ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ
27 դեկտեմբերի 2022 թ. |
N 690-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԿՈՂՄԻՑ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՀԱՐԿԻ ԵՎ ՓՈԽԱԴՐԱՄԻՋՈՑԻ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասով, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 230-րդ հոդվածի 3-րդ մասով, 245-րդ հոդվածի 2-րդ մասով՝
Երևանի քաղաքի ավագանին որոշում է՝
1. Սահմանել Երևան քաղաքի ավագանու կողմից անշարժ գույքի հարկի և փոխադրամիջոցի գույքահարկի արտոնություններ սահմանելու կարգը՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հունվարի 1-ից:
ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ |
Հր. ՍԱՐԳՍՅԱՆ |
2022 թ. դեկտեմբերի 27 Երևան |
Հավելված Երևան քաղաքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 27-ի N 690-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԿՈՂՄԻՑ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՀԱՐԿԻ ԵՎ ՓՈԽԱԴՐԱՄԻՋՈՑԻ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ
1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 230-րդ հոդվածի 3-րդ մասին և 245-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան՝ Երևան քաղաքի ավագանու կողմից անշարժ գույքի հարկի և փոխադրամիջոցի գույքահարկի արտոնությունների սահմանման հետ կապված հարաբերությունները:
2. Երևան քաղաքի ավագանին անշարժ գույքի հարկի և փոխադրամիջոցի գույքահարկի արտոնություն է սահմանում առանձին հարկ վճարողների համար Երևան քաղաքի վարչական տարածքում գտնվող (հաշվառված), անշարժ գույքի հարկով և փոխադրամիջոցի գույքահարկով հարկման օբյեկտ հանդիսացող գույքի մասով՝ արտոնության վերապահման տարվա համայնքի բյուջեի հաստատումից հետո, ընդ որում, սահմանած արտոնության գումարը չի կարող գերազանցել տվյալ հարկային տարվա համար անշարժ գույքի հարկի և (կամ) փոխադրամիջոցի գույքահարկի գծով համայնքի բյուջեի հաստատված եկամուտների տասը տոկոսը:
3. Անշարժ գույքի հարկի և (կամ) փոխադրամիջոցի գույքահարկի գծով արտոնություն կարող է սահմանվել հետևյալ քաղաքացիների խմբերի նկատմամբ.
1) Արցախյան (Լեռնային Ղարաբաղի) և Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանքներ կատարելու կամ հակառակորդի նախահարձակ գործողությունների հետևանքով զոհված, վիրավորված և ստացած վնասվածքներից հաջորդող տարիների ընթացքում մահացածների ընտանիքների անդամներ,
2) Արցախյան (Լեռնային Ղարաբաղի) և Հայաստանի Հանրապետության պատերազմների 1-ին և 2-րդ խմբի զինհաշմանդամներ, որոնք անշարժ գույքի հարկով և (կամ) փոխադրամիջոցի գույքահարկով հարկման օբյեկտ համարվող բնակելի նշանակության շինությունը և (կամ) փոխադրամիջոցը ձեռք են բերել մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը,
3) Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանքներ կատարելու կամ հակառակորդի նախահարձակ գործողությունների հետևանքով գերեվարված, անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված (կամ նրանց ընտանիքի անդամներին) անձինք:
4. Անշարժ գույքի հարկով և (կամ) փոխադրամիջոցի գույքահարկով հարկվող բնակելի նշանակության մեկից ավելի շինությունների և (կամ) մեկից ավել փոխադրամիջոցների առկայության դեպքում, արտոնությունը կիրառվում է այդ շինություններից և (կամ) փոխադրամիջոցներից մեկի նկատմամբ` ըստ անշարժ գույքի հարկի և (կամ) փոխադրամիջոցի գույքահարկի արտոնություն ստացող անձի ցանկության:
5. Սույն որոշմամբ սահմանված անշարժ գույքի հարկի և (կամ) փոխադրամիջոցի գույքահարկի արտոնություններից գրավոր հրաժարվելու դեպքում արտոնությունը համարվում է չսահմանված՝ տվյալ դիմողի մասով:
6. Սույն կարգի իմաստով ընտանիքի անդամներ են հանդիսանում ամուսինները, ծնողները և զավակները (որդեգրողները և որդեգրվածները), ինչպես նաև քույրերը և եղբայրները, եթե վերջիններս սույն կարգի 3-րդ կետի 1-ին կամ 3-րդ ենթակետերում նշված հանգամանքների ի հայտ գալու (հաստատման) օրվա դրությամբ փաստացի բնակվել են նույն հասցեում և ամուսնացած չեն եղել:
7. Հարկ վճարողներին անշարժ գույքի հարկի և (կամ) փոխադրամիջոցի գույքահարկի արտոնություն կարող է սահմանվել Երևանի քաղաքապետի ներկայացմամբ:
8. Այն դեպքում, երբ արտոնությունը սահմանվում է Երևանի քաղաքապետի նախաձեռնությամբ, Երևանի քաղաքապետի կողմից օրենսդրությամբ սահմանված կարգով Երևան քաղաքի ավագանու քննարկմանն է ներկայացվում անշարժ գույքի հարկի և (կամ) փոխադրամիջոցի գույքահարկի գծով արտոնություն սահմանելու վերաբերյալ առաջարկությունը` նշելով հարկային օրենսդրությամբ նախատեսված հարկային արտոնության տեսակը և հայցվող արտոնության գումարի մեծությունը` հարկային արտոնություն տալու անհրաժեշտության հիմնավորմամբ:
9. Այն դեպքում, երբ արտոնությունը հայցվում է հարկ վճարողի կողմից, հարկ վճարողը Երևանի քաղաքապետին է ներկայացնում անշարժ գույքի հարկի և (կամ) փոխադրամիջոցի գույքահարկի գծով արտոնություն ստանալու վերաբերյալ դիմում` նշելով հարկային օրենսդրությամբ նախատեսված հարկային արտոնության տեսակը և հայցվող արտոնության գումարը, տեղեկություններ` առաջացած հարկային պարտավորությունները ժամանակին կատարելու անհնարինության, տույժերի ու տուգանքների առաջացման պատճառների մասին՝ հարկային արտոնություն ստանալու անհրաժեշտության հիմնավորմամբ: Դիմումին կից ներկայացվում են սույն կարգի 3-րդ կետի 1-ին, 2-րդ կամ 3-րդ ենթակետերով սահմանված խմբերի ներկայացուցիչ լինելու փաստը հավաստող փաստաթղթերի պատճենները, սույն կարգի 6-րդ կետով և 13-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված և արտոնության կիրառման համար անհրաժեշտ փաստաթղթերի պատճենները:
10. Անշարժ գույքի հարկի և (կամ) փոխադրամիջոցի գույքահարկի գծով արտոնություն չի կարող սահմանվել, եթե արտոնություն հայցող անձը (բացի արտոնության կիրառման համար հիմք հանդիսացող ժամկետանց պարտավորությունների) Երևան համայնքի հանդեպ ունի չկատարված այլ ժամկետանց պարտավորություններ, բացառությամբ, եթե դատական կարգով վիճարկում է տվյալ պարտավորության առկայությունը:
11. Երևանի քաղաքապետը հարկ վճարողի դիմումը և սույն կարգի 9-րդ կետում նշված անհրաժեշտ փաստաթղթերը ստանալուց հետո մեկամսյա ժամկետում՝
1) հարկային արտոնության տրամադրմանը համաձայնելու դեպքում՝ հարկ վճարողին հարկային արտոնություն տրամադրելու վերաբերյալ հարցը՝ հարկ վճարողի ներկայացրած փաստաթղթերի հետ մեկտեղ օրենսդրությամբ սահմանված կարգով ներկայացնում է համայնքի ավագանու քննարկմանը.
2) հարկային արտոնության տրամադրմանը չհամաձայնելու դեպքում հայցողի ներկայացրած փաստաթղթերը վերադարձնում է հարկ վճարողին` գրավոր նշելով չհամաձայնելու պատճառները, փաստական և իրավական հիմքերը:
12. Երևան քաղաքի ավագանին սույն կարգով նախատեսված փաստաթղթերը ստանալուց հետո Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հարցը քննարկելուց հետո ընդունում է որոշում հարկ վճարողի համար անշարժ գույքի հարկի և (կամ) փոխադրամիջոցի գույքահարկի գծով արտոնություն սահմանելու և հարկ վճարողի փոխարեն համայնքի բյուջեից վճարում կատարելու մասին կամ մերժում է արտոնության տրամադրումը:
13. Երևան քաղաքի ավագանու որոշման մեջ նշվում են`
1) հարկ վճարողի գրանցման և գույքի գտնվելու հասցեները, հարկ վճարողի անվանումն ու հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ), ֆիզիկական անձի հանրային ծառայության համարանիշը (ՀԾՀ).
2) հարկային օրենսդրությամբ սահմանված` տրամադրվող արտոնության տեսակը.
3) արտոնության գումարի մեծությունը, իսկ հարկի ժամկետային արտոնության տրամադրման դեպքում` հետաձգման ժամկետները:
14. Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 230-րդ հոդվածի 3-րդ մասով և 245-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված չափի հաշվարկման նպատակով`
1) հարկվող օբյեկտի, հարկի դրույքաչափի կամ հարկի նվազեցման գծով արտոնություն սահմանելիս, արտոնության գումարը հաշվարկվում է` հիմք ընդունելով հաշվառման տվյալների հիման վրա հաշվարկված հարկի գումարները, իսկ եթե դա անհնարին է, ապա հիմք ընդունելով հարկ վճարողի նախորդ հաշվետու ժամանակաշրջանի հաշվառման տվյալների հիման վրա հաշվարկված հարկի գումարների մեծությունը.
2) հարկի հաշվարկման կամ վճարման ժամկետի, ինչպես նաև հարկային օրենսդրությունը և հարկային հարաբերությունները կարգավորող մյուս իրավական ակտերը խախտելու համար հաշվարկված հարկային օրենսդրությամբ սահմանված տույժերի ու տուգանքների վճարման ժամկետի գծով արտոնություն սահմանելիս, տվյալ բյուջետային տարում արտոնության գումարը հաշվարկվում է հետաձգվող հարկային պարտավորության գումարի նկատմամբ տվյալ բյուջետային տարվա ընթացքում արտոնության մնացած ժամանակահատվածի համար հարկային օրենսդրությամբ սահմանված կարգով հարկի գումարի նկատմամբ հաշվարկվող տույժերի գումարի չափով:
15. Երևան քաղաքի ավագանու կողմից սույն կարգով չնախատեսված կարգով արտոնությունների սահմանումն արգելվում է, այդ թվում` հարկ վճարողների հարկային պարտավորությունների կատարման համար համայնքի բյուջեից փոխհատուցում տրամադրելու միջոցով:
Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 դեկտեմբերի 2022 թվական: