ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
9 մարտի 2023 թվականի N 286-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 10-Ի N 977-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1․ Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հունիսի 10-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 977-Ն որոշման 4-րդ կետը շարադրել հետևյալ բովանդակությամբ՝
«4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հունիսի 13-ի «Համապատասխանության գնահատման մարմինների նշանակման ընթացակարգը, չափանիշները և դեպքերը հաստատելու մասին» N 623-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ լրացումները.
1) 11․1-ին կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 11․2-րդից 11․7-րդ կետերով՝
«11․2. Տեխնիկական կանոնակարգերին համապատասխան համապատասխանության գնահատման փաստաթղթեր (համապատասխանության հայտարարագրի, համապատասխանության սերտիֆիկատի, պետական գրանցման վկայականի, տեխնիկական կանոնակարգով սահմանված գնահատման այլ փաստաթղթի) գրանցելու կամ ստանալու համար հայտատուն համապատասխան տեխնիկական կանոնակարգով սահմանված փաստաթղթերի փաթեթը համապատասխանության գնահատման նշանակված մարմնին (այսուհետ՝ ՀԳՆՄ) ներկայացնում է և ՀԳՆՄ-ը համապատասխանության գնահատման փաստաթուղթը գրանցում կամ տրամադրում է էլեկտրոնային եղանակով` «Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան էլեկտրոնային հարթակում (www.trade.gov.am) հասանելի «Թույլատվական փաստաթղթեր (sw.gov.am)» համակարգի միջոցով։
11․3․ Անհաղթահարելի ուժի առկայության, ինչպես նաև այլ երկրներ ներկայացնելու անհրաժեշտության դեպքերում սույն որոշման 11․2-րդ կետով սահմանված փաստաթղթերը կարող են ներկայացվել և գրանցվել կամ տրամադրվել թղթային եղանակով:
11.4․ Հայտատուի կողմից ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքներով ՀԳՆՄ-ները դիմելու օրվանից հետո ոլորտը կանոնակարգող համապատասխան օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում գրանցում կամ տալիս են համապատասխան տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխանության գնահատման փաստաթուղթը կամ պատճառաբանված որոշմամբ մերժում են հայտը:
11․5. Համապատասխանության գնահատման փաստաթղթի գրանցման կամ տրման մերժման մասին ծանուցումը հայտատուին տրամադրվում է «Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան» էլեկտրոնային հարթակում (www.trade.gov.am) հասանելի «Թույլատվական փաստաթղթեր (sw.gov.am)» համակարգի միջոցով, բացառությամբ անհաղթահարելի ուժի առկայության դեպքերի, երբ դրանք կարող են տրամադրվել թղթային եղանակով։
11․6. Համապատասխանության գնահատման փաստաթղթի գործողության դադարեցման վերաբերյալ որոշումն ընդունվելու դեպքում հայտատուն համապատասխանության գնահատման փաստաթղթի գործողության դադարեցման վերաբերյալ ծանուցումը ՀԳՆՄ-ին է ներկայացնում «Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան» էլեկտրոնային հարթակում (www.trade.gov.am) հասանելի «Թույլատվական փաստաթղթեր (sw.gov.am)» համակարգի միջոցով։
11․7․ Տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխանության գնահատման փաստաթղթերի և համապատասխանության գնահատման մարմինների մասով ամբողջական տեղեկատվությունը հասանելի դարձնելու նպատակով Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան էլեկտրոնային հարթակի միջոցով պետք է ապահովվի հասանելիություն համապատասխանության գնահատման փաստաթղթերի և համապատասխանության գնահատման մարմինների ռեեստրներին։»։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան էլեկտրոնային հարթակում (www.trade.gov.am) հասանելի «Թույլատվական փաստաթղթեր (sw.gov.am)» համակարգի գործարկման օրվանից։
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ն. ՓաշինՅԱՆ |
Երևան |
09.03.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 9 մարտի 2023 թվական: