Գլխավոր տեղեկություն
Համար
N 905-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (03.02.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2007.08.22/42(566) Հոդ.910
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
09.08.2007
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
15.08.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.09.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

9 օգոստոսի 2007 թվականի N 905-Ն

ՌԱԶՄԱԿԱՆ ԴՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԻՄՔ ԾԱՌԱՅԱԾ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԻՑ ԿԱՄ ԴՐԱՆՑ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱՑՄԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՏՈՒԺԱԾ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԿՐԱԾ ՆՅՈՒԹԱԿԱՆ ՎՆԱՍՆԵՐԸ ՓՈԽՀԱՏՈՒՑԵԼՈՒ ԵՎ ՆՐԱՆՑ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Սահմանել ռազմական դրություն հայտարարելու համար հիմք ծառայած հանգամանքներից կամ դրանց հետևանքների վերացման գործողություններից տուժած ֆիզիկական անձանց կրած նյութական վնասները փոխհատուցելու և նրանց օգնություն տրամադրելու կարգը` համաձայն հավելվածի:

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Հ. Աբրահամյան


2007 թ. օգոստոսի 15
Երևան



 

Հավելված
ՀՀ կառավարության 2007 թվականի
օգոստոսի 9-ի N 905-Ն որոշման

Կ Ա Ր Գ

ՌԱԶՄԱԿԱՆ ԴՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԻՄՔ ԾԱՌԱՅԱԾ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԻՑ ԿԱՄ ԴՐԱՆՑ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱՑՄԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՏՈՒԺԱԾ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԿՐԱԾ ՆՅՈՒԹԱԿԱՆ ՎՆԱՍՆԵՐԸ ՓՈԽՀԱՏՈՒՑԵԼՈՒ ԵՎ ՆՐԱՆՑ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ

1. Սույն կարգով կանոնակարգվում են ռազմական դրություն հայտարարելու համար հիմք ծառայած հանգամանքներից կամ դրանց հետևանքների վերացման գործողություններից տուժած ֆիզիկական անձանց կրած նյութական վնասները փոխհատուցելու և նրանց օգնություն տրամադրելու հարաբերությունները:

2. Ռազմական դրություն հայտարարելու համար հիմք ծառայած հանգամանքներից կամ դրանց հետևանքների վերացման գործողություններից տուժած ֆիզիկական անձանց կրած նյութական վնասները փոխհատուցելու և նրանց օգնություն տրամադրելու դիմումները քննարկվում են Հայաստանի Հանրապետության վարչապետի 2021 թվականի հոկտեմբերի 22-ի N 1197-Ա որոշմամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի (այսուհետ՝ միջգերատեսչական հանձնաժողով) կողմից՝ սույն կարգի և իր աշխատակարգի համաձայն:

(2-րդ կետը փոփ. 02.02.23 N 123-Ն)

3. Ռազմական դրություն հայտարարելու համար հիմք ծառայած հանգամանքներից կամ դրանց հետևանքների վերացման գործողություններից տուժած ֆիզիկական անձանց կրած նյութական վնասները փոխհատուցելու և նրանց օգնություն տրամադրելու նպատակով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը, ռազմական դրություն հայտարարելու համար հիմք ծառայած հանգամանքներից կամ դրանց հետևանքների վերացման գործողություններից տուժած ֆիզիկական անձանցից ընդունում է տվյալ ֆիզիկական անձի կողմից համապատասխան դիմում, անձը հաստատող փաստաթղթի պատճենը, տվյալ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը հաստատող փաստաթուղթ և դրանք եռօրյա ժամկետում ներկայացնում միջգերատեսչական հանձնաժողով:

4. Միջգերատեսչական հանձնաժողովն ուսումնասիրում է ռազմական դրություն հայտարարելու համար հիմք ծառայած հանգամանքներով կամ դրանց հետևանքների վերացման գործողություններով պայմանավորված ֆիզիկական անձանց պատճառված վնասների վերաբերյալ փաստաթղթերը և տուժած ֆիզիկական անձանց կրած նյութական վնասները փոխհատուցելու և նրանց օգնություն տրամադրելու վերաբերյալ միջգերատեսչական հանձնաժողովի կողմից մեկամսյա ժամկետում փոխհատուցելու և օգնություն տրամադրելու, կամ այն մերժելու վերաբերյալ առաջարկություններ է ներկայացվում Հայաստանի Հանրապետության կառավարություն, ընդ որում, փոխհատուցում և օգնություն տրամադրելու առաջարկ ներկայացնելու դեպքում նշվում է նաև առաջարկվող փոխհատուցման չափը՝ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի «Գույքի գնահատման և աճուրդի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից գնահատված չափով:

(4-րդ կետը փոփ., լրաց. 02.02.23 N 123-Ն)

5. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից ռազմական դրություն հայտարարելու համար հիմք ծառայած հանգամանքներից կամ դրանց հետևանքների վերացման գործողություններից տուժած ֆիզիկական անձանց կրած նյութական վնասները փոխհատուցելու և օգնություն տրամադրելու դիմումը կարող է մերժվել, եթե տվյալ ֆիզիկական անձի կողմից չի ներկայացվել սույն կարգի 3-րդ կետով սահմանված փաստաթղթերից որևէ մեկը:

6. Հայաստանի Հանրապետության կառավարությունը սույն կարգի 4-րդ կետում նշված առաջարկությունների համաձայն ընդունում է համապատասխան որոշում, որով սահմանվում են ֆիզիկական անձանց ցանկը, փոխհատուցման և օգնության գումարները, ինչպես նաև դրանց տրամադրման ժամանակացույցը:

7. Ռազմական դրություն հայտարարելու համար հիմք ծառայած հանգամանքներից կամ դրանց հետևանքների վերացման գործողություններից տուժած ֆիզիկական անձանց օգնություն է տրամադրվում նվազագույն աշխատավարձի չափով:

8. Սույն կարգի 6-րդ կետով նախատեսված փոխհատուցումների և օգնությունների տրամադրումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության միջոցով՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով այդ նպատակների համար նախատեսված միջոցների հաշվին:

(հավելվածը փոփ., լրաց. 02.02.23 N 123-Ն)

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան