Գլխավոր տեղեկություն
Համար
N 534-Լ
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (15.04.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 14.04.2023
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
13.04.2023
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
14.04.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.04.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

13 ապրիլի 2023 թվականի N 534-Լ

 

ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՆԳ ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՆԵՐԻ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Արդյունաբերական քաղաքականության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ և 5-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 4-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշմամբ հաստատված N 1 հավելվածի «Էկոնոմիկայի նախարարություն» բաժնի 7.1-ին կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Արդյունաբերության զարգացման հինգ գերակա ոլորտների հայեցակարգը` համաձայն հավելվածի։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Ն. ՓաշինՅԱՆ

 

Երևան

 

14.04.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ կառավարության 2023 թվականի

ապրիլի 13-ի N 534-Լ որոշման

 

ՀԱՅԵՑԱԿԱՐԳ

 

ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՆԳ ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՆԵՐԻ

 

I. ՆԱԽԱԲԱՆ

 

1. Հայաստանի տնտեսության համար կարևոր նշանակություն ունի արդյունաբերության ճյուղը, քանի որ համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) ձևավորման գործընթացում վերջինիս մասնաբաժինը կազմում է դրա 1/5-րդ մասը։

2. Տնտեսության այս ճյուղը, հատկապես մշակող արդյունաբերության ուղղությունը, միշտ գտնվել է Կառավարության ուշադրության կենտրոնում։ Դեռևս 2011 թվականին Կառավարության կողմից իրականացվում էր արտահանման ուղղվածություն ունեցող արդյունաբերության զարգացման ռազմավարություն՝ շեշտադրում կատարելով մշակող արդյունաբերության ճյուղերի վրա։

3. Հարկ է նշել, որ արդյունաբերության ճյուղը, ունենալով զարգացման որոշակի մակարդակ, այնուամենայնիվ դեռևս ունի զարգացման մեծ ներուժ, մասնավորապես` արտադրության և արտահանման ծավալների ավելացման առումով։ Ելնելով վերոգրյալից՝ առաջացել է արդյունաբերության ճյուղի զարգացման նոր ռազմավարական մոտեցումների ընդունման և իրագործման անհրաժեշտություն։

 

II. ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԳԵՐԱԿԱ ՃՅՈՒՂԵՐԸ

 

4. Սույն հայեցակարգի նպատակն է սահմանել առաջիկա հինգ տարիներին արդյունաբերության զարգացման գերակա ոլորտները և նախանշել զարգացման ռազմավարական ուղղությունները։

5. Գերակա ոլորտների զարգացման ռազմավարական ուղղությունների հանրագումարը արդյունաբերության ճյուղի համար պետք է ապահովի՝

1) արդյունաբերական արտադրանքի մրցունակության բարելավում.

2) արդյունաբերության արտադրողականության բարձրացում.

3) արդյունաբերական արտադրանքի արտահանման դիվերսիֆիկացում՝ և՛ ապրանքների, և՛ արտահանման ուղղությունների.

4) տեղական արդյունաբերական արտադրանքի՝ ներքին շուկայում տեսակարար կշռի ավելացում։

6. Արդյունաբերության գերակա ճյուղերի ընտրությունն իրականացվել է՝ հիմք ընդունելով հետևյալ չափորոշիչները՝

1) բարձր ավելացված արժեքի ստեղծում.

2) արտահանման ներուժի առկայություն.

3) աշխատուժի կլանման լայն հնարավորություններ (մասնավորապես՝ բարձր զբաղվածություն ապահովող).

4) նորարարության և նոր տեխնոլոգիաների կլանման հնարավորություն.

5) տեղական հումքի առավել խոր վերամշակման հնարավորություն.

6) պարենային անվտանգության ապահովում.

7) միջազգային պահանջարկով ձևավորված նոր արտադրատեսակների արտադրության հնարավորություն.

8) կանաչ արդյունաբերության ստեղծման հնարավորություն։

7. Սույն հայեցակարգով առանձնացվել են մշակող արդյունաբերության հետևյալ գերակա ճյուղերը՝

1) սննդի արդյունաբերություն.

2) ոսկերչություն և ադամանդագործություն.

3) ծանր արդյունաբերություն (մետալուրգիա, քիմիա).

4) սարքաշինություն (սարքեր, մեքենաներ, արևային տեխնոլոգիաներ).

5) դեղագործական արդյունաբերություն։

 

Ստորև բերված աղյուսակում ներկայացվում են ոլորտների գնահատված ազդեցությունը ՀՆԱ-ի վրա.

 

Աղյուսակ

 

Ոլորտների գնահատված ազդեցությունը ՀՆԱ-ի վրա

 

Ներմուծեք նկարագրությունը_22722

 

III. ՍՆՆԴԻ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ

 

Առկա իրավիճակը

8. Հայաստանի մշակող արդյունաբերության մեջ սննդի արդյունաբերությունն ամենախոշոր և բազմապրոֆիլ ճյուղերից մեկն է։ Այն ներառում է մսամթերքի, պահածոների, կաթնամթերքի, հրուշակեղենի և այլ արտադրատեսակների արտադրության սեգմենտները։

9. Այս առումով սննդի արդյունաբերության ճյուղը ներկայացված է թե՛ տեղական, թե՛ արտաքին շուկաներում։ Սակայն պետք է նկատել, որ ճյուղի արտահանման մասնաբաժինն ավելի փոքր է իրացման մեջ։ Այնուամենայնիվ, այն ունի արտահանման զարգացման մեծ ներուժ։

 

Ոլորտի ուժեղ և թույլ կողմերը, հնարավորությունները, մարտահրավերները

 

Ներմուծեք նկարագրությունը_22723

 

Զարգացման ուղղությունները և հեռանկարները

10. Առաջիկա հինգ տարվա ոլորտի զարգացման ուղղությունը կլինի հետևյալը՝

1) ոլորտի արտադրանքի որակի բարձրացմանն ուղղված միջոցառումների ներդրումը.

2) պարենային անվտանգության ապահովման մակարդակի բարձրացումը.

3) նոր շուկաներ մուտքի ապահովում և ավանդական շուկաներում ներկայացվածության ընդլայնումը.

4) տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացումը, մասնավորապես՝ այլընտրանքային փոխադրումների ստեղծման հնարավորությունը՝ հաշվի առնելով նաև «շուտ փչացող» ապրանքների արտադրությունը.

5) արտադրողականության բարձրացումը՝ վերազինման հնարավորությունների ստեղծման ճանապարհով։

11. Վերոնշյալ զարգացման ուղղությունների համար կներդրվեն տարբեր գործիքներ և կիրականացվեն միջոցառումներ, մասնավորապես՝

1) օրենսդրության բարելավում, որը կխթանի և կպարզեցնի արտահանման ընթացակարգերը.

2) գործարար կապերի ստեղծում, համաժողովների, ցուցահանդեսների կազմակերպում և մասնակցություն.

3) տեխնոլոգիական ցուցահանդեսների այցելությունների և պրակտիկաների կազմակերպում.

4) արտասահմանյան մասնագետների ներգրավում.

5) վերազինման համար պետական աջակցության գործիքների մշակում և գործող գործիքների ընդլայնում.

6) փոխադարձ այցելությունների կազմակերպում, մասնավորապես՝ նպատակային շուկաներում գործող դիստրիբյուտորների և այլ օժանդակ կառույցների այցելություններ Հայաստան՝ տեղական ընկերություններին ծանոթանալու համար.

7) առևտրային ներկայացուցչության ստեղծում նպատակային նոր շուկաներում՝ առաջնահերթությունը տալով արտահանման դիվերսիֆիկացման ուղղվածություն ունեցող երկրներին։

 

Ակնկալվող արդյունքը

12. Վերոնշյալ զարգացման ուղղությունների և միջոցառումների ապահովման տրամաբանությամբ ակնկալվում է, որ մինչև 2026 թվականը մի քանի անգամ կավելանան ոլորտի արտադրության և արտահանման ծավալները, մասնավորապես՝

1) արտադրության ծավալը 2026 թվականին կկազմի մոտ՝ 800 մլրդ դրամ. 2021 թվականին նույն ցուցանիշը կազմել է 569,997,799 հազ. դրամ.

2) արտահանման ծավալը 2026 թվականին կկազմի մոտ՝ 200 մլրդ դրամ. 2021 թվականին նույն ցուցանիշը կազմել է 47,035,288 հազ. դրամ.

3) աշխատողների թվաքանակը 2026 թվականին կկազմի մոտ՝ 25000 մարդ. 2021 թվականին նույն ցուցանիշը կազմել է 20, 798 մարդ։

 

IV. ՈՍԿԵՐՉՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱԴԱՄԱՆԴԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ

 

Առկա իրավիճակը

13. Ոլորտում օգտագործվող հումքն ամբողջությամբ ներկրվում է, իսկ վերջնական արտադրանքի զգալի մասն արտահանվում է տարբեր երկրներ։ Այս ոլորտին բնորոշ է երկու եղանակով գործունեության իրականացումը՝ արտապատվիրման և սեփական արտադրանքի թողարկման։

14. Հարկ է նշել, որ և՛ ադամանդագործության, և՛ ոսկերչական զարդերի արտադրության ենթաճյուղերին բնորոշ է բարձրորակ և թանկարժեք սեգմենտի համար արտադրանքի թողարկումը։

15. Եթե ադամանդագործության ենթաճյուղի արտադրանքը գրեթե ամբողջությամբ արտահանվում է, ապա ոսկերչական զարդերի արտադրության արտադրանքը հաջողությամբ իրացվում է նաև ներքին շուկայում։

 

Ոլորտի ուժեղ և թույլ կողմերը, հնարավորությունները, մարտահրավերները

 

Ներմուծեք նկարագրությունը_22724

 

Զարգացման ուղղությունները և հեռանկարները

16. Հայաստանի ոսկեգործության ոլորտի զարգացումը դեռևս բավարար հիմքերի վրա չի գտնվում, ամբողջությամբ օգտագործված չէ այն ներուժը, որն առկա է զարգացման համար:

17. Զարգացման առումով առկա են մի շարք խնդիրներ, և ոլորտի զարգացման ուղղությունները պետք է ներառեն այդ խնդիրների լուծումները։ Մասնավորապես, խնդիրներից են՝ անհրաժեշտ և որակյալ հումքի ձեռքբերման դժվարությունները, կադրերի պակասը, շուկաներում ներկայանալու ցածր հնարավորությունները և այլն։

18. Ոլորտի զարգացման առավելությունների շարքը կարելի է դասել Հայաստանի ոսկեգործության դարավոր ավանդույթները, հայ ոսկեգործության դրական համբավը որոշ արտահանման շուկաներում, հարկային և մաքսային արտոնյալ դաշտը Հայաստանում, սփյուռքի ներդրումներով գործող ընկերություններով պայմանավորված՝ արտադրական նոր տեխնոլոգիաների և արտահանման շուկաների տիրապետումը։

19. Առաջիկա հինգ տարվա ոլորտի զարգացման ուղղությունը կլինի հետևյալը՝

1) առավել կբարելավվի ոլորտին առնչվող օրենսդրությունը, որը կնպաստի ոլորտի զարգացմանը.

2) ադամանդի հումքի ձեռքբերման հնարավորությունների ընդլայնումը.

3) սեփական բրենդների ստեղծումը.

4) ոսկու՝ որպես հումք, ձեռքբերման հնարավորությունների ընդլայնումը՝ օգտագործելով ԵԱՏՄ անդամ երկրների զտարկվող ոսկու առկայությունը.

5) արտահանման շուկաներում ոլորտի արտադրանքի ներկայացվածության մակարդակի բարձրացումը.

6) ԵԱՏՄ համագործակցությամբ ձևավորված հնարավորությունների օգտագործումը.

7) նպաստելը մասնագիտական կադրերի ձևավորմանը։

20. Վերոնշյալ զարգացման ուղղությունների համար կներդրվեն տարբեր գործիքներ և կիրականացվեն միջոցառումներ, մասնավորապես՝

1) Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ադամանդագործական ընկերությունների կոնսոլիդացված պահանջարկը սպասարկելու նպատակով հիմնադրված «Հայ-Ալմաստ» ՓԲ ընկերության գործունեության ակտիվացում.

2) օժանդակություն կցուցաբերվի կադրերի պատրաստման հարցում.

3) ադամանդի հումքի ձեռքբերման նպատակով այլընտրանքային մատակարարների հետ կիրականացվեն բանակցություններ.

4) կկիրառվեն պետական աջակցության գործիքներ ոլորտի արտադրանքն արտահանման շուկաներում առաջ մղելու նպատակով.

5) օգտագործելով ԵԱՏՄ ոսկերչական բյուրոյի հնարավորությունները՝ կմշակվեն և կներդրվեն աջակցության գործիքներ միասնական արտահանման խթանման նպատակով։

 

Ակնկալվող արդյունքը

21. Վերոնշյալ զարգացման ուղղությունների և միջոցառումների ապահովման տրամաբանությամբ ակնկալվում է, որ մինչև 2026 թվականը մի քանի անգամ կավելանան ոլորտի արտադրության և արտահանման ծավալները. մասնավորապես՝

22. արտադրության ծավալը 2026 թվականին կկազմի մոտ՝

1) ոսկերչական արտադրանք՝ 20 մլրդ դրամ. 2021 թվականին նույն ցուցանիշը կազմել է 5,707,455 հազ. դրամ.

2) ադամանդագործական արտադրանք՝ 400 մլրդ դրամ. 2021 թվականին նույն ցուցանիշը կազմել է 22,238,524 հազ. դրամ.

23. արտահանման ծավալը 2026 թվականին կկազմի մոտ՝

1) ոսկերչական արտադրանք՝ 18 մլրդ դրամ. 2021 թվականին նույն ցուցանիշը կազմել է 4,723,515 հազ. դրամ.

2) ադամանդագործական արտադրանք՝ 380 մլրդ դրամ. 2021 թվականին նույն ցուցանիշը կազմել է 18,079,554 հազ. դրամ.

24. աշխատողների թվաքանակը 2026 թվականին կկազմի մոտ՝

1) ոսկերչական զարդերի արտադրություն՝ 1200 մարդ. 2021 թվականին նույն ցուցանիշը կազմել է 367 մարդ.

2) ադամանդների մշակում՝ 1000 մարդ. 2021 թվականին նույն ցուցանիշը կազմել է 531 մարդ։

 

V. ԾԱՆՐ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ

 

Առկա իրավիճակը

25. Մետալուրգիական և քիմիական արդյունաբերության ոլորտը Հայաստանի տնտեսության ռազմավարական նշանակություն ունեցող ճյուղերից են: Ոլորտը ներառում է մի շարք ենթաճյուղեր, որոնցից առավել մեծ դերակատարում ունեն թուջի, պողպատի և ֆեռոհամահալվածքների արտադրությունը, պղնձի արտադրությունը, ինչպես նաև քիմիական նյութերի և քիմիական արտադրատեսակների արտադրությունը։

26. Հարկ է նշել, որ 1990-ական թվականների սկզբին ոլորտում արդեն իսկ գործել են մի շարք ընկերություններ և ինստիտուտներ. «Նաիրիտ», «Ա. Լ. Մնջոյանի անվան նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտ», «Ակունք» և այլն: Աշխատողների միջին թվաքանակը մեքենաշինության և մետաղամշակման ոլորտում, համաձայն ՎԿ տվյալների, կազմել է շուրջ 170 հազ. մարդ, իսկ քիմիական և նավթաքիմիական արդյունաբերության ոլորտում՝ 16 հազ. մարդ։

27. Ներկայումս Հայաստանի մետալուրգիական արդյունաբերության ոլորտում արտադրանքի հիմնական բաժինն ընկնում է գունավոր մետաղների արտադրությանը, իսկ քիմիական արդյունաբերության ոլորտում՝ քիմիական նյութերի և քիմիական արտադրատեսակների արտադրությանը:

28. Մետալուրգիական և քիմիական արդյունաբերության ոլորտը Հայաստանում կարելի է որակել որպես զարգացող, սակայն անհրաժեշտ է իրականացնել հավելյալ քայլեր զարգացման նոր ուղղություններ հիմնելու նպատակով։

29. Ներկայումս Կառավարության կողմից գործուն քայլեր են ձեռնարկվում երկրորդային հումքը տեղում վերամշակելու և տեղական արդյունաբերական կազմակերպություններին հնարավորություն ընձեռելու զարգացնել սեփական արտադրությունները՝ օգտագործելով սև և գունավոր մետաղների ջարդոնը և թափոնը:

30. Մետալուրգիայի զարգացումը պետք է հետագայում դիտարկել ոչ միայն մետաղի արտադրությամբ, այլ նաև դրանից ստացվող այլ արտադրատեսակների զարգացման համատեքստում։

31. Սև և գունավոր մետաղների ջարդոնն ու թափոնները Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող հումք են` հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանում չկա սև և գունավոր մետաղների արտադրություն, և ջարդոնի և թափոնի երկրորդային վերամշակմամբ կարելի է լրացնել այդ ապրանքների պակասը:

32. Մետալուրգիական ոլորտի զարգացման տեսլականը պետք է հիմնվի Հայաստանում արդյունահանվող հումքի առավել խոր վերամշակման հանգամանքի վրա, իսկ քիմիական ոլորտի զարգացումը պետք է դիտարկել փոքր և կենցաղային քիմիայի ու մետալուրգիայի ճյուղի գործունեության արդյունքում առաջացած քիմիական նյութերի վերամշակման ուղղությամբ։

33. Մասնավորապես՝ ներկայումս Հայաստանում գործում են շուրջ 30 մետաղագործական և մետաղամշակման ընկերություններ, որոնց արտադրանքն ամբողջությամբ կամ մասնակի հիմնված է տեղական մետաղական ջարդոնի և թափոնի օգտագործման վրա: Օրինակ` Չարենցավանի «Ձուլակենտրոն», «Ասկե-գրուպ», Երևանի «Ջրկոնստրուկցիա», «Նիկոլ Դուման», «Էդմետ», «Ին-Վի լայն», ինչպես նաև էլեկտրական լարեր արտադրող մի շարք ընկերություններ օգտվում են տեղական սև և գունավոր մետաղների ջարդոնից և թափոնից:

34. Ներմուծված մետաղով աշխատելու դեպքում նշված ընկերությունների արտադրանքի ինքնարժեքը կբարձրանա մի քանի անգամ` դարձնելով ոչ մրցունակ վերջիններիս արտադրանքը:

35. Քիմիական արդյունաբերության ճյուղը հիմնականում ներկայացված է ներկերի և լաքերի, դեղագործական, ռետինե ու պլաստմասսայե լվացող ու մաքրող, այլ քիմիական նյութերի արտադրություններով: Ոլորտում գործում են մի շարք ընկերություններ ևս, որոնք արտադրում են բարձր որակի շինանյութեր, այդ թվում` ներկեր, լաքեր, էմուլսիաներ, լուծիչներ, լվացող միջոցներ և այլն:

36. Մետալուրգիական արտադրությունը փոխկապակցված է քիմիայի հետ։ Փոքր և միջին քիմիայի արտադրական պահանջարկը պայմանավորված է մարդկային գործունեության բազմաթիվ բնագավառներում (բժշկություն, էլեկտրոնիկա, գյուղատնտեսություն, շինարարություն, մեքենաշինություն, պարֆյումերային արդյունաբերություն, կենցաղ) որոշակի հատկություններով օժտված նյութերի լայն տեսականու կիրառությամբ: Այս ոլորտում համաշխարհային շուկայում ստեղծված իրավիճակը բնութագրվում է արագ փոփոխվող և նորացվող տեսականու շարունակաբար աճող պահանջարկով:

37. Հայաստանը պատկանում է քիմիայի ոլորտում նորագույն տեխնոլոգիաներ, գիտատար մշակումներ ստեղծելու ունակ երկրների թվին` քիմիական գիտության ավանդաբար բարձր մակարդակի և արհեստավարժ կադրերի պատրաստման համակարգի շնորհիվ, ինչը թույլ է տալիս այստեղ փոքր և միջին քիմիայի զարգացման հեռանկարը հիմնավորված համարել: Գերխնդիրը նոր տեխնոլոգիաների մշակմանն անհրաժեշտ տեխնոլոգիաների առևտրայնացման գործընթացի ակտիվացման, պատվերների ձևավորման ու որակի վերահսկման ժամանակակից համակարգին անհրաժեշտ նախադրյալներ ստեղծելն է:

 

Ոլորտի ուժեղ և թույլ կողմերը, հնարավորությունները, մարտահրավերները

 

Ներմուծեք նկարագրությունը_22725

 

Զարգացման ուղղությունները և հեռանկարները

38. Առաջիկա հինգ տարվա ոլորտի զարգացման ուղղությունները կլինեն հետևյալը՝

1) տեղական հումքի առավել խորը վերամշակման ապահովումը.

2) մետալուրգիայում նորարարական գործունեության ակտիվացումը.

3) պղնձից նոր արտադրատեսակների արտադրությունների կազմակերպումը.

4) համապատասխան մասնագիտական կադրերի պատրաստումը և ապահովումը,

5) անհրաժեշտ հումքային բազայի վերականգնումը և զարգացումը, մասնավորապես՝ սև ու գունավոր մետաղների ջարդոնի արտահանման արգելքի կիրառման շարունակականության ապահովումը՝ առաջնորդվելով քայլ առ քայլ վերամշակումը խորացնելու սկզբունքով.

6) քիմիական տեխնոլոգիաների մշակման ու փոխանցման ծրագրերին աջակցությունը.

7) գիտություն-արտադրություն կապերի, այդ թվում` գիտական հետազոտությունների ծրագրերում մասնավոր հատվածի հետ համագործակցությանը նպաստող կառուցակարգերի զարգացման նորմատիվ-իրավական հիմքերի ստեղծումը։

39. Վերոնշյալ զարգացման ուղղությունների համար կներդրվեն տարբեր գործիքներ և կիրականացվեն միջոցառումներ, մասնավորապես՝

1) կիրականացվեն նոր պղնձաձուլարանի կառուցմանն ուղղված աշխատանքներ.

2) պղնձի արտադրության ոլորտում հնարավորինս կերկարացվի արտադրական շղթան, կխթանվի ավելի բարդ և բարձրարժեք արտադրանքի թողարկումը.

3) արտադրողականության բարձրացման և մրցունակ արտադրանքի թողարկման նպատակով կներդրվի տեխնոլոգիական վերազինման պետական աջակցության գործիքակազմ.

4) կձևավորվեն գործուն մեխանիզմներ մասնագիտական և բանվորական կադրերի պատրաստման համար.

5) կիրականացվեն աշխատանքներ մետալուրգիական արտադրության արդյունքում առաջացող քիմիական նյութերի վերամշակման գործարանի կառուցման ուղղությամբ.

6) կմշակվեն աջակցության գործիքներ՝ ուղղված տեղական հումքային բազայի ստեղծման և ներկրվող հումքի հասանելիության ապահովման համար.

7) կշարունակվեն գործող և ոլորտի առանձնահատկություններից ելնելով՝ կներդրվեն նոր աջակցության գործիքներ արտաքին շուկաներ առաջմղման նպատակով.

8) արտասահմանյան և հայրենական փորձի ուսումնասիրման և վերապատրաստման միջոցով կբարձրացվի կադրային ներուժի մակարդակը.

9) կներդրվի քիմիական արդյունաբերության ոլորտում որակյալ կադրերի պատրաստման աջակցության կառուցակարգ.

10) կներդրվեն ԵԱՏՄ շուկա դուրս գալու նպատակով մաքրող, լվացող, կոսմետիկ միջոցների արտադրության խթանման կառուցակարգեր՝ ներգրավելով միջազգային հայտնի ապրանքանիշեր։

 

Ակնկալվող արդյունքը

40. Վերոնշյալ զարգացման ուղղությունների և միջոցառումների ապահովման տրամաբանությամբ ակնկալվում է, որ մինչև 2026 թվականը մի քանի անգամ կավելանան ոլորտի արտադրության և արտահանման ծավալները, մասնավորապես՝

1) արտադրության ծավալը 2026 թվականին կկազմի մոտ 300 մլրդ դրամ. 2021 թվականին նույն ցուցանիշը կազմել է 189.5 մլրդ դրամ.

2) արտահանման ծավալը 2026 թվականին կկազմի մոտ 240 մլրդ դրամ. 2021 թվականին նույն ցուցանիշը կազմել է 135 մլրդ դրամ.

3) աշխատողների թվաքանակը 2026 թվականին կկազմի մոտ 5500 մարդ. 2021 թվականին նույն ցուցանիշը կազմել է 5 370 մարդ։

 

VI. ՍԱՐՔԱՇԻՆՈՒԹՅՈՒՆ

 

Առկա իրավիճակը

41. Սարքաշինության ոլորտը սահմանվում է որպես բարձր ճշգրտությամբ և գիտատարության բարձր մակարդակով բնորոշվող օպտիկական, էլեկտրոնային, մեխանիկական և մեքենաշինական արտադրանքով զբաղվող ընկերությունների համախումբ:

42. Ոլորտը Հայաստանի Հանրապետությունում կարելի է բնութագրել որպես առավելաբար ԱՊՀ շուկաներ ուղղորդված, միջազգային կազմակերպությունների կողմից ֆինանսավորվող հետազոտական և հարակից փոքրամասշտաբ մի քանի արտադրական միավորների առկայությամբ, առավելաբար Հայաստանի և Ռուսաստանի շուկան սպասարկող ռազմական նշանակություն ունեցող արտադրություն ունեցող, միջազգային շուկայում մրցունակ սահմանափակ արտադրանքների առկայությամբ։

43. Հարկ է նշել, որ ոլորտը համարվում է գիտատար և ունի հնարավորություն նոր տեխնոլոգիաների կլանման, գիտական հենքի վրա նոր արտադրատեսակների արտադրության կազմակերպման։ Մասնավորապես՝ ոլորտը ողջ աշխարհում ունի զարգացման արագ միտում, և այն ուղղորդվում է հիմնականում գիտության և տեխնոլոգիաների առավել արագ փոփոխությամբ մյուս ճյուղերի համեմատ՝ հետևաբար հանդիսանալով ավելի «տեխնոլոգիակլանող»։

44. Ներկայումս առանձնանում է նաև միկրոէլեկտրոնիկայի ուղղությունը, որը կարող է արձանագրել արտահանման բարձր ցուցանիշներ՝ օգտագործելով ԵԱՏՄ շուկայի հնարավորությունները։

45. Այս ճյուղում միտումներ են նկատվում նաև արևային տեխնոլոգիաների զարգացման առումով, ինչը նաև ամրագրվում է միջազգային պահանջարկով։

46. Արևային ֆոտովոլտային կայանի կառուցման ներդրումային ծրագրի առաջին փուլով մեկնարկել է Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մասրիկ տեղանքում 55 ՄՎտ պիկային հզորությամբ Մասրիկ-1 արդյունաբերական մասշտաբի արևային ֆոտովոլտային կայանի կառուցման ծրագիրը:

47. Հայաստանի՝ արևային էներգետիկայի ներուժը ներկայումս հիմնականում կլանում է ներմուծվող սարքավորումները, մասնավորապես՝ ներմուծվում են ինչպես արևային պանելների, ջրատաքացուցիչ համակարգերի առանձին մասեր՝ դրանց հետագա հավաքակցման նպատակով, այնպես էլ ամբողջական համակարգեր:

48. Մշակվել է օրենսդրական փաթեթ, որը հնարավորություն կընձեռի ցանկացած սպառողի արտադրելու էներգիա իր կարիքների համար, իսկ ավելցուկը՝ վաճառելու:

49. Արևային տեխնոլոգիաների զարգացման համար անհրաժեշտ ներդրումների խթանումը հնարավորություն է տալիս զարգացնելու տնտեսության այլ հարակից ոլորտները:

50. Արևային ֆոտովոլտային տեխնոլոգիաների զարգացումը հնարավորություններ է ստեղծում ոչ մետաղական հանքարդյունահանության և քիմիական արդյունաբերության զարգացման, կիսահաղորդչային տեխնոլոգիաների և կիսահաղորդչային թերմոգեներատորների արտադրության զարգացման համար։

51. Արևային տեխնոլոգիաների ոլորտը Հայաստանում կարելի է որակել որպես դինամիկ զարգացող, սակայն անհրաժեշտ է իրականացնել հավելյալ քայլեր զարգացման նոր ուղղություններ հիմնելու ուղղությամբ։

 

Ոլորտի ուժեղ և թույլ կողմերը, հնարավորությունները, մարտահրավերները

 

Ներմուծեք նկարագրությունը_22726

 

Զարգացման ուղղությունները և հեռանկարները

52. Զարգացման ուղղություններն ընտրելիս պետք է առաջնորդվել այն հանգամանքով, որ արևային էներգետիկայի սարքավորումների տեղական արտադրողների համար բավականին մեծ շուկա է հենց տեղական շուկան, համաշխարհային միտումներն ուղղված են էկոլոգիապես մաքուր տեխնոլոգիաների զարգացմանը, ոլորտը գիտատար է և այլն։ Միաժամանակ կարևորվում է արևային ֆոտովոլտային պանելների վերամշակման տեխնոլոգիաների զարգացումը:

53. Այս ճյուղի զարգացման շեշտադրումը կկատարվի մեքենաշինության, միկրոէլեկտրոնիկայի և արևային տեխնոլոգիաների ենթաճյուղերի զարգացման տեսանկյունից։

54. Առաջիկա հինգ տարիների ոլորտի զարգացման ուղղությունը կլինի հետևյալը՝

1) օտարերկրյա ուղղակի ներդրումների ներգրավում.

2) կարողությունների զարգացում.

3) Հայաստանի դիրքավորումը որպես հետազոտությունների և մշակումների ճանաչված տարածաշրջանային հանգույց.

4) մասնագիտացված ճարտարագիտական քլաստերների ձևավորում.

5) շուկաների դիվերսիֆիկացիա.

6) երկրի բրենդինգը ճարտարագիտության ասպարեզում.

7) մտավոր սեփականության պաշտպանության համակարգի զարգացում.

8) գիտելիքի առևտրայնացման համակարգի հիմնում.

9) արևային տեխնոլոգիաների ս արքավորումների տեղական արտադրողների և ներմուծվող արտադրատեսակների համար հավասար մրցակցային դաշտի ստեղծում.

10) արևային տեխնոլոգիաների սարքավորումների ոլորտի զարգացման նպատակով մատչելի ֆինանսական ռեսուրսների ապահովում.

11) տեղական շուկայում տեղական արտադրանքի իրացման ծավալների ավելացման խթանում.

12) համապատասխան մասնագիտական կադրերի ապահովում։

55. Վերոնշյալ զարգացման ուղղությունների համար կներդրվեն տարբեր գործիքներ և կիրականացվեն միջոցառումներ, մասնավորապես՝

1) արդյունաբերական կլաստերի հիմնման աջակցություն.

2) անդրազգային կորպորացիաների ներգրավման միջոցառումների իրականացում.

3) անդրազգային կորպորացիաների հետազոտությունների և մշակումների կենտրոնների ներգրավում.

4) հզոր համակարգիչների «սուպեր կոմպյուտեր» և գիտական, հետազոտական սարքավորանքի ներկրման օժանդակության տրամադրում.

5) նորարարական բիզնես նախագծերի բացահայտում.

6) տեխնոպարկի և արդյունաբերական գոտու հիմնում.

7) շուկաների մասին տեղեկացվածության և խորհրդատվության ապահովում.

8) գործարար կապերի հաստատման աջակցություն.

9) արտադրանքի միջազգային սերտիֆիկացման նպատակով օժանդակության տրամադրում.

10) արտադրողականության բարձրացման, մրցունակ արտադրանքի թողարկման և նոր արտադրությունների ստեղծման կամ եղածի ընդլայնման նպատակով պետական աջակցության գործիքակազմ, մասնավորապես՝ վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորում, լիզինգի տոկոսադրույքների սուբսիդավորում.

11) կօգտագործվեն և կընդլայնվեն ազատ տնտեսական գոտիներում եղած հնարավորությունները.

12) ներքին շուկայում կստեղծվեն պայմաններ ներկրվող նմանատիպ ապրանքների հետ հավասար մրցակցության համար, մասնավորապես՝ մաքսային, սերտիֆիկացման, գովազդային և այլ գործընթացների արդյունավետության բարձրացմամբ.

13) կներդրվեն գործիքներ՝ սպառողների համար համապատասխան աջակցության նպատակով, որի արդյունքում տեղական սպառումը ևս կդառնա մրցունակ.

14) կշարունակվեն գործող և կներդրվեն նոր աջակցության գործիքներ՝ արտաքին շուկաներ առաջմղման նպատակով։

 

Ակնկալվող արդյունքը

56. Վերոնշյալ զարգացման ուղղությունների և միջոցառումների ապահովման տրամաբանությամբ ակնկալվում է, որ մինչև 2026 թվականը մի քանի անգամ կավելանան ոլորտի արտադրության և արտահանման ծավալները, մասնավորապես՝

1) արտադրության ծավալը 2026 թվականին կկազմի մոտ 80 մլրդ դրամ. 2021 թվականին նույն ցուցանիշը կազմել է 44.1 մլրդ դրամ.

2) արտահանման ծավալը 2026 թվականին կկազմի մոտ 50 մլրդ դրամ. 2021 թվականին նույն ցուցանիշը կազմել է 8.6 մլրդ դրամ.

3) աշխատողների թվաքանակը 2026 թվականին կկազմի մոտ 4000 մարդ. 2021 թվականին նույն ցուցանիշը կազմել է 3 293 մարդ։

 

VII. ԴԵՂԱԳՈՐԾԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ

 

Առկա իրավիճակը

57. Դեղագործությունը մշակող արդյունաբերության ճյուղ է և տնտեսության գերակա ոլորտ։ Դեռևս խորհրդային տարիներից հանրապետությունում գործում էին դեղ արտադրող ընկերություններ և այդ ոլորտի գիտահետազոտական հաստատություններ։

58. Հարկ է նշել, որ 1990-ական թվականների սկզբներին ոլորտում արդեն իսկ գործել են որոշ ընկերություններ և ինստիտուտներ («Բիոտեխնոլոգիաների ինստիտուտ», «Երևանվիտամին» և այլն)։ Աշխատողների միջին թվաքանակը կազմել է մինչև 2000 մարդ։

59.Այսօր աշխարհում դեղագործության ոլորտը գտնվում է տնտեսության առաջնային ճյուղերի կիզակենտրոնում, ինչը պայմանավորված է վերջին տարիներին աշխարհի առջև ծառացած մարտահրավերներով, ինչպիսիք են՝ կորոնավիրուսի համավարակը և զինված հակամարտությունները։ Դրա հետևանքով մարտահրավերներին դիմագրավելու նախապայման է ոչ այլ ինչը, քան պետական ինքնաբավության ապահովումը, ինչը դեղագործության ոլորտում ուղղակիորեն պայմանավորված է դեղապահովման խնդրի լուծմամբ՝ հիմնվելով երկրում առկա ռեսուրսի վրա։

 

Ոլորտի ուժեղ և թույլ կողմերը, հնարավորությունները, մարտահրավերները

 

Ներմուծեք նկարագրությունը_22727

 

Զարգացման ուղղությունները և հեռանկարները

60. Դեղագործական արդյունաբերության ոլորտը Հայաստանում կարելի է որակել որպես կայուն զարգացող, սակայն Հայաստանի Հանրապետության դեղագործական ընկերությունները զգալի ներդրումներ պետք է իրականացնեն արտադրական տարածքները և սարքավորումները կատարելագործելու, արտադրողականության բարձրացման, ինչպես նաև զարգացման նոր ուղղություններ հիմնելու ուղղությամբ։

61. Ոլորտի զարգացման կարևոր նախապայման է նաև արտահանման ներուժի զարգացումը, այդ թվում արտահանման շուկաների դիվերսիֆիկացումը։

62. Ոլորտի զարգացման հնարավորությունների շարքը կարելի է դասել նաև նոր դեղերի արտադրության կազմակերպումը, ինչը հնարավորություն կտա որոշակիորեն իրականացնելու ներմուծման փոխարինում տեղական շուկայում, և օգտագործելու տեղական գիտական մշակումները՝ թողարկելով նոր դեղեր արտահանման համար։

63. Վերջիններիս առնչությամբ զարգացման քաղաքականությունն ուղղված կլինի մասշտաբային ներդրումների ներգրավմանը, համակարգային խնդիրների լուծմանը և արտադրական/արտահանման կարողությունների զարգացմանը:

64. Ոլորտի զարգացման համար կարևոր խթան կհանդիսանա նաև պետական աջակցության տրամադրումը, որի շրջանակներն այս ոլորտում ներառելու են ֆինանսական մատչելիության ապահովումը, անդրազգային ընկերություններին դեպի Հայաստան ներգրավելու աշխատանքները և այլ գործիքներ։

65. Առաջիկա հինգ տարվա ոլորտի զարգացման ուղղությունը կլինի հետևյալը՝

1) միջազգային ճանաչում ունեցող ոլորտի խոշոր խաղացողներին Հայաստանի Հանրապետության դեղագործական արդյունաբերության ոլորտում ներգրավումը.

2) տեղական ընկերություններն ամբողջությամբ GMP ստանդարտներին բերումը.

3) տեղական հումքային բազայի ստեղծումը, ինչը հնարավորություն կտա Եվրասիական տնտեսական միությունում ինտեգրացիոն գործընթացների շրջանակներում ստանձնելու այդ գործընթացի ինչ-որ մասը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանում դեռևս գործում են փոքր քիմիայի կազմակերպություններ.

4) արտահանման շուկայի ընդլայնումն ու դիվերսիֆիկացումը.

5) դեղագործական արդյունաբերության ոլորտի համար անհրաժեշտ ենթակառուցվածքների ստեղծումը (արտադրության կազմակերպման համար անհրաժեշտ ենթակառուցվածքներ, այդ թվում՝ հատուկ միջավայրերի ստեղծման ճանապարհով, հումքի մատակարարում և պահպանում, դեղագործական արդյունաբերական գոտիների ստեղծում և այլն).

6) համապատասխան մասնագիտական կադրերի ապահովումը.

7) դեղագործական արդյունաբերության մեջ աշխատանքի արտադրողականության բարձրացումը.

8) ներքին շուկայում հայրենական դեղերի մասնաբաժնի աճը.

9) ոլորտի օրենսդրական դաշտի բարեփոխումները։

66. Վերոնշյալ զարգացման ուղղությունների համար կներդրվեն տարբեր գործիքներ և կիրականացվեն միջոցառումներ, մասնավորապես՝

1) կմշակվի պետական աջակցության գործիքակազմ, որն ուղղված կլինի արտահանման շուկաներում ներկայացման, շուկաներում դեղերի գրանցման, կլինիկական փորձարկումների, միջազգային ստանդարտների ներդրման, մատչելի ֆինանսական ռեսուրսների ձևավորմանը և այլ աջակցությանը.

2) կմշակվի պետական աջակցության գործիքակազմ, որն ուղղված կլինի ներքին շուկայում հայրենական դեղերի մասնաբաժնի աճին.

3) ոլորտի խոշոր «խաղացողներին» ներգրավելու համար կձևավորվի նպաստավոր միջավայր.

4) կստեղծվի դեղագործական արդյունաբերական գոտի.

5) կխթանվի պատվաստանյութերի և նոր դեղերի արտադրության կազմակերպումը.

6) կխթանվի գիտակրթական հաստատությունների և դեղարտադրողների միջև համագործակցությունը, գործնական կապերի ամրապնդումը, կիրականացվեն կրթական համակարգի բարեփոխումներ.

7) կխթանվի ԵԱՏՄ միասնական շուկայի հնարավորություններից օգտվելը.

8) ոլորտը կարգավորող, ինչպես նաև ոլորտին առնչվող օրենսդրական և ենթաօրենսդրական ակտերում կկատարվեն անհրաժեշտ փոփոխություններ և լրացումներ։

Ակնկալվող արդյունքը

67. Վերոնշյալ զարգացման ուղղությունների և միջոցառումների ապահովման տրամաբանությամբ ակնկալվում է, որ մինչև 2026 թվականը մի քանի անգամ կավելանան ոլորտի արտադրության և արտահանման ծավալները, մասնավորապես՝

1) արտադրության ծավալը 2026 թվականին կկազմի մոտ 30 մլրդ դրամ. 2021 թվականին նույն ցուցանիշը կազմել է 12,353,809 հազ. դրամ.

2) արտահանման ծավալը 2026 թվականին կկազմի մոտ 15 մլրդ դրամ. 2021 թվականին նույն ցուցանիշը կազմել է 5,703,537 հազ. դրամ.

3) աշխատողների թվաքանակը 2026 թվականին կկազմի մոտ 1500 մարդ. 2021 թվականին նույն ցուցանիշը կազմել է 904 մարդ։

68. Սույն հայեցակարգը հիմք կհանդիսանա վերոնշյալ ոլորտների ռազմավարական փաստաթղթերի մշակման համար։

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Ա. Հարությունյան

 

14.04.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան