Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (07.12.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Դատալեքս համակարգ www.datalex.am
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
07.12.2022
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
07.12.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.12.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

ԵԴ/2598/07/20

Գործ թիվ ԵԴ/2598/07/20

Նախագահող դատավոր՝  Ս. Համբարձումյան

 

 

ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` նաև Վճռաբեկ դատարան),

               

նախագահությամբ`

Հ. Ասատրյանի

մասնակցությամբ դատավորներ`

Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆԻ

 

Ե. Դանիելյանի

 

Լ. Թադևոսյանի

 

Ա. Պողոսյանի

 

Ս. Օհանյանի

7 դեկտեմբերի 2022 թվական

ք. Երևան

գրավոր ընթացակարգով քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2020 թվականի սեպտեմբերի 25-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Աֆանդյանի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում 2020 թվականի օգոստոսի 21-ին հարուցվել է թիվ 58162520 քրեական գործը` 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ ՀՀ քրեական օրենսգիրք) 223.2-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով, 223.3-րդ հոդվածի 1-ին մասով և 223.4-րդ հոդվածով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով։

2. Նախաքննության մարմնի` 2020 թվականի օգոստոսի 24-ի որոշմամբ միջնորդություն է հարուցվել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ՝ նաև Առաջին ատյանի դատարան)` Անդրանիկ Փայլակի Սողոյանի կողմից շահագործվող «Տոյոտա Ռիդա» (Toyota Rida) մակնիշի 35 AT 084 հաշվառման համարանիշի ավտոմեքենայում 2020 թվականի օգոստոսի 24-ից մինչև նույն թվականի օգոստոսի 27-ն ընկած ժամանակահատվածում խուզարկություն կատարելու թույլտվություն ստանալու վերաբերյալ:

Առաջին ատյանի դատարանի՝ 2020 թվականի օգոստոսի 24-ի որոշմամբ նախաքննության մարմնի միջնորդությունը բավարարվել է:

3. Պաշտպանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան) 2020 թվականի սեպտեմբերի 25-ին որոշում է կայացրել բողոքը բավարարելու, Առաջին ատյանի դատարանի՝ 2020 թվականի օգոստոսի 24-ի որոշումը բեկանելու և նախաքննության մարմնի միջնորդությունը մերժելու մասին։

4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Աֆանդյանը բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2021 թվականի հունվարի 21-ի որոշմամբ ընդունվել է վարույթ1: Վճռաբեկ դատարանը 2022 թվականի ապրիլի 11-ի որոշմամբ սահմանել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ:

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.

5. Բողոքի հեղինակի կարծիքով՝ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատական սխալ՝ քրեադատավարական իրավունքի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը։ Բացի այդ, դատարանի կիրառած դատավարական նորմի կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր։

Այսպես, բողոքաբերն իր անհամաձայնությունն է արտահայտել Առաջին ատյանի դատարանի դատական ակտը բավարար չափով հիմնավորված և պատճառաբանված չլինելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի պնդմանը և նշել, որ այն պարունակում է խուզարկության կատարումը թույլատրելու ինչպես փաստական, այնպես էլ իրավական հիմնավորումները։

Ի հիմնավորումն իր վերոնշյալ փաստարկի՝ բողոք բերած անձը նշել է, որ Առաջին ատյանի դատարանն իր դատական ակտում ամբողջությամբ մեջբերել է նախաքննության մարմնի միջնորդությունը, արձանագրել հայցվող միջամտությամբ փնտրվող առարկաների բնութագրի առկայությունը, ներկայացրել խուզարկություն կատարելու թույլտվություն տրամադրելու իրավական հիմնավորումները, նշել, թե միջնորդությունը հիմնավորող ինչ փաստաթղթեր են ներկայացվել, այնուհետև եզրահանգում կատարել միջնորդությունը բավարարելու հիմքերի առկայության մասին։ Այսինքն, ըստ բողոքաբերի, սույն գործով Առաջին ատյանի դատարանը, մեջբերելով քննիչի հիմնավորումներն ու պատճառաբանությունները, համաձայնել է դրանց, դրանք գնահատել բավարար, որպիսի պարագայում բացակայել է դրանում նշված յուրաքանչյուր փաստարկին կրկին անդրադառնալու անհրաժեշտությունը։

Այս համատեքստում բողոքի հեղինակը նշել է նաև, որ դատարանի կողմից կայացվող որոշումներին ներկայացվող՝ պատճառաբանված լինելու պահանջն ինքնանպատակ չէ, և կախված կոնկրետ որոշման բնույթից, գործի հանգամանքներից՝ դրա աստիճանը կարող է տարբեր լինել, և նշվածը բխում է ինչպես Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքից, այնպես էլ ներպետական դատական պրակտիկայից։

6. Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2020 թվականի սեպտեմբերի 25-ի որոշումը և օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի՝ 2020 թվականի օգոստոսի 24-ի որոշմանը։

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

7. Առաջին ատյանի դատարանը 2020 թվականի օգոստոսի 24-ի որոշմամբ արձանագրել է հետևյալը. «Ներկայացված միջնորդության համաձայն՝ «ՀՀ ոստիկանության ՔՈԳՎ-ում օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացման արդյունքում տեղեկություններ են ստացվել, որ Երևան քաղաքի Շենգավիթ համայնքի բնակիչներ ոմն Աբուլը և Նարեկը 2020թ. հունիս ամսին՝ խարդախությամբ և վստահությունը չարաշահելու եղանակով Երևան քաղաքի Միկոյան փողոցի բնակչից հափշտակել են մոտ 27.000 ԱՄՆ դոլար արժեք ունեցող 1 (մեկ) կգ․ ոսկի, որից հետո վերջինս Կոտայքի մարզի Գեղադիր համայնքի երկու բնակիչների միջնորդությամբ դիմել է քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձ՝ այսպես կոչված «քրեական հեղինակություն» հանդիսացող «Գեղադիրցի Գոքոր» մականունով անձին:

(…)

Բացի այդ, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ոմն Սայաթը ս.թ. հուլիս ամսին հափշտակել է մոտ 4.000.000 ՀՀ դրամ արժողությամբ դիմակներ, որից հետո, 12.07.2020թ., վերջինիս և «Գեղադիրցի Գոքորի» կողմից ղեկավարվող քրեական ենթամշակույթ կրող խմբավորման անդամ հանդիսացող՝ Կոտայքի մարզի Ողջաբերդ գյուղի բնակչի միջև, նշված հարցի շուրջ, պարզաբանումներ են ընթացել, որի մասին տեղեկացել է քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող՝ այսպես կոչված «օրենքով գող» «Զապ» մականունով անձը: Վերջինս, օգտվելով իր քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակից, ինքնությունը դեռևս չպարզված, բջջային (…) հեռախոսահամարն օգտագործող, անձի միջոցով իր անունից հրահանգել է «Գեղադիրցի Գոքորին» դադարեցնել պարզաբանումները ոմն Սայաթի հետ՝ հետագայում վերը նշված խնդիրն իր կողմից լուծելու պայմանով: «Գեղադիրցի Գոքորն» էլ իր հերթին հրահանգել է իր կողմից ղեկավարվող խմբավորման անդամ հանդիսացող անձին՝ ոմն Սայաթին բերել իր մոտ, որից հետո նրան բաց է թողել, ինչի մասին տեղյակ է պահել բջջային (…) հեռախոսահամարն օգտագործող անձին:

Վերը նշված հարցի լուծմանը ներգրավված է եղել նաև «Զապ» մականունով այսպես կոչված «օրենքով գողի» ազգականը:

(…)

Քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել է, որ այսպես կոչված «օրենքով գող» «Զապ» մականունով անձը հանդիսանում է Անդրանիկ Փայլակի Սողոյանը:

Ըստ ստացված տեղեկությունների Անդրանիկ Սողոյանի կողմից շահագործվում է Փայլակ Վաչագանի Սողոյանի անվամբ հաշվառված «Տոյոտա Ռիդա» (TOYOTA RIDA) մակնիշի 35 AT 084 հաշվառման համարանիշի ավտոմեքենան:

[Նախաքննության մարմինը] նշել է, որ Անդրանիկ Փայլակի Սողոյանի կողմից շահագործվող «Տոյոտա Ռիդա» (TOYOTA RIDA) մակնիշի 35 AT 084 հաշվառման համարանիշի ավտոմեքենայում կարող են գտնվել հիշյալ հանգամանքների և քրեական ենթամշակույթ կրող խմբավորման կողմից հետապնդվող նպատակների իրականացմանն ուղղված գործողություններին վերաբերելի փաստաթղթեր ու նոթատետրեր, այդ թվում նաև բջջային հեռախոսներ, հեռախոսաքարտեր, հեռախոսակապի այլ միջոցներ, ինչպես նաև գործի համար նշանակություն ունեցող այլ իրեր և առարկաներ, և միջնորդել թույլատրել խուզարկություն կատարել նշված բնակարանում։

Ծանոթանալով միջնորդությանը դատարանը գտնում է, որ այն ենթակա է բավարարման հետևյալ պատճառաբանությամբ.

(…)

Միջնորդությանը կից վարույթն իրականացնող մարմինն [Առաջին ատյանի դ]ատարան է ներկայացրել քրեական գործ հարուցելու, վարույթ ընդունելու, քրեական գործի նախաքննությունը քննչական խմբին հանձնարարելու մասին որոշումների, ՀՀ ոստիկանության ԳՈԳՎ ՄՍԴՈՒՀԴՊ վարչության զեկուցագրի, ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետի գրության, «Հեռախոսային խոսակցությունների վերահսկում» ՕՀՄ իրականացնելու մասին որոշումների, արձանագրության, Ա.Սողոյանի անձնագրային տվյալների, դատվածության վերաբերյալ ձև 8 տեղեկանքի, ՃՈ էլեկտրոնային ռեգիստրից ստացված տրանսպորտային միջոցի հաշվառման տվյալների պատճենները:

Այսպիսով, [Առաջին ատյանի դ]ատարանը փաստում է, որ ներկայացված նյութերով առկա են Անդրանիկ Փայլակի Սողոյանի կողմից շահագործվող (…) ավտոմեքենայում խուզարկություն կատարելու թույլտվություն տալու համար բավարար հիմքերը»2։

8. Վերաքննիչ դատարանի՝ 2020 թվականի սեպտեմբերի 25-ի որոշման համաձայն՝ «(…) Առաջին ատյանի դատարանը որպես խուզարկություն կատարելու թույլտվություն տալու հիմք ընդունել է նախաքննության մարմնի ներկայացրած (…) նյութերը՝ գնահատման չենթարկելով դրանցում առկա տվյալները, ինչը բովանդակազրկել է քննարկվող քննչական գործողության նկատմամբ դատական վերահսկողության էությունը, այն դարձել է ձևական: Այլ խոսքով` Առաջին ատյանի դատարանի որոշումը պատճառաբանված չէ:

Վերաքննիչ դատարանը հարկ է համարում նաև նշել, որ բնակարանի խուզարկության դեպքում փնտրվող առարկաներն անհատականացնելն ունի առանցքային նշանակություն: Մինչդեռ, քննարկվող դեպքում խուզարկություն կատարելու թույլտվություն ստանալու մասին միջնորդությունը բավարարելով` Առաջին ատյանի դատարանը որոշման ինչպես նկարագրական-պատճառաբանական, այնպես էլ եզրափակիչ մասերում չի կոնկրետացրել, թե հատկապես ինչ իրեր կամ առարկաներ հայտնաբերելու նպատակով է թույլատրվել խուզարկություն կատարել Ա.Սողոյանի կողմից շահագործվող ավտոմեքենայում:

Հիմք ընդունելով վերոգրյալը և նկատի ունենալով, որ Առաջին ատյանի դատարանի որոշումը հիմնավորված ու պատճառաբանված չէ, միջնորդությունը բավարարելով՝ [Առաջին ատյանի] դատարանը չի մատնանշել, թե ինչ իրեր կամ առարկաներ հայտնաբերելու նպատակով է թույլատրվել խուզարկություն կատարել Ա.Սողոյանի կողմից շահագործվող ավտոմեքենայում, Վերաքննիչ դատարանը հանգում է այն հետևության, որ բերված վերաքննիչ բողոքը ենթակա է բավարարման, իսկ դատարանի որոշումը պետք է բեկանել` մերժելով քննիչի միջնորդությունը»3:

9. Նախաքննության մարմնի` 2021 թվականի փետրվարի 19-ի որոշմամբ թիվ 58162520 քրեական գործով վարույթը կարճվել է, և Անդրանիկ Փայլակի Սողոյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցվել է՝ արարքում հանցակազմի բացակայության հիմքով4։

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

10. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. իրավաչափ են արդյո՞ք Առաջին ատյանի դատարանի դատական ակտը պատճառաբանված չլինելու հիմնավորմամբ խուզարկություն կատարելու թույլտվություն ստանալու մասին նախաքննության մարմնի միջնորդությունը մերժելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետևությունները:

11. 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգիրք) 278-րդ հոդվածի համաձայն՝ «1. Դատարանը քննում է քննչական (…) գործողություններ կատարելու (…) վերաբերյալ միջնորդությունները:

(…)

3. Դատարանի` սույն հոդվածի առաջին մասով նախատեսված դեպքերում ընդունվող որոշումները կարող են վերանայվել վերադաս դատարանի կողմից (…)»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 386-րդ հոդվածի համաձայն՝ «Վերաքննիչ բողոքի հիման վրա վերաքննիչ դատարանն ստուգում է գործի փաստական հանգամանքների բացահայտման և քրեական օրենքի կիրառման ճշտությունը, ինչպես նաև գործը քննելիս և լուծելիս քրեական դատավարական օրենքի նորմերի պահպանումը»:

Դատական վերանայման իրավունքի համատեքստում դատարանների գործառույթային տարանջատվածության առնչությամբ նախկինում արտահայտված իրավական դիրքորոշումների հաշվառմամբ5 անդրադառնալով քննչական գործողություն կատարելու մասին առաջին ատյանի դատարանի որոշման վերաքննիչ վերանայման առանձնահատկություններին՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ եթե առաջին ատյանի դատարանը լրիվ ծավալով քննության է առնում միջնորդությունը և կայացված որոշմամբ լուծում ներկայացված պահանջի հիմնավորվածության ու իրավաչափության հարցը, ապա վերաքննիչ դատարանը, որպես կանոն, վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում վերանայում է առաջին ատյանի դատարանի կողմից միջնորդության առնչությամբ տրված լուծման հիմնավորվածությունն ու իրավաչափությունը՝ կայացնելով դատական ակտն անփոփոխ թողնելու, միջնորդությունը մերժելու կամ բավարարելու մասին որոշում։ Ընդ որում, դատական ակտի պատճառաբանվածության չափանիշի իմաստով, որպես կանոն, նախատեսված որոշումներից մեկը կայացնելիս, վերաքննիչ դատարանը պարտավոր է պատճառաբանել, թե ինչու՞ է եկել այս կամ այն հետևության, և ո՞ր իրավանորմերով է ղեկավարվել նման որոշում կայացնելիս։ Պատճառաբանությունը պետք է կառուցվի տրամաբանորեն կապված և գործի փաստական հանգամանքներից բխող հստակ, որոշակի և համոզիչ հետևությունների վրա6:

11.1. Միևնույն ժամանակ, անդրադառնալով քրեական հետապնդման մարմինների կողմից բնակարանի խուզարկություն կատարելու թույլտվություն ստանալուն՝ Վճռաբեկ դատարանը կրկնում է, որ բնակարանի խուզարկություն կատարելու թույլտվություն ստանալու միջնորդություն հարուցելու մասին քրեական հետապնդման մարմնի որոշումը հանդիսանալով դատարանում վարույթ սկսելու հիմք, դատարանի որոշման համար առիթ, կանխորոշում է դատարանի կողմից գործի քննության սահմաններն առաջին ատյանի դատարանում, ինչպես նաև վերադաս դատական ատյաններում` հաշվի առնելով նաև դատական վերանայման ծավալի վերընթաց նվազման սկզբունքը: Վերոնշյալը հաշվի առնելով` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բնակարանի խուզարկություն կատարելու թույլտվություն ստանալու վերաբերյալ քրեական հետապնդման մարմնի միջնորդությունը քննելիս դատարանները կաշկանդված են դրանում նշված քննչական գործողության կատարման տեղով (վայրով), դրանում նշված առարկաների և այն սուբյեկտների շրջանակով, ում իրավունքների սահմանափակման թույլտվություն է հայցվում7:

12. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ՝

- նախաքննության մարմնի միջնորդությունը՝ Ա.Սողոյանի կողմից շահագործվող տրանսպորտային միջոցում խուզարկություն կատարելու թույլտվություն ստանալու վերաբերյալ, Առաջին ատյանի դատարանը բավարարել է այն հիմնավորմամբ, որ ներկայացված նյութերում առկա են խուզարկություն կատարելու թույլտվություն տալու համար բավարար հիմքեր8,

- նշված որոշման դեմ ներկայացված բողոքի քննության արդյունքում Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ Առաջին ատյանի դատարանը որպես խուզարկություն կատարելու թույլտվություն տալու հիմք ընդունել է նախաքննության մարմնի ներկայացրած նյութերը՝ առանց գնահատման ենթարկելու դրանցում առկա փաստական տվյալները, ինչը բովանդակազրկել է քննարկվող քննչական գործողության նկատմամբ դատական վերահսկողության էությունը։ Բացի այդ, Առաջին ատյանի դատարանը որոշմամբ չի կոնկրետացրել, թե ինչ իրեր կամ առարկաներ հայտնաբերելու նպատակով է թույլատրվել խուզարկություն կատարել:

Հիմք ընդունելով վերոգրյալը և նկատի ունենալով, որ Առաջին ատյանի դատարանի որոշումը հիմնավորված և պատճառաբանված չէ, Վերաքննիչ դատարանը բեկանել է վիճարկվող դատական ակտը՝ մերժելով նախաքննության մարմնի միջնորդությունը9։

13. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 11-11.1-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Առաջին ատյանի դատարանը քննարկել է Ա.Սողոյանի ավտոմեքենայում խուզարկություն կատարելու թույլտվություն ստանալու վերաբերյալ նախաքննության մարմնի միջնորդությունը և դատարան ներկայացված նյութերի հետազոտմամբ գտել է, որ դրանք բավարար են ներկայացված միջնորդությունը բավարարելու համար, մինչդեռ Վերաքննիչ դատարանը, փաստելով, որ Առաջին ատյանի դատարանի որոշումը հիմնավորված և պատճառաբանված չէ, մերժել է նախաքննության մարմնի վերոնշյալ միջնորդությունը՝ առանց ստուգման ենթարկելու խուզարկություն կատարելու փաստական հիմքերի առկայության առնչությամբ Առաջին ատյանի դատարանի հետևությունները: Փաստորեն, սույն գործով, խուզարկություն կատարելու թույլտվություն ստանալու մասին նախաքննության մարմնի միջնորդությունը մերժելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի որոշումը հիմնված է ոչ թե գործի նյութերի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման ու վերլուծության վրա՝ in concreto փաստական հանգամանքների գնահատմամբ՝ հայցվող միջամտության՝ իր բնույթին, նպատակային նշանակությանն ու օրենսդրությամբ առաջադրվող համաչափության պայմաններին համապատասխանելու առումով, այլ զուտ Առաջին ատյանի դատարանի դատական ակտը պատճառաբանված չլինելու վերաբերյալ հետևության վրա։

Վերոգրյալի առնչությամբ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ քննչական գործողություն, տվյալ դեպքում՝ բնակարանի խուզարկություն կատարելու վերաբերյալ ներկայացված միջնորդության և այդ միջնորդության քննության արդյունքում դատարանի կայացրած որոշման օրինականության և հիմնավորվածության ստուգումը քրեադատավարական ինքնուրույն և տարբեր կառուցակարգեր են, մեկը մյուսով պայմանավորված չեն։ Ուստի այն դեպքում, երբ միջնորդության հիմնավորվածությունը կասկածի տակ չի դրվում, ապացուցողական գործողություն կատարելու նկատմամբ դատական վերահսկողության արդյունքում կայացված դատական ակտի թերի կամ սխալ պատճառաբանված լինելու վերաբերյալ վերադաս դատարանի եզրահանգումն ինքնին չի կարող հիմք հանդիսանալ այդ գործողության կատարման թույլտվություն հայցելու միջնորդությունն անհիմն համարելու և մերժելու համար։ Այլ խոսքով՝ Վերաքննիչ դատարանն Առաջին ատյանի դատարանի դատական ակտի իրավաչափությունը ստուգելիս և նախաքննության մարմնի միջնորդությունը մերժելիս ոչ թե պետք է առաջնորդվեր ձևական մոտեցմամբ և հիմք ընդուներ, որ վիճարկվող դատական ակտը պատճառաբանված չէ, այլ պարտավոր էր քննիչի ներկայացրած միջնորդությունը բավարարելու վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի կայացրած որոշումը դատական ստուգման ենթարկել և իր եզրահանգումը կառուցել ստորադաս դատարանում ներկայացված միջնորդության և այն հիմնավորող նյութերի շրջանակներում, և միայն դրանց հիման վրա գնահատական տալ Առաջին ատյանի դատարանի հետևությունների իրավաչափությանը։

13.1. Վերոգրյալի հետ մեկտեղ, սույն որոշման 11.1-րդ կետում արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով Վերաքննիչ դատարանի այն փաստարկին, որ Առաջին ատյանի դատարանը քննիչի ներկայացրած միջնորդությունը բավարարելիս որոշման ինչպես նկարագրական-պատճառաբանական, այնպես էլ եզրափակիչ մասերում չի կոնկրետացրել, թե հատկապես ինչ իրեր կամ առարկաներ հայտնաբերելու նպատակով է թույլատրվել խուզարկություն կատարել Ա.Սողոյանի կողմից շահագործվող ավտոմեքենայում՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Առաջին ատյանի դատարանը, որոշման նկարագրական-պատճառաբանական մասում ամբողջությամբ մեջբերելով քննիչի միջնորդությունը, հստակ նշել է, թե նախաքննության մարմինն ինչ առարկաներ փնտրելու համար է հայցում Ա.Սողոյանի կողմից շահագործվող ավտոմեքենայում խուզարկություն կատարելու թույլտվություն, ուստի Առաջին ատյանի դատարանի կողմից խուզարկության միջնորդության բավարարումը նշանակում է, որ դատարանը քրեական վարույթն իրականացնող քննիչին թույլատրել է խուզարկություն կատարել կոնկրետ այն առարկաները հայտնաբերելու նպատակով, որոնք մատնանշված են եղել միջնորդության մեջ, իսկ որոշման եզրափակիչ մասում դրանք չնշելն ինքնին չի կարող հիմք հանդիսանալ Վերաքննիչ դատարանի կողմից Առաջին ատյանի դատարանի դատական ակտն այդ հիմնավորմամբ բեկանելու և քննիչի միջնորդությունը մերժելու համար:

14. Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ իրավաչափ չեն Առաջին ատյանի դատարանի դատական ակտը պատճառաբանված չլինելու հիմնավորմամբ խուզարկություն կատարելու թույլտվություն ստանալու մասին նախաքննության մարմնի միջնորդությունը մերժելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետևությունները:

15. Ամփոփելով վերոշարադրյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը դատական ակտ կայացնելիս թույլ է տվել քրեադատավարական օրենքի պահանջների խախտումներ, որոնք իրենց բնույթով էական են, քանի որ ազդել են գործով ճիշտ որոշում կայացնելու վրա, և համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի՝ հիմք են ստորադաս դատարանի դատական ակտը բեկանելու համար: Սակայն, հաշվի առնելով, որ թիվ 58162520 քրեական գործով վարույթը կարճվել է, և Ա.Սողոյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցվել է10, ուստի բողոքարկված դատական ակտը չի կարող բեկանվել, քանի որ սույն որոշումը կայացնելու պահին կորցրել է իր իրավական նշանակությունը:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ և 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 415.1-րդ, 418.1-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը մերժել։ Անդրանիկ Փայլակի Սողոյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2020 թվականի սեպտեմբերի 25-ի որոշումը թողնել օրինական ուժի մեջ` հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները։

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

___________________

1 Համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի անցումային դրույթները կարգավորող 483-րդ հոդվածի 8-րդ մասի՝ սույն բողոքը քննվում է մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը գործող կարգով:

2 Տե՛ս նյութեր, թերթեր 37-41:

3 Տե՛ս նյութեր, թերթեր 90-105։

4 Տե՛ս նյութեր, թերթ 162։

5 Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի՝ Հրայր Հովսեփյանի գործով 2020 թվականի մայիսի 25-ի թիվ ԵԴ/0426/11/18 որոշումը:

6 Տես, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի` Էրիկ Մարգարյանի գործով 2014 թվականի մարտի 28-ի թիվ ՍԴ3/0045/01/13 և Արսեն Մակարյանի գործով 2015 թվականի դեկտեմբերի 18-ի թիվ ԵԿԴ/0016/01/15 որոշումները։

7 Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի՝ 2020 թվականի հոկտեմբերի 28-ի թիվ ԵԴ/1487/07/19 որոշումը։

8 Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը։

9 Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը։

10 Տե՛ս սույն որոշման 9-րդ կետը։

 

Նախագահող`

Հ. Ասատրյան

Դատավորներ`

Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆ

Ե. Դանիելյան

Լ. Թադևոսյան

Ա. Պողոսյան

 

Ս. Օհանյան