Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (07.10.2022-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.12.26-2023.01.08 Պաշտոնական հրապարակման օրը 26.12.2022
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
07.10.2022
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
07.10.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.10.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/23320/02/20

2022 թ.

Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/23320/02/20

Նախագահող դատավոր՝

 Ս. Թորոսյան

Դատավորներ՝

 Ն. Մարգարյան

 Լ. Գրիգորյան

 

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող

Մ. Դրմեյան

զեկուցող

Գ. Հակոբյան

Ս. Անտոնյան

Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ

Ա. ՄԿՐՏՉՅԱՆ

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

 

2022 թվականի հոկտեմբերի 07-ին

գրավոր ընթացակարգով քննելով «Յունիքոմփ» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ՝ Ընկերություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 31.01.2022 թվականի որոշման դեմ ըստ Ընկերության հայցի ընդդեմ «Դիեքս փորձագիտական կենտրոն» ՍՊԸ-ի, երրորդ անձինք «Արմենիա Ինշուրանս» ԱՓԲԸ-ի և «Ինգո Արմենիա» ԱՓԲԸ-ի` փորձագիտական եզրակացությունն անվավեր ճանաչելու պահանջի մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է անվավեր ճանաչել փորձագիտական եզրակացությունը։

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ս. Սահակյան) (այսուհետ` Դատարան) 24.09.2021 թվականի որոշմամբ հայցը թողնվել է առանց քննության։

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 31.01.2022 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 24.09.2021 թվականի որոշումը թողնվել է օրինական ուժի մեջ։

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերությունը (ներկայացուցիչ՝ Ա. Ստեփանյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ, 93-րդ, 94-րդ հոդվածները, 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետը, 365-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետը։

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ հայցվորի ներկայացուցիչը ծանուցվել է միայն 04.06.2021 թվականի դատական նիստի մասին, իսկ 24.09.2021 թվականի դատական նիստի մասին պատշաճ ձևով չի ծանուցվել ինչպես հայցվորը (նրան ծանուցագիր չի ուղարկվել ծանուցման կամ գտնվելու վայրի հասցեով), այնպես էլ վերջինիս ներկայացուցիչը:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ հայցվորի ներկայացուցիչը լիազորված չի եղել հայցվորի փոխարեն ստանալու նաև դատական ծանուցագրեր, և հայցվորը Դատարանին չի միջնորդել կիրառել ծանուցման այլ կարգ:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 31.01.2022 թվականի որոշումը և փոփոխել այն։

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1) 29.03.2021 թվականին նշանակված նախնական դատական նիստին, որում Դատարանը որոշում է կայացրել այն հետաձգելու և 04.06.2021 թվականին կրկին նախնական դատական նիստ նշանակելու մասին, ներկա է եղել Ընկերության ներկայացուցիչ Արման Ստեփանյանը և պատասխանողի ներկայացուցիչը. Ընկերության ի պաշտոնե ներկայացուցիչը դատական նիստին ներկա չի եղել (հատոր 1-ին, գ.թ. 100, 101).

2) Ընկերությունը 04.06.2021 թվականին նշանակված նախնական դատական նիստի մասին պատշաճ ձևով չի ծանուցվել.

3) 04.06.2021 թվականին նշանակված նախնական դատական նիստին ներկա չեն եղել ինչպես Ընկերության ի պաշտոնե ներկայացուցիչը, այնպես էլ՝ Ընկերության ներկայացուցիչներից որևէ մեկը. դատական նիստը հետաձգվել է և նշանակվել 24.09.2021 թվականին (հատոր 2-րդ, գ.թ. 17-19).

4) 24.09.2021 թվականին նշանակված նախնական դատական նիստի մասին ծանուցվել է միայն Ընկերության ներկայացուցիչ Արման Ստեփանյանը. Ընկերությունն այդ օրը նշանակված նախնական դատական նիստի մասին չի ծանուցվել (հատոր 2-րդ, գ.թ. 25, 26).

5) 24.09.2021 թվականին նշանակված նախնական դատական նիստին չեն ներկայացել ինչպես Ընկերությունը՝ ի դեմս նրա ի պաշտոնե ներկայացուցչի, այնպես էլ Ընկերության ներկայացուցիչներից որևէ մեկը (հատոր 2-րդ, գ.թ. 35-36).

6) Դատարանը 24.09.2021 թվականին որոշում է կայացրել հայցն առանց քննության թողնելու մասին՝ այն պատճառաբանությամբ, որ հայցվորը չի ներկայացել իրար հաջորդող երկու՝ 04.06.2021 թվականի և 24.09.2021 թվականի դատական նիստերին (հատոր 2-րդ, գ.թ. 37, 38).

7) Ընկերությունը՝ ի դեմս ի պաշտոնե ներկայացուցիչ-գործադիր տնօրեն Արմեն Բալդրյանի, փաստաբաններ Արման Ստեփանյանին և Տիգրան Ղազարյանին չի լիազորել իր անունից կատարելու հետևյալ դատավարական գործողությունները՝ ստանալու դատական ծանուցումները և դատավարական փաստաթղթերը (հատոր 1-ին, գ.թ. 13)։

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

 Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանը թույլ է տվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 93-րդ հոդվածի և 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով.

 

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումների համատեքստում կրկին անդրադառնալ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի հիմքով հայցն առանց քննության թողնելու իրավական հնարավորության հարցին:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն` առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ:

ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշմամբ անդրադառնալով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի բովանդակությանը, դիրքորոշում է հայտնել այն մասին, որ օրենսդրի կողմից հստակ սահմանվել է այն պայմանների միաժամանակյա առկայությունը, որոնց դեպքում դատարանը հայցը կարող է թողնել առանց քննության: Այդ պայմաններն են՝

- պատշաճ ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չեն ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին,

- պատշաճ ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չեն ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իրենց բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և

- պատասխանողը միջնորդություն չի ներկայացրել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ:

ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ միայն վերոնշյալ պայմանների միաժամանակյա առկայության դեպքում է դատարանն իրավասու ներկայացված հայցը կամ դիմումը թողնել առանց քննության։ Պատշաճ ծանուցված հայցվորի կամ նրա ներկայացուցչի կողմից երկու հաջորդական դատական նիստերին մասնակցությունն ապահովված չլինելու և գործի քննությունը հետաձգելու կամ իր բացակայությամբ այն իրականացնելու վերաբերյալ միջնորդություններ ներկայացված չլինելու պայմանների, ինչպես նաև պատասխանողի կողմից գործի քննությունը շարունակելու վերաբերյալ միջնորդության բացակայության միաժամանակյա առկայությունը բավարար է դատարանի կողմից հայցն առանց քննության թողնելու մասին որոշում կայացնելու համար։ Նշված պայմաններից որևէ մեկի բացակայության դեպքում դատարանն իրավասու չէ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի հիմքով հայցը կամ դիմումը թողնել առանց քննության (տե՛ս, Ալվարդ Սահակյանն ընդդեմ Հենրիկ Մարտիկյանի թիվ ԱՎԴ1/0452/02/19 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04.09.2020 թվականի որոշումը):

ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 93-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատավարության մասնակիցները, բացառությամբ գործին մասնակցող անձանց ներկայացուցիչների, նույն օրենսգրքով սահմանված կարգով ծանուցվում են դատական նիստի ժամանակի և վայրի, ինչպես նաև նույն օրենսգրքով նախատեսված դեպքերում` առանձին դատավարական գործողություններ կատարելու մասին:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 94-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատավարության մասնակիցները դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցվում են ծանուցագրի միջոցով, եթե նույն օրենսգրքով ծանուցման այլ կարգ նախատեսված չէ:

Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն` դատական ծանուցագիրը`

1) ուղարկվում է պատվիրված նամակով` հանձնման մասին ծանուցմամբ.

2) հանձնվում է առձեռն.

3) ուղարկվում է էլեկտրոնային հաղորդակցության միջոցով` նույն օրենսգրքի 97-րդ հոդվածով սահմանված կարգով:

Վերը նշված նորմերի վերլուծությունից բխում է նաև, որ օրենսդիրը դատարանի համար պարտականություն է սահմանել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատավարության մասնակիցներին ծանուցելու դատական նիստի ժամանակի և վայրի, ինչպես նաև նույն օրենսգրքով նախատեսված դեպքերում` առանձին դատավարական գործողություններ կատարելու մասին: Ընդ որում, այդ ծանուցումն իրականացվում է ծանուցագրի միջոցով, եթե նույն օրենսգրքով ծանուցման այլ կարգ նախատեսված չէ: Տվյալ դեպքում դատական ծանուցագիրը կամ ուղարկվում է պատվիրված նամակով` հանձնման մասին ծանուցմամբ, կամ հանձնվում է առձեռն, կամ ուղարկվում է էլեկտրոնային հաղորդակցության միջոցով` նույն օրենսգրքի 97-րդ հոդվածով սահմանված կարգով:

 ՀՀ վճռաբեկ դատարանը ՀՀ քաղաքացիական դատավարության 1998 թվականի հունիսի 17-ի օրենսգրքի գործողության ժամանակ նախկինում կայացրած որոշումներում անդրադարձել է դատական նիստի վայրի և ժամանակի մասին գործին մասնակցող անձանց պատշաճ ծանուցելու իրավական խնդրին՝ նշելով, որ իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածով (մինչև 10.06.2014 թվականը գործող խմբագրությամբ) նախատեսված` դատական նիստի ժամանակի և վայրի մասին գործին մասնակցող անձանց տեղեկանալու իրավունքն ու դատարանի` նրանց տեղեկացնելու պարտականությունն ուղղակիորեն կապված են ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված օրենքի առջև բոլորի հավասարության համընդհանուր սկզբունքի և դրանից բխող ու ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով ամրագրված մրցակցության և կողմերի հավասարության սկզբունքների հետ: Մրցակցային դատավարության սկզբունքը ենթադրում է, որ յուրաքանչյուր կողմ պետք է ունենա գործում եղած կամ լրացուցիչ ներկայացված ապացույցների մասին տեղեկանալու և դրանց մասին մեկնաբանություններ ներկայացնելու հնարավորություն (տե՛ս, Վերգուշ Վարդանյանն ընդդեմ Եղիշ Թորոսյանի թիվ 3-19(ՎԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.02.2008 թվականի որոշումը):

Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ այդ սկզբունքներն ամբողջ ծավալով կարող են իրականացվել միայն այն դեպքում, երբ գործին մասնակցող անձանցից յուրաքանչյուրին ընձեռված է դատական նիստին ներկա գտնվելու հնարավորություն, քանի որ այդպիսի հնարավորությունն է կողմերի դատական պաշտպանության իրավունքի, իրավահավասարության և մրցակցության սկզբունքների ապահովման կարևոր պայմանը: Միևնույն ժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է նաև, որ գործին մասնակցող անձանց պատշաճ ծանուցումը վերջիններիս նյութական իրավունքների իրացման կարևոր նախապայման է (տես, «ՎՏԲ-Հայաստան բանկ» փակ բաժնետիրական ընկերությունն ընդդեմ Վահե Բարսեղյանի և Ռոստոմ Բարսեղյանի թիվ ԼԴ/0221/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.04.2015 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը Խաչիկ Պողոսյանն ընդդեմ Ժենյա և Հարություն Պողոսյանների գործով կայացված որոշմամբ ընդգծել է, որ ցանկացած դեպքում դատարանը պետք է կատարի դատավարության մասնակիցներին դատական նիստի ժամանակի և վայրի մասին իրազեկելուն ուղղված ակտիվ գործողություններ և պետք է ձեռնարկի օրենսդրությամբ նախատեսված` կոնկրետ իրավիճակում հնարավոր բոլոր ծանուցման միջոցները և եղանակները: (...) անկախ ծանուցման ընտրված եղանակից, ծանուցումը պետք է լինի այնպիսին, որով հնարավոր է ապացուցել դատավարության համապատասխան մասնակիցների` դատական նիստի մասին պատշաճ տեղեկացված լինելու փաստը (տե՛ս, Խաչիկ Պողոսյանն ընդդեմ Ժենյա և Հարություն Պողոսյանների թիվ ԵԿԴ/2767/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.04.2015 թվականի որոշումը):

Վերահաստատելով դատական ծանուցումների դատավարական ինստիտուտի վերաբերյալ նախկինում արտահայտած վերոգրյալ իրավական դիրքորոշումները` ՀՀ վճռաբեկ դատարանը մեկ այլ որոշմամբ գտել է, որ դրանք կիրառելի են նաև 09.02.2018 թվականին ընդունված և 09.04.2018 թվականին ուժի մեջ մտած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսված իրավակարգավորումների նկատմամբ: Անդրադառնալով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով ամրագրված` դատավարության մասնակիցներին դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ծանուցման հարցին` ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ գործող օրենսդրությամբ ևս դատարանների վրա դրվել է պարտականություն իրականացնելու համապատասխան ակտիվ գործողություններ դատավարության մասնակիցներին դատական նիստի ժամանակի և վայրի մասին իրազեկելու համար: Բացի այդ, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով ամրագրված կարգավորումներով ևս, ըստ էության սահմանվել է, որ անկախ ծանուցման եղանակից` ծանուցումը պետք է լինի այնպիսին, որով հնարավոր է ապացուցել դատավարության մասնակիցների` դատական նիստի մասին պատշաճ տեղեկացված լինելու փաստը (տես, «Գարանտ Ըքաունթ Քոնսալթինգ» ՍՊԸ-ի ընդդեմ «Մանջիարե» ՍՊԸ-ի և Ֆելիքս Թովմասյանի թիվ ԵԿԴ/4088/02/17 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 23.10.2020 թվականի որոշումը):

 

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Սույն գործի փաստերի համաձայն՝ 29.03.2021 թվականին նշանակված նախնական դատական նիստին, որում Դատարանը որոշում է կայացրել այն հետաձգելու և 04.06.2021 թվականին կրկին նախնական դատական նիստ նշանակելու մասին, ներկա են եղել Ընկերության ներկայացուցիչ Արման Ստեփանյանը և պատասխանողի ներկայացուցիչը. Ընկերության ի պաշտոնե ներկայացուցիչը դատական նիստին ներկա չի եղել:

Դատարանը, 29.03.2021 թվականին նշանակված նախնական դատական նիստում որոշում կայացնելով այն հետաձգելու և 04.06.2021 թվականին կրկին նախնական դատական նիստ նշանակելու մասին, Ընկերությանն այդ մասին որևէ եղանակով չի ծանուցել:

04.06.2021 թվականին նշանակված նախնական դատական նիստին ներկա չեն եղել ինչպես Ընկերության ի պաշտոնե ներկայացուցիչը, այնպես էլ՝ Ընկերության ներկայացուցիչներից որևէ մեկը. դատական նիստը հետաձգվել է և նշանակվել 24.09.2021 թվականին: Տվյալ դատական նիստի մասին ծանուցվել է միայն Ընկերության ներկայացուցիչ Արման Ստեփանյանը, ով Ընկերության կողմից իրեն 23.07.2020 թվականին տրված լիազորագրում նման լիազորություն չի ունեցել, իսկ Ընկերությունն իր հերթին դիմում չի ներկայացրել Դատարան՝ իր ներկայացուցչին ծանուցելու վերաբերյալ:

24.09.2021 թվականին նշանակված նախնական դատական նիստին չեն ներկայացել ինչպես Ընկերությունը՝ ի դեմս նրա ի պաշտոնե ներկայացուցչի, այնպես էլ Ընկերության ներկայացուցիչներից որևէ մեկը: Արդյունքում Դատարանը 24.09.2021 թվականին որոշում է կայացրել հայցն առանց քննության թողնելու մասին՝ այն պատճառաբանությամբ, որ հայցվորը չի ներկայացել իրար հաջորդող երկու՝ 04.06.2021 թվականի և 24.09.2021 թվականի դատական նիստերին։

Վերաքննիչ դատարանը, քննելով Դատարանի որոշման դեմ վերաքննիչ բողոքը, 31.01.2022 թվականին որոշում է կայացրել այն մերժելու մասին՝ պատճառաբանելով, որ «24.09.2021 թվականի դատական նիստի ժամանակի և վայրի մասին հայցվորի ներկայացուցչին սահմանված կարգով ուղարկվել է դատական ծանուցագիր, որը վերջինս ստորագրությամբ ստացել է: (…) Դատարանը սահմանված կարգով հայցվորին ծանուցել է 24.09.2021 թվականին կայանալիք դատական նիստի ժամանակի և վայրի մասին, հետևաբար հակառակի մասին բողոքաբերի փաստարկներն անհիմն են և գործի փաստական հանգամանքներից չբխող: Նշվածն էլ իր հերթին վկայում է այն մասին, որ ծանուցված հայցվորի երկու հաջորդական դատական նիստերին չմասնակցելու, գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն ներկայացված չլինելու պայմաններում, առկա են եղել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետով նախատեսված բոլոր պայմանները, հետևաբար Դատարանը չէր կարող կայացնել այլ որոշում, քան կայացվածը, ուստի բացակայում են Դատարանին դատական սխալներ վերագրելու հիմքերը»:

Վերոնշյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո գնահատելով Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունների հիմնավորվածությունը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դրանք անհիմն են և չեն բխում սույն գործի փաստերից, քանի որ Վճռաբեկ դատարանի գնահատմամբ բացակայել է հայցը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ 1-ին մասի 11-րդ կետի հիմքով առանց քննության թողնելու վերը նշված պարտադիր վավերապայմաններից մեկը՝ հայցվոր Ընկերությունը պատշաճ ծանուցված չի եղել երկու հաջորդական դատական նիստերին, որպիսի հանգամանքը Վճռաբեկ դատարանը հաստատված է համարում այդ մասին գործում որևէ ապացույց չլինելու հիմքով:

Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի պատճառաբանությանն այն մասին, որ դատական ծանուցագիրը սահմանված կարգով ուղարկվել է հայցվորի ներկայացուցչին, որպիսի փաստի առկայությունը բավարար է համարել այդ հիմքով նաև Ընկերությանը ծանուցված համարելու համար, ապա այդ առումով Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում արձանագրել հետևյալը.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 93-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատավարության մասնակիցները, բացառությամբ գործին մասնակցող անձանց ներկայացուցիչների, նույն օրենսգրքով սահմանված կարգով ծանուցվում են դատական նիստի ժամանակի և վայրի, ինչպես նաև նույն օրենսգրքով նախատեսված դեպքերում՝ առանձին դատավարական գործողություններ կատարելու մասին:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ գործին մասնակցող անձի կողմից իր ներկայացուցչին ծանուցելու վերաբերյալ դիմում ներկայացվելու կամ լիազորագրում նման լիազորության առկայության դեպքում ծանուցվում է միայն ներկայացուցիչը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետի համաձայն՝ դատարանում գործը վարելու լիազորագիրը ներկայացուցչին իրավունք է տալիս ներկայացվողի անունից կատարելու ցանկացած դատավարական գործողություն, բացառությամբ` դատական ծանուցումները և դատավարական փաստաթղթերն ստանալու։

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նույն հոդվածի 1-ին մասում թվարկված գործողություններից յուրաքանչյուրի կատարման համար ներկայացվողի տված լիազորագրում պետք է ուղղակիորեն նախատեսված լինի ներկայացուցչի այդ լիազորությունը:

ՀՀ վճռաբեկ դատարանն իր որոշումներից մեկում անդրադառնալով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 93-րդ հոդվածով սահմանված իրավակարգավորմանը, արձանագրել է, որ վերոհիշյալ հոդվածի 2-րդ մասի բովանդակությամբ հստակ կարգավորում է նախատեսված այն մասին, որ գործին մասնակցող անձի կողմից իր ներկայացուցչին ծանուցելու վերաբերյալ լիազորագրում լիազորություն սահմանելու դեպքում դատական նիստերի վերաբերյալ ծանուցվում է միայն ներկայացուցիչը: Հետևաբար լիազորագրում՝ ներկայացուցչի կողմից դատական ծանուցումներն ստանալու (ներկայացուցչին ծանուցելու) վերաբերյալ լիազորության առկայության պայմաններում դատարանի կողմից դատական ծանուցումները ներկայացուցչին ուղարկելը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի համաձայն, համարվում է դատական նիստի ժամանակի և վայրի մասին գործին մասնակցող անձին ծանուցելու՝ դատարանի պարտականության պատշաճ կատարում: Ընդ որում՝ լիազորագրում՝ ներկայացուցչի կողմից դատական ծանուցումներն ստանալու վերաբերյալ լիազորության առկայությունը բավարար է դատարանի կողմից դատական ծանուցումները միայն ներկայացուցչին ուղարկելու համար (տե՛ս Ալվարդ Սահակյանն ընդդեմ Հենրիկ Մարտիկյանի, երրորդ անձ «Յունիբանկ» ԲԲԸ-ի թիվ ԱՎԴ1/0452/02/19 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04.09.2020 թվականի որոշումը):

 Մեկ այլ որոշմամբ էլ ՀՀ վճռաբեկ դատարանն ընդգծել է, որ բոլոր այն դեպքերում, երբ գործին մասնակցող անձի կողմից դիմում է ներկայացվում իր ներկայացուցչին ծանուցելու վերաբերյալ կամ համապատասխան լիազորություն է առկա լինում գործին մասնակցող անձի ներկայացուցչին տրված լիազորագրում, ապա նման իրավիճակում դատարանի կողմից դատական ծանուցումները միայն ներկայացուցչին ուղարկելը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի համաձայն, համարվում է դատական նիստի ժամանակի և վայրի մասին գործին մասնակցող անձին ծանուցելու՝ դատարանի պարտականության պատշաճ կատարում, մինչդեռ այն դեպքում, երբ գործին մասնակցող անձի կողմից նման դիմում չի ներկայացվում, ինչպես նաև լիազորագրում բացակայում է համապատասխան լիազորությունը, ապա նման պայմաններում դատարանի կողմից դատական ծանուցումները միայն ներկայացուցչին ուղարկելու դեպքում գործին մասնակցող անձը չի համարվում ծանուցված դատական նիստի ժամանակի և վայրի մասին (տե՛ս Լուսինե Մինասյանն ընդդեմ Իվան Մարինոյի, երրորդ անձ Էրեբունի վարչական շրջանի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի՝ թիվ ԵԴ/21099/02/18 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 12.05.2022 թվականի որոշումը):

Տվյալ դեպքում Ընկերության կողմից իր ներկայացուցիչներին 23.07.2020 թվականին տրված լիազորագրի բովանդակությունից բխում է, որ դրանում ուղղակիորեն նախատեսված չեն ներկայացուցիչների՝ դատավարական փաստաթղթեր կամ դատական ծանուցագրեր ստանալու լիազորությունները: Ավելին՝ Ընկերությունն իր հերթին դիմում չի ներկայացրել Դատարան՝ իր ներկայացուցիչներին ծանուցելու վերաբերյալ:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով Ընկերությունը չի կարող համարվել պատշաճ ծանուցված 24.09.2021 թվականին նշանակված դատական նիստի ժամանակի և վայրի մասին, հետևաբար Դատարանն իրավասու չէր հայցը թողնելու առանց քննության, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից: Նման պայմաններում Դատարանը, որոշում կայացնելով հայցն առանց քննության թողնելու մասին, խախտել է հայցվորի՝ ՀՀ Սահմանադրությամբ և Կոնվենցիայով երաշխավորված արդար դատաքննության իրավունքը, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-րդ մասի 2-րդ կետով սահմանված՝ դատարանի ակտն ամբողջությամբ բեկանելու և գործը համապատասխան ստորադաս դատարան` նոր քննության ուղարկելու լիազորությունը:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի համաձայն՝ դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 102-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ պետական տուրքի վճարումից ազատելու, պետական տուրքի վճարումը հետաձգելու, պետական տուրքը և դրա դրույքաչափը նվազեցնելու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով։

Հայցադիմումը դատարան ներկայացնելու պահի դրությամբ գործող խմբագրությամբ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի «թ» կետի համաձայն՝ դատարաններում պետական տուրքի վճարումից ազատվում են ոչ առևտրային կազմակերպություններ և ֆիզիկական անձինք` գործը կարճելու կամ հայցն առանց քննության թողնելու մասին դատարանի որոշումը բեկանելու, վճիռների կատարումը հետաձգելու կամ տարաժամկետելու, վճիռների կատարման եղանակը և կարգը փոփոխելու, հայցերի ապահովման կամ ապահովման մի տեսակը մեկ այլ տեսակով փոխարինելու վերաբերյալ հայցերով:

Նույն օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նույն հոդվածի առաջին մասում նշված անձինք տուրքի վճարումից ազատվում են նաև դատարանի վճիռների և որոշումների դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար:

Նկատի ունենալով, որ սույն գործով բողոքարկվել է Դատարանի 24.09.2021 թվականի «Հայցն առանց քննության թողնելու մասին» որոշումը վերանայելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի կայացված դատական ակտը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքի համար սահմանված պետական տուրքի հարցը պետք է համարել լուծված:

 Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ, 408-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 31.01.2022 թվականի որոշումը և գործն ուղարկել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության։

2. Վճռաբեկ բողոքի համար սահմանված պետական տուրքի հարցը համարել լուծված:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող

Մ. Դրմեյան

Զեկուցող

Գ. Հակոբյան

Ս. Անտոնյան

Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ

Ա. ՄԿՐՏՉՅԱՆ

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 26 դեկտեմբերի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան