Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (24.06.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Դատալեքս համակարգ www.datalex.am
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
24.06.2022
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
24.06.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.06.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

ԵԴ/0081/06/21

Գործ թիվ ԵԴ/0081/06/21

Նախագահող դատավոր՝  Կ. Բիշարյան

 

 

ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` նաև Վճռաբեկ դատարան),

               

նախագահությամբ`

Հ. Ասատրյանի

մասնակցությամբ դատավորներ`

Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆԻ

 

Ե. Դանիելյանի

 

Ա. Պողոսյանի

 

Ս. Օհանյանի

24 հունիսի 2022 թվական

ք. Երևան

գրավոր ընթացակարգով քննության առնելով մեղադրյալ Էդուարդ Շիրակի Ստեփանյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2021 թվականի դեկտեմբերի 27-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Հ.Ասլանյանի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում 2020 թվականի օգոստոսի 28-ին հարուցվել է թիվ 61208820 քրեական գործը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով:

2021 թվականի փետրվարի 12-ին Էդուարդ Շիրակի Ստեփանյանը ձերբակալվել է:

Նախաքննության մարմնի՝ 2021 թվականի փետրվարի 14-ի որոշմամբ Է.Ստեփանյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 38-314-րդ հոդվածի 1-ին մասով:

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2021 թվականի փետրվարի 15-ի որոշմամբ բավարարվել է մեղադրյալ Է.Ստեփանյանի նկատմամբ որպես խափանման միջոց 2 (երկու) ամիս ժամկետով կալանավորումը ընտրելու վերաբերյալ նախաքննության մարմնի միջնորդությունը:

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2021 թվականի սեպտեմբերի 27-ի որոշմամբ բավարարվել է նախաքննության մարմնի միջնորդությունը, և մեղադրյալ Է.Ստեփանյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացվել է 2 (երկու) ամիս ժամկետով:

2. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ՝ նաև Առաջին ատյանի դատարան)` 2021 թվականի նոյեմբերի 30-ի որոշմամբ մերժվել է մեղադրյալ Է.Ստեփանյանին կալանքի տակ պահելու ժամկետը ևս 2 (երկու) ամիս ժամկետով երկարացնելու վերաբերյալ նախաքննության մարմնի միջնորդությունը:

3. Երևան քաղաքի դատախազության ավագ դատախազ Շ․Խաչատրյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան) 2021 թվականի դեկտեմբերի 27-ի որոշմամբ բողոքը թողել է առանց քննության՝ ժամկետանց լինելու պատճառաբանությամբ:

4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Հ.Ասլանյանը բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2022 թվականի ապրիլի 11-ի որոշմամբ ընդունվել է վարույթ: Վճռաբեկ դատարանի՝ 2022 թվականի մայիսի 24-ի որոշմամբ սահմանվել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ:

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

5. Առաջին ատյանի դատարանի` 2021 թվականի նոյեմբերի 30-ի որոշումը 2021 թվականի դեկտեմբերի 1-ին ստացվել է Երևան քաղաքի դատախազությունում1:

6. Առաջին ատյանի դատարանի վերոնշյալ դատական ակտի դեմ Երևան քաղաքի դատախազության ավագ դատախազ Շ․Խաչատրյանի վերաքննիչ բողոքը, փոստային առաքման միջոցով, DLEO101345672AM բեռնային համարով փոստային ծրարի դիմային երեսին առկա դրոշմի համաձայն՝ 2021 թվականի դեկտեմբերի 7-ին ուղարկվել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարան2:

7. «Հայփոստ» ՓԲԸ-ի պաշտոնական կայքէջի համաձայն՝ նշված բեռնային համարով առաքանին հաճախորդից ընդունվել է 2021 թվականի դեկտեմբերի 7-ին3:

8. Վերաքննիչ դատարանը, առանց քննության թողնելով դատախազ Շ.Խաչատրյանի վերաքննիչ բողոքը, իր դատական ակտը պատճառաբանել է հետևյալ կերպ. «(…) Որոշումը հրապարակվել է 2021 թվականի նոյեմբերի 30-ին, որի պատճենը 2021 թվականի դեկտեմբերի 1-ին ստացվել է Երևան քաղաքի դատախազությունում, իսկ որոշման դեմ Երևան քաղաքի դատախազության ավագ դատախազ Շ.Խաչատրյանի կողմից բերված վերաքննիչ բողոքը փոստին է հանձնվել 2021 թվականի դեկտեմբերի 7-ին, այսինքն՝ որոշումը ստանալու 6-րդ օրը։

Միևնույն ժամանակ, բողոք բերած անձը Վերաքննիչ դատարան չի ներկայացրել բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին դատական ակտը կայացրած դատարանի որոշում։

Վերաքննիչ դատարանը, նկատի ունենալով, որ որոշման դեմ Երևան քաղաքի դատախազության ավագ դատախազ Շ․Խաչատրյանի կողմից բերված վերաքննիչ բողոքը ժամկետանց է, իսկ բողոք բերելու բաց թողնված ժամկետը վերականգնված չէ, ուստի գտնում է, որ այն պետք է թողնել առանց քննության»4։

9. ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Հ.Ասլանյանը վճռաբեկ բողոքին կից ներկայացրել է Երևան քաղաքի դատախազությունից «Հայփոստ» ՓԲ ընկերության միջոցով ուղարկված «փոստային առաքումների» թիվ 39 ցուցակը, որի համաձայն՝ Երևան քաղաքի դատախազությունը «Հայփոստ» ՓԲԸ-ի միջոցով 2021 թվականի դեկտեմբերի 6-ին վերաքննիչ բողոքն ուղարկել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարան5:

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.

10. Բողոքի հեղինակը, վկայակոչելով Վճռաբեկ դատարանի մի շարք նախադեպային որոշումներ, նշել է, որ քրեադատավարական օրենսդրությամբ նախատեսված ժամկետների պահպանմամբ ներկայացված վերաքննիչ բողոքը ժամկետանց գնահատելով և առանց քննության թողնելով՝ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատական սխալ՝ դատավարական իրավունքի այնպիսի խախտում, որն իր բնույթով էական է, ազդել է գործի ելքի վրա և հիմք է դատական ակտը բեկանելու համար:

Մասնավորապես, բողոքի հեղինակը փաստարկել է, որ Առաջին ատյանի դատարանի՝ 2021 թվականի նոյեմբերի 30-ի որոշման դեմ վերաքննիչ բողոքը փոստին է հանձվել 2021 թվականի դեկտեմբերի 6-ին, մինչդեռ փոստային բաժանմունքի աշխատակիցների կողմից այն համակարգ է մուտքագրվել 2021 թվականի դեկտեմբերի 7-ին և Վերաքննիչ դատարանի կայացրած հիշյալ որոշման արդյունքում դատախազությունը զրկվել է մեղադրյալ Է.Ստեփանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման ժամկետը երկարացնելու միջնորդությունը մերժելու մասին դատական ակտը վիճարկելու հնարավորությունից:

Բողոքաբերն ընդգծել է, որ սույն դեպքում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 173-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջները պահպանվել են, ինչը հիմնավորվում է նաև վճռաբեկ բողոքին կից ներկայացված՝ «Հայփոստ» ՓԲ ընկերության միջոցով ուղարկված «փոստային առաքումների» թիվ 39 ցուցակով, որի համաձայն՝ վերաքննիչ բողոքը փոստին է հանձվել 2021 թվականի դեկտեմբերի 6-ին։

Հետևաբար, բողոքաբերը հանգել է հետևության, որ Վերաքննիչ դատարանի՝ բողոքարկման ժամկետը դատախազի կողմից բաց թողնված լինելու վերաբերյալ հետևությունը չի կարող իրավաչափ համարվել:

11. Վերոգրյալի հիման վրա, բողոք բերած անձը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի` 2021 թվականի դեկտեմբերի 27-ի որոշումը և գործն ուղարկել նույն դատարան՝ այլ կազմով քննության։

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

12. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. իրավաչա՞փ է արդյոք Երևան քաղաքի դատախազության ավագ դատախազ Շ․Խաչատրյանի վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելու մասին Վերաքննիչ դատարանի որոշումը:

13. ՀՀ Սահմանադրության 78-րդ հոդվածի համաձայն` «Հիմնական իրավունքների և ազատությունների սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է պիտանի և անհրաժեշտ լինեն Սահմանադրությամբ սահմանված նպատակին հասնելու համար։ Սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է համարժեք լինեն սահմանափակվող հիմնական իրավունքի և ազատության նշանակությանը»։

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 173-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` «Ժամկետը բաց թողնված չի համարվում, եթե բողոքը կամ այլ փաստաթուղթը փոստին է հանձնված ժամկետը լրանալուց առաջ (...)»:

14. Վճռաբեկ դատարանը, արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ մասը կազմող՝ դատարանի մատչելիության իրավունքի համատեքստում անդրադառնալով դատական բողոքարկման դատավարական ժամկետների պահպանության ստուգման հարցին, արձանագրել է, որ անձի` դատարանի մատչելիության իրավունքի անհարկի սահմանափակումները բացառելու նպատակով, ներկայացված բողոքը ժամկետանց լինելու հիմքով առանց քննության թողնելու մասին դատարանների եզրահանգումները պետք է կառուցվեն հստակ և որոշակի փաստական հանգամանքներից բխող հետևությունների վրա` ապահովելու համար բողոքարկման իրավունքի սահմանափակման և հետապնդվող նպատակի միջև համարժեք հարաբերակցությունը։ Մասնավորապես, համապատասխան փաստական տվյալները կարող են ձեռք բերվել փոստային անդորրագրի, «Հայփոստ» ՓԲԸ-ի կայքէջի, համապատասխան հարցում կատարելու և այլ միջոցներով6։

15. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ՝

- Առաջին ատյանի դատարանի` 2021 թվականի նոյեմբերի 30-ի որոշումը 2021 թվականի դեկտեմբերի 1-ին ստացվել է Երևան քաղաքի դատախազությունում7,

- Առաջին ատյանի դատարանի վերոնշյալ դատական ակտի դեմ Երևան քաղաքի դատախազության ավագ դատախազ Շ․Խաչատրյանի վերաքննիչ բողոքը, փոստային առաքման միջոցով, DLEO101345672AM բեռնային համարով փոստային ծրարի դիմային երեսին առկա դրոշմի համաձայն՝ 2021 թվականի դեկտեմբերի 7-ին ուղարկվել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարան8:

- «Հայփոստ» ՓԲԸ-ի պաշտոնական կայքէջի համաձայն՝ նշված բեռնային համարով առաքանին հաճախորդից ընդունվել է 2021 թվականի դեկտեմբերի 7-ին9,

- Վերաքննիչ դատարանը, 2021 թվականի դեկտեմբերի 27-ի որոշմամբ, դատախազի բողոքը թողել է առանց քննության՝ նշելով, որ Առաջին ատյանի դատարանի որոշման պատճենը Երևան քաղաքի դատախազությունում ստացվել է 2021 թվականի դեկտեմբերի 1-ին, իսկ ՀՀ վերաքննիչ քրեական դատարան ուղարկվող բողոքը փոստին հանձնվել է 2021 թվականի դեկտեմբերի 7-ին, այսինքն՝ որոշումը ստանալու 6-րդ օրը, հետևաբար բերված վերաքննիչ բողոքը ժամկետանց է և այն պետք է թողնել առանց քննության10,

- ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Հ.Ասլանյանը վճռաբեկ բողոքին կից ներկայացրել է Երևան քաղաքի դատախազությունից «Հայփոստ» ՓԲ ընկերության միջոցով ուղարկված «փոստային առաքումների» թիվ 39 ցուցակը, որի համաձայն՝ Երևան քաղաքի դատախազությունը «Հայփոստ» ՓԲԸ-ի միջոցով վերաքննիչ բողոքն ուղարկել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարան 2021 թվականի դեկտեմբերի 6-ին11:

16. Վերլուծելով վերոշարադրյալ փաստական հանգամանքները՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ թեև փոստային ծրարի դիմային երեսին առկա դրոշմի և «Հայփոստ» ՓԲԸ-ի պաշտոնական կայքէջի համաձայն` նշված փոստային առաքանին հաճախորդից ընդունվել է (փոստային ծառայությանն է հանձնվել) 2021 թվականի դեկտեմբերի 7-ին, սակայն վճռաբեկ բողոքին կից ներկայացված «փոստային առաքումների» թիվ 39 ցուցակի ուսումնասիրությամբ հավաստվում է, որ Երևան քաղաքի դատախազությունը վերաքննիչ բողոքը, «Հայփոստ» ՓԲԸ-ի միջոցով, ուղարկել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարան 2021 թվականի դեկտեմբերի 6-ին:

Հիմք ընդունելով վերոշարադրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Երևան քաղաքի դատախազության ավագ դատախազ Շ.Խաչատրյանը սույն գործով վերաքննիչ բողոքը փոստային ծառայությանն է հանձնել բողոքարկման ժամկետի պահպանմամբ: Հետևաբար, վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելը primа facie անհամաչափորեն սահմանափակել է դատավարության մասնակցի՝ դատարանի մատչելիության իրավունքը, ուստի վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելու մասին Վերաքննիչ դատարանի՝ 2021 թվականի դեկտեմբերի 27-ի որոշումն իրավաչափ չէ, այն պետք է բեկանել և գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ և 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 403-406-րդ, 415.1-րդ, 418.1-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Մեղադրյալ Էդուարդ Շիրակի Ստեփանյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2021 թվականի դեկտեմբերի 27-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

________________________________

1 Տե'ս քրեական գործ, հատոր 2, թերթ 75:

2 Տե'ս քրեական գործ, հատոր 3, թերթ 30:

3 Տե'ս https://www.haypost.am:

4 Տե'ս քրեական գործ, հատոր 3, թերթ 34:

5 Տե'ս քրեական գործ, հատոր 3, թերթ 39:

6 Տե'ս, mutatis mutandis, Վարտգես Գասպարիի գործով Վճռաբեկ դատարանի՝ 2017 թվականի ապրիլի 12-ի թիվ ԵԱՔԴ/0067/11/16 որոշումը, 15-րդ կետ, Անդրանիկ Խաչատրյանի գործով Վճռաբեկ դատարանի՝ 2019 թվականի փետրվարի 7-ի թիվ ՇԴ2/0049/01/17 որոշումը:

7 Տե'ս սույն որոշման 5-րդ կետը:

8 Տե'ս սույն որոշման 6-րդ կետը:

9 Տե'ս սույն որոշման 7-րդ կետը:

10 Տե'ս սույն որոշման 8-րդ կետը:

11 Տե'ս սույն որոշման 9-րդ կետը:

 

Նախագահող`

Հ. Ասատրյան

Դատավորներ`

Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆ

 

Ե. Դանիելյան

 

Ա. Պողոսյան

 

Ս. Օհանյան