Գլխավոր տեղեկություն
Համար
N 96-Լ
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (27.01.2023-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 26.01.2023
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
26.01.2023
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
26.01.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.01.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 հունվարի 2023 թվականի N 96-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐ ԱՄՍԻՆ ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՏՈՒԺԱԾ ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂՆԵՐԻ ԿՈՄՈՒՆԱԼ ԾԱԽՍԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 4-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքում 2022 թվականի սեպտեմբեր ամսին ռազմական գործողություններից տուժած տնտեսավարողների կոմունալ ծախսերի փոխհատուցման աջակցության ծրագիրը՝ համաձայն հավելվածի։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

26.01.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ կառավարության 2023 թվականի

հունվարի 26-ի N 96-Լ որոշման

 

Ծ Ր Ա Գ Ի Ր

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐ ԱՄՍԻՆ ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՏՈՒԺԱԾ ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂՆԵՐԻ ԿՈՄՈՒՆԱԼ ԾԱԽՍԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ

 

1. ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ՆՊԱՏԱԿԸ

 

1. ՀՀ Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքում 2022 թվականի սեպտեմբեր ամսին ռազմական գործողություններից տուժած տնտեսավարողների կոմունալ ծախսերի փոխհատուցման աջակցության միջոցառման (այսուհետ՝ միջոցառում) նպատակն է օժանդակել 2022 թվականի սեպտեմբեր ամսին ռազմական գործողությունների հետևանքով ՀՀ Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքում գտնվող և գործունեություն ծավալող մասնավոր հատվածի տնտեսավարողներին:

 

2. ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿԸ

 

2. Սույն միջոցառման իմաստով շահառու (այսուհետ՝ շահառու) է հանդիսանում այն իրավաբանական անձը կամ անհատ ձեռնարկատերը՝

1) որը 2022 թվականի սեպտեմբերի 11-ի դրությամբ փաստացի իրականացրել է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի N 874-Ն հրամանով հաստատված՝ Տնտեսական գործունեության տեսակների I (Այ) 55 «Կացության կազմակերպում» դասակարգչում ներառված գործունեությունը ՀՀ Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքում.

2) ում կողմից 2022 թվականի հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսները ներառող հաշվետու ժամանակաշրջանների համար հարկային մարմին ներկայացված ավելացված արժեքի հարկի կամ շրջանառության հարկի հարկային հաշվարկներում հայտարարագրված եկամուտը (հասույթը) չի գերազանցել նախորդ տարվա նույն ժամանակահատվածի եկամտի (հասույթի) 50 %-ը, իսկ միկրոձեռնարկատիրության սուբյեկտ հանդիսանալու դեպքում` 2022 թվականի հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսների ընթացքում մատուցված ծառայությունների համար դուրս գրված հաշվարկային փաստաթղթերում (այդ թվում՝ ՀԴՄ կտրոններում) արտացոլված շրջանառությունը չի գերազանցել նախորդ տարվա նույն ժամանակահատվածի շրջանառության 50 %-ը.

3) ով դիմումի ներկայացման օրվան նախորդող օրվա դրությամբ չունի 100 հազ. դրամը գերազանցող՝ հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով պարտավորություններ.

4) ով 2022 թվականի ընթացքում փաստացի իրականացրել է հյուրանոցային կամ հյուրատնային գործունեություն։

 

3. ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՁԵՎԵՐԸ

 

3. Աջակցությունը տրամադրվում է միանվագ` 2022 թվականի սեպտեմբերդեկտեմբեր ամիսների էլեկտրաէներգիայի և գազի ծախսերի 100 %-ի չափով։

 

4. ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

4. Աջակցությունը տրամադրվում է շահառուի կողմից edd@mineconomy.am էլեկտրոնային հասցեին սահմանված կարգով` էլեկտրոնային եղանակով, ներկայացված դիմումի հիման վրա, եթե դիմումը ներկայացվում է մինչև 2023 թվականի մայիսի 1-ը (ներառյալ):

5. Դիմումի մեջ նշվում են՝

1) իրավաբանական անձի անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը և ազգանունը.

2) ՀՎՀՀ-ն.

3) պետական գրանցման կամ պետական հաշվառման համարը.

4) գտնվելու վայրի հասցեն.

5) գործունեության վայրի հասցեն.

6) բանկային հաշվի վավերապայմանները.

7) էլեկտրաէներգիայի և գազի համապատասխան ամիսների ծախսը հավաստող փաստաթղթեր.

8) դիմողի համաձայնությունը սույն միջոցառման շրջանակներում Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության և Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կողմից անձնական տվյալների, այդ թվում` վճարված հարկերի և շրջանառության վերաբերյալ տեղեկությունների փոխանցման, ստացման, մշակման վերաբերյալ:

6. Դիմումի ձևը հաստատվում և հրապարակվում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից՝ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության պաշտոնական կայքէջում՝ սույն որոշման հաստատումից հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում։

7. Միանվագ աջակցությունը նշանակում և վճարում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը:

8. Դիմումը ստանալուց հետո Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը հինգ աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեից և Ջերմուկի համայնքապետարանի աշխատակազմից ստանում է սույն հավելվածի 2-րդ կետով սահմանված տեղեկատվությունը` Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի հետ փոխհամաձայնեցված եղանակով։

9. Թերությունների առկայության կամ դիմումի մերժման դեպքում դրանց վերաբերյալ հայտատուին տեղեկացումը կատարվում է էլեկտրոնային եղանակով՝ դիմումի ստացումից հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում:

10. Հայտի թերությունները կարող են շտկվել այդ մասին հայտատուին տեղեկացնելուց հետո առավելագույնը 5 աշխատանքային օրվա ընթացքում:

11.Դիմումը մերժվում է, եթե տնտեսավարողի կողմից ներկայացված փաստաթղթերով տրամադրված տեղեկությունները և տվյալները չեն համապատասխանում իրականությանը կամ սույն միջոցառման պահանջներին:

12. Դիմումի հաստատումից հետո Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության և շահառուի միջև կնքվում է օժանդակության տրամադրման պայմանագիր։

13. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության և շահառուի միջև օժանդակության տրամադրման պայմանագրի կնքումից հետո աջակցության գումարները փոխանցվում են տնտեսավարողների դիմումում նշված բանկային հաշիվներին:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

26.01.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան