուհետ նաև Հայցվոր) և Արմեն Տոնիկյանի (այսուհետ նաև՝ Պատասխանող) միջև 10․08․2015 թվականին կնքվել է «Բաժնեմասերի առուվաճառքի պայմանագիր» (այսուհետ նաև՝ Պայմանագիր), որի համաձայն՝ Արմեն Տոնիկյանը «Քալրս Դիզայն» ՍՊ ընկերությունում (այսուհետ նաև՝ Ընկերություն) սեփականության իրավունքով իրեն պատկանող 100 տոկոս բաժնեմասերից 80 տոկոս բաժնեմասը վաճառել է Տիգրան Արզումանյանին։
2) ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող թիվ 62226018 քրեական գործով ցուցմունք են տվել մի շարք անձինք, այդ թվում՝ Պատասխանող Արմեն Տոնիկյանը, ինչպես նաև Վարազդատ Ասատրյանը, Տիգրան Արզումանյանը, Լևոն Քոչարյանը, Թադևոս Հովհաննիսյանը և Դավիթ Ենգոյանը։
3) Պատասխանող Արմեն Տոնիկյանի 08.08.2018 թվականի ցուցմունքի համաձայն վերջինս հայտնել է, որ. ««Քալրս Դիզայն» ՍՊԸ-ի 100% բաժնեմասը հաշվառված է եղել իմ անունով, սակայն իրականում ինձ հետ համատեղ, 2006թ. շուրջ 20-ական տոկոսի փաստացի բաժնետեր են հանդիսացել նաև Վարազդատ Ասատրյանը, և ևս 3 հոգի՝ Լևոն Քոչարյանը, Թադևոս Հովհաննիսյանը, Դավիթ Ենգորյանը: 2014 թվականից մինչև 2015 թվականը մյուս բաժնետերերը բիզնեսից հեռացել են տարբեր պատճառաբանություններով, մնացել է միայն Վարազդատ Ասատրյանը (…)։ Քանի որ բաժնեմասի 100% իմ անվամբ էր հաշվառված, Վարազդատ Ասատրյանի պահանջով բիզնեսից հեռացած մասնակիցների ընդհանուր 60 տոկոս բաժնեմասը վաճառվել է Վարազդատ Ասատրյանին, ով փաստորեն դարձել է 80 տոկոս բաժնեմասի սեփականատեր, չնայած, որ այն հաշվառվել է նրա աներոջ՝ Տիգրան Արզումանյանի անվամբ (…): Ի դեպ նշեմ, որ մյուս մասնակիցների կողմից իրենց բաժնեմասերը Վարազդատ Ասատրյանին վաճառելը տարբեր պատճառներով է եղել»:
Նույն ցուցմունքը տրվել է նաև 24.08.2018 թվականին:
Արմեն Տոնիկյանի 11.08.2018 թվականի ցուցմունքի համաձայն՝ վերջինս հայտնել է, որ. «Իմ կողմից ներկայացված հիշյալ փաստաթղթերում առկա է «Քալրս Դիզայն» ՍՊԸ-ի 10.08.2015 թվականի 80% բաժնեմասի առուվաճառքի պայմանագիրը, որով ես համապատասխան բաժնեմասը վաճառել եմ Վարազդատ Ասատրյանի աներոջը՝ Տիգրան Արզումանյանին, ում նախկինում չեմ ճանաչել նրա հետ որևէ առնչություն չեմ ունեցել: Հիշյալ բաժնեմասը փաստացի վաճառվել է Վարազդատ Ասատրյանին, սակայն փաստաթղթային ձևակերպում կատարվել է նրա աներոջ անվամբ»:
4) Դավիթ Ենգոյանի 13.10.2018 թվականի ցուցմունքի համաձայն՝ վերջինս հայտնել է, որ. ««Քալրս Դիզայն» ընկերության հիմնադիր և տնօրեն հանդիսանում էր Արմեն Տոնիկյանը, թեև մենք բոլորս մասնաբաժին ունեինք նշված ընկերությունում: (…) Մինչև 2015 թվականը աշխատել ենք նշված գործընկերներով, (…) ես 2015 թվականին դուրս եմ եկել բիզնեսից, ես ոչինչ ինձ հետ չեմ վերցրել, քանի որ ընկերության տնտեսական վիճակը ծանր էր: Իմ իմանալով իմ դուրս գալուց հետո բաժնեմասի փոփոխություն է եղել, թե կոնկրետ ինչ փայաբաժիններով կամ ում անուններով ես տեղեկություն չունեմ»:
5) Լևոն Քոչարյանի 10.10.2018թ. ցուցմունքի համաձայն՝ վերջինս հայտնել է, որ. «2005 թվականին «Քալրս Դիզայն» ընկերությունը հիմնադրել ենք ես, Արմեն Տոնիկյանը, Դավիթ Ենգոյանը, Թադևոս Հովհաննիսյանը և Վարազդատ Ասատրյանը: (…) «Քալրս Դիզայն» ընկերությունը 100 տոկոս բաժնեմասով պետական ռեգիստրում հաշվառված էր Արմեն Տոնիկյանի անվամբ, (…) սակայն նշվածս անձինք, այդ թվում նաև Վարազդատ Ասատրյանը փաստացի տիրապետում էինք որոշակի չափով բաժնեմասի: Քանի որ մենք ընկերներ էինք Արմեն Տոնիկյանի հետ և վստահում էինք նրան, դրա համար պետական ռեգիստրում մեր անվամբ ձևակերպումներ չենք կատարել: (…) Մեզ պետք էր որ ՍՊԸ-ն շարունակեր իր գործունեությունը ու կատարեր վարկային պարտավորությունները, որպեսզի հետագայում բանկի հետ կապված խնդիրներ չունենայինք: Այդ պատճառով էլ մենք հրաժարվել ենք հետ ստանալ մեր բաժնեմասի գումարները: Վարազդատը և Արմենը իրենց պայմանավորվածության համաձայն՝ 80 և 20 տոկոս հարաբերությամբ նորից գումար ներդրեցին բիզնեսի մեջ, որպեսզի կարողանան ապրանք ներմուծեն: Ես գիտեմ, որ Արմեն Տոնիկյանը և Վարազդատը ներդրում են կատարել միասին գործը շարունակելու համար, բայց տեղեկություններ չունեմ, թե ներդրումները կատարվել են «Քալրս Դիզայնով» թե Վարազդատի կողմից բացված «Արևաս» ՍՊԸ-ով»:
6) Թադևոս Հովհաննիսյանի 15.10.2018 թվականի ցուցմունքի համաձայն վերջինս հայտնել է, որ. «Հետո իմացա, որ Արմեն Տոնիկյանը իր բիզնեսի չգիտեմ որքան մասը ինչ պայմաններով տվել է իմ ընկեր Վարազդատ Ասատրյանի աներոջ՝ Տիգրան Արզումանյանին: Իմ իմանալով Տիգրան Արզումանյանը պետք է լուրջ ներդրում կատարեր Ընկերությունում: Երբ ես Արմեն Տոնիկյանից նորից պահանջեցի իմ գումարները ու որպեսզի բանկի գրավից հանի բնակարանս, նա պատասխանեց, որ արդեն Տիգրանի կողմից ներդրումը կատարվել է, ունի կես միլիոն դոլարից ավել ապրանքային մնացորդ ու ոչ մի վտանգ ինձ չի սպառնում գումարներս ու գույքերս կորցնելու հետ կապված»»:
Տիգրան Արզումանյանը նշել է նաև հետևյալը․
«1) Ընկերության 100% բաժնեմասի իրական սեփականատերը Պատասխանողը չի եղել։ Փաստացի սեփականատերեր էին Լևոն Քոչարյանը, Թադևոս Հովհաննիսյանը, Դավիթ Ենգորյանը, ինչպես նաև Հայցվորը և Պատասխանողը՝ 20-ական տոկոս բաժնեմասերով։ Հետևաբար Պատասխանողը՝ չէր կարող 80 տոկոսը վաճառել հայցվորին։
2) Նույնիսկ մինչև շինծու պայմանագրի կնքումը 20 տոկոս բաժնեմասը փաստացի պատկանել է Հայցվորին (չնայած ցուցմունքներում նշվում է Հայցվորի փեսայի անունը), հետևաբար Պատասխանողը առնվազն այդ հիմքով չէր կարող ունենար այն համոզմունքը, որ 80 տոկոսը վաճառում է Հայցվորին։ Ավելին, հենց Պատասխանողը իր ցուցմունքում նշել է, որ «60 տոկոս բաժնեմասը վաճառվել է Վարազդատ Ասատրյանին, ով փաստորեն դարձել է 80 տոկոս բաժնեմասի սեփականատեր, չնայած որ այն հաշվառվել է նրա աներոջ՝ Տիգրան Արզումանյանի անվամբ (․․․)»: Այսինքն իրականում փոխանցվող բաժնեմասը ոչ թե 80 տոկոս է այլ 60։
3) 2015 թվականին 3 փաստացի բաժնետերերը անհատույց զիջել են իրենց բաժնեմասերը, զուտ այն նպատակով, որպեսզի Ընկերության ֆինանսական խնդիրները լուծվեն և վերջինս շարունակի իր գործունեությունը։ Արդյունքում Հայցվորը դարձել է 80 տոկոս բաժնեմասի սեփականատեր, իսկ Պատասխանողը՝ 20։
Չնայած բաժնեմասի տիտղոսային սեփականատերը պատասխանողն է եղել, բայցևայնպես նույնիսկ Պատասխանողը իր ցուցմունքում ընդունել է, որ նշված 3 բաժնեմասի սեփականատերերը փաստացի իրենց բաժնեմասը «վաճառել են» Վարազդատին, չնայած այն հաշվառվել է Հայցվորի անվամբ (նշված 3 անձինք իրենց ցուցմունքներում ընդգծել են, որ անհատույց են փոխանցել բաժնեմասերը, հետևաբար ակնհայտ է, որ վաճառել ասելով Պատասխանողը նկատի ուներ, որ բաժնեմասերի փոխանցումը «դե յուրե» ձևակերպվել է առուվաճառքի եղանակով)»:
Բ) Պարզելու համար, թե արդյո՞ք ծագել է Տիգրան Արզումանյանի պահանջի իրավունքը, հարկավոր է անդրադառնալ տվյալ իրավահարաբերությունը կարգավորող իրավական նորմերին։ Այսպես, այն իրավանորմերը, որոնք դատարաններին իրավունք են տալիս ի շահ մի քաղաքացու հարկադրանք կիրառելու մեկ այլ քաղաքացու նկատմամբ, կոչվում են պահանջի հիմքեր։ Ուստի պահանջի իրավունքի ստուգման համար պետք է իրավական հիմքի միջոցով պարզել, թե ինչպիսի նախապայմաններ (փաստակազմի հատկանիշներ) է նա սահմանում, և արդյոք դրանք առկա են կոնկրետ դեպքում (իրավաբանական որակում)։1
Նախ պետք է պարզել կիրառելի նյութական իրավունքը։
Այսպես, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերի շրջանակը որոշում է դատարանը` գործին մասնակցող անձանց պահանջների և առարկությունների հիման վրա` ղեկավարվելով վիճելի իրավահարաբերության նկատմամբ կիրառելի իրավական նորմերով:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ քաղաքացիական օրենսդրությունը հիմնվում է իր կողմից կարգավորվող հարաբերությունների մասնակիցների հավասարության, կամքի ինքնավարության և գույքային ինքնուրույնության, սեփականության անձեռնմխելիության, պայմանագրի ազատության, մասնավոր գործերին որևէ մեկի կամայական միջամտության անթույլատրելիության, քաղաքացիական իրավունքների անարգել իրականացման անհրաժեշտության, խախտված իրավունքների վերականգնման ապահովման, դրանց դատական պաշտպանության սկզբունքների վրա:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 3-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ քաղաքացիները և իրավաբանական անձինք քաղաքացիական իրավունքները ձեռք են բերում ու իրականացնում իրենց կամքով և ի շահ իրենց: Նրանք ազատ են պայմանագրի հիման վրա սահմանելու իրենց իրավունքները և պարտականությունները, որոշելու պայմանագրի` օրենսդրությանը չհակասող ցանկացած պայման:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 289-րդ հոդվածի համաձայն՝ գործարքները քաղաքացիների և իրավաբանական անձանց այն գործողություններն են, որոնք ուղղված են քաղաքացիական իրավունքներ և պարտականություններ սահմանելուն, փոփոխելուն կամ դրանց դադարելուն:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 303-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ գործարքն անվավեր է նույն օրենսգրքով սահմանված հիմքերով դատարանի կողմից այն այդպիսին ճանաչելու ուժով (վիճահարույց գործարք) կամ անկախ նման ճանաչումից (առոչինչ գործարք):
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 306-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ շինծու գործարքը, այսինքն՝ մեկ այլ գործարքի քողարկման նպատակով կնքված գործարքն առոչինչ է: Այդ գործարքի նկատմամբ, հաշվի առնելով դրա էությունը, կիրառվում են այն գործարքին վերաբերող կանոնները, որը կողմերն իրականում նկատի են ունեցել շինծու գործարքը կնքելիս:
Այսպիսով, վեճի նկատմամբ կիրառելի վերը հիշատակված նորմերի հիման վրա նախ անհրաժեշտ է անդրադառնալ շինծու գործարքի անվավերության հետևանքների կիրառման պահանջների քննության ժամանակ անհրաժեշտ փաստակազմի բացահայտման հարցերին։
Բ1) ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ անդրադարձել է շինծու գործարքի անվավերության հետևանքների կիրառման պահանջների քննության առանձնահատկություններին: Մասնավորապես՝ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ գրավոր գործարքների նկատմամբ շինծու լինելու հիմքով առոչինչ գործարքի անվավերության հետևանքների կիրառման համար անհրաժեշտ է ապացուցել, որ՝
1. գործարքն իրականում կնքվել է ոչ այն ստորագրած անձանց միջև, կամ
2. այն ստորագրած անձանց կամքը չի համապատասխանում պայմանագրում շարադրվածին:
Այսինքն՝ շինծու գործարքն առկա է այն դեպքում, երբ կողմերի միջև իրականում ծագում են իրավահարաբերություններ, սակայն դրանք իրենց բնույթով այլ են, քան այն իրավահարաբերությունները, որոնք կողմերը ցանկանում են ներկայացնել երրորդ անձանց (տե՛ս «Սինկրիստալ» ՍՊԸ-ն ընդդեմ Գագիկ Բղդոյանի և մյուսների թիվ 3-623(ՎԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 28.11.2008 թվականի որոշումը):
Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը, զարգացնելով վերը նշված դիրքորոշումը, նշել է, որ գրավոր գործարքների նկատմամբ շինծու լինելու հայցապահանջով ապացուցման առարկան կազմում են հետևյալ փաստերը.
- օրենքով սահմանված ձևին համապատասխանող գործարքի առկայությունը.
- այդ գործարքը վիճարկելու իրավունք ունենալը (շահագրգիռ անձ հանդիսանալը).
- գործարքը կնքելիս կողմերի իրական կամարտահայտությունը.
- վիճարկվող գործարքում նշված քաղաքացիական իրավահարաբերություններից տարբերվող՝ իրականում այլ քաղաքացիական իրավահարաբերությունների առկայությունը.
- կողմերի միջև իրականում առկա քաղաքացիական իրավահարաբերությունները վիճարկվող գործարքով քողարկելու նպատակի առկայությունը:
Ընդ որում, նշված հանգամանքները պետք է ապացուցի այդ փաստերը վկայակոչող կողմը (տե՛ս Նունյա Առաքելյանն ընդդեմ Քնարիկ Մարտիրոսյանի և մյուսների թիվ ԵԱՔԴ/1299/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 08.05.2014 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանը թիվ ԵՄԴ/0250/02/16 քաղաքացիական գործով 09․10․2020 թվականի որոշմամբ վերահաստատելով և զարգացնելով իր նախկին դիրքորոշումը փաստել է, որ՝ «շինծու գործարքի տեսակ է հանդիսանում նաև այն գործարքը, որով քողարկվում է իրականում ոչ այն ստորագրած անձանց միջև կնքված գործարքը, այսինքն` քողարկվում է գործարքի իրական կողմը: Նման պայմաններում քողարկող և քողարկված գործարքների սուբյեկտային կազմը չի համընկնում: Հետևաբար` շինծու գործարք կարող է կնքվել ոչ միայն իր բնույթով այլ գործարք քողարկելու, այլ նաև գործարքի իրական կողմին քողարկելու նպատակով: Այսինքն` շինծու գործարքն առկա է այն դեպքում, երբ իրավահարաբերությունները իրականում ծագում են ոչ այն ստորագրած անձանց միջև: Այսպիսով` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 306-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված մեկ այլ գործարք հասկացությունը ներառում է ոչ միայն այլ պայմաններով գործարքը, այլ նաև այլ սուբյեկտային կազմով գործարքը»:
Գ) Տիգրան Արզումանյանի և Արմեն Տոնիկյանի միջև 10․08․2015 թվականի բաժնեմասերի առուվաճառքի պայմանագրի համաձայն՝ Արմեն Տոնիկյանը «Քալրս Դիզայն» ՍՊԸ-ում սեփականության իրավունքով իրեն պատկանող 100 % բաժնեմասից 80 % բաժնեմասը վաճառել է Տիգրան Արզումանյանին։
Ըստ սույն քաղաքացիական գործում առկա ապացույցների՝ «Քալրս Դիզայն» ՍՊԸ-ի միակ գրանցված մասնակիցը (սեփականատերը) գործարք կնքելու պահին հանդիսացել է Արմեն Տոնիկյանը։ Վերաքննիչ դատարանը, բավարարելով ներկայացված վերաքննիչ բողոքները, ու բեկանելով և փոփոխելով Դատարանի 06․08․2021 թվականի վճիռն, ըստ էության եկել է այն եզրահանգման, որ հայցը ենթակա է մերժման, քանի որ երրորդ անձինք՝ Լևոն Քոչարյանը և Դավիթ Ենգոյանը, ու գործով որևէ կարգավիճակ չունեցող Թադևոս Հովհաննիսյանը «Քալրս Դիզայն» ՍՊԸ-ի նկատմամբ որևէ գրանցված իրավունք չեն ունեցել, ուստիև՝ որևէ կերպ՝ անհատույց, կամ հատուցելի գործարքով չէին կարող փոխանցել գոյություն չունեցող և իրենց չպատկանող իրավունքները, որպիսի պայմաններում վիճարկվող գործարքի կողմերը՝ հայցվոր Տիգրան Արզումանյանը և պատասխանող Արմեն Տոնիկյանը, առուվաճառքի պայմանագրով որևէ կերպ չէին կարող քողարկել երրորդ անձանց կողմից Տիգրան Արզումանյանին իրենց իրավունքների անհատույց փոխանցման՝ նվիրատվության գործարքը:
Վճռաբեկ դատարանը, բավարարելով Տիգրան Արզումանյանի վճռաբեկ բողոքը և բեկանելով Վերաքննիչ դատարանի 14․01․2022 որոշումը ու օրինական ուժ տալով Դատարանի 06․08․2021 թվականի վճռին, հաշվի չի առել այն հանգամանքը, որ Լևոն Քոչարյանը, Դավիթ Ենգոյանը և Թադևոս Հովհաննիսյանը գործարքի կնքման ժամանակահատվածում չեն հանդիսացել «Քալրս Դիզայն» ՍՊԸ-ի մասնակիցներ (սեփականատերեր), ուստի որևէ կերպ չէին կարող իրենց «բաժնեմասերը» նվիրել որևէ մեկին։ Ավելին Լևոն Քոչարյանը, Դավիթ Ենգոյանը և Թադևոս Հովհաննիսյանը, չլինելով «Քալրս Դիզայն» ՍՊԸ-ի մասնակիցներ (սեփականատերեր), չէին կարող 10․08․2015 թվականի բաժնեմասերի առուվաճառքի պայմանագրի նկատմամբ դառնալ գործարքի կողմ և պարտավորեցվել նվիրելու չունեցած բաժնեմասը։ Դեռ ավելին, գործում առկա բոլոր ապացույցները և վկայակոչվող իրավահարաբերությունը վերաբերելի են «Քալրս Դիզայն» ՍՊԸ-ի սկզբնապես հիմնադրման, գործունեության իրականացման հարցերին և չեն կարող կիրառվել 10․08․2015 թվականի բաժնեմասերի առուվաճառքի պայմանագրի նկատմամբ, քանի որ սույն գործով չեն վիճարկվում «Քալրս Դիզայն» ՍՊԸ-ի սկզբնապես հիմնադրման և իրավունքների ծագման, գրանցման, փոփոխման հարցերը։
Գտնում ենք, որ շինծու գործարքի անվավերության հետևանքներ կիրառելով՝ խախտվում է քաղաքացիական իրավունքի հիմնարար սկզբունքներից մեկը՝ կամքի ինքնավարության սկզբունքը, քանի որ՝
- Որոշմամբ, ըստ էության հաստատվում է մի իրավահարաբերություն, որն իրականում չի առաջացել,
- այդ իրավահարաբերության հաստատումն անօրինական է՝ գոյություն չունեցող իրավունքի հիման վրա չի կարող ստեղծվել որևէ նոր իրավունք,
- կիրառվում է պետական հարկադրանք գոյություն չունեցող պահանջի իրավունքի պայմաններում և գոյություն չունեցող իրավունքը փոխանցելու մասին՝ խախտելով պետական հարկադրանք կիրառելու Սահմանադրական հիմնարար արժեքը։
Նշվածի հիման վրա գտնում ենք, որ առկա է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված՝ վճռաբեկ բողոքը մերժելու և Վերաքննիչ դատարանի 14․01․2022 որոշումն օրինական ուժի մեջ թողնելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը կիրառելու հիմքը։
__________________________
1 Տե՛ս «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական իրավունք» խնդրագիրք, ընդհանուր մաս, 2021 թ․, էջ 5, հեղ․ Գ․ Հովհաննիսյան
Դատավորներ |
Արսեն Մկրտչյան |
Գոռ Հակոբյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 21 մարտի 2023 թվական: