Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (25.01.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Դատալեքս համակարգ www.datalex.am
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
25.01.2023
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
25.01.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.01.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

ԵԴ/0421/11/18

Գործ թիվ ԵԴ/0421/11/18

Նախագահող դատավոր՝  Ա․ Մնացականյան

 

 

 

ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),

               

նախագահությամբ`

Հ. Ասատրյանի

մասնակցությամբ դատավորներ`

Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆԻ

 

Ե. Դանիելյանի

 

Լ. Թադևոսյանի

Ա. Պողոսյանի

 

 

Ս. Օհանյանի

25 հունվարի 2023 թվական

ք. Երևան

գրավոր ընթացակարգով քննության առնելով Ռոբերտ Սեդրակի Քոչարյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2019 թվականի սեպտեմբերի 2-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազ Ա․Դավթյանի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. Թիվ 62202608 քրեական գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը, գտնելով, որ ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի՝ 2018 թվականի օգոստոսի 3-ի, 5-ի և 16-ի հրապարակային ելույթներում կատարված արտահայտություններով խախտվել է Ռոբերտ Քոչարյանի անմեղության կանխավարկածը, 2018 թվականի օգոստոսի 21-ին գրավոր բողոք է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին` միջնորդելով պարտավորեցնել ՀՀ հատուկ քննչական ծառայության պետին հրապարակայնորեն հերքել իր արտահայտությունները և հրապարակայնորեն ներողություն խնդրել Ռոբերտ Քոչարյանից:

Ի պատասխան Հ.Ալումյանի բողոքի՝ ՀՀ գլխավոր դատախազության ՀԿԳ քննության նկատմամբ հսկողության վարչության դատախազ Վ.Դոլմազյանի` 2018 թվականի օգոստոսի 27-ի գրությամբ հայտնվել է, որ բողոքաբերի պահանջը դուրս է ՀՀ դատախազության լիազորություններից:

Մեղադրյալ Ռ.Քոչարյանի պաշտպան Հ.Ալումյանը, գտնելով, որ ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի վերոնշյալ ելույթներով թույլ է տրվել իր պաշտպանյալի անմեղության կանխավարկածի խախտում, 2018 թվականի սեպտեմբերի 3-ին բողոք է ներկայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ՝ նաև Առաջին ատյանի դատարան)՝ միջնորդելով ճանաչել, որ ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի՝ իր կողմից վկայակոչված հրապարակային հայտարարություններով խախտվել է Ռոբերտ Քոչարյանի անմեղության կանխավարկածը, և պարտավորեցնել ՀՀ հատուկ քննչական ծառայության պետին այդ արտահայտությունների համար հրապարակայնորեն ներողություն խնդրել Ռ․Քոչարյանից։

2. Առաջին ատյանի դատարանը 2018 թվականի հոկտեմբերի 29-ի որոշմամբ պաշտպան Հ.Ալումյանի բողոքը բավարարել է մասնակիորեն՝ ճանաչելով ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի՝ 2018 թվականի օգոստոսի 3-ի, 5-ի և 16-ի հրապարակային ելույթներով Ռ.Քոչարյանի անմեղության կանխավարկածի խախտումը:

3. ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության վարչության դատախազ Վ․Դոլմազյանի և պաշտպան Հ.Ալումյանի վերաքննիչ բողոքների քննության արդյունքում, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան) 2019 թվականի սեպտեմբերի 2-ի որոշմամբ դատախազի բողոքը մերժել է, իսկ պաշտպանի բողոքը՝ մասնակիորեն բավարարել, մասնակիորեն բեկանել և փոփոխել է Առաջին ատյանի դատարանի վերոգրյալ որոշումը՝ ՀՀ հատուկ քննչական ծառայության պետին պարտավորեցնելով վերացնել որոշմամբ արձանագրված իրավունքի խախտումը:

4. Վերաքննիչ դատարանի վերոհիշյալ որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել ՀՀ գլխավոր դատախազ Ա․Դավթյանը:

Վճռաբեկ դատարանի՝ 2020 թվականի մայիսի 15-ի որոշմամբ բողոքն ընդունվել է վարույթ1: Վճռաբեկ դատարանի՝ 2022 թվականի նոյեմբերի 21-ի որոշմամբ սահմանվել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ:

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.

5. Բողոքաբերը, վերլուծելով Վճռաբեկ դատարանի մի շարք նախադեպային որոշումներ, ինչպես նաև Եվրոպական դատարանի վճիռներ, նշել է, որ ստորադաս դատարանների դատական ակտերն օրինական և հիմնավոր չեն, վիճարկվող որոշումները կայացվել են քրեադատավարական օրենքի էական խախտումներով, որոնք էլ ազդել են գործի ելքի վրա:

Մասնավորապես, բողոք բերած անձը նշել է, որ ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի հայտարարությունները ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի իմաստով չեն կարող դիտվել որպես «հետաքննության մարմնի աշխատակցի, քննիչի, դատախազի, օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված որոշում կամ գործողություն» և մամլո ասուլիսոմ հնչեցված հայտարարությունները մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության առարկա չեն կարող լինել:

Բողոքի հեղինակն ընդգծել է, որ ՀՀ հատուկ քննչական ծառայության պետը մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության վարույթի շրջանակներում որևէ քրեադատավարական կարգավիճակ չի ունեցել, քանզի վերջինս քննիչի լիազորություններից կարող էր օգտվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 193-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքում, այն է՝ երբ անձամբ կատարում է նախաքննություն, հետևաբար նրա գործողությունները ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի ռեժիմով ենթակա չէին քննության։

Միաժամանակ, բողոքաբերը փաստարկել է, որ ՀՀ քննչական ծառայության պետի հրապարակային հայտարարություններով մեղադրյալի անմեղության կանխավարկածի ենթադրյալ խախտման հարցի՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի կարգով քննության ենթակա չլինելու հանգամանքը, Վերաքննիչ դատարանն ինքն է հաշվի առել և դիմել ՀՀ Սահմանադրական դատարան՝ նշելով, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 41-րդ, 278-րդ և 290-րդ հոդվածներով սահմանված դրույթները դատարանին հնարավորություն չեն տալիս իրականացնել հիշյալ բողոքի քննությունը։ Մինչդեռ, Սահմանադրական դատարանի կողմից կայացված որոշումից հետո, Վերաքննիչ դատարանը փոխել է մինչ այդ որդեգրած իր մոտեցումը և վկայակոչելով ՀՀ Սահմանադրության 61-րդ, 63-րդ և 66-րդ հոդվածների դրույթները՝ բողոքի քննությունն իրականացրել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածով նախատեսված կարգով:

5․1․ Բացի այդ, բողոք բերած անձը փաստարկել է, որ ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի կողմից Ռ․Քոչարյանին առաջադրված մեղադրանքից որոշ հանգամանքների կամ ձևակերպումների վերաբերյալ լրագրողների հարցադրումներին տրված պատասխանները կամ պարզաբանումներն ինքնին չեն կարող անմեղության կանխավարկածի խախտման հանգեցնել, քանի որ վարույթն իրականացնող մարմինը քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցներ է ունեցել, որ վերջինս կատարել է նրան առաջադրված մեղադրանքի ձևակերպման մեջ նկարագրված արարքները, իսկ մեղադրանքը՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով ներկայացված հիմնավորումն է որոշակի անձի կողմից քրեական օրենսգրքով չթույլատրված կոնկրետ արարքի կատարման մասին:

5․2․ Միևնույն ժամանակ, բողոքի հեղինակը գտել է, որ վիճարկվող դատական ակտի կայացմամբ ճանաչելով անմեղության կանխավարկածի խախտման փաստը՝ ստորադաս դատարանը անիրագործելի է դարձրել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված՝ անձի իրավունքների և ազատությունների խախտումը վերացնելու՝ վարույթն իրականացնող մարմնի պարտականության կատարումը, այնքանով, որքանով որևէ դատավարական լիազորության իրացմամբ հնարավոր չէ վերացնել վիճարկվող դատական ակտով արձանագրված՝ անձի իրավունքի ենթադրյալ խախտումը։

6․ Վերոշարադրյալի հիման վրա, բողոքի հեղինակը խնդրել է բեկանել և փոփոխել ստորադաս դատարանների դատական ակտերը՝ մերժելով դիմողի ներկայացուցիչ Հ.Ալումյանի ներկայացրած բողոքը:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

7. Առաջին ատյանի դատարանը, 2018 թվականի հոկտեմբերի 29-ի որոշմամբ մասնակիորեն բավարարելով պաշտպան Հ.Ալումյանի բողոքը, նշել է հետևյալը. «(…) Դատարանը հաստատված համարելով, որ բողոքաբերի կողմից պահպանվել են դատարան բողոք ներկայացնելու ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածով նախատեսված ընթացակարգը և ժամկետը, ինչպես նաև հաշվի առնելով պետության պոզիտիվ պարտականությունը` ապահովել իրավական պաշտպանության արդյունավետ միջոց այն անձի համար, ով պնդում է, որ խախտվել են իր իրավունքներն ու ազատությունները, եթե նույնիսկ խախտումը կատարվել է ի պաշտոնե գործող անձի կողմից, արձանագրում է, որ սույն բողոքի փաստական հանգամանքներից պարզ է դառնում, որ բողոքաբերը վիճարկում է ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի՝ 2018 թվականի օգոստոսի 3-ի, 5-ի և 16-ի հրապարակային ելույթում ու հարցազրույցներում հնչեցրած հայտարարություններն ու հղում կատարելով դրանց որոշակի հատվածների, հանգում հետևության, որ այդ արտահայտությունները խախտում են իր պաշտպանյալի անմեղության կանխավարկածը:

Դատարանը գտնում է, որ բողոքաբերի կողմից վկայակոչած 2018 թվականի օգոստոսի 3-ի հրապարակային ելույթում ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի կողմից թույլ են տրվել այնպիսի արտահայտություններ, որոնք կարող են անկողմնակալ դիտորդի մոտ տպավորություն ստեղծել, որ մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի մեղքն ապացուցված է: Մասնավորապես ՀՀ հատուկ քննչական ծառայության պետը պատասխանելով լրագրողի հարցին. «Արտակարգ դրություն մտցնելու մասին իրավական ակտը, հրամանը ապօրինի էր», պատասխանել է. «Այո, ապօրինի էր»: Դատարանը համակարծիք է պաշտպանական կողմի այն դիտարկման հետ, որ Հանրապետության նախագահի հրամանագիրը կարող է ապօրինի ճանաչվել միայն ՀՀ Սահմանադրական դատարանի որոշմամբ, և վարույթն իրականացնող մարմինը կամ նրա ղեկավարն իրավասու չեն այն ապօրինի որակելու, հետևաբար` գործով նախաքննությունն իրականացնող մարմնի ղեկավարի նման հայտարարությամբ հանդես գալը, հանրությունը կարող է ընկալել որպես հաստատված փաստ, որ մեղադրյալն ապօրինի հրամանագիր է արձակել, ինչով և տպավորություն կձևավորվի, որ առկա է նրա մեղավորությունը: Նույն հարցազրույցի ժամանակ ՀՀ ՀՔԾ պետը նշել է. «Նախ նշեմ այն, որ նման խմբեր ստեղծվել են, որ այդ խմբերը մասնակցել են մարտի 1-ի իրադարձություններին դա արդեն իսկ քրեական գործով ապացուցված իրողություն է»: Դատարանի կարծիքով ,քրեական գործով ապացուցված իրողությանե մասին, այսինքն հաստատված համարվող փաստի վերաբերյալ, կարելի է հայտարարել միայն օրինական ուժի մեջ մտած մեղադրական դատավճռի առկայության պայմաններում:

2018 թվականի օգոստոսի 5-ի հրապարակային ելույթում ՀՀ հատուկ քննչական ծառայության պետը ևս նշել է, որ արտակարգ դրություն սահմանելու մասին հրամանագիրը ապօրինի է, թեև այս անգամ նրա կողմից ցուցաբերվել է որոշակի զգուշավորություն և նա իր խոսքը կառուցել է հետևյալ բովանդակությամբ. «Ես կցանկանայի խոսել մարտի 1-ի արտակարգ դրություն սահմանելու մասին հրամանագրի մասին, այդ հրամանագիրը նույնպես դիտվում է և մեր մեղադրանքի որոշման մեջ նկարագրվել է, որ այդ հրամանագիրը ապօրինի է:»:

Դատարանը փաստում է, որ ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի 2018 թվականի օգոստոսի 15-ի հրապարակային ելույթում հնչեցրած հետևյալ նախադասությունը. «Այսինքն, եթե մենք խոսում ենք կարգավիճակի մասին, մենք պետք է հասկանանք, արդյոք այդ պաշտոնատար անձի իրավասությունների մեջ էր մտնում հանցանք կատարելը, այսինքն հանցանք կատարելը որևէ պաշտոնատար անձի կարգավիճակի մեջ չի կարող մտնել, հետևաբար հանցանք կատարելուց մարդ չի կարող ունենալ անձեռնմխելիություն» նույնպես կարող է ընկալվել որպես մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի կողմից հանցանք կատարելը հիմնավորված է:

(․․․)

Ինչ վերաբերում է բողոքաբերի պահանջին` պարտավորեցնել ՀՀ հատուկ քննչական ծառայության պետին հրապարակայնորեն հերքել իր արտահայտությունները և հրապարակայնորեն ներողություն խնդրել Ռոբերտ Քոչարյանից այդ արտահայտությունների համար, ապա դատարանն արձանագրում է, որ տվյալ պահանջը դուրս է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի կանոնակարգումների շրջանակներից: Ավելին, նման պահանջի բավարարումն ուղղակի հակասում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 10-րդ մասով ամրագրված դրույթին` քրեական հետապնդման մարմնի վրա կարող է դրվել միայն արդարացվածից գրավոր ներողություն հայցելու պարտականություն, ինչի մասին հիշատակել է նաև ՀՀ ՀՔԾ-ի պետն իր պատասխանում:

Բացի այդ, դատարանը գտնում է, որ սույն դատական ակտով մեղադրյալի անմեղության կանխավարկածի խախտման փաստի ճանաչումն արդեն իսկ հիմք է, որ վարույթն իրականացնող մարմինը կամ նրա ղեկավարը հետագայում իրենց հրապարակային ելույթներում զերծ կմնան այնպիսի արտահայտություններից, որոնք կարող են հասարակության մեջ կանխակալ մոտեցում առաջացնել մեղադրյալի մեղավորության վերաբերյալ:

Միևնույն ժամանակ դատարանը փաստում է նաև, որ ՀՀ ՀՔԾ-ի պետի հրապարակային հայտարարությունները չեն ազդել դատարանի անկախության վրա, քանի որ պաշտպանի կողմից հիշատակված երկու ելույթները` 2018 թվականի օգոստոսի 3-ի և 5-ի տեղի են ունեցել այն ժամանակահատվածում, երբ մեղադրյալ Ռ.Քոչարյանը գտնվել է կալանքի տակ և փաստ է, որ նա ազատվել է կալանքից դատարանի որոշմամբ օգոստոսի 13-ին, այսինքն` Ռ.Քոչարյանի մեղավորության վերաբերյալ հանրային կարծիքը չի ազդել դատարանի վրա` որոշում կայացնելիս»2:

8. Վերաքննիչ դատարանը, 2019 թվականի սեպտեմբերի 2-ի որոշմամբ մասնակիորեն բավարարելով պաշտպան Հ.Ալումյանի բողոքը, մասնակիորեն բեկանել և փոփոխել է Առաջին ատյանի դատարանի վերոգրյալ որոշումը՝ արձանագրելով հետևյալը․ «(…) Վերաքննիչ դատարանը գտնում է, որ ՀՀ Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածների պահանջներից ելնելով` մեղադրյալի անմեղության կանխավարկածի արդյունավետ պահպանման համար մեղադրյալը, ի թիվս այլոց, պետք է հնարավորություն ունենա արդյունավետ դատական պաշտպանություն հայցել այն դեպքում, երբ մինչդատական վարույթի ընթացքում քրեական հետապնդման մարմինները կամ դրանց պաշտոնատար անձինք իրենց հրապարակային հայտարարություններով կխախտեն մեղադրյալի անմեղության կանխավարկածը:

Միաժամանակ, Վերաքննիչ դատարանը գտնում է, որ մինչդատական վարույթի ընթացքում քրեական հետապնդման մարմինների կամ դրանց պաշտոնատար անձանց հրապարակային հայտարարություններով մեղադրյալի անմեղության կանխավարկածի ենթադրյալ խախտումների վերաբերյալ բողոքների քննությունը պետք է կատարվի քրեադատավարական ընթացակարգով, որպիսի եզրահանգումը բխում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, նույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի և 7-րդ հոդվածի կարգավորումների տրամաբանությունից:

(…) Անդրադառնալով մինչդատական վարույթի ընթացքում քննչական բաժնի պետի հրապարակային հայտարարություններով մեղադրյալի անմեղության կանխավարկածի ենթադրյալ խախտումների կապակցությամբ մեղադրյալի դատական պաշտպանության կառուցակարգերին` Վերաքննիչ դատարանը հարկ է համարում նշել հետևյալը.

(…) [Թ]եև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 41-րդ, 278-րդ և 290-րդ հոդվածները դատարաններին ուղղակիորեն չեն լիազորում քննել քննչական բաժնի պետի հրապարակային հայտարարություններով մեղադրյալի անմեղության կանխավարկածի ենթադրյալ խախտումների վերաբերյալ բողոքները, սակայն այդ ենթադրյալ խախտումների վերաբերյալ բողոքները ենթակա են քննության ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածով նախատեսված կառուցակարգով: Վերաքննիչ դատարանն ընդունելի չի համարում դատախազի վերաքննիչ բողոքի փաստարկն առ այն, որ մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանի կողմից Առաջին ատյանի դատարան ներկայացված բողոքը չէր կարող քննության առնվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածով նախատեսված կարգով:

(...) Վերաքննիչ դատարանը գտնում է, որ ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի 2-րդ, 3-րդ և 7-րդ հրապարակային հայտարարություններով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի անմեղության կանխավարկածի խախտման վերաբերյալ Առաջին ատյանի դատարանը եկել է իրավաչափ եզրահանգման:

(․․․) [Վ]երաքննիչ դատարանը գտնում է, որ Առաջին ատյանի դատարան ներկայացված բողոքում նշված` ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի 8-րդ հրապարակային հայտարարությունով չի խախտվել մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի անմեղության կանխավարկածը: Վերաքննիչ դատարանի նման եզրահանգումը պայմանավորված է նրանով, որ հիշյալ հրապարակային հայտարարության ընթացքում (...) ՀՀ հատուկ քննչական ծառայության պետն ընդամենը իրավական վերլուծություններ է կատարում ՀՀ նախագահի սահմանադրական անձեռնմխելիության կառուցակարգի վերաբերյալ, որպիսիք մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի անմեղության կանխավարկածի տեսանկյունից չեն կարող խնդրահարույց լինել:

Այսպիսով, Վերաքննիչ դատարանը գտնում է, որ ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի 8-րդ հրապարակային հայտարարությունով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի անմեղության կանխավարկածի խախտման վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի եզրահանգումն իրավաչափ չէ:

Անդրադառնալով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանի վերաքննիչ բողոքին (Ռոբերտ Քոչարյանի անմեղության կանխավարկածը խախտող արտահայտությունները ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի կողմից հրապարակայնորեն հերքելուն և դրանց համար Ռոբերտ Քոչարյանից հրապարակայնորեն ներողություն խնդրելուն պարտավորեցնելու վերաբերյալ)` Վերաքննիչ դատարանը հարկ է համարում նշել հետևյալը.

(․․․) ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածով նախատեսված կառուցակարգով մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողություն իրականացնելիս դատարանը պարտավոր է կայացնել որոշում` անձի իրավունքների և ազատությունների խախտումը վերացնելու` իրավասու մարմնի (պաշտոնատար անձի) պարտականության մասին, եթե հիմնավորված է համարում, որ տեղի է ունեցել անձի իրավունքների կամ ազատությունների խախտում: Մինչդեռ, Առաջին ատյանի դատարանը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածով նախատեսված կառուցակարգի շրջանակներում արձանագրելով, որ ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի որոշ հրապարակային հայտարարություններով խախտվել է մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի անմեղության կանխավարկածը, իրավասու պաշտոնատար անձին (տվյալ դեպքում` ՀՀ հատուկ քննչական ծառայության պետին) չի պարտավորեցրել վերացնել արձանագրված խախտումը:

(․․․) Վերոգրյալի հիման վրա, ինչպես նաև հաշվի առնելով, որ սույն որոշմամբ նույնպես արձանագրվել է, որ ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի 2-րդ, 3-րդ և 7-րդ հրապարակային հայտարարություններով խախտվել է մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի անմեղության կանխավարկածը` Վերաքննիչ դատարանը գտնում է, որ ՀՀ հատուկ քննչական ծառայության պետին պետք է պարտավորեցնել վերացնել սույն որոշմամբ արձանագրված իրավունքի խախտումը:

(․․․) Անդրադառնալով ՀՀ հատուկ քննչական ծառայության պետին կոնկրետ գործողություններ կատարելուն (Ռոբերտ Քոչարյանի անմեղության կանխավարկածը խախտող արտահայտությունները հրապարակայնորեն հերքել և դրանց համար Ռոբերտ Քոչարյանից հրապարակայնորեն ներողություն խնդրել) պարտավորեցնելու վերաբերյալ պաշտպան Հայկ Ալումյանի վերաքննիչ բողոքի պահանջին` Վերաքննիչ դատարանը հարկ է համարում նշել, որ մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության շրջանակներում դատարանն անձի խախտված իրավունքը վերականգնում է ոչ թե իրավասու մարմնին (պաշտոնատար անձին) որոշակի գործողություններ կատարելու ցուցում տալով կամ նրանց որոշումները վերացնելով, ինչպես առկա է դատախազական հսկողության պարագայում (տեԲս ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածը), այլ թույլ տրված խախտումը վերացնելու և անձի խախտված իրավունքներն ու ազատությունները վերականգնելու վերաբերյալ իրավասու մարմնի (պաշտոնատար անձի) պարտականությունը սահմանելով (․․․):

Վերոգրյալի հիման վրա Վերաքննիչ դատարանը գտնում է, որ ՀՀ հատուկ քննչական ծառայության պետին կոնկրետ գործողություններ կատարելուն (Ռոբերտ Քոչարյանի անմեղության կանխավարկածը խախտող արտահայտությունները հրապարակայնորեն հերքել և դրանց համար Ռոբերտ Քոչարյանից հրապարակայնորեն ներողություն խնդրել) պարտավորեցնելու վերաբերյալ պաշտպան Հայկ Ալումյանի վերաքննիչ բողոքի պահանջը չի կարող բավարարվել: Այլ կերպ ասած` իրավասու պաշտոնատար անձը` տվյալ դեպքում ՀՀ հատուկ քննչական ծառայության պետը մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի խախտված իրավունքը վերականգնելու համար կարող է ընտրել ցանկացած օրինական միջոց` պայմանով, որ այն գործուն և արդյունավետ կերպով վերականգնի մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի խախտված իրավունքը, այլ ոչ թե ստեղծի խախտված իրավունքի վերականգնման պատրանք (․․․)»3։

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

9. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. իրավաչափ է արդյոք ստորադաս դատարանների կողմից ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի՝ 2018 թվականի օգոստոսի 3-ի, 5-ի և 16-ի հրապարակային ելույթների կապակցությամբ Ռոբերտ Քոչարյանի անմեղության կանխավարկածի խախտման հիմքով բերված բողոքը մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության կարգով ըստ էության քննության առնելը:

10. 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգիրք) 290-րդ հոդվածի համաձայն` ,1. Հետաքննության մարմնի աշխատակցի, քննիչի, դատախազի, օպերատիվ-հետախուզական գործողություններ իրականացնող մարմինների` սույն օրենսգրքով նախատեսված որոշումների և գործողությունների օրինական և հիմնավոր չլինելու դեմ բողոքները դատարան կարող են ներկայացվել կասկածյալի, մեղադրյալի, պաշտպանի, տուժողի, քրեական դատավարության մասնակիցների, այլ անձանց կողմից, որոնց իրավունքները և օրինական շահերը խախտվել են այդ որոշումներով և գործողություններով, և եթե նրանց բողոքները չեն բավարարվել դատախազի կողմից:

(…)

5. Բողոքը ճանաչելով հիմնավորված` դատավորը որոշում է կայացնում անձի իրավունքների և ազատությունների խախտումը վերացնելու` վարույթն իրականացնող մարմնի պարտականության մասին: Գտնելով, որ բողոքարկված գործողությունները կատարված են օրենքին համապատասխան, և անձի իրավունքները կամ ազատությունները խախտված չեն, դատարանը որոշում է կայացնում բողոքը մերժելու մասին: Դատավորի որոշման պատճենն ուղարկվում է դիմողին և վարույթն իրականացնող մարմնինե:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 19-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Անձի պատիվը, արժանապատվությունը, գործարար համբավը ենթակա են պաշտպանության այլ անձի կողմից հրապարակայնորեն արտահայտված վիրավորանքից և զրպարտությունից` սույն օրենսգրքով և այլ օրենքներով սահմանված դեպքերում ու կարգով»:

11. Վճռաբեկ դատարանը, Սեդրակ Քոչարյանի գործով անդրադառնալով անմեղության կանխավարկածի խախտման դեպքում քրեադատավարական գործիքակազմի կիրառմամբ իրավական պաշտպանություն հայցելու չափանիշներին՝ արձանագրել է, որ անմեղության կանխավարկածի խախտման դեպքում մինչ քրեադատավարական գործիքակազմի կիրառմամբ իրավական պաշտպանություն հայցելը՝ կարևոր է պատշաճ գնահատման ենթարկել, թե ա) արդյո՞ք անմեղության կանխավարկածը ենթադրաբար խախտելիս ex officio անձը հանդես է եկել որպես քրեադատավարական սուբյեկտ, բ) արդյո՞ք անմեղության կանխավարկածը ենթադրաբար խախտվել է քրեադատավարական բնույթ կրող, քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված ընթացակարգերի շրջանակներում։ Նշվածի առումով ընդգծվել է, որ անձի անմեղությունը խախտող պաշտոնատար անձի՝ քրեադատավարական սուբյեկտ լինելու հանգամանքը դեռևս բավարար չէ քրեադատավարական գործիքակազմի կիրառմամբ իրավական պաշտպանություն հայցելու կառուցակարգը գործադրելու համար։ Այսպես, պետք է նկատի ունենալ, որ քրեադատավարական սուբյեկտները կարող են կատարել նաև ոչ դատավարական գործողություններ, օրինակ՝ քրեական վարույթն իրականացնող քննիչը կարող է հանրային հետաքրքրություն ներկայացնող գործով քննչական մարմնի անունից հարցազրույց տալ զանգվածային լրատվության միջոցներին և իր հայտարարություններով կասկածի տակ դնել հանցանքի կատարման մեջ մեղադրվող անձի անմեղությունը։ Մեկ այլ օրինակի դեպքում՝ համապատասխան քննչական մարմինը կարող է տեղեկատվություն հրապարակել իր պաշտոնական կայքէջում կամ սոցիալական ցանցի էջում՝ հանրային հետաքրքրություն ներկայացնող գործով և ևս իր հայտարարություններով կասկածի տակ դնել հանցանքի կատարման մեջ մեղադրվող անձի անմեղությունը։ Նման դեպքերում, թեև անձի անմեղության կանխավարկածը խախտող հայտարարություններն արվում են քրեադատավարական սուբյեկտի կամ մարմնի կողմից, սակայն հանցանքի կատարման վերաբերյալ հանրությանը տեղեկատվություն տրամադրելու համար ո՛չ հարցազրույց տալը, ո՛չ էլ կայքէջում համապատասխան տեղեկատվություն տեղադրելը քրեադատավարական բնույթ չունեն, դրանք ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված գործողություններ չեն։ Հետևաբար, համանման իրավիճակներում անձն իր անմեղության կանխավարկածի խախտված իրավունքի կապակցությամբ իրավական պաշտպանություն չի կարող հայցել քրեադատավարական գործիքակազմի կիրառմամբ։ Այլ կերպ՝ մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության կառուցակարգը կարող է կիրառելի լինել քրեադատավարական իրավահարաբերությունների շրջանակում թույլ տրված անմեղության կանխավարկածի խախտումների դեպքում։

11․1․ Նման պայմաններում, Վճռաբեկ դատարանն ընդգծել է, որ քրեադատավարական իրավահարաբերություններից դուրս, դատավարական բնույթ չկրող գործողություններով անձի անմեղության կանխավարկածի խախտման դեպքում հանցանքի կատարման մեջ մեղադրվող անձն իրավական պաշտպանություն կարող է հայցել քաղաքացիական դատավարության ընթացակարգով։ Մասնավորապես, անձի անմեղության կանխավարկածի ենթադրյալ խախտման դեպքում վերջինս կարող է օգտվել օրինակ՝ վիրավորանքի կամ զրպարտության համար ՀՀ քաղաքացիական օրենսգրքով նախատեսված իրավական պաշտպանության միջոցներից, որոնք փոխհատուցման հետ մեկտեղ նախատեսում են նաև ներողություն խնդրելու, համապատասխան տեղեկությունը հերքելու հնարավորություն4։

12. Սույն գործի նյութերից հետևում է, որ՝

- Առաջին ատյանի դատարանը, հաստատված համարելով, որ բողոքաբերի կողմից պահպանվել են դատարան բողոք ներկայացնելու ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածով նախատեսված ընթացակարգը և ժամկետը, ինչպես նաև հաշվի առնելով պետության պոզիտիվ պարտականությունը` ապահովել իրավական պաշտպանության արդյունավետ միջոց այն անձի համար, ով պնդում է, որ խախտվել են իր իրավունքներն ու ազատությունները, եթե նույնիսկ խախտումը կատարվել է ի պաշտոնե գործող անձի կողմից, 2018 թվականի հոկտեմբերի 29-ի որոշմամբ, ճանաչելով ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի՝ 2018 թվականի օգոստոսի 3-ի, 5-ի և 16-ի հրապարակային ելույթներով Ռ․Քոչարյանի անմեղության կանխավարկածի խախտումը, նշել է, որ դրանցից որոշներում թույլ են տրվել արտահայտություններ, որոնցով անաչառ դիտորդի մոտ տպավորություն կարող է ստեղծվել մեղադրյալ Ռ․Քոչարյանի մեղքն ապացուցված լինելու վերաբերյալ: Միաժամանակ դատարանը փաստել է, որ ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի որոշ արտահայտություններ նպատակ չեն ունեցել խախտելու Ռ․Քոչարյանի անմեղության կանխավարկածը5։

Անդրադառնալով ՀՀ հատուկ քննչական ծառայության պետին՝ իր արտահայտությունները հերքելու և Ռ․Քոչարյանից հրապարակայնորեն ներողություն խնդրելուն պարտավորեցնելու վերաբերյալ բողոքաբերի պահանջին՝ դատարանն արձանագրել է, որ տվյալ պահանջը դուրս է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի կարգավորումների տիրույթից և անմեղության կանխավարկածի խախտման փաստի ճանաչումն արդեն իսկ հիմք է, որ վարույթն իրականացնող մարմինը կամ նրա ղեկավարը հետագայում զերծ մնան այնպիսի արտահայտություններից, որոնցով կարող են հասարակության մեջ կանխակալ մոտեցում առաջացնել անձի մեղավորության վերաբերյալ6:

- Վերաքննիչ դատարանը, 2019 թվականի սեպտեմբերի 2-ի որոշմամբ մասնակիորեն բավարարելով պաշտպան Հ.Ալումյանի բողոքը, գտել է, որ մեղադրյալի անմեղության կանխավարկածի արդյունավետ պահպանման համար մինչդատական վարույթի ընթացքում քրեական հետապնդման մարմինների կամ դրանց պաշտոնատար անձանց հրապարակային հայտարարություններով մեղադրյալի անմեղության կանխավարկածի խախտման դեպքում վերջինս, ի թիվս այլնի, պետք է հնարավորություն ունենա արդյունավետ դատական պաշտպանություն հայցելու, որն էլ կարող է կենսագործվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածով նախատեսված կառուցակարգով՝ ելնելով ՀՀ Սահմանադրության 61-րդ, 63-րդ և 66-րդ հոդվածների անմիջական գործողության հանգամանքից7։

Միաժամանակ, անդրադառնալով պաշտպանի վերաքննիչ բողոքում մատնանշված՝ ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի համապատասխան հայտարարությունների արդյունքում Ռ․Քոչարյանի անմեղության կանխավարկածի խախտման հարցին, Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ դրանց դեպքում, բացառությամբ մեկ հայտարարության, ևս, խախտվել է վերջինիս անմեղության կանխավարկածը8։

Պաշտպան Հ․Ալումյանի՝ Ռ․Քոչարյանի անմեղության կանխավարկածը խախտող արտահայտությունները ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի կողմից հրապարակայնորեն հերքելու և դրանց համար վերջինիցս հրապարակայնորեն ներողություն խնդրելուն պարտավորեցնելու վերաբերյալ վերաքննիչ բողոքի փաստարկի մասով, Վերաքննիչ դատարանն ընդգծել է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի սահմաններում մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության խնդիրն է ոչ թե ապագա հնարավոր խախտումները կանխելը, այլ արդեն իսկ թույլ տրված խախտումները վերացնելը, հետևաբար ՀՀ հատուկ քննչական ծառայության պետը մեղադրյալ Ռ․Քոչարյանի խախտված իրավունքը վերականգնելու համար կարող է ընտրել ցանկացած օրինական միջոց` որով կվերականգնի վերջինիս խախտված իրավունքը9:

13. Սույն որոշման 10-11.1-րդ կետերում վկայակոչված իրավանորմերը և արտահայտված իրավական դիրքորոշումները կիրառելով սույն որոշման նախորդ կետում վկայակոչված փաստական հանգամանքների նկատմամբ՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանները պատշաճ իրավական գնահատման չեն ենթարկել այն հանգամանքը, որ ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի հայտարարությունները վարույթն իրականացնող մարմնի՝ քրեադատավարական օրենքով նախատեսված լիազորությունների շրջանակում կատարված գործողություն չեն, որի ուժով դրանց օրինականությունը և հիմնավորվածությունը հնարավոր կլիներ վիճարկել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածով սահմանված կարգով։

14․ Անդրադառնալով Վերաքննիչ դատարանի փաստարկին առ այն, որ մեղադրյալը հնարավորություն պետք է ունենա արդյունավետ դատական պաշտպանություն հայցել այն դեպքում, երբ մինչդատական վարույթի ընթացքում քրեական հետապնդման մարմինները կամ դրանց պաշտոնատար անձինք իրենց հրապարակային հայտարարություններով կխախտեն իր անմեղության կանխավարկածը և այդ կապակցությամբ դատարան ներկայացված բողոքը պետք է քննարկման առարկա դարձվի ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածով սահմանված կարգով, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ այդ մոտեցումն ըստ էության վերացնում է մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության սահմանները, որն ուղղակիորեն հակասում է օրենսդրի՝ բողոքարկվող որոշման կամ գործողության՝ օրենսգրքով նախատեսված լինելու և ըստ այդմ՝ դատավարական բնույթ կրելու պահանջին։

15․ Վերոգրյալի հետ մեկտեղ, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ կոնկրետ դեպքում, անգամ անմեղության կանխավարկածի սկզբունքի ենթադրյալ խախտում արձանագրելու դեպքում, դատարանի կողմից խախտումը վերացնելու՝ վարույթն իրականացնող մարմնի պարտականություն սահմանելն առաջացնելու էր որոշման կատարման անհնարինություն, քանի որ ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի հայտարարությունների հերքումը և/կամ դրանց կապակցությամբ հրապարակայնորեն ներողություն խնդրելու պահանջը դուրս է վարույթն իրականացնող մարմնի քրեադատավարական լիազորությունների շրջանակից, որպիսի հանգամանքը հաստատել է նաև Առաջին ատյանի դատարանը։

Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ կոնկրետ դեպքում իրավական պաշտպանության արդյունավետ միջոց կարող էր լինել խախտված իրավունքների վերականգնման քաղաքացիաիրավական գործիքակազմի կիրառումը, այդ կերպ նաև երաշխավորելով «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 13-րդ հոդվածով նախատեսված` անձի դատական պաշտպանության իրավունքի արդյունավետությունը։

16. Ամփոփելով վերոշարադրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարանների կողմից ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի՝ 2018 թվականի օգոստոսի 3-ի, 5-ի և 16-ի հայտարարությունների դեմ Ռոբերտ Քոչարյանի անմեղության կանխավարկածի խախտման հիմքով բերված բողոքը մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության կարգով ըստ էության քննության առնելն իրավաչափ չէ։

17. Վերոշարադյալի հաշվառմամբ՝ Վճռաբեկ դատարանը չի անդրադառնում բողոքաբերի կողմից բարձրացված՝ սույն որոշման 5.1-ին կետում ներկայացված փաստարկին:

18. Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանները, դատական ակտ կայացնելիս, թույլ են տվել քրեադատավարական օրենքի խախտումներ, որոնք իրենց բնույթով էական են, քանի որ ազդել են գործով ճիշտ որոշում կայացնելու վրա, ինչը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի համաձայն, հիմք է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի` 2018 թվականի հոկտեմբերի 29-ի որոշումը և ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2019 թվականի սեպտեմբերի 2-ի որոշումը բեկանելու և փոփոխելու համար։

Միաժամանակ, վերոշարադրյալի հաշվառմամբ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Առաջին ատյանի դատարան ներկայացված` մեղադրյալ Ռ.Քոչարյանի պաշտպան Հ.Ալումյանի բողոքը պետք է մերժել։

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ և 171-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 39-րդ, 43-րդ, 361.1-րդ, 415.1-րդ, 418.1-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի` 2018 թվականի հոկտեմբերի 29-ի և ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2019 թվականի սեպտեմբերի 2-ի որոշումները բեկանել և փոփոխել: Ռոբերտ Սեդրակի Քոչարյանի պաշտպան Հ.Ալումյանի բողոքը մերժել:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

______________________________________________

1 Համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի անցումային դրույթները կարգավորող 483-րդ հոդվածի 8-րդ մասի՝ սույն բողոքը քննվում է մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը գործող կարգով:

2 Տես, նյութեր, հատոր 1-ին, թերթեր 44-58:

3 Տես, նյութեր, հատոր 3-րդ, թերթեր 38-64:

4 Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Սեդրակ Քոչարյանի գործով 2022 թվականի նոյեմբերի 24-ի թիվ ԵԴ/0112/11/19 որոշումը:

5 Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը։

6 Տե՛ս նույն տեղում։

7 Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը։

8 Տե՛ս նույն տեղում։

9 Տե՛ս նույն տեղում։

 

Նախագահող`

Հ. Ասատրյան

Դատավորներ`

Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆ

Ե. Դանիելյան

Լ. Թադևոսյան

Ա. Պողոսյան

 

Ս. Օհանյան