Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (08.04.2022-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Դատալեքս համակարգ www.datalex.am
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
08.04.2022
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
08.04.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.04.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

 

ԵՔՐԴ/0567/01/08

 

ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),

 

նախագահությամբ`

Հ. Ասատրյանի

մասնակցությամբ դատավորներ`

Ե. Դանիելյանի

 

Ա. Պողոսյանի

 

Ս. Օհանյանի

 

քարտուղարությամբ`

Մ. ՊԵՏՐՈՍՅԱՆԻ

մասնակցությամբ` դատախազ

Ա. ՄԱՐԳԱՐՅԱՆԻ

8 ապրիլի 2022 թվական

ք. Երևան

դռնբաց դատական նիստում, քննության առնելով Ալեքսանդր Ռոբերտի Արզումանյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2009 թվականի հուլիսի 31-ի որոշման դեմ Ա.Արզումանյանի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանի՝ հիմնարար խախտման հիմքով ներկայացված վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (այսուհետ՝ նաև Առաջին ատյանի դատարան) 2009 թվականի հունիսի 22-ի դատավճռով Ալեքսանդր Ռոբերտի Արզումանյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտվել ազատազրկման` 5 (հինգ) տարի ժամկետով: Միաժամանակ, նրա նկատմամբ կիրառվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի՝ 2009 թվականի հունիսի 19-ի՝ «Համաներում հայտարարելու մասին» որոշման 2-րդ կետի 6-րդ ենթակետը և նա ազատվել է պատժի կրումից:

2. Ամբաստանյալ Ա.Արզումանյանի պաշտպան Լ.Սիմոնյանի և մյուս ամբաստանյալ Ս.Սիրունյանի պաշտպան Վ.Էլբակյանի վերաքննիչ բողոքների քննության արդյունքում, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան), 2009 թվականի հուլիսի 31-ի որոշմամբ բողոքները մերժել է, Առաջին ատյանի դատարանի՝ 2009 թվականի հունիսի 22-ի դատավճիռը՝ թողել օրինական ուժի մեջ:

3. Ամբաստանյալ Ա.Արզումանյանի պաշտպան Լ.Սիմոնյանի, մյուս ամբաստանյալ Ս.Սիրունյանի և նրա պաշտպան Վ.Էլբակյանի վճռաբեկ բողոքները Վճռաբեկ դատարանի՝ 2009 թվականի սեպտեմբերի 10-ի որոշմամբ վերադարձվել են:

4. 2020 թվականի օգոստոսի 28-ին Ա.Արզումանյանի պաշտպան Լ.Սիմոնյանը հիմնարար խախտման հիմքով վճռաբեկ բողոք է բերել, որը Վճռաբեկ դատարանի՝ 2020 թվականի դեկտեմբերի 2-ի որոշմամբ ընդունվել է վարույթ: Վճռաբեկ դատարանը 2022 թվականի մարտի 31-ին որոշում է կայացրել վճռաբեկ բողոքի քննությունը դատական նիստում իրականացնելու մասին։

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

5. Ալեքսանդր Արզումանյանին ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ․ «(…) [Ն]ա մի խումբ անձանց հետ կազմակերպել է զանգվածային անկարգություններ, որպիսի գործողություններն արտահայտվել են հետևյալում․

Ալեքսանդր Արզումանյանը [և այլոք] երկրում ներքաղաքական վիճակն ապակայունացնելու և զանգվածային անկարգություններ հրահրելու դիտավորությամբ կազմակերպել ու անմիջականորեն իրականացրել են հանցավոր մտադրությունն ի կատար ածելուն ուղղված գործողություններ:

Հասարակության լայն շրջաններում դժգոհություն առաջացնելու, մարդկանց նոր զանգվածներ ներգրավելու մղումով, ինչպես նաև որպես պետական իշխանության ներկայացուցիչների նկատմամբ ուժ գործադրելու պատրաստակամության դրսևորում Ալեքսանդր Արզումանյանը և մյուսները, տարբեր միջոցներով` իրենց շրջապատի նկատմամբ անձնական և ծառայողական ազդեցություն գործադրելով, հարկադրելով, խոստումների և որոշակի վարձատրության դիմաց հավաքագրելով մարդկանց հոծ բազմություն, վերջիններիս ներգրավել են 2008թ. փետրվարի 20-ից Երևան քաղաքում անցկացվող զանգվածային հրապարակային միջոցառումներին, որտեղ ամբոխավարական կրքեր հրահրելու եղանակով բազմությանը տրամադրել, նախապատրաստել են անհնազանդության և զանգվածային բռնարարքների:

Ալեքսանդր Արզումանյանը, ունենալով կարևոր և ուրույն դերակատարում, հավաքված բազմությանն իշխանության ներկայացուցիչների պահանջներին չենթարկվելու և զանգվածային բռնարարքների մղելու մտադրությունը քողարկելու նպատակով սուտ տեղեկություններ է տարածել զանգվածային միջոցառումներն օրենքի տառին համապատասխանելու մասին, Սուրեն Սիրունյանի և այլոց միջոցով հավաքված բազմությանը պահել է մշտական լարվածության մեջ, կազմակերպել հիշյալ միջոցառումներին մարդկանց խմբերի անընդմեջ ներկայությունն ապահովող կենցաղային անհրաժեշտ պարագաների մատակարարումը, տրամադրել ֆինանսական միջոցներ:

Երևան քաղաքում զանգվածային անկարգություններ իրագործելու մտադրությամբ խմբի անդամներն ինչպես անձամբ, այնպես էլ իրենց հետ համագործակցող այլ անձանց միջոցով կազմավորել են զանգվածային բռնարարքների կատարմանը պատրաստ անձանց խմբեր և կազմակերպել նրանց շրջանում ապօրինի կերպով ձեռք բերված հրազենի, ռազմամթերքի, պայթուցիկ նյութերի, պայթուցիկ սարքերի, ինչպես նաև մարմնական վնասվածքներ պատճառելու համար հարմարեցված տարատեսակ առարկաների բաշխում:

2008թ. մարտի 1-ի վաղ առավոտյան, երբ ոստիկանության աշխատակիցները, իրացնելով Երևան քաղաքում զանգվածային անկարգություններ հրահրելու նպատակով հրազենի, ռազմամթերքի, պայթուցիկ նյութերի, պայթուցիկ սարքերի, մարմնական վնասվածքներ պատճառելու համար հարմարեցված այլ առարկաների ապօրինի շրջանառության մասին օպերատիվ տեղեկությունը, փորձել են Ազատության հրապարակում հայտնաբերել և առգրավել դրանք, զանգվածային միջոցառման կազմակերպիչների հրահանգով հրապարակում գտնվող բազմության մի ստվար զանգված հանրավտանգ հիշյալ պարագաների օգտագործմամբ դիմադրություն է ցույց տվել իշխանության ներկայացուցիչ հանդիսացող ոստիկանության աշխատակիցներին, կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրել վերջիններիս նկատմամբ:

Այնուհետև, զանգվածային միջոցառման մասնակիցներն Ալեքսանդր Արզումանյանի [և այլոց] ուղղորդմամբ և հրահանգով տեղափոխվել, Վիրաբ Մանուկյանի և այլոց կազմակերպմամբ հասարակական և մասնավոր տրանսպորտային միջոցները դիտավորությամբ վնասելով, շահագործումից դուրս բերելով և արգելապատնեշներ կառուցելով դիրքավորվել են Մյասնիկյանի արձանի հարակից տարածքում, որտեղ վերջիններս հրահրել, կազմակերպել, անմիջականորեն ղեկավարել են զանգվածային անկարգությունները. մարմնական վնասվածքներ պատճառելու համար հարմարեցված և ձեռնահաս այլ միջոցներով զինվելու ու հասարակական կարգի պահպանություն իրականացնող ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելու, վերջիններիս օրինական պահանջներին ակտիվորեն չենթարկվելու հրահանգներ են տվել, իրենց իսկ հավաքագրած անձանց միջոցով ներգրավել են նոր մարդկանց, ամբոխի առավել ագրեսիվ զանգվածին բաժանել զենքեր, մարմնական վնասվածքներ պատճառելու, հրկիզումներ ու ավերումներ առաջացնելու համար հարմարեցված մետաղական ձողեր, մահակներ, ամրաններից պատրաստված «ոզնի» կոչվող սրածայր մետաղական կոնստրուկցիաներ, բենզինով լցված շշեր` «Մոլոտովի կոկտեյլ» և այլ պարագաներ:

Ալեքսանդր Արզումանյանը (...) համակարգել և ղեկավարել է մյուս հանցակիցների կազմակերպչական գործողությունները, զանգվածային անկարգությունների կենտրոնում գտնվող Սուրեն Սիրունյանից անմիջականորեն տեղեկություններ է ստացել Երևանի Գր. Լուսավորիչ, Մաշտոց, Լեո և Պարոնյան փողոցներում տեղի ունեցող ջարդերի, հրկիզումների, գույքի դիտավորյալ ոչնչացման, վնասելու և թալանելու գործողությունների ընթացքի մասին, խրախուսել է այդպիսիք և վերջինիս միջոցով նոր հրահանգներ տվել դրանց կատարումը վերահսկելու ուղղությամբ:

Արդյունքում` 2008թ. մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Մյասնիկյանի արձանի և Երևանի քաղաքապետարանի հարակից տարածքում, Երևանի Գր.Լուսավոիչ, Մաշտոց, Լեո և Պարոնյան փողոցներում հրազեն, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր և սարքեր գործադրելով կատարվել են զանգվածային անկարգություններ, որոնց ընթացքում զինված դիմադրություն է ցույց տրվել իշխանության ներկայացուցիչ հանդիսացող ոստիկանության աշխատակիցներին, ՀՀ ոստիկանության զորքերի զինծառայողներին, տարբեր ծանրության աստիճանների մարմնական վնասվածքներ են ստացել 187 ՀՀ ոստիկանության զորքերի զինծառայող ու ոստիկանության աշխատակից, 32 քաղաքացիական անձ, ջարդերի, գույքի դիտավորյալ ոչնչացման, վնասելու և թալանելու հետևանքով ՀՀ ոստիկանությանը պատճառվել է 25.980.093 դրամի վնաս, Երևան քաղաքին և Կենտրոն թաղային համայնքին` 69.288.760 դրամի վնաս, իրավաբանական անձանց` 339.954.866 դրամի վնաս, հրկիզվել և վնասվել է 92 տրանսպորտային միջոց, որի հետևանքով ՀՀ ոստիկանությանը, քաղաքացիներին և ուղևորափոխադրող ընկերություններին պատճառվել է ընդհանուր առմամբ 70.854.525 դրամի վնաս:

Տեղի ունեցած զանգվածային անկարգությունների ընթացքում ստացած մարմնական վնասվածքներից մահացել է 10 անձ:

Զինված հարձակումները և զանգվածային անկարգությունները դադարել են միայն արտակարգ դրություն հայտարարելուց և իրավապահների կողմից դրանք կանխելուց հետո (…)»1։

6․ Առաջին ատյանի դատարանի` 2009 թվականի հունիսի 22-ի դատավճռով ապացուցված է համարվել, որ Ա.Արզումանյանը կազմակերպել է զանգվածային անկարգություններ, որոնք ուղեկցվել են բռնությամբ, ջարդերով, հրկիզումներով, գույք ոչնչացնելով ու վնաuելով, հրազեն, պայթուցիկ նյութեր, պայթուցիկ uարքեր գործադրելով և իշխանության ներկայացուցչին զինված դիմադրություն ցույց տալով2:

6․1․ Առաջին ատյանի դատարանն իր կողմից հաստատված հանգամանքների հիմքում դրել է. վկաներ՝ Տիգրան Հակոբյանի, Զավեն Վարդանյանի, Սուսաննա Գալստյանի, Սամվել Գասպարյանի, Աշոտ Հարությունյանի, Յուրա Պողոսյանի, Էմմա Բեգլարյանի ցուցմունքները, Երևանի քաղաքապետի 01/7-6295հ գրությամբ և դրան կից ներկայացված վնասի չափն ու վերականգմանն ուղղված ծախսերը հիմնավորող ակտերով զանգվածային անկարգությունները պատկերող տեսասկավառակները, նյութագիտական փորձաքննության թիվ 08-0142, սառը զենքի փորձաքննության թիվ 479, դատապայթյունատեխնիկական և դատաքիմիական համալիր փորձաքննության թիվ 07100803, դատաձգաբանական, դատապայթյունատեխնիկական և դատաքիմիական համալիր փորձաքննության թիվ 357 եզրակացությունները, 2008 թվականի փետրվարի 24-ին կատարված տեղանքի զննման արձանագրությունները, սառը զենքի փորձաքննության թիվ 300 և 301 եզրակացությունները, սառը զենքի փորձաքննության թիվ 633 և 492 եզրակացությունները, դատապայթյունատեխնիկական և դատաքիմիական համալիր փորձաքննության թիվ 07050803 եզրակացությունը, պայթյունատեխնիկական փորձաքննության թիվ 12960803 եզրակացությունը, դատաձգաբանական, դատահետքաբանական և դատապայթյունատեխնիկական համալիր փորձաքննության թիվ 09410802, 09320802, 09400802 եզրակացությունները, 2008 թվականի մարտի 1-ի թիվ ՆՀ-35-Ն հրամանագիրը, 2008 թվականի մարտի 1-ին և 2-ին Երևանում տեղի ունեցած իրադարձությունների ընթացքում ՀՀ ոստիկանության իրականացրած միջոցառումների վերաբերյալ ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալի գրությունը, 2008 թվականի փետրվարի 21-ից մարտի 1-ն ընկած ժամանակահատվածում օրենքով սահմանված կարգի խախտմամբ Երևանում կազմակերպված զանգվածային հրապարակային միջոցառումները դադարեցնելու վերաբերյալ ՀՀ ոստիկանության ձեռնարկած միջոցառումների մասին ՀՀ ոստիկանության պետի տեղակալի գրությունը, կից ներկայացված լազերային տեսասկավառակը և քրեական գործի այլ նյութերը3։

7. Վերաքննիչ դատարանը, Առաջին ատյանի դատարանի դատական ակտը թողնելով օրինական ուժի մեջ, 2009 թվականի հուլիսի 31-ի որոշմամբ արձանագրել է. որ «(…) Ամբաստանյալներին մեղսագրված արարքը, այդ թվում այն, որ զանգվածային անկարգությունները ուղեկցվել են Երևանի կենտրոնական փողոցներում տեղակայված պետական հիմնարկների, մասնավոր խանութների և սպասարկման օբյեկտների ջարդերով, որի ընթացքում թալանվել, վնասվել և ոչնչացվել է պետական, հանրային և մասնավոր գույք և այդ ընթացքում կիրառվել են` ֆիզիկական ուժ, զենք և ռազմամթերք, պայթուցիկ նյութեր, պայթուցիկ սարքեր, մարմնական վնասվածքներ հասցնելու համար հարմարեցված տարատեսակ առարկաներ, հիմնավորվել են բազմաթիվ հավաստի ապացույցներով:

Դատարանը ապացուցված է համարում նաև այն հանգամանքը, որ (...) Ա.Արզումանյանը (...) ոչ միայն կազմակերպել [է] զանգվածային անկարգությունները, այլ նաև ղեկավարել [է] մյուս մասնակիցների գործողությունները:

(...) [Ա]ռաջին ատյանի դատարանը գործով ձեռք բերված ապացույցները պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում ենթարկելով բազմակողմանի և օբյեկտիվ ստուգման, հանգել է ճիշտ հետևության, որ ամբաստանյալներին առաջադրված մեղադրանքը և նրանց մեղավորությունը հանցանքը գործելու մեջ հաստատվել են գործին վերաբերող փոխկապակցված հավաստի ապացույցների բավարար ամբողջությամբ:

(...) [Վ]երաքննիչ դատարանը (...) հանգեց այն հետևության, որ (...) Ա.Արզումանյանին (...) ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին մասով մեղսագրված արարքը ապացուցված է և որակված է ճիշտ (…)»4:

7.1. Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը (այսուհետ` նաև Եվրոպական դատարան) 2021 թվականի օգոստոսի 31-ին Արզումանյանն ընդդեմ Հայաստանի գործով վճիռ է կայացրել, որով արձանագրել է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` նաև Եվրոպական կոնվենցիա) 11-րդ հոդվածի խախտում: Նշված վճռով Եվրոպական դատարանն արձանագրել է, որ Ա.Արզումանյանը պատասխանատվության է ենթարկվել ընդդիմության ակտիվ անդամ լինելու և խաղաղ հավաքների ազատության իր իրավունքից օգտվելու համար, այլ ոչ թե պատժելի արարքներ կատարելու համար5:

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի և հիմնավորումների սահմաններում.

8. Բողոք բերած անձը, հղում կատարելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 21-րդ հոդվածի 4-րդ մասին, ՀՀ Սահմանադրության 61-րդ, 63-րդ հոդվածներին, Եվրոպական կոնվենցիայի 7-րդ արձանագրության 4-րդ հոդվածին, ինչպես նաև օրինական ուժի մեջ մտած դատական ակտի վերանայման մասին ՀՀ Սահմանադրական դատարանի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավական դիրքորոշումներին, նշել է, որ Առաջին ատյանի դատարանի կողմից չի ապացուցվել, թե կոնկրետ ինչ եղանակներով և գործողություններով է դրսևորվել իր պաշտպանյալ Ա.Արզումանյանին մեղսագրված հանցավոր արարքը։ Մասնավորապես, բողոքաբերը նշել է, որ ամբաստանյալի մեղքը, ըստ դատավճռի, հիմնավորվել է վկաներ` Տիգրան Հակոբյանի, Զավեն Վարդանյանի, Սուսաննա Գալստյանի, Սամվել Գասպարյանի, Աշոտ Հարությունյանի, Յուրա Պողոսյանի ցուցմունքներով, մինչդեռ դրանց ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ զանգվածային անկարգություններ չեն կազմակերպվել և չեն իրագործվել:

Բողոք բերած անձն ընդգծել է, որ դատաքննությամբ վերարտադրված լազերային սկավառակներում առկա չէ որևէ տեսանյութ, որը կվերաբերեր Ալեքսանդր Արզումանյանին, հետևապես՝ նշված նյութերը ոչ միայն անթույլատրելի են որպես ապացույց, այլ նաև վերաբերելի չեն Ալեքսանդր Արզումանյանին: Դրանք հիմնավորում են, որ 2008 թվականի մարտի 1-ին առավոտյան Մյասնիկյանի արձանի մոտ հավաքված անձանց նպատակն էր իրենց բողոքի ձայնը բարձրացնել ապօրինի գործողությունների դեմ։

Բողոքաբերը նշել է, որ գործով չի ապացուցվել, որ Ա.Արզումանյանը եղել է զանգվածային անկարգությունների կազմակերպիչ: Ինչպես նախաքննության մարմինը, այնպես էլ դատարաններն անտեսել են ՀՀ քրեական և քրեական դատավարության օրենսգրքերի պահանջները:

Բողոքաբերը փաստարկել է նաև, որ ստորադաս դատարանը պարտավոր էր Ա.Արզումանյանի վերաբերյալ գործի վարույթը կարճել և քրեական հետապնդումը դադարեցնել, քանի որ նրա մեղքը հիմնավորող ապացույցներ ձեռք չեն բերվել: ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքն անհիմն է, քանի որ բացակայում են նշված հանցակազմի բոլոր տարրերն ու դրանց բնորոշող հատկանիշները:

9. Վերոգրյալի հիման վրա, բողոքաբերը խնդրել է ամբողջությամբ բեկանել Առաջին ատյանի դատարանի՝ 2009 թվականի հունիսի 22-ի դատավճիռը և այն անփոփոխ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի՝ 2009 թվականի հուլիսի 31-ի որոշումը, Ալեքսանդր Արզումանյանին ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքում ճանաչել անմեղ և նրա նկատմամբ կայացնել արդարացման դատական ակտ:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

10. Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. արդյո՞ք սույն գործի նախորդ դատական քննության ընթացքում թույլ են տրվել իրավունքի այնպիսի հիմնարար խախտումներ, որոնց արդյունքում ընդունված դատական ակտերը խաթարում են արդարադատության բուն էությունը, խախտում են սահմանադրորեն պաշտպանվող շահերի անհրաժեշտ հավասարակշռությունը:

11. ՀՀ Սահմանադրության 68-րդ հոդվածի համաձայն՝ «1. Ոչ ոք չի կարող կրկին դատվել նույն արարքի համար:

2. Սույն հոդվածի 1-ին մասի դրույթները չեն խոչընդոտում գործի վերանայմանը՝ օրենքին համապատասխան, եթե առկա են նոր կամ նոր երևան եկած հանգամանքներ, կամ գործի քննության ժամանակ տեղ են գտել հիմնարար թերություններ, որոնք կարող էին ազդել գործի արդյունքի վրա»:

Եվրոպական կոնվենցիային կից 7-րդ արձանագրության 4-րդ հոդվածի համաձայն՝ «1. Ոչ ոք չպետք է միևնույն պետության իրավազորության շրջանակներում երկրորդ անգամ դատվի կամ քրեական դատավարության կարգով պատժվի այն հանցագործության կապակցությամբ, որի համար նա արդեն վերջնականապես արդարացվել է կամ դատապարտվել այդ պետության օրենքին և քրեական դատավարությանը համապատասխան:

2. Նախորդ կետի դրույթները չեն խոչընդոտում գործի վերանայմանը տվյալ պետության օրենքին և քրեական դատավարությանը համապատասխան, եթե ի հայտ են եկել նոր կամ նոր բացահայտված փաստեր, կամ նախորդ քննության ժամանակ տեղ են գտել էական թերություններ, որոնք կարող էին ազդել դրա արդյունքի վրա (…)»։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Եվրոպական կոնվենցիային կից 7-րդ արձանագրության 4-րդ հոդվածի համատեքստում դիրքորոշում է արտահայտել այն մասին, որ պետական իշխանությունները պետք է հարգեն օրինական ուժի մեջ մտած դատական ակտի պարտադիրությունը և թույլատրեն գործով վարույթի վերսկսում միայն այն դեպքերում, երբ այն կատարելու լեգիտիմ հիմքերը գերազանցում են իրավական որոշակիության սկզբունքը։ Մասնավորապես, այն դատական ակտի վերանայումը, որն օրինական ուժ է ստացել, չպետք է թույլատրվի միայն գործը վերաքննելու և նոր որոշում կայացնելու նպատակով, այլ պետք է հետապնդի դատական սխալները և արդարադատության իրականացման ընթացքում թույլ տրված խախտումները շտկելու նպատակ6:

Միևնույն ժամանակ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը նշել է, որ թիվ 7 արձանագրության 4-րդ հոդվածի 2-րդ մասի իմաստով, «հիմնարար խախտում» հասկացությունը ենթադրում է միայն դատավարական ընթացակարգի լուրջ խախտումը, որն էապես խաթարում է նախորդ դատավարության ամբողջականությունը, կարող է հիմք հանդիսանալ ոչ անձի օգտին գործի վերանայման համար, եթե նա արդարացվել է կամ մեղավոր է ճանաչվել նվազ ծանր հանցագործության համար, քան օրենքով նախատեսվածը, որը ենթակա էր կիրառման։ Հետևաբար, նման դեպքերում, դատախազի կամ վերադաս դատարանի կողմից զուտ գործով ապացույցների պարզ վերագնահատումը չէր կարող բավարարել նշված չափանիշին։ Այնուամենայնիվ, ինչ վերաբերում է իրավիճակներին, երբ անձը մեղավոր է ճանաչվել և գործի վերանայումը կարող է լինել իր օգտին, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը նշել է, որ թիվ 7 արձանագրության Բացատրական զեկույցի 31-րդ կետում ընդգծված է, որ «4-րդ հոդվածը չի խոչընդոտում գործի կրկնակի քննությանը՝ հօգուտ դատապարտված անձի, և դատական ակտի ցանկացած այլ փոփոխությանը` ի շահ դատապարտյալի»: Վերջապես, 7-րդ արձանագրության 4-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ գործի վերանայման հիմքերն ամեն դեպքում, in fine, պետք է լինեն այնպիսին, որ «ազդեն գործի ելքի վրա»՝ կամ հօգուտ անձի, կամ հակառակը7։

11.1. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Նույն անձի վերաբերյալ, նույն դեպքի առիթով դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռի կամ որոշման առկայությունը բացառում է քրեական գործը նորոգելը մեղադրանքն ավելի ծանրով փոխարինելու կամ ավելի խիստ պատիժ նշանակելու կամ մեկ այլ հիմքով, որն առաջ կբերի անձի վիճակի վատթարացում»:

11.2. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 21-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ «[Ն]ույն հոդվածի երկրորդ մասի կանոնները չեն գործում այն բացառիկ դեպքերում, երբ գործի նախորդ դատական քննության ընթացքում թույլ են տրվել նյութական կամ դատավարական իրավունքի այնպիսի հիմնարար խախտումներ, որի արդյունքում ընդունված դատական ակտը խաթարում է արդարադատության բուն էությունը, խախտում է սահմանադրորեն պաշտպանվող շահերի անհրաժեշտ հավասարակշռությունը»:

11.3. Վերը մեջբերված քրեադատավարական նորմերը Վճռաբեկ դատարանը վերլուծել է Մկրտիչ Սարգսյանի գործով որոշմամբ և իրավական դիրքորոշումներ արտահայտել առ այն, որ «(...) [Օ]րինական ուժի մեջ մտած դատական ակտերը կարող են վերանայվել բացառապես նյութական կամ դատավարական իրավունքի հիմնարար խախտման (կամ նոր երևան եկած կամ նոր հանգամանքների) հիմքով։ Նման իրավակարգավորումը բխում է իրավաչափ այն գաղափարից, որ օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի վերանայումը ընդհանուր կանոնից բացառություն է և, որպես այդպիսին, ենթադրում է բողոքարկման բացառիկ հիմքերի առկայություն։Հարկ է ընդգծել, որ «հիմնարար խախտումը» ենթադրում է խախտման առավել ծանր բնույթ, քան քրեական օրենքի սխալ կիրառումը կամ քրեադատավարական օրենքի էական խախտումը (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-398-րդ հոդվածներ)։ Հիմնարար խախտման էությունը դրսևորվում է նրանում, որ այն ի սկզբանե կանխորոշում է քրեական գործի քննության ոչ ճիշտ ընթացքը, բովանդակազրկում դրա նշանակությունը՝ դրանով իսկ վկայելով անօրինական և չհիմնավորված դատական ակտ կայացված լինելու մասին։ (…)»8:

11.4. «Հիմնարար խախտման» էությանն անդրադարձել է նաև ՀՀ Սահմանադրական դատարանը՝ թիվ ՍԴՈ-1431 որոշմամբ ընդգծելով հետևյալը. «(…) [Հիմնարար խախտումը] պետք է պատճառահետևանքային կապի մեջ գտնվի ընդունված և արդարադատության բուն էությունը խաթարող դատական ակտի հետ: Քրեական արդարադատությունը, վերջին հաշվով, ուղղված է անմեղ անձին արդարացնելուն, հանցանք կատարած անձին դատապարտելուն, նրա նկատմամբ արդարացի պատիժ նշանակելուն, հանցագործությունից տուժած անձի իրավունքներն ու իրավաչափ շահերը պաշտպանելուն, նրան պատճառված վնասը հատուցելուն: Այսինքն` առերևույթ հիմնարար խախտումը պետք է արժեզրկի քրեական գործով իրականացված արդարադատությունը, նսեմացնի կայացված դատական ակտի դերն ու նշանակությունը: Մասնավորապես` այդպիսի վիճակ կարող է առաջանալ այն դեպքում, երբ գործը քննվել և դատական ակտը կայացվել է դատարանի ոչ օրինական կազմով, կամ երբ անձը դատապարտվել է այնպիսի արարքի համար, որը ստացել է ակնհայտ սխալ իրավական գնահատական»9:

12. Եվրոպական կոնվենցիայի 11-րդ հոդվածի համաձայն՝ «1. Յուրաքանչյուր ոք ունի խաղաղ հավաքների ազատության և այլոց հետ միավորվելու ազատության իրավունք` ներառյալ իր շահերի պաշտպանության համար արհմիություններ ստեղծելու և դրանց անդամակցելու իրավունքը։

2. Այս իրավունքների իրականացումը ենթակա չէ որևէ սահմանափակման, բացի նրանցից, որոնք նախատեսված են օրենքով և անհրաժեշտ են ժողովրդավարական հասարակությունում՝ ի շահ պետական անվտանգության կամ հասարակության անվտանգության, անկարգությունները կամ հանցագործությունները կանխելու, առողջությունը կամ բարոյականությունը կամ այլ անձանց իրավունքներն ու ազատությունները պաշտպանելու նպատակով: Սույն հոդվածը չի խոչընդոտում օրինական սահմանափակումներ նախատեսել զինված ուժերի, ոստիկանության և պետական վարչակազմի մեջ մտնող անձանց կողմից այդ իրավունքների իրականացման նկատմամբ»:

12.1. Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Մուշեղ Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի գործով 2018 թվականի սեպտեմբերի 20-ի վճռով արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումները.

ա) առկա չեն բավարար և համոզիչ ապացույցներ, որոնք թույլ կտան եզրակացնել, որ Ազատության հրապարակում տեղի ունեցած հավաքի կազմակերպիչները և մասնակիցները, բռնի մտադրություններ են ունեցել, և որ տվյալ հավաքը խաղաղ չի եղել10,

բ) առանց բավարար հիմնավորման և ակնհայտորեն առանց ցրելու մասին նախազգուշացման, ինչպես նաև չհիմնավորված և չափից ավելի ուժի օգտագործմամբ Ազատության հրապարակի հավաքը ցրելն անհամաչափ միջոց է եղել, որը իշխանությունների կողմից հավաքների ազատությունը սահմանափակելիս անցել է ողջամտության սահմանները11,

գ) դիմումատուների դատապարտումը կապված է եղել նրանց՝ ընդդիմության կողմից ղեկավարվող բողոքի շարժմանն ակտիվ մասնակցություն ցուցաբերելու հետ: Հետևաբար, դատարանը ենթադրել է, որ փաստերի ամբողջությունը, որոնց վրա հիմնված էին վերջիններիս քրեական հետապնդումը և դատապարտումը, վիճելի հիմքերով կարող են համարվել որպես իրենց՝ խաղաղ հավաքների ազատության իրավունքի նկատմամբ «միջամտություն»12,

դ) խաղաղ հավաքների ազատությանը վիճարկվող միջամտությունը կարող էր որակվել որպես ակնհայտ կամայական և համապատասխանաբար՝ անօրինական, Եվրոպական կոնվենցիայի 11-րդ հոդվածի նպատակների համար13։

13․ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Արզումանյանն ընդդեմ Հայաստանի գործով 2021 թվականի օգոստոսի 31-ի վճռով արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումները.

- «Դատարանը հաշվի է առնում, որ արդեն իսկ մանրակրկիտ կերպով ուսումնասիրել է Ազատության հրապարակում տեղի ունեցած հավաքի հանգամանքները և գտել է, որ այն եղել է խաղաղ՝ առանց բռնության որևէ հրահրման կամ բռնություն պարունակող արարքների (...): Դատարանը նշում է նաև, որ դիմումատուին «զանգվածային անկարգություններ կազմակերպելու» մեջ մեղավոր ճանաչելը պայմանավորված է եղել հետընտրական բողոքի շարժմանը նրա ներգրավմամբ, այդ թվում` Ազատության հրապարակի հավաքին նրա մասնակցությամբ և այնտեղ հրապարակային ելույթ ունենալով, և հետևաբար դա եղել է միջամտություն խաղաղ հավաքների ազատության նրա իրավունքին»14,

- «Դատարանը վերահաստատում է նաև, որ ցույցի ժամանակ բռնություն հրահրող գործողությունների համար քրեական պատասխանատվության ենթարկելը որոշ հանգամանքներում կարող է համարվել ընդունելի միջոց (...): Այնուամենայնիվ, խաղաղ մասնակիցները չեն կարող պատասխանատվության ենթարկվել այլ անձանց կողմից կատարված պատժելի արարքների համար: (...) Նույն կերպ, միջոցառման կազմակերպիչները չպետք է ենթարկվեն պատասխանատվության՝ դրա մասնակիցների վարքագծի համար այնքան ժամանակ, քանի դեռ նրանք անձամբ չեն կատարել, հրահրել կամ արտոնել որևէ պատժելի արարք (...): Այս մոտեցումը գործում է նույնիսկ այն դեպքում, երբ ցույցերի արդյունքում պատճառվում է վնաս, կամ դրանք հանգեցնում են այլ անկարգության (...)»15,

- «Դիմումատուն եղել է ընդդիմադիր քաղաքական գործիչ և պարոն Տեր-Պետրոսյանի նախընտրական քարոզարշավի ակնառու անդամ, որը մասնակցել է 2008 թվականի փետրվարի 19-ի ենթադրյալ ոչ արդար նախագահական ընտրություններից հետո Հայաստանի մայրաքաղաքում սկսված և 2008 թվականի մարտի 1-ի և 2-ի իրադարձություններով ավարտված ցույցերին (...): Իշխանությունների՝ դրան հետևած արձագանքը, այդ թվում՝ ընդդիմության տասնյակ կողմնակիցների ձերբակալումն ու կալանավորումը, դատապարտվել է ԵԽԽՎ-ի կողմից և նկարագրվել որպես «ընդդիմության նկատմամբ փաստացի դաժան հետապնդում», իսկ նրանց դեմ բերված մեղադրանքներից շատերի, հատկապես՝ ՔՕ-ի 225-րդ և 300-րդ հոդվածներով առաջադրվածների մասով արտահայտվել է կասկած առ այն, որ դրանք «արհեստական և քաղաքական շարժառիթներով պայմանավորված» են: Ինչպես ԵԽԽՎ-ի, այնպես էլ Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատարի կողմից բազմիցս արտահայտվել են մտահոգություններ այդ հոդվածներով առաջադրված մեղադրանքների բնույթի վերաբերյալ` բազմիցս հիշատակելով դիմումատուի կոնկրետ գործը (...): Դատարանն արդեն քննել է մի շարք գանգատներ, որոնք վերաբերում են Կոնվենցիայի 10-րդ և 11-րդ հոդվածների խախտմանը և քաղաքական շարժառիթներով պայմանավորված քրեական հետապնդումներին՝ կապված Հայաստանում 2008 թվականի փետրվար-մարտ ամիսներին տեղի ունեցած հետընտրական բողոքի ակցիաների հետ: Դիմումատուի գործը, ըստ երևույթին, ընթացել է ընդդիմության կողմնակիցների նկատմամբ իրականացված քրեական հետապնդման նույն օրինակով, ինչը Դատարանը մտահոգիչ է համարում:Այդուհանդերձ, ինչպես նշված է Մուշեղ Սաղաթելյանի գործում, Դատարանը չունի այն դերը կամ պարտականությունը որոշելու, թե արդյոք դիմումատուին առաջադրված մեղադրանքները հիմնավորված են եղել, թե՝ ոչ, և ներպետական դատարանների պարտականությունն է ստուգելու դրա հիմքում ընկած փաստերի հավաստիությունը (...): Այս առնչութամբ Դատարանը կրկին նշում է ներպետական դատարանների` իրենց որոշումների համար հիմնավորումներ ներկայացնելու պարտավորությունը, որը սույն գործի համատեքստում մեկնաբանվում է որպես 10-րդ և 11-րդ հոդվածներով սահմանված հատուկ պարտավորություն՝ ներպետական դատարաններից պահանջելով միջամտության համար ներկայացնել «համապատասխան» և «բավարար» հիմնավորումներ»16,

- «Այս առնչությամբ Դատարանը նշում է, որ դիմումատուն՝ որպես ընդդիմության առաջնորդներից մեկը, մեղավոր է ճանաչվել ՔՕ-ի 225-րդ հոդվածի 1-ին մասով՝ 2008 թվականի փետրվարի 20-ից սկսած Երևանում տեղի ունեցած հետընտրական բողոքի ակցիաների, այդ թվում` Ազատության հրապարակում տեղի ունեցած հավաքի կապակցությամբ զանգվածային անկարգություններ կազմակերպելու համար: Այնուամենայնիվ, ինչպես արդեն նշվել է վերևում, Դատարանը գտել է, որ Ազատության հրապարակում անցկացված ցույցերը եղել են խաղաղ հավաքներ և փաստացի, քաղաքական նշանակություն ունեցող հասարակական այնպիսի հարցի մասին արտահայտվելու հարթակ, որն ուղղակիորեն կապված է ժողովրդավարության իրականացման հետ և լուրջ մտահոգության առարկա է եղել Հայաստանի հասարակության լայն հատվածի համար (...): Ներպետական դատարանները, թեև արտահայտելով այն դիրքորոշումը, որ դիմումատուն Ազատութան հրապարակում հավաքված ամբոխին պատրաստել էր բռնություն գործադրելու և անհնազանդություն դրսևորելու համար՝ չեն տրամադրել նման վարքագծի կոնկրետ օրինակներ, որոնք Դատարանի կարծիքով կարող էին բնութագրվել որպես բռնության հրահրում (...): Փաստորեն, միայն այն արարքները, որոնք պարզվել է, որ դիմումատուն կատարել է այդ ծրագրի իրականացման համար, բավարար չեն Դատարանի համար՝ եզրակացնելու որ դրանք դիմումատուի՝ խաղաղ հավաքների ազատության և կարծիքի արտահայտման իր իրավունքների իրավաչափ իրականացման օրինակներ են նախագահական ընտրությունների անցկացման հանրային բանավեճի՝ ներառյալ այդ առումով հնչած քննադատությունների համատեքստում»17,

- «Ինչ վերաբերում է Ազատության հրապարակում զենքի ենթադրյալ կուտակմանը՝ զանգվածային անկարգություններ հրահրելու նպատակով, ապա ներպետական դատարանների վճիռներում առկա չեն կոնկրետ ապացույցներ այս ենթադրյալ արարքներում դիմումատուի մասնակցության վերաբերյալ: Այն, ինչն առավել կարևոր է՝ Դատարանն արդեն հաստատել է, որ առկա չեն համոզիչ ապացույցներ առ այն, որ Ազատության հրապարակում զենք է կուտակվել, և մերժել է այն պնդումները, թե ոստիկանությունը տեղակայվել է հրապարակում զենքի ստուգում իրականացնելու համար՝ գտնելով, որ 2008 թվականի մարտի 1-ի վաղ առավոտյան ոստիկանության գործողության հիմնական, եթե ոչ միակ նպատակը եղել է հավաքը ցրելը (...)»18,

- «(...) Դիմումատուի՝ քննարկվող բռնության գործադրման համար ենթադրյալ պատասխանատու լինելու վերաբերյալ ներպետական դատարանների եզրահանգումները ձևակերպվել են շատ ընդհանրական և վերացական եզրույթներով՝ առանց որևէ կոնկրետ փաստական մանրամասների, որոնք համոզիչ կերպով կմատնանշեին դիմումատուի կողմից կատարված որևէ իրավախախտում: Չնայած նշվում է, որ դիմումատուն «կազմակերպել և ղեկավարել է ... զանգվածային անկարգությունների կազմակերպիչների և մասնակիցների գործունեությունը», ներպետական դատարանների վճիռներում նման արարքների վերաբերյալ որևէ կոնկրետ տվյալ չկա: Դիմումատուի կողմից ենթադրաբար տրված «հրամանների» վերաբերյալ մանրամասներ նույնպես չեն ներկայացվել, այդ թվում՝ այն մասին, թե արդյոք այդ ենթադրյալ հրամանները պարունակել են բռնության հրահրում, թե՝ ոչ (...)»19։

- «Ընդհանրացնելով կարելի է ասել, որ ներպետական դատարանները չեն տրամադրել բողոքի շարժմանը և նախագահական ընտրություններից հետո Հայաստանում սկիզբ առած ցույցերին ներգրավված լինելու ընթացքում դիմումատուին վերագրվող որևէ դատապարտելի արարքի, այդ թվում՝ բռնության հրահրման կամ դրդման կոնկրետ օրինակներ (...): Ըստ էության, դիմումատուն պատասխանատվության է ենթարկվել ընդդիմության ակտիվ անդամ լինելու և խաղաղ հավաքների ազատության իր իրավունքից օգտվելու համար, այլ ոչ թե պատժելի արարքներ կատարելու համար (...)»20,

- «Ինչպես նշված է Մյասնիկ Մալխասյանի գործում, ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի կողմից լրջորեն կասկածի տակ է դրվել այն վարկածը, ըստ որի՝ 2008 թվականի մարտի 1-ին և 2-ին տեղի ունեցած իրադարձություններն ընդդիմության առաջնորդների՝ պետական իշխանությունը բռնի զավթելու կամ այլ կերպ ասած` հեղաշրջում կատարելու ծրագրված և կազմակերպված փորձի մասն են կազմել, և փաստորեն այդ քրեական հետապնդումներն ամենայն հավանականությամբ համարվում են զգալի քաղաքական շարժառիթներ ունեցող: Ավելին, մի շարք արժանահավատ զեկույցներով ենթադրվել է, որ Մյասնիկյանի արձանի տարածքում մարդկանց հավաքվելը, այդ թվում՝ հետագայում նրանց զինվելը, եղել են ինքնաբուխ և նախապես չկազմակերպված զարգացումներ, և որ այդ օրը բռնության սրման պատճառը կարող էր լինել ավելի վաղ Ազատության հրապարակից ցուցարարներին ցրելը, այդ թվում՝ դրա ինտենսիվ բնույթը, ինչպես նաև մի շարք այլ նմանատիպ կամ անվերահսկելի իրադարձություններ, որոնք տեղի են ունեցել այդ օրը (...): Դատարանը նշում է, որ Կառավարությունը սույն գործով չի ներկայացրել որևէ ապացույց, որը կարող էր իրենց ստիպել կասկածի տակ դնել վերոնշյալ զեկույցները կամ այդ գործով արված եզրակացությունները»21։

Վերոգրյալի հիման վրա, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը եզրակացրել է, որ ներպետական դատարանները չեն կատարել իրենց որոշումների համար հիմնավորումներ ներկայացնելու իրենց պարտականությունը, և որ դիմումատուների՝ խաղաղ հավաքների ազատության իրավունքին միջամտությունը հիմնավորելու համար ներկայացված պատճառաբանությունները «համապատասխան և բավարար» չեն եղել22:

14. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ՝

- Ա.Արզումանյանին ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել 2008 թվականի փետրվարի 20-ից Երևան քաղաքում անցկացվող զանգվածային հրապարակային միջոցառումներին մարդկանց բազմությանն անհնազանդության և զանգվածային բռնարարքների նախապատրաստելու և կազմակերպելու մեջ23:

- Առաջին ատյանի դատարանը 2009 թվականի հունիսի 22-ի դատավճռով ապացուցված է համարել, որ Ա.Արզումանյանը կազմակերպել է զանգվածային անկարգություններ, որոնք ուղեկցվել են բռնությամբ, ջարդերով, հրկիզումներով, գույք ոչնչացնելով ու վնաuելով, հրազեն, պայթուցիկ նյութեր և պայթուցիկ uարքեր գործադրելով և իշխանության ներկայացուցչին զինված դիմադրություն ցույց տալով24,

- Վերաքննիչ դատարանը, օրինական ուժի մեջ թողնելով Առաջին ատյանի դատարանի դատավճիռը, դատական ակտում նշել է, որ ստորադաս դատարանը գործով ձեռք բերված ապացույցները պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում ենթարկելով բազմակողմանի և օբյեկտիվ ստուգման, հանգել է ճիշտ հետևության առ այն, որ ամբաստանյալ Ա.Արզումանյանին ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին մասով մեղսագրված արարքն ապացուցված է և որակված է ճիշտ25:

15. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 11-13-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների, Մուշեղ Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի, Ալեքսանդր Արզումանյանն ընդդեմ Հայաստանի գործերով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավական դիրքորոշումների լույսի ներքո, Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում փաստել, որ Եվրոպական կոնվենցիայի 11-րդ հոդվածի շրջանակներում միջազգային դատարանի կողմից Ա.Արզումանյանին առաջադրված մեղադրանքի փաստական հանգամանքների վերաբերյալ արտահայտված իրավական դիրքորոշումները և կատարված արձանագրումները prima facie ստվերում են նրան ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքը` նկատի ունենալով նաև մեղադրանքի փաստական հանգամանքների անմիջական փոխկապակցվածությունը հավաքների ազատության իրավունքի հետ՝ երաշխավորված Եվրոպական կոնվենցիայի 11-րդ հոդվածով։

16. Վերոնշյալի լույսի ներքո, հիմք ընդունելով մի կողմից՝ Արզումանյանն ընդդեմ Հայաստանի գործով Եվրոպական դատարանի՝ սույն որոշման 13-րդ կետում վկայակոչված իրավական դիրքորոշումները, մյուս կողմից՝ ապացուցողական շեմի գնահատման վերաբերյալ ՀՀ քրեադատավարական կարգավորումները, Վճռաբեկ դատարանի՝ Արարատ Ավագյանի և Վահան Սահակյանի գործով որդեգրված մոտեցումները26, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով Ա.Արզումանյանին առաջադրված մեղադրանքի փաստական հանգամանքների ամբողջությունը բավարար չէ նրան՝ 2008 թվականի փետրվարի 20-ից Երևան քաղաքում անցկացվող զանգվածային հրապարակային միջոցառումներին մարդկանց բազմությանն անհնազանդության և զանգվածային բռնարարքների նախապատրաստելու և կազմակերպելու մեջ մեղավոր ճանաչած դատական ակտերն օրինական ուժի մեջ թողնելու համար, նկատի ունենալով, որ դրանք անհամատեղելի են Եվրոպական կոնվենցիայի 11-րդ հոդվածով երաշխավորված իրավունքի հետ, որպիսի բացառիկ հանգամանքը հիմք է դրանց վերանայման համար։

Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործի նախորդ դատական քննության ընթացքում թույլ են տրվել իրավունքի այնպիսի հիմնարար խախտումներ, որոնց արդյունքում ընդունված և օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը խաթարում են արդարադատության բուն էությունը, խախտում են սահմանադրորեն պաշտպանվող շահերի անհրաժեշտ հավասարակշռությունը:

17. Նշվածը Վճռաբեկ դատարանին հիմք է տալիս ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 21-րդ հոդվածի 6-րդ մասի և 419-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի հիման վրա բեկանելու ստորադաս դատարանների՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը, ճանաչելու և հռչակելու Ա.Արզումանյանի անմեղությունը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքում և քրեական գործի վարույթը կարճելու՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով` հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ:

18. Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 21-րդ, 35-րդ, 39-րդ, 43-րդ, 361.1-րդ, 415․1-րդ, 481-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Ալեքսանդր Ռոբերտի Արզումանյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին մասով Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2009 թվականի հունիսի 22-ի դատավճիռը և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2009 թվականի հուլիսի 31-ի որոշումը բեկանել:

2. Ալեքսանդր Ռոբերտի Արզումանյանին ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքում ճանաչել անմեղ և արդարացնել՝ հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

_________________________

1 Տե'ս քրեական գործ, հատոր 50, թերթեր 230-233։

2 Տե՛ս քրեական գործ, հատոր 52-րդ, թերթեր 367-378։

3 Տե՛ս քրեական գործ, հատոր 52-րդ, թերթեր 367-378։

4 Տե՛ս քրեական գործ, հատոր 53-րդ, թերթեր 153-165։

5 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Arzumanyan v. Armenia գործով 2021 թվականի օգոստոսի 31-ի վճիռը, գանգատ թիվ 63845/09:

6 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Bratyakin v. Russia գործով 2006 թվականի մարտի 9-ի որոշումը, գանգատ թիվ 72776/01։

7 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Mihalache v. Romania գործով 2019 թվականի հուլիսի 8-ի վճիռը, գանգատ թիվ 54012/10, կետ 133։

8 Տե՛ս, Վճռաբեկ դատարանի` Մկրտիչ Սարգսյանի գործով 2015 թվականի հունիսի 5-ի թիվ ԵՄԴ/0020/01/14 որոշման 19-րդ կետը։

9 Տե՛ս, ՀՀ Սահմանադրական դատարանի` 2018 թվականի հոկտեմբերի 23-ի թիվ ՍԴՈ-1431 որոշման 4.3-րդ կետը։

10 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Mushegh Saghatelyan v. Armenia գործով 2018 թվականի սեպտեմբերի 20-ի վճիռը, գանգատ թիվ 23086/08, կետ 233։

11 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Mushegh Saghatelyan v. Armenia գործով 2018 թվականի սեպտեմբերի 20-ի վճիռը, գանգատ թիվ 23086/08, կետ 248։

12 Տե՛ս, mutatis mutandis, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Smbat Ayvazyan v. Armenia գործով 2020 թվականի հոկտեմբերի 8-ի վճիռը, գանգատ թիվ 49021/08, կետ 129, Jhangiryan v. Armenia գործով 2020 թվականի հոկտեմբերի 8-ի վճիռը, գանգատներ 44841/08 և 63701/09, կետ 123, Mushegh Saghatelyan v. Armenia գործով 2018 թվականի սեպտեմբերի 20-ի վճիռը, կետ 234։

13 Տե՛ս, mutatis mutandis, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Smbat Ayvazyan v. Armenia գործով վճիռը, կետ 132, Jhangiryan v. Armenia գործով վճիռը, 126-րդ կետը, ինչպես նաև Hakobyan and Others v. Armenia գործով 2012 թվականի ապրիլի 10-ի վճիռը, գանգատ թիվ 34320/04, կետ 107:

14 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Arzumanyan v. Armenia գործով 2021 թվականի օգոստոսի 31-ի վճիռը, գանգատ թիվ 63845/09, կետ 45։

15 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Arzumanyan v. Armenia գործով 2021 թվականի օգոստոսի 31-ի վճիռը, գանգատ թիվ 63845/09, կետ 50։

16 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Arzumanyan v. Armenia գործով 2021 թվականի օգոստոսի 31-ի վճիռը, գանգատ թիվ 63845/09, կետ 52։

17 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Arzumanyan v. Armenia գործով 2021 թվականի օգոստոսի 31-ի վճիռը, գանգատ թիվ 63845/09, կետ 53։

18 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Arzumanyan v. Armenia գործով 2021 թվականի օգոստոսի 31-ի վճիռը, գանգատ թիվ 63845/09, կետ 54։

19 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Arzumanyan v. Armenia գործով 2021 թվականի օգոստոսի 31-ի վճիռը, գանգատ թիվ 63845/09, կետ 55։

20 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Arzumanyan v. Armenia գործով 2021 թվականի օգոստոսի 31-ի վճիռը, գանգատ թիվ 63845/09, կետ 56։

21 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Arzumanyan v. Armenia գործով 2021 թվականի օգոստոսի 31-ի վճիռը, գանգատ թիվ 63845/09, կետ 57։

22 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Arzumanyan v. Armenia գործով 2021 թվականի օգոստոսի 31-ի վճիռը, գանգատ թիվ 63845/09, կետ 58։

23 Տե՛ս մանրամասն սույն որոշման 6-րդ կետը։

24 Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը։

25 Տե'ս սույն որոշման 8-րդ կետը։

26 Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Արարատ Ավագյանի և Վահան Սահակյանի գործով 2014 թվականի հոկտեմբերի 31-ի թիվ ԵԿԴ/0252/01/13 որոշման 29-31-րդ և 33-րդ կետերը:

 

Նախագահող`

Հ. Ասատրյան

Դատավորներ`

Ե. Դանիելյան

Ա. Պողոսյան

 

Ս. Օհանյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան