ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում |
Քաղաքացիական գործ թիվ ՇԴ1/0637/02/20 2022 թ. | ||||||
Քաղաքացիական գործ թիվ ՇԴ1/0637/02/20 |
|||||||
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով՝
նախագահող Ռ. Հակոբյան
Ս. Անտոնյան Ա. Բարսեղյան Հ. Բեդևյան Մ. Դրմեյան Գ. Հակոբյան Ս. Միքայելյան Ա. Մկրտչյան Տ. Պետրոսյան Է. Սեդրակյան
զեկուցող
գրավոր ընթացակարգով քննելով «Վեոլիա-Ջուր» ՓԲԸ-ի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 19․05․2021 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշման դեմ` ըստ հայցի «Վեոլիա-Ջուր» ՓԲԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն) ընդդեմ Կարապետ Հակոբյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1.Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է պատասխանողից հօգուտ Ընկերության բռնագանձել 100․482 ՀՀ դրամ գումար` որպես մատուցված ծառայությունների դիմաց վճարման ենթակա գումար և 2․010 ՀՀ դրամ` որպես նախապես վճարված պետական տուրքի գումար:
ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Գ․ Հարությունյան) (այսուհետ` Դատարան) 11․03․2021 թվականի վճռով հայցը մերժվել է։
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (նախագահող դատավոր՝ Կ․ Չիլինգարյան, դատավորներ՝ Ն․ Կարապետյան, Լ․ Գրիգորյան) 21․04․2021 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքը վերադարձվել է, և սահմանվել է ժամկետ՝ վերաքննիչ բողոքում թույլ տված խախտումները վերացնելու և այն կրկին ներկայացնելու համար։
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 19․05․2021 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվել է։
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերությունը (ներկայացուցիչ Արևիկ Գրիգորյան)։
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածը, ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 3-րդ, 368-րդ և 372-րդ հոդվածները։
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ վերաքննիչ բողոքն առաջին անգամ վերադարձվել է այն հիմնավորմամբ, որ պետական տուրքի վճարումը հավաստող ապացույց չի ներկայացվել, իսկ ներկայացված հանձնարարագիրը վերաբերելի չի եղել սույն գործին, և վերաքննիչ բողոքին չի կցվել դրա օրինակը պատասխանող Կարապետ Հակոբյանին ուղարկելու փաստը հաստատող որևէ վերաբերելի ապացույց (ինչ վերաբերում է ներկայացված բողոքին կցված փոստային առաքման անդորրագրին առաքանի թիվ 7565, կոդը` «RR294772046AM», ապա դրանում նշված հասցեն («Հայաստան, Աշոցք 0000, 3թ 4շ բն 5՚) չի համապատասխանում Կարապետ Հակոբյանի հասցեին` ըստ գործի նյութերի («գ. Աշոցք, 3 թաղամաս, 1 փողոց, 4 շենք, բնակարան 5»), որպիսի պայմաններում այդ անդորրագիրը չի կարող համարվել բողոքի օրինակը Կարապետ Հակոբյանին ուղարկելու փաստը հաստատող վերաբերելի ապացույց)։ Վերը նշված թերությունները շտկված բողոքը Ընկերությունը կրկին ներկայացրել է և բողոքին կից ներկայացված գործին մասնակից անձ հանդիսացող Կարապետ Հակոբյանին հասցեագրված փոստային անդորրագրի վրա գրված է եղել «Կարապետ Հակոբյան», ազգանունը, հասցե՝ Հայաստան, Աշոցք 3թ, 4շ, բն 5, որը «Հայփոստ» ՓԲԸ-ի աշխատակից օպերատորի կողմից թույլ տրված վրիպակի արդյունք է, քանի որ առաքանին ուղարկվել է Կարապետ Հակոբյանին և նրա հասցեով, ծրարի վրա նշվել է Կարապետ Հակոբյանի անուն ազգանունը և հասցեն, անգամ «Հայփոստ» ՓԲԸ-ի աշխատակից օպերատորի կողմից առկա է ուղղում սխալի վերաբերյալ, ուղղելուց հետո հասցեի մեջ «1փ» «Հայփոստ» ՓԲԸ-ի աշխատակիցը կրկին չի նշել, թույլ է տվել տեխնիկական վրիպակ, ոչ Ընկերության մեղքով, այնուամենայնիվ Կարապետ Հակոբյանը փաստացի ծանուցվել է, ինչը հիմնավորվում է վերջինիս կողմից 13․04․2021 թվականին վերաքննիչ բողոքի պատասխանով (16․04․2021թ մուտքագրված դատարան)։ Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ անդորրագրի վրա հասցեի սխալ գրվելու արդյունքում չեն խաթարվում Կարապետ Հակոբյանի իրավունքները, քանի որ բոլոր դեպքերում Կարապետ Հակոբյանը ծանուցվել է, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից։ Ավելին կրկին անգամ ներկայացված բողոքի բովանդակությունը չէր փոխվել։
Բացի այդ, Վերաքննիչ դատարանը, մերժելով բողոքի ընդունումը, պատճառաբանել է, որ կից փաստաթղթերը նշվել են և չեն ներկայացվել, սակայն Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ գործի նյութերում առկա են եղել երկու լիազորագրեր, որոնցից մեկը ներկայացված է եղել առաջին ատյանի դատարանում անձնագրի, ՀՀ ԱՆ անձանց պետական ռեգիստրի պետական միասնական գրանցամատյանից քաղվածքի կից փաստաթղթերի հետ և դատարանի կողմից 19․05․2021 թվականին վերաքննիչ բողոքը մերժելու որոշում կայացնելու պահին լիազորագրի ժամկետը անցած չի եղել (ժամկետը լիազորագրի մեջ սահմանված էր մինչև 22․05․2021 թվականը/, իսկ մյուս լիազորագիրը, անձնագիրը ՀՀ ԱՆ անձանց պետական ռեգիստրի պետական միասնական գրանցամատյանից քաղվածքի պատճենները Ընկերությունը ներկայացրել է վերաքննիչ բողոք ներկայացնելուց, դրանով թույլ է տվել դատական սխալ, որն ազդել է գործի ելքի վրա, սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 5-րդ կետը, քանի որ գործի նյութերում լիազորագրի առկայության դեպքում Ընկերությունը կարող էր կրկին անգամ լիազորագիր չներկայացնել, իսկ անձնագիրը և ՀՀ ԱՆ անձանց պետական ռեգիստրի պետական միասնական գրանցամատյանից քաղվածքի պատճենները ևս գործի նյութերում առկա են եղել, և նշված կից փաստաթղթերը որևէ փոփոխության չեն ենթարկվել, այսինքն՝ զուտ ձևական պահանջներով մերժել է Ընկերության կողմից ներկայացված վերաքննիչ բողոքն ընդունելը և Ընկերությանը ծանրաբեռնել է ավելորդ ձևական պահանջներով` նրան զրկելով բողոքարկման հնարավորությունից:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 19․05․2021 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը:
3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 5-րդ և 7-րդ կետերի, 372-րդ հոդվածների այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով․
ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:
ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:
Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:
Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 07.02.1995 թվականի թիվ R(95)5 հանձնարարականի 1-ին հոդվածի (a) կետով նախատեսված սկզբունքի համաձայն` պետք է առկա լինի վերադաս դատարանի (երկրորդ ատյանի դատարան) կողմից ստորադաս դատարանի (առաջին ատյանի դատարան) ցանկացած որոշման վերանայման հնարավորություն: Այսինքն` առաջին ատյանի դատական ակտերի նկատմամբ դատական վերահսկողությունը պետք է իրականացվի այնպես, որպեսզի հնարավորինս ապահովվի դատավարական օրենքով սահմանված կարգով բողոքարկման ենթակա դատական ակտի վերանայման հնարավորությունը վերադաս դատարանի կողմից (երկրորդ ատյանի դատարան): Այն է` երբ պետության դատական համակարգն ունի եռաստիճան կառուցվածք, անձը պետք է ունենա առնվազն երկու ատյանում լսված լինելու իրավունք: Հետևաբար դատարանների կողմից չեն կարող այնպիսի ձևական խոչընդոտներ ստեղծվել, որոնց արդյունքում կարող է խախտվել անձանց` դատական ակտի` օրենքով նախատեսված կարգով վերանայման իրավունքը (տե´ս, Ժաննա Տերյանն ընդդեմ Վահան Տերյանի և Վահան Տերյանն ընդդեմ Ժաննա Տերյանի թիվ ԵԱՆԴ/0563/02/16 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.12.2018 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացված որոշմամբ արդեն իսկ արձանագրել է, որ ՀՀ Սահմանադրության և Կոնվենցիայի համապատասխան հոդվածներով ամրագրված՝ անձի դատական պաշտպանության իրավունքի կարևոր բաղադրիչներից մեկը դատական ակտերի բողոքարկման իրավունքն է: Բողոքարկման ինստիտուտն իրավական միջոց է, որը հնարավորություն է տալիս որոշակի ընթացակարգի միջոցով գործնականում ապահովել դատական սխալների բացահայտումը և ուղղումը` դրանով իսկ նպաստելով արդարադատության նպատակների գործնականում իրականացմանը (տե՛ս, Սուսաննա Արարատի Միրզոյանն ընդդեմ Սուսաննա Միհրանի Միրզոյանի թիվ ԱՐԱԴ/0170/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.11.2015 թվականի որոշումը, «Ֆասթ Սփլայ» ՍՊԸ-ն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի թիվ ՎԴ3/0347/05/13 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04.03.2015 թվականի որոշումը, Վարդան Աբրահամյանն ընդդեմ «Արդշինբանկ» ՓԲԸ-ի թիվ ԵԴ/17609/02/18 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 19.04.2019 թվականի որոշումը):
Բացի այդ, ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներում, անդրադառնալով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ` Եվրոպական դատարան) նախադեպային իրավունքին, փաստել է, որ որպեսզի դատարանի մատչելիության իրավունքը լինի արդյունավետ, անձը պետք է իր իրավունքների իրականացմանը միջամտող իրավական ակտը վիճարկելու հստակ և իրական հնարավորություն ունենա (տե՛ս, Bellet v. France, 04.12.1995 թվականի վճիռը, կետ 36, Մամիկոնյանն ընդդեմ Հայաստանի 16.03.2010 թվականի վճիռը, կետ 25), (տե՛ս, «Նաիրի Ինշուրանս» ԱՍՊ ընկերությունն ընդդեմ Մհեր Մուրադյանի թիվ ԿԴ1/2503/03/16 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 29.05.2019 թվականի որոշումը): Ըստ Եվրոպական դատարանի իրավական դիրքորոշման՝ դատարանի մատչելիությունն օրենսդրական կարգավորումների առարկա է, և դատարանները պարտավոր են կիրառել դատավարական համապատասխան կանոնները՝ խուսափելով ինչպես գործի արդարացի քննությանը խոչընդոտող ավելորդ ձևականություններից (ֆորմալիզմից), այնպես էլ չափազանց ճկուն մոտեցումից, որի դեպքում օրենքով սահմանված դատավարական պահանջները կկորցնեն իրենց նշանակությունը: Ըստ Եվրոպական դատարանի՝ դատարանի մատչելիության իրավունքը խաթարվում է այն դեպքում, երբ օրենսդրական նորմերը դադարում են ծառայել իրավական որոշակիության ու արդարադատության պատշաճ իրականացման նպատակներին և խոչընդոտում են անձին հասնել իրավասու դատարանի կողմից իր գործի ըստ էության քննությանը (տե՛ս, Dumitru Gheorghe v. Romania գործով Եվրոպական դատարանի 12.04.2016 թվականի վճիռը, կետ 28)։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 360-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` առաջին ատյանի դատարանի վճիռների և նույն օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված որոշումների դեմ, վերաքննիչ բողոք բերելու իրավունք ունեն գործին մասնակցող անձինք:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 367-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վերաքննիչ բողոքը և դրան կից փաստաթղթերն ուղարկվում կամ հանձնվում են վերաքննիչ դատարան։ Բողոք ներկայացնողը վերաքննիչ բողոքը և դրան կից փաստաթղթերի պատճեններն ուղարկում է գործին մասնակցող անձանց, իսկ բողոքի պատճենը՝ դատական ակտը կայացրած դատարան:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վերաքննիչ բողոքը կազմվում է գրավոր՝ նույն օրենսգրքի 16-րդ հոդվածի 2-րդ մասում նշված պահանջների պահպանմամբ: Վերաքննիչ բողոքը պետք է լինի ընթեռնելի:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի համաձայն՝ վերաքննիչ բողոքում նշվում են`(...) բողոքին կցվող փաստաթղթերի ցանկը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ վերաքննիչ բողոքն ստորագրում է բողոք բերող անձը կամ նրա ներկայացուցիչը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` (․․․), բողոքը գործին մասնակցող անձանց, իսկ բողոքի պատճենը` դատական ակտը կայացրած դատարան ուղարկելու մասին ապացույցները։ (․․․)։ Ներկայացուցչի ստորագրած բողոքին կցվում է նրա լիազորությունը հավաստող փաստաթուղթը, եթե գործում բացակայում է լիազորագիրը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու հիմքերի բացակայության դեպքում վերաքննիչ բողոքը վերադարձվում է, եթե՝ չեն պահպանվել նույն օրենսգրքի 368-րդ հոդվածի պահանջները:
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ անդրադարձել է վերը նշված դատավարական նորմերի իրավական վերլուծությանը: Մասնավորապես ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի համապատասխան նորմերով սահմանվել են վերաքննիչ բողոք ներկայացնելու կարգը, ինչպես նաև վերաքննիչ բողոքի ձևին և բովանդակությանը ներկայացվող պահանջները: Ընդ որում, օրենսդիրն ամրագրել է այն բացասական հետևանքները, որոնք կարող են վրա հասնել այն պարագայում, երբ բողոք բերած անձը չի պահպանել վերաքննիչ բողոքի ներկայացման կարգին կամ ձևին և բովանդակությանը ներկայացվող պահանջները: Միևնույն ժամանակ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը բողոք բերող անձին հնարավորություն է տվել օրենքով սահմանված ժամկետում վերացնել վերաքննիչ դատարանի կողմից մատնանշված խախտումները և վերաքննիչ բողոքը կրկին ներկայացնել վերաքննիչ դատարան (տե՛ս, Ազատ և Լևոն Հակոբյաններն ընդդեմ Գուրգեն Բերակչյանի, Կառլեն Մանուկյանի և Ռոբերտ Ավետյանի թիվ ԵԱՔԴ/1414/02/17 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 14.02.2020 թվականի որոշումը):
Հավելելով վերը նշվածին Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ օրենսդիրը կարևորելով դատավարական ներկայացուցչությունը, որպես դատական պաշտպանության արդյունավետ միջոց, սահմանել է վերաքննիչ բողոքին պարտադիր կցել ներկայացուցչի լիազորությունները հաստատող ապացույցը (լիազորագիրը), եթե վերաքննիչ բողոքը բերվել է (ստորագրվել է) ներկայացուցչի կողմից: Ընդ որում նշված կանոնը կիրառելի է միայն այն դեպքում, եթե գործում բացակայում է լիազորագիրը: Այլ կերպ ասած, վերաքննիչ բողոք բերած անձն այն դեպքում է կրում պարտականություն վերաքննիչ բողոքին կցելու ներկայացուցչի լիազորությունները հաստատող ապացույցը, եթե վերաքննիչ բողոքը ստորագրվել է ներկայացուցչի կողմից և այն առկա չէ գործում: Նշված կանոնի սահմանումը պայմանավորված է նաև դատական ակտը բողոքարկելու ներկայացուցչի լիազորության առկայության ստուգմամբ, նկատի ունենալով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետը, ըստ որի՝ դատարանում գործը վարելու լիազորագիրը ներկայացուցչին իրավունք է տալիս ներկայացվողի անունից կատարելու ցանկացած դատավարական գործողություն, բացառությամբ դատական ակտը բողոքարկելու, իսկ նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` նույն հոդվածի 1-ին մասում թվարկված գործողություններից յուրաքանչյուրի կատարման համար ներկայացվողի տված լիազորագրում պետք է ուղղակիորեն նախատեսված լինի ներկայացուցչի այդ լիազորությունը:
ՀՀ սահմանադրական դատարանն իր մի շարք որոշումներում անդրադարձել է դատական պաշտպանության սահմանադրական իրավունքի բաղադրատարր հանդիսացող` դատական ակտի բողոքարկման իրավունքի լիարժեք և արդյունավետ իրացումն ապահովելու խնդիրներին և այդ կապակցությամբ հայտնել է մի շարք սկզբունքային իրավական դիրքորոշումներ:
Անդրադառնալով սահմանադրորեն երաշխավորված անձի դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրացման իրավական խնդրին` ՀՀ սահմանադրական դատարանն իր 28.11.2007 թվականի թիվ ՍԴՈ-719 որոշման մեջ արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումը. անձի` դատական պաշտպանության սահմանադրական իրավունքից ածանցվում է պետության պոզիտիվ պարտականությունը` ապահովել այն թե՛ նորմաստեղծ, թե՛ իրավակիրառ գործունեություն իրականացնելիս: ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքի իրականացման կարգը և պայմանները սահմանում է օրենսդիրը: Օրենսդիրն այս գործընթացում օժտված է գնահատման որոշակի ազատությամբ, սակայն սա չի նշանակում, որ օրենսդիրն իրավասու է սահմանելու դատարան դիմելու իրավունքի իրացմանը վերաբերող ցանկացած իրավակարգավորում: ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված այս հիմնարար իրավունքի իրացման կարգը և պայմանները նախատեսող իրավակարգավորումները պետք է նպատակ հետապնդեն ապահովելու դատական պաշտպանության միջոցների գործնականում արդյունավետ երաշխավորումը, այլ խոսքով` արդարադատության պատշաճ իրականացումը և անձանց իրավունքների և ազատությունների գործնականում արդյունավետ պաշտպանությունը:
Մեկ այլ, այն է՝ 25.11.2008 թվականի թիվ ՍԴՈ-780 որոշմամբ ՀՀ սահմանադրական դատարանն արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքի կարևոր բաղադրիչներից մեկը բողոքարկման իրավունքն է: Ըստ ՀՀ սահմանադրական դատարանի 18.07.2013 թվականի թիվ ՍԴՈ-1037 որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշման՝ դատական ակտերի բողոքարկման ինստիտուտի նպատակը ոչ միայն ներկայացված պահանջի մերժման կամ բավարարման իրավաչափության ստուգումն է։ Այս ինստիտուտն այն հիմնական և էական իրավական երաշխիքն է, որի միջոցով ապահովվում է ստորադաս դատարանի կողմից արդար դատաքննության իրավունքի հիմնական բաղադրատարրերի, մասնավորապես, [2005 թվականի փոփոխություններով] ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի 1-ին մասով և Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված դատավարական երաշխիքների պահպանումը։ Բոլոր այն դեպքերում, երբ առաջին ատյանի դատարանը չի պահպանել հիշյալ դատավարական երաշխիքները, քաղաքացին չունենալով վերաքննության իրավունք, ըստ էության զրկվում է իր գործի արդար դատաքննության իրավունքն արդյունավետորեն իրացնելու հնարավորությունից և արդար դատաքննության իրավունքի խախտման դեմ պաշտպանության արդյունավետ միջոցից։
Այս կապակցությամբ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ` Եվրոպական դատարան) նախադեպային իրավունքի համաձայն` դատարանի մատչելիության իրավունքն արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ մասն է: Այնուամենայնիվ, այդ իրավունքը բացարձակ չէ և կարող է ենթարկվել սահմանափակումների: Այդ սահմանափակումները թույլատրվում են, քանի որ մատչելիության իրավունքն իր բնույթով պահանջում է պետության կողմից որոշակի կարգավորումներ: Այս առումով պետությունը որոշակի հայեցողական լիազորություն ունի: Դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը պետք է իրականացվի այնպես, որ այն չխախտի կամ զրկի անձին մատչելիության իրավունքից այնպես կամ այն աստիճան, որ խախտվի այդ իրավունքի բուն էությունը: Դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը չի կարող համատեղելի լինել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի հետ, եթե այն իրավաչափ նպատակ չհետապնդի և եթե չլինի ողջամիտ հարաբերակցություն ձեռնարկվող միջոցների և հետապնդվող նպատակների միջև համաչափության առումով (տե´ս, Ashingdane v. The United Kingdom, թիվ 8225/78 գանգատով Եվրոպական դատարանի 28.05.1985 թվականի վճիռը, կետ 57):
Եվրոպական դատարանը մեկ այլ վճռով նշել է, որ պետությունը դատարան դիմելու իրավունքից օգտվելու համար կարող է սահմանել որոշակի պայմաններ, «...պարզապես պետության կողմից կիրառված սահմանափակումները չպետք է այն կերպ կամ այն աստիճանի սահմանափակեն անձի դատարանի մատչելիության իրավունքը, որ վնաս հասցվի այդ իրավունքի բուն էությանը: Բացի այդ, սահմանափակումը 6-րդ հոդվածի 1-ին կետին չի համապատասխանի, եթե այն իրավաչափ նպատակ չի հետապնդում, և եթե կիրառված միջոցների ու հետապնդվող նպատակի միջև չկա համաչափության ողջամիտ հարաբերակցություն» (տե´ս, Khalfaoui v. France, թիվ 34791/97 գանգատով Եվրոպական դատարանի 14.03.2000 թվականի վճիռը, կետ 36):
Եվրոպական դատարանը նշել է նաև, որ դատարանի մատչելիությունն օրենսդրական կարգավորումների առարկա է, և դատարանները պարտավոր են կիրառել դատավարական համապատասխան կանոնները՝ խուսափելով ինչպես գործի արդարացի քննությանը խոչընդոտող ավելորդ ձևականություններից (ֆորմալիզմից), այնպես էլ չափազանց ճկուն մոտեցումից, որի դեպքում օրենքով սահմանված դատավարական պահանջները կկորցնեն իրենց նշանակությունը: Ըստ Եվրոպական դատարանի՝ դատարանի մատչելիության իրավունքը խաթարվում է այն դեպքում, երբ օրենսդրական նորմերը դադարում են ծառայել իրավական որոշակիության ու արդարադատության պատշաճ իրականացման նպատակներին և խոչընդոտում են անձին հասնել իրավասու դատարանի կողմից իր գործի ըստ էության քննությանը (տե՛ս, Dumitru Gheorghe v. Romania գործով Եվրոպական դատարանի 12.04.2016 թվականի վճիռը, կետ 28):
Բացի այդ, ՀՀ սահմանադրական դատարանը, մի շարք որոշումներում (տե´ս, ՍԴՈ-652, ՍԴՈ-690, ՍԴՈ-719, ՍԴՈ-765, ՍԴՈ-844, ՍԴՈ-873, ՍԴՈ-890, ՍԴՈ-932, ՍԴՈ-942, ՍԴՈ-1037, ՍԴՈ-1052, ՍԴՈ-1115, ՍԴՈ-1127, ՍԴՈ-1190, ՍԴՈ-1192, ՍԴՈ-1196, ՍԴՈ-1197, ՍԴՈ-1220, ՍԴՈ-1222, ՍԴՈ-1257, ՍԴՈ-1289) կարևորելով իրավակարգավորման մի շարք սկզբունքներ, նաև արձանագրել է, որ`
- դատավարական որևէ առանձնահատկություն կամ ընթացակարգ չի կարող խոչընդոտել կամ կանխել դատարան դիմելու իրավունքի արդյունավետ իրացման հնարավորությունը, իմաստազրկել ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքը կամ դրա իրացման արգելք հանդիսանալ,
- ընթացակարգային որևէ առանձնահատկություն չի կարող մեկնաբանվել որպես ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված` դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակման հիմնավորում,
-դատարանի մատչելիությունը կարող է ունենալ այնպիսի սահմանափակումներ, որոնք չեն խաթարում այդ իրավունքի բուն էությունը,
- դատարան դիմելիս անձը չպետք է ծանրաբեռնվի ավելորդ ձևական պահանջներով,
-իրավական որոշակիության ապահովման պահանջից ելնելով` դատարանի մատչելիության իրավունքի իրացման համար անհրաժեշտ որոշակի իմպերատիվ նախապայմանի առկայությունն ինքնին չի կարող դիտվել որպես ՀՀ Սահմանադրությանը հակասող: Այլ հարց է, որ նման նախապայմանը պետք է լինի իրագործելի, ողջամիտ և չհանգեցնի իրավունքի էության խախտման:
Բողոքարկման իրավունքի և այդ համատեքստում նաև դատարանի մատչելիության վերաբերյալ վերը նշված իրավական դիրքորոշումների համատեքստում անդրադառնալով կիրառման ենթակա իրավակարգավորումներին՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.
ՀՀ սահմանադրական դատարանը, 24.09.2019 թվականի թիվ ՍԴՈ-1477 որոշմամբ անդրադառնալով վերաքննիչ բողոքը վերադարձնելու իրավական կարգավորումներին, արձանագրել է, որ «վերաքննիչ բողոքը վերադարձնելու ինստիտուտն ուղղված է բողոք բերող անձի` դատական ակտը բողոքարկելու միջոցով դատական պաշտպանության իրավունքի իրականացման համար արդյունավետ կառուցակարգի սահմանմանը և որևէ պարագայում ձևական բնույթի թերությունները չպետք է խոչընդոտեն դատական պաշտպանության սահմանադրական իրավունքի իրականացմանը: Մյուս կողմից, կարևորելով դատավարական ընթացակարգերին հետևելու անհրաժեշտությունը, ինչպես նաև ողջամիտ ժամկետում դատաքննության իրականացման սահմանադրաիրավական պահանջը, օրենսդիրը սահմանել է դրույթ, համաձայն որի` վերադարձնելուց հետո կրկին ներկայացված վերաքննիչ բողոքում առկա խախտումները վերացնելու համար նոր ժամկետ չի տրվում։ Այսինքն` վերաքննիչ բողոքի վերադարձման ինստիտուտն ընդհանուր առմամբ ապահովում է բողոքի հետ կապված թերությունների վերացման և այդ ինստիտուտի չարաշահման անթույլատրելիության միջև պատշաճ հավասարակշռությունը»:
Միաժամանակ վերը նշված որոշմամբ ՀՀ սահմանադրական դատարանը հարկ է համարել շեշտել, որ «օրենսդրի նպատակը ոչ թե բողոք բերած անձին ծանրաբեռնելն է որևէ չարդարացված պարտականությամբ, այլ երաշխավորելը, որ գործին մասնակցող անձանց հասանելի լինի բողոքի բովանդակությունը, որը վերջիններիս հնարավորություն կտա արդյունավետորեն պաշտպանվել բողոքում ներկայացված պահանջներից, այսինքն` գործին մասնակցող անձինք հնարավորություն կունենան արդյունավետորեն իրականացնելու դատական պաշտպանության իրենց հիմնական իրավունքը»:
Անդրադառնալով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված վերաքննիչ բողոքը վերադարձնելու հիմքին, այն է` վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու հիմքերի բացակայության դեպքում վերաքննիչ բողոքը վերադարձվում է, եթե` չեն պահպանվել նույն օրենսգրքի 368-րդ հոդվածի պահանջները, ՀՀ սահմանադրական դատարանը փաստել է, որ «վերոհիշյալ հիմքով (…) վերադարձված վերաքննիչ բողոքը կրկին ներկայացնելու դեպքում սույն գործով վիճարկվող դրույթները չպետք է մեկնաբանվեն տառացի` զրկելով անձին վերաքննիչ բողոք բերելու իրավունքի իրականացման հնարավորությունից: (…) (Կրկին) ներկայացվող վերաքննիչ բողոքի հետ կապված կառուցակարգերը չպետք է անհարկի ծանրաբեռնեն անձանց: Այս առումով (…) կիրառելի է նաև Սահմանադրական դատարանի 2017 թվականի ապրիլի 18-ի ՍԴՈ-1363 որոշմամբ արտահայտած այն դիրքորոշումը, համաձայն որի. «(…) երբ Վճռաբեկ դատարանի մատնանշած թերությունները չեն առնչվի վճռաբեկ բողոքի տեքստին, նույն բողոքի պատճենն [իրավահարաբերության ծագման պահին գործող] օրենսգրքի 231-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան գործը քննող դատարան և գործին մասնակցող անձանց կրկին ուղարկելու մասին ապացույցներ ներկայացնելու պահանջն անհարկի ծանրաբեռնում է ոչ միայն բողոքաբերին, այլ նաև համապատասխան կողմերին, որոնք ստիպված են լինելու կրկին ուսումնասիրել նույնաբովանդակ բողոքը: Այդ տեսանկյունից վերադարձնելուց հետո կրկին ներկայացված նույն տեքստն ունեցող բողոքի պատճենը կողմերին կրկին ուղարկելը չի բխում ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված` անձի` արդյունավետ դատական պաշտպանության իրավունքից և չի հետապնդում որևէ իրավաչափ նպատակ»:
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ օրենսդրի կողմից սահմանվել է այն ընթացակարգը, որի պահպանմամբ անձը կարող է իրացնել բողոքարկման իր իրավունքը: Ըստ այդմ, վերաքննիչ բողոք բերող անձը պարտավորվում է գործին մասնակցող անձանց պատշաճ ձևով ուղարկել բողոքի և դրան կից փաստաթղթերի պատճենները: ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է նաև, որ բողոքի և դրան կից փաստաթղթերի պատճենները գործին մասնակցող անձանց ուղարկելու՝ վերաքննիչ բողոք բերող անձի պարտականության սահմանումն օրենսդրի կողմից ինքնանպատակ չէ, այլ ուղղված է գործին մասնակցող անձանց`ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված իրենց իրավունքների լիարժեք և արդյունավետ իրականացման ապահովմանը, որոնցից է, օրինակ, վերաքննիչ բողոքի պատասխան ներկայացնելու իրավունքը: Գործին մասնակցող անձը կարող է լիարժեք իրականացնել օրենքով սահմանված իր իրավունքները միայն այն դեպքում, երբ ծանոթ է վերաքննիչ բողոքին և դրա բովանդակությանը (տե՛ս, ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն ընդդեմ Ա/Ձ Հասմիկ Գալստյանի թիվ ԵԱՔԴ/0212/04/16 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 25.12.2017 թվականի որոշումը):
Վճռաբեկ դատարանը փաստում է, որ այն դեպքերում, երբ վերաքննիչ բողոք բերած անձն ըստ էության կատարել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի պահանջը, և բողոքն ուղարկվել է գործին մասնակցող անձանց՝ թեկուզև որևէ թերությամբ նշված հասցեով կամ անվանմամբ, սակայն թերությունն այնպիսին չէր, որ խոչընդոտեր փոստային առաքանու հանձնումը հասցեատիրոջը, ապա միայն այդ հիմքով վերաքննիչ բողոքը վերադարձնելը գործի արդարացի քննությանը խոչընդոտող ավելորդ ձևականության դրսևորում է և կհանգեցնի անձի՝ դատարանի մատչելության իրավունքի անհարկի սահմանափակման:
Սույն գործով Ընկերությունը Դատարանի 11․03․2021 թվականի վճռի դեմ ներկայացրել է վերաքննիչ բողոք, միաժամանակ բողոքին կից ներկայացվել է Ընկերության անունից Արևիկ Գրիգորյանին տրված լիազորագիրը, անձնագրի պատճենը, ինչպես նաև ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի պետական միասնական գրանցամատյանից քաղվածքի պատճենը (հատոր 2-րդ, գ.թ. 5-17):
Կարապետ Հակոբյանը 13․04․2021 թվականին փոստային առաքմամբ (16․04․2021 թվականին ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի գրասենյակ մուտք եղած) ներկայացրել է վերաքննիչ բողոքի պատասխան, որով հայտնել է, որ ինքը վերաքննիչ բողոքի օրինակն ստացել է 02․04․2021 թվականին (հատոր 2-րդ, գ.թ. 20-23):
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 21․04․2021 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքը վերադարձվել է այն հիմնավորմամբ, որ «վերաքննիչ բողոքը եզրափակող` դրան կցվող փաստաթղթերի ցանկում նշվել, բայց բողոքին փաստացի չեն կցվել «կողմին ծանուցելու վերաբերյալ փոստային առաքանին», «բողոքին կցված անդորրագիրը վերաբերելի չէ սույն գործով միակ մյուս կողմին» և «պետական տուրքի վճարման անդորրագրի պատճենը», իսկ բողոքին փաստացի կցված` 01.02.2019թ. թիվ 20 վճարման հանձնարարականի բնօրինակը չի նշվել ցանկում. վերաքննիչ բողոքին չի կցվել դրա օրինակը պատասխանող Կարապետ Հակոբյանին ուղարկելու փաստը հաստատող որևէ վերաբերելի ապացույց (ինչ վերաբերում է ներկայացված բողոքին կցված փոստային առաքման անդորրագրին առաքանի թիվ 7565, կոդը` «RR294772046AM», ապա դրանում նշված հասցեն (Հայաստան, Աշոցք 0000, 3թ 4շ բն 5) չի համապատասխանում Կարապետ Հակոբյանի հասցեին` ըստ գործի նյութերի (գ. Աշոցք, 3 թաղամաս, 1 փողոց, 4 շենք, բնակարան 5), որպիսի պայմաններում այդ անդորրագիրը չի կարող համարվել բողոքի օրինակը Կարապետ Հակոբյանին ուղարկելու փաստը հաստատող վերաբերելի ապացույց). վերաքննիչ բողոքին չի կցվել պետական տուրքի վճարումը հավաստող որևէ վերաբերելի ապացույց (ինչ վերաբերում է վերաքննիչ բողոքին կցված` 01.02.2019թ. թիվ 20 վճարման հանձնարարականին, ապա դրանում պարունակվող տվյալների համաձայն` դեռևս սույն գործով հայցադիմումը ներկայացվելուց շուրջ 1,5 տարի առաջ և 3.014 դրամի փոխարեն 3.171,6 դրամի չափ պետական տուրք է վճարվել սույն գործի հետ որևէ առնչություն չունեցող անձի` «Երևան Ջուր» փակ բաժնետիրական ընկերության, կողմից, իսկ վճարման նպատակն էլ կապված է ոմն Արտիկ Ղազինյանի հետ, ուստի այդ անդորրագիրն ակնհայտորեն չի կարող գնահատվել որպես սույն գործով վերաքննիչ բողոքի համար պետական տուրքի վճարման փաստը հաստատող վերաբերելի ապացույց) (․․․)։
Միաժամանակ, Վերաքննիչ դատարանի որոշմամբ սահմանվել է 15-օրյա ժամկետ վերաքննիչ բողոքը ստանալուց հետո թույլ տրված խախտումները վերացնելու և վերաքննիչ բողոքը կրկին ներկայացնելու համար (հատոր 2-րդ, գ.թ. 44-45):
Ընկերությունը, 29.04.2021 թվականին ստանալով Վերաքննիչ դատարանի 21․04․2021 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը, օրենքով սահմանված 15-օրյա ժամկետի պահպանմամբ, 06․05․2021 թվականին կրկին ներկայացրել է վերաքննիչ բողոք` պետական տուրքի մասով վերացնելով թույլ տրված խախտումը, այն է` վերաքննիչ բողոքին կից ներկայացրել է 3․015 ՀՀ դրամի չափով պետական տուրքի վճարման անդորրագրերը: Վերաքննիչ բողոքին կից ներկայացվել են նաև վերաքննիչ բողոքը 06․05․2021 թվականին Դատարանին ուղարկելու փաստը հաստատող փոստային անդորրագիրը, ինչպես նաև վերաքննիչ բողոքը 06․05․2021 թվականին գործին մասնակցող անձ Կարապետ Հակոբյանին ուղարկելու փաստը հաստատող փոստային անդորրագիրը, որում վերջինիս հասցեն «ՀՀ Շիրակի մարզ, գ․ Աշոցք, 3-րդ թղմ, 1-ին փող․, 4-րդ շ․, բն․ 5 հասցեի փոխարեն նշված է ՀՀ Շիրակի մարզ, գ․ Աշոցք, 3-րդ թղմ, 4-րդ շ․, բն․ 5» (հիմք՝ փոստային անդորրագրեր, հատոր 2-րդ, գ.թ. 56-56ա):
Վերաքննիչ դատարանի 19․05․2021 թվականի որոշմամբ վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվել է հետևյալ պատճառաբանությամբ․ «(․․․) վերաքննիչ բողոքը եզրափակող` դրան կցվող փաստաթղթերի ցանկում նշվել, բայց բողոքին փաստացի չեն կցվել «Լիազորագրի, ՀՀ ԱՆ Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի պետական միասնական գրանցամատյանից քաղվածքի պատճեն, լիազորված անձի անձնագրի պատճենները»։ Բացի այդ, բողոք բերած անձը Վերաքննիչ դատարանի 21.04.2021թ. որոշմամբ արձանագրված խախտումներն ամբողջությամբ չի վերացրել։ Մասնավորապես. կրկին ներկայացված վերաքննիչ բողոքին դարձյալ չի կցվել դրա օրինակը պատասխանող Կարապետ Հակոբյանին ուղարկելու փաստը հաստատող որևէ վերաբերելի ապացույց (ինչ վերաբերում է ներկայացված բողոքին կցված փոստային առաքման անդորրագրին (առաքանի թիվ 973, կոդը` «RR297974232AM»), ապա դրանում նշված հասցեն («Հայաստան, Շիրակ գ Աշոցք 0000, 3թղմ 4շ բն 5») չի համապատասխանում Կարապետ Հակոբյանի հասցեին` ըստ գործի նյութերի («գ. Աշոցք, 3 թաղամաս, 1 փողոց, 4 շենք, բնակարան 5»), որպիսի պայմաններում այդ անդորրագիրը չի կարող համարվել բողոքի օրինակը Կարապետ Հակոբյանին ուղարկելու փաստը հաստատող վերաբերելի ապացույց). վերաքննիչ բողոքը եզրափակող` դրան կցվող փաստաթղթերի ցանկում նշվել, բայց բողոքին փաստացի չեն կցվել «կողմին ծանուցելու վերաբերյալ փոստային առաքանին» (բողոքին կցված անդորրագիրը վերաբերելի չէ սույն գործով միակ մյուս կողմին)» (հատոր 2-րդ, գ.թ. 58-67, 70-71)։
Վերոգրյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո գնահատելով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությունը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը,
Ուսումնասիրելով սույն քաղաքացիական գործի նյութերը, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հայցադիմումին կից, ինչպես նաև վերաքննիչ բողոքին կից Ընկերության կողմից ներկայացվել է ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի պետական միասնական գրանցամատյանից քաղվածքի պատճենը, ինչպես նաև Ընկերության անունից Արևիկ Գրիգորյանին 22․05․2020 թվականին մեկ տարի ժամկետով տրված լիազորագիրը և Արևիկ Գրիգորյանի անձնագրի պատճենը (հատոր 1-ին գ․թ․ 18-20, հատոր 2-րդ գ․թ 15-17), ինչից էլ հետևում է, որ տվյալ դեպքում թեև կցվող փաստաթղթերի ցանկում նշվել, բայց բողոքին փաստացի չի կցվել «Լիազորագրի, ՀՀ ԱՆ Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի պետական միասնական գրանցամատյանից քաղվածքի պատճեն, լիազորված անձի անձնագրի պատճենը, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ բացակայել է Ընկերության կողմից վերաքննիչ բողոքը կրկին ներկայացնելիս լիազորագիր ներկայացնելու անհրաժեշտությունը։
Անդրադառնալով Վերաքննիչ դատարանի այն փաստարկին, որ կրկին ներկայացված վերաքննիչ բողոքին դարձյալ չի կցվել դրա օրինակը պատասխանող Կարապետ Հակոբյանին ուղարկելու փաստը հաստատող որևէ վերաբերելի ապացույց (ինչ վերաբերում է ներկայացված բողոքին կցված փոստային առաքման անդորրագրին (առաքանի թիվ 973, կոդը` «RR297974232AM»), ապա դրանում նշված հասցեն («Հայաստան, Շիրակ գ Աշոցք 0000, 3թղմ 4շ բն 5») չի համապատասխանում Կարապետ Հակոբյանի հասցեին` ըստ գործի նյութերի («գ. Աշոցք, 3 թաղամաս, 1 փողոց, 4 շենք, բնակարան 5»), որպիսի պայմաններում այդ անդորրագիրը չի կարող համարվել բողոքի օրինակը Կարապետ Հակոբյանին ուղարկելու փաստը հաստատող վերաբերելի ապացույց, ապա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տվյալ դեպքում Ընկերության կողմից առաջին անգամ ներկայացված վերաքննիչ բողոքի` Վերաքննիչ դատարանի 21․04․2021 թվականի որոշմամբ արձանագրված խախտումները չեն առնչվել վերաքննիչ բողոքի տեքստին (բովանդակությանը): Մասնավորապես` վերաքննիչ բողոքը վերադարձվել է այն պատճառաբանությամբ, որ բողոքաբերի կողմից չէր կցվել վերաքննիչ բողոք ներկայացնելու համար սահմանված և վճարված պետական տուրքի վճարման պատշաճ ապացույց, ինչպես նաև չեր ներկայացվել վերաքննիչ բողոքը գործին մասնակցող անձ Կարապետ Հակոբյանին ուղարկելու մասին ապացույցը:
Վերաքննիչ բողոք բերած անձը Վերաքննիչ դատարանի կողմից սահմանված ժամկետում կրկին ներկայացրել է վերաքննիչ բողոք. կրկին ներկայացրած վերաքննիչ բողոքին կցվել է 3․015 ՀՀ դրամի չափով պետական տուրքի վճարման անդորրագրերը, վերաքննիչ բողոքը 06․05․2021 թվականին Դատարանին ուղարկելու փաստը հաստատող փոստային անդորրագիրը, ինչպես նաև վերաքննիչ բողոքը 06․05․2021 թվականին գործին մասնակցող անձ Կարապետ Հակոբյանին ուղարկելու փաստը հաստատող փոստային անդորրագիրը, որում վերջինիս հասցեն «ՀՀ Շիրակի մարզ, գ․ Աշոցք, 3-րդ թղմ, 1-ին փող․, 4-րդ շ․, բն․ 5 հասցեի փոխարեն նշված է ՀՀ Շիրակի մարզ, գ․ Աշոցք, 3-րդ թղմ, 4-րդ շ․, բն․ 5» հասցեն։
Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ինչպես առաջին անգամ, այնպես էլ կրկին ներկայացված վերաքննիչ բողոքները նույնաբովանդակ են, իսկ սույն գործում առկա է Կարապետ Հակոբյանի կողմից Վերաքննիչ դատարան ներկայացված վերաքննիչ բողոքի վերաբերյալ պատասխանը, որով Կարապետ Հակոբյանը հայտնել է, որ ինքը վերաքննիչ բողոքի օրինակը ստացել է 02․04․2021 թվականին: Ընդ որում, վերաքննիչ բողոքի վերաբերյալ պատասխանը Վերաքննիչ դատարանի կողմից ստացվել է 16․04․2021 թվականին (հիմք՝ տվյալ փաստաթղթի վրա առկա կնիքը՝ համապատասխան ամսաթվով):
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն դեպքում, երբ առաջին անգամ ներկայացված վերաքննիչ բողոքը վերադարձվել է, և Վերաքննիչ դատարանի կողմից արձանագրված խախտումը չի վերաբերել վերաքննիչ բողոքի բովանդակությանը, ապա վերադարձված վերաքննիչ բողոքը կրկին ներկայացնելու դեպքում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 5-րդ մասը կիրառելիս և մեկնաբանելիս պետք է հաշվի առնել օրենսդրի նպատակը: Մասնավորապես` օրենսդիրը սահմանելով վերաքննիչ բողոք բերած անձի պարտականությունը՝ բողոքին կցել բողոքը նաև գործին մասնակցող անձանց ուղարկելու մասին ապացույցը, հետապնդել է մեկ հիմնական նպատակ՝ ապահովելու գործին մասնակցող անձանց մրցակցության սկզբունքի իրականացումը և երաշխավորելու բողոքը՝ գործին մասնակցող անձանց հասանելի դարձնելու և դրա բովանդակությանը ծանոթանալու դատավարական իրավունքի լիարժեք իրականացումը:
Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ չնայած այն հանգամանքին, որ սույն գործով Ընկերության կողմից առաջին անգամ ներկայացված վերաքննիչ բողոքին կցված է եղել վերաքննիչ բողոքը գործին մասնակցող անձ Կարապետ Հակոբյանին ուղարկելու փաստը հաստատող ոչ պատշաճ փոստային անդորրագիր մասնավորապես՝ փոստային անդորրագրի վրա Կարապետ Հակոբյանի «ՀՀ Շիրակի մարզ, գ․ Աշոցք, 3-րդ թղմ, 1-ին փող․, 4-րդ շ․, բն․ 5 հասցեի փոխարեն նշված է եղել ՀՀ Շիրակի մարզ, գ․ Աշոցք, 3-րդ թղմ, 4-րդ շ․, բն․ 5» հասցեն, ինչը հիմք է վերաքննիչ բողոքը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված հիմքով վերադարձնելու համար, այնուամենայնիվ Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Կարապետ Հակոբյանի կողմից 13․04․2021 թվականին փոստային առաքման եղանակով ներկայացվել է (վերաքննիչ դատարանում 16․04․2021 թվականին մուտք եղած) վերաքննիչ բողոքի վերաբերյալ պատասխան, որով վերջինս հայտնել է, որ ինքը վերաքննիչ բողոքի օրինակը ստացել է 02․04․2021 թվականին, որպիսի պայմաններում, ըստ էության, ապահովվել է գործին մասնակցող անձանց մրցակցության սկզբունքի իրականացումը, վերաքննիչ բողոքը գործին մասնակցող անձին հասանելի է եղել և վերաքննիչ բողոքի բովանդակությանը ծանոթանալու գործին մասնակցող անձի դատավարական իրավունքը չի խախտվել:
Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նույնաբովանդակ բողոքը (բողոքի պատճենը) ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան գործին մասնակցող անձին կրկին ուղարկելու մասին ապացույց ներկայացնելու Վերաքննիչ դատարանի պահանջը սույն դեպքում կրում է ձևական բնույթ և անհարկի ծանրաբեռնում է բողոքաբերին: Վճռաբեկ դատարանի նման հետևությունը բխում է ՀՀ սահմանադրական դատարանի 24.09.2019 թվականի թիվ ՍԴՈ-1477 որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումներից:
Վերոգրյալի հաշվառմամբ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը, կիրառելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, ոչ իրավաչափորեն է մերժել Ընկերության կողմից ներկայացված վերաքննիչ բողոքի ընդունումը` վերջինիս զրկելով Դատարանի վճիռը վերաքննության կարգով բողոքարկելու հնարավորությունից, միաժամանակ սահմանափակելով նրա` ՀՀ Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածներով երաշխավորված դատական պաշտպանության իրավունքը: Արդյունքում՝ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել այնպիսի դատական սխալ, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:
Հետևաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի 19․05․2021 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը ենթակա է վերացման:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 1-ին մասի և 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի 19․05․2021 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը վերացնելու համար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 19․05․2021 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող Ռ. Հակոբյան Զեկուցող
Ս. Անտոնյան Ա. Բարսեղյան Հ. Բեդևյան Մ. Դրմեյան Գ. Հակոբյան Ս. Միքայելյան Ա. Մկրտչյան Տ. Պետրոսյան Է. Սեդրակյան
Պաշտոնական հրապարակման օրը՝ 26 դեկտեմբերի 2022 թվական: