Գլխավոր տեղեկություն
Համար
N 272-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (03.03.2023-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.02.20-2023.03.05 Պաշտոնական հրապարակման օրը 02.03.2023
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
02.03.2023
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
02.03.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.03.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

2 մարտի 2023 թվականի N 272-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 5-Ի N 670-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի «Կենսաթոշակ վճարելու կարգը հաստատելու մասին» N 670-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) N 1 հավելվածի՝

1) 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«8. Տվյալ ամսվա կենսաթոշակը դիմումում նշված կանխիկ կամ անկանխիկ եղանակով (բանկի միջոցով) վճարվում է, եթե դիմումը կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում է ներկայացվել մինչև տվյալ ամսվան նախորդող ամսվա վերջին աշխատանքային օրը (եթե կենսաթոշակառուի տվյալներում անճշտություններ չկան): Տուն-ինտերնատում ապրող կենսաթոշակառուների կենսաթոշակը վճարվում է կենսաթոշակառուի դիմումի հիման վրա՝ կանխիկ կամ անկանխիկ եղանակով։ Ներկայացված դիմումի հիման վրա կենսաթոշակն անկանխիկ եղանակով վճարելու կամ բանկը փոխելու դեպքում կենսաթոշակառուի՝ «Պետական կենսաթոշակների մասին» օրենքի 35-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված կարգով հայտարարություն ստորագրելու ժամկետի հաշվառումը ապահովում է ծառայությունը՝ 12-ամսյա ժամկետի առաջին ամիս դիտարկելով շտեմարանում առկա՝ հետևյալ տեղեկատվությունը ստացվելու կամ հաշվառելու ամսվան հաջորդող ամիսը՝

1) բանկի տրամադրած՝ Հայաստանի Հանրապետությունում լինելու մասին հայտարարությունը ստորագրած կենսաթոշակառուների վերաբերյալ.

2) կենսաթոշակառուի՝ կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում անձամբ ներկայացրած՝ կենսաթոշակին առնչվող ցանկացած գրավոր դիմումի վերաբերյալ.

3) «Եկամտային հարկի, շահութահարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» օրենքով սահմանված տեղեկատվական բազայում առկա՝ կենսաթոշակառուի աշխատելու վերաբերյալ.

4) կենսաթոշակը կանխիկ եղանակով անձամբ կենսաթոշակառուին վճարելու վերջին ամսվա վերաբերյալ (եթե դիմումն առցանց ներկայացվել է կենսաթոշակն անկանխիկ եղանակով ստանալու համար և դիմելու օրվա դրությամբ «Եկամտային հարկի, շահութահարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» օրենքով սահմանված տեղեկատվական բազայում առկա տվյալներով կենսաթոշակառուն չի աշխատում)։»․

2) 16.8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«16.8. Սույն կարգի համաձայն՝ կենսաթոշակն անկանխիկ եղանակով վճարող կազմակերպության ընտրությունը ծրագրային մոդուլի միջոցով կատարելու դեպքում «Պետական կենսաթոշակների մասին» օրենքի 35-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված կարգով հայտարարություն ստորագրելու ժամկետի հաշվառումն ապահովում է ծառայությունը՝ սույն կարգի 8-րդ կետով սահմանված կարգով:»:

2. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ ապահովել.

1) աջակցություն 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող, 75 տարին լրացած անձանց (որոնց 2023 թվականի փետրվար ամսվա կենսաթոշակի վճարման ցուցակ ձևավորելիս վճարող կազմակերպությունը «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2022 թվականի դեկտեմբերի 7-ի ՀՕ-504-Ն օրենքի համաձայն ընտրվել է բանկ, այսուհետ՝ շահառուներ) վճարման եղանակը փոխելու կամ վճարող կազմակերպություն ընտրելու դիմում (այսուհետ՝ դիմում) ներկայացնելու համար.

2) Միասնական սոցիալական ծառայության կողմից դիմում ներկայացրած այն շահառուների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 12-ի N 284-Ն որոշման հավելվածով սահմանված՝ պարբերական դրամական վճարների մասին պայմանագրի N 1 ձևում նշված տեղեկատվության տրամադրումը բանկերին, որոնց կենսաթոշակի վճարումը 2023 թվականի մարտի 1-ի դրությամբ դադարեցված չէ և այդ օրվա դրությամբ առկա է դիմում՝ 2023 թվականի մարտի 3-ին.

3) սույն որոշման 3-րդ կետում նշված տեղեկատվությունը բանկերի կողմից ստանալուց հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում այդ տեղեկատվությունը, որպես 2023 թվականի փետրվար ամսվա չվճարված կենսաթոշակ, ներառելը շտեմարան և օրենսդրությամբ սահմանված կարգով ձևավորելը 2023 թվականի մարտ ամսվա վճարման ցուցակը դիմում ներկայացրած շահառուների համար.

4) 2023 թվականի մարտ ամսվա կենսաթոշակի վճարումը սույն կետի 1-ին ենթակետում չնշված կենսաթոշակառուների (դիմում չներկայացրած շահառուներ) համար:

3. Առաջարկել կենսաթոշակ վճարող բանկերին՝ սույն որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետի համաձայն ստացված տեղեկատվությունը համադրել 2023 թվականի փետրվար ամսվա վճարման ցուցակներով ստացված տեղեկատվության հետ և Միասնական սոցիալական ծառայությանը տրամադրել այն շահառուների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 12-ի N 284-Ն որոշման հավելվածով սահմանված՝ պարբերական դրամական վճարների մասին պայմանագրի N 4 ձևում նշված տեղեկատվությունը, որոնք 2023 թվականի մարտի 1-ի դրությամբ բանկի հետ չեն կնքել բանկային հաշվի պայմանագիր կամ չեն ներկայացրել կենսաթոշակի գումար ստանալու պահանջ և միաժամանակ սույն կետում նշված՝ N 4 ձևում նշված գումարները, 2023 թվականի մարտ ամսվա վճարման ցուցակներով դիմումում նշված վճարման եղանակով կամ բանկի միջոցով վճարելու համար, նրանց բանկային հաշիվներից փոխանցել Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջե՝ մինչև 2023 թվականի մարտի 6-ը ներառյալ: Բանկը պատասխանատվություն չի կրում սույն կետի համաձայն կենսաթոշակի գումարները պետական բյուջե վերադարձնելու համար։

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

փոխվարչապետ

Մ. Գրիգորյան

 

Երևան

 

02.03.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 2 մարտի 2023 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան