ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում |
Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/21264/02/18 2022 թ. | ||||||
Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/21264/02/18 |
|||||||
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`
նախագահող |
Ռ. Հակոբյան | |
զեկուցող |
Մ. Դրմեյան | |
Ս. Անտոնյան | ||
Հ. Բեդևյան | ||
Գ. Հակոբյան | ||
Ս. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ | ||
Տ. Պետրոսյան | ||
Է. Սեդրակյան | ||
Ն. ՏԱՎԱՐԱՑՅԱՆ |
2022 թվականի հունվարի 14-ին
գրավոր ընթացակարգով, քննելով Երևան համայնքի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 04.07.2019 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Երևան համայնքի ընդդեմ Շավարշ Գևորգյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1.Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` Երևան համայնքը պահանջել է Շավարշ Գևորգյանից հօգուտ Երևան համայնքի բռնագանձել Երևան քաղաքի Նուբարաշենի Դ-6 թաղամասի հ.10/1 հասցեում գտնվող 152.73քմ ընդհանուր մակերեսով կառույցի դիմաց 07.06.2017 թվականից մինչև 24.07.2018 թվականի դրությամբ հաշվարկված վարձավճարի և այն չվճարելու արդյունքում հաշվեգրված տույժի գումարը, որը կազմում է 684.447 ՀՀ դրամ, որից 285.674 ՀՀ դրամը վարձավճարի պարտք, իսկ 398.773 ՀՀ դրամը հաշվարկված տույժ, ինչպես նաև 24.07.2018 թվականից սկսած մինչև սույն գործով դատական ակտի կայացման օրվա դրությամբ վարձավճարի ուշացման համար պայմանագրի 7.1 հաշվարկվող տույժի գումարը:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Էդ. Ավետիսյան) (այսուհետ՝ Դատարան) 18.03.2019 թվականի վճռով հայցը մերժվել է։
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 04.07.2019 թվականի որոշմամբ Երևան համայնքի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 18.03.2019 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ։
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Երևան համայնքը (ներկայացուցիչ Հարություն Թունյան):
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 347-րդ, 408-րդ հոդվածները, 616-րդ հոդվածի 1-ին կետը, ինչպես նաև խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 331-րդ, 332-րդ հոդվածները, 335-րդ հոդվածի 2-րդ կետը։
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Տվյալ դեպքում Վերաքննիչ դատարանը 24.07.2018 թվականին կազմված և Երևան համայնքի կողմից դատարան ներկայացված հաշվարկ-տեղեկանքը՝ որպես գործի համար էական նշանակություն ունեցող ապացույց, ինչպես նաև հայցագնի ձևավորման մասով հայցում նշված հաշվարկները, պատշաճ չի գնահատել և հայցային վաղեմության ժամկետի առկայության փաստի հաստատման վերաբերյալ ներքին համոզմունքը ձևավորել է առանց ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման, այդ թվում՝ պարտավորության ծագման պահը սխալ պարզելու արդյունքում:
Նախ, պատասխանողը միջնորդել է կիրառել հայցային վաղեմություն, իսկ հայցային վաղեմություն կիրառելու նպատակով անհրաժեշտ է, որպեսզի վիճող կողմն օրենքով սահմանված կարգով գրավոր շարադրված դիմում ներկայացնի դատարան, ինչը տվյալ դեպքում առկա չէ։
Բացի այդ, դատարանը չի պարզել, որ տվյալ վեճը ծագել է 07.06.2017 թվականից հետո առաջացած պայմանագրային պարտավորությունները պատշաճ չկատարելու հետևանքով, իսկ Երևան համայնքի իրավունքը՝ պահանջել կատարել նշված պարտավորությունը և վճարել նախատեսված վարձավճարը, կարող էր ծագել բացառապես 07.06.2017 թվականից հետո։ Այսինքն՝ անհիմն է, որ 07.06.2017 թվականից հետո ծագած պարտավորությունների մասին հայցվորը պետք է իմացած լիներ 01.07.2014 թվականի դրությամբ:
Դատարանը հաշվի չի առել, որ 07.06.2017 թվականից մինչև 24.07.2018 թվականն ընկած ժամանակահատվածի համար վարձավճար չվճարելու արդյունքում գոյացած պարտքը գանձելու պահանջը ներկայացվել է 01.10.2018 թվականին, առանց վաղեմության ժամկետի խախտման, հետևաբար Դատարանի փաստարկներն անհիմն են ու ոչ իրավաչափ:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 04.07.2019 թվականի որոշումը և հայցը բավարարել:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.
1) Երևան համայնքի և Շավարշ Գևորգյանի միջև 03.06.2013 թվականին կնքվել է Երևան համայնքի սեփականությունը հանդիսացող կառույցի և դրա համար առանձնացված հողամասի վարձակալության թիվ Վ-2-2716-Ա պայմանագիրը, որը նոտարական կարգով վավերացվել է 11.06.2013 թվականին: Պայմանագրի 6.1.1. և 6.1.2. կետերի համաձայն` Օբյեկտի տարեկան վարձավճարը կառույցի մասով կազմում է 253.160 ՀՀ դրամ, որը վարձակալի կողմից վճարվում է հավասար չափերով՝ ըստ տարվա օրացույցային եռամսյակների՝ ոչ ուշ, քան մինչև համապատասխան եռամսյակի վերջին ամսվա 25-ը՝ Երևան քաղաքի բյուջեի հաշվեհամարին: Կառույցի համար առանձնացված հողամասի մասով վարձավճարը կազմում է տվյալ հողամասի կադաստրային արժեքի 3 տոկոսը՝ 22.823 ՀՀ դրամ, որը վարձակալի կողմից վճարվում է հավասար չափերով՝ ըստ տարվա օրացույցային եռամսյակների՝ ոչ ուշ, քան մինչև համապատասխան եռամսյակի վերջին ամսվա 25-ը՝ Երևանի Նուբարաշեն վարչական շրջանի հաշվեհամարին: 17.06.2013 թվականին կատարվել է անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցում (գ.թ. 10-15)։
2) Դատարան ներկայացրած հայցադիմումով Երևան համայնքը խնդրել է պատասխանողից բռնագանձել Երևան քաղաքի Նուբարաշենի Դ-6 թաղամասի հ.10/1 հասցեում գտնվող 152.73քմ ընդհանուր մակերեսով կառույցի դիմաց 07.06.2017 թվականից մինչև 24.07.2018 թվականի դրությամբ հաշվարկված վարձավճարի և այն չվճարելու արդյունքում հաշվեգրված տույժի գումարը, որը կազմում է 684.447 ՀՀ դրամ, որից 285.674 ՀՀ դրամը վարձավճարի պարտքի գումարն է, իսկ 398.773 ՀՀ դրամը՝ հաշվարկված տույժը, ինչպես նաև՝ 24.07.2018 թվականից սկսած մինչև գործով դատական ակտի կայացման օրվա դրությամբ վարձավճարի ուշացման համար Պայմանագրի 7.1 հաշվարկվող տույժի գումարը (գ.թ. 4-7, 15)։
3) Երևան համայնքն ընդդեմ Շավարշ Ժորայի Գևորգյանի գումարի բռնագանձման պահանջի վերաբերյալ հայցադիմումը Դատարան է ներկայացրել 01.10.2018 թվականին (գ.թ. 4-7, 19)։
4) 12.03.2019 թվականի դատական նիստում պատասխանող Շավարշ Գևորգյանը միջնորդել է կիրառել հայցային վաղեմություն և այդ հիմքով հայցը մերժել /հիմք՝ դատական նիստի արձանագրման համառոտագրում, (գ.թ. 39-40):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, նույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի իմաստով, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար, քանի որ Վերաքննիչ դատարանի կիրառած ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերի կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր։
Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ՝
- հայցային վաղեմության կիրառման առանձնահատկություններին՝ վերահաստատելով նախկինում արտահայտած դիրքորոշումները,
- հայցային վաղեմություն կիրառելու վերաբերյալ դիմումի (միջնորդության) ներկայացման ձևին:
1. ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 337-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` հայցային վաղեմության ժամկետի ընթացքն սկսվում է այն օրվանից, երբ անձն իմացել է կամ պետք է իմացած լիներ իր իրավունքի խախտման մասին: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` այն պարտավորությունների համար, որոնք կատարելու համար որոշված է որոշակի ժամկետ, հայցային վաղեմության ընթացքն սկսվում է այդ ժամկետի ավարտմամբ: Նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ այն պարտավորությունների համար, որոնց կատարման ժամկետը որոշված չէ կամ որոշված է ցպահանջ, հայցային վաղեմության ընթացքն սկսվում է այն պահից, երբ պարտատիրոջ մոտ առաջանում է պարտավորության կատարում պահանջելու իրավունք, իսկ եթե պարտապանին արտոնյալ ժամկետ է տրամադրվել պահանջը կատարելու համար, հայցային վաղեմության հաշվարկն սկսվում է այդ ժամկետի ավարտից հետո:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 345-րդ հոդվածի համաձայն` պարտավորության ուժով մի անձը (պարտապանը) պարտավոր է մեկ այլ անձի (պարտատիրոջ) օգտին կատարել որոշակի գործողություն, այն է` վճարել դրամ, հանձնել գույք, կատարել աշխատանք, մատուցել ծառայություն և այլն, կամ ձեռնպահ մնալ որոշակի գործողություն կատարելուց, իսկ պարտատերն իրավունք ունի պարտապանից պահանջել կատարելու իր պարտականությունը, ընդ որում պարտավորությունները ծագում են պայմանագրից, վնաս պատճառելու հետևանքով և նույն օրենսգրքում նշված այլ հիմքերից: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 347-րդ հոդվածի համաձայն՝ պարտավորությունները պետք է կատարվեն պատշաճ` պարտավորության պայմաններին, օրենքին և այլ իրավական ակտերի պահանջներին համապատասխան, իսկ նման պայմանների ու պահանջների բացակայության դեպքում` գործարար շրջանառության սովորույթներին կամ սովորաբար ներկայացվող այլ պահանջներին համապատասխան: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 408-րդ հոդվածի համաձայն` պարտավորության խախտում է համարվում այն չկատարելը կամ անպատշաճ (կետանցով, ապրանքների և ծառայությունների թերություններով կամ պարտավորության բովանդակությամբ որոշվող այլ պայմանների խախտմամբ) կատարելը:
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ, վերլուծելով վերնշված նորմերը, արձանագրել է, որ օրենսդիրը, ամրագրելով հայցային վաղեմության ընդհանուր երեք տարվա ժամկետը, միաժամանակ սահմանել է կարգ, որի առկայության դեպքում դատարանը պետք է քննարկման առարկա դարձնի հայցային վաղեմության հայցը, ինչպես նաև սահմանել է հայցային վաղեմության հաշվարկման կարգ՝ հայցային վաղեմության ժամկետի ընթացքն սկսվում է այն օրվանից, երբ անձն իմացել է կամ պետք է իմացած լիներ իր իրավունքի խախտման մասին: Հայցային վաղեմության ժամկետի ընթացքն սկսվելու իրավական հետևանքը պայմանավորել է հայցվորի կողմից ոչ թե իր իրավունքի խախտման մասին ենթադրելու հնարավորությամբ, այլ այդ խախտման մասին հավաստի կերպով իմանալու կամ իմացած լինելու փաստերով: ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նաև, որ հայցային վաղեմության ժամկետն այն ժամանակահատվածն է, որն անձին հնարավորություն է տալիս դիմելու դատարան իր իրավունքների պաշտպանության հայցով: Այն դեպքում, երբ վիճող կողմը դիմում է ներկայացրել հայցային վաղեմություն կիրառելու վերաբերյալ, դատարանների օրակարգային խնդիրն է դառնում պարզել այն իրական ժամանակահատվածը, երբ հայցվորը հետամուտ է եղել իր իրավունքների դատական կարգով պաշտպանությանը (տե´ս, Ռազմիկ Դարբինյանն ընդդեմ Դանիել Ղասաբօղլյանի թիվ ԵԷԴ/0723/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 02.04.2010 թվականի, Ռադիկ Ենգիբարյանի սնանկության գործով կառավարիչն ընդդեմ «Վանակն Ապակի» ՍՊԸ-ի թիվ ՇԴ/0376/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.07.2011 թվականի, Սերգեյ Սարգսյանն ընդդեմ Արա Սարգսյանի թիվ ԵԿԴ/0881/02/12 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 28.11.2014 թվականի, «Ալյանս պլյուս» ՍՊԸ-ն ընդդեմ «ԱրմենՏել» ՓԲԸ-ի թիվ ԵԱՔԴ/4524/02/15 քաղաքացիական գործով 04.06.2019 թվականի որոշումները)։
Վերոգրյալ իրավական նորմերի և իրավական դիրքորոշումների հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ քաղաքացիաիրավական հարաբերությունների սուբյեկտների միջև առկա պարտավորական հարաբերություններում կողմերից յուրաքանչյուրը պարտավոր է պարտավորության պայմաններին, օրենքին և այլ իրավական ակտերի պահանջներին համապատասխան, իսկ նման պայմանների ու պահանջների բացակայության դեպքում` գործարար շրջանառության սովորույթներին կամ սովորաբար ներկայացվող այլ պահանջներին համապատասխան պատշաճ կատարել իր պարտավորությունը, իսկ այն չկատարելու կամ անպատշաճ (կետանցով, ապրանքների և ծառայությունների թերություններով կամ պարտավորության բովանդակությամբ որոշվող այլ պայմանների խախտմամբ) կատարելու պարագայում կարող է վրա հասնել օրենքով նախատեսված պատասխանատվություն: Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ պարտապանի կողմից պարտավորությունը չկատարելու կամ անպատշաճ (կետանցով) կատարելու արդյունքում պարտատիրոջ մոտ ծագում է դրա հետևանքով իր խախտված իրավունքների պաշտպանությանն ուղղված գործողություններ կատարելու, այդ թվում սահմանված կարգով դատարան հայց հարուցելու իրավունքը: Ընդ որում, այդ իրավունքի իրացումը պետք է կատարվի հայցային վաղեմության ժամկետի ընթացքում, քանի որ հայցային վաղեմության ժամկետի լրանալը, որի կիրառման մասին դիմել է վիճող կողմը, հիմք է դատարանի կողմից հայցը մերժելու մասին վճիռ կայացնելու համար:
Հետևաբար, յուրաքանչյուր դեպքում դատարանը պետք է պարզի կողմերի փոխհարաբերություններում առկա պայմանագրային հարաբերությունները, իրավունքների և պարտականությունների ծագման պահը, որպեսզի կարողանա եզրահանգման գալ հայցային վաղեմության ժամկետի ընթացքի սկզբնական պահի վերաբերյալ:
2. ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 331-րդ հոդվածի համաձայն` հայցային վաղեմություն է համարվում իրավունքը խախտված անձի հայցով իրավունքի պաշտպանության ժամանակահատվածը:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 332-րդ հոդվածի համաձայն` հայցային վաղեմության ընդհանուր ժամկետը երեք տարի է:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` իրավունքի պաշտպանության մասին պահանջը դատարանը քննության է ընդունում հայցային վաղեմության ժամկետը լրանալուց անկախ: Իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 335-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` դատարանը հայցային վաղեմությունը կիրառում է միայն վիճող կողմի դիմումով, որը պետք է տրվի մինչև դատարանի կողմից վճիռ կայացնելը, եթե օրենքով դիմում տալու համար այլ ժամկետ նախատեսված չէ: Հայցային վաղեմության ժամկետի լրանալը, որի կիրառման մասին օրենքով սահմանված կարգով դիմել է վիճող կողմը, հիմք է դատարանի կողմից հայցը մերժելու մասին օրենքով սահմանված կարգով վճիռ կայացնելու համար:
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ օրենսդիրը, ամրագրելով հայցային վաղեմության ընդհանուր երեք տարվա ժամկետը, միաժամանակ սահմանել է կարգ, որի առկայության դեպքում դատարանը պետք է քննարկման առարկա դարձնի հայցային վաղեմության հարցը։ Այն է, պետք է առկա լինի հայցային վաղեմություն կիրառելու մասին գործին մասնակցող անձի կողմից դիմում և այդ դիմումը պետք է ներկայացվի մինչև դատարանի կողմից վճիռ կայացնելը։ Այսինքն՝ օրենսդրի կողմից հստակ սահմանվել է ժամկետ, այն է՝ հայցային վաղեմություն կիրառելու մասին դիմումը ներկայացնել մինչև վճռի կայացումը (տե´ս, Ռադիկ Ենգիբարյանի սնանկության գործով կառավարիչն ընդդեմ «Վանակն Ապակի» ՍՊԸ-ի թիվ ՇԴ/0376/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.07.2011 թվականի որոշումը)։
Անդրադառնալով վճռաբեկ բողոքում նշված հայցային վաղեմություն կիրառելու վերաբերյալ դիմումի (միջնորդության) գրավոր ձևով ներկայացման դիրքորոշմանը՝ Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով սույն որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումները, արձանագրում է, որ հայցային վաղեմություն կիրառելու վերաբերյալ դիմումը (միջնորդությունը) կարող է ներկայացվել միայն գրավոր ձևով, հաշվի առնելով նաև ներքոհիշյալ իրավակարգավորումները։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 168-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործին մասնակցող անձը կարող է վկայակոչել հայցային վաղեմության ժամկետի լրանալու փաստը մինչև գործով ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում կայացնելը, բացառությամբ այն դեպքերի, երբ նա հիմնավորում է տվյալ փաստը մինչ այդ վկայակոչելու անհնարինությունն իրենից անկախ պատճառներով: Այդ դեպքում հայցային վաղեմության ժամկետի լրանալու փաստը կարող է վկայակոչվել ոչ ուշ, քան մինչև առաջին ատյանի դատարանում դատաքննության ավարտը: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ հայցային վաղեմություն կիրառելու մասին միջնորդություն ներկայացված լինելու դեպքում դատարանը նույն օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 1-6-րդ կետերում նշված դատավարական գործողությունները կատարելուց հետո հայցային վաղեմություն կիրառելու դիմումի և դրա դեմ բերված առարկությունների հիման վրա արձանագրային որոշմամբ՝ (1) որոշում է միջնորդության լուծման համար նշանակություն ունեցող փաստերի շրջանակը, (2) գործին մասնակցող անձանց միջև բաշխում է միջնորդության լուծման համար նշանակություն ունեցող փաստերի ապացուցման պարտականությունը, (3) գործին մասնակցող անձանց հետ քննարկում է նրանց կողմից ապացույցներ ներկայացնելու համար ժամկետ տրամադրելու հարցը և անհրաժեշտության դեպքում սահմանում է ապացույցներ ներկայացնելու ժամկետը, (4) իրականացնում է հայցային վաղեմություն կիրառելու մասին միջնորդության արդյունավետ քննությանն ուղղված այլ գործողություններ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 168-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ նույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված գործողությունները կատարելուց հետո դատարանը, հաշվի առնելով գործին մասնակցող անձանց կարծիքը, որոշում է հայցային վաղեմություն կիրառելու միջնորդությունը տվյալ կամ հաջորդ դատական նիստում քննելու հարցը:
Միաժամանակ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 413-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ գործի նոր քննության ժամանակ չի կարող ներկայացվել հայցային վաղեմություն կիրառելու մասին գրավոր միջնորդություն, բացառությամբ այն դեպքերի, երբ միջնորդություն ներկայացնողն առաջին ատյանի դատարանում գործի նախորդ քննության ընթացքում իրենից անկախ պատճառներով զրկված է եղել հայցային վաղեմության ժամկետի լրացած լինելը վկայակոչելու հնարավորությունից:
Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.
Սույն գործի փաստերի համաձայն Երևան համայնքը խնդրել է պատասխանողից հօգուտ իրեն բռնագանձել Երևան քաղաքի Նուբարաշենի Դ-6 թաղամասի հ.10/1 հասցեում գտնվող 152.73քմ ընդհանուր մակերեսով կառույցի դիմաց 07.06.2017 թվականից մինչև 24.07.2018 թվականի դրությամբ հաշվարկված վարձավճարի և այն չվճարելու արդյունքում հաշվեգրված տույժի գումարը, որը կազմում է 684.447 ՀՀ դրամ, որից 285.674 ՀՀ դրամը վարձավճարի պարտքի գումարն է, իսկ 398.773 ՀՀ դրամը՝ հաշվարկված տույժը, ինչպես նաև՝ 24.07.2018 թվականից սկսած մինչև գործով դատական ակտի կայացման օրվա դրությամբ վարձավճարի ուշացման համար Պայմանագրի 7.1 հաշվարկվող տույժի գումարը։ Երևան համայնքն ընդդեմ Շավարշ Ժորայի Գևորգյանի գումարի բռնագանձման պահանջի վերաբերյալ հայցադիմումը Դատարան է ներկայացրել 01.10.2018 թվականին:
Դատաքննության ընթացքում պատասխանողը բանավոր կարգով միջնորդել է կիրառել հայցային վաղեմություն։
Դատարանը 18.03.2019 թվականի վճռով մերժելով հայցը, նշել է, որ Երևան համայնքը բաց է թողել հայցային վաղեմության օրենքով սահմանված երեք տարվա ժամկետը, իսկ պատասխանողն օրենքով սահմանված ժամկետներում ներկայացրել է հայցային վաղեմություն կիրառելու մասին միջնորդություն:
Վերաքննիչ դատարանը, մերժելով վերաքննիչ բողոքը և համակարծիք լինելով Դատարանի` հայցային վաղեմություն կիրառելու միջնորդության հիման վրա հայցը մերժելու վերաբերյալ արտահայտած դիրքորոշմանը, արձանագրել է, որ պատասխանողի վճարման պարտավորությունը ծագել է կողմերի միջև կնքված և նոտարական կարգով վավերացված 11.06.2013 թվականի թիվ Վ-2-2716-Ա պայմանագրից, իսկ պատասխանողը 01.07.2014 թվականի դրությամբ այդ պայմանագրից բխող պարտավորությունները կատարել է, հետևաբար, երբ հայցվորը գտնում է, որ պարտավորությունները պատշաճ կարգով չեն կատարվել, գործում է այն կանխավարկածը, որ հայցվորն այդ ժամանակ գիտեր կամ պարտավոր էր իմանալ իր իրավունքի խախտման մասին, մինչդեռ իր իրավունքների պաշտպանության հայցով, մասնավորապես` գումար բռնագանձելու պահանջով Դատարան դիմել է 01.10.2018 թվականին` հայցի ներկայացման համար հիմք հանդիսացող պատասխանողի կողմից պարտավորությունների ենթադրյալ խախտում կատարելուց շուրջ երեք տարի անց՝ բաց թողնելով հայցային վաղեմության ժամկետը:
Պատասխանողը գործի դատաքննության ընթացքում միջնորդել է կիրառել հայցային վաղեմություն, սակայն չի ներկայացրել գրավոր դիմում։ Մինչդեռ օրենսդիրը հայցային վաղեմության կիրառման համար սահմանել է, որ դատարանը հայցային վաղեմությունը կիրառում է միայն վիճող կողմի դիմումով, որը պետք է տրվի մինչև դատարանի կողմից վճիռ կայացնելը, եթե օրենքով դիմում տալու համար այլ ժամկետ նախատեսված չէ:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանի կողմից չեն կիրառվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 168-րդ հոդվածով նախատեսված հայցային վաղեմություն կիրառելու մասին միջնորդության և դրա քննության կանոնակարգումները։
Վճռաբեկ դատարանը, վերոգրյալ իրավական դիրքորոշումներից ելնելով փաստում է, որ հայցային վաղեմություն կիրառելու վերաբերյալ դիմումը (միջնորդությունը) կարող է ներկայացվել միայն գրավոր ձևով:
Այսպիսով, Երևան համայնքի վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի ուժով Վերաքննիչ դատարանի 04.07.2019 թվականի որոշումը բեկանելու և գործը նոր քննության ուղարկելու համար:
Վերը շարադրված իրավական դիրքորոշումների լույսի ներքո գնահատելով սույն գործի փաստերը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 168-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն` հայցային վաղեմություն կիրառելու հիմքերի առկայության դեպքում դատարանը վճիռ է կայացնում հայցը մերժելու մասին՝ առանց անդրադառնալու գործի այլ փաստերի հաստատմանը և գնահատմանը:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Դատարանը կիրառելով հայցային վաղեմություն՝ չի անդրադարձել գործի այլ փաստերի հաստատմանը և գնահատմանը, ուստի գործը պետք է ուղարկել Դատարան ըստ էության նոր քննության։
5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի համաձայն՝ դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են [«Դատական ծախ սերը» վերտառությամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ] գլխի կանոններին համապատասխան:
Վճռաբեկ դատարանը, նկատի ունենալով, որ գործն ուղարկվում է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության, գտնում է, որ դատական ծախսերի, այդ թվում՝ վճռաբեկ բողոքի համար սահմանված պետական տուրքի բաշխման հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ, 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 04.07.2019 թվականի որոշումը և գործն ուղարկել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:
2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող |
Ռ. Հակոբյան |
Զեկուցող |
Մ. Դրմեյան |
Ս. Անտոնյան | |
Հ. Բեդևյան | |
Գ. Հակոբյան | |
Ս. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ | |
Տ. Պետրոսյան | |
Է. Սեդրակյան | |
Ն. ՏԱՎԱՐԱՑՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 26 դեկտեմբերի 2022 թվական: