Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (08.04.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Դատալեքս համակարգ www.datalex.am
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
08.04.2022
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
08.04.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.04.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

ԱՐԴ1/0043/01/18

Գործ թիվ ԱՐԴ1/0043/01/18

Նախագահող դատավոր՝  Ա․ Ազարյան

 Մ. Արղամանյան

 Ա․ Մնացականյան

 

ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` նաև Վճռաբեկ դատարան),

               

նախագահությամբ`

Հ. Ասատրյանի

մասնակցությամբ դատավորներ`

Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆԻ

 

Ե. Դանիելյանի

 

Լ. Թադևոսյանի

 

Ա. Պողոսյանի

Ս. Օհանյանի

քարտուղարությամբ`

Մ․ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ

 

մասնակցությամբ դատախազներ՝

Դ․ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ
Վ․ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ

 

պաշտպան՝

Գ․ ՂՈՒԼՅԱՆԻ

 

ամբաստանյալ՝

Գ․ ԲԱԲԱՅԱՆԻ

8 ապրիլի 2022 թվական

ք. Երևան

դռնբաց դատական նիստում քննության առնելով ամբաստանյալ Գոռ Արտաշեսի Բաբայանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2021 թվականի ապրիլի 6-ի որոշման դեմ պաշտպան Գ․Ղուլյանի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. 2017 թվականի օգոստոսի 31-ին ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է թիվ 92217317 քրեական գործը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով։

Նախաքննության մարմնի` 2017 թվականի սեպտեմբերի 20-ի որոշմամբ Գոռ Արտաշեսի Բաբայանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասով:

Նույն օրվա մեկ այլ որոշմամբ Գոռ Բաբայանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

2018 թվականի դեկտեմբերի 3-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան):

2․ Առաջին ատյանի դատարանի՝ 2020 թվականի հուլիսի 13-ի դատավճռով Գ․Բաբայանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասով, և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 2 (երկու) տարի ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի հիման վրա, նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել, և սահմանվել է փորձաշրջան՝ 2 (երկու) տարի ժամկետով։ Փորձաշրջանի ընթացքում Գ․Բաբայանի վարքագծի նկատմամբ վերահսկողությունը դրվել է ՀՀ արդարադատության նախարարության պրոբացիայի պետական ծառայության Արմավիրի մարզային մարմնի, իսկ ժամկետային զինվորական ծառայության զորակոչվելու դեպքում՝ համապատասխան զորամասի հրամանատարության վրա։ Նույն դատավճռով Գ․Բաբայանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը թողնվել է անփոփոխ։

3․ Մեղադրողի և պաշտպանի վերաքննիչ բողոքների հիման վրա քննության առնելով քրեական գործը` ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան), 2021 թվականի ապրիլի 6-ին որոշում է կայացրել պաշտպանի բողոքը մերժելու, մեղադրողի բողոքը բավարարելու, Առաջին ատյանի դատարանի՝ 2020 թվականի հուլիսի 13-ի դատավճիռը մասնակիորեն բեկանելու ու փոփոխելու մասին։ Գ․Բաբայանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելը վերացվել է։

4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ պաշտպան Գ․Ղուլյանը բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2021 թվականի հոկտեմբերի 21-ի որոշմամբ ընդունվել է վարույթ:

Վճռաբեկ դատարանը 2021 թվականի նոյեմբերի 3-ին որոշում է կայացրել վճռաբեկ բողոքը դատական նիստում քննության առնելու մասին:

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

5. Առաջին ատյանի դատարանը, Գոռ Բաբայանին մեղավոր ճանաչելով ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության կատարման մեջ, արձանագրել է, որ «(․․․) [Ք]րեական գործի նախաքննությամբ ձեռք բերված և դատական քննությամբ հետազոտված ապացույցների գնահատմամբ, [Առաջին ատյանի] դատարանն ապացուցված է համարում արարքը, որի կատարման մեջ մեղադրվում է ամբաստանյալ Գ․Բաբայանն, այն, որ նա, հանդիսանալով Հայաստանի Հանրապետության քաղաքացի, հաշվառված լինելով ՀՀ ՊՆ Էջմիածնի զինկոմիսարիատում, ենթակա է եղել զորակոչման 2017 թվականի ամառային զորակոչին, սակայն, խախտելով «Զինապարտության մասին» ՀՀ Օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները, սահմանված ժամկետում չի ներկայացել զինկոմիսարիատ և խուսափել է ժամկետային զինվորական ծառայության հերթական` 2017 թվականի ամառային զորակոչից` այդ ծառայությունից ազատվելու ՀՀ Օրենսդրությամբ սահմանված կարգով հիմքերի բացակայության դեպքում։

(․․․) [Առաջին ատյանի] դատարանը հիմնավորված է համարում, որ ամբաստանյալ Գ․Բաբայանի կողմից կատարած հանցավոր արարքը համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներին, ամբաստանյալի մեղավորությունը հանցանք կատարելու մեջ` ապացուցված է, Գոռ Բաբայանը ենթակա է պատժի և պատասխանատվության` կատարած հանցանքի համար»1։

5․1․ Առաջին ատյանի դատարանը, քննարկելով Գ․Բաբայանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը կրելու նպատակահարմարության հարցը, փաստել է․ «(․․․) [Առաջին ատյանի] դատարանն ամբաստանյալ Գոռ Բաբայանի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող ու անձը բնութագրող հանգամանքներ է դիտում այն, որ զղջում է կատարածի համար, վատառողջ է, բնութագրվում է դրականորեն, երիտասարդ է։

Ամբաստանյալ Գոռ Բաբայանի պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանքներ չկան։

[Առաջին ատյանի դ]ատարանը հաշվի առնելով Գ․Բաբայանի կատարած հանցագործության հանրության համար վտանգավորության աստիճանը, բնույթը, նրա անձը բնութագրող տվյալները, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքների առկայությունը, ծանրացնող հանգամանքների բացակայությունը, (․․․) գտնում է, որ ամբաստանյալ Գ․Բաբայանի հետագա ուղղվելը և վերադաստիարակությունը հնարավոր է առանց ազատազրկման ձևով նշանակված պատիժը կրելու, հասարակությունից մեկուսացնելու և նպատակահարմար չէ, որպեսզի վերջինս կրի նշանակված պատիժը, որի պայմաններում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածը և նրա նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել` սահմանելով փորձաշրջան որոշակի ժամկետով»2։

6. Վերաքննիչ դատարանը, մասնակիորեն բեկանելով Առաջին ատյանի դատարանի դատական ակտը, իր որոշումը պատճառաբանել է հետևյալ կերպ․ «(…) [Ա]նդրադառնալով (…) Գ․Բաբայանի անմեղության վերաբերյալ պաշտպան Է.Թովմասյանի փաստարկներին, (․․․) Վերաքննիչ դատարանը գտնում է, որ Առաջին ատյանի դատարանի հետևությունները հիմնավորված ու պատճառաբանված են, իսկ քրեական գործի փաստական հանգամանքների մասին Առաջին ատյանի դատարանի հետևությունները հետազոտված ապացույցներին չհամապատասխանելու և ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասով ամբաստանյալ Գ․Բաբայանին առաջադրված մեղադրանքը հիմնավորված չլինելու վերաբերյալ պաշտպանի փաստարկները քրեական գործի նյութերում իրենց հաստատումը չեն գտել, հետևաբար չեն կարող հիմք հանդիսանալ Առաջին ատյանի դատարանի դատական ակտը բեկանելու համար:

(․․․)

Ուսումնասիրելով դատաբժշկական և ռազմաբժշկական համալիր փորձաքննության թիվ 322/հմ եզրակացությունը, Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ նշված եզրակացությունը հիմնավորված չլինելու կամ կասկած հարուցելու, կամ ապացույցները, որոնց վրա հիմնված է եզրակացությունը, ոչ հավաստի ճանաչվելու կամ փորձաքննության կատարման դատավարական կանոնները խախտված լինելու հանգամանքները բացակայում են:

Ուստի, Վերաքննիչ դատարանը գտնում է, որ նման պայմաններում բացակայում են կրկնակի դատաբժշկական և ռազմաբժշկական համալիր փորձաքննություն նշանակելու հիմքերը:

(․․․) [Ա]նդրադառնալով իրադրության փոփոխման հիմքով Գ․Բաբայանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու և քրեական գործի վարույթը կարճելու վերաբերյալ պաշտպանի վերաքննիչ բողոքում նշված փաստարկներին` Վերաքննիչ դատարանը գտնում է, որ դրանցում չեն պարունակվում այնպիսի տվյալներ, որոնք կվկայեն այն մասին, որ հանցանքը կատարելու պահին եղած իրադրությունն ինչ-որ իրադարձության արդյունքում ենթարկվել է այնպիսի փոփոխության, որի հետևանքով ամբաստանյալ Գ․Բաբայանը կամ նրան վերագրվող արարքը դադարել է հանրության համար վտանգավոր լինելուց: Բացի այդ, Վերաքննիչ բողոքում նշված փաստարկներն ինչպես առանձին, այնպես էլ իրենց համակցության մեջ չեն վկայում այն մասին, որ Գ․Բաբայանի կյանքի և գործունեության պայմաններում կատարվել են այնպիսի փոփոխություններ, որը զրկել է նրան հասարակական հարաբերություններին վնաս պատճառելու օբյեկտիվ հնարավորությունից: Այսպիսով, Վերաքննիչ դատարանը գտնում է, որ ամբաստանյալ Գ․Բաբայանին իրադրության փոփոխման հետևանքով քրեական պատասխանատվությունից ազատելու մասին հիմքերը բացակայում են:

Անդրադառնալով ամբաստանյալ Գ․Բաբայանի նկատմամբ նշանակված պատժի փաստացի կրելու նպատակահարմարության հարցին, Վերաքննիչ դատարանը հարկ է համարում նշել հետևյալը. (․․․) Առաջին ատյանի դատարանն իր դատական ակտում որևէ կերպ չի նշել, թե Գ․Բաբայանի մեղմացնող հանգամանքներն ինչ կարգով է ողջամտորեն նվազեցրել նրա կամ նրա կատարած արարքի հանրային վտանգավորությունը։ Իսկ այն հանգամանքները, որ նա երիտասարդ է, բնութագրվում է դրականորեն, վատառողջ է և զղջացել է կատարածի համար, սույն գործով չեն կարող բավարար հիմք հանդիսանալ պատիժը պայմանականորեն չկիրառելու համար։

Վերը շարադրված պատճառաբանությունների արդյունքում, Վերաքննիչ դատարանը հանգում է հետևության, որ Գ․Բաբայանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելիս Առաջին ատյանի դատարանն ինչպես առանձին վերցրած, այնպես էլ իրենց համակցության մեջ պատշաճ ուշադրություն չի դարձրել արարքի կատարման եղանակին, հանրորեն վտանգավոր արարքի և դրա հետևանքների նկատմամբ հանցավորի դրսևորած հոգեբանական վերաբերմունքին, օրենքով պահպանվող հասարակական հարաբերության բնույթին։ Մասնավորապես՝ Առաջին ատյանի դատարանը պատշաճ գնահատականի չի արժանացրել ներքոհիշյալ հանգամանքները, որոնք վկայում են Գ․Բաբայանի անձի և նրա կատարած հանցագործության վտանգավորության առավել բարձր աստիճանի մասին.

-ամբաստանյալ Գ․Բաբայանի կողմից կատարված հանցանքը վնաս է պատճառում սոցիալական մեծ նշանակություն ունեցող հասարակական հարաբերություններին. նշված հանցանքը, ուղղված լինելով կառավարման կարգի դեմ, վնաս է պատճառում զինված ուժերի նորմալ կոմպլեկտավորմանը և պետության պաշտպանունակությանը, ինչն օբյեկտիվորեն անհրաժեշտ է դարձնում այդ ոլորտում խիստ քրեական քաղաքականության ապահովումը,

-ամբաստանյալ Գ․Բաբայանի կողմից կատարված հանցանքը դասվում է ուղղակի դիտավորությամբ կատարվող հանցագործությունների շարքին: Ընդ որում` նշված դիտավորյալ հանցանքը կատարելով, Գ․Բաբայանը փաստացի խուսափել է ՀՀ Սահմանադրության 14-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով իր վրա դրված՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը մասնակցելու պարտականությունը կատարելուց»3։

7․ ՀՀ պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Արմավիրի տարածքային ստորաբաժանման ղեկավարի՝ 2022 թվականի փետրվարի 21-ի գրության համաձայն՝ Գ․Բաբայանը ներկայացել է իր հաշվառման վայրի՝ ՀՀ պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Արմավիրի տարածքային ստորաբաժանում և մասնակցել պարտադիր զինվորական ծառայության հերթական՝ 2021 թվականի ձմեռային զորակոչին, սակայն նրա զորակոչի հարցը չի լուծվել ու վերջինս մնացել է ստուգիչ հետազոտման փուլում՝ մինչև զորակոչի ավարտը Գ․Բաբայանի առողջական վիճակի հետազոտման գործընթացն ավարտված չլինելու պատճառաբանությամբ4։

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.

8. Բողոքի հեղինակը փաստարկել է, որ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատական սխալ՝ նյութական և դատավարական իրավունքի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը։

Այսպես՝ բողոքի հեղինակը նշել է, որ դատաքննությամբ հետազոտված ապացույցների համակցությունը բավարար չէ հաստատված համարելու, որ 2017 թվականի ամառային զորակոչին Գ․Բաբայանն իր հիվանդությամբ պիտանի է եղել պարտադիր զինվորական ծառայության, ուստիև խուսափել դրանից։

Ի հիմնավորումը նշված պնդման, բողոք բերած անձը փաստարկել է, որ հիշյալ զորակոչին Գ․Բաբայանը սահմանափակումներով պիտանի է ճանաչվել պարտադիր զինվորական ծառայությանը Կենտրոնական բժշկական հանձնաժողովի՝ 2017 թվականի հունիսի 6-ի եզրակացությամբ, սակայն ամիսներ հետո կատարված բժշկական հետազոտությունների արդյունքում նրան տրվել է պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունք, որպիսի հանգամանքը, ըստ բողոքաբերի, հիշյալ եզրակացության օբյեկտիվությունը կասկածի տակ է դնում, ինչը պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում չի փարատվել, իսկ դատաբժշկական և ռազմաբժշկական համալիր փորձաքննության եզրակացությունը կառուցված է հիշյալ հանձնաժողովի եզրակացության հիմքում դրված փաստական տվյալների վրա։ Արդյունքում, բողոքի հեղինակը գտել է, որ քրեական գործում առկա չէ ապացույցների բավարար համակցություն, որը թույլ կտար հաստատված համարել Գ.Բաբայանի արարքում ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցակազմի առկայությունը:

Միևնույն ժամանակ բողոք բերած անձը փաստարկել է, որ կրկնակի դատաբժշկական և ռազմաբժշկական համալիր փորձաքննություն նշանակելու մասին պաշտպանության կողմի միջնորդությունը մերժելու վերաբերյալ դատարանների հետևությունն իրավաչափ չէ։

Հիշյալ պնդումը հիմնավորվել է նրանով, որ դատաքննությամբ համապատասխան փորձաքննության եզրակացությունը հետազոտելու և փորձագետին հարցաքննելու արդյունքներով պարզաբանված չեն 2017 թվականի ամառային զորակոչին պարտադիր զինվորական ծառայության պիտանի ճանաչվելուց հետո Գ.Բաբայանի առողջական վիճակի վատթարացման հանգամանքները, հետևապես, բացահայտված չէ՝ Գ․Բաբայանի մոտ ախտորոշված հիվանդությունը նշված զորակոչի ընթացքում բացասական դինամիկա դրսևորել է թե ոչ, ինչը, ըստ բողոք բերած անձի, կարող էր գործի ելքի համար էական նշանակություն ունենալ։

Բացի այդ, նախաքննության ընթացքում Գ․Բաբայանը կատարված քննչական գործողություններին մասնակցել է առանց պաշտպանի և, ըստ բողոքի հեղինակի, զրկված է եղել սույն գործով իրավական նշանակություն ունեցող հանգամանքների կապակցությամբ փորձագետին հարցեր առաջադրելու հնարավորությունից։

8․1․ Վերոգրյալի հետ մեկտեղ, բողոքաբերը գտել է, որ առկա են իրադրության փոփոխման հիմքով Գ․Բաբայանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու և գործի վարույթը կարճելու հիմքեր՝ իր դիրքորոշումը հիմնավորելով նրանով, որ Գ․Բաբայանն իրեն սահմանափակումներով պարտադիր զինվորական ծառայության պիտանի ճանաչելուն համաձայն չլինելով հանդերձ, Հայաստանի Հանրապետությունում հայտարարված ռազմական դրության ժամանակ, անձնական տրանսպորտային միջոցով անվտանգ վայրեր է տեղափոխել մարդկանց՝ փոխադրելով նաև անհրաժեշտ պարագաներ, ինչպես նաև պատրաստակամ է զորակոչվելու պարտադիր զինվորական ծառայության, ինչի կապակցությամբ 2021 թվականի հուլիսի 13-ին դիմում է ներկայացրել ՀՀ պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Արմավիրի տարածքային ստորաբաժանման ղեկավարին։ Ըստ բողոքաբերի՝ տեղի ունեցած վերոհիշյալ իրադարձությունների արդյունքում ենթադրյալ հանցանքը կատարելու պահին եղած իրադրությունը ենթարկվել է փոփոխման և հանգեցրել Գ․Բաբայանի անձի ու մեղսագրված արարքի հանրային վտանգավորության կորստի։

Միևնույն ժամանակ, բողոքաբերը նշել է, որ գործում առկա փաստական տվյալների համակցությունը վկայում է նաև առանց պատիժը փաստացի կրելու Գ.Բաբայանի ուղղվելու հնարավորության մասին, ուստի վերջինիս նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու հարցում Առաջին ատյանի դատարանը հանգել է ճիշտ հետևության։

9. Հիմք ընդունելով վերոշարադրյալը` բողոքաբերը խնդրել է բեկանել և փոփոխել Վերաքննիչ դատարանի՝ 2021 թվականի ապրիլի 6-ի որոշումն ու Գ․Բաբայանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը դադարեցնել և քրեական գործի վարույթը կարճել՝ իրադրության փոփոխման հիմքով կամ օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի՝ 2020 թվականի հուլիսի 13-ի դատավճռին։

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

10. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված առաջին իրավական հարցը հետևյալն է. արդյո՞ք հիմնավորված և պատճառաբանված են ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը կատարելու մեջ ամբաստանյալ Գ.Բաբայանի մեղավորության վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները։

Բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում ստուգման ենթարկելով քրեական գործի փաստական հանգամանքների բացահայտման և քրեական օրենքի կիրառման ճշտությունը, գործը քննելիս և լուծելիս քրեադատավարական օրենքի պահանջների պահպանումը, ինչպես նաև ուսումնասիրության և գնահատման ենթարկելով քրեական գործում առկա նյութերը՝ Վճռաբեկ դատարանը հանգում է հետևության, որ ստորադաս դատարանները ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքում Գ․Բաբայանի մեղավորության վերաբերյալ հանգել են ճիշտ հետևության։

Մասնավորապես, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ առաջադրված մեղադրանքում Գ.Բաբայանի մեղքը հաստատվում է գործով ձեռք բերված և ստորադաս դատարանների դատական ակտերում պատշաճ վերլուծված ապացույցների բավարար համակցությամբ, այն է՝ որպես այլ փաստաթուղթ ապացույց ճանաչված՝ ՀՀ պաշտպանության նախարարության Էջմիածնի զինկոմիսարիատում կազմված զորակոչիկ Գ․Բաբայանի անձնական գործում առկա փաստաթղթերով, այդ թվում՝ Կենտրոնական բժշկական հանձնաժողովի՝ 2017 թվականի հունիսի 6-ի եզրակացությամբ, ըստ որի՝ վերջինս, մեղադրանքում նշված զորակոչին, սահմանափակումներով պիտանի է ճանաչվել պարտադիր զինվորական ծառայությանը5, դատաբժշկական և ռազմաբժշկական համալիր փորձաքննության եզրակացությամբ, համաձայն որի՝ հիշյալ հանձնաժողովի եզրակացությամբ տրված ախտորոշումը, դրա հիման վրա կայացված որոշումը եղել է հիմնավոր և համապատասխանել Գ․Բաբայանի մոտ առկա հիվանդությանը, վերջինս սահմանափակումներով պիտանի է եղել պարտադիր զինվորական ծառայության՝ 2017 թվականի ամառային զորակոչին6, ինչպես նաև փորձագետ Գ․Հարությունյանի ցուցմունքով7։

10․1․ Անդրադառնալով բողոքի հեղինակի պնդմանն առ այն, որ Կենտրոնական բժշկական հանձնաժողովի հիշյալ եզրակացության հիմնավորվածության վերաբերյալ առկա է չփարատված կասկած, Վճռաբեկ դատարանը նախ և առաջ արձանագրում է, որ հիշյալ եզրակացության հիմքում ընկած հետազոտություններն ու արդյունքները, զորակոչիկ Գ.Բաբայանի՝ 2017 թվականի ամառային զորակոչին զինծառայության պիտանելիության և զորակոչման ենթակա լինելու հարցը լրացուցիչ ուսումնասիրության առարկա է դարձել քրեական գործի շրջանակներում և վերոգրյալ համալիր փորձաքննության եզրակացությամբ հաստատվել է Կենտրոնական բժշկական հանձնաժողովի քննարկվող եզրակացությամբ տրված ախտորոշման և խնդրո առարկա զորակոչին Գ․Բաբայանի պարտադիր զինվորական ծառայության պիտանի ճանաչվելու փաստի հիմնավորվածությունը։ Բացի այդ, հարկ է նկատել, որ պաշտպանության կողմը չի մատնանշել կոնկրետ փաստական տվյալներ, որոնք ողջամտորեն կարող էին կասկած հարուցել Կենտրոնական բժշկական հանձնաժողովի՝ 2017 թվականի հունիսի 6-ի եզրակացության հիմնավորվածության տեսանկյունից։ Մասնավորապես, մատնանշված չէ քրեական գործի նյութերում առկա որևէ փաստական տվյալ(ներ), որը ողջամտորեն կարող էր վկայել Գ․Բաբայանի առողջական վիճակի գնահատման տեսանկյունից կատարված հետազոտությունների լիարժեք չլինելու կամ առողջական վիճակի ստուգման համար պիտանի չլինելու, ըստ այդմ՝ Կենտրոնական բժշկական հանձնաժողովի հիշյալ եզրակացությամբ տրված ախտորոշման՝ հետազոտվող ժամանակահատվածում Գ․Բաբայանի մոտ առկա առողջական վիճակին չհամապատասխանելու մասին։ Վերոգրյալի հաշվառմամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ 2017 թվականի ամառային զորակոչին Գ.Բաբայանին պարտադիր զինվորական ծառայությանը սահմանափակումներով պիտանի ճանաչվելու առնչությամբ չփարատված կասկածի մասին բողոքաբերի պնդումը հիմնված է վերացական, ընդհանրական դատողությունների վրա։

10․2․ Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանն իր համաձայնությունն է արտահայտում Վերաքննիչ դատարանի այն եզրահանգմանը, որ փորձագիտական եզրակացության հիմնավորվածությունը և արժանահավատությունը կասկածի տակ դնելու հիմքերը բացակայում են8։ Ինչ վերաբերում է պաշտպանության իրավունքի խախտման վերաբերյալ բողոքի հեղինակի պնդմանը, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ սույն գործով դատաքննության ընթացքում հարցաքննվել է նաև քննարկվող փորձաքննության եզրակացությունը կազմած փորձագետ Գ․Հարությունյանը, և ամբաստանյալ Գ․Բաբայանը հնարավորություն է ունեցել իրացնելու հարցեր տալու իր իրավունքը։ Բացի այդ, փորձաքննություն նշանակելու մասին որոշումը ծանոթացման է ներկայացվել Գ․Բաբայանին՝ պարզաբանելով փորձագետին լրացուցիչ հարցեր առաջադրելու իր իրավունքը9, իսկ մինչ այդ Գ․Բաբայանը հայտարարել էր իր պաշտպանությունն անձամբ իրականացնելու մասին10։ Ուստի, կոնկրետ դեպքում, ընդհանուր առմամբ, քրեական վարույթի արդարացիությունն ապահովվել է։

11․ Ընդհանրացնելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը կատարելու մեջ ամբաստանյալ Գ.Բաբայանի մեղավորության վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները հիմնավորված և պատճառաբանված են։

12․ Վերոգրյալի հետ մեկտեղ, իրադրության փոփոխման դեպքում անձին քրեական պատասխանատվությունից ազատելու ինստիտուտի վերաբերյալ նախկինում արտահայտված իրավական դիրքորոշումների11 լույսի ներքո՝ անդրադառնալով իրադրության փոփոխման և դրա արդյունքում ամբաստանյալ Գ․Բաբայանի անձի և նրա արարքի հանրային վտանգավորության կորստի փաստարկմանը, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ որպես փոփոխված իրադրության հիմք դիտարկված հանգամանքներն12 իրենց համակցությամբ բավարար չեն արձանագրելու, որ տեղի է ունեցել այնպիսի իրադարձություն, որի արդյունքում Գ․Բաբայանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքը կատարելու պահին եղած իրադրությունը ենթարկվել է փոփոխման, ուստի պաշտպանության կողմի փաստարկներն ինքնին, առանց կոնկրետ իրադրության փոփոխման և դրա արդյունքում հանցավորի կամ նրա արարքի հանրային վտանգավորության կորստի փաստարկման, չեն կարող ՀՀ քրեական օրենսգրքի 74-րդ հոդվածի կիրառման և Գ․Բաբայանին քրեական պատասխանատվությունից ազատելու հիմք լինել։ Այսպիսով, ամբաստանյալ Գ.Բաբայանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը ենթակա չէ իրադրության փոփոխման հիմքով դադարեցման, իսկ քրեական գործի վարույթը՝ կարճման։

13․ Միևնույն ժամանակ, պաշտպանության կողմի նշած՝ Գ․Բաբայանի վարքագծի որոշ դրսևորումներն ամբաստանյալ Գ․Բաբայանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը կրելու նպատակահարմարության հարցը որոշելու անհրաժեշտ պայմաններն են, ուստի սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված երկրորդ իրավական հարցը հետևյալն է. հիմնավորված է արդյո՞ք ամբաստանյալ Գ․Բաբայանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելը վերացնելու մասին Վերաքննիչ դատարանի հետևությունը։

ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի համաձայն՝ «1. Եթե դատարանը, կալանքի, ազատազրկման կամ կարգապահական գումարտակում պահելու ձևով պատիժ նշանակելով, հանգում է հետևության, որ դատապարտյալի ուղղվելը հնարավոր է առանց պատիժը կրելու, ապա կարող է որոշում կայացնել այդ պատիժը պայմանականորեն չկիրառելու մասին:

2. Պատիժը պայմանականորեն չկիրառելիս դատարանը հաշվի է առնում հանցավորի անձը բնութագրող տվյալները, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները (․․․)»։

13․1․ Վերոնշյալ իրավադրույթը Վճռաբեկ դատարանի կողմից բազմիցս վերլուծության է ենթարկվել բազմաթիվ որոշումներում, որտեղ մշտապես վերահաստատվել է դիրքորոշումն առ այն, որ նշանակված պատիժը կրելու նպատակահարմարության վերաբերյալ դատարանի եզրահանգումը պետք է հիմնվի կատարված արարքի հանրային վտանգավորության և բնույթի, օբյեկտիվորեն գոյություն ունեցող, պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքների ու անձը բնութագրող տվյալների համակողմանի վերլուծության վրա13։

14․ Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Գ.Բաբայանը ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասով մեղավոր է ճանաչվել այն բանի համար, որ նա, 2017 թվականի ամառային զորակոչին ենթակա լինելով պարտադիր զինվորական ծառայության, և ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով հիմքերի բացակայության պայմաններում, խուսափել է ժամկետային զինվորական ծառայության հերթական` 2017 թվականի ամառային զորակոչից14։

Առաջին ատյանի դատարանը, հաշվի առնելով կատարված արարքի հանրային վտանգավորության բնույթն ու աստիճանը, անձը բնութագրող փաստական տվյալները և պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքները` մասնավորապես, դրական բնութագրվելը, երիտասարդ և վատառողջ լինելը, կատարած արարքի համար զղջալը, ինչպես նաև պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանքների բացակայությունը, եզրահանգել է, որ նշված հանգամանքների համակցությունն էապես նվազեցնում է ամբաստանյալի անձի և նրա կատարած արարքի հանրային վտանգավորության աստիճանը՝ վկայելով առանց պատիժը փաստացի կրելու՝ ամբաստանյալ Գ․Բաբայանի ուղղվելու հնարավորության մասին15։

Մինչդեռ Վերաքննիչ դատարանը նշանակված պատիժը կրելու մասով փոփոխել է դատավճիռը՝ արձանագրելով, որ ազատազրկման ձևով նշանակված պատիժը կրելու նպատակահարմարության հարցի վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի հետևությունն իրավաչափ չէ՝ իր դիրքորոշումը հիմնավորելով նրանով, որ ուղղակի դիտավորությամբ կատարված հանցանքով ՀՀ զինված ուժերի համալրման ապահովման և պետության պաշտպանունակության դեմ ոտնձգելը, այդ կերպ նաև իր սահմանադրական պարտականությունը չկատարելը, վկայում է Գ․Բաբայանի անձի և կատարված հանցագործության հանրային վտանգավորության առավել բարձր աստիճանի մասին, իսկ Առաջին ատյանի դատարանի վկայակոչված հանգամանքները ողջամտորեն չեն կարող դիտարկվել որպես բավարար հակակշռող գործոններ՝ արձանագրելու, որ Գ․Բաբայանի ուղղվելը հնարավոր է առանց պատիժը փաստացի կրելու, ուստի նման պայմաններում վերջինիս նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառումը չի կարող բխել խախտված հասարակական հարաբերության սոցիալական նշանակությունից և այդ ոլորտում խիստ քրեական քաղաքականության ապահովման անհրաժեշտությունից16։

15․ Նախորդ կետում մեջբերված փաստական տվյալները գնահատելով սույն որոշման 13․1-րդ կետում վկայակոչված գործերով արտահայտած իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ամբաստանյալ Գ․Բաբայանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը կրելու պարտականություն սահմանելիս, Վերաքննիչ դատարանը պատշաճ ուսումնասիրության, վերլուծության և համակցության մեջ գնահատման չի ենթարկել գործի փաստական տվյալների ամբողջությունը։

Տվյալ դեպքում, Վերաքննիչ դատարանը, ՀՀ զինված ուժերի համալրման ապահովման և պետության պաշտպանունակության դեմ ոտնձգող արարքի հանրային վտանգավորության բարձր լինելն ընդգծելով հանդերձ, նշվածը չի դիտարկել գործում առկա՝ պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելու՝ Գ․Բաբայանի կամահայտնության վերաբերյալ տվյալների համատեքստում, մասնավորապես՝ թեև Գ․Բաբայանը խուսափել է 2017 թվականի ամառային զորակոչից, սակայն սույն գործով դատաքննության ընթացքում հայտնել է, որ պատրաստակամ է զորակոչվելու պարտադիր զինվորական ծառայության17, Վճռաբեկ դատարանի դատական նիստում Գ․Բաբայանը վերահաստատել է իր դիրքորոշումը18՝ խնդրելով հնարավորություն ընձեռել մասնակցելու պարտադիր զինվորական ծառայության 2021 թվականի ձմեռային զորակոչային և զորահավաքային անհրաժեշտ միջոցառումներին19։ Ըստ Վճռաբեկ դատարանի տրամադրության տակ եղած տեղեկատվության՝ Գ․Բաբայանը ներկայացել է իր հաշվառման վայրի՝ ՀՀ պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Արմավիրի տարածքային ստորաբաժանում և մասնակցել պարտադիր զինվորական ծառայության հերթական՝ 2021 թվականի ձմեռային զորակոչին, սակայն նրա զորակոչի հարցը չի լուծվել ու վերջինս մնացել է ստուգիչ հետազոտման փուլում՝ մինչև զորակոչի ավարտը Գ․Բաբայանի առողջական վիճակի հետազոտման գործընթացն ավարտված չլինելու պատճառաբանությամբ20։

Վերոգրյալ տեղեկությունների համատեղ գնահատումը ցույց է տալիս, որ այդպիսիք վկայում են պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելու Գ․Բաբայանի կամահայտնության՝ գործի փաստական տվյալներով հաստատված լինելու մասին, և Առաջին ատյանի դատարանի կողմից որպես անձը բնութագրող ու պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող դիտարկված տվյալների ու հանգամանքների հետ համակցված, ողջամտորեն նվազեցնում ամբաստանյալ Գ․Բաբայանի անձի հանրային վտանգավորության աստիճանը։

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերլուծված ու մեջբերված տվյալների համակցությունը վկայում է Գ.Բաբայանին ազատությունից զրկելու աննպատակահարմարության և առանց պատիժը փաստացի կրելու պատժի նպատակներին հասնելու հնարավորության մասին, որը բխում է նաև ՀՀ զինված ուժերի, զինվորական ծառայության շահերի և պետության պաշտպանունակության հետ կապված հարաբերության՝ ՀՀ զինված ուժերի համալրման ապահովման կարևորությունից։

16․ Այսպիսով, ընդհանրացնելով սույն որոշմամբ կատարված վերլուծությունը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ամբաստանյալ Գ․Բաբայանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելը վերացնելու մասին Վերաքննիչ դատարանի հետևությունը հիմնավորված չէ։

Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով Առաջին ատյանի դատարանն ամբաստանյալ Գ․Բաբայանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու հարցում ըստ էության հանգել է ճիշտ հետևության՝ իրավացիորեն փաստելով, որ ամբաստանյալ Գ․Բաբայանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պետք է պայմանականորեն չկիրառել։

17․ Հիմք ընդունելով սույն որոշման 15-16-րդ կետերում շարադրված վերլուծությունը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը, ամբաստանյալ Գ.Բաբայանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելը վերացնելով, թույլ է տվել ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի պահանջի խախտում, ինչն իր բնույթով էական է ու հիմք է Վերաքննիչ դատարանի` 2021 թվականի ապրիլի 6-ի դատական ակտը բեկանելու համար: Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով Առաջին ատյանի դատարանը կայացրել է գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտ, թույլ չի տվել գործի ելքի վրա ազդեցություն ունեցող դատական սխալ, ուստի անհրաժեշտ է օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի՝ 2020 թվականի ապրիլի 13-ի դատավճռին։

Վերոգրյալի հետ մեկտեղ, Վճռաբեկ դատարանը, հաշվի առնելով Գ․Բաբայանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը կրելու նպատակահարմարության վերաբերյալ վերոգրյալ եզրահանգման հիմքում դրված փաստական տվյալների բնույթը, այն, որ Գ․Բաբայանի առողջական վիճակի հետազոտումը մնացել է անավարտ՝ նրա կամքից անկախ հանգամանքներով, գտնում է, որ Առաջին ատյանի դատարանի կողմից սահմանված փորձաշրջանի ընթացքում Գ․Բաբայանի վրա պետք է դնել պարտադիր զինվորական ծառայության հերթական զորակոչին մասնակցելու և զինվորական ծառայությունից ազատվելու օրենքով սահմանված հիմքերի բացակայության դեպքում, ժամկետային զինվորական ծառայության զորակոչվելու պարտականություն։

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ և 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 361.1-րդ, 403-406-րդ, 415.1-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Ամբաստանյալ Գոռ Արտաշեսի Բաբայանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2021 թվականի ապրիլի 6-ի որոշումը բեկանել և օրինական ուժ տալ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2020 թվականի հուլիսի 13-ի դատավճռին՝ պարտադիր զինվորական ծառայության հերթական զորակոչին մասնակցելու և զինվորական ծառայությունից ազատվելու օրենքով սահմանված հիմքերի բացակայության դեպքում ժամկետային զինվորական ծառայության զորակոչվելու պարտականություն դնելով։

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում՝ հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

____________________

1 Տե՛ս քրեական գործ, հատոր 2-րդ, թերթեր 192-195:

2 Տե՛ս նույն տեղում։

3 Տե՛ս քրեական գործ, հատոր 3-րդ, թերթեր 66-91:

4 Տե՛ս քրեական գործ, հատոր 4-րդ, թերթեր 108-113։

5 Տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթ 37։

6 Տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթեր 136-138։

7 Տե՛ս քրեական գործ, հատոր 2-րդ, դատական նիստի արձանագրության լազերային կրիչը, թերթ 184։

8 Տե՛ս սույն որոշման 6-րդ կետը։ Կրկնակի փորձաքննություն կատարելու իրավական հիմքերի առնչությամբ, տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի՝ Սարիբեկ Հարությունյանի գործով 2014 թվականի մայիսի 31-ի թիվ ԵԱՔԴ/0189/01/12 որոշումը։

9 Տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթ 104։

10 Տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթ 72։

11 Տե'ս, Վճռաբեկ դատարանի` Արամայիս և Յուրի Ղալաչյաններ գործով 2011 թվականի հոկտեմբերի 20-ի թիվ ԼԴ/0009/11/11, Արսեն Բաղդասարովի գործով 2016 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ ԱՎԴ4/0028/01/15 որոշումները։

12 Տե'ս սույն որոշման 8․1-րդ կետը։

13 Մանրամասն տե'ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի՝ Հազարապետ Հարությունյանի գործով 2007 թվականի մարտի 30-ի թիվ ՎԲ-50/07, Գարուշ Մադաթյանի գործով 2009 թվականի փետրվարի 17-ի թիվ ԵՇԴ/0029/01/08, Նարեկ Սարգսյանի գործով 2011 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ ԵԿԴ/0042/01/11, Սամսոն Ամիրխանյանի գործով 2012 թվականի նոյեմբերի 1-ի թիվ ԵԱԴԴ/0034/01/12, Սերոբ Սարգսյանի գործով 2012 թվականի նոյեմբերի 1-ի թիվ ՍԴ/0109/01/12, Արսեն Մկրտչյանի գործով 2012 թվականի դեկտեմբերի 5-ի թիվ ԼԴ/0093/01/12, Սեյրան Աղախանյանի գործով 2013 թվականի սեպտեմբերի 13-ի թիվ ԱՎԴ/0082/01/12, Վանյա Բեգյանի գործով 2013 թվականի հոկտեմբերի 18-ի թիվ ՏԴ/0018/01/13, Արմեն Շահբազյանի գործով 2014 թվականի օգոստոսի 15-ի թիվ ԵՇԴ/0143/01/13, Արարատ Ավագյանի և Վահան Սահակյանի գործով 2014 թվականի հոկտեմբերի 31-ի թիվ ԵԿԴ/0252/01/13, Արամայիս Հովհաննիսյանի գործով 2015 թվականի փետրվարի 27-ի թիվ ԳԴ/0014/01/14, Մհեր Հովհաննսիյանի գործով 2015 թվականի դեկտեմբերի 18-ի թիվ ԵԿԴ/0039/01/15, Ջոն Շիրվանյանի գործով 2015 թվականի դեկտեմբերի 18-ի թիվ ԵԱՔԴ/0091/01/14 ու այլ որոշումները:

14 Տե'ս սույն որոշման 5-րդ կետը։

15 Տե'ս սույն որոշման 5․1-րդ կետը։

16 Տե'ս սույն որոշման 6-րդ կետը։

17 Տե՛ս քրեական գործ, հատոր 2-րդ, թերթեր 192-195:

18 Տե՛ս քրեական գործ, հատոր 4-րդ, դատական նիստի արձանագրության լազերային կրիչը, թերթ 92։

19 Տե՛ս քրեական գործ, հատոր 4-րդ, թերթ 103։

20 Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը։

 

Նախագահող`

Հ. Ասատրյան

Դատավորներ`

Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆ

Ե. Դանիելյան

Լ. Թադևոսյան

Ա. Պողոսյան

 

Ս. Օհանյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան