Գլխավոր տեղեկություն
Համար
N 1125-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (10.03.2023-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2015.10.09/67(1156) Հոդ.894
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
01.10.2015
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
05.10.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.10.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

1 հոկտեմբերի 2015 թվականի N 1125-Ն

 

ԱՆՄԱՔՍ ԱՌԵՎՏՐԻ ԽԱՆՈՒԹ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄՈՒՏՔԱԳՐՄԱՆ ԵՎ ԴՐԱՆՑ ԻՐԱՑՄԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ (ԸՆԴԳՐԿՄԱՆ), ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐ ԱՅԴ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը լրաց. 09.03.23 N 288-Ն)

 

 «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 286-րդ հոդվածի 6-րդ մասին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

(նախաբանը փոփ. 09.03.23 N 288-Ն)

1. Սահմանել անմաքս առևտրի խանութ ապրանքների մուտքագրման և դրանց իրացման հաշվառման (ընդգրկման), ինչպես նաև մաքսային մարմիններ այդ ապրանքների վերաբերյալ հաշվետվություններ ներկայացնելու կարգը՝ համաձայն հավելվածի:

(1-ին կետը լրաց. 09.03.23 N 288-Ն)

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. հոկտեմբերի 5

Երևան

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2015 թվականի
հոկտեմբերի 1-ի N 1125-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԱՆՄԱՔՍ ԱՌԵՎՏՐԻ ԽԱՆՈՒԹ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄՈՒՏՔԱԳՐՄԱՆ ԵՎ ԴՐԱՆՑ ԻՐԱՑՄԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ (ԸՆԴԳՐԿՄԱՆ), ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐ ԱՅԴ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ

(վերնագիրը լրաց. 09.03.23 N 288-Ն)

 

1. Սույն կարգի կարգավորման առարկա են անմաքս առևտրի խանութ ապրանքների մուտքագրման և դրանց իրացման հաշվառման (ընդգրկման), ինչպես նաև մաքսային մարմիններ այդ ապրանքների վերաբերյալ հաշվետվություններ ներկայացնելու հետ կապված հարաբերությունները: Սույն կարգում օգտագործված հասկացությունները կիրառվում են «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» 2017 թվականի ապրիլի 11-ի պայմանագրով սահմանված իմաստներով:

(1-ին կետը լրաց., փոփ. 09.03.23 N 288-Ն)

2. Անմաքս առևտրի խանութի տիրապետողների ռեեստրում հաշվառվելու օրվանից սկսած անմաքս առևտրի խանութի տիրապետողը (այսուհետ` տիրապետող) վարում է անմաքս առևտրի խանութ ապրանքների մուտքագրման և դրանց իրացման հաշվառումը և յուրաքանչյուր եռամսյակի համար, մինչև այդ եռամսյակին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ, Պետական եկամուտների կոմիտեի կողմից հաստատված ձևով հաշվետվություն է ներկայացնում այն մաքսային մարմին, որի գործունեության տարածքում գտնվում է անմաքս առևտրի խանութը, որում ներառվում են տեղեկություններ անմաքս առևտրի խանութ ապրանքների մուտքագրման, դրանց իրացման և անմաքս առևտրի խանութում ապրանքների մնացորդների վերաբերյալ։

(2-րդ կետը խմբ. 09.03.23 N 288-Ն)

3. Անկախ սույն կարգի 2-րդ կետում ամրագրված ժամկետից` անմաքս առևտրի խանութի տիրապետողների ռեեստրից տիրապետողին օրենքով սահմանված կարգով հանելու դեպքում հաշվետվությունը ներկայացվում է անմաքս առևտրի խանութի տիրապետողների ռեեստրից տիրապետողին հանելու վերաբերյալ որոշման ընդունման օրվան հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում:

(3-րդ կետը փոփ. 09.03.23 N 288-Ն)

4. Հաշվետվության մեջ ներառվում են անմաքս առևտրի խանութ մուտքագրված և անմաքս առևտրի խանութում իրացված ապրանքների, ինչպես նաև անմաքս առևտրի խանութ մուտքագրված այն ապրանքների մասին տեղեկություններ, որոնց նկատմամբ կիրառված «Անմաքս առևտուր» մաքսային ընթացակարգը փոխարինվել է այլ մաքսային ընթացակարգով:

5. Հաշվետվությունը ներկայացվում է էլեկտրոնային եղանակով՝ էլեկտրոնային թվային ստորագրությամբ կամ թղթային եղանակով (պարտադիր կցելով նաև հաշվետվության էլեկտրոնային ֆայլը)՝ տիրապետողի տնօրենի կամ նրա լիազորած անձի ստորագրությամբ:

(5-րդ կետը փոփ. 09.03.23 N 288-Ն)

6. Հաշվետվությունը լրացնելու համար անհրաժեշտ փաստաթղթերում նշված արտարժույթի վերահաշվարկի նպատակով կիրառվում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից «Անմաքս առևտուր» մաքսային ընթացակարգով մաքսային հայտարարագրի գրանցման օրվա դրությամբ հրապարակված` արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքը:

7. Ներկայացված հաշվետվության մեջ սխալների ինքնուրույն հայտնաբերման դեպքում տիրապետողը կարող է ներկայացնել ճշգրտված հաշվետվություն: Ներկայացված հաշվետվության մեջ մաքսային մարմնի կողմից սխալների հայտնաբերման դեպքում մաքսային մարմինը 2 աշխատանքային օրվա ընթացքում դրա մասին պատշաճ ձևով ծանուցում է տիրապետողին, և տիրապետողը ծանուցումն ստանալուց հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է ճշգրտված հաշվետվություն:

(7-րդ կետը փոփ. 09.03.23 N 288-Ն)

8. Նույն տիրապետողին պատկանող երկու և ավելի անմաքս առևտրի խանութների առկայության դեպքում տիրապետողը սույն կարգով սահմանված հաշվետվությունը ներկայացնում է առանձին՝ յուրաքանչյուր անմաքս առևտրի խանութի համար։

(8-րդ կետը լրաց. 09.03.23 N 288-Ն)

(հավելվածը լրաց., փոփ., խմբ. 09.03.23 N 288-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան