Գլխավոր տեղեկություն
Համար
ԲԴԽ-20-Ո-Կ-7
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (27.02.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.03.06-2023.03.19 Պաշտոնական հրապարակման օրը 14.03.2023
Ընդունող մարմին
Բարձրագույն դատական խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
27.02.2023
Ստորագրող մարմին
Բարձրագույն դատական խորհրդի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
27.02.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.02.2023

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

 

ԲԴԽ-20-Ո-Կ-7

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ԱՐԹՈՒՐ ՍՏԵՓԱՆՅԱՆԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ`

ՀԵՏԵՎՅԱԼ ԿԱԶՄՈՎ՝

 

նախագահությամբ՝

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ

 

Կ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻ

 

մասնակցությամբ՝ անդամներ

 

Հ. ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

Ե. ԹՈՒՄԱՆՅԱՆՑԻ

Դ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆԻ

 

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆԻ

 

Մ․ ՄԱԿՅԱՆԻ

 

Ա. ՄԽԻԹԱՐՅԱՆԻ

Ք. ՄԿՈՅԱՆԻ

 

Ս. ՉԻՉՈՅԱՆԻ

 

Վ. ՔՈՉԱՐՅԱՆԻ

   

Արդարադատության նախարարի տեղակալ

Լ. ԲԱԼՅԱՆԻ

 

Արդարադատության նախարարի ներկայացուցիչներ

 

Ա. ՍՈՒՋՅԱՆԻ

Հ. ՍԱՆՈՅԱՆԻ

 

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր

իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր

 

Ա. ՍՏԵՓԱՆՅԱՆԻ

 

քարտուղարությամբ՝

 

Թ. ՂՈՒԿԱՍՅԱՆԻ

2023 թվականի փետրվարի 27-ին

ք. Երևանում

 

դռնբաց նիստում, քննության առնելով Արդարադատության նախարարի՝ «Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Ստեփանյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությամբ Բարձրագույն դատական խորհրդին դիմելու մասին» 2023 թվականի հունվարի 24-ի թիվ 4-Ա որոշումը և կից ներկայացված փաստաթղթերը.

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի նախապատմությունը

Կարգապահական վարույթ հարուցելու առիթ է հանդիսացել Արդարադատության նախարարին հասցեագրված և Արդարադատության նախարարությունում 07.09.2022 թվականին ստացված թիվ ԵԴ/30255/02/20 քաղաքացիական գործով (այսուհետ նաև՝ Գործ) հայցվոր Տաթև Դալողլանյանի (այսուհետ նաև՝ Հայցվոր) ներկայացուցիչ փաստաբան Քրիստինե Ավագյանի հաղորդումը՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի (այսուհետ նաև՝ Դատարան) դատավոր Արթուր Ստեփանյանին (այսուհետ նաև՝ Դատավոր) կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ:

Արդարադատության նախարարի պարտականությունները կատարողի 25.11.2022 թվականի թիվ 102-Ա որոշմամբ Դատավորի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ։

Արդարադատության նախարարի (այսուհետ նաև՝ Նախարար) 24.01.2023 թվականի թիվ 4-Ա որոշմամբ միջնորդություն է ներկայացվել Բարձրագույն դատական խորհուրդ (այսուհետ նաև՝ Խորհուրդ)՝ Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ:

 

2. Վարույթ հարուցած մարմնի դիրքորոշումը

Նախարարը, վկայակոչելով Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 201-րդ հոդվածի 1-ին մասը, 202-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը, 210-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը, 211-րդ հոդվածի 4-րդ մասը, նշել է, որ Քաղաքացիական դատավարության օրենսգիրքը սահմանել է աշխատանքային վեճերի քննության հատուկ ընթացակարգ: Մասնավորապես օրենսդիրը, կարևորելով առավել սեղմ ժամկետներում աշխատանքային վեճերի լուծման դատավարական գործընթացը, դատարանի վրա պարտականություն է դրել աշխատանքային վեճը քննել և լուծել հայցադիմումը վարույթ ընդունելուց հետո հաշվարկվող եռամսյա ժամկետում:

Միևնույն ժամանակ Քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանվել են մի շարք կառուցակարգեր, որոնք կոչված են ապահովելու դատարանի կողմից այդ ժամկետի պահպանմամբ աշխատանքային վեճերով արդյունավետ արդարադատության իրականացումը: Մասնավորապես օրենսդրորեն դատարանը պարտավոր է հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշման հետ մեկտեղ գործատուից պահանջել այն բոլոր ապացույցները, որոնք ընկած են վիճարկվող անհատական իրավական ակտի հիմքում, որը գործատուի կողմից ենթակա է կատարման նույնպես առավել սեղմ ժամկետում` այդ որոշումն ստանալուց հետո մեկ շաբաթվա ընթացքում (Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 211-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասեր): Նույն նպատակին են ծառայում նաև հայցադիմումը վարույթ ընդունելու հարցը լուծելու և հայցադիմումի պատասխան ներկայացնելու համար հատուկ՝ ընդհանուր ժամկետների համեմատ առավել կրճատ ժամկետների սահմանումը (Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 211-րդ հոդվածի 1-ին մաս, 212-րդ հոդվածի 1-ին մաս):

Վերոգրյալի համատեքստում աշխատանքային վեճերով գործերի դատավարական գործընթացի առանձնահատկություններից է դատարանի կաշկանդված չլինելը կողմի ներկայացրած գործի փաստական հանգամանքներով, ինչպես նաև այդ հանգամանքները հիմնավորելու նպատակով ներկայացված ապացույցներով, և իրավասություն ունենալն առաջարկելու վեճի կողմերին համալրելու ոչ բավարար փաստական տվյալները, ինչպես նաև ներկայացնելու գործի փաստական հանգամանքները պարզելու և գնահատելու համար անհրաժեշտ ապացույցներ (Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 211-րդ հոդվածի 4-րդ մաս)։

Նախարարը, վկայակոչելով Խորհրդի 22.06.2022 թվականի թիվ ԲԴԽ-49-Ո-Կ-10, 22.12.2022 թվականի թիվ ԲԴԽ-16-Ո-Կ-26 որոշումներով արտահայտած դիրքորոշումները, նշել է, որ քննարկվող դեպքում Հայցվորի կողմից 12.10.2020 թվականին Դատարան ներկայացված աշխատանքային պայմանագրի լուծման իրավական ակտն անվավեր ճանաչելու, հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձի չափով գումար բռնագանձելու պահանջների մասին հայցադիմումը Դատավորի 21.10.2020 թվականի որոշմամբ ընդունվել է վարույթ:

Վերոգրյալի հաշվառմամբ Դատավորը Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 210-րդ հոդվածի 2-րդ մասով առաջնորդվելու դեպքում պետք է Գործի քննությունն ավարտեր և հայցադիմումը մերժելու կամ բավարարելու մասին վճիռ կայացներ առնվազն 21.01.2021 թվականը ներառյալ, մինչդեռ Դատարանի կողմից Գործով առաջին դատական նիստը նշանակվել է միայն 13.04.2021 թվականին, այսինքն՝ հայցադիմումը վարույթ ընդունելուց 5 ամիս 22 օր հետո, որը գրեթե 3 ամսով գերազանցում է աշխատանքային վեճերով գործի քննության և լուծման համար սահմանված օրենսդրական ժամկետը:

13.04.2021 թվականին նշանակված դատական նիստը չի կայացել Դատավորի վատառողջ լինելու պատճառով, հաջորդ դատական նիստը նշանակվել է 15.06.2021 թվականին, որը հետաձգվել է Հայցվորի պատշաճ ծանուցումն ապահովված չլինելու պատճառով: Բացի այն, որ երկրորդ դատական նիստը նշանակվել է առաջին նիստից 2 ամիս հետո, տվյալ դեպքում մինչև 15.06.2021 թվականի դատական նիստի կայացումը Դատավորն ունեցել է երկամսյա ժամկետ դատավարության մասնակիցների դատական ծանուցումն ապահովելու համար, սակայն դատական նիստի ժամանակի և վայրի մասին դատական ծանուցագիրը Հայցվորին պատվիրված նամակով ուղարկելով՝ պատշաճ միջոցներ չի ձեռնարկել Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ մասերով սահմանված գործողությունների իրականացումն ապահովելու ուղղությամբ, որպիսի պարագայում, ըստ նշված նորմերի կարգավորումների, Հայցվորը կարող էր համարվեր պատշաճ ծանուցված, որպիսի պայմաններում առկա չէր լինի 15.06.2021 թվականի դատական նիստը հետաձգելու հիմքը: Մասնավորապես 15.06.2021 թվականի դատական նիստի ժամանակի և վայրի մասին Հայցվորի ներկայացուցչին ուղարկված դատական ծանուցագիրը «15.06.2021 թվական» թվագրմամբ և «չպահանջված» նշմամբ վերադարձվել է Դատարան: Ըստ փոստային ծրարի վրա առկա բեռնային թիվ RL059442754AM համարի՝ առաքանին փոստին է հանձնվել միայն 07.06.2021 թվականին, թեև Հայցվորի ներկայացուցչին (ինչպես նաև պատասխանող Ա/Ձ Մարգար Օհանջանյանին (այսուհետ նաև՝ Պատասխանող)) հասցեագրված հիշյալ դատական ծանուցագիրը թվագրված է «15.04.2021 թվականը» ամսաթվով:

Երրորդ՝ 13.07.2021 թվականին նշանակված դատական նիստը կայացել է և հետաձգվել է հայցային վաղեմություն կիրառելու վերաբերյալ Պատասխանողի ներկայացուցչի միջնորդությանը Հայցվորի ներկայացուցչի կողմից գրավոր առարկություններ ներկայացնելու պատճառով:

Չորրորդ՝ 07.09.2021 թվականին նշանակված դատական նիստը կայացել է, որում հայտարարվել է Գործի քննության ավարտը և վճռի հրապարակման օրը՝ 28.09.2021 թվականը: Վճիռը «www.datalex.am» դատական տեղեկատվական համակարգում (այսուհետ նաև՝ Համակարգ) տեղադրվել է 05.10.2022 թվականին:

Գործի փաստական հանգամանքների և վկայակոչված քաղաքացիադատավարական իրավունքի նորմերի համադրությունից հետևում է, որ Գործի քննությունը և լուծումն իրականացվել է օրենքով սահմանված գործի քննության և լուծման առավելագույն ժամկետից՝ 21.01.2021 թվականից, ավելի քան 1 տարի 8 ամիս անց:

Քննարկվող դեպքում չնայած նրան, որ Դատարանը Գործով առաջին դատական նիստը հայցադիմումը վարույթ ընդունելուց 5 ամիս 22 օր հետո նշանակելով՝ արդեն իսկ խախտել է աշխատանքային վեճերով գործի քննության և լուծման օրենքով սահմանված ժամկետը, պետք է նաև արձանագրել, որ այն դեպքում, երբ գործի քննության և լուծման համար օրենքով սահմանված է եռամսյա ժամկետ, ապա նման ժամկետի ավելի քան 1 տարի 8 ամիս գերազանցող տևողությամբ խախտումը չի կարող դիտարկվել դատավարական ժամկետի ողջամիտ խախտում, բացի այդ, Գործի նյութերի (դատական նիստերի արձանագրություններ, վճիռ) ուսումնասիրությունից հետևում է, որ դատական նիստերի ձգձգումը պայմանավորված չի եղել առավել կարևոր շահի պաշտպանության անհրաժեշտությամբ և դրանք պետք է հրավիրվեին օրենքով սահմանված ժամկետի շրջանակներում:

Արդյունքում, Դատավորի կողմից խախտվել է Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 210-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջը:

Նախարարը, վկայակոչելով Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածի 7-րդ մասը, 179-րդ հոդվածի 1-ին, 2-րդ մասերը, նշել է, որ նույն օրենսգրքի «Առանձին աշխատանքային վեճերով վարույթը» վերտառությամբ 24-րդ գլխով դատարանի որոշման հրապարակման և այն գործին մասնակցող անձանց տրամադրելու առանձնահատուկ կարգ նախատեսված չէ, ուստի այդ գործերով կայացվելիք դատական ակտերը ևս պետք է հրապարակվեն և տրամադրվեն գործին մասնակցող անձանց ընդհանուր կանոնների համաձայն:

Վերոնշյալ նորմերի վերլուծությունից հետևում է, որ եզրափակիչ դատական ակտը գործի քննության ավարտից հետո 15-օրյա ժամկետում (եթե վճռի հրապարակման ժամանակը չի երկարաձգել) հրապարակելու, ինչպես նաև եզրափակիչ դատական ակտի օրինակը գործին մասնակցող անձանց ոչ ուշ, քան դրա հրապարակման հաջորդ օրն ուղարկելու կամ մինչ այդ առձեռն հանձնելու համար սահմանված դատավարական ժամկետներն ունեն իմպերատիվ բնույթ:

Գործի նյութերի և վկայակոչված քաղաքացիադատավարական իրավունքի նորմերի համադրումից հետևում է, որ Գործով Դատարանի կողմից չեն պահպանվել վճիռ հրապարակելու և վճռի օրինակը գործին մասնակցող անձանց ուղարկելու համար Քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված դատավարական ժամկետները: Մասնավորապես Դատարանը 07.09.2021 թվականին Գործի քննությունը հայտարարել է ավարտված և դատական ակտի հրապարակման օր է նշանակել 28.09.2021 թվականը, սակայն 28.09.2021 թվականի վճիռը Համակարգում տեղադրվել է միայն 05.10.2022 թվականին, Հայցվորի ներկայացուցչին առձեռն հանձնել է 06.10.2022 թվականին, իսկ Պատասխանողի ներկայացուցչին այն հասանելի է դարձվել 11.10.2022 թվականին, այսինքն՝ օրենքով սահմանված դատական ակտի հրապարակման և գործին մասնակցող անձին վճռի օրինակը տրամադրելու ժամկետներից ավելի քան 1 տարի անց:

Արդյունքում, Դատավորի կողմից խախտվել են Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 179-րդ հոդվածի 1-2-րդ մասերի պահանջները:

Վկայակոչելով ՀՀ սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասը, 63-րդ հոդվածի 1-ին մասը՝ Նախարարը նշել է, որ վերոգրյալ իրավական դիրքորոշումների համատեքստում անհրաժեշտ է դիտարկել դատարանի կողմից դատավարական ժամկետները պահպանելու պարտականությունն անձի՝ իր իրավունքների արդյունավետ դատական պաշտպանության իրավունքի և արդար դատաքննության իրավունքի տարր համարվող՝ իր գործի ողջամիտ ժամկետում քննության իրավունքի իրականացումն ապահովելու համատեքստում:

Իր իրավունքների արդյունավետ դատական պաշտպանության սահմանադրական իրավունքի իրականացումը ենթադրում է, որ անձն իր իրավունքների պաշտպանության դատական կարգն ընտրում է՝ վստահելով իր մասնակցությամբ վեճի լուծումը դատարանին և ունենալով այն լեգիտիմ ակնկալիքը, որ դատարանը հնարավորինս սեղմ ժամկետներում կքննի և կլուծի իր գործը: Այս իմաստով արդյունավետ դատական պաշտպանության իրավունքի հետ տրամաբանորեն կապված է արդար դատաքննության իրավունքի տարր համարվող՝ իր գործի ողջամիտ ժամկետում քննության իրավունքը: Հիմնարար այս իրավունքին անդրադարձել է նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ նաև՝ Եվրոպական դատարան) Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի վերաբերյալ արտահայտված իրավական դիրքորոշումներով (տե՛ս Stögmüller v. Austria (1602/62) գործով Եվրոպական դատարանի 10.11.1969 թվականի վճիռը, H. v. France (10073/82) գործով Եվրոպական դատարանի 24.10.1989 թվականի վճիռը), ՀՀ սահմանադրական դատարանն իր 16.03.2021 թվականի թիվ ՍԴՈ-1585 որոշմամբ:

Քաղաքացիական դատավարության օրենսգրքի որոշ տեսակի գործերի քննության համար նախատեսված հատուկ ժամկետների առկայության դեպքում դատարանները պարտավոր են գործի քննության իրականացումն ապահովել այդ ժամկետում, հակառակ դեպքում, դրա անցմամբ կատարված քննությունը կարող է որակվել որպես արդար դատաքննության կարևոր բաղադրատարր հանդիսացող՝ գործի ողջամիտ ժամկետում քննության իրականացման խախտում այն դեպքում, երբ այդ գործերի համար օրենսդրի կողմից նախատեսվել է ողջամտության չափանիշի առավելագույնս ընդգծված սահմանը: Բացի այդ, գործի՝ ողջամիտ ժամկետում քննության իրականացումը համարվում է ապահովված այն ժամանակ, երբ քննության արդյունքում կայացվող դատական ակտն օրենքով նախատեսված եղանակներով համապատասխան ժամկետում հասանելի է դառնում դատավարության մասնակիցներին:

Նախարարը նշել է նաև, որ քննարկվող դեպքում Դատարանի կողմից դատավարական ժամկետները չպահպանելու հետևանքով խախտվել է Հայցվորի՝ իր իրավունքների արդյունավետ դատական պաշտպանության իրավունքի, ինչպես նաև արդար դատաքննության իրավունքի տարր հանդիսացող՝ իր գործի ողջամիտ ժամկետում քննության իրավունքի իրականացումը: Նշվածը դրսևորվել է նաև նրանով, որ Հայցվորը տևական ժամանակ օբյեկտիվորեն զրկված է եղել իր մասնակցությամբ Գործով վճիռը բողոքարկելու իրավունքն իրականացնելու հնարավորությունից: Մասնավորապես Հայցվորի ներկայացուցչի կողմից 28.09.2021 թվականի վճիռը վերաքննության կարգով բողոքարկվել է 07.11.2022 թվականին: Սա վկայում է, որ Հայցվորի՝ իր իրավունքների արդյունավետ դատական պաշտպանության իրավունքի և արդար դատաքննության իրավունքի տարր կազմող գործի ողջամիտ ժամկետում քննության իրավունքի խախտումը հանգեցրել է ինչպես դատավարական հետևանքներ՝ Հայցվորի՝ վճիռը բողոքարկելու իրավունքն իրականացնելու հնարավորությունից տևական ժամանակ զրկված լինելու տեսքով, այնպես էլ՝ նյութաիրավական հետևանքներ՝ Հայցվորի՝ գումարի բռնագանձման պահանջի իրավունքի իրականացմամբ իրեն հասանելիք ֆինանսական միջոցները վերադարձնելու հնարավորությունից տևական ժամանակ զրկված լինելու տեսքով:

Վկայակոչելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի (այսուհետ նաև՝ Օրենսգիրք) 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, 70-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետը, ՄԱԿ-ի տնտեսական և սոցիալական խորհրդի 2006 թվականի թիվ 2006/23 բանաձևով հաստատված Դատավորների վարքագծի բանգալորյան սկզբունքների (այսուհետ՝ Բանգալորյան սկզբունքներ) 4-րդ, 6.5-րդ կետերը, Բանգալորյան սկզբունքների մեկնաբանությունները՝ Նախարարը նշել է, յուրաքանչյուր դեպքում, երբ անձն ընտրում է իր իրավունքների պաշտպանության դատական կարգը՝ վստահելով իր մասնակցությամբ վեճի լուծումը դատարանին և ունենալով լեգիտիմ ակնկալիք, որ դատարանը հնարավորինս սեղմ ժամկետներում կքննի և կլուծի իր գործը, իսկ դատարանը չի պահպանում օրենքով սահմանված դատավարական ժամկետները (օրենքով սահմանված ողջամիտ ժամկետները), ապա նման վարքագիծը ոչ միայն հանգեցնում է առանց արդարադատության շահերին վնասելու` ողջամիտ ժամկետում և նվազագույն դատական ծախսերի կատարմամբ օրենքով իր իրավասությանը վերապահված հարցերը քննելու և լուծելու վարքագծի կանոնի, այլև դատական իշխանության անկախության և անաչառության վերաբերյալ հանրության վստահությունը նվազեցնող վարքագիծ դրսևորելուց զերծ մնալու վարքագծի կանոնի խախտման, քանի որ դատարանի կողմից գործի քննության և լուծման, ինչպես նաև գործով կայացված եզրափակիչ դատական ակտը գործի մասնակիցներին մատչելի դարձնելը ձգձգելու արդյունքում անձի մոտ խարխլվում է դատական համակարգի և արդարադատության արդյունավետության նկատմամբ վստահությունը՝ հեղինակազրկելով դատական իշխանությունը:

Քննարկվող դեպքում Գործը քննելու և լուծելու, ինչպես նաև վճիռը հրապարակելու և դրա օրինակները Հայցվորին և Պատասխանողին ուղարկելու համար սահմանված ժամկետները Դատարանի կողմից էապես խախտելու հանգամանքը դատավարության կողմերի, ինչպես նաև անկողմնակալ դիտորդի մոտ առաջացնում է ողջամիտ կասկած՝ Դատավորի կողմից առանց արդարադատության շահերին վնասելու` ողջամիտ ժամկետում օրենքով իր իրավասությանը վերապահված հարցերը քննելուն և լուծելուն ուղղված անհրաժեշտ շրջահայացություն և պատշաճ վարքագիծ ցուցաբերելու առնչությամբ: Դատարանի նման գործելակերպն ուղղակի ազդեցություն է ունենում դատարանի գործունեության արդյունավետության վրա, որն իր հերթին նվազեցնում է հանրության վստահությունն արդարադատության նկատմամբ և հեղինակազրկում է դատական իշխանությունը:

Արդյունքում, Դատավորի կողմից Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 210-րդ հոդվածի 2-րդ մասի, 179-րդ հոդվածի 1-2-րդ մասերի խախտումները` որպես հետևանք, հանգեցրել են նաև Օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 70-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով սահմանված վարքագծի կանոնների խախտման:

Միաժամանակ Նախարարը, վկայակոչելով Օրենսգրքի 142-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերը, նշել է, որ Գործի փաստական հանգամանքների ուսումնասիրության և կատարված իրավական վերլուծության համադրման արդյունքում Դատավորի կողմից դատավարական իրավունքի նորմերի խախտումը կատարվել է մեղավորությամբ, որը դրսևորվել է կոպիտ անփութությամբ: Հաշվի է առնվել նաև հարուցված կարգապահական վարույթի շրջանակներում Դատավորի կողմից իրեն վերագրվող խախտման հանգամանքների և պատճառների, խախտման իրավական գնահատականի վերաբերյալ բացատրությամբ ներկայացված փաստարկները, ինչպես նաև վարույթ հարուցած մարմնի կողմից խախտումները դիտավորությամբ կատարելու մասով ապացուցված չլինելու հանգամանքը: Այսպիսով՝ Դատավորը չի գիտակցել իր վարքագծի ոչ իրավաչափ բնույթը՝ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 210-րդ հոդվածի 2-րդ մասով, 179-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասով սահմանված պահանջների խախտման առնչությամբ, թեև տվյալ իրադրությունում ակնհայտորեն կարող էր և պարտավոր էր կատարել Քաղաքացիական դատավարության օրենսգրքի սահմանված ժամկետում Գործը քննելու և լուծելու, վճիռը հրապարակելու և գործին մասնակցող անձանց ուղարկելու դատավարական պարտականությունները:

Վերոգրյալից նաև հետևում է, որ Դատավորի կողմից կոպիտ անփութությամբ դատավարական իրավունքի նորմերի խախտումներ կատարելու հետ միաժամանակ վերջինս կոպիտ անփութությամբ թույլ է տրվել նաև վարքագծի կանոնների խախտում՝ ի պաշտոնե գործելիս առանց արդարադատության շահերին վնասելու` ողջամիտ ժամկետում չլուծելով իր իրավասությանը վերապահված հարցերը և ցանկացած գործունեություն իրականացնելիս և բոլոր հանգամանքներում զերծ չմնալով դատական իշխանությունը վարկաբեկող, ինչպես նաև դատական իշխանության անկախության և անաչառության վերաբերյալ հանրության վստահությունը նվազեցնող վարքագիծ դրսևորելուց:

Անդրադառնալով Դատավորի կողմից բացատրությամբ ներկայացված դիրքորոշմանն առ այն, որ Դատավորին վերագրվող դատավորի վարքագծի կանոնների խախտման պահից անցել է 1 տարի, ուստի որոշումը կայացնելիս արդեն իսկ լրացել էր դատավորի վարքագծի կանոնների խախտման հիմքով դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու ժամկետը՝ Նախարարը նշել է, որ Խորհուրդն իր 24.11.2022 թվականի թիվ ԲԴԽ-105-Ո-Կ-25 որոշման շրջանակներում քննելով Դատավորի կողմից՝ կարգապահական վարույթի ընթացքի համար Օրենսգրքով սահմանված ժամկետները խախտված լինելու հիմքով ներկայացված կարգապահական վարույթը կարճելու վերաբերյալ միջնորդությանը:

 Անդրադառնալով բացատրությամբ ներկայացված դիրքորոշմանն առ այն, որ դատավարական և նյութական իրավունքի նորմի խախտումը կարող է դիտարկվել որպես դատավորին կարգապահական պատասխանատվության հիմք միայն դատավորի վարքագծի կանոնի խախտման համակցությամբ պայմանավորված՝ Նախարարը, վկայակոչելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 16-րդ հոդվածի 6-րդ մասը, նշել է, որ Օրենսգրքի 142-րդ հոդվածի 1-ին մասը կառուցված է 2 առանձնացված կետերից, որոնցով բաժանված են դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերը (կամ պայմանները), ընդ որում, այդ կետերն իրարից առանձնացված են միջակետով, ոչ՝ ստորակետով կամ «և» կամ «ու» կամ «կամ» շաղկապով, հետևաբար այդ կետերում շարադրված հիմքերից առնվազն մեկի առկայությունը բավարար է դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար:

Այսպիսով՝ Օրենսգրքի՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերը սահմանող 142-րդ հոդվածի 1-ին մասի վերլուծությունից հետևում է, որ նյութական կամ դատավարական իրավունքի նորմի դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ կատարված խախտումը և դատավորի վարքագծի կանոնների դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ կատարված խախտումը դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու ինքնուրույն հիմքեր են և կարող են հանգեցնել դատավորի կարգապահական պատասխանատվության թե՛ ինքնուրույն, թե՛ միասին:

Ինչ վերաբերում է բացատրությամբ ներկայացված օրենքով սահմանված դատավարական ժամկետները գերծանրաբեռնվածության պատճառով պրակտիկայում չպահպանելու հիմնավորումներին, ապա Նախարարը նշել է, որ թեև Դատավորը վկայակոչել է հայցադիմումը վարույթ ընդունելուց հետո մինչև առաջին դատական նիստի նշանակումը վերապատրաստման հիմքով աշխատանքի չներկայանալու հանգամանքը, սակայն Դատավորի կողմից ներկայացված ժամանակացույցի համաձայն՝ վերջինս ներառված չէ համապատասխան խմբում որպես 09.11.2020-13.11.2020 թվականներն ընկած ժամանակահատվածում վերապատրաստման ենթակա դատավոր, բացի այդ, 5-օրյա ժամկետով բացակայությունը չի կարող որոշիչ փաստարկ հանդիսանալ հայցադիմումը վարույթ ընդունելուց հետո առաջին նիստի 5 ամիս 22 օր հետո նշանակումն արդարացնելու համար: Նույն մոտեցումը կիրառելի է նաև 25.12.2020-30.12.2020 թվականներն ընկած ժամանակահատվածում արձակուրդում գտնվելու հիմքով Դատավորի՝ 4 աշխատանքային օր տևող բացակայությանը:

Ինչ վերաբերում է 30.04.2021-25.05.2021 թվականները (որից 12 օրն անաշխատունակության, իսկ 13 օրը հերթական ամենամյա արձակուրդում գտնվելու հիմքով) և 29.07.2021-20.08.2021 թվականները (ամենամյա արձակուրդում գտնվելու հիմքով) Դատավորի բացակայության հանգամանքին, ապա Նախարարը նշել է, որ հարկ է հաշվի առնել այն, որ Դատավորը նախապես տեղյակ է իրեն հատկացվող ամենամյա արձակուրդի ժամանակացույցին1, ինչը թույլ է տալիս իր գործունեությունը կազմակերպել դատարանի բնականոն գործունեությունն ապահովելու համատեքստում:

Անդրադառնալով Դատավորի բացատրությամբ ներկայացված դիրքորոշմանն առ այն, որ Օրենսգրքի 147-րդ հոդվածի 6-րդ մասի հիմքով, ինչպես նաև նույն արարքի համար կրկին պատասխանատվության ենթարկվելու արգելքի սկզբունքի համաձայն՝ սույն կարգապահական վարույթը ենթակա է կարճման՝ Նախարարը նշել է, որ Օրենսգրքի 142-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասում ամրագրված իրավական նորմերի համադրված վերլուծությունից հետևում է, որ կարգապահական խախտում է համարվում արարքը, որն իր մեջ պարունակում է Օրենսգրքով սահմանված՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերի հատկանիշներ:

Քննարկվող դեպքում Արդարադատության նախարարի կողմից Դատավորի նկատմամբ կարգապահական վարույթները հարուցվել են տարբեր կարգապահական խախտումներ թույլ տալու հիմքով, քանի որ առնվազն տարբեր են կարգապահական խախտումներ համարվող արարքների օբյեկտիվ կողմը: Թեև երկու դեպքում էլ Դատավորին վերագրվող որոշ դատավարական իրավունքի նորմերի և դատավորի վարքագծի կանոնների խախտումները համընկնում են, սակայն այդ խախտումները դրսևորվել են տարբեր արարքներով (գործողությամբ և անգործությամբ): Բացի այդ, Խորհրդի 24.11.2022 թվականի թիվ ԲԴԽ-105-Ո-Կ-25 որոշման առկայությունը չի կարող բացառել Դատավորի կողմից այլ քաղաքացիական գործերով արդարադատություն իրականացնելիս Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածի 7-րդ մասի, 179-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի խախտման հատկանիշներ պարունակող արարքների կատարման հիմքով կարգապահական վարույթի հարուցումը, իսկ կարգապահական վարույթ հարուցված լինելու դեպքում՝ դրա կարճումը:

Անդրադառնալով բացատրությամբ Դատավորի կողմից ներկայացված՝ իր արարքը նվազ կարևորություն ունենալու մասին փաստարկին՝ Նախարարը նշել է, որ հաշվի առնելով սույն կարգապահական վարույթի փաստական հանգամանքները և կատարված իրավական վերլուծությունները՝ Դատավորի կողմից աշխատանքային վեճով գործի քննությունը և լուծումն օրենքով սահմանված ժամկետից ավելի քան 1 տարի 8 ամիս անց իրականացնելը, օրենքով սահմանված ժամկետից ավելի քան 1 տարի անց վճիռը հրապարակելը և դրա օրինակը դատավարության կողմերին տրամադրելը չի կարող որևէ մեկնաբանությամբ համարվել որպես նվազ կարևոր:

Այսպիսով, վերոնշյալը վկայում է, որ Դատավորի կողմից բացատրությամբ ներկայացված փաստարկները հիմնավոր չեն:

 

3 Դատավորի դիրքորոշումը հարուցված կարգապահական վարույթի վերաբերյալ

Դատավորը Նախարարին ներկայացրած բացատրությամբ միջնորդել է կարճել կարգապահական վարույթը հետևյալ հիմնավորումներով.

Ըստ Դատավորի՝ տվյալ դեպքում որոշման ուսումնասիրությունից հետևում է, որ Դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու առերևույթ հիմքը ծագել է 28.09.2021 թվականին կամ հաջորդ օրը՝ 30.09.2021 թվականին, իսկ որոշ մասով նաև՝ ավելի վաղ:

Դատավորը նշել է, որ նկատի ունենալով, որ Օրենսգրքի 144-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու նպատակով վարույթը կարող է հարուցվել դատավորի կողմից սույն օրենսգրքով սահմանված դատավորի վարքագծի կանոնները դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ խախտելու հիմքով խախտումը վարույթ հարուցող մարմնի կողմից հայտնաբերվելուց հետո՝ եռամսյա ժամկետում, բայց ոչ ուշ, քան խախտումը կատարելուց մեկ տարի հետո (...), միաժամանակ արձանագրելով, որ իր նկատմամբ կարգապահական վարույթը հարուցվել է 25.11.2022 թվականին, այսինքն՝ դատավորի վարքագծի կանոնների ենթադրյալ խախտումը կատարելուց մեկ տարվա ժամկետը լրանալուց հետո, դատավորի վարքագծի կանոնների խախտման մասով իր նկատմամբ կարգապահական վարույթը հարուցվել է Օրենսգրքով նախատեսված ժամկետի ավարտից հետո:

Օրենսգրքով նախատեսված դատավարական իրավունքի նորմի ենթադրյալ խախտումը, պահանջվող այլ վավերապայմանների հետ միաժամանակ, պետք է գնահատականի արժանանա Օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 70-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով սահմանված իրավակարգավորումների համատեքստում, և առանց այդ հետևանքների ինքնին չի կարող հիմք հանդիսանալ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար: Հետևաբար, դատավորի վարքագծի կանոնի՝ իրեն վերագրված ենթադրյալ խախտման հիմքով նախատեսված ժամկետի ավարտից հետո կարգապահական վարույթ հարուցված լինելու պայմաններում իրեն վերագրվող դատավարական իրավունքի նորմերի ենթադրյալ խախտում ինքնին չի կարող առկա լինել:

Դատավորը նշել է, որ թեև Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 210-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է, որ աշխատանքային վեճերն առաջին ատյանի դատարանում քննվում և լուծվում են հայցադիմումը վարույթ ընդունելուց հետո երեք ամսվա ընթացքում, սակայն դատական պրակտիկայում, պայմանավորված դատավորների գերծանրաբեռնվածության հանրահայտ հանգամանքով, ինչպես նաև դատավարության մասնակիցներին ծանուցելու, վերջիններիս դատավարական փաստաթղթերն ուղարկելու համար նույն օրենսգրքի 95-րդ և 99-րդ հոդվածներով նախատեսված գործողությունների կատարման համար պահանջվող դատավարական ժամկետներով, շատ հաճախ ուղղակի ֆիզիկապես հնարավոր չի լինում պահպանել այդ ժամկետները: Իսկ տվյալ դեպքում, ի թիվս վերոնշյալ հանգամանքների, առկա են եղել այլ օբյեկտիվ պատճառներ ևս, մասնավորապես՝ 09.11.2020-13.11.2020 թվականներն ընկած ժամանակահատվածում մասնակցել է դատավորների 2020 թվականի վերապատրաստման դասընթացներին, 25.12.2020-30.12.2020 թվականներն ընկած ժամանակահատվածում գտնվել է ամենամյա հերթական արձակուրդում, 13.04.2021 թվականին հրավիրված նախնական դատական նիստը չի կայացել իր վատառողջ լինելու պատճառով, 30.04.2021-24.05.2021 թվականներն ընկած ժամանակահատվածում գտնվել է ամենամյա հերթական արձակուրդում և ժամանակավոր անաշխատունակության մեջ, 29.07.2021-20.08.2021 թվականներն ընկած ժամանակահատվածում գտնվել է ամենամյա հերթական արձակուրդում:

Ըստ Դատավորի՝ սույն կարգապահական վարույթի և Խորհրդի 24.11.2022 թվականի թիվ ԲԴԽ-105-Ո-Կ-25 որոշման ուսումնասիրությունից հետևում է, որ երկու դեպքում էլ իրեն վերագրված ենթադրյալ կարգապահական խախտման հիմքերն ըստ էության նույն են և տարբեր տևողություններով, ըստ էության, վերաբերում են նույն՝ մինչև Խորհրդի նշված որոշման կայացման ժամանակահատվածին, ուստի կիրառելի է Օրենսգրքի 147-րդ հոդվածի 6-րդ մասի 4-րդ կետը: Բացի այդ, նման պայմաններում առկա է նաև նույն կարգապահական խախտման հիմքով (նույն արարքի համար, որի համար արդեն առկա է համապատասխան որոշում) նույն անձին կրկին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հանգամանք, որը չի բխում ինչպես ՀՀ օրենսդրության, այնպես էլ միջազգային իրավական ակտերի պահանջներից:

Դատավորը նշել է, որ մինչև սույն կարգապահական վարույթի հարուցումը Գործով կայացված վճռի դեմ 08.11.2022 թվականին հայցվոր կողմը բերել է վերաքննիչ բողոք և Գործն այժմ գտնվում է Վերաքննիչ քաղաքացիական դատարանում, ուստի, եթե նույնիսկ իրեն վերագրված ենթադրյալ արարքը ձևականորեն պարունակում է Օրենսգրքով նախատեսված՝ նշված կարգապահական խախտման հատկանիշները, ապա ամբողջ վերոգրյալի հաշվառմամբ իր նվազ կարևորության պատճառով չի կարող կասկածի տակ դնել դատավորի համապատասխանությունը դատավորի կարգավիճակին և իր էությամբ չի կարող հեղինակազրկել դատական իշխանությունը:

 

4. Հարուցված կարգապահական վարույթի համար էական նշանակություն ունեցող հանգամանքները

1) Տաթև Դալողլանյանը ներկայացուցչի միջոցով 12.10.2020 թվականին հայցադիմում է ներկայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ Ա/Ձ Մարգար Օհանջանյանի՝ աշխատանքային պայմանագրի լուծման իրավական ակտն անվավեր ճանաչելու, հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձի չափով գումար բռնագանձելու պահանջների մասին:

2) Դատարանի կողմից 21.10.2020 թվականին կայացվել է հայցադիմումը վարույթ ընդունելու և ապացույցներ պահանջելու մասին որոշում:

3) Դատարանի կողմից 15.03.2021 թվականին կայացվել է նախնական դատական նիստ նշանակելու մասին որոշում, որով նախնական դատական նիստ է հրավիրվել 13.04.2021 թվականին: Ըստ Համակարգում առկա տվյալների և դատական նիստերի քարտուղարի կողմից կազմված տեղեկանքի՝ այն չի կայացել Դատավորի վատառողջ լինելու պատճառով:

4) Դատարանի 15.03.2021 թվականին նախնական դատական նիստ նշանակելու մասին որոշումը 15.03.2021 թվականին ուղարկվել է Պատասխանողին՝ գործունեության հասցեով և Հայցվորի ներկայացուցչին, սակայն այն համապատասխանաբար 01.04.2021 թվականին և 03.04.2021 թվականին վերադարձվել է Դատարան՝ «չպահանջված» և «անհայտ» նշումներով, իսկ Պատասխանողի հաշվառման հասցեով 15.03.2021 թվականին ուղարկված նույն որոշումը վերջինիս կողմից ստացվել է 29.03.2021 թվականին: Պատասխանողին փոխանցելու նպատակով վերոնշյալ որոշումն ուղարկվել է Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարին, միևնույն ժամանակ 24.03.2021 թվականին Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրվել է հրապարակային ծանուցում՝ դատավարական փաստաթղթերը դրանց ծանոթանալու նպատակով Դատարանում (Արաբկիր նստավայր, ք. Երևան, Հ. Ներսիսյան 10) դեպոնացված լինելու մասին:

5) Դատարանում 12.04.2021 թվականին ստացվել է Պատասխանողի ներկայացուցչի դիմումը՝ Գործով 13.04.2021 թվականին նշանակված նախնական դատական նիստը հետաձգելու վերաբերյալ:

6) Հաջորդ նախնական դատական նիստը նշանակվել է 15.06.2021 թվականին, որը ըստ դատական նիստի արձանագրության՝ հետաձգվել է Հայցվորի պատշաճ ծանուցումն ապահովված չլինելու պատճառով:

Նշված օրվա դատական նիստի տեղի և ժամանակի մասին դատական ծանուցագիրը 15.04.2021 թվականը թվագրմամբ ուղարկվել է Պատասխանողին և Հայցվորի ներկայացուցչին: Պատասխանողի ներկայացուցիչը մասնակցել է դատական նիստին, իսկ Հայցվորի ներկայացուցչին ուղարկված դատական ծանուցագիրը 15.06.2021 թվականին վերադարձվել է Դատարան՝ «չպահանջված» նշմամբ:

7) Հաջորդ նախնական դատական նիստը նշանակվել է 13.07.2021 թվականին, որն ըստ դատական նիստի արձանագրության՝ կայացել է, նիստին մասնակցել են Հայցվորի և Պատասխանողի ներկայացուցիչները, նիստը հետաձգվել է և հաջորդ նախնական դատական նիստը նշանակվել է 07.09.2021 թվականին:

8) 07.09.2021 թվականին նշանակված դատական նիստը կայացել է, որի ընթացքում Դատարանը Գործի քննությունը հայտարարել է ավարտված և դատական ակտի հրապարակման օր է նշանակել 28.09.2021 թվականին:

9) Դատարանի 28.09.2021 թվականի վճիռը, որով հայցը մերժվել է, Համակարգում տեղադրվել է 05.10.2022 թվականին (ստեղծման ամսաթիվ: 2022-10-05 18:18:02):

10) Վճռի դեմ 07.11.2022 թվականին ներկայացվել է վերաքննիչ բողոք:

11) Դատարանում 01.06.2022 թվականին ստացվել է Հայցվորի ներկայացուցչի դիմումը՝ Գործի նյութերին ծանոթանալու և վճռի օրինակը տրամադրելու վերաբերյալ:

12) Դատարանում 07.09.2022 թվականին ստացվել է Հայցվորի ներկայացուցչի դիմումը՝ Գործի նյութերը և վճիռը նախորդ դիմումը ներկայացնելուց հետո դեռևս տրամադրված չլինելու վերաբերյալ:

13) Հայցվորի ներկայացուցիչը Գործի նյութերին ծանոթացել և դրանցից լուսանկարներ կատարել է 06.10.2022 թվականին, վերջինիս վճռի օրինակն առձեռն հանձնվել է 06.10.2022 թվականին:

14) Գործի նյութերում առկա հանձնման մասին փոստային անդորրագրի համաձայն՝ Պատասխանողի ներկայացուցիչը վճռի օրինակն ստացել է 11.10.2022 թվականին:

15) Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի 11.12.2020 թվականի թիվ 593-Ա որոշման համաձայն՝ Դատավորին տրամադրվել է 24.12.2019-24.12.2020 թվականների ժամանակահատվածի ամենամյա հերթական արձակուրդի չօգտագործված մասը, 4 աշխատանքային օր՝ 25.12.2020-30.12.2020 թվականը ներառյալ, աշխատանքի ներկայանալու ամսաթիվ՝ 08.01.2021 թվականը:

16) Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի 14.04.2021 թվականի թիվ 165-Ա որոշման համաձայն՝ Դատավորին տրամադրվել է 24.12.2020-24.12.2021 թվականների ժամանակահատվածի ամենամյա հերթական արձակուրդից 7 աշխատանքային օր՝ 30.04.2021-10.05.2021 թվականը ներառյալ, աշխատանքի ներկայանալու ամսաթիվ՝ 11.05.2021 թվականը:

17) Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի 24.05.2021 թվականի թիվ 226-Ա որոշման համաձայն՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի 14.04.2021 թվականի թիվ 165-Ա հրամանում կատարվել է փոփոխություն՝ 10.05.2021 թվականի արձակուրդային օրը տեղափոխվել է 24.05.2021 թվականին, աշխատանքի ներկայանալու ամսաթիվ՝ 25.05.2021 թվականը:

18) Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի 09.07.2021 թվականի թիվ 365-Ա որոշման համաձայն՝ Դատավորին տրամադրվել է 24.12.2020-24.12.2021 թվականների ժամանակահատվածի ամենամյա հերթական արձակուրդի մնացած մասից 17 աշխատանքային օր՝ 29.07.2021-20.08.2021 թվականը ներառյալ:

19) «Արարատի ԱԱՊԿ» ՊՈԱԿ-ի կողմից 10.05.2021 թվականին Դատավորին տրված անաշխատունակության թերթիկի համաձայն՝ անաշխատունակության ժամանակահատված է նշված 10.05.2021 թվականից մինչև 21.05.2021 թվականը:

 

5. Հարուցված կարգապահական վարույթի շրջանակներում էական նշանակություն ունեցող իրավական հարցադրումները

Հաշվի առնելով Նախարարի կողմից միջնորդությունում բերված փաստարկներն ու հիմնավորումները և դրանց դեմ Դատավորի կողմից ներկայացված պատասխանը` Խորհուրդը Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հարցը լուծելու համար էական է համարում անդրադառնալ հետևյալ հարցադրումներին.

5.1. արդյո՞ք Դատավորը խախտել է Քաղաքացիական դատավարության օրենսգրքով առանձին աշխատանքային վեճերով վարույթի և դատարանի առանձին ակտի ձևով կայացված որոշումը գործին մասնակցող անձանց ուղարկվելու համար սահմանված դատավարական ժամկետները,

5.2. արդյո՞ք թիվ ԵԴ/30255/02/20 քաղաքացիական գործով Դատավորի կողմից թույլ տրված դատավարական իրավունքի նորմի խախտումները հանգեցրել են դատավորի վարքագծի կանոնի խախտման,

5.3. Դատավորի կողմից թույլ տրված դատավարական իրավունքի նորմերի և դատավորի վարքագծի կանոնների խախտումները կատարվել են դիտավորությամբ, թե՞ կոպիտ անփութությամբ:

 

6 Խորհրդի պատճառաբանությունները և եզրահանգումները

Քննարկելով Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը, լսելով Նախարարի հաղորդումը, ինչպես նաև վերջինիս ներկայացուցիչների դիրքորոշումները, Դատավորի պատասխանը, ուսումնասիրելով կարգապահական վարույթի նյութերը և հետազոտելով ապացույցները՝ Խորհուրդը գտնում է, որ Նախարարի կողմից ներկայացված միջնորդությունը ենթակա է բավարարման՝ հետևյալ պատճառաբանությամբ.

Օրենսգրքի 142-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերի համաձայն՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերն են՝

1) արդարադատություն կամ որպես դատարան՝ օրենքով նախատեսված այլ լիազորություններ իրականացնելիս նյութական կամ դատավարական իրավունքի նորմի խախտումը, որը կատարվել է դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ.

2) դատավորի կողմից սույն օրենսգրքով սահմանված՝ դատավորի վարքագծի կանոնները խախտելը, բացառությամբ սույն օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետով սահմանված կանոնի, որը կատարվել է դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ:

Խորհուրդն արձանագրում է, որ Նախարարի կողմից կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդության հիման վրա Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը քննության է առնում Օրենսգրքի 152-րդ հոդվածում ամրագրված դրույթի պահանջներին համապատասխան, այն է՝ «Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննությունը Բարձրագույն դատական խորհրդում կատարվում է միայն դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը լուծելու համար միջնորդություն ներկայացնելու մասին որոշմամբ նշված կարգապահական խախտման սահմաններում»: Այդ կապակցությամբ Բարձրագույն դատական խորհրդի իրավական հետազոտման առարկան սահմանափակվում է միջնորդությամբ ներկայացված հիմքերի և հիմնավորումների շրջանակներում:

Միաժամանակ Խորհուրդը հարկ է համարում արձանագրել, որ Նախարարի 24.01.2023 թվականի թիվ 4-Ա որոշումը կրում է «Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Ստեփանյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությամբ Բարձրագույն դատական խորհրդին դիմելու մասին» վերտառությունը, ինչպես նաև որոշմամբ բերված միջնորդության ողջ բովանդակության մեջ մատնանշված է, որ այն վերաբերում է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Ստեփանյանին։ Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 23.12.2022 թվականին ընդունված և 07.01.2023 թվականին ուժի մեջ մտած թիվ ՀՕ-575-Ն օրենքի 36-րդ հոդվածի 14-րդ և 15-րդ մասերի ուժով սահմանվել է, որ վերոնշյալ օրենքն ուժի մեջ մտնելու պահից Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը համարվում է վերակազմակերպված Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական և քրեական դատարանների, իսկ օրենքն ուժի մեջ մտնելու պահից Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի քաղաքացիական և քրեական մասնագիտացման դատավորները շարունակում են պաշտոնավարել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության համապատասխանաբար քաղաքացիական և քրեական դատարանի դատավորների պաշտոնում և շարունակում են քննել իրենց վարույթում եղած գործերը, հետևաբար Խորհուրդն արձանագրում է, որ Նախարարի կողմից կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը քննության է առնվել «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 23.12.2022 թվականին ընդունված և 07.01.2023 թվականին ուժի մեջ մտած թիվ ՀՕ-575-Ն օրենքի իրավակարգավորումների ներքո։

ՀՀ սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

ՀՀ սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ նաև՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն՝ «1. Յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք: (…)»:

Օրենսգրքի 9-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործի քննությունը և լուծումը պետք է իրականացվեն ողջամիտ ժամկետում: Իսկ 3-րդ մասի համաձայն՝ եթե գործի քննության և լուծման համար օրենքով սահմանված է հատուկ ժամկետ, ապա այն պետք է քննվի և լուծվի այդ ժամկետում: Նման ժամկետի երկարաձգումը թույլատրվում է բացառապես օրենքով սահմանված դեպքերում և կարգով:

Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 210-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի համաձայն՝

1. Դատարանը սույն գլխով սահմանված կարգով քննում և լուծում է աշխատանքային պայմանագրի փոփոխման, լուծման և աշխատողին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հետ կապված անհատական աշխատանքային վեճերը (այսուհետ՝ աշխատանքային վեճ):

2. Աշխատանքային վեճերն առաջին ատյանի դատարանում քննվում և լուծվում են հայցադիմումը վարույթ ընդունելուց հետո՝ երեք ամսվա ընթացքում:

Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ վճռի օրինակը ոչ ուշ, քան դրա հրապարակման հաջորդ օրն ուղարկվում է գործին մասնակցող անձանց, եթե մինչ այդ առձեռն նրանց չի հանձնվել:

Խորհուրդը, ինչպես նախկինում իր կայացրած որոշումներում սույն կարգապահական վարույթի շրջանակներում վերահաստատելով գործի ողջամիտ ժամկետում քննության անհրաժեշտությունը և կարևորությունը, ևս մեկ անգամ փաստում է, որ դատավորին վերագրված խախտումը կարող է հանգեցնել ոչ միայն արդար դատաքննության իրավունքի խախտման, այլ նաև այլ իրավունքների խախտման, ինչպես նաև կրկին կարևորում է, որ օրենսդրությամբ ամրագրված դատավարական ժամկետներն ինքնանպատակ չեն, դրանք կոչված են երաշխավորելու դատավարական գործընթացներում իրավական որոշակիությունը, ապահովելու անձանց կողմից իրենց իրավունքներից օգտվելու նպատակով հաջորդիվ քայլեր ձեռնարկելու հնարավորությունը2։

Օրենսդրի կողմից ժամկետների սահմանումը և պահպանումն իրավական որոշակիության սկզբունքի պահպանման երաշխիք են:

ՀՀ սահմանադրական դատարանը, անդրադառնալով ողջամիտ ժամկետում գործի քննության սկզբունքի կիրառման հարցերին, նշել է. «(…) գործը ողջամիտ ժամկետում քննելու պահանջն արդար դատաքննության իրավունքի անկյունաքարերից մեկն է, և դրա խախտումը կարող է խաթարել արդարադատության բուն էությունը, ուղղակիորեն վտանգել արդարադատության իրականացման ողջ գործընթացի արդյունավետությունը և կասկածի տակ դնել այդ գործընթացի վստահելիությունը: Միջազգայնորեն ընդունված է այն մոտեցումը, որի համաձայն՝ «ուշացած արդարադատությունը հավասար է մերժված արդարադատության» (օրինակ՝ ECHR, Cases of Vazagashvili and Shanava v. Georgia, application no. 50375/07, 18/07/2019, and Lopatin and Medvedskiy v. Ukraine, applications nos. 2278/03 and 6222/03, 20/05/2010), քանի որ գործի քննության անհարկի ձգձգումները, նույնիսկ անկախ գործի ելքից, անարդյունավետ են դարձնում մարդու իրավունքների պաշտպանությունը։

Ողջամիտ ժամկետում գործի քննության իրավունքն իր ամրագրումն է ստացել նաև «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայում (այսուհետ՝ Կոնվենցիա)։ Այսպես՝ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետը սահմանում է, որ յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի (…) դատարանի կողմից ողջամիտ ժամկետում (…) դատաքննության իրավունք:

 Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բազմիցս անդրադարձել է գործի քննությունը ողջամիտ ժամկետում իրականացնելու պահանջի բովանդակությանը՝ ընդգծելով նաև այդ պահանջի կարևորությունը: Վերջինս, մասնավորապես, նշել է, որ պահանջելով գործերի քննություն «ողջամիտ ժամկետում»՝ Կոնվենցիան ընդգծում է այն հանգամանքը, որ արդարադատությունը չպետք է իրականացվի այնպիսի ձգձգումներով, որոնք կարող են վտանգել դրա արդյունավետությունն ու վստահելիությունը (Cases of H. v. France, application no. 10073/82, 24/10/1989, and Katte Klitsche de la Grange v. Italy, application no. 12539/86, 27/10/1994)»3:

Վերոգրյալ իրավանորմերի և դիրքորոշումների լույսի ներքո Խորհուրդը կարևոր է համարում նշել, որ արդար դատաքննության իրավունքի ինքնուրույն բաղադրիչներից է դատական պաշտպանության դիմած անձի՝ գործի ողջամիտ ժամկետում քննության իրավունքը: Այդ իրավունքի արդյունավետ իրականացումն ապահովելու համար պետությունը կրում է անհրաժեշտ կազմակերպական կառուցակարգեր և ընթացակարգեր սահմանելու պարտականություն, որի ապահովմանն են նպատակաուղղված առանձին դատավարական գործողություններ կատարելու և կոնկրետ գործերի ըստ էության քննության համար օրենսդրի կողմից հատուկ ժամկետների սահմանումը: Այդպիսի ժամկետների սահմանումը դատարանների համար առաջացնում է ուղղակի պարտականություն՝ դատավարական գործողությունները կատարել և գործերի քննությունն իրականացնել օրենսդրությամբ սահմանված ժամկետում:

Քննարկվող պարագայում Հայցվորի կողմից 12.10.2020 թվականին Դատարան ներկայացված աշխատանքային պայմանագրի լուծման իրավական ակտն անվավեր ճանաչելու, հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձի չափով գումար բռնագանձելու պահանջների մասին հայցադիմումը Դատավորի 21.10.2020 թվականի որոշմամբ ընդունվել է վարույթ:

Դատավորը Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 210-րդ հոդվածի 2-րդ մասով առաջնորդվելու դեպքում պետք է Գործի քննությունն ավարտեր և հայցադիմումը մերժելու կամ բավարարելու մասին վճիռ կայացներ առնվազն մինչև 21.01.2021 թվականը, մինչդեռ Դատարանի կողմից Գործով առաջին դատական նիստը նշանակվել է միայն 2021 թվականի ապրիլի 13-ին, այսինքն՝ հայցադիմումը վարույթ ընդունելուց 5 ամիս 22 օր հետո, որը գրեթե 3 ամսով գերազանցում է աշխատանքային վեճերով գործի քննության և լուծման համար սահմանված օրենսդրական ժամկետը: Իսկ վճիռը Համակարգում տեղադրվել է 05.10.2022 թվականին:

Վկայակոչված քաղաքացիադատավարական իրավունքի նորմերի համադրությունից հետևում է, որ Գործի քննությունը և լուծումն իրականացվել է տասնմեկ ամսում՝ օրենքով սահմանված եռամսյա ժամկետի փոխարեն, ինչպես նաև Համակարգում այն տեղադրվել է ավելի քան մեկ տարի անց:

Խորհուրդն արձանագրում է, որ դատավարական ժամկետների ողջամիտ խախտումները մեղքի հիմնավորման կամ դրանց հետևանքների կարևորության աստիճանը գնահատելու տեսանկյունից կարող են արդարացվել միայն բացառիկ, դատավարության մասնակիցների հիմնարար իրավունքների պաշտպանության կամ երաշխավորման անհրաժեշտությամբ, այսինքն՝ այնպիսի իրավիճակներում, երբ դատարանները կհիմնավորեն, որ դատավարական ժամկետների խախտման արդյունքում պաշտպանվել է առավել կարևոր շահ կամ պայմանավորված լինեն դատավարության մասնակիցների վարքագծով, մինչդեռ նման պայմաններում անաչառ դիտորդի կողմից հնարավոր է ծագի ողջամիտ կասկած առ այն, որ Դատարանը վերը նշված վճիռը կայացնելու ժամանակ չի դրսևորել պատշաճ ջանասիրություն առ այն, որ կայացված դատական ակտն օրենքով սահմանված ժամկետում չի հրապարակել և չի ուղարկվել դատավարության մասնակիցներին:

Միաժամանակ, Բարձրագույն դատական խորհուրդն անհրաժեշտ է համարում արձանագրել, որ որոշակի ժամկետներով նմանատիպ գործողությունների սահմանափակումը կոչված է ապահովելու իրավահարաբերությունների կայունությունը, որոշակիությունը, հստակությունը, ինչպես նաև կանխելու և բացառելու «կամայականության վտանգ»-ը՝ տալով համապատասխան սուբյեկտներին իրենց վարքագիծն օրենքի պահանջներին համապատասխանեցնելու գործնական հնարավորություն: Տվյալ դեպքում, օրենսդիրը, հաշվի առնելով աշխատանքային վեճի առանձնահատկությունները և կարևորությունը, նպատակ ունենալով երաշխավորել վարույթի մասնակիցների իրավունքների ու օրինական շահերի պաշտպանությունը՝ նախատեսելով արդյունավետ մեխանիզմներ, սահմանել է գործի քննության առավելագույն ժամկետ, որի չպահպանումը կարող է հանգեցնել ուշացած արդարադատության:

Անդրադառնալով Դատավորի կողմից ներկայացված այն դիրքորոշմանը, որ մի քանի ամսվա ընթացքում իր վերաբերյալ Խորհուրդ է ներկայացվել միանման երկու միջնորդություն, որոնցից մեկով վերջինս ենթարկվել է կարգապահական պատասխանատվության և իրատեսական չի համարել երկրորդ միջնորդությամբ իրեն ևս պատասխանատվության ենթարկելու հանգամանքը, Խորհուրդը հարկ է համարում նշել, որ Դատավորի ներկայացրած փաստարկը իրավազուրկ է և չի կարող հիմնավոր համարվել, քանի որ Օրենսգրքի 146-րդ հոդվածի 6-րդ և 147-րդ հոդվածի 6-րդ մասերի վերլուծությունից ակնհայտ է դառնում, որ Դատավորի կողմից միջնորդությունը հիմնավորված կլիներ այն պարագայում, երբ նույն դատավորի նկատմամբ նույն արարքի համար առկա լիներ վարույթ հարուցող նույն մարմնի կողմից հարուցված կարգապահական վարույթ։

Ինչ վերաբերում է Դատավորի այն փաստարկին, ըստ որի՝ Դատարանի կայացրած դատական ակտերը դատավարության կողմերին օրենքով նախատեսված ժամկետից ուշ ուղարկվելը պայմանավորված է եղել Դատավորի գերծանրաբեռնվածության հանգամանքներով, ապա Խորհուրդը հարկ է համարում արձանագրել, որ դրանք, ըստ էության, չեն բովանդակում այնպիսի բացառիկ հանգամանքներ, որոնց հիմքով հնարավոր կլինի տվյալ իրավիճակում ենթադրյալ խախտումները համարել արդարացված որևէ ողջամիտ պատճառաբանությամբ:

Խորհուրդը կարևոր է համարում նշել նաև, որ դատական գործընթացը չպետք է դիտարկվի որպես մեխանիկական կամ զուտ ընթացակարգային գործողությունների շղթա: Այն մշտապես գտնվում է դինամիկ վիճակում և պահանջում է առավելագույն ճկունություն, քանի որ յուրաքանչյուր գործով, անկախ դրանց նմանություններից և տարբերություններից, վերջին հաշվով, դատարանը առնչվում է առանձին անձի իրավունքների և ազատությունների իրականացման ապահովմանը:

Միաժամանակ Խորհուրդը, ինչպես նախկին կարգապահական վարույթներով, այնպես էլ սույն կարգապահական վարույթի շրջանակներում հարկ է համարում կրկին արձանագրել, որ, այդուհանդերձ, ՀՀ կառավարության 2022 թվականի հուլիսի 21-ի «Հայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թվականների ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների ծրագիրը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 10-ի N 1441-Լ որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 1133-Լ որոշմամբ և Բարձրագույն դատական խորհրդի գործունեության 2019 թվականի տարեկան հաղորդմամբ արձանագրված դատարանների գերծանրաբեռնվածության փաստի ուժով դատավարական ժամկետների խախտումներ կարող են տեղի ունենալ, մինչդեռ դրանք պետք է լինեն ողջամիտ և արդարացված այնքանով, որ չհանգեցնեն դատավարության մասնակիցների հիմնարար իրավունքների և ազատությունների էական սահմանափակումների և խախտումների: Դատավարական ժամկետների պահպանման օբյեկտիվ անհնարինության պայմաններում, այդուհանդերձ, յուրաքանչյուր դեպքում դատավորները պետք է բացառեն դրանց պահպանման առումով անտարբերության, դատավարության մասնակիցներից և որևէ մեկի նկատմամբ կողմնակալության տպավորության հնարավորությունը, որը կարող է ձևավորվել անկողմնակալ դիտորդի տեսանկյունից4։

Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները, ինչպես նաև հիմք ընդունելով Դատավորի բացատրությունները՝ Խորհուրդը գտնում է, որ Դատավորի կողմից թիվ ԵԴ/30255/02/20 քաղաքացիական գործով թույլ են տրվել Քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսված ժամկետների խախտումներ։

Խորհուրդը միաժամանակ արձանագրում է, որ Դատավորի կողմից դատավարական իրավունքի նորմերի խախտումները, այն է՝ գործերի քննության ժամկետի խախտումը և դատական ակտերը կողմերին օրենքով սահմանված ժամկետից ուշ ուղարկելը, հանգեցրել են դատավորի վարքագծի կանոնի խախտման, մասնավորապես վերջինս թույլ է տվել Օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով (ցանկացած գործունեություն իրականացնելիս և բոլոր հանգամանքներում դատավորը պարտավոր է զերծ մնալ դատական իշխանությունը վարկաբեկող, ինչպես նաև դատական իշխանության անկախության և անաչառության վերաբերյալ հանրության վստահությունը նվազեցնող վարքագիծ դրսևորելուց) և 70-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով նախատեսված առանց արդարադատության շահերին վնասելու` ողջամիտ ժամկետում և նվազագույն դատական ծախսերի կատարմամբ օրենքով իր իրավասությանը վերապահված հարցերը քննելու և լուծելու վարքագծի կանոնների խախտում:

Խորհուրդն արձանագրում է, որ Դատավորի կողմից թույլ տրված խախտումները կատարվել են կոպիտ անփութությամբ՝ հետևյալ պատճառաբանությամբ.

Օրենսգրքի 142-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ նույն գլխի իմաստով՝ արարքը համարվում է դիտավորությամբ կատարված, եթե դատավորը գիտակցել է իր վարքագծի ոչ իրավաչափ բնույթը: Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ նույն գլխի իմաստով՝ արարքը համարվում է կոպիտ անփութությամբ կատարված, եթե դատավորը չի գիտակցել իր վարքագծի ոչ իրավաչափ բնույթը, թեև տվյալ իրադրությունում ակնհայտորեն կարող էր և պարտավոր էր դա անել:

Վերը նշված իրավանորմերի տրամաբանությունից բխում է, որ օրենսդրի կողմից արդարադատություն կամ որպես դատարան՝ օրենքով նախատեսված այլ լիազորություններ իրականացնելիս նյութական կամ դատավարական իրավունքի նորմի խախտման վարքագծի առումով առանձնացվել են մեղքի դրսևորման երկու ձևեր՝ դիտավորություն և կոպիտ անփութություն:

Խորհուրդն արձանագրում է, որ դատավորի կարգապահական պատասխանատվության տեսանկյունից մեղքը դատավորի վերաբերմունքն է իր կողմից կատարված արարքի նկատմամբ:

Խորհուրդը գտնում է, որ Դատավորն իրեն վերագրվող խախտումները կատարել է կոպիտ անփութությամբ, քանի որ չի գիտակցել իր վարքագծի ոչ իրավաչափ բնույթը, թեև տվյալ իրադրությունում ակնհայտորեն կարող էր և պարտավոր էր դա անել, այնքանով, որքանով չեն հիմնավորվել քաղաքացիադատավարական նորմով սահմանված ժամկետի խախտումները՝ որևէ իրավաչափ նպատակով: Դատարանի նման վարքագծի դրսևորումը կարող է ողջամիտ կասկած հարուցել նաև Դատարանի անկախության ու անաչառության նկատմամբ, դրանով իսկ նվազեցնելով հանրության վստահությունը դատական իշխանության նկատմամբ:

Վերոգրյալի հիման վրա Խորհուրդն արձանագրում է, որ Դատավորի կողմից թույլ տրված խախտումներն իրենց բնույթի և հետևանքների առումով ստվերում են դատարանի անկախությունն և անաչառությունը, հանրության մոտ առաջացնում են անվստահություն ՀՀ սահմանադրությամբ և Օրենսգրքով ամրագրված դատական իշխանության անկախության և անաչառության կարևորագույն սկզբունքների նկատմամբ։

Խորհուրդը նաև հարկ է համարում նշել, որ Դատավորի վերաբերյալ նախկինում հարուցված է եղել ևս մեկ կարգապահական վարույթ, որի շրջանակներում վերջինս ենթարկվել է կարգապահական պատասխանատվության՝ ստանալով նկատողություն, որը մարված չէ:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 6-րդ մասով, 142-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով, 149-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, 154-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով և 155-րդ հոդվածով՝ Խորհուրդը,

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի միջնորդությունը՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Արթուր Ստեփանյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ, բավարարել: Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Արթուր Ստեփանյանին հայտարարել նկատողություն:

2. Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և վերջնական է:

 

_________________________

1 https://court.am/storage/uploads/files/bdx-decisions/DSrnXFb02cQrliko36P5vTBB9KfbV447bWfP2cSK.pdf

2 Տես, Բարձրագույն դատական խորհրդի (inter alia) 02.04.2020թ. թիվ ԲԴԽ-6-Ո-Կ-3, 20.12.2021թ. թիվ ԲԴԽ-101-Ո-Կ-27, 22.09.2022թ. թիվ ԲԴԽ-72-Ո-Կ-17, 03.11.2022թ. թիվ ԲԴԽ-89-Ո-Կ-22 որոշումները:

3 Տես, ՀՀ սահմանադրական դատարանի 16.03.2021թ. թիվ ՍԴՈ-1585 որոշումը։

4 Տես, Բարձրագույն դատական խորհրդի 22.09.2022թ. թիվ ԲԴԽ-72-Ո-Կ-17 որոշումը:

 

Բարձրագույն դատական խորհրդի

նախագահ

 
Կ. Անդրեասյան
   
անդամներ` Հ. Գրիգորյան
  Ե. Թումանյանց
 

Դ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

  Ն. Հովսեփյան
  Մ. Մակյան
  Ա. Մխիթարյան
 

Ք. ՄԿՈՅԱՆ

Ս. Չիչոյան
Վ. Քոչարյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 14 մարտի 2023 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան