Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 10405/17
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (18.10.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում 03.02.2023
Ընդունող մարմին
Մարդու իրավունքների եվրոպական դատարան
Ընդունման ամսաթիվ
18.10.2022
Ստորագրող մարմին
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
18.10.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.10.2022

Ներմուծեք նկարագրությունը_15382

ՉՈՐՐՈՐԴ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

Գանգատ թիվ 10405/17

 

Ռուզաննա ՏԵՐ-ՎԱՐԴԱՆՅԱՆՆ ընդդեմ Հայաստանի

 

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (Չորրորդ բաժանմունք), 2022 թվականի հոկտեմբերի 18-ին հանդես գալով Կոմիտեի հետևյալ կազմով՝

Յոլիեն Շուկինգ [Jolien Schukking]՝ Նախագահ,

Արմեն Հարությունյան [Armen Harutyunyan],

Անա Մարիա Գեռա Մարտինս [Ana Maria Guerra Martins]՝ դատավորներ,

և Լյուդմիլա Միլանովա [Ludmila Milanova]՝ Բաժանմունքի քարտուղարի տեղակալի պաշտոնակատար,

հաշվի առնելով՝

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի (Կոնվենցիա) 34-րդ հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացի, 1950 թվականին ծնված և Երևանում ապրող, Երևանում գործող իրավաբան տկն Ա. Դաշյանի կողմից ներկայացվող՝ տկն Ռուզաննա Տեր-Վարդանյանի (դիմումատու) կողմից ընդդեմ Հայաստանի Հանրապետության՝ 2017 թվականի հունվարի 27-ին Դատարան ներկայացված գանգատը (թիվ 10405/17),

դիմումատուին՝ իր թոռներին տեսակցելու իրավունք շնորհելու մասին վերջնական դատական ակտը ենթադրաբար չկատարելու առնչությամբ բողոքների մասին Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր ներկայացուցիչ պրն Ե.Կիրակոսյանի կողմից ներկայացվող՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանը (Կառավարություն) ծանուցելու և գանգատի մնացած մասն անընդունելի հայտարարելու մասին որոշումը,

կողմերի դիտարկումները,

անցկացնելով խորհրդակցություն, որոշեց հետևյալը.

 

ԳՈՐԾԻ ԱՌԱՐԿԱՆ

 

1. Գործը վերաբերում է դիմումատուի՝ Կոնվենցիայի 6-րդ, 8-րդ և 13-րդ հոդվածների համաձայն ներկայացված բողոքներին այն մասին, որ իշխանությունները ենթադրաբար չեն ապահովել իր թոռներին տեսակցելու իրավունք շնորհելու մասին վերջնական դատական ակտի կատարումը։

2. 2004 թվականին դիմումատուի որդին՝ Վ.-ն, ամուսնացել է Ե.-ի հետ, 2005 և 2008 թվականներին Ե-ն ունեցել է երկու աղջիկ՝ Լ.-ն և Ս.-ն համապատասխանաբար։

3. Լ.-ի ծնվելուց հետո ամուսինների և դիմումատուի միջև ծագել են ընտանեկան անհամաձայնություններ։

4. 2009 թվականին դիմումատուն ընդդեմ Ե.-ի ներկայացրել է քաղաքացիական հայց՝ պահանջելով Լ.-ին և Ս.-ին տեսակցելու իրավունք։

5. 2010 թվականի հունիսի 24-ի վերջնական վճռով Վերաքննիչ քաղաքացիական դատարանը որոշել է, որ դիմումատուի և նրա թոռների տեսակցությունը պետք է կայանա շաբաթ օրերին՝ առավոտյան 9։00-ից երեկոյան 21։00-ն։

6. 2011 թվականին Ե.-ն ունեցել է տղա՝ Ն.-ն։

7. 2013 թվականին դիմումատուն ընդդեմ Ե.-ի ներկայացրել է քաղաքացիական հայց՝ պահանջելով Ն.-ին տեսակցելու իրավունք։

8. 2013 թվականի հուլիսի 10-ի վերջնական վճռով Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանը (Վարչական շրջանի դատարան) թույլատրել է դիմումատուի շփումը Ն.-ի հետ շաբաթ օրերին՝ առավոտյան 9։00-ից երեկոյան 21։00-ն։ 2010 թվականից 2014 թվականը դիմումատուն պահպանել է իր շփումն իր թոռների հետ՝ առանց իշխանությունների միջամտության։

9. Ե.-ն և դիմումատուի որդին չպարզված օրը առանձնացել են և 2014 թվականի հոկտեմբերին ամուսնալուծվել։

10. 2014 թվականի մայիսի 30-ին դիմումատուն դիմել է Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայություն (ԴԱՀԿ)։

11. 2014 թվականի հունիսի 2-ին ԴԱՀԿ-ի կողմից հարուցվել է կատարողական վարույթ 2013 թվականի հուլիսի 10-ի վճռի առնչությամբ (տե՛ս վերևում 8-րդ պարբերությունը), և այն միացվել է 2010 թվականի հունիսի 24-ի վճռի առնչությամբ արդեն հարուցված վարույթին (տե՛ս վերևում 5-րդ պարբերությունը)։

12. Հարկադիր կատարողը տեսակցություն կազմակերպելու նպատակով 2014 թվականի օգոստոսի 23-ին այցելել է այն բնակարան, որտեղ բնակվել են Ե.-ն և նրա երեխաները։ Համաձայն համապատասխան արձանագրության՝ բնակարան մուտք գործելուն պես դիմումատուն սկսել է վիճել Ե.-ի հետ՝ մեղադրելով նրան իր հետ շփումը չպահպանելու համար երեխաների նկատմամբ ճնշում գործադրելու և նրանց ծեծելու սպառնալիքների մեջ։ Լ.-ն և Ս.-ն հրաժարվել են գնալ դիմումատուի հետ։ Նրանք հրաժարվել են գնալ դիմումատուի հետ նույնիսկ այն դեպքում, երբ հարկադիր կատարողն առաջարկել է գնալ միասին։ Ի վերջո դիմումատուն վերցրել է Ն.-ին և հեռացել։

13. Նույն օրը դիմումատուն իր և Վ.-ի անունից Ե.-ի դեմ ներկայացրել է քաղաքացիական հայց՝ պահանջելով երեխաների խնամակալություն։ Վ.-ն ներկայացրել է դիմում, որտեղ նշել է, որ երբևէ դիմումատուին չի տվել նման դատական հայց ներկայացնելու համաձայնություն, և որ նա ցանկանում է հետ վերցնել իր անունից ներկայացված հայցը։

14. 2014 թվականի հոկտեմբերի 4-ին դիմումատուն հերթական նշանակված տեսակցության նպատակով վերցրել է Ն.-ին և հրաժարվել է վերադարձնել երեխային։ Համապատասխան արձանագրության համաձայն՝ հարկադիր կատարողը զանգահարել է դիմումատուին, որը պնդել է, որ չի պատրաստվում վերադարձնել երեխային և դիմելու է ոստիկանություն Ե.-ի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու համար։ 2014 թվականի հոկտեմբերի 6-ին երեխան վերադարձվել է։

15. 2014 թվականի հոկտեմբերի 17-ին կատարողական վարույթին աջակցելու նպատակով ԴԱՀԿ-ն ներգրավել է հոգեբան։

16. ԴԱՀԿ-ն 2014 թվականի հոկտեմբերի 18-ին նշանակել է հանդիպում՝ հոգեբանի մասնակցությամբ, սակայն հանդիպումը տեղի չի ունեցել, քանի որ Ե.-ն երեխաների հետ չի ներկայացել։ Հարկադիր կատարողը դիմումատուի և հոգեբանի հետ այցելել է Ե.-ի բնակարան, սակայն այնտեղ ոչ ոք չի եղել։ Այնուհետև նրանք այցելել են Վ.-ի և դիմումատուի բնակարան, որտեղ հոգեբանը զրուցել է երկուսի հետ։

17. 2014 թվականի հոկտեմբերի 20-ին հարկադիր կատարողն այցելել է Ե.-ի բնակարան և այն մանկապարտեզ, որտեղ հաճախել է Ն.-ն։ Այցելության մասին արձանագրության համաձայն՝ Լ.-ն և Ս.-ն պնդել են, որ նրանք չեն ցանկանում պահպանել իրենց շփումը դիմումատուի հետ, քանի որ վերջինս անդադար վատ է արտահայտվում իրենց մոր մասին։ Նույն օրը հարկադիր կատարողն ընդունել է որոշում՝ վարույթում ներգրավելու փորձագետ հոգեբան՝ դիմումատուի և նրա թոռների հետ կապված իրավիճակի հոգեբանական գնահատում իրականացնելու և միմյանց հետ շփվելու հետ կապված խնդիրները բացահայտելու համար։

18. 2014 թվականի հոկտեմբերի 21-ին ԴԱՀԿ-ն դիմել է այն համայնքի ղեկավարին, որտեղ բնակվել են Ե.-ն և երեխաները՝ պահանջելով տեղեկություններ ընտանեկան վիճակի մասին, հղում կատարելով դիմումատուի պնդումներին այն մասին, որ Ե.-ն ճնշում է գործադրում երեխաների նկատմամբ և վատ է վերաբերվում նրանց։ Ի պատասխան՝ ԴԱՀԿ-ն տեղեկացվել է, որ բազմաթիվ այցելությունների և ընտանիքի անդամների, այդ թվում՝ Վ.-ի հետ քննարկումների արդյունքում սոցիալական ծառայությունները խախտումներ չեն հայտնաբերել, և որ եզրակացվել է, որ Ե.-ն պատշաճ կերպով հոգ է տանում երեխաների մասին։

19. 2014 թվականի հոկտեմբերի 25-ին ԴԱՀԿ-ն նշանակել է մեկ այլ հանդիպում՝ երկու հոգեբանների մասնակցությամբ։ Համաձայն հանդիպման արձանագրության՝ անմիջապես ժամանելուն պես դիմումատուն սկսել է բղավել և պահանջել, որ Ե.-ն հեռանա։ Երբ հարկադիր կատարողը խնդրել է Ե.-ին հեռանալ, երեխաները լաց լինելով հետևել են նրան և չեն ցանկացել վերադառնալ առանց նրա։ Երբ երեխաները վերադարձել են Ե.-ի հետ, դիմումատուն նորից սկսել է բղավել՝ ասելով, որ նա իրավունք ունի հանդիպելու իր թոռների հետ առանց Ե.-ի ներկայության։ Այնուհետև Ե.-ն հեռացել է, սակայն դիմումատուն, անտեսելով հոգեբանների առաջարկը՝ շարունակելու հանդիպումը երեխաների հետ, հրաժարվել է դա անել և շարունակել է վիրավորել Ե.-ին։

20. 2014 թվականի հոկտեմբերին և նոյեմբերին դիմումատուն վարչական դատարաններ է ներկայացրել մի շարք հայցեր՝ պահանջելով հարկադիր կատարողի ինքնաբացարկ։ Այդ հայցերը չեն քննվել ընդդատության բացակայության պատճառով։

21. 2014 թվականի դեկտեմբերին դիմումատուն հաղորդում է ներկայացրել ոստիկանություն՝ պահանջելով Ե.-ի նկատմամբ իրականացնել քրեական հետապնդում՝ վճիռը դիտավորյալ չկատարելու համար։ Այդ կապակցությամբ հարուցված քրեական վարույթը կարճվել է՝ հանցակազմի բացակայության պատճառով քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշմամբ։

22. 2015 թվականի հունվարին դիմումատուն ոստիկանություն է ներկայացրել մեկ այլ հաղորդում՝ պնդելով, որ Ե.-ն ծեծում է երեխաներին և հոգ չի տանում նրանց առողջության մասին։ Քրեական վարույթի հարուցումը մերժվել է։

23. 2015 թվականի մարտի 15-ի հոգեբանական փորձագիտական եզրակացության մեջ, inter alia (ի թիվս այլնի), նշվել է, որ բացակայել է առողջ կապվածությունը դիմումատուի և նրա թոռների միջև, որոնք նրա հետ հանդիպման ժամանակ դրսևորել են անհանգստություն։

24. 2015 թվականի մարտի 2-ից ի վեր դիմումատուն չի ներկայացրել որևէ պահանջ ԴԱՀԿ։

25. 2019 թվականի հունվարին Ե.-ն դիմել է ԴԱՀԿ՝ պնդելով, որ ավելի քան չորս տարի դիմումատուն երեխաների հետ չի պահանջել որևէ հանդիպում։

26. 2019 թվականի մայիսին ԴԱՀԿ-ն պահանջել է իրականացնել ևս մեկ հոգեբանական գնահատում։ Արդյունքում ստացված 2019 թվականի հուլիսի 7-ի եզրակացության համաձայն՝ երեխաները դիմումատուի մասին ունեցել են տրավմատիկ հիշողություններ և չեն ցանկացել տեսնել նրան։

27. Հարկադիր կատարումն անհնարին դառնալու հիմքով ԴԱՀԿ-ն 2019 թվականի օգոստոսի 18-ի որոշմամբ ավարտել է կատարողական վարույթը։ Որոշման համաձայն՝ այն ենթակա է եղել բողոքարկման համապատասխան հարկադիր կատարողի վերադասին կամ վարչական դատարան։

 

ԴԱՏԱՐԱՆԻ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ

 

28. Դիմումատուի բողոքներն առավել նպատակահարմար է քննել Կոնվենցիայի 8-րդ հոդվածի համաձայն (տե՛ս Քրիստեսկուն ընդդեմ Ռումինիայի [Cristescu v. Romania], թիվ 13589/07, § 50, 2012 թվականի հունվարի 10)։

29. Դատարանը հաշվի է առնում Կառավարության նախնական առարկությունները՝ իրավական պաշտպանության ներպետական միջոցները չսպառելու, վեցամսյա ժամկետը չպահպանելու և գանգատ ներկայացնելու իրավունքը չարաշահելու առնչությամբ։ Այնուամենայնիվ, այն համարում է, որ անհրաժեշտություն չկա քննելու Կառավարության առարկությունները, քանի որ գանգատը բոլոր դեպքերում անընդունելի է հետևյալ պատճառներով։

30. Դիմումատուն մինչև 2014 թվականը պահպանել է շփումն իր թոռների հետ, և չի վիճարկվել, որ դիմումատուի և նրա թոռների միջև եղել են ընտանեկան կապեր։ Այսպիսով, Դատարանը համոզված է, որ դիմումատուի և նրա թոռների միջև հարաբերությունները համարվում են «ընտանեկան կյանք», որը պաշտպանվում է Կոնվենցիայի 8-րդ հոդվածով (տե՛ս Մանուելլոն և Նևին ընդդեմ Իտալիայի [Manuello and Nevi v. Italy], թիվ 107/10, § 50, 2015 թվականի հունվարի 20, հաջորդող հղումների հետ միասին)։

31. Այդ պատճառով Դատարանի խնդիրն է դիտարկել, թե արդյոք հաշվի առնելով վերջինիս նախադեպային իրավունքի համապատասխան սկզբունքները (տե՛ս Նիստորն ընդդեմ Ռումինիայի [Nistor v. Romania], թիվ 14565/05, § 71, 2010 թվականի նոյեմբերի 2 և վերևում հիշատակված՝ Մանուելլոյի և Նևիի գործը, §§ 47-49)՝ Հայաստանի իշխանությունները ձեռնարկել են բոլոր անհրաժեշտ քայլերը, որոնք ողջամտորեն կարող էին պահանջվել դիմումատուի և նրա թոռների միջև շփմանը նպաստելու և նրա տեսակցությունների կարգը սահմանող վերջնական վճռի պահանջները կատարելու համար (տե՛ս վերևում հիշատակված՝ Քրիստեսկուի գործը, § 61 և Պ. Ֆ.-ն ընդդեմ Լեհաստանի [P.F. v. Poland], թիվ 2210/12, § 58, 2014 թվականի սեպտեմբերի 16)։

32. Տատիկ-պապիկների և թոռների միջև հարաբերությունն իր բնույթով և աստիճանով ընդհանուր առմամբ տարբերվում է ծնողի և երեխայի միջև հարաբերությունից, և հետևաբար հենց այդ բնույթով այն պահանջում է ավելի քիչ պաշտպանվածություն (տե՛ս Գ.Հ.Բ.-ն ընդդեմ Միացյալ Թագավորության (որոշում) [G.H.B. v. the United Kingdom (dec.)], թիվ 42455/98, 2000 թվականի մայիսի 4, հաջորդող հղումների հետ միասին)։ Այսպիսով, տատիկ-պապիկների՝ իրենց թոռների հետ կապված ընտանեկան կյանքի նկատմամբ հարգանքի իրավունքը ենթադրում է տատիկ-պապիկների և թոռների միջև շփման միջոցով նորմալ հարաբերությունների պահպանման իրավունք (տե՛ս Կրուսկիչը և այլք ընդդեմ Խորվաթիայի (որոշում) [Kruskic and others v. Croatia (dec.)], թիվ 10140/13, § 111, 2014 թվականի նոյեմբերի 25)։

33. Սույն գործում, երբ դիմումատուն շփման իր իրավունքների իրացման համար պահանջել է հարկադիր կատարողի աջակցությունը, նրա պահանջը բավարարվել է, և առանց անհարկի ձգձգումների հարուցվել է կատարողական վարույթ (տե՛ս վերևում 10-րդ և 11-րդ պարբերությունները. համեմատի՛ր և հակադրի՛ր վերևում հիշատակված՝ Մանուելլոյի և Նևիի գործի հետ, § 55)։

34. Պետք է ընդունել, որ շփումը կազմակերպելու դժվարությունների պատճառը հիմնականում եղել է դիմումատուի և Ե.-ի միջև թշնամությունը։ Նրանց միջև գոյություն ունեցող կոնֆլիկտը և իրենց տատիկին տեսնելու՝ երեխաների դժկամությունը իշխանությունների համար հատկապես դժվարացրել են դիմումատուի տեսակցելու իրավունքի լիարժեք իրացումը (տե՛ս վերևում 12-րդ, 17-րդ և 19-րդ պարբերությունները)։

35. Այդուհանդերձ, իշխանությունները ձեռնարկել են մի շարք միջոցներ, այդ թվում՝ նրբանկատ ընտանեկան իրավիճակում լուծումներ գտնելու համար կատարողական վարույթում ներգրավել են փորձագետ հոգեբաններ և համագործակցել են սոցիալական ծառայությունների հետ (տե՛ս վերևում 15-րդ և 18-րդ պարբերությունները)։

36. Սակայն դիմումատուն հրաժարվել է մասնագիտական աջակցությունից և չի ցուցաբերել իր թոռների հետ շփումը վերահաստատելու պատրաստակամություն (տե՛ս վերևում 19-րդ պարբերությունը, երբ դիմումատուն հրաժարվել էր շարունակել իր տեսակցությունը նույնիսկ Ե.-ի հեռանալուց հետո՝ չնայած հոգեբանի խնդրանքին)։ Փոխարենը դիմումատուն ցուցաբերել է ագրեսիվ վարք Ե.-ի նկատմամբ, նաև երեխաների ներկայությամբ (տե՛ս վերևում 12-րդ և 19-րդ պարբերությունները, ինչպես նաև վերևում՝ 23-րդ և 26-րդ պարբերություններում հիշատակված հոգեբանական փորձագիտական եզրակացությունը), և ժամանակի ընթացքում կոնֆլիկտն ավելի է սրվել (տե՛ս վերևում 14-րդ պարբերությունը)։ Ավելին, նա ցանկացել է Ե.-ին զրկել ծնողական իրավունքներից՝ մասնավորապես դատական հայց ներկայացնելով նաև Վ.-ի անունից, չնայած այն հանգամանքին, որ նրանից չի ստացել համաձայնություն (տե՛ս վերևում 13-րդ պարբերությունը), և փորձել է Ե.-ին ենթարկել քրեական պատասխանատվության երեխաների նկատմամբ վատ վերաբերմունքի վերաբերյալ հայտարարությունների հիմքով, ինչը չի հաստատվել ո՛չ սոցիալական ծառայությունների, ո՛չ էլ իրավապահ մարմինների կողմից (տե՛ս վերևում 18-րդ, 21-րդ և 22-րդ պարբերությունները)։

37. Դատարանը նաև նշում է, որ 2015 թվականի մարտի 2-ից հետո դիմումատուն չի ցանկացել շփվել իր թոռների հետ (տե՛ս վերևում 24-րդ և 25-րդ պարբերությունները)։ Այս կապակցությամբ նա պնդել է, որ հարկադիր կատարողներին չպետք է հիշեցներ իր շփման իրավունքների իրացումն ապահովելու նրանց պարտականության մասին։ Այնուամենայնիվ, երեխաների համար անծանոթ անձ հանդիսացող հարկադիր կատարողը չէր կարող միայնակ գնալ երեխաների բնակարան, վերցնել նրանց և տանել դիմումատուի մոտ տեսակցության (տե՛ս Ֆուշկան ընդդեմ Ռումինիայի [Fuşcă v. Romania], թիվ 34630/07, § 46, 2010 թվականի հուլիսի 13, և վերևում հիշատակված՝ Քրիստեսկուի գործը, § 67)։

38. Հաշվի առնելով վերոնշյալը, ելնելով ազգային իշխանություններին վերապահված հայեցողական լիազորություններից և նկատի ունենալով, որ շփմանը նպաստելուն ուղղված միջոցներ ձեռնարկելու պարտավորությունը միջոցի և ոչ թե արդյունքի պարտավորություն է՝ Դատարանը համարում է, որ դիմումատուի գործը քննելիս իշխանությունները պատշաճ կերպով հաշվի են առել նշված երեխաների և ընդհանուր առմամբ ընտանիքի լավագույն շահերը՝ միաժամանակ դիմումատուի շփման իրավունքների ապահովման համար ձեռնարկելով բոլոր այն քայլերը, որոնք ողջամտորեն կարող էին պահանջվել տվյալ խիստ դժվարին իրավիճակում։

39. Վերոնշյալից հետևում է, որ Կոնվենցիայի 8-րդ հոդվածի համաձայն ներկայացված բողոքն ակնհայտորեն անհիմն է և պետք է մերժվի՝ Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3(ա) և 4-րդ կետերի համաձայն։

 

Այս հիմնավորմամբ Դատարանը միաձայն՝

 

Հայտարարում է գանգատն անընդունելի:

 

Կատարված է անգլերենով և գրավոր ծանուցվել է 2022 թվականի նոյեմբերի 17-ին։

 

Լյուդմիլա Միլանովա

Յոլիեն Շուկինգ

Քարտուղարի տեղակալի
պաշտոնակատար

Նախագահ

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան