Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (21.10.2022-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.03.20-2023.04.02 Պաշտոնական հրապարակման օրը 21.03.2023
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
21.10.2022
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
21.10.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.10.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

          

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

        

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/2084/02/15

2022 թ.

Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/2084/02/15

Նախագահող դատավոր  Ն. Բարսեղյան

Դատավորներ

 Լ. Գրիգորյան

 Ա. Խառատյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող

Մ. Դրմեյան

զեկուցող

Ա. Մկրտչյան

Ս. Անտոնյան

Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ

Գ. Հակոբյան

Ս. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

 

2022 թվականի հոկտեմբերի 21-ին

գրավոր ընթացակարգով քննելով Սիրվարդ Մանգասարյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 13062022 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշման դեմ՝ ըստ հայցի Սիրվարդ Մանգասարյանի ընդդեմ Երևան համայնքի (այսուհետ՝ Համայնք)՝ սեփականության իրավունքը ճանաչելու և Համայնքի անվամբ 18042014 թվականին կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջների մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Սիրվարդ Մանգասարյանը պահանջել է ճանաչել իր սեփականության իրավունքը, ինչպես նաև անվավեր ճանաչել Համայնքի անվամբ 18042014 թվականին կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը։

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Լ. Գրիգորյան) (այսուհետ՝ Դատարան) 02022022 թվականի վճռով հայցը մերժվել է։

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (նախագահող դատավոր՝ Ն. Բարսեղյան, դատավորներ՝ Լ Գրիգորյան, Ա Խառատյան) 06052022 թվականի որոշմամբ Սիրվարդ Մանգասարյանի ներկայացուցիչ Գուրգեն Թորոսյանի վերաքննիչ բողոքը վերադարձվել է։

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (նախագահող դատավոր՝ Ն. Բարսեղյան, դատավորներ՝ Լ Գրիգորյան, Ա Խառատյան) 19052022 թվականի որոշմամբ Սիրվարդ Մանգասարյանի վերաքննիչ բողոքն ընդունվել է վարույթ։

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 13062022 թվականի որոշմամբ Սիրվարդ Մանգասարյանի ներկայացուցիչ Հայկ Սողոմոնյանի վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվել է։

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Սիրվարդ Մանգասարյանը (ներկայացուցիչներ՝ Հայկ Սողոմոնյան, Գուրգեն Թորոսյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 4-րդ հոդվածի 1-ին մասը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 370-րդ և 372-րդ հոդվածները, ինչպես նաև սխալ է կիրառել նույն օրենսգրքի 368-րդ հոդվածի 6-րդ մասը։

Բողոքաբերը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Տվյալ դեպքում, ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 06052022 թվականի որոշմամբ Սիրվարդ Մանգասարյանի ներկայացուցիչ Գուրգեն Թորոսյանի վերաքննիչ բողոքը վերադարձվել է, քանի որ բողոքաբերի ներկայացուցիչը միջնորդել էր պետական տուրքի գծով կիրառել արտոնություն և հետաձգել պետական տուրքի վճարումը, իսկ նույն որոշմամբ Սիրվարդ Մանգասարյանի (ներկայացուցիչ՝ Գուրգեն Թորոսյան)` պետական տուրքի վճարումը հետաձգելու մասին միջնորդությունը մերժվել է:

  03.06.2022 թվականին կրկին վերաքննիչ բողոք է ներկայացվել՝ վերացնելով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 06052022 թվականի որոշմամբ մատնանշած վերաքննիչ բողոքում թույլ տրված խախտումը, այն է՝ վճարվել է վերաքննիչ բողոք ներկայացնելու համար նախատեսված պետական տուրքը:

Վերաքննիչ դատարանի կողմից առանց որևէ իրավաչափ հիմքի բողոքաբերի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է, ինչը ոչ միայն հանգեցրել է դատավարական իրավունքի նորմի խախտման, այլ նաև իրական խոչընդոտներ է ստեղծել սահմանադրորեն ամրագրված արդյունավետ դատական պաշտպանության իրավունքի իրացման կապակցությամբ:

 

Վերոգրյալի հիման վրա բողոքաբերը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 13062022 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը։

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ դատավարական փաստերը՝

1) Դատարանի 02022022 թվականի վճռի դեմ Սիրվարդ Մանգասարյանը 01032022 թվականին առձեռն եղանակով վերաքննիչ բողոք է ներկայացրել, որը ստորագրված է վերջինիս կողմից (հավելված 1-ին, գթ 1-10)։

2) Սիրվարդ Մանգասարյանը 23032022 թվականին ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան մուտքագրված դիմումով հայտնել է, որ Դատարանի 02022022 թվականի վճռի դեմ երկու վերաքննիչ բողոք է ներկայացվել (իր և իր ներկայացուցչի կողմից), և հայտնել է, որ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում այսուհետ, որպես վերջինիս ներկայացուցիչ է հանդես գալու փաստաբան Հայկ Սողոմոնյանը՝ միաժամանակ խնդրելով, բոլոր դատավարական փաստաթղթերը հանձնել կամ ուղարկել վերջինիս՝ ք Երևան, Գ Նժդեհի 48/2 հասցեով։ Նշված դիմումին կից միաժամանակ ներկայացրել է 22032022 թվականին 3 տարի ժամկետով, հասարակ գրավոր ձևով տրված լիազորագիր, ինչպես նաև փաստաբան Հայկ Սողոմոնյանի փաստաբանական արտոնագրի և անձնագրի պատճենը (հավելված 1-ին, գթ 11-14)։

3) Սիրվարդ Մանգասարյանի ներկայացուցիչ Գուրգեն Թորոսյանի կողմից 03.03.2022 թվականին փոստային առաքման եղանակով վերաքննիչ բողոք է ներկայացվել Դատարանի 02022022 թվականի վճռի դեմ։ Վերաքննիչ բողոքը ստորագրված է Սիրվարդ Մանգասարյանի ներկայացուցիչ Գուրգեն Թորոսյանի կողմից, և վերաքննիչ բողոքը պարունակում է նաև պետական տուրքի վճարումը հետաձգելու մասին միջնորդություն (հավելված 1-ին, գթ 15-31)։

4) ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 06052022 թվականի որոշմամբ պետական տուրքի վճարումը հետաձգելու մասին միջնորդությունը մերժվել է, և վերաքննիչ բողոքը վերադարձվել է հետևյալ պատճառաբանությամբ՝ «(...) Վերաքննիչ բողոք ներկայացվելուց հետո դրա հիմքերը և հիմնավորումները չեն կարող լրացվել կամ փոփոխվել, բացառությամբ վերաքննիչ բողոքը վերադարձնելուց հետո կրկին ներկայացնելու դեպքերի: Հետևում է, որ Վերաքննիչ դատարանում արդեն իսկ առկա է Սիրվարդ Մանգասարյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոք, իսկ վերջինս Վերաքննիչ դատարան հասցեագրած 23.03.2022թ. գրությամբ խնդրել է բոլոր դատավարական փաստաթղթերը հանձնել կամ ուղարկել Հայկ Սողոմոնյանին՝ ք.Երևան, Գ.Նժդեհի 48/2 հասցեով, նկատի ունենալով, որ տվյալ քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում իր ներկայացուցիչն է հանդիսանալու փաստաբան Հայկ Սողոմոնյանը, կցելով իր կողմից վերջինիս տրված լիազորագրի բնօրինակը:

 Փաստորեն, վերաքննիչ բողոք բերած անձի կողմից չի պահպանվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի պահանջները, ինչը նույն օրենսգրքի 371-րդ հոդվածի համաձայն՝ բողոքը վերադարձնելու հիմք է: Չի պահպանվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 6-րդ մասի դրույթները ևս (․․․(հավելված 1-ին, գթ 33-34)։

5) ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 19.05.2022 թվականի որոշմամբ Սիրվարդ Մանգասարյանի վերաքննիչ բողոքն ընդունվել է վարույթ:

  6) Սիրվարդ Մանգասարյանի ներկայացուցիչ Հայկ Սողոմոնյանը կրկին անգամ վերաքննիչ բողոք է ներկայացրել՝ կցելով նաև 10.000 ՀՀ դրամ պետական տուրք վճարելու մասին անդորրագիրը։ Կրկին ներկայացված վերաքննիչ բողոքը ստորագրել է Սիրվարդ Մանգասարյանի ներկայացուցիչ Հայկ Սողոմոնյանը (հավելված 1-ին, գթ 46-68)։

7) Վերաքննիչ դատարանի 13.06.2022 թվականի որոշմամբ Սիրվարդ Մանգասարյանի ներկայացուցիչ Հայկ Սողոմոնյանի կողմից կրկին ներկայացված վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվել է՝ հետևյալ հիմնավորմամբ. «(․․․) Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 6-ին մասի համաձայն` վերաքննիչ բողոքի հիմքերը և հիմնավորումները ներկայացվում են բացառապես վերաքննիչ բողոքում: Վերաքննիչ բողոք ներկայացվելուց հետո դրա հիմքերը և հիմնավորումները չեն կարող լրացվել կամ փոփոխվել, բացառությամբ վերաքննիչ բողոքը վերադարձնելուց հետո կրկին ներկայացնելու դեպքերի: Նման պայմաններում, նկատի ունենալով, որ Սիրվարդ Մանգասարյանի վերաքննիչ բողոքը ՀՀ վերաքննիչ դատարանի 19.05.2022թ. որոշմամբ ընդունվել է վարույթ, Սիրվարդ Մանգասարյանի անունից ներկայացված մեկ այլ կամ նույնանման հիմքերով և հիմնավորումներով ներկայացված վերաքննիչ բողոքը չի կարող ընդունվել վարույթ, հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 6-րդ մասի իրավակարգավորումը, համաձայն որի՝ վերաքննիչ բողոքի հիմքերը և հիմնավորումները ներկայացվում են բացառապես վերաքննիչ բողոքում, իսկ տվյալ պարագայում արդեն իսկ Սիրվարդ Մանգասարյանի կողմից ներկայացված է վերաքննիչ բողոք, որը Վերաքննիչ դատարանի կողմից ընդունվել է վարույթ:

Հետևաբար, Վերաքննիչ դատարանը գտնում է, որ նույն անձի անունից ներկայացված վերաքննիչ բողոքի վարույթ ընդունված լինելու պայմաններում, մեկ այլ` նույն անձի կողմից կրկին ներկայացված վերաքննիչ բողոքի ընդունումը ենթակա է մերժման (․․․(հավելված 1-ին, գ.թ. 69):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի  1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է՝ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար և գտնում է, որ տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները էական նշանակություն կունենան նմանատիպ գործերով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 370-րդ հոդվածի 1-ին մասի միատեսակ կիրառության համար: Միաժամանակ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը։

 

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրմանը. արդյո՞ք իրավաչափ է կրկին ներկայացված վերաքննիչ բողոքի ընդունումը մերժել այն հիմքով, որ միևնույն բողոքաբերի կողմից ավելի վաղ ներկայացված վերաքննիչ բողոքն ընդունվել էր վարույթ։

ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

ՀՀ Սահմանադրության 81-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հիմնական իրավունքների և ազատությունների վերաբերյալ Սահմանադրությունում ամրագրված դրույթները մեկնաբանելիս հաշվի է առնվում Հայաստանի Հանրապետության վավերացրած՝ մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պայմանագրերի հիման վրա գործող մարմինների պրակտիկան:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ՝ ՄԻԵԴ) նախադեպային իրավունքի համաձայն՝ դատարանի մատչելիության իրավունքն արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ մասն է: Այնուամենայնիվ, այդ իրավունքը բացարձակ չէ և կարող է ենթարկվել սահմանափակումների: Այդ սահմանափակումները թույլատրվում են, քանի որ մատչելիության իրավունքն իր բնույթով պահանջում է պետության կողմից որոշակի կարգավորումներ: Այս առումով պետությունը որոշակի հայեցողական լիազորություն ունի: Դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը պետք է իրականացվի այնպես, որ այն չխախտի կամ զրկի անձին մատչելիության իրավունքից այնպես կամ այն աստիճան, որ խախտվի այդ իրավունքի բուն էությունը: Դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը չի կարող համատեղելի լինել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի հետ, եթե այն իրավաչափ նպատակ չհետապնդի և եթե չլինի ողջամիտ հարաբերակցություն ձեռնարկվող միջոցների և հետապնդվող նպատակների միջև համաչափության առումով (տե´ս Էշինգդեյնն ընդդեմ Միացյալ Թագավորության ՄԻԵԴ-ի 28.05.1985 թվականի վճիռը, կետ 57):

ՄԻԵԴ-ը մեկ այլ վճռով նշել է, որ պետությունը դատարան դիմելու իրավունքից օգտվելու համար կարող է սահմանել որոշակի պայմաններ, սակայն այդ սահմանափակումները չպետք է այն կերպ կամ այն աստիճանի սահմանափակեն անձի դատարանի մատչելիության իրավունքը, որ վնաս հասցվի այդ իրավունքի բուն էությանը: Բացի դրանից, սահմանափակումը չի համապատասխանի Կոնվենցիայի 6-րդ հոդվածի  1-ին կետին, եթե այն չհետապնդի իրավաչափ նպատակ, և եթե կիրառված միջոցների ու հետապնդվող նպատակի միջև չլինի համաչափության ողջամիտ հարաբերակցություն (տե´ս Խալֆաուին ընդդեմ Ֆրանսիայի գործով ՄԻԵԴ-ի 14.03.2000 թվականի վճիռը, կետ 36):

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներում բազմիցս փաստել է, որ  Հայաստանի Հանրապետությունում երաշխավորված են անձի դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնական իրավունքները, որոնց կարևոր բաղադրիչներից մեկը բողոքարկման իրավունքն է: Բողոքարկման ինստիտուտն իրավական միջոց է, որը հնարավորություն է տալիս որոշակի ընթացակարգի միջոցով գործնականում ապահովելու դատական սխալների բացահայտումը և ուղղումը` դրանով իսկ նպաստելով արդարադատության նպատակների գործնականում իրականացմանը (տե՛ս, օրինակ, «Ֆասթ Սփլայ» ՍՊԸ-ն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի թիվ ՎԴ3/0347/05/13 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04.03.2015 թվականի որոշումը, Վարդան Աբրահամյանն ընդդեմ «Արդշինբանկ» ՓԲԸ-ի թիվ ԵԴ/17609/02/18 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 19.04.2019 թվականի որոշումը):

ՀՀ սահմանադրական դատարանը մի շարք որոշումներում արձանագրել է, որ՝

 - դատավարական որևէ առանձնահատկություն կամ ընթացակարգ չի կարող խոչընդոտել կամ կանխել դատարան դիմելու իրավունքի արդյունավետ իրացման հնարավորությունը, իմաստազրկել Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքը կամ դրա իրացման արգելք հանդիսանալ,

- ընթացակարգային որևէ առանձնահատկություն չի կարող մեկնաբանվել որպես Սահմանադրությամբ երաշխավորված՝ դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակման հիմնավորում,

- դատարանի մատչելիությունը կարող է ունենալ այնպիսի սահմանափակումներ, որոնք չեն խաթարում այդ իրավունքի բուն էությունը,

- դատարան դիմելիս անձը չպետք է ծանրաբեռնվի ավելորդ ձևական պահանջներով,

- իրավական որոշակիության ապահովման պահանջից ելնելով՝ դատարանի մատչելիության իրավունքի իրացման համար անհրաժեշտ որոշակի իմպերատիվ նախապայմանի առկայությունն ինքնին չի կարող դիտվել որպես Սահմանադրությանը հակասող: Այլ հարց է, որ նման նախապայմանը պետք է լինի իրագործելի, ողջամիտ և չհանգեցնի իրավունքի էության խախտման (տե՛ս, թիվ ՍԴՈ-652, թիվ  ՍԴՈ-690, թիվ ՍԴՈ-719, թիվ ՍԴՈ-765, թիվ ՍԴՈ-844, թիվ ՍԴՈ-873, թիվ ՍԴՈ-890, թիվ ՍԴՈ-932, թիվ ՍԴՈ-942, թիվ ՍԴՈ-1037, թիվ ՍԴՈ-1052, թիվ ՍԴՈ-1115, թիվ ՍԴՈ-1127, թիվ ՍԴՈ-1190, թիվ ՍԴՈ-1192, թիվ ՍԴՈ-1196, թիվ ՍԴՈ-1197, թիվ ՍԴՈ-1220, թիվ ՍԴՈ-1222, թիվ ՍԴՈ-1257, թիվ ՍԴՈ-1289 որոշումները):

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր անձ իրավունք ունի նույն օրենսգրքով սահմանված կարգով դիմելու դատարան` Սահմանադրությամբ, օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված կամ պայմանագրով նախատեսված իր իրավունքների և օրինական շահերի պաշտպանության համար:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 370-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վճռի դեմ ներկայացված վերաքննիչ բողոքը վերադարձնելու կամ ընդունումը մերժելու հիմքերի բացակայության դեպքում (...) վերաքննիչ դատարանը կայացնում է վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշում:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու հիմքերի բացակայության դեպքում վերաքննիչ բողոքը վերադարձվում է, եթե`

1) չեն պահպանվել նույն օրենսգրքի 368-րդ հոդվածի պահանջները

2) վերաքննիչ բողոքը բերվել է սահմանված ժամկետը լրանալուց հետո և միջնորդություն չի պարունակում բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին.

3) մինչև վերաքննիչ դատարանի կողմից բողոքը վարույթ ընդունելու մասին որոշում կայացնելը բողոք բերած անձից դիմում է ստացվել այն հետ վերցնելու մասին.

4) բողոք բերող անձի կողմից ներկայացվել է պետական տուրքի վճարումը հետաձգելու կամ դրա չափը նվազեցնելու միջնորդություն, որը մերժվել է.

5) վերաքննիչ բողոք է բերվել մեկից ավելի դատական ակտերի դեմ:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ նույն հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 4-րդ և 5-րդ կետերով նախատեսված հիմքերով վերաքննիչ բողոքը վերադարձնելուց հետո բողոքում թույլ տրված խախտումները վերացնելու ու որոշումն ստանալուց հետո` վճռի դեմ ներկայացված բողոքով 15-օրյա ժամկետում, իսկ վճարման կարգադրության կամ որոշման դեմ ներկայացված բողոքով եռօրյա ժամկետում սահմանված կարգով կրկին վերաքննիչ բողոք ներկայացնելու դեպքում այն համարվում է վերաքննիչ դատարան ներկայացված սկզբնական ներկայացման օրը։ Կրկին ներկայացված վերաքննիչ բողոքում առկա խախտումները վերացնելու համար նոր ժամկետ չի տրվում։

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվում է, եթե`

1) նույն օրենսգրքի 371-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված ժամկետում բողոք ներկայացրած անձը ներկայացրել է նոր վերաքննիչ բողոք, որում չի վերացրել վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին որոշման մեջ նշված բոլոր խախտումները, կամ բողոքը ներկայացրել է նույն օրենսգրքի 371-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված ժամկետի խախտմամբ, կամ նույն օրենսգրքի 371-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված ժամկետում ներկայացրել է պետական տուրքի գծով արտոնություն սահմանելու մասին միջնորդություն, որը մերժվել է.

2) վերաքննիչ բողոքը բերվել է սահմանված ժամկետը լրանալուց հետո, և բաց թողած ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը մերժվել է.

3) բողոքում նշված հիմքով նույն գործով վերաքննիչ դատարանն արդեն իսկ որոշում է կայացրել.

4) բողոքը ներկայացրել է այն անձը, որը դատական ակտը բողոքարկելու իրավունք չունի.

5) բողոքարկվել է այն դատական ակտը, որը ենթակա չէ բողոքարկման վերաքննության կարգով.

6) վերաքննիչ բողոքը բերվել է գույքային պահանջով քաղաքացիական գործով, եթե տվյալ գործով վեճի առարկայի արժեքը չի գերազանցում նվազագույն աշխատավարձի հիսնապատիկը, բացառությամբ այն դեպքերի, երբ բողոք բերող անձն իր վերաքննիչ բողոքում հիմնավորում է, որ առաջին ատյանի դատարանը թույլ է տվել արդար դատաքննության իրավունքի բուն էությունը խաթարող դատական սխալ.

7) բողոքարկվող դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո անցել է 20 տարի:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացված որոշումներից մեկում արձանագրել է, որ  վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու հարցը լուծելու փուլում օրենսդիրը վերաքննիչ դատարանին օժտել է բացառապես վերաքննիչ բողոքը վերադարձնելու կամ դրա ընդունումը մերժելու հիմքերի առկայությունը կամ բացակայությունը ստուգելու լիազորությամբ, քանի որ այդ հիմքերի բացակայությամբ է պայմանավորել վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշում կայացնելը: Հակառակ դեպքում համապատասխան հիմքերի առկայության պայմաններում վերաքննիչ բողոքը ենթակա է վերադարձման կամ դրա ընդունումը ենթակա է մերժման, որի պայմաններում այլևս վերաքննիչ վարույթ չի հարուցվում (տե՛ս Աշոտ Դումանյանն ընդդեմ Արամայիս, Կարեն, Էմիլ Թումանյանների և մյուսների թիվ ԵԱՔԴ/2549/02/17 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 18.12.2020 թվականի որոշումը)։

Այսպիսով՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ վերաքննիչ բողոքը վերադարձնելու և վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու հիմքերը սպառիչ թվարկված են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի համապատասխանաբար 371-րդ և 372-րդ հոդվածներում, ինչից բխում է, որ օրենսդիրը բացառել է որևէ այլ հիմքով վերաքննիչ բողոքը վերադարձնելու կամ վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու հնարավորությունը: Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ վերաքննիչ բողոքը վերադարձնելու և վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու հիմքերը սպառիչ ցանկով սահմանելը մի կողմից համահունչ է իրավական որոշակիության սկզբունքին, իսկ մյուս կողմից երաշխավորում է անձի բողոքարկման իրավունքի արդյունավետ իրացումը:

Ուստի Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բոլոր այն դեպքերում, երբ բացակայում են վերաքննիչ բողոքը վերադարձնելու կամ վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու՝ օրենքով նախատեսված հիմքերը, ապա վերաքննիչ դատարանը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 370-րդ հոդվածի 1-ին մասի ուժով պարտավոր է կայացնել վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշում:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանն անդրադառնալով վերաքննիչ բողոքը վերադարձնելու ինստիտուտին, հարկ է համարում նշել, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 5-րդ մասի ուժով վերաքննիչ բողոքը վերադարձնելուց հետո բողոք բերած անձն իրավունք ունի վճռի դեմ ներկայացված բողոքով 15-օրյա ժամկետում, իսկ վճարման կարգադրության կամ որոշման դեմ ներկայացված բողոքով եռօրյա ժամկետում վերացնել բողոքում թույլ տրված խախտումները և սահմանված կարգով կրկին վերաքննիչ բողոք ներկայացնել: Վճռաբեկ դատարանը փաստում է, որ վերաքննիչ բողոքը կրկին ներկայացվելու դեպքում վերաքննիչ դատարանը պարտավոր է քննարկման առարկա դարձնել այն հարցը, թե արդյոք բողոք բերած անձը վերաքննիչ բողոքը կրկին ներկայացրել է օրենքով սահմանված ժամկետում և արդյոք վերացրել է վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին որոշման մեջ նշված բոլոր խախտումները, հակառակ պարագայում՝ վերաքննիչ բողոքի ընդունումը ենթակա է մերժման ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի ուժով:

Այսպիսով Վճռաբեկ դատարանը փաստում է, որ օրենսդիրը վերաքննիչ դատարանին լիազորել է ստուգել կրկին ներկայացված վերաքննիչ բողոքում խախտումները շտկված լինելու հանգամանքը։ Ավելին, բողոք բերած անձի կողմից վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին որոշմամբ մատնանշված բոլոր խախտումները շտկված լինելու և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 1-ից 7-րդ կետերով սահմանված հիմքերից որևէ մեկի բացակայության պայմաններում՝ վերաքննիչ դատարանը պարտավոր է կրկին ներկայացրած վերաքննիչ բողոքն ընդունել վարույթ։

Ամփոփելով վերոշարադրյալը՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու օրենքով վերապահված լիազորությունը կիրառելիս կաշկանդված է բացառապես օրենսդրի սահմանած՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասով ամրագրված հիմքերով, հակառակ պարագայում՝ եթե վերաքննիչ դատարանն իրավասու լինի օրենքով չնախատեսված ցանկացած հիմքով մերժելու վերաքննիչ բողոքի ընդունումը, ապա կխախտվի իրավական որոշակիությունը և արդար դատաքննության իրավունքի մաս կազմող՝ դատարանի մատչելիության իրավունքը։

 

Վերը նշված իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

  Դատարանի 02.02.2022 թվականի վճռի դեմ Սիրվարդ Մանգասարյանը 01.03.2022 թվականին առձեռն եղանակով վերաքննիչ բողոք է ներկայացրել, որը ստորագրված է վերջինիս կողմից (հավելված 1-ին, գ.թ. 1-10)։

Սիրվարդ Մանգասարյանի կողմից (ներկայացուցիչ՝ Գուրգեն Թորոսյան) փոստային առաքման եղանակով 03.03.2022 թվականին վերաքննիչ բողոք է ներկայացվել Դատարանի 02.02.2022 թվականի վճռի դեմ։ Վերաքննիչ բողոքը ստորագրված է Սիրվարդ Մանգասարյանի ներկայացուցիչ՝ Գուրգեն Թորոսյանի կողմից, և վերաքննիչ բողոքը պարունակում է նաև պետական տուրքի վճարումը հետաձգելու մասին միջնորդություն (հավելված 1-ին, գ.թ. 15-31)։

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի  06.05.2022 թվականի որոշմամբ Սիրվարդ Մանգասարյանի ներկայացուցիչ Գուրգեն Թորոսյանի՝ պետական տուրքի վճարումը հետաձգելու մասին միջնորդությունը մերժվել է, և վերաքննիչ բողոքը վերադարձվել է հետևյալ պատճառաբանությամբ. «Սույն պարագայում բողոքաբերի պատճառաբանությունները` կապված անապահով վիճակում գտնվելու հետևանքով վերաքննիչ բողոքի համար նախատեսված պետական տուրք վճարել չկարողանալու հետ, դեռևս բավարար հիմք չէ բողոքաբերի գույքային դրության վերաբերյալ եզրահանգում կատարելու և, ըստ այդմ, պետական տուրքի վճարման գծով համապատասխան արտոնություն կիրառելու համար:

 Բողոք բերած անձի` գործով վերաքննիչ բողոքի համար վճարման ենթակա պետական տուրքի գումարը վճարելու հնարավորության բացակայության փաստը Վերաքննիչ դատարանի կողմից չի կարող հաստատվել առանց վերջինիս գույքային ծանր դրության վերաբերյալ ապացույցների: Իսկ նման ապացույցներ ներկայացնելու անհնարինության վերաբերյալ հիմնավորումներ ընդհանրապես բացակայում են»:

Ավելին, նույն որոշմամբ Վերաքննիչ դատարանն արձանագրել է նաև, որ «(...) Վերաքննիչ դատարանում արդեն իսկ առկա է Սիրվարդ Մանգասարյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոք, իսկ վերջինս Վերաքննիչ դատարան հասցեագրած 23.03.2022թ. գրությամբ խնդրել է բոլոր դատավարական փաստաթղթերը հանձնել կամ ուղարկել Հայկ Սողոմոնյանին՝ ք.Երևան, Գ.Նժդեհի 48/2 հասցեով, նկատի ունենալով, որ տվյալ քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում իր ներկայացուցիչն է հանդիսանալու փաստաբան Հայկ Սողոմոնյանը, կցելով իր կողմից վերջինիս տրված լիազորագրի բնօրինակը:

Փաստորեն, վերաքննիչ բողոք բերած անձի կողմից չի պահպանվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի պահանջները, ինչը նույն օրենսգրքի 371-րդ հոդվածի համաձայն՝ բողոքը վերադարձնելու հիմք է: Չի պահպանվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 6-րդ մասի դրույթները ևս (․․․)»:

Միաժամանակ, նույն որոշման եզրափակիչ մասի համաձայն, բողոքում թույլ տրված խախտումները վերացնելու համար բողոք բերած անձին տրվել է 15-օրյա ժամկետ՝ որոշումը ստանալու պահից և նշվել, որ թույլ տրված խախտումները վերացվելու և նույն ժամկետում կրկին ներկայացվելու դեպքում բողոքը համարվում է դատարանում ընդունված:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 19.05.2022 թվականի որոշմամբ Սիրվարդ Մանգասարյանի վերաքննիչ բողոքն ընդունվել է վարույթ:

Վերաքննիչ դատարանի 13.06.2022 թվականի որոշմամբ Սիրվարդ Մանգասարյանի (ներկայացուցիչ՝ Հայկ Սողոմոնյան) կողմից կրկին ներկայացված վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվել է հետևյալ հիմնավորմամբ. «(․․․) Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 6-ին մասի համաձայն` վերաքննիչ բողոքի հիմքերը և հիմնավորումները ներկայացվում են բացառապես վերաքննիչ բողոքում: Վերաքննիչ բողոք ներկայացվելուց հետո դրա հիմքերը և հիմնավորումները չեն կարող լրացվել կամ փոփոխվել, բացառությամբ վերաքննիչ բողոքը վերադարձնելուց հետո կրկին ներկայացնելու դեպքերի: Նման պայմաններում, նկատի ունենալով, որ Սիրվարդ Մանգասարյանի վերաքննիչ բողոքը ՀՀ վերաքննիչ դատարանի 19.05.2022թ. որոշմամբ ընդունվել է վարույթ, Սիրվարդ Մանգասարյանի անունից ներկայացված մեկ այլ կամ նույնանման հիմքերով և հիմնավորումներով ներկայացված վերաքննիչ բողոքը չի կարող ընդունվել վարույթ, հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 6-րդ մասի իրավակարգավորումը, համաձայն որի՝ վերաքննիչ բողոքի հիմքերը և հիմնավորումները ներկայացվում են բացառապես վերաքննիչ բողոքում, իսկ տվյալ պարագայում արդեն իսկ Սիրվարդ Մանգասարյանի կողմից ներկայացված է վերաքննիչ բողոք, որը Վերաքննիչ դատարանի կողմից ընդունվել է վարույթ:

Հետևաբար, Վերաքննիչ դատարանը գտնում է, որ նույն անձի անունից ներկայացված վերաքննիչ բողոքի վարույթ ընդունված լինելու պայմաններում, մեկ այլ` նույն անձի կողմից կրկին ներկայացված վերաքննիչ բողոքի ընդունումը ենթակա է մերժման։

Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածով` Վերաքննիչ դատարանը (․․․)»:

Վերաքննիչ դատարանի պատճառաբանություններից հետևում է, որ Սիրվարդ Մանգասարյանի (ներկայացուցիչ՝ Հայկ Սողոմոնյան) կողմից կրկին ներկայացրած վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվել է այն պատճառաբանությամբ, որ վերաքննիչ բողոքի հիմքերը և հիմնավորումները ներկայացվում են բացառապես վերաքննիչ բողոքում, իսկ տվյալ որոշման կայացման ժամանակ, արդեն իսկ առկա էր Սիրվարդ Մանգասարյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոք, որը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 19.05.2022 թվականի որոշմամբ ընդունվել էր վարույթ։

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի «Վերաքննիչ բողոքի ձևը և բովանդակությունը» վերտառությամբ 368-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ Վերաքննիչ բողոքի հիմքերը և հիմնավորումները ներկայացվում են բացառապես վերաքննիչ բողոքում: Վերաքննիչ բողոք ներկայացվելուց հետո դրա հիմքերը և հիմնավորումները չեն կարող լրացվել կամ փոփոխվել, բացառությամբ վերաքննիչ բողոքը վերադարձնելուց հետո կրկին ներկայացնելու դեպքերի:

Վերոնշյալի վերլուծության արդյունքում, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանվում է՝ վերաքննիչ բողոքի հիմքերն ու հիմնավորումները վերաքննիչ բողոքում ներկայացնելու պահանջ, որը վերաբերելի չէ խախտումներով ներկայացված վերաքննիչ բողոքը վերադարձնելուց հետո կրկին ներկայացված բողոքի ընդունելության հարցը լուծելու դեպքին։ Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու հիմքերը սահմանված են բացառապես ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի  372-րդ հոդվածով։

Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի կողմից կիրառված՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի  6-րդ մասը կիրառելի չէ վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու հիմքերի ստուգման նկատմամբ, քանի որ Վերաքննիչ դատարանը պետք է առաջնորդվեր և կիրառեր բացառապես ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված հիմքերից որևէ մեկը։ Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի որոշման պատճառաբանական մասում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի վկայակոչմանը, ապա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը թեև նշել է, որ նշված որոշումը կայացնելիս ղեկավարվել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածով, սակայն չի պատճառաբանել, թե վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի որ կետով սահմանված հիմքով է առաջնորդվել, այդպիսով կայացնելով ոչ իրավաչափ որոշում։

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ կրկին ներկայացված վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու հարցը քննելիս Վերաքննիչ դատարանն առաջնահերթ պարտավոր էր պարզել, թե արդյոք վերաքննիչ բողոք բերած անձի կողմից վերացվել են ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 06.05.2022 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշմամբ արձանագրված խախտումները, ինչը, սակայն, քննության առարկա չի դարձվել։

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 1-ին մասի և 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի 13.06.2022 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը վերացնելու համար:

Հաշվի առնելով վերոնշյալ հանգամանքը, ինչպես նաև այն, որ Վերաքննիչ դատարանն ըստ էության դուրս է եկել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված՝ վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու հիմքերի շրջանակից, չի պարզել և գնահատել կրկին ներկայացված վերաքննիչ բողոքում խախտումները վերացված լինելու հանգամանքը, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ որոշումը վերացնելով անհրաժեշտ է գործն ուղարկել Վերաքննիչ դատարան՝ կրկին ներկայացված վերաքննիչ բողոքում խախտումները վերացված լինելու և վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու հարցը պարզելու համար։  

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 13.06.2022 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը և Սիրվարդ Մանգասարյանի ներկայացրած վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու հարցը պարզելու համար գործն ուղարկել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող

Մ. Դրմեյան

Զեկուցող

Ա. Մկրտչյան

Ս. Անտոնյան

Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ

Գ. Հակոբյան

Ս. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 21 մարտի 2023 թվական: