Գլխավոր տեղեկություն
Համար
ԲԴԽ-20-Ո-Կ-9
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (27.02.2023-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.03.20-2023.04.02 Պաշտոնական հրապարակման օրը 22.03.2023
Ընդունող մարմին
Բարձրագույն դատական խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
27.02.2023
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
27.02.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.02.2023

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

 

ԲԴԽ-20-Ո-Կ-9

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ԶԱՐՈՒՀԻ ՆԱԽՇՔԱՐՅԱՆԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ`

ՀԵՏԵՎՅԱԼ ԿԱԶՄՈՎ՝

 

Բարձրագույն դատական խորհրդի

նիստը նախագահող

 


Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆԻ

մասնակցությամբ՝ անդամներ

Հ. ԳՐԻԳՈՐՅԱՆԻ
Ե. ԹՈՒՄԱՆՅԱՆՑԻ

 

Դ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆԻ

 

Մ ՄԱԿՅԱՆԻ

 

Ա. ՄԽԻԹԱՐՅԱՆԻ

 

Ք. ՄԿՈՅԱՆԻ
Ս. ՉԻՉՈՅԱՆի
Վ. ՔՈՉԱՐՅԱՆԻ

 

 

Արդարադատության նախարարի տեղակալ

 

Լ. ԲԱԼՅԱՆԻ

Արդարադատության նախարարի ներկայացուցիչներ

Ա. ՍՈՒՋՅԱՆԻ
Հ. ՍԱՆՈՅԱՆԻ
 

Երևան քաղաքի առաջին ատյանի

ընդհանուր իրավասության քաղաքացիական

դատարանի դատավոր

 



Զ. ՆԱԽՇՔԱՐՅԱՆԻ

Երևան քաղաքի առաջին ատյանի

ընդհանուր իրավասության քաղաքացիական

դատարանի դատավորի ներկայացուցիչներ



Ս. ՍԱՀԱԿՅԱՆԻ
Ռ. ՄԵԼԻՔՅԱՆԻ
 

քարտուղարությամբ՝

Թ. ՂՈՒԿԱՍՅԱՆԻ

2023 թվականի փետրվարի 27-ին  ք. Երևանում

 

դռնբաց նիստում, քննության առնելով Արդարադատության նախարարի՝ «Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությամբ Բարձրագույն դատական խորհրդին դիմելու մասին» 2023 թվականի հունվարի 31-ի թիվ 9-Ա որոշումը և կից ներկայացված փաստաթղթերը.

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի նախապատմությունը

Կարգապահական վարույթ հարուցելու առիթ են հանդիսացել զանգվածային լրատվության միջոցների՝ «yerevan.today», «pastinfo.am», «irakanum.am» լրատվական կայքերում կատարված և «Facebook» սոցիալական կայքում «Zaruhi Danielyan» օգտատիրոջ կողմից կատարված հրապարակումները՝ Աննա Փիլոսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննության և այդ հարցի վերաբերյալ կայացված որոշման առնչությամբ:

Արդարադատության նախարարի մամուլի քարտուղար Մարիամ Մելքումյանը 29.12.2022 թվականին ներկայացրել է զեկուցագիր (այսուհետ՝ Զեկուցագիր)՝ զանգվածային լրատվության միջոցի հրապարակման առիթով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հիմքերի ուսումնասիրություն իրականացնելու անհրաժեշտությունը դիտարկելու վերաբերյալ:

Զեկուցագրի ուսումնասիրության արդյունքում հայտնի դարձածի հիման վրա Արդարադատության նախարարն (այսուհետ նաև՝ Նախարար) Արդարադատության նախարարության վերահսկողական վարչությանը հանձնարարել է իրականացնել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հիմքերի ուսումնասիրություն:

Նախարարի 09.01.2023 թվականի թիվ 2-Ա որոշմամբ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանի (այսուհետ նաև՝ Դատավոր) նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ։

Նախարարի 31.01.2023 թվականի թիվ 9-Ա որոշմամբ միջնորդություն է ներկայացվել Բարձրագույն դատական խորհուրդ (այսուհետ նաև՝ Խորհուրդ)՝ Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ:

Խորհուրդը 21.02.2023 թվականի արձանագրային որոշմամբ բավարարել է Խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանի կողմից ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունը:

 

2. Վարույթ հարուցած մարմնի դիրքորոշումը

Նախարարը նշել է, որ ՀՀ սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի, 63-րդ հոդվածի 1-ին մասի, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի (այսուհետ նաև՝ Օրենսգիրք) 67-րդ հոդվածի 1-ին մասի, 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 6-րդ և 7-րդ կետերի, 90-րդ հոդվածի 2-րդ մասի համադրության արդյունքում ստացվում է, որ դատավորը ցանկացած պարագայում պետք է ձեռնպահ մնա դատարանում քննվող որևէ գործի վերաբերյալ հրապարակային կարծիք հայտնելուց: Բացի այդ, դատավորներին արգելվում է հրապարակայնորեն կասկածի տակ առնել դատարանի կողմից կայացված դատական ակտերը:

Վկայակոչելով ՄԱԿ-ի տնտեսական և սոցիալական խորհրդի 2006 թվականի թիվ 2006/23 բանաձևով հաստատված Դատավորների վարքագծի բանգալորյան սկզբունքների (այսուհետ՝ Բանգալորյան սկզբունքներ) 2.4-րդ, 4-րդ կետերը, Բանգալորյան սկզբունքների մեկնաբանությունները1՝ վարույթ հարուցող մարմինը նշել է, որ Խորհուրդը Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Փիլոսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը քննելիս գործել է որպես դատարան, իսկ տվյալ հարցի (դատական գործի) քննության արդյունքում կայացվող որոշումը հանդիսանում է դատական ակտ՝ վկայակոչված վարքագծի կանոնների պահանջների համատեքստում:

Սույն գործի փաստերի համաձայն՝ Դատավորն Աննա Փիլոսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ որոշման հրապարակմանը նախորդող օրն իր գնահատականներն է տվել դատավոր Աննա Փիլոսյանի վերաբերյալ քննվող գործի առնչությամբ՝ մատնացույց անելով դատավորի ծանրաբեռնվածության մակարդակը (5000-ից ավել գործ) և նրան վերագրվող խախտումը՝ 4 գործով վճիռը տևական ժամանակ ուշացնելու վերաբերյալ։ Տվյալ դեպքում դատավոր Աննա Փիլոսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննության պայմաններում Դատավորի կողմից դատարանի ծանրաբեռնվածության մակարդակը մատնացույց անելը և «մեղադրանքի» արդարացիությունը գնահատելուն ուղղված կոչն ուղղակիորեն ի ցույց է դնում Դատավորի կարծիքը՝ դատարանում քննվող դատական գործի վերաբերյալ, ընդ որում՝ նման դատողությունները վկայում են Դատավորի՝ գործընթացի նկատմամբ ունեցած բացասական վերաբերմունքի և դրա, իր գնահատմամբ, ոչ արդարացի լինելու մասին:

Նման գնահատականների առկայությունն օբյեկտիվ և անաչառ դիտորդի աչքերում ստեղծում է կարծիք՝ Դատավորի՝ Աննա Փիլոսյանին վերագրվող կարգապահական խախտմանն անհամաձայնության և գործընթացի անարդար որակելու վերաբերյալ, ինչի մասին է վկայում նաև «yerevan.today» լրատվական կայքի կողմից հրապարակմանը տրված վերնագիրն առ այն, որ՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանը ֆեյսբուքյան իր էջում ահազանգել է դատավոր Աննա Փիլոսյանի վարույթով հնարավոր անարդար վճռի մասին: Արդյունքում, Դատավորն իր կատարած հրապարակմամբ կասկածի տակ է դրել նաև դատավոր Աննա Փիլոսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու գործընթացի արդար իրականացումը։

Հաջորդիվ՝ Դատավորը, անդրադառնալով Խորհրդի որոշմամբ դատավոր Աննա Փիլոսյանի լիազորությունները դադարեցնելու հարցին, «Facebook» սոցիալական կայքում իր հրապարակմամբ, «pastinfo.am», «irakanum.am» լրատվական կայքերին տված հարցազրույցներում իր հրապարակային կարծիքն է հայտնել կայացված դատական ակտի վերաբերյալ: Մասնավորապես Դատավորն իր դրական վերաբերմունքն է արտահայտել դատավոր Աննա Փիլոսյանի առնչությամբ, որն ի թիվս այլնի, դրսևորվել է հետևյալում.

 Դատավորն առանձնացրել է դատավոր Աննա Փիլոսյանի լիազորությունները դադարեցնելու՝ որպես կարգապահական տույժի տեսակ նշանակելուն կողմ քվեարկած Խորհրդի անդամներին մնացյալից՝ ընդգծելով հենց նրանց՝ իրենց կայացրած որոշման հետ ապրելու պարտականությունը,

 Դատավորը ներկայացրել է իր կարծիքն առ այն, որ տվյալ որոշումը չէր կարող կայացվել այն պարագայում, երբ առկա է դատարանների գերծանրաբեռնվածության խնդիրը,

 կայացված որոշումը որպես հիմք ընդունելով՝ Դատավորը գնահատականներ է տվել պետության կողմից իր պոզիտիվ պարտականությունը չկատարելու (դատարանների գերծանրաբեռնվածության խնդիրը լուծելու) փոխարեն անհատ դատավորներին կարգապահական տույժի ենթարկելու մասին,

 կայացված որոշումը որպես հիմք ընդունելով՝ պետության կողմից ծանրաբեռնվածության հարցին լուծում չտալը Դատավորը գնահատել է որպես միտում՝ դատավորներին Խորհրդի առաջ պատասխանատվության կանգնեցնելու նպատակով,

 Դատավորը Խորհրդի որոշումը գնահատել է որպես անակնկալ որոշում և խնդրահարույց համաչափության տեսանկյունից:

Նշված բոլոր դատողություններով և հրապարակային գնահատականներով Դատավորն ուղղակիորեն կասկածի տակ է դրել Խորհրդի՝ որպես դատարանի գործողությունները և նրա կողմից Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Փիլոսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ կայացրած դատական ակտը՝ գնահատելով կայացված որոշումը խնդրահարույց համաչափության տեսանկյունից: Միաժամանակ, կայացված դատական ակտը Դատավորի կողմից հրապարակայնորեն կասկածի տակ առնելու մասին են վկայում նաև իր կարծիքով տվյալ որոշումը գերծանրաբեռնվածության պայմաններում կայացնելու հնարավորության բացառումը, Խորհրդի կողմից դատական ակտի կայացումն իրավական դրդապատճառներից զատ այլ հանգամանքների հետ կապելը, ինչպես նաև ծանրաբեռնվածությունը որպես Դատավորի վրա ազդեցության կամայական և միտումնավոր գործիք կիրառելու մասին դատողությունները:

Միևնույն ժամանակ դատավոր Աննա Փիլոսյանի լիազորությունները դադարեցնելու՝ որպես կարգապահական տույժի տեսակ նշանակելուն կողմ քվեարկած Խորհրդի անդամներին մնացյալից առանձնացնելը՝ ընդգծելով հենց նրանց՝ իրենց կայացրած որոշման հետ ապրելու պարտականությունը, վկայում է, որ ըստ Դատավորի կարծիքի՝ կողմ քվեարկած դատավորները մասնակցել են ոչ օրինական դատական ակտի կայացմանը:

Դատավորի կողմից այլ դատարանի կայացրած դատական ակտերին նման գնահատականներ տալը և դրանց իրավաչափությունը հրապարակայնորեն կասկածի տակ առնելը վտանգում է դատական իշխանության հեղինակությունը և նվազեցնում է հանրության վստահությունը դատական իշխանության նկատմամբ։

Նախարարը վերոգրյալի հիման վրա փաստել է, որ Դատավորն իր դրսևորած վարքագծով թույլ է տվել Օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 6-րդ և 7-րդ կետերով սահմանված վարքագծի կանոնների խախտումներ:

Անդրադառնալով մեղքի ձևին, վկայակոչելով Օրենսգրքի 142-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը, նույն հոդվածի 4-րդ մասը՝ Նախարարը նշել է, որ հարուցված կարգապահական վարույթի փաստերի և կատարված իրավական վերլուծության համադրման արդյունքում, Դատավորի կողմից դատավարական իրավունքի նորմերի խախտումները կատարվել են դիտավորությամբ, քանի որ ցանկացած հարցի վերաբերյալ կարծիք արտահայտելու փաստը (այդ թվում՝ կայացված դատական ակտի իրավաչափությունը կասկածի տակ դնելը) ինքնին ենթադրում է անձի սուբյեկտիվ, գնահատողական վերաբերմունքի արտացոլում այս կամ այն հանգամանքի վերաբերյալ. կարծիքի արտահայտումը չի կարող դրսևորվել անձի՝ իր արտահայտած խոսքով սոսկ փաստերի շարադրանքի և այդ փաստերի առնչությամբ սուբյեկտիվ ընկալման արտահայտման միջև տարբերակման սահմանագիծը չգիտակցելու եղանակով: Միաժամանակ, Դատավորն իր ներկայացրած բացատրությամբ, ըստ էության, արձանագրել է, որ նման վարքագծի դրսևորումն իր գիտակցված գործողությունների արդյունք է և պայմանավորված է իր՝ ՀՀ սահմանադրությամբ երաշխավորված իրավունքների իրացմամբ: Հետևաբար վերոգրյալի արդյունքում Դատավորը գիտակցել է իր վարքագծի ոչ իրավաչափ բնույթը և վարքագծի կանոնների խախտումները կատարվել են դիտավորությամբ:

Անդրադառնալով Դատավորի՝ իր բացատրությամբ ներկայացրած փաստարկին առ այն, որ ՀՀ սահմանադրությամբ ամրագրված խոսքի ազատությունից օգտվում է նաև դատավորը, մասնավորապես, երբ խոսքը վերաբերում է դատական իշխանությանը՝ Նախարարը, վկայակոչելով ՀՀ սահմանադրության 42-րդ հոդվածի 1-ին, 3-րդ մասերը, Բանգալորյան սկզբունքների 4.6-րդ կետը, նշել է, որ վկայակոչված սկզբունքի բովանդակությունից հետևում է, որ ինչպես ցանկացած քաղաքացի, այնպես էլ՝ դատավորն ունի ազատ արտահայտվելու իրավունք, սակայն դատավորի կողմից այդ իրավունքի իրականացումը պետք է կատարվի զգուշորեն, իր բարձր պաշտոնի համբավը չվնասելու և իր ազատ արտահայտվելու իրավունքի իրականացման շրջանակում կատարված արտահայտությունները դատական իշխանության անաչառության և անկախության հետ անհամատեղելի չդիտվելու նկատառմամբ: Բանգալորյան սկզբունքների վերոնշյալ կետի բովանդակությունը բացահայտված է Բանգալորյան սկզբունքների մեկնաբանությամբ: Մասնավորապես, Բանգալորյան սկզբունքների մեկնաբանությամբ նշված է, որ դատավորն իր պաշտոնը ստանձնելուց հետո չի կորցնում ազատ արտահայտվելու իրավունքը, ինչպես նաև նախկինում ձևավորված իր քաղաքական համոզմունքները և քաղաքական հարցերում հետաքրքրվածություն ունենալու հնարավորությունը: Այնուամենայնիվ, նշված իրավունքների իրականացումը պետք է սահմանափակվի դատական իշխանության անաչառության և անկախության նկատմամբ հանրության վստահությունը չնվազեցնելու նկատառմամբ: Այս կապակցությամբ դատավորի կամ դատական իշխանության կողմից հանրային հնչեղություն ունեցող հարցերի (public debate) քննարկմանը ներգրավվելու աստիճանի պատշաճությունը գնահատելու առաջնորդվելու հիմք հանդիսացող չափանիշներից մեկն էլ այն հանգամանքն է, թե արդյո՞ք դատավորի կողմից հանրային հնչեղություն ունեցող հարցի քննարկմանը ներգրավվելը կամ դրա կապակցությամբ կարծիք հայտնելը ողջամտորեն նվազեցնում է դատավորի անաչառության վերաբերյալ վստահությունը2:

Ըստ Բանգալորյան սկզբունքների մեկնաբանությունների՝ կան սահմանափակ հանգամանքներ, երբ դատավորը կարող է պատշաճ կերպով բարձրաձայնել քաղաքականապես վիճելի հարցի մասին, այն է՝ երբ հարցն ուղղակիորեն ազդում է դատարանների գործունեության, դատական իշխանության անկախության վրա (ինչը կարող է ներառել դատավորների աշխատավարձերը կամ սոցիալական երաշխիքները), արդարադատության իրականացման կամ դատավորի անձնական անձեռնմխելիության հիմնարար ասպեկտները: Այնուամենայնիվ, նույնիսկ այս հարցերում դատավորը պետք է գործի մեծ զսպվածությամբ։ Թեև դատավորը կարող է հրապարակայնորեն Կառավարության ուշադրությունը հրավիրել նշված հարցերին, սակայն դա չպետք է դիտվի որպես «լոբբիստական» որպես Կառավարության ուղղորդում, կամ ինչ-որ կերպ ցույց տա, թե նա ինչպես որոշում կկայացնի, եթե տվյալ հարցի լուծումը տրվի դատարանին: Ավելին, դատավորը պետք է հիշի, որ իր հրապարակային մեկնաբանությունները կարող են ընկալվել որպես դատական իշխանության տեսակետների արտացոլում. դատավորի համար երբեմն կարող է դժվար լինել արտահայտել այնպիսի կարծիք, որը կընդունվի որպես զուտ անձնական, այլ ոչ թե ընդհանրապես դատական իշխանությանը3:

Վերը նշված իրավական նորմերը և մեկնաբանությունները, ինչպես նաև սույն որոշման շրջանակներում վկայակոչված վարքագծի կանոնները համադրելով տվյալ գործի փաստական հանգամանքների հետ՝ վարույթ հարուցող մարմինն արձանագրել է, որ չնայած այն հանգամանքին, որ կարծիքի ազատ արտահայտման հիմնարար իրավունքը տարածվում է նաև դատավորների վրա, այնուամենայնիվ, այն ունի որոշակի սահմանափակումներ Օրենսգրքով ամրագրված վարքագծի կանոնների համատեքստում: Ընդ որում՝ դատավորը, ստանձնելով իր պաշտոնը, գնում է նման գիտակցված սահմանափակման և դատավորի կարծիքի ազատ արտահայտման սահմանափակումը, այդ թվում՝ որոշակի կոնկրետ հարցերի վերաբերյալ կարծիքի արտահայտման բացառումը (ի տարբերություն հասարակության այլ անդամների), պայմանավորված է բացառապես դատական իշխանության հեղինակությունը և անկախությունը բարձր պահելու անհրաժեշտությամբ: Արդյունքում, վերոգրյալի լույսի ներքո Դատավորի ներկայացրած փաստարկները հիմնավոր չեն:

 

3 Դատավորի դիրքորոշումը հարուցված կարգապահական վարույթի վերաբերյալ

Դատավորը Նախարարին ներկայացրած բացատրությամբ, վկայակոչելով ՀՀ սահմանադրության 42-րդ հոդվածի 1-ին մասը, նշել է, որ ՀՀ սահմանադրությամբ ամրագրված խոսքի ազատությունից օգտվում է նաև դատավորը, մասնավորապես, երբ խոսքը վերաբերում է դատական իշխանությանը, որպիսի իրավունքը երաշխավորված է եվրոպական իրավակարգավորուﬓերով և Եվրոպական դատարանի նախադեպային որոշուﬓերով, հետևաբար առաջարկել է 09.01.2023 թվականին հարուցված կարգապահական վարույթը կարճել` վերը նշված հիﬓավորմամբ:

Դատավորն Օրենսգրքի 148-րդ հոդվածի 8-րդ մասով սահմանված երկշաբաթյա ժամկետում Խորհրդին չի ներկայացրել պատասխան՝ իրեն կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդության վերաբերյալ, սակայն 22.02.2023 թվականին Խորհրդում տեղի ունեցած նիստում ներկայացրած դիրքորոշմամբ, առարկելով միջնորդության դեմ, ըստ էության հայտնել է, որ Արդարադատության նախարարությունն իր արարքներում կարգապահական զանցակազմ է նկատել չորս դրվագով։ Առաջին դրվագով իրեն վերագրվում է Օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով նախատեսված խախտումը, այն է՝ դատարանում քննվող գործի վերաբերյալ հրապարակայնորեն կարծիք հայտնելը, իսկ երկրորդից չորրորդ դրվագներով՝ Օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով նախատեսված խախտումը, այն է՝ դատական ակտերը հրապարակայնորեն կասկածի տակ առնելը։

Դատավորը հայտնել է, որ առաջին դրվագով իր հրապարակային խոսքը, Բարձրագույն դատական խորհրդում քննվող գործի մասով, առհասարակ որևէ կարծիք չի պարունակել։ Այն ուղղակիորեն որևէ հարցի շուրջ կարծիք չի պարունակել։ Իսկ եթե այլ անձանց, օրինակ՝ որևէ լրատվամիջոցի կամ Արդարադատության նախարարության ընկալումների հաշվառմամբ այդ խոսքից հնարավոր է բխեցնել որևէ հարցի շուրջ անուղղակի կարծիք, ապա այն վերաբերել է բացառապես Արդարադատության նախարարության գործողություններին և հաստատապես չի վերաբերել Խորհրդին։

Երկրորդ դրվագի մասով Դատավորը հայտնել է, որ իր հրապարակային խոսքը պարունակել է երկու բաղադրիչ. առաջին բաղադրիչով դրական գնահատական է արտահայտվել մեկ այլ դատավորի վերաբերյալ, և այդ փաստը Նախարարի կողմից ներառվել է կարգապահական զանցակազմում։ Քանի որ իր և իր ներկայացուցիչների հարցերին ի պատասխան՝ Արդարադատության նախարարության ներկայացուցիչը հայտարարել է, որ այդ գնահատականը պարսավելի արարք չէ, ուստի ձեռնպահ են մնում այս մասով դիրքորոշում հայտնելուց։ Երկրորդ բաղադրիչը իրենից ներկայացնում է ընդհանուր բնույթի, չեզոք դատողություն, որով ինքն արձանագրել է անվիճելի իրողություն, այն է՝ ցանկացած դատավոր, այդ թվում ինքը՝ Զարուհի Նախշքարյանը, պատասխանատու է իր կայացրած ցանկացած դատական ակտի համար, և այդ իրողությունը դատական իշխանության անխզելի բնութագրիչն է։ Տվյալ դեպքում խնդրո առարկա դատական ակտը որպես այդպիսին ընդունել են Խորհրդի վեց անդամներ, որոնք կողմ են քվեարկել որոշմանը՝ ամբողջությամբ։ Հետևաբար իր խոսքի տրամաբանությունը չէր կարող վերաբերվել Խորհրդի ոչ այն անդամներին, որոնք մասնակիորեն դեմ են քվեարկել խնդրո առարկա դատական ակտի ընդունմանը, ոչ էլ այն անդամներին, որոնք առհասարակ չեն մասնակցել տվյալ հարցի քննարկմանը։ Այս առումով Արդարադատության նախարարության մեկնաբանությունը հեռու է սկզբնաղբյուրի թե տեքստից և թե տրամաբանությունից։

Դատավորը երրորդ դրվագի մասով նշել է, որ իրեն վերագրված խոսքն առհասարակ հանված է համատեքստից, ընդ որում, դա կատարվել է անգամ նույն նախադասությունը մասնատելու եղանակով։ Այնուհանդերձ, նույնիսկ նախարարության կատարած ծաղկաքաղն ակներև, ի ցույց է դնում իր քննադատական խոսքի հասցեատիրոջը, այն է՝ օրենսդիր և գործադիր իշխանությունը, որոնք օժտված են հանրային խնդիրները, տվյալ դեպքում՝ դատավորների գերբեռնվածության հարցը լուծելու լայն գործիքակազմով՝ օրինագծերի մշակում, ընդունում, կիրառում։ Որևէ կերպ ինքը նկատի չի ունեցել Խորհրդին, որովհետև տվյալ ոլորտում այն չունի որևէ լիազորություն։ Ավելին, այն չունի դերակատարություն նաև դատաիրավական բարեփոխումների ռազմավարության վերաբերելի մասով։ Հետևաբար այս քննադատական խոսքը ոչ կարող էր վարկաբեկել դատական իշխանությունը, ոչ նվազեցներ հանրության վստահությունը դատական իշխանության նկատմամբ, ոչ էլ կասկածի տակ առներ որևէ դատական ակտ։

Չորրորդ դրվագը հետևյալ հրապարակային խոսքն է. «ԲԴԽ որոշումն ինձ համար անակնկալ էր և խնդրահարույց համաչափության տեսանկյունից»։

Դատավորը նշել է, որ այստեղ ինքն արտահայտել է երկու միտք, առաջին՝ գնահատողական դատողություն առ այն, որ ինքը չի ակնկալել նման դատական ակտ, և երկրորդ՝ փաստական տվյալ առ այն, որ համաչափության մասով դատական ակտը միանշանակ չի եղել այն իմաստով, որ Խորհրդի 8 անդամներից 2-ը՝ մեկ քառորդ տոկոսը, այլ մոտեցում են ունեցել պատասխանատվության միջոցի համաչափության մասով։ Նշվածը լրացուցիչ հիմնավորվում է այն փաստարկով, որ եթե ինքը ցանկանար գնահատական հայտնել և կասկածի տակ դնել դատական ակտը, ապա «խնդրահարույց է» ձևակերպումից հետո չէր օգտագործի «համաչափության մասով» արտահայտությունը։ Այստեղ առանցքային կարևորություն ունի «խնդրահարույց» բառը։ Ըստ Արդարադատության նախարարության մեկնաբանման՝ այն նշանակում է «անհամաձայնություն», այնինչ այդ բառը չունի նման բառարանային նշանակություն, վերաբերելի բառարանային նշանակությունն է՝ «վիճելի», այսինքն՝ ոչ միանշանակ լինելը (տե՛ս Սեդա Էլոյան, «Արդի հայերենի նորաբանությունների բառարան», Եր. 2002, էջ 214)։

Դատավորը նշել է նաև, որ բոլոր չորս դրվագներով իր խոսքը դիտվել է որպես կարգապահական խախտում ոչ թե ինքնին, այլ՝ Արդարադատության նախարարության մատուցած ընկալումներով և մեկնաբանություններով։ Մինչդեռ դատավորը չի կարող պատասխանատվություն կրել նախարարության ընկալումների և մեկնաբանությունների համար, մանավանդ այն պայմաններում, երբ ընկալումների և մեկնաբանությունների հեղինակ-հաստատությունը չի կարող դիտվել որպես անկողմնակալ դիտորդ հենց Խորհրդի սահմանած չափորոշիչներով. «Գործով անկողմնակալ կարող է լինել այն սուբյեկտը, որը որևէ անմիջական առնչություն չունի տվյալ գործի հետ» (29.11.2021թ. թիվ ԲԴԽ-84-Ո-Կ-24 որոշում, էջ 20, վերջին պարբերություն)։ Այս չափորոշչին Նախարարն ակնհայտ չի համապատասխանում այն փաստով, որ հանդիսացել է խնդրո առարկա կարգապահական վարույթի նախաձեռնող և դատավարական կողմ։

21.02.2023 թվականին Խորհրդում տեղի ունեցած նիստում Դատավորի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը միջնորդել է կարգապահական պատասխանատվության ենթարկելու վարույթը կարճել։ Մասնավորապես ըստ ներկայացուցչի՝ տվյալ դեպքում առկա է նախորդող գործընթացի օրինականության առումով խնդիր և շահերի բախման հարց, այս գործով վարույթ հարուցելիս նախարարությունը գործել է շահերի բախման վիճակում և քննադատության հասցեատերն օբյեկտիվորեն եղել է մեծամասամբ նախարարությունը, գործադիր իշխանությունը և սա նաև առաջացրել է ինստիտուցիոնալ բախում:

Այսպես, ըստ ներկայացուցչի՝ օրինականության մասով՝ Օրենսգրքի 146-րդ հոդվածի 1-ին մասը թվարկում է կարգապահական վարույթ հարուցելու առիթները, որոնց մեջ կա երկու առանձին առիթ, մեկը՝ կարգապահական խախտման մասին զանգվածային լրատվական միջոցների հրապարակումն է, որի տակ ինքը չի հասկանում ցանկացած հրապարակում, այլ հրապարակումներ, որոնց նպատակը կարգապահական զանցանքի վերաբերյալ փաստեր և տեղեկություններ հանրությանը ներկայացնելն է: Հաջորդը՝ վարույթ հարուցող մարմնի կողմից իր լիազորություններն իրականացնելիս առերևույթ կարգապահական խախտման հատկանիշներ պարունակող արարքի ինքնուրույն հայտնաբերումը: Այստեղ հասկանալի է, որ մարմինն անձնավորված է և հենց նախարարն է, և նախարարության որևէ այլ պաշտոնյա չի կարող նախարարի լիազորություններն այդ ոլորտում իրականացնել: Նշել է, որ այստեղ կա շեշտադրում՝ ինքնուրույն հայտնաբերումը: Սույն դեպքում որպես առիթ նշված են զանգվածային լրատվական միջոցների կողմից կատարված հրապարակումները, բայց ավելի խորքային դիտարկելու պարագայում իրականում նախարարության կողմից կարգապահական խախտման հատկանիշներ պարունակող արարքի հայտնաբերումն է, որն ըստ պաշտոնական վարկածի կատարել է մամուլի քարտուղարը:

Նշել է նաև, որ մամուլի քարտուղարի մասով վարույթ հարուցող մարմնի ներկայացուցիչների կողմից մատնանշած փաստաթուղթը որևէ կարգավորում չունի, ի սկզբանե նախարարի հրամանն իր սկզբնական տեքստում ունեցել է կարգավորումներ կապված հասարակայնության հետ կապերի վարչության կառուցվածքի հետ, որը հետագայում ուժը կորցրած է ճանաչվել, որտեղ հանգամանալից կարգավորումներ մամուլի քարտուղարի մասով պարզապես բացակայում են և միակ փաստաթուղթն իրավական առումով, որ կարող է կողմնորոշիչ լինել՝ կանոնադրությունն է: Դրանով հիմնականում կարգավորվում են այլ երկրների տեղեկատվության միջոցների հետ գործունեությունը, ասուլիսները, ճեպազրույցները, բուն իր գործունեության պլանավորման և իրականացման հետ կապված հարցերը, նախարարի հարցազրույցները, ասուլիսները, հանդիպումները զանգվածային լրատվական միջոցների ներկայացուցիչների հետ: Որևէ տեղ մշտադիտարկման կամ մամուլի հրապարակումների ուսումնասիրության մասին խոսք չի գնում: Որոշ ստորաբաժանումների առնչությամբ, որոնց մեջ նշված չէ մամուլի քարտուղարը, օրինակ ներկայացված է զեկուցագիրը: 13-րդ հավելվածի 10-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն՝ նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների, գրասենյակների, նախարարության համակարգում գործող կազմակերպությունների կողմից իրենց գործառույթների իրականացման ընթացքում դատավորի թույլ տված առերևույթ կարգապահական խախտման առնչվելու դեպքում վերջիններիս կողմից նախարարին ներկայացված զեկուցագրի հիման վրա նախարարի հանձնարարությամբ վարույթ հարուցելու հիմքերի վերաբերյալ նյութերի ուսումնասիրությունը, քննարկումը և վերլուծությունը:

Ինչ վերաբերվում է մամուլի քարտուղարին, ապա նա իրավասու չէ առհասարակ զեկուցագիր կազմել, կա մի մեխանիզմ, որն առնչվում է քարտուղարից ստացված տեղեկատվության հիման վրա նախարարի հանձնարարությամբ զանգվածային լրատվական միջոցների համապատասխան հրապարակումների, այսինքն՝ կարգապահական խախտման մասին հրապարակումների առիթով կարգապահական վարույթ հարուցելու հիմքերի վերաբերյալ նյութերի ուսումնասիրությունը, քննարկումը, վերլուծությունը:

Այսինքն՝ հստակ է, որ ողջ շղթայի տրամաբանությունը խախտված է եղել, ավելին՝ ըստ նախարարության պարզաբանման՝ բանավոր հանձնարարությունը, ըստ իրեն, ավելի մտահոգիչ է, տպավորություն է ձևավորվում, որ նախարարը մամուլի քարտուղարին տվել է բանավոր հանձնարարություն, որի առարկան որոշակիացված չէ, ողջամտորեն կարող է պնդել, որ դա մասնավորեցված է, կոնկրետ անձի է առնչվում, հաշվի առնելով շահերի բախման հարցը, որից հետո մամուլի քարտուղարը, վերազանցելով օրենսդրությամբ նախատեսված իր լիազորությունների շրջանակը, միջամտելով դատական գործունեությանը, չունենալով զեկուցագիր կազմելու և նախարարին ներկայացնելու որևէ գործառույթ, պարտականություն, դա իրականացրել է, որի հիման վրա նախարարը հանձնարարել է վերահսկողական վարչությանն իրականացնել հիմքերի ուսումնասիրություն: Ինչ վերաբերում է նախարարության ներկայացուցիչների պարզաբանմանն առ այն, որ ուսումնասիրության արդյունքում կազմվել է նախագիծ, բայց գործառույթները բաժանված են երկու տարբեր գործառույթի՝ հարուցելու հիմքերի վերաբերյալ ուսումնասիրությունը, քննարկումը, վերլուծությունը և կարգապահական վարույթ չհարուցելու վերաբերյալ պատասխանի նախագծի, դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու, հարուցված կարգապահական վարույթը կարճելու, միջնորդությամբ Խորհրդին դիմելու վերաբերյալ նախարարի որոշումների նախագծերի պատրաստում, ապա ըստ Դատավորի ներկայացուցչի՝ դրանք ինքնուրույն են և վերլուծության, ուսումնասիրության պրոդուկտն ինքնուրույն է և չի նույնանում նախագծի նախապատրաստման հետ․ նախ պետք է լինի վերլուծություն, պետք է լինի քննարկում, պետք է լինի ուսումնասիրություն և երբ նախարարն իր բացառիկ լիազորությունն օգտագործելով որոշում կկայացնի վարույթ հարուցելու մասին, ապա այդ դեպքում կգործարկվի մյուս գործառույթի իրականացումը: Այս ընթացակարգային խախտումը, ըստ Դատավորի ներկայացուցչի գնահատման, օրինականության հետ կապված խնդիրներ է առաջացնում:

Նախարարությունը կամ նրա առանձին աշխատակիցները, չունենալով դատավորի առնչությամբ հստակ ձևակերպված լիազորություն, ինքնուրույն կարգապահական վարույթ հարուցելու առիթ են ստեղծել, ինչն իր գնահատմամբ ընդհանուր վերահսկողություն է հիշեցնում, մինչդեռ Արդարադատության նախարարությունը լիազորված չէ իրականացնել դատավորի գործունեության նկատմամբ ընդհանուր վերահսկողություն:

Շահերի բախման մասով՝ ներկայացուցիչը նշել է, որ Զարուհի Նախշքարյանն իր արտահայտությունների առաջին դրվագում բացահայտ «անարդարացի» գործելակերպի համար մեղադրել է հարուցող սուբյեկտին, որն այս պարագայում Արդարադատության նախարարն է: Այստեղ հարուցող և քննադատության սուբյեկտը նույնանում են: Մյուս կողմից 3-րդ դրվագում քննադատություն է հնչեցրել պետությանը, ըստ էության թեև ուղղակիորեն չի մատնանշել Արդարադատության նախարարությանը, խոսել է պոզիտիվ պարտականությունների մասին, իսկ ինչպես հայտնի է՝ դատական և իրավական բարեփոխումների ոլորտում դոմինանտ դեր ունի ու դատարանների գերծանրաբեռնվածության խնդրի լուծման համար առաջին պատասխանատուն Արդարադատության նախարարությունն է: Այն հանգամանքը, որ քննադատությանը հաջորդել է վարույթի հարուցումը և ուղղորդվել է օրինականության սկզբունքի խախտմամբ, Դատավորի ներկայացուցչի պնդմամբ հիմքեր է ստեղծում, որ այն միտված լինի պատժելու Դատավորին գործադիր իշխանությանը քննադատելու համար և իրականության մեջ առնչություն չունի որևէ դատարանի, այդ թվում՝ Խորհրդի դատական ակտի քննադատության հետ:

Միաժամանակ ըստ Դատավորի ներկայացուցչի՝ Խորհուրդը ձևավորել է իրավական դիրքորոշում, որ շահերի բախման կամ օրինականության սկզբունքի խախտմամբ հարուցված վարույթները ենթակա են կարճման, ուստի, վկայակոչելով դատավոր Արման Հովհաննիսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ Խորհրդի արտահայտած դիրքորոշումը, խնդրել է կարճել Զարուհի Նախշքարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ վարույթը:

 

4. Հարուցված կարգապահական վարույթի համար էական նշանակություն ունեցող հանգամանքները

1) Խորհուրդը 26.12.2022 թվականին հրապարակել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Փիլոսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ որոշման եզրափակիչ մասը, որի համաձայն՝ Խորհուրդը որոշել է բավարարել Արդարադատության նախարարի պարտականությունները կատարող Գրիգոր Մինասյանի միջնորդությունը (ներկայացված 25.11.2022 թվականին)՝ որպես կարգապահական տույժ կիրառելով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Փիլոսյանի լիազորությունների դադարեցումը:

2) «yerevan.today» լրատվական կայքում 26.12.2022 թվականին կատարված հրապարակմամբ նշված է հետևյալը. «Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանը ֆեյսբուքյան իր էջում ահազանգել է դատավոր Աննա Փիլոսյանի վարույթով հնարավոր անարդար վճռի մասին.

«Տարիներ ի վեր 5000-ից ավել քաղաքացիական գործի տակ անմարդկային ծանրաբեռնվածությամբ աշխատող դատավորին մեղադրում են 4 գործով վճիռը տևական ժամանակ ուշացնելու համար։ Այս պայմաններում որքանով է «մեղադրանքը» արդարացի՝ որոշեք ինքներդ։

ԲԴԽ որոշումը կհրապարակվի վաղը՝ դեկտեմբերի 26-ին, ժամը 17:45-ին՝ ԲԴԽ նոր ղեկավարի նախագահությամբ առաջին կարգապահական «վճիռը»»։»4:

Հայտարարությունն ամբողջությամբ արտացոլում է «Facebook» սոցիալական կայքում «Zaruhi Danielyan» օգտատիրոջ կողմից կատարված հրապարակումը:

3) «Facebook» սոցիալական կայքում «Zaruhi Danielyan» օգտատիրոջ կողմից 26.12.2022 թվականին կատարվել է գրառում՝ հետևյալ բովանդակությամբ. «Հարգանքներս դատավոր Աննա Փիլոսյանին: Կողմ քվեարկած անձինք, դուք եք այս որոշման հետ ապրելու: Ոչ Փիլոսյանը, ոչ հասարակությունը: ԴՈՒՔ:»:

4) «pastinfo.am» լրատվական կայքում 26.12.2022 թվականին կատարված հրապարակմամբ ներկայացվել է Դատավորի հարցազրույցը՝ տեսանյութով5: Տեսանյութում Դատավորը, անդրադառնալով Խորհրդի որոշմամբ դատավոր Աննա Փիլոսյանի լիազորությունները դադարեցնելու հարցին, մասնավորապես, նշում է հետևյալը՝

«Ես համարում եմ, որ տվյալ որոշումը չէր կարող կայացվել այն պարագայում, երբ Բարձրագույն դատական խորհուրդը նույնպես ընդունում է, որ այնպիսի կոլապս է ստեղծվել (դատավորների գերծանրաբեռնվածության առնչությամբ): Ստացվում է ինչ, որ պետությունն իր պոզիտիվ պարտականությունը չկատարեց, դրա փոխարեն անհատ դատավորներին կարգապահական տույժի ենթարկեցին, իսկ մեկ դատավորի, որը շատ լավ դատավոր էր, կարգապահական տույժի ենթարկեց և առհասարակ դադարեցրեց լիազորությունները: Ես համարում եմ, որ դա հնարավոր չէր անել, քանի դեռ պետությունը գերծանրաբեռնվածության հարցը չի լուծել (…) այսինքն՝ պետությունը չի լուծում ծանրաբեռնվածության հարցը, որպեսզի մենք կանգնենք ԲԴԽ-ի առաջ, ես այլ կերպ չեմ կարող այս որոշումը հասկանալ, քան դա (…) ուրեմն կարգապահական պատասխանատվություն չէր կարող ծագել, քանի դեռ այդ խնդիրները (…) լուծում չէր ստացել: (…)»։ (2ր 30վ - 3ր 45վ, 5ր 08 վրկ - 5ր 30 վրկ)

5) 27.12.2022 թվականին «irakanum.am» լրատվական կայքում կատարված հրապարակմամբ, մասնավորապես, նշվել է հետևյալը. «Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանը Irakanum.am-ի հետ զրույցում անդրադառնալով դատավոր Աննա Փիլոսյանի լիազորությունները դադարեցնելու՝ ԲԴԽ որոշմանը՝ ասաց․ «ԲԴԽ որոշումը ինձ համար անակնկալ էր և խնդրահարույց համաչափության տեսանկյունից»։»6։

6) Միջնորդության քննության ընթացքում Դատավորն իր ելույթներով հաստատել է, որ «Facebook» սոցիալական կայքում «Zaruhi Danielyan» օգտատիրոջ հաշիվը պատկանում է իրեն։ Նույնը վերաբերում է նաև «pastinfo.am» լրատվական կայքին տրված հարցազրույցի ընթացքում արված, ինչպես նաև «yerevan.today», «irakanum.am» լրատվական կայքերում տեղ գտած արտահայտություններին։ Միաժամանակ, Դատավորը վարույթի քննության ընթացքում ընդունել է, որ «Facebook» սոցիալական կայքում «Zaruhi Danielyan» օգտատիրոջ կողմից կատարված գրառումներն իրազեկող նշանակություն ունեն և նպատակ են հետապնդում հանրությանը տեղեկացնել իրավաբանական համայնքի համար կարևոր իրադարձությունների և զարգացումների մասին:

 

5. Հարուցված կարգապահական վարույթի շրջանակներում էական նշանակություն ունեցող իրավական հարցադրումները

Հաշվի առնելով Արդարադատության նախարարի կողմից միջնորդությունում բերված փաստարկներն ու հիմնավորումները և դրանց դեմ Դատավորի ու նրա ներկայացուցիչների կողմից ներկայացված պատասխանը` Խորհուրդը Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հարցը լուծելու համար էական է համարում անդրադառնալ հետևյալ հարցադրումներին.

5.1. արդյո՞ք Դատավորի կողմից թույլ է տրվել խոսքի ազատության իրավունքի սահմանազանցում, որը հանգեցրել է վարքագծի կանոնի (կանոնների) խախտման,

5.2. արդյո՞ք Դատավորի կողմից թույլ տրված վարքագծի կանոնի (կանոնների) ենթադրյալ խախտումը կատարվել է դիտավորությամբ, թե՞ կոպիտ անփութությամբ,

5.3. արդյո՞ք Դատավորի կողմից թույլ տրված ենթադրյալ խախտումը հանգեցրել է էական կարգապահական խախտման:

 

6. Խորհրդի պատճառաբանությունները և եզրահանգումները

Քննարկելով Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը, լսելով Արդարադատության նախարարի հաղորդումը, ինչպես նաև Նախարարի տեղակալի և ներկայացուցիչների դիրքորոշումները, Դատավորի ու նրա ներկայացուցիչների դիրքորոշումը, ուսումնասիրելով կարգապահական վարույթի նյութերը՝ Խորհուրդը գտնում է, որ ներկայացված միջնորդությունը ենթակա է բավարարման՝ հետևյալ պատճառաբանությամբ.

Խորհուրդն արձանագրում է, որ Նախարարի կողմից կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդության հիման վրա Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը քննության է առնվում Օրենսգրքի 152-րդ հոդվածում ամրագրված դրույթի պահանջներին համապատասխան, այն է՝ «Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննությունը Բարձրագույն դատական խորհրդում կատարվում է միայն դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը լուծելու համար միջնորդություն ներկայացնելու մասին որոշմամբ նշված կարգապահական խախտման սահմաններում»: Այդ կապակցությամբ Խորհրդի իրավական հետազոտման առարկան սահմանափակվում է միջնորդությամբ ներկայացված հիմքերի և հիմնավորումների շրջանակներում:

Միաժամանակ Խորհուրդը հարկ է համարում արձանագրել, որ Արդարադատության նախարարի 31․01․2023 թվականի թիվ 9-Ա որոշումը կրում է «Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությամբ Բարձրագույն դատական խորհրդին դիմելու մասին» վերտառությունը, ինչպես նաև որոշմամբ բերված միջնորդության ողջ բովանդակության մեջ մատնանշված է, որ այն վերաբերում է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանին։ Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 23.12.2022 թվականին ընդունված և 07.01.2023 թվականին ուժի մեջ մտած թիվ ՀՕ-575-Ն օրենքի 36-րդ հոդվածի 14-րդ և 15-րդ մասերի ուժով սահմանվել է, որ վերոնշյալ օրենքն ուժի մեջ մտնելու պահից Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը համարվում է վերակազմակերպված Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական և քրեական դատարանների, իսկ օրենքն ուժի մեջ մտնելու պահից Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի քաղաքացիական և քրեական մասնագիտացման դատավորները շարունակում են պաշտոնավարել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության համապատասխանաբար քաղաքացիական և քրեական դատարանի դատավորների պաշտոնում և շարունակում են քննել իրենց վարույթում եղած գործերը, հետևաբար Խորհուրդն արձանագրում է, որ Արդարադատության նախարարի կողմից կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը քննության է առնվել «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 23.12.2022 թվականին ընդունված և 07.01.2023 թվականին ուժի մեջ մտած թիվ ՀՕ-575-Ն օրենքի իրավակարգավորումների ներքո։

ՀՀ սահմանադրության 173-րդ հոդվածի համաձայն՝ Բարձրագույն դատական խորհուրդն անկախ պետական մարմին է, որը երաշխավորում է դատարանների և դատավորների անկախությունը:

ՀՀ սահմանադրության 175-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հարց քննարկելու, ինչպես նաև Դատական օրենսգրքով սահմանված այլ դեպքերում Բարձրագույն դատական խորհուրդը հանդես է գալիս որպես դատարան, իսկ 4-րդ մասի համաձայն՝ Բարձրագույն դատական խորհրդի այլ լիազորությունները և գործունեության կարգը սահմանվում են Դատական օրենսգրքով:

ՀՀ սահմանադրության 175-րդ և Օրենսգրքի 89-րդ հոդվածներով սահմանվում են Բարձրագույն դատական խորհրդի լիազորությունները, որոնք ամբողջությամբ ուղղված են դատական իշխանության կազմակերպմանը և բնականոն գործունեության ապահովմանը:

Օրենսգրքի 142-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերի համաձայն՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերն են՝

1) արդարադատություն կամ որպես դատարան՝ օրենքով նախատեսված այլ լիազորություններ իրականացնելիս նյութական կամ դատավարական իրավունքի նորմի խախտումը, որը կատարվել է դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ.

2) դատավորի կողմից սույն օրենսգրքով սահմանված՝ դատավորի վարքագծի կանոնները խախտելը, բացառությամբ սույն օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետով սահմանված կանոնի, որը կատարվել է դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ:

Օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատավորի վարքագծի կանոնները սահմանվում են սույն օրենսգրքով և պարտադիր են բոլոր դատավորների համար: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ դատավորի վարքագծի կանոնների նպատակն է դատավորի և սույն հոդվածի 2-րդ մասում նշված անձանց կողմից վարքագծի կանոնները պահպանելու միջոցով նպաստել դատարանի անկախության ու անաչառության ապահովմանը, ինչպես նաև դատարանի նկատմամբ վստահության և հարգանքի ձևավորմանը:

Օրենսգրքի 67-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատավորը պարտավոր է պահպանել սույն օրենսգրքով սահմանված վարքագծի կանոնները: Վարքագծի կանոնները չպահպանելը սույն օրենսգրքով սահմանված դեպքերում և կարգով կարող է հանգեցնել դատավորի կարգապահական պատասխանատվության:

Օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 6-րդ, 7-րդ կետերը համապատասխանաբար սահմանում են, որ ցանկացած գործունեություն իրականացնելիս և բոլոր հանգամանքներում դատավորը պարտավոր է՝

1) զերծ մնալ դատական իշխանությունը վարկաբեկող, ինչպես նաև դատական իշխանության անկախության և անաչառության վերաբերյալ հանրության վստահությունը նվազեցնող վարքագիծ դրսևորելուց,

6) զերծ մնալ դատարանի գործողությունները, դատական ակտերը հրապարակայնորեն կասկածի տակ առնելուց, բացառությամբ օրենքով նախատեսված կամ գիտական ազատության շրջանակում իրականացվող մասնագիտական գործունեության դեպքերի,

7) զերծ մնալ որևէ դատարանում քննվող կամ ակնկալվող գործի վերաբերյալ հրապարակայնորեն կարծիք հայտնելուց, բացառությամբ այն դեպքերի, երբ դատավորը գործով հանդես է գալիս որպես կողմ կամ կողմի օրինական ներկայացուցիչ:

Բարձրագույն դատական խորհուրդը կարևոր է համարում նշել, որ ՀՀ սահմանադրությունը դատավորներին է վերապահում արդարադատության իրականացման բացառիկ իրավասությունը, որն, ուղղակիորեն առնչվելով անհատների իրավունքների և ազատությունների հետ, ազդում է դատական համակարգի հանդեպ հանրային վստահության ձևավորման վրա: Ուստի հաշվի առնելով դատավորի պաշտոնի առանձնահատուկ դերն արդարադատության իրականացման հարցում՝ դատավորներին վերաբերելի վարքագծի կանոններն իրենց բնույթով ավելի խիստ են քան պետական մյուս պաշտոնյաներինը: Այլ կերպ ասած, դատավորներն իրենց վարքագծով ոչ միայն պետք է ձեռնպահ մնան դատական համակարգը վարկաբեկելուց, այլև պետք է խթանեն դատական համակարգի նկատմամբ հանրության վստահության ամրապնդումը:

Դատավորի, դատարանի և դատական իշխանության յուրահատուկ դերը և դրանից բխող կարգավիճակն ամրագրված է մի շարք միջազգային իրավական փաստաթղթերում։ Դրանց մեջ կարևոր են հատկապես ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի կողմից 1985 թվականի նոյեմբերի 29-ի թիվ 40/32 և 1985 թվականի դեկտեմբերի 13-ի թիվ 40/46 բանաձևերով հաստատված՝ «Դատական մարմինների անկախության հիմնարար սկզբունքները» և դրա հավելված՝ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի կողմից թիվ 2200A (XXI) բանաձևով հաստատված «Դատավորների վարքագծի բանգալորյան սկզբունքները», «Դատավորների կարգավիճակի մասին» 1998 թվականի հուլիսի 10-ի Եվրոպական խարտիան և Եվրոպական խարտիայի պարզաբանման հուշագիրը, Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի 2010 թվականի նոյեմբերի 17-ի՝ «Դատավորների անկախության, գործունեության արդյունավետության և պատասխանատվության մասին» թիվ CM/Rec(2010) 12 հանձնարարականը, Եվրոպական Դատավորների Խորհրդատվական խորհրդի և Վենետիկի հանձնաժողովի մի շարք եզրակացություններ ու զեկույցներ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային որոշումներ և այլն։

Վկայակոչված միջազգային փաստաթղթերում ամրագրված են դատական իշխանության, դատավորների անկախության, դատավորների գործունեության ինչպես նաև վերջիններիս վարքագծի կանոնների վերաբերյալ ելակետային դրույթներ:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հովանու ներքո հրապարակված ««Դատական սեմինար» Վստահության ամրապնդումը դատական համակարգի նկատմամբ» հաշվետվողական փաստաթղթում ամրագրված են եվրոպական չափանիշներով ընդունելի մոտեցումները, մասնավորապես այն, որ դատավորի շրջահայաց լինելու պարտականությունը հետապնդում է որոշակի նպատակ, այն է՝ դատավորի խոսքն ի տարբերություն փաստաբանների, ընկալվում է, որպես օբյեկտիվ գնահատականի արտահայտում, որը պարտավորեցնող է ոչ միայն դատավորի՝ որպես առանձին սուբյեկտի, այլ նաև ամբողջ դատական համակարգի համար։

Դատավորների միջազգային միության Կենտրոնական խորհրդի կողմից 1999 թվականի նոյեմբերի 17-ին Թայվանում ընդունված, Վերանայված 2017 թվականի նոյեմբերի 14-ին Սանտյագոյում (Չիլի) դատավորների համընդհանուր խարտիայի 6.2 հոդվածի համաձայն՝ դատավորը պարտավոր է ձեռնպահ մնալ ցանկացած այնպիսի վարքագծից, գործողություն կատարելուց կամ արտահայտություն անելուց, որն արդյունավետորեն ազդեցություն կունենա նրա անկողմնակալության և անկախության հանդեպ վստահության վրա:

ՀՀ սահմանադրության 42-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք: Այս իրավունքը ներառում է սեփական կարծիք ունենալու, ինչպես նաև առանց պետական և տեղական ինքնակառավարման մարմինների միջամտության և անկախ պետական սահմաններից` տեղեկատվության որևէ միջոցով տեղեկություններ ու գաղափարներ փնտրելու, ստանալու և տարածելու ազատությունը: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ կարծիքի արտահայտման ազատությունը կարող է սահմանափակվել միայն օրենքով` պետական անվտանգության, հասարակական կարգի, առողջության և բարոյականության կամ այլոց պատվի ու բարի համբավի և այլ հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով:

Դատավորի վարքագծի Բանգալորյան սկզբունքների 2-րդ կետի համաձայն՝ դատավորի անաչառությունն անհրաժեշտ պայման է ծառայողական պարտականությունների պատշաճ իրականացման համար: Այն վերաբերում է ոչ միայն բուն վճռին, այլ նաև վճիռը կայացնելուց առաջ տեղի ունեցող դատավարական գործողություններին: Իսկ նույն սկզբունքների 4-րդ կետի համաձայն՝ վարքագծի կանոնների պահպանումը և դրա դրսևորումը դատավորի ողջ գործունեության կարևորագույն մասն է:

Բանգալորյան սկզբունքների մեկնաբանությունների համաձայն՝ դատավորը պետք է ձեռնպահ մնա մեկնաբանություններ անել այն գործի կապակցությամբ, որը քննվում է կամ հնարավոր է որ կքննվի, ինչը կարող է ողջամտորեն ազդել գործի ելքի վրա կամ կասկածի տակ առնել գործընթացի արդար իրականացումը: Դատավորը պետք է ձեռնպահ մնա նաև հրապարակային կամ այլ մեկնաբանություններից, որոնք կարող են ազդել անձի կամ խնդրի արդար դատաքննության վրա:

(...) Դատավորը պետք է պահպանի վարքագծի կանոնները և դատավորի պաշտոնի հետ կապված ցանկացած գործողություն կատարելիս զերծ մնա ոչ պատշաճ տպավորություն թողնելուց:

Որպես հասարակության սևեռուն ուշադրության առարկա՝ դատավորը պարտավոր է գիտակցաբար և ինքնակամ իր համար ընդունել անձնական սահմանափակումներ, չնայած նրան, որ դրանք շարքային քաղաքացու համար կարող են դժվար իրականանալի թվալ: Մասնավորապես՝ դատավորի վարքագիծը պետք է համապատասխանի դատավորի պաշտոնի արժանապատվությանը:

(...) Դատավորը, ինչպես ցանկացած այլ քաղաքացի, ունի ազատ արտահայտվելու, դավանանքի, միավորման և հավաքների իրավունք, սակայն այդ իրավունքների իրականացման ճանապարհին դատավորը միշտ պետք է դրսևորի իրեն այնպես, որ բարձր պահի դատավորի պաշտոնի համբավը և զերծ մնա այնպիսի գործողություններից, որոնք անհամատեղելի են դատական իշխանության անաչառության և անկախության հետ:

Միաժամանակ Բանգալորյան սկզբունքների մեկնաբանությամբ ևս նշված է, որ կան սահմանափակ հանգամանքներ, երբ դատավորը կարող է պատշաճ կերպով բարձրաձայնել քաղաքականապես վիճելի հարցի մասին, այն է՝ երբ հարցն ուղղակիորեն ազդում է դատարանների գործունեության, դատական իշխանության անկախության վրա (ինչը կարող է ներառել դատավորների աշխատավարձերը կամ սոցիալական երաշխիքները), արդարադատության իրականացման կամ դատավորի անձնական անձեռնմխելիության հիմնարար ասպեկտները: Այնուամենայնիվ, նույնիսկ այս հարցերում դատավորը պետք է գործի մեծ զսպվածությամբ։ Թեև դատավորը կարող է հրապարակայնորեն Կառավարության ուշադրությունը հրավիրել նշված հարցերին, սակայն դա չպետք է դիտվի որպես «լոբբիստական» որպես Կառավարության ուղղորդում, կամ ինչ-որ կերպ ցույց տա, թե նա ինչպես որոշում կկայացնի, եթե տվյալ հարցի լուծումը տրվի դատարանին: Ավելին, դատավորը պետք է հիշի, որ իր հրապարակային մեկնաբանությունները կարող են ընկալվել որպես դատական իշխանության տեսակետների արտացոլում. դատավորի համար երբեմն կարող է դժվար լինել արտահայտել այնպիսի կարծիք, որը կընդունվի որպես զուտ անձնական, այլ ոչ թե ընդհանրապես դատական իշխանությանը:

«Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովը (Վենետիկի հանձնաժողով) իր 2015 թվականի հունիսի 23-ի ո՛806/2015 եզրակացության 80-րդ կետում արձանագրում է, որ «եվրոպական երկրների օրենսդրական և սահմանադրական դրույթները, ինչպես նաև համապատասխան նախադեպային իրավունքը ցույց են տալիս, որ խոսքի ազատության երաշխիքները տարածվում են նաև քաղաքացիական ծառայողների, այդ թվում՝ դատավորների վրա։ Բայց, դատավորների լիազորությունների և պարտականությունների յուրահատկությունը և դատական իշխանության անկողմնակալությունն ու անկախությունն ապահովելու անհրաժեշտությունը համարվում են օրինաչափ նպատակներ՝ դատավորների խոսքի, միավորման և հավաքների ազատության իրավունքները որոշակիորեն սահմանափակելու համար»։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը նշել է, որ «… արտահայտվելու ազատությունը ժողովրդավարական հասարակության հիմնաքարերից մեկն է և դրա առաջընթացի ու յուրաքանչյուր անհատի ինքնաիրացման հիմնական պայմաններից մեկը: Կոնվենցիայի 10-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ դա տարածվում է ոչ միայն այն «տեղեկությունների» կամ «գաղափարների» վրա, որոնք ընդունվում են բարեհաճությամբ կամ համարվում են ոչ վիրավորական կամ պարզապես անտարբերությամբ հնչեցված, այլև՝ վիրավորական, ցնցող կամ անհանգստացնող արտահայտությունների վրա. այդպիսիք են բազմակարծություն, հանդուրժողականություն և լայն մտածելակերպ պահանջող արտահայտությունները, առանց որոնց «ժողովրդավարական հասարակություն» լինել չի կարող: Արտահայտվելու ազատությունը, ինչպես շարադրված է 10-րդ հոդվածում, ենթակա է մի շարք բացառությունների, որոնք, սակայն, պետք է նեղ մեկնաբանություն ստանան, և ցանկացած սահմանափակման անհրաժեշտություն պետք է համոզիչ կերպով հիմնավորվի»:

Միաժամանակ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Բակկան ընդդեմ Հունգարիայի գործով որպես ընդհանուր կանոն արձանագրել է. «(…) դատական համակարգում ծառայող պետական պաշտոնյաներից կարելի է ակնկալել, որ նրանք պետք է զսպվածություն ցուցաբերեն իրենց խոսքի ազատությունն իրականացնելիս բոլոր այն դեպքերում, երբ դատական համակարգի հեղինակությունն ու անաչառությունը կարող են կասկածի տակ դրվել։ Նույնիսկ ճշգրիտ տեղեկատվության տարածումը պետք է իրականացվի չափավոր և պատշաճ ձևով»7։

Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք դատավորի խոսքի ազատության սահմանափակումը համապատասխանում է «սոցիալական անհրաժեշտության» և «օրինական նպատակին համաչափ լինելու» չափանիշներին՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն իր դատավարական պրակտիկայում հարցը քննարկում է կոնկրետ գործի հանգամանքների լույսի ներքո։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավարական պրակտիկայի ուսումնասիրությունից պարզ են դառնում այն գործոնները, որոնք առավել կարևորություն ունեն կոնվենցիայի խախտման առկայությունը կամ բացակայությունն արձանագրելիս․ ա) դատավորի պաշտոնը, բ) խնդրո առարկա հայտարարության բովանդակությունը, գ) համատեքստը, որում հայտարարությունն արվել է, դ) դատավորի նկատմամբ կիրառված պատասխանատվության միջոցների բնույթը և խստությունը։

Խորհուրդն իր ԲԴԽ-48-Ո-Կ-17 որոշմամբ արձանագրել է, որ խոսքի ազատության իրավունքը դատավորի անքակտելի իրավունքներից մեկն է՝ երաշխավորված ՀՀ սահմանադրությամբ և Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված միջազգային պայմանագրերով։ Այնուամենայնիվ, խոսքի ազատության իրավունքը բացարձակ չէ և որոշակի խումբ անձանց համար այդ իրավունքն ավելի լայն սահմանափակումների կարող է ենթարկվել։ Դատավորները, հանդիսանալով պետական իշխանության թևերից մեկի ներկայացուցիչներ, ի պաշտոնե պարտավոր են պահպանել զսպվածություն՝ վտանգի տակ չդնելով իրենց անաչառությունը, դատական իշխանության անկախությունը և հեղինակությունը, ինչպես նաև պարտավոր են համատեղել իրենց վարքագիծը և կանխատեսել այն հետևանքները, որոնք կարող են առաջանալ իրենց՝ որպես դատավորի, ազատ արտահայտման իրավունքի իրացման արդյունքում:

Հաշվի առնելով ժողովրդավարական հասարակությունում դատավորների առանձնահատուկ դերը՝ օրենսդիրը «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով սահմանել է վարքագծի համապատասխան կանոններ։ Այդ կանոնները բացահայտում են այն արարքները, որոնք պաշտպանված չեն խոսքի ազատության իրավունքի ներքո։ Այս կապակցությամբ Բարձրագույն դատական խորհուրդը հարկ է համարում վերստին արձանագրել, որ խոսքի ազատությունը, լինելով յուրաքանչյուր անհատի անքակտելի իրավունք, բացարձակ չէ և հաշվի առնելով դատավորի յուրահատուկ կարգավիճակը՝ ենթակա է ավելի խիստ սահմանափակումների:

Միաժամանակ, հաշվի առնելով լրատվամիջոցների առանցքային դերը ժողովրդավարական հասարակություններում և հատկապես արդարադատության իրականացման մասին հասարակության ընկալումների ձևավորման հարցում՝ Խորհուրդը կարևոր է համարում արձանագրել, որ այն բացառիկ դեպքում, երբ դատավորները լրատվամիջոցների առջև հայտարարություններով են հանդես գալիս քննության փուլում գտնվող դատական գործերի վերաբերյալ կամ օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի վերաբերյալ մեկնաբանություններ են անում, վերջիններս պետք է դրսևորեն բացառիկ շրջահայացություն՝ խուսափելով որևէ կերպ դատական համակարգի անկախությունը և հեղինակությունը կասկածի տակ առնելուց: Այսինքն, դատավորները չպետք է թույլ տան այնպիսի արտահայտություններ, որոնք ողջամիտ դիտարկման դեպքում կնշանակեն վեճի լուծման կանխորոշում, վարույթի վրա ազդեցություն, կասկածի տակ կդնեն արդարադատության իրականացումը կամ որևէ այլ կերպ կվնասեն դատական համակարգի անկախությանը և հեղինակությանը:

Խորհուրդը կարևոր է համարում ընդգծել, որ, հաշվի առնելով իշխանությունների տարանջատման սկզբունքի կարևորությունը և դատական իշխանության անկախության պահպանման իր սահմանադրական առաքելությունը, ցանկացած միջամտություն դատավորի խոսքի ազատության իրացմանը, պետք է մանրազնին ուսումնասիրության առարկա դառնա Բարձրագույն դատական խորհրդի կողմից։ Ուստի սույն գործի շրջանակներում առաջին հարցադրմանը պատասխանելու համար Խորհուրդը կարևոր է համարում անդրադառնալ Դատավորի խոսքի ազատության իրավունքի իրացման յուրաքանչյուր դրվագին առանձին-առանձին։ Այսպես․

1. «yerevan.today» լրատվական կայքի հրապարակման մեջ, որն արտացոլում է «Facebook» սոցիալական կայքում «Zaruhi Danielyan» օգտատիրոջ էջում գրառումը, նշվում է՝ «Տարիներ ի վեր 5000-ից ավել քաղաքացիական գործի տակ անմարդկային ծանրաբեռնվածությամբ աշխատող դատավորին մեղադրում են 4 գործով վճիռը տևական ժամանակ ուշացնելու համար։ Այս պայմաններում որքանով է «մեղադրանքը» արդարացի՝ որոշեք ինքներդ։ ԲԴԽ որոշումը կհրապարակվի վաղը՝ դեկտեմբերի 26-ին, ժամը 17:45-ին՝ ԲԴԽ նոր ղեկավարի նախագահությամբ առաջին կարգապահական «վճիռը»»։

Սույն դրվագում Դատավորը հրապարակային կարծիք է հայտնել մեկ այլ դատավորի վարույթում առկա գործերի քանակի և նրա տարիներ շարունակվող ծանրաբեռնվածության վերաբերյալ․ խնդիր, որը բազմիցս բարձրաձայնվել է ինչպես դատավորների, այնպես էլ Բարձրագույն դատական խորհրդի կողմից։ Խորհուրդը հարկ է համարում արձանագրել, որ սույն դրվագում Դատավորը, ներկայացնելով մեկ այլ դատավորի վարույթում առկա գործերի քանակը և ծանրաբեռնվածության մակարդակը, հանրության լայն շրջանակին հարցադրում է անում «մեղադրանքի արդարացիության վերաբերյալ», ինչն ինքնին ընթերցողների մոտ լեգիտիմ տպավորություն կարող է ստեղծել, որ կարգապահական վարույթ հարուցելու միջնորդությունը «արդարացի» չէ։ Հետևաբար Խորհրդի կողմից հետագայում այդ միջնորդության հավանական բավարարման հանգամանքն արդեն իսկ կարող է հնարավոր ընդունվելիք որոշման ոչ իրավաչափության պատրանք ստեղծել։ Այս կապակցությամբ Խորհուրդը խոսքի իրավունքի ազատության շրջանակում նշված հարցադրմանը և դրա հետևանքներին անդրադառնալիս կարևոր է համարում արձանագրել, որ Դատավորը պարտավոր էր հաշվի առնել, որ միջնորդության մի քանի դետալների ներկայացումը ողջամտորեն չի կարող բավարար լինել «մեղադրանքի արդարացիության վերաբերյալ» ճշգրիտ հետևություններ անելու համար։ Միաժամանակ Դատավորի կողմից ներկայացվող փաստական հանգամանքներն ակնհայտորեն միակողմանի են ներկայացնում իրավիճակը, որում քննության առարկան ըստ էության այլ անձանց դատական քննության երկարատևության հետևանքով արդար դատաքննության իրավունքի խախտումներն են եղել։ Ավելին՝ այն դեպքերում, երբ դատավորները ներկայացնում են որևէ այլ դատարանում քննվող գործի մասին տվյալներ, այդ թվում նաև Բարձրագույն դատական խորհրդում քննվող կարգապահական վարույթներ, ապա նրանք պարտավոր են հնարավորինս մանրամասն և օբյեկտիվ ներկայացնել գործի լուծման համար կարևոր բոլոր հանգամանքներն առանց որևէ ուղղորդիչ ենթատեքստի և հարցադրման։

Այսպիսով, Խորհուրդը կարևոր է համարում այն հանգամանքը, որ ողջամիտ ընթերցողը, չունենալով բավարար տեղեկատվություն, հիմք ընդունելով Դատավորի կողմից հնչեցված ոչ ամբողջական տեղեկատվության ելակետերը, կարող է արդարացի հետևություն անել, որ միջնորդության բավարարման դեպքում Խորհուրդը կկայացնի ոչ իրավաչափ որոշում։

2. «Facebook» սոցիալական կայքում Դատավորը 26.12.2022 թվականին իր գրառման մեջ նշել է. «Հարգանքներս դատավոր Աննա Փիլոսյանին: Կողմ քվեարկած անձինք, դուք եք այս որոշման հետ ապրելու: Ոչ Փիլոսյանը, ոչ հասարակությունը: ԴՈՒՔ:»:

Անդրադառնալով այս դիրքորոշմանը՝ Խորհուրդը կարևոր է համարում նշել, որ դատավոր լինելու բուն էությունը վեճերի առարկաներին օբյեկտիվ և անաչառ դիտարկելու կարողությունն է, ուստի դատավորների հրապարակային դիրքորոշումներն իրենց բոլոր դետալներով հանրության կողմից ընկալվում են իբրև օբյեկտիվ, ինչի հետևանքով դատավորի խոսքի իրավունքի ազատության սահմանազանցման հարցի քննության առարկան չի սահմանափակվում միայն բառակազմական վերլուծությամբ։ Այլ կերպ ասած, դատավորների դիրքորոշումները քննելիս անհրաժեշտ է բացահայտել, թե դրանք ինչպես կարող են ընկալվել հանրության կողմից՝ հաշվի առնելով դրանց ենթատեքստը և տոնայնությունը։ Ավելին, դատավորները յուրաքանչյուր դեպքում հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցեր բարձրացնելիս կամ քննադատություն իրականացնելիս պարտավոր են ներկայացնել առարկայական և հանրության համար մատչելի ձևակերպված հիմնավորումներ։ Այսպիսով, Խորհուրդն արձանագրում է, որ «Հարգանքներս դատավոր Աննա Փիլոսյանին: Կողմ քվեարկած անձինք, դուք եք այս որոշման հետ ապրելու: Ոչ Փիլոսյանը, ոչ հասարակությունը: ԴՈՒՔ:» արտահայտությունն ինքնին կասկածի տակ է դնում դատավոր Աննա Փիլոսյանի լիազորությունները դադարեցնելու մասին որոշմանը կողմ քվեարկած Խորհրդի անդամների գործողությունները։ Այսպես, նախ իր աջակցությունը հայտնելով Աննա Փիլոսյանին՝ Դատավորը պնդում է կատարել, որ «որոշման հետ ապրելու են» դրան կողմ քվեարկած անդամները, ինչը յուրաքանչյուր ողջամիտ ընթերցողի մոտ կստեղծի տպավորություն, որ կայացված որոշումն անարդարացի է և իբրև հետևանք դրան կողմ քվեարկած անդամները ստիպված են լինելու համակերպվել դրա հետ։ Ուստի, սույն դիրքորոշումն ամբողջության մեջ դիտարկելու պարագայում որոշմանը կողմ քվեարկած անդամների գործողություններին առանց որևէ հիմնավորման բացասական ենթատեքստ տալով գնահատական տալը դուրս է դատավորի խոսքի ազատության իրավունքի շրջանակից և օբյեկտիվ դիտորդի մոտ կարող է ձևավորել կարծիք առ այն, որ Խորհրդի որոշմանը կողմ քվեարկած անդամները մասնակցել են ոչ օրինական ակտի ընդունմանը:

3. «Pastinfo.am» լրատվական կայքին 26.12.2022 թվականին տրված հարցազրույցում Դատավորը նշել է․ «Ես համարում եմ, որ տվյալ որոշումը չէր կարող կայացվել այն պարագայում, երբ Բարձրագույն դատական խորհուրդը նույնպես ընդունում է, որ այնպիսի կոլապս է ստեղծվել (դատավորների գերծանրաբեռնվածության առնչությամբ): Ստացվում է ինչ, որ պետությունն իր պոզիտիվ պարտականությունը չկատարեց, դրա փոխարեն անհատ դատավորներին կարգապահական տույժի ենթարկեցին, իսկ մեկ դատավորի, որը շատ լավ դատավոր էր, կարգապահական տույժի ենթարկեց և առհասարակ դադարեցրեց լիազորությունները: Ես համարում եմ, որ դա հնարավոր չէր անել, քանի դեռ պետությունը գերծանրաբեռնվածության հարցը չի լուծել (…) այսինքն՝ պետությունը չի լուծում ծանրաբեռնվածության հարցը, որպեսզի մենք կանգնենք ԲԴԽ-ի առաջ, ես այլ կերպ չեմ կարող այս որոշումը հասկանալ, քան դա (…) ուրեմն կարգապահական պատասխանատվություն չէր կարող ծագել, քանի դեռ այդ խնդիրները (…) լուծում չէր ստացել: (…)»։

Սույն իրավիճակում Խորհուրդը կարևոր է համարում ընդգծել, որ Օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը դատական ակտերը քննադատելու դատավորների խոսքի ազատության իրավունքը սահմանափակել է միայն օրենքով նախատեսված դեպքերով կամ գիտական ազատության շրջանակով։ Այս համատեքստում Խորհուրդը կարևոր է համարում նշել, որ նույնիսկ եթե Դատավորն իր քննադատությունը հայտնած լիներ ՀՀ օրենսդրությամբ սահմանված իրավիճակներում կամ գիտական ազատության շրջանակում, դատական ակտեր քննարկելիս դատավորները պետք է դրսևորեն օբյեկտիվություն, զգուշություն և հնարավորինս հիմնավորեն իրենց մոտեցումները։ Մինչդեռ, սույն իրավիճակում Դատավորը հանդես չի եկել օրենքով սահմանված բացառությունների շրջանակներում, դեռ ավելին Բարձրագույն դատական խորհուրդը դեռևս չէր հրապարակել խնդրո առարկա որոշման տեքստը և Դատավորը ողջամտորեն չէր կարող տեղյակ լինել որոշման պատճառաբանությունների մասին, հետևաբար որևէ պարագայում չէր կարող նաև հիմնավորված քննադատության ենթարկել այն։ Այսպիսով, Խորհուրդն արձանագրում է, որ Դատավորը, սահմանազանցելով իր խոսքի ազատության իրավունքի սահմանները, ուղղակիորեն կասկածի տակ է դրել իբրև դատարան հանդես եկող Բարձրագույն դատական խորհրդի որոշումը։

4. «Irakanum.am» լրատվական կայքում 27.12.2022 թվականին կատարված հրապարակմամբ, նշվել է հետևյալը. «Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանը Irakanum.am-ի հետ զրույցում անդրադառնալով դատավոր Աննա Փիլոսյանի լիազորությունները դադարեցնելու՝ ԲԴԽ որոշմանը՝ ասաց․ «ԲԴԽ որոշումը ինձ համար անակնկալ էր և խնդրահարույց համաչափության տեսանկյունից»»։

Քննության առնելով Դատավորի այս դիրքորոշումը՝ Խորհուրդը վերստին արձանագրում է, որ այն ևս պաշտպանված չէ Օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի իրավիճակներով։ Ավելին, նշված հարցազրույցի օրը Խորհրդի որոշման ամբողջական տեքստը ևս հասանելի չէր կարող լինել Դատավորին։ Խորհուրդը կարևոր է համարում նշել, որ որևէ ողջամիտ կասկածից վեր է, որ կիրառված կարգապահական տույժի տեսակի անհամաչափությունն ուղղակիորեն հանգեցնում է ակտի անարդարացիության։ Ուստի, «ԲԴԽ որոշումը ինձ համար անակնկալ էր և խնդրահարույց համաչափության տեսանկյունից» նախադասությամբ Դատավորը հստակ կասկածի տակ է դրել Խորհրդի՝ որպես դատարան կայացրած որոշման արդարացիությունն այն պայմաններում, երբ որոշման ամբողջական տեքստը նշված օրը հրապարակված չի եղել։

Ավելին, Օրենսգրքի 94-րդ հոդվածի 6-րդ մասով օրենսդիրը սահմանել է, որ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ Խորհրդի որոշումներն ընդունվում են խորհրդակցական սենյակում՝ բաց քվեարկությամբ՝ նիստին մասնակցող խորհրդի անդամների ձայների մեծամասնությամբ, եթե որոշմանը կողմ է քվեարկել խորհրդի անդամների ընդհանուր թվի առնվազն կեսը: Ակնհայտ է, որ կոլեգիալ մարմիններում որոշումների կայացման համար միաձայնության պահանջն անխուսափելիորեն հանգեցնելու է որոշումների կայացման անհնարինության և տվյալ մարմնի գործունեության համար անհաղթահարելի խոչընդոտների։ Բարձրագույն դատական խորհրդի պարագայում օրենսդիրը, դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ որոշման կայացման համար նախատեսելով մեծամասնության, բայց ոչ պակաս քան հինգ ձայնի առկայություն, գտել է, որ նշված քանակությամբ ձայների առկայությունը բավարար է Խորհրդի կողմից լեգիտիմ որոշում կայացնելու համար։ Ընդ որում, ՀՀ օրենսդրությունը որևէ պարագայում տարբերակված մոտեցում չի ցուցաբերում կոլեգիալ մարմինների որոշումների միջև կախված այն հանգամանքից, թե տվյալ մարմնի քանի անդամներն են կողմ եղել որոշման կայացմանը։ Այսինքն, առավելագույն ձայների առկայությամբ կայացված որոշումն իրավական առումով ունի նույն լեգիտիմությունն ու իրավաբանական ուժն ինչ նվազագույն պահանջվող ձայների քանակությամբ կայացված որոշումը։ Հակառակ մոտեցումը խիստ վտանգավոր է իրավական համակարգի բնականոն գործունեության ապահովման տեսանկյունից։ Նման մոտեցումը կնշանակի, որ յուրաքանչյուր կոլեգիալ կազմով քննված դատական գործի պարագայում հանրությունը կասկածի տակ կարող է առնել այն որոշումների իրավաչափությունը, որոնք միաձայն չեն կայացվել։ Ուստի, Դատավորի կողմից նույնիսկ նման հիմնավորմամբ Խորհրդի կողմից ընտրված կարգապահական տույժի ընտրությունը համաչափության տեսանկյունից քննադատելն անընդունելի է և կասկածի տակ է առնում ոչ միայն Բարձրագույն դատական խորհրդի որոշումների լեգիտիմությունը, այլև ՀՀ դատական համակարգում բոլոր կոլեգիալ կազմով քննված և դրա արդյունքում կայացված դատական որոշումների իրավաչափությունը։

Սույն վարույթի շրջանակներում Խորհուրդը կարևոր է համարում արձանագրել, որ այն իրավիճակներում, երբ դատավորները դատական համակարգի անկախության և հանրային վստահության բարձրացման նպատակով իրենց խոսքի ազատության իրավունքի շրջանակներում հանդես են գալիս հրապարակային քննադատությամբ կամ որևէ այլ կերպ ներկայացնում են առանցքային հարցերի վերաբերյալ իրենց մոտեցումները, ապա նրանք նախևառաջ պարտավոր են հաշվի առնել, որ իրենց հայտարարությունների թիրախը չի սահմանափակվում իրավաբանական հանրույթով, այլ ներառում է հասարակության բոլոր շերտերը և նրանք պարտավոր են ցանկացած հարցի վերաբերյալ ներկայացնել համապարփակ և մանրամասն բացատրություններ։ Այսինքն, դատավորները պարտավոր են բոլոր տեսակի քննադատությունները կամ դիրքորոշումները ներկայացնել մատչելի լեզվով, առավելագույնս հիմնավորել դրանք և անկողմնակալ դիտորդի տեսանկյունից հնարավորինս պահպանել անաչառությունը։

Մյուս կողմից, Խորհուրդը կարևոր է համարում նաև նշել, որ որևէ մարմին քննադատությունից վեր չէ, առավել ևս սահմանադրական մարմինները, որոնք ունեն առանցքային դեր ժողովրդավարական հասարակություններում իրավունքի գերակայության սկզբունքի ապահովման հարցում։ Այնուամենայնիվ, երբ դատավորներն իրենց խոսքի ազատության իրավունքի շրջանակներում քննադատության են ենթարկում հատկապես այդ մարմիններին, ապա իրենց խոսքերում պարտավոր են դրսևորել առավել զգուշավոր մոտեցում։ Դատավորները, հաշվի առնելով իրենց խոսքի ազդեցիկությունը, պարտավոր են հանրությանը մանրամասն բացատրել իրենց քննադատության պատճառները և հիմնավորումները։ Ավելին, յուրաքանչյուր դեպքում դատավորները պետք է դրսևորեն հավասարակշիռ մոտեցում, խուսափեն որևէ կողմնակալության տպավորություն ստեղծելուց և փոխարենը ձգտեն արդարացի և բազմակողմանի ներկայացնել խնդրի բոլոր կողմերը։

Նշած պահանջների կարևորությունն առավել ակներև է, երբ դատավորների քննադատության թիրախը հանդիսանում է Բարձրագույն դատական խորհուրդը, քանի որ դատական համակարգի անկախության երաշխավոր հանդիսացող մարմինը հեղինակազրկող խոսքերն ուղղակիորեն կասկածի տակ են դնում դատական ամբողջ համակարգին, այսինքն՝ դատական համակարգի անկախությունն ընդհանրապես։ Դատավորի կողմից քննադատական խոսքը չպետք է նպատակ ունենա որևէ մարմնի, առավել ևս Բարձրագույն դատական խորհրդին հեղինակազրկելը, և այն պետք է լինի կառուցողական։

Այս առումով, Խորհուրդը կարևոր է համարում նշել, որ կառուցողական քննադատությունը, որը համակարգում առկա խնդիրներին անդրադառնում է բազմակողմանիորեն և հստակորեն, նպաստում է իրավական համակարգի և հանրության միջև փոխըմբռնման և վստահության ամրապնդմանը։ Մինչդեռ այն պարագայում, երբ դատավորներն առանց հիմնավորման և կողմնակալ կերպով քննադատության են ենթարկում Խորհրդի գործողությունները և որոշումները, ապա որպես հետևանք վնասվում է ոչ միայն Խորհրդի հեղինակությանը, այլև կասկածի տակ է դրվում ամբողջ դատական համակարգի անկախությունը և վստահելիությունը։

Քննարկվող պարագայում դիտարկելով Դատավորի կողմից հնչեցված արտահայտությունները, հաշվի առնելով վերոհիշյալ փաստական և իրավական հանգամանքները՝ Խորհուրդն արձանագրում է, որ միջնորդության հիմքում վկայակոչված փաստական հանգամանքներն ապացուցում են, որ Դատավորի կողմից թույլ են տրվել արտահայտություններ, որոնք առանց բավարար հիմնավորվածության կասկածի տակ են դրել Բարձրագույն դատական խորհրդի՝ որպես դատարանի կայացրած՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Փիլոսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին որոշումը, մինչդեռ դատավորը պարտավոր է դրսևորել բավարար շրջահայացություն, զսպվածություն և խուսափել դատարանի գործողությունները և որոշումը կասկածի տակ դնելուց: Ավելին, Դատավորի արտահայտությունները, որոնք հրապարակայնորեն կասկածի տակ են առնում իբրև դատարան հանդես եկած Բարձրագույն դատական խորհրդի գործողությունները, դատական ակտերը, հանդիսանում են դատական իշխանությունը վարկաբեկող, ինչպես նաև դատական իշխանության անկախության և անաչառության վերաբերյալ հանրության վստահությունը նվազեցնող վարքագծի դրսևորումներ։

Ելնելով վերոգրյալից՝ Բարձրագույն դատական խորհուրդը գտնում է, որ Զարուհի Նախշքարյանի կողմից կատարված արտահայտություններով թույլ են տրվել «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 6-րդ և 7-րդ կետերով նախատեսված դատավորի վարքագծի ընդհանուր կանոնների պահանջների խախտումներ, մասնավորապես արտահայտությունները վարկաբեկում են դատական իշխանությունը, նման արտահայտություններով նվազեցվում է հանրության վստահությունը դատական իշխանության անկախության և անաչառության վերաբերյալ։ Արտահայտությունները հրապարակայնորեն կասկածի տակ են առնում Խորհրդի որոշումն ու գործողությունները, ինչպես նաև պարունակում են Խորհրդում քննվող գործի վերաբերյալ հրապարակայնորեն արտահայտած կարծիք:

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 142-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ նույն գլխի իմաստով՝ արարքը համարվում է դիտավորությամբ կատարված, եթե դատավորը գիտակցել է իր վարքագծի ոչ իրավաչափ բնույթը: Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ նույն գլխի իմաստով՝ արարքը համարվում է կոպիտ անփութությամբ կատարված, եթե դատավորը չի գիտակցել իր վարքագծի ոչ իրավաչափ բնույթը, թեև տվյալ իրադրությունում ակնհայտորեն կարող էր և պարտավոր էր դա անել:

Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրում է, որ դատավորի կարգապահական պատասխանատվության տեսանկյունից մեղքը դատավորի վերաբերմունքն է իր կողմից կատարված արարքի նկատմամբ:

Վերոնշյալ իրավական եզրահանգումների արդյունքում Խորհուրդն արձանագրում է, որ դատավորի կողմից խոսքի ազատության իրավունքի իրացման պայմաններում դատավորի վարքագծի կանոններով սահմանված առավել խիստ սահմանափակումները կանխատեսելի են եղել Դատավորի համար։ Դատավորը կասկածի տակ է դրել որպես դատարան հանդես եկած Բարձրագույն դատական խորհրդի որոշումն այն դեպքում, երբ Խորհրդի որոշման ամբողջական տեքստը դեռևս հրապարակված և հասանելի չի եղել և, առանց որոշման հիմնավորումները կարդալու այն կասկածի տակ դնելը թույլ է տալիս ողջամտորեն եզրահանգել Դատավորի գործողություններում դիտավորության առկայության մասին։ Ավելին, վերը նշված հիմնավորումների լույսի ներքո արձանագրված խախտումներն այնքան ակնհայտ էին, որ Դատավորը չէր կարող չգիտակցել իր վարքագծի ոչ իրավաչափ բնույթը, մասնավորապես, կոլեգիալ մարմնի կողմից որոշման միաձայնության բացակայությունը համաչափության տեսանկյունից խնդրահարույց դիտարկելը, դեռևս չկայացված դատական ակտի վերաբերյալ միակողմանի և ուղղորդիչ տեղեկատվություն տրամադրելը, ինչպես նաև առանց որոշման պատճառաբանական մասին ծանոթանալու որոշումը քննադատելը։ Այսպիսով, Խորհուրդը հարկ է համարում արձանագրել, որ մատնանշված դրվագներով խոսքի ազատության իրավունքի սահմանազանցումը ողջամիտ կասկածից վեր է, հետևաբար այն չէր կարող դրսևորվել որևէ այլ կերպ, քան դիտավորությունն է։

Անդրադառնալով Դատավորի ներկայացուցչի կողմից ներկայացված՝ կարգապահական վարույթի կարճման միջնորդությանը՝ Խորհուրդն արձանագրում է հետևյալը.

Ըստ ներկայացուցչի՝ տվյալ դեպքում առկա է նախորդող գործընթացի օրինականության առումով խնդիր և շահերի բախման հարց:

Օրենսգրքի 146-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ կարգապահական վարույթ հարուցելու առիթներն են՝ կարգապահական խախտման մասին զանգվածային լրատվության միջոցների հրապարակումները:

ՀՀ վարչապետի 11.06.2018 թվականի N 704-Լ որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կանոնադրության 14-րդ կետի՝ նախարարը ղեկավարում է նախարարության գործունեությունը, իսկ ըստ 16-րդ կետի՝ նախարարին անմիջական հաշվետու են նախարարի տեղակալները, գլխավոր քարտուղարը, գործակալության ղեկավարը, ենթակա մարմինների, կազմակերպությունների և հիմնարկների ղեկավարները, նախարարի խորհրդականը, օգնականը, մամուլի քարտուղարը և հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները:

Համաձայն կանոնադրության 29-րդ կետի՝ նախարարի մամուլի քարտուղարը՝ կատարում է նախարարի կողմից տրված այլ հանձնարարականներ:

Տվյալ դեպքում Դատավորի ներկայացուցչի կողմից վկայակոչված այն փաստարկը, որ առկա է նախորդող գործընթացի օրինականության առումով խնդիր, քանի որ մամուլի քարտուղարն իրավասու չէ կազմել զեկուցագիր և ներկայացնել նախարարին, Խորհուրդը գնահատում է անհիմն, քանի որ ի թիվս այլնի՝ Կանոնադրությամբ սահմանված է, որ նախարարի մամուլի քարտուղարը կատարում է նաև նախարարի կողմից տրված այլ հանձնարարականներ և վերոնշյալի համատեքստում Խորհրդի համար ընդունելի են Նախարարի ներկայացուցչի հնչեցված այն պարզաբանումները, որ նախարարի կողմից նախարարության գործունեությունը ղեկավարելու գործառույթն ինքնին ենթադրում է նաև վերջինիս անմիջական հաշվետու մարմինների կողմից համապատասխան հանձնարարությունների իրականացում, որոնց թվում են նաև մամուլի քարտուղարի կողմից առհասարակ մամուլի հրապարակումների մշտադիտարկումը, այդ թվում՝ մշտադիտարկման արդյունքում դատավորների կողմից առերևույթ կարգապահական խախտումներ թույլ տալու վերաբերյալ տեղեկատվությունը ցանկացած եղանակով փոխանցելը, ինչը որևէ կերպ չի կարող դիտվել մամուլի քարտուղարի կողմից լիազորությունների վերազանցում:

Անդրադառնալով միջնորդության երկրորդ հիմքին առ այն, որ Դատավորի նկատմամբ վարույթ հարուցելիս նախարարությունը գործել է շահերի բախման վիճակում և քննադատության հասցեատերն օբյեկտիվորեն եղել է նախարարությունը, ինչին հաջորդել է վարույթի հարուցումը, որպիսի հանգամանքներում Խորհուրդն իր թիվ ԲԴԽ-56-Ո-Կ-18 որոշմամբ կարճել է դատավոր Արման Հովհաննիսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վարույթը՝ Խորհուրդն արձանագրում է, որ վկայակոչված գործերի փաստական հանգամանքներն էապես տարբերվում են սույն գործի փաստական հանգամանքներից։ Այսպես, նշված գործով վարույթ հարուցող մարմինը հանդիսացել է Արդարադատության նախարարը, ով կարգապահական վարույթի առարկա հանդիսացող գործով հանդես է եկել որպես կողմ, ինչը հիմք է հանդիսացել Բարձրագույն դատական խորհրդի համար հարուցված կարգապահական վարույթը կարճելու և արձանագրելու, որ գործընթացն անկողմնակալ դիտորդի մոտ կարող է ողջամիտ կասկած հարուցել տվյալ գործով վարույթ հարուցող մարմնի անաչառության մեջ:

Մինչդեռ սույն վարույթի շրջանակներում Արդարադատության նախարարն ուղղակիորեն կապված չէ կարգապահական վարույթի առարկայի հետ, ավելին՝ ծանրաբեռնվածության խնդրի բարձրաձայնումն ինքնին չի կարող դիտվել անկողմնակալ դիտորդի մոտ անաչառության վերաբերյալ ողջամիտ կասկած հարուցող հանգամանք, հատկապես որ ՀՀ կառավարության 2022 թվականի հուլիսի 21-ի «Հայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թվականների ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների ծրագիրը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 10-ի N 1441-Լ որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 1133-Լ որոշմամբ և Բարձրագույն դատական խորհրդի գործունեության 2019 թվականի տարեկան հաղորդմամբ արդեն իսկ արձանագրվել է դատարանների գերծանրաբեռնվածության փաստը։

Անդրադառնալով Դատավորի վարքագծում էական կարգապահական խախտման առկայության հարցին՝ Խորհուրդն արձանագրում է հետևյալը․

Օրենքի 142-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ կետի համաձայն՝ էական կարգապահական խախտում է սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված խախտումը, որը դրսևորվել է 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-4-րդ, 8-րդ և 9-րդ, 12-րդ, 15-րդ և 16-րդ կետերով և 70-րդ հոդվածի 2-րդ մասի 1-3-րդ, 7-րդ և 8-րդ, 13-րդ և 14-րդ կետերով նախատեսված դատավորի պարտականությունների խախտմամբ և պայմանավորված կատարման հանգամանքներով և (կամ) առաջացրած հետևանքներով՝ համատեղելի չէ դատավորի կարգավիճակի հետ։

Վերը նշված հիմնավորումներով Խորհուրդն արդեն իսկ արձանագրել է, որ Դատավորն իր վարքագծով զերծ չի մնացել դատական իշխանությունը վարկաբեկող, ինչպես նաև դատական իշխանության անկախության և անաչառության վերաբերյալ հանրության վստահությունը նվազեցնող վարքագիծ դրսևորելուց, ուստի այս համատեքստում անհրաժեշտ է անդրադառնալ արարքի համատեղելիությանը դատավորի կարգավիճակի հետ:

Սույն գործի փաստական հանգամանքների վերլուծությունից արդեն իսկ արձանագրվել է, որ Դատավորը քննության փուլում գտնվող կարգապահական վարույթի հանգամանքները հանրությանը ներկայացրել է միակողմանի, կողմնակալ կերպով, առանց կարգապահական վարույթով կայացված որոշման ամբողջական տեքստին ծանոթանալու քննադատել է այն, դեռ ավելին՝ իր քննադատությունը չի ամրապնդել որևէ ողջամիտ հիմնավորմամբ։

Այսպես, Դատավորի առանցքային կարողություններից մեկն անաչառ գործելու և գործի բոլոր փաստերի հիման վրա տեղեկացված որոշումներ կայացնելու ունակությունն է: Այն պարագայում, երբ դատավորը քննադատում է որևէ որոշում առանց նախապես այն կարդալու, տպավորություն է ստեղծվում, որ դատավորն ունի կանխակալ մոտեցումներ, որոնք հիմնված չեն գործի փաստերի և տվյալ մարմնի հիմնավորումների վրա: Այսպիսի վարքագիծն անխուսափելիորեն հանգեցնում է դատավորի նկատմամբ հանրության վստահության կորստի:

Ավելին, դատավորներից ակնկալվում է, որ նրանք իրենց մոտեցումներում կցուցաբերեն իրավական դոկտրինի և իրավագիտության հիմնավոր ընկալում և հանրությանը դրանք մատչելի կերպով բացատրելու ունակություն։ Հետևաբար առանց լրջագույն հիմնավորումների, որևէ որոշում համաչափության տեսանկյունից կասկածի տակ առնելը ևս իբրև հետևանք հանրության աչքում կասկածի տակ են դնում դատավորի համապատասխանությունն իր կարգավիճակին։

Ուստի, Խորհուրդը փաստում է, որ այն դեպքում, երբ Դատավորն առանց նախապես Խորհրդի որոշումը կարդալու և առանց ծանրակշիռ իրավական հիմնավորման քննադատում է այն, ապա այդ վարքագիծը ոչ միայն վարկաբեկում է դատական իշխանությունը, այլև իր կատարման հանգամանքներով պայմանավորված համատեղելի չէ դատավորի կարգավիճակի հետ։

Հաշվի առնելով վերոգրյալը՝ Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրում է, որ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատավորի նկատմամբ կիրառվող կարգապահական տույժը պետք է համաչափ լինի կատարված խախտմանը: Կարգապահական տույժ կիրառելիս Բարձրագույն դատական խորհուրդը հաշվի է առնում խախտման բնույթը և հետևանքները, դատավորի անձը, առկա տույժերը և ուշադրության արժանի այլ հանգամանքներ:

Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրում է նաև, որ կարգապահական պատասխանատվության հարցի քննության պահին Դատավորն ունեցել է կարգապահական տույժ, մասնավորապես Բարձրագույն դատական խորհրդի 29.11.2021 թվականի թիվ ԲԴԽ-84-Ո-Կ-24 որոշմամբ Դատավորը ենթարկվել է կարգապահական պատասխանատվության՝ նրա նկատմամբ կիրառվել է խիստ նկատողությունը, որպես կարգապահական տույժ, որը սույն գործի քննության պահին մարված չէ:

Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով ՀՀ սահմանադրության 164-րդ հոդվածի 9-րդ կետով, 175-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 6-րդ մասով, 142-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ կետով, 149-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, 154-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով և 155-րդ հոդվածով՝ Բարձրագույն դատական խորհուրդը,

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1․ Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի միջնորդությունը՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ, բավարարել: Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանի լիազորություններն էական կարգապահական խախտման հիմքով դադարեցնել:

2․ Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և վերջնական է:

 

_____________________

1 Տե՛ս ՄԱԿ-ի Թմրամիջոցների և հանցագործության դեմ պայքարի գրասենյակի կողմից հաստատված Բանգալորյան սկզբունքների մեկնաբանությունները, 2007թ., էջ 67, կետ 76 (c)

https://www.unodc.org/documents/nigeria/publications/Otherpublications/Commentry_on_the_Bangalore_principles_of_Judicial_Conduct.pdf

2 Տե՛ս ՄԱԿ-ի Թմրամիջոցների և հանցագործության դեմ պայքարի գրասենյակի կողմից հաստատված Բանգալորյան սկզբունքների մեկնաբանությունները, 2007թ., էջ 95-97, կետ 134,136,138

https://www.unodc.org/documents/nigeria/publications/Otherpublications/Commentry_on_the_Bangalore_principles_of_Judicial_Conduct.pdf

3 Տե՛ս նույն տեղում, կետ 138:

4 Հրապարակումը հասանելի է հետևյալ հղմամբ (31.01.2023 թվականի դրությամբ)՝

https://yerevan.today/all/iravakan/116600/ays-paymanneroum-orqanov-e-%C2%ABmeghadranqy%C2%BB-ardaraci%D5%9D-orosheq-inqnerd-zarouhi-naxshqaryan

5 Հրապարակումը հասանելի է հետևյալ հղմամբ (31.01.2023 թվականի դրությամբ)՝

https://www.pastinfo.am/hy/news/2022/12/26/jpe3cpdof/1511293?fbclid=IwAR0kIJj-_1gFiY03Ki4G6x9KV9gtXf3cM8kdKbZkG6uc2n_HewaPXCYYhLQ&mibextid=Zxz2cZ

6 Հրապարակումը հասանելի է հետևյալ հղմամբ (31.01.2023 թվականի դրությամբ)՝

https://irakanum.am/post/451223

7 Տես, Բակկան ընդդեմ Հունգարիայի, թիվ 20261/12 դիմում, Վերին պալատ, 23/06/2016, պար․ 164։

 

Բարձրագույն դատական խորհրդի

նիստը նախագահող

 
Ն. Հովսեփյան
   
անդամներ` Հ. Գրիգորյան
  Ե. Թումանյանց
 

Դ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

  Մ. Մակյան
  Ա. Մխիթարյան
  Ք. ՄԿՈՅԱՆ
Ս. Չիչոյան
  Վ. Քոչարյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 մարտի 2023 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան