Գլխավոր տեղեկություն
Համար
N 393-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (25.03.2023-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
23.03.2023
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
24.03.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.03.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

23 մարտի 2023 թվականի N 393-Ա

 

«ՀԱՅԿԱԿԱՆ ԱՏՈՄԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ N 2 ԷՆԵՐԳԱԲԼՈԿԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՑՆԵԼՈՒ (ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԿԵՏԻ ԵՐԿԱՐԱՑՈՒՄ-2) ՆՊԱՏԱԿՈՎ ԳՈՐԾԸՆԹԱՑ ՍԿՍԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետը, «Էներգետիկայի մասին» օրենքի 5.1-ին հոդվածի 2-րդ մասի «բ» կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սկսել «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ՝ ընկերություն) N 2 էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման գործընթացը (այսուհետ՝ ՇԺԵ-2)՝ 2026 թվականի սեպտեմբերից հետո ընկերության N 2 էներգաբլոկի անվտանգ շահագործումը հիմնավորելու և շահագործման շարունակականությունն ապահովելու նպատակով:

2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին`

1) կազմակերպել ընկերության N 2 էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման ծրագրի (այսուհետ՝ ԾՐԱԳԻՐ) մշակման աշխատանքները, որը պետք է պարունակի հետևյալ տեղեկատվությունը`

ա. ընկերության N 2 էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման համար անհրաժեշտ աշխատանքների և ֆինանսական միջոցների ծավալը,

բ. ֆինանսավորման աղբյուրների և մեխանիզմների վերաբերյալ տեղեկատվությունը,

գ. նախատեսվող ներդրումների ազդեցության գնահատականն ընկերության և վերջնական սպառողների սակագների վրա.

2) ներկայացնել ԾՐԱԳԻՐԸ Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո չորսամսյա ժամկետում.

3) Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի հետ քննարկել ՇԺԵ-2-ի ֆինանսավորման աղբյուրների և մեխանիզմների մասին հարցը՝ ԾՐԱԳՐՈՒՄ ներառելու նպատակով.

4) Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի օգոստոսի 23-ի «Հայկական ԱԷԿ-ի N 2 էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի երկարացման նկատմամբ պահանջները հաստատելու մասին» N 1085-Ն որոշման հավելվածի 8-րդ կետով սահմանված աշխատանքների արդյունքների հիման վրա վերանայել ԾՐԱԳԻՐԸ՝ հստակեցնելով ընկերության N 2 էներգաբլոկի շահագործման ժամկետի համար անհրաժեշտ աշխատանքների և ֆինանսական միջոցների ծավալը։

3. Առաջարկել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին ԾՐԱԳՐՈՒՄ ներառելու նպատակով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն ներկայացնել ՇԺԵ-2-ով նախատեսվող ներդրումների ազդեցության գնահատականն ընկերության և վերջնական սպառողների սակագների վրա՝ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից անհրաժեշտ տեղեկատվությունն ստանալուց հետո տասնօրյա ժամկետում։

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Ն. ՓաշինՅԱՆ

 

Երևան

 

24.03.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան