Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (24.02.2022-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.12.26-2023.01.08 Պաշտոնական հրապարակման օրը 26.12.2022
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
24.02.2022
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
24.02.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.02.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ վարչական

դատարանի որոշում

Վարչական գործ թիվ ՎԴ/7236/05/18

2022 թ.

Վարչական գործ թիվ ՎԴ/7236/05/18

Նախագահող դատավոր`  Ա. Պողոսյան

Դատավորներ`

 Ա. Բաբայան

 Ա. Սարգսյան

 

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող

Ռ. Հակոբյան

զեկուցող

Ա. Բարսեղյան

Ս. Անտոնյան

Հ. Բեդևյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Ա. Մկրտչյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

2022 թվականի փետրվարի 24-ին

գրավոր ընթացակարգով քննելով Գրիգոր Մարտիրոսյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 13.05.2020 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Գրիգոր Մարտիրոսյանի ընդդեմ Երևանի քաղաքապետարանի (այսուհետ` Քաղաքապետարան)` վարչական տույժ նշանակելու մասին 25.04.2018 թվականի թիվ Վ-0299270 որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան՝ Գրիգոր Մարտիրոսյանը պահանջել է անվավեր ճանաչել Քաղաքապետարանի վարչական տույժ նշանակելու մասին 25.04.2018 թվականի Վ-0299270 որոշումը:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր՝ Ա. Ղազարյան) (այսուհետ՝ Դատարան) 19.12.2018 թվականի որոշմամբ վարչական գործի վարույթը կարճվել է` վեճն ըստ էության սպառված լինելու հիմքով, Քաղաքապետարանից հօգուտ Գրիգոր Մարտիրոսյանի բռնագանձվել է 5000 ՀՀ դրամ՝ որպես ներկայացուցչի ողջամիտ վարձատրության գումար։

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 13.05.2020 թվականի որոշմամբ Գրիգոր Մարտիրոսյանի վերաքննիչ բողոքը մերժվել է՝ Դատարանի 19.12.2018 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Գրիգոր Մարտիրոսյանը (ներկայացուցիչ՝ Գևորգ Մարտիրոսյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 61-րդ, 63-րդ, 64-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ, 13-րդ հոդվածները, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ, 58-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը պետք է հաշվի առնի դատական ծախսերի փոխհատուցման համաչափության կարևորությունը, որպեսզի դատական պաշտպանության դիմելը չդառնա ոչ արդյունավետ։ Մինչդեռ Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ Քաղաքապետարանի վարչական տույժ նշանակելու մասին 25.04.2018 թվականի թիվ Վ-0299270 որոշման դեմ Գրիգոր Մարտիրոսյանն այդ վարչական ակտի դեմ դիմել է դատական պաշտպանության՝ որպես ներկայացուցչի վճար ծախսելով 50.000 ՀՀ դրամ, իսկ Դատարանը որոշել է այդ դատական ծախսից փոխհատուցել ընդամենը 5.000 ՀՀ դրամ: Փաստորեն, սույն գործով Գրիգոր Մարտիրոսյանի խախտված իրավունքների դատական պաշտպանությունն արդյունավետ չէ, քանի որ վերջինս, կատարելով որոշակի ծախսեր դատական պաշտպանության իրականացման համար, արդյունքում չի կարողացել հասնել այդ ծախսերի փոխհատուցմանը:

Բացի այդ, բողոքարկվող դատական ակտում ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ, 58-րդ և 60-րդ հոդվածներին տրված մեկնաբանությունը հակասում է ՀՀ վճռաբեկ դատարանի 20072017 թվականի թիվ ՎԴ/6377/05/15 որոշմամբ վերոնշյալ նորմերին տրված մեկնաբանությանը։

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է Վերաքննիչ դատարանի 23.05.2020 թվականի որոշումը բեկանել և կայացնել նոր դատական ակտ։

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1. Գրիգոր Մարտիրոսյանը Քաղաքապետարանի 25.04.2018 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ Վ-0299270 որոշմամբ տուգանվել է 5.000 ՀՀ դրամի չափով (հատոր 1-ին, գ.թ. 16-17):

2Քաղաքապետարանի 11.07.2018 թվականի թիվ ՎԴ-26/11 «Վարչական տույժ նշանակելու մասին որոշումներն անվավեր ճանաչելու մասին» որոշմամբ անվավեր է ճանաչվել «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ Վ-0299270 որոշումը (հատոր 1-ին, գ.թ. 25):

3 Մի կողմից՝ Գրիգոր Մարտիրոսյանի (Վստահորդ) և մյուս կողմից՝ փաստաբան Ա/Ձ Գևորգ Մարտիրոսյանի (Փաստաբան) միջև 11.06.2018 թվականին կնքված «Փաստաբանական ծառայությունների վճարովի մատուցման թիվ 11-06/18» պայմանագրի 1.1. կետի համաձայն՝ Փաստաբանը պարտավորվում է Վստահորդի հանձնարարությամբ մատուցել նույն պայմանագրի 12 կետում նշված փաստաբանական բնույթի ծառայությունները, իսկ Վստահորդը պարտավորվում է վճարել այդ ծառայությունների համար։ Նույն պայմանագրի 1.2. կետի համաձայն` Փաստաբանը պարտավորվում է մատուցել հետևյալ փաստաբանական բնույթի ծառայությունները՝ ա Կատարել ներկայացված փաստաթղթերի նախնական ուսումնասիրություն, բ Կազմել Քաղաքապետարանի աշխատակազմի վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի քննության բաժնի կողմից թիվ Վ-0299270 որոշման վիճարկման հայցադիմում և իրականացնել ներկայացուցչություն՝ ՀՀ վարչական դատարանում գ Անհրաժեշտության դեպքում կազմել նաև անհրաժեշտ այլ դատավարական փաստաթղթեր՝ դիմումներ, միջնորդություններ և այլն։ Նույն պայմանագրի 3.1. կետի համաձայն՝ պայմանագրի գինը կազմում է 50.000 ՀՀ դրամ, որը Վստահորդն իրավունք ունի նույն պայմանագրի 31 կետում նշված գումարը վճարել մաս-մաս, հետևյալ կարգով՝ առաջին վճարումը կատարվում է նույն պայմանագրի կնքումից հետո 15 օրվա ընթացքում՝ 25000 ՀՀ դրամի չափով, իսկ մնացած 25000 ՀՀ դրամը՝ 6 ամսվա ընթացքում։ Նշված պայմանագիրը ներկայացվել է հայցադիմումին կից (հատոր 1-ին, գ.թ. 27-29).

4 Դատարանը, 19.12.2018 թվականի որոշման «Դատական ծախսերը» կետով անդրադառնալով ներկայացուցչի վճարին, պատճառաբանել է, որ «(…) Թեև կողմերի միջև կնքված պայմանագրով ներկայացուցչի վարձատրությունը նախատեսված է 50000 ՀՀ դրամ, սակայն ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 10-րդ մասի կարգավորմամբ դատարանը հիմք է ընդունում ծախսերի ողջամիտ չափը և հաշվի առնելով, որ ներկայացուցչի աշխատանքը սահմանափակվել է միայն գործով մեկ դատական նիստի մասնակցելու շրջանակներում, հայցադիմումը ստորագրված է հայցվորի կողմից և հիմնավորված չէ այն հանգամանքը, որ այն կազմվել է ներկայացուցչի կողմից, գործը տևողությամբ երկար չէ, ինչպես նաև հաշվի առնելով վիճարկվող որոշմամբ նշանակված տուգանքի և ներկայացուցչի վարձատրության գումարի միջև ողջամիտ հարաբերակցություն պահպանելու անհրաժեշտությունը՝ դատարանը որպես ներկայացուցչի վարձատրության գումար ողջամիտ է համարում 5000 ՀՀ դրամը, որը ենթակա է բռնագանձման պատասխանող կողմից հօգուտ հայցվորի» (հատոր 1-ին, գ.թ. 37-39).

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ` նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է` Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին և 10-րդ մասերի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:

 Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրմանը. վիճարկման հայցի հիման վրա հարուցված վարչական գործի վարույթը վեճը սպառված լինելու հիմքով կարճվելու դեպքում հայցվորի կրած դատական ծախսերի, մասնավորապես` ներկայացուցչին վճարված գումարի հատուցման պարտականությունը պատասխանողի վրա դնելիս ի՞նչ չափանիշներով պետք է որոշվի այդ դատական ծախսի հատուցման ողջամիտ չափը` վերահաստատելով նախկինում իր հայտնած իրավական դիրքորոշումը։

 

ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

ՀՀ Սահմանադրության 64-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իրավաբանական օգնություն ստանալու իրավունք:

Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները, կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

Կոնվենցիայի 13-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք, ում նույն Կոնվենցիայով ամրագրված իրավունքներն ու ազատությունները խախտվում են, ունի պետական մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք, նույնիսկ, եթե խախտումը կատարել են ի պաշտոնե գործող անձինք։

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի համաձայն՝ դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից։

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 58-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն՝ գործի քննության հետ կապված այլ ծախսերն են՝ դատավարության մասնակիցների ներկայացուցիչների վճարները։

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 59-րդ հոդվածի 9-րդ մասի համաձայն՝ ներկայացուցիչների ծախսերը վճարում է նրանց ներգրաված դատավարության մասնակիցը։

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է (...) մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար։ Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որ իր նպատակին չի ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին։ Նույն հոդվածի 10-րդ մասի համաձայն՝ ներկայացուցիչների վճարների գծով դատական ծախսի հատուցումը դրվում է համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության կամ համայնքի վրա, եթե գործը լուծվել է ի վնաս իրենց։ Հատուցման չափը որոշելիս դատարանը հիմք է ընդունում ծախսերի ողջամիտ չափերը։

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 97-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործի վարույթը կարճելու մասին դատարանը կայացնում է որոշում, որով լուծվում են նաև դատավարության մասնակիցների միջև դատական ծախսերի բաշխման հարցերը։

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ Սահմանադրությամբ և Կոնվենցիայով երաշխավորվում են յուրաքանչյուրի իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնարար իրավունքները, որոնց բաղկացուցիչ տարրերից մեկն իրավաբանական օգնություն ստանալու իրավունքն է. այդ իրավունքը երաշխիք է իրավունքների և ազատությունների դատական պաշտպանության արդյունավետ իրացման համար:

ՀՀ սահմանադրական դատարանը 08.10.2008 թվականի թիվ ՍԴՈ-765 որոշմամբ արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ իրավաբանական օգնություն ստանալու իրավունքը ներառում է նախ՝ որակյալ իրավաբանական ծառայություն ստանալու հնարավորությունը, երկրորդ՝ պետության պարտավորությունը որակյալ իրավաբանական օգնություն ստանալու հնարավորություն ապահովելու բոլոր նրանց համար, ովքեր ի վիճակի չեն ինքնուրույն ստանալ այդպիսի օգնություն:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ, 58-րդ և 60-րդ հոդվածների վկայակոչված իրավադրույթների համակարգային վերլուծությունից հետևում է, որ դատավարության մասնակիցների ներկայացուցիչների վճարները դատական ծախսերի մաս են կազմում և ենթակա են հատուցման օրենքով սահմանված կարգով:

ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացված որոշմամբ անդրադառնալով վերոնշյալ հոդվածների վերլուծությանը, արձանագրել է, որ մարդու իրավունքների և ազատությունների ամենահուսալի և արդյունավետ պաշտպանության մեխանիզմը դատական պաշտպանությունն է: Պաշտպանության այս միջոցը պետք է արդյունավետ լինի գործնականում, այսինքն՝ այն պետք է կարողանա կանխել ենթադրյալ խախտման շարունակումը և երաշխավորել, որ դատական պաշտպանության դիմելով՝ անձը չի հայտնվի առավել անբարենպաստ վիճակում, քան մինչ այդ էր: Հետևաբար դատական պաշտպանության արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ է անձին իրավաբանական օգնություն ցուցաբերող ներկայացուցչին վճարված գումարի՝ որպես դատական ծախսի համարժեք փոխհատուցման հնարավորություն: Պատշաճ փոխհատուցում տրամադրելը դատական պաշտպանության արդյունավետության անհրաժեշտ տարր է, որը լրացուցիչ երաշխիք է հանդիսանում անձանց իրավունքների խախտումները վերացնելու, ընդհուպ մինչև խախտումը եղած դրությունը վերականգնելու համար:

ՀՀ վճռաբեկ դատարանի գնահատմամբ անձի դատական պաշտպանությունը չի կարող արդյունավետ լինել, երբ վերջինս վերջնական բարենպաստ դատական ակտին հասնելու համար կրում է ավելի շատ ծախսեր, քան այն գույքի հնարավոր կորուստն էր, որի կանխման համար նա դիմել էր դատական պաշտպանության: Ուստի հատկապես վարչական մարմինների ոչ իրավաչափ վարչական ակտերի, գործողությունների կամ անգործության դատական բողոքարկման հայցերով կայացված դատական ակտերով դատական ծախսերի բաշխումը պետք է կատարվի այն հաշվառմամբ, որ անձինք չզրկվեն որակյալ իրավաբանական ծառայություն ստանալու, մինչև խախտումը եղած իրադրությունը վերականգնելու իրական հնարավորությունից (տե՛ս, Անի Դավթյանն ընդդեմ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության թիվ ՎԴ/6377/05/15 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 20.07.2017 թվականի որոշումը):

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ՝ Եվրոպական դատարան) կողմից ձևավորված նախադեպային իրավունքի համաձայն՝ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով երաշխավորված «դատարանի իրավունքը» բացարձակ չէ և իր բնույթով պահանջում է ներպետական կարգավորումների առկայություն, որոնք կարող են որոշակի սահմանափակումների ենթարկել այդ իրավունքը (տե՛ս, Z and Others v. the United Kingdom գործով Եվրոպական դատարանի 10.05.2001 թվականի վճիռը, 91-93-րդ կետեր): Այս առումով դատական ծախսերի վճարման պարտականությունն ինքնին չի կարող դիտարկվել որպես դատարանի մատչելիության իրավունքի՝ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի հետ անհամատեղելի սահմանափակում (տե՛ս, Kreuz v. Poland գործով Եվրոպական դատարանի 19.06.2001 թվականի վճիռը, 60-րդ կետ): Եվրոպական դատարանի տեսանկյունից որոշ դեպքերում դատական ծախսերի բաշխման հետ կապված հարցերը կարող են նշանակություն ունենալ այն հանգամանքի գնահատման համար, թե դատավարությունն ընդհանուր առմամբ համապատասխանում է արդյոք Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի պահանջներին, թե՝ ոչ (տե՛ս, Stankiewicz v. Poland գործով Եվրոպական դատարանի 06.04.2006 թվականի վճիռը, 60-րդ կետ): Կոնվենցիան երաշխավորում է ոչ թե տեսական կամ վերացական, այլ գործնական և արդյունավետ իրավունքներ (տե՛ս, Aït-Mouhoub v. France գործով Եվրոպական դատարանի 28.10.1998 թվականի վճիռը, 52-րդ կետ): Հետևաբար դատական այն ծախսերը, որոնց վճարման պարտականությունն անձը կրում է ոչ թե դատարան դիմելիս, այլ դատական քննության ավարտից հետո, գործնականում նույնպես կարող են դիտարկվել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համատեքստում որպես «դատարանի իրավունքի» սահմանափակում (տե՛ս, Stankov v. Bulgaria գործով Եվրոպական դատարանի 12.07.2007 թվականի վճիռը, 54-րդ կետ): Ընդ որում, «դատարանի իրավունքի» այդ սահմանափակման համապատասխանությունը Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի պահանջներին ենթակա է գնահատման այն տեսանկյունից, թե արդյոք այն հետապնդում է իրավաչափ նպատակ, և առկա է արդյոք ողջամիտ հավասարակշռություն կիրառվող միջոցների և հետապնդվող նպատակի միջև (տե՛ս, Apostol v. Georgia գործով Եվրոպական դատարանի 28.11.2006 թվականի վճիռը, 57-րդ կետ):

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ, 58-րդ և 60-րդ հոդվածների վկայակոչված իրավադրույթների համակարգային վերլուծությունից հետևում է, որ դատավարության մասնակիցների ներկայացուցիչների վճարները դատական ծախսերի մաս են կազմում և ենթակա են հատուցման օրենքով սահմանված կարգով: Դատական ծախսերի, այդ թվում նաև՝ ներկայացուցիչներին վճարված գումարների հատուցման ընդհանուր կանոնն այն է, որ փոխհատուցման ենթակա է դատավարության մասնակցի կրած ծախսերի այն ծավալը, որն անհրաժեշտ է եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար:

Ընդ որում, դատական ներկայացուցիչների վճարների հատուցման հետ կապված օրենսդիրը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 10-րդ մասում կատարել է հատուկ վերապահում այն մասին, որ ներկայացուցիչների վճարների գծով դատական ծախսի հատուցման չափը որոշելիս դատարանը հիմք է ընդունում ծախսերի ողջամիտ չափերը։ Այսինքն՝ ամեն դեպքում անհրաժեշտ է հաշվի առնել փաստաբանի վարձատրության ողջամտությունը, որպեսզի հնարավորինս բացառվի դատական ծախսի հատուցման պարտականություն կրող սուբյեկտին չարդարացված, ակնհայտ ոչ համաչափ պարտավորություններով ծանրաբեռնելը: Անձինք ազատ են կնքելու իրավաբանական ծառայությունների մատուցման պայմանագիր իրենց նախընտրած փաստաբանի կամ ներկայացուցչություն իրականացնելու իրավասություն ունեցող ցանկացած անձի հետ՝ վճարելով փոխադարձ համաձայնությամբ որոշված ցանկացած գումար: Այդուհանդերձ, այդ գումարների փոխհատուցման ակնկալիք նրանք կարող են ունենալ միայն ծախսերի այն ծավալով, որն իրապես անհրաժեշտ է եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար: Այդուհանդերձ, ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ պետք է հաշվի առնվի նաև դատական ծախսերի փոխհատուցման համաչափությունը, որպեսզի դատական պաշտպանության դիմելը չդառնա ոչ արդյունավետ (տե՛ս, Լիլիթ Մուսեյանն ընդդեմ Երևանի Քաղաքապետարանի թիվ ՎԴ/6047/05/15 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.04.2017 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած մեկ այլ որոշմամբ անդրադարձել է փաստաբանի վարձատրության խելամտության հարցին՝ նշելով, որ օրենսդիրը դատական ծախսերի մեջ ընդգրկել է նաև փաստաբանի խելամիտ վարձատրությունը: Ուստի փաստաբանի խելամիտ վարձատրությունը նախևառաջ պետք է դիտել որպես դատական ծախս, և թե՛ հայցվորը և թե՛ պատասխանողը դատական քննության ընթացքում կարող են ներկայացնել փաստաբանի մատուցած ծառայությունների համար կատարված կամ կատարվելիք վճարումը հավաստող ապացույց: Ընդ որում, անկախ վճարված գումարի բռնագանձման մասին պահանջի առկայությունից` վճարումը հավաստող ապացույց ներկայացնելը բավարար է փաստաբանի վարձատրությանը, որպես դատական ծախսի, վճռով անդրադառնալու համար (տե՛ս, անհատ ձեռնարկատեր Նարինե Ռոստոմյանն ընդդեմ «ԱրմենՏել» ՓԲԸ-ի թիվ ԵԱՔԴ/1401/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 29.06.2012 թվականի որոշումը):

Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ ներկայացուցչի վարձատրության խելամտության հարցը որոշելիս անհրաժեշտ է հաշվի առնել հետևյալ չափանիշները.

1) փաստաբանի կատարած աշխատանքի ծավալը (ապացույցներ հավաքելու և ներկայացնելու անհրաժեշտությունն ու այդ գործողությունները փաստացի կատարելու հանգամանքը, գործի քննությանը մասնակցության աստիճանը),

2) գործի բարդությունը (վիճելի իրավահարաբերության բնույթը, գործի քննության տևողությունը),

3) նմանատիպ գործերով պրակտիկայում ընդունված փաստաբանական ծառայության մատուցման դիմաց վճարվող գումարի չափը,

4) դատական ակտով բռնագանձվող գումարի և պահանջվող փաստաբանական վճարի չափի հարաբերակցությունը (տե՛ս, Ֆերդինանտ Առաքելյանն ընդդեմ Հարություն Պետրոսյանի թիվ ԵԿԴ/1587/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 29.06.2012 թվականի որոշումը):

Թեև նշված իրավական դիրքորոշումներն արտահայտվել են քաղաքացիական դատավարության կարգով քննվող գործի շրջանակներում, սակայն ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ դրանք հավասարապես կիրառելի են նաև վարչական դատավարության կարգով քննվող գործերի նկատմամբ, քանի որ թե՛ քաղաքացիական, թե՛ վարչական գործերով անհրաժեշտություն է առաջանում որոշելու ներկայացուցչի վճարների գծով դատական ծախսերի հատուցման ողջամիտ չափը, իսկ վերոգրյալ չափանիշներն ուղղորդող նշանակություն կարող են ունենալ նաև վարչական գործերով ներկայացուցչի վարձատրության խելամտության հարցը լուծելու համար:

Վերահաստատելով և զարգացնելով նշված իրավական դիրքորոշումները՝ մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ՀՀ վճռաբեկ դատարանի վկայակոչված որոշմամբ թվարկվածներից բացի, վարչական դատավարությունում ներկայացուցիչների վճարների չափի ողջամտության գնահատման կարևոր չափորոշիչներ են նաև դատական պաշտպանության արդյունավետ իրականացման համար կատարված ծախսերի անհրաժեշտությունը, փոխհատուցման համարժեքությունն ու արդյունավետությունը: Դատական ծախսերի, այդ թվում նաև` փաստաբանի վճարների փոխհատուցման այս չափորոշիչներն անտեսելու պարագայում խոսք չի կարող լինել արդյունավետ դատական պաշտպանության մասին, քանի որ որոշ դեպքերում դատական պաշտպանության դիմած անձինք կհայտնվեն առավել անբարենպաստ վիճակում, քան մինչ այդ էր:

ՀՀ վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարել ընդգծել, որ այն դեպքում, երբ ներկայացված վիճարկման հայցի բավարարման դեպքում վիճարկվող վարչական ակտով դրա հասցեատիրոջ վրա դրված գումարային պարտավորության չափը դատական ծախսերի բաշխման հարցի լուծման համար չպետք է դիտարկվի որպես միակ որոշիչ հանգամանք: Այլ կերպ՝ եթե վիճարկվող վարչական ակտով դրա հասցեատիրոջ վրա դրված գումարային պարտավորության չափն ավելի փոքր է, քան այդ վարչական ակտը դատական կարգով վիճարկելու համար իրավաբանական օգնություն ստանալու նպատակով անձի կատարած ծախսերը, ապա դատարանը դատական ծախսերի բաշխման հարցը լուծելիս պետք է հաշվի առնի դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ ծախսերի ողջամիտ չափը: Ըստ այդմ, ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ վիճարկման հայցի բավարարման դեպքում դատական ծախսերի հարցի լուծումը չպետք է պայմանավորել միայն վիճարկվող վարչական ակտով դրա հասցեատիրոջ վրա դրված գումարային պարտավորության չափով:

Ամփոփելով վերոգրյալ իրավական վերլուծությունները՝ ՀՀ վճռաբեկ դատարանը հանգել է այն եզրակացության, որ վիճարկման հայցի բավարարման դեպքում դատական ծախսերի հատուցման հարցի լուծման համար դատարանը պետք է հաշվի առնի հետևյալ չափորոշիչները.

1) փաստաբանի կատարած աշխատանքի ծավալը (ապացույցներ հավաքելու և ներկայացնելու անհրաժեշտությունն ու այդ գործողությունները փաստացի կատարելու հանգամանքը, գործի քննությանը մասնակցության աստիճանը),

2) գործի բարդությունը (վիճելի իրավահարաբերության բնույթը, գործի քննության տևողությունը),

3) նմանատիպ գործերով պրակտիկայում ընդունված փաստաբանական ծառայության մատուցման դիմաց վճարվող գումարի չափը,

4) ներկայացուցչին վճարված գումարի և վիճարկվող վարչական ակտով առաջադրված գումարի չափի հարաբերակցությունը,

5) անձի կողմից փաստացի կատարված ծախսերի այն ծավալը, որն անհրաժեշտ է եղել դատական պաշտպանության արդյունավետ իրականացման համար (տե՛ս, Անի Դավթյանի ընդդեմ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության թիվ ՎԴ/6377/05/15 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 20.07.2017 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած մեկ այլ որոշմամբ անդրադարձել է վիճարկման հայցի հիման վրա հարուցված գործի վարույթը վեճն ըստ էության սպառվելու հիմքով կարճվելու դեպքում հայցվորի կրած դատական ծախսերի, մասնավորապես՝ ներկայացուցչին վճարված գումարի, հատուցման պարտականությունը պատասխանողի վրա դնելիս այդ դատական ծախսի հատուցման ողջամիտ չափին: ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ այն բոլոր դեպքերում, երբ գործի վարույթը կարճվում է այն հիմքով, որ վեճն ըստ էության սպառվել է վարչական մարմնի ակտիվ գործողությունների հետևանքով, ապա հայցվորի կրած դատական ծախսերի, այդ թվում նաև՝ ներկայացուցչին վճարված գումարների հատուցման պարտականությունը պետք է դրվի պատասխանողի վրա (տե՛ս, Լիլիթ Մուսեյանն ընդդեմ Երևանի Քաղաքապետարանի թիվ ՎԴ/4084/05/15 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.04.2017 թվականի որոշումը):

Վերահաստատելով նշված դիրքորոշումը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վեճն ըստ էության սպառվելու իրադրության առաջացման հարցում վարչական մարմնի գործողությունների ազդեցությունը վեճն ըստ էության սպառված լինելու հիմքով գործի վարույթը կարճելու պարագայում ստանում է առաջնային նշանակություն, քանի որ վեճն ըստ էության սպառելուն ուղղված վարչական մարմնի ակտիվ գործողությունները վկայում են այն իրողության մասին, որ անձի դատական պաշտպանության դիմելը եղել է արդարացված, ուստի դատական ծախսերի հատուցման մյուս չափորոշիչները ենթակա են գնահատման անձի կատարած ծախսերի արդյունավետության և համարժեքության հաշվառմամբ:

 

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Սույն վարչական գործը հարուցվել է Գրիգոր Մարտիրոսյանի հայցի հիման վրա, որով վերջինս պահանջել է անվավեր ճանաչել Քաղաքապետարանի 25.04.2018 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ Վ-0299270 որոշումը:

Քաղաքապետարանի 11.07.2018 թվականի թիվ ՎԴ-26/11 «Վարչական տույժ նշանակելու մասին որոշումներն անվավեր ճանաչելու մասին» որոշմամբ անվավեր է ճանաչվել «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ Վ-0299270 որոշումը:

19.12.2018 թվականի դատական նիստի ընթացքում հայցվորի ներկայացուցիչ Գևորգ Մարտիրոսյանի կողմից ներկայացված Փաստաբանական ծառայությունների վճարովի մատուցման թիվ 11-06/18 պայմանագրի 3.1.-րդ կետի համաձայն. «Սույն պայմանագրի գինը կազմում է 50.000 (հիսուն հազար) ՀՀ դրամ:»:

Դատարանը, 19.12.2018 թվականի որոշմամբ կարճել է վարչական գործի վարույթը վեճն ըստ էության սպառված լինելու հիմքով, միաժամանակ, հաշվի առնելով, որ ներկայացուցչի աշխատանքը սահմանափակվել է միայն գործով մեկ դատական նիստի մասնակցելու շրջանակներում, հայցադիմումը ստորագրված է հայցվորի կողմից, հիմնավորված չէ այն ներկայացուցչի կողմից կազմված լինելու հանգամանքը, գործը տևողությամբ երկար չէ, ինչպես նաև վիճարկվող որոշմամբ նշանակված տուգանքի և ներկայացուցչի վարձատրության գումարի միջև ողջամիտ հարաբերակցություն պահպանելու անհրաժեշտությունը, որոշվել է Քաղաքապետարանից հօգուտ Գրիգոր Մարտիրոսյանի բռնագանձել 5000 ՀՀ դրամ՝ որպես ներկայացուցչի ողջամիտ վարձատրության գումար:

Վերաքննիչ դատարանը, մերժելով Գրիգոր Մարտիրոսյանի վերաքննիչ բողոքը, հիմնավոր է համարել Դատարանի պատճառաբանությունները, և փաստաբանի վարձատրության ողջամիտ չափ է համարել 5.000 ՀՀ դրամը:

Վերոնշյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո գնահատելով ներկայացուցչին վճարված գումարների փոխհատուցման չափի վերաբերյալ ստորադաս դատարանների եզրահանգումների հիմնավորվածությունը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

Սույն գործով Գրիգոր Մարտիրոսյանի կողմից ներկայացված վիճարկման հայցով գործի վարույթը կարճվել է՝ վեճը սպառված լինելու հիմքով։ Մինչդեռ ստորադաս դատարաններն անտեսել են դատական պաշտպանության արդյունավետության սահմանադրական հիմնարար սկզբունքը և քննարկման առարկա չեն դարձրել այն հարցը, թե տվյալ դեպքում հայցվորի դատական պաշտպանության իրականացման համար իրավաբանական օգնություն ստանալու նպատակով 50.000 ՀՀ դրամ կատարվելիք ծախսը որքանով է եղել արդարացված, և արդյոք տրված փոխհատուցման չափը սույն գործի փաստերի հաշվառմամբ կարող է դիտվել ողջամիտ և բավարար` մինչև խախտումը եղած իրադրությունը վերականգնելու համար:

Այդ առումով ստորադաս դատարանները պետք է պատշաճ գնահատական տան հետևյալ հարցերին.

- վերջնական բարենպաստ դատական ակտին հասնելու համար անձի կատարած կամ կատարելիք ծախսերը չե՞ն գերազանցում արդյոք այն գումարների չափը, որոնց կորուստը կանխելու համար վերջինս դիմել է դատական պաշտպանության,

- արդյո՞ք անձի կողմից փաստացի կատարված կամ կատարվելիք ծախսն անհրաժեշտ է եղել իրավունքների պաշտպանության համար,

- արդյո՞ք անձի կողմից փաստացի կատարված կամ կատարվելիք ծախսի և դրա կատարման անհրաժեշտության միջև առկա է ողջամիտ հարաբերակցություն,

- ներկայացուցչի վճարի փոխհատուցման ի՞նչ չափը կարող է վերականգնել մինչև Գրիգոր Մարտիրոսյանի կողմից դատարան դիմելն առկա դրությունը:

Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` դատարանների կողմից դատական ծախսերի (վնասների) հատուցման հետ կապված փաստաբանի վարձատրության ողջամիտ չափը որոշելու նպատակով փաստաբանների պալատի խորհուրդը կարող է սահմանել փաստաբանական գործունեության վճարների միջին գնացուցակ: Նշված գնացուցակը չի կարող օգտագործվել այլ նպատակով:

Վճռաբեկ բողոքի ներկայացման պահին գործող ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի 26.12.2013 թվականի թիվ 33/3-Լ որոշմամբ հաստատված «Դատարանների կողմից դատական ծախսերի հատուցման հետ կապված փաստաբանական գործունեության վճարների միջին գնացուցակի» (այսուհետ` Գնացուցակ) համաձայն` հայցային վարույթի գործերով միջամտող վարչական ակտը, բացառությամբ ճանապարհային ոստիկանության կողմից կայացված տուգանքի վարչական ակտը, վերացնելու (անվավեր ճանաչելու) կամ փոփոխելու գործերով որպես փաստաբանի հոնորարի չափ սահմանված է վարչական ակտով նախատեսված գումարի (տուգանքի, տույժի և այլն) 5 տոկոսը, բայց ոչ պակաս բազային տուրքի 100-ապատիկի չափից և ոչ ավել բազային տուրքի 2000-ապատիկի չափից, իսկ եթե միջամտող վարչական ակտով տուգանք նախատեսված չէ` բազային տուրքի 200-ապատիկի չափով: Գնացուցակով բացառություն է նախատեսվել ճանապարհային ոստիկանության կողմից կայացված տուգանքի նշանակման վերաբերյալ վարչական ակտը վերացնելու (անվավեր ճանաչելու) կամ փոփոխելու գործերով փաստաբանի հոնորարի չափի սահմանման պարագայում. այդ վարչական ակտը վերացնելու (անվավեր ճանաչելու) կամ փոփոխելու գործերով որպես փաստաբանի հոնորարի չափ սահմանված է վարչական ակտով նախատեսված գումարի (տուգանքի, տույժի և այլն) 5 տոկոսը, բայց ոչ պակաս բազային տուրքի 50-ապատիկի չափից: Ընդ որում, Գնացուցակում օգտագործված բազային տուրքը սահմանվում է 1.000 ՀՀ դրամ։

Ելնելով վերոգրյալից՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Գրիգոր Մարտիրոսյանի կողմից իր իրավունքների դատական պաշտպանության համար ներկայացուցչին վճարված գումարների փոխհատուցման չափը սույն որոշմամբ արտահայտած դիրքորոշումների լույսի ներքո դատական պաշտպանության արդյունավետության տեսանկյունից պարզելու և գնահատելու համար սույն գործը` դատական ծախսերի հատուցման մասով, անհրաժեշտ է ուղարկել նոր քննության:

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-րդ, 152-րդ և 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու և գործը՝ դատական ծախսերի բաշխման, մասնավորապես՝ ներկայացուցչի վճարի հատուցման մասով, նոր քննության ուղարկելու համար:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի համաձայն՝ դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի՝ վկաներին և փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար: Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որ իր նպատակին չի ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկին որոշումներից մեկում արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ բոլոր այն դեպքերում, երբ դատական ակտը բողոքարկվել է միայն դատական ծախսերի մասով, բողոք բերող անձը վերոգրյալ պատճառաբանությունների հիմքով պետական տուրքի վճարման պարտականություն չի կրում (տե՛ս, «Ռեքվիեմ» ՍՊԸ-ն ընդդեմ «Մեգարոն» ՍՊԸ-ի թիվ ԵՇԴ/1017/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 11.03.2015 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ քաղաքացիական դատավարության կարգով քննվող գործի շրջանակներում արտահայտված վերոգրյալ իրավական դիրքորոշումը հավասարապես կիրառելի է նաև վարչական դատավարության կարգով քննվող գործերի նկատմամբ, քանի որ թե՛ քաղաքացիական, թե՛ վարչական գործով կայացված վերջնական դատական ակտը միայն դատական ծախսերի մասով բողոքարկելիս անձը հայցում է այնպիսի դատավարական հետևանքների առաջացում, որոնք անմիջականորեն պայմանավորված չեն ներկայացված գույքային կամ ոչ գույքային պահանջի լուծման հետ և ուղղված են վարույթի կանոնավոր ընթացքի ապահովմանը: Այս պարագայում անձի բողոքարկման իրավունքի իրացումն ուղղված է ոչ թե գործի ըստ էության լուծման իրավաչափության, այլ դրա արդյունքում դատական ծախսերի բաշխման իրավաչափության հարցի պարզմանը: Հետևաբար վերջնական դատական ակտը միայն դատական ծախսերի մասով բողոքարկելու դեպքում, անկախ այն հանգամանքից, թե տվյալ դատական ակտը կայացվել է քաղաքացիական, թե վարչական գործի շրջանակներում, պետական տուրքի գանձման օբյեկտը և հաշվարկման հիմքը, ըստ էության, բացակայում են, հետևաբար բացակայում է նաև պետական տուրքի վճարման պարտականությունը:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով Դատարանի 19.12.2018 թվականի վճիռը վերաքննության կարգով, իսկ Վերաքննիչ դատարանի 13.05.2020 թվականի որոշումը վճռաբեկության կարգով բողոքարկվել են միայն դատական ծախսերի մասով, իսկ Գրիգոր Մարտիրոսյանը ՀՀ վճռաբեկ դատարանի վերոգրյալ որոշման ուժով ազատված է այդ բողոքների համար պետական տուրքի վճարման պարտականությունից: Հաշվի առնելով վերոգրյալը և նկատի ունենալով այն հանգամանքը, որ Գրիգոր Մարտիրոսյանը տվյալ դեպքում վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար պետական տուրք չի վճարել, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար սահմանված պետական տուրքի բաշխման հարցը պետք է համարել լուծված:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-171-րդ հոդվածներով, 172-րդ հոդվածի 1-ին մասով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 13.05.2020 թվականի որոշումը՝ դատական ծախսերի, այն է՝ ներկայացուցչի վճարի հատուցման մասով և այդ մասով գործն ուղարկել ՀՀ վարչական դատարան՝ նոր քննության:

2. Վճռաբեկ բողոքի համար պետական տուրքի հարցը համարել լուծված:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

 

Նախագահող

Ռ. Հակոբյան

Զեկուցող

Ա. Բարսեղյան

Ս. Անտոնյան

Հ. Բեդևյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Ա. Մկրտչյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 26 դեկտեմբերի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան