ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում |
Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/21272/02/19 2022 թ. | ||||||
Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/21272/02/19 |
|||||||
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`
նախագահող |
Մ. Դրմեյան | |
զեկուցող |
Գ. Հակոբյան | |
Ս. Անտոնյան | ||
Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ | ||
Ս. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ | ||
Է. Սեդրակյան |
2022 թվականի հուլիսի 22-ին
գրավոր ընթացակարգով քննելով «Կոնվերս բանկ» ՓԲԸ-ի (այսուհետ՝ Բանկ) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 25.11.2020 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Միքայել Գասպարյանի սնանկության գործով կառավարիչ Մայիս Հայրապետյանի (այսուհետ՝ Կառավարիչ) ընդդեմ Բանկի` գրավատուի կողմից վճարված գումարը սնանկության հատուկ հաշվին փոխանցելուն պարտավորեցնելու պահանջի մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Կառավարիչը պահանջել է պարտավորեցնել Բանկին գրավատուի կողմից նախապես վճարված 29.791 ԱՄՆ դոլար 78 ցենտը և 10.000 ՀՀ դրամը փոխանցել Միքայել Գասպարյանի սնանկության հատուկ հաշվին:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Ա․ Դավթյան) (այսուհետ՝ Դատարան) 16.06.2020 թվականի վճռով հայցը մերժվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 25.11.2020 թվականի որոշմամբ Կառավարչի վերաքննիչ բողոքը բավարարվել է՝ Դատարանի 16.06.2020 թվականի վճիռը բեկանվել է և փոփոխվել՝ հայցը բավարարվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Բանկը (ներկայացուցիչ Էրիկ Հովակիմյան):
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետը և նույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետը, չի կիրառել «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 3-րդ մասի «դ» կետը, որը պետք է կիրառեր:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ Բանկը բավարարում է ստացել սնանկության գործով պարտապանի պարտավորությունների կատարման համար երաշխավորություն տված անձ Գրիշա Գասպարյանի կողմից, այսինքն՝ Բանկը բավարարում ստանալիս ղեկավարվել է «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 3-րդ մասի «դ» կետի իրավակարգավորումներով, իսկ օրենսդիրը հստակ կարգավորել է, որ սնանկության գործով մորատորիումի գործողությունը չի տարածվում երաշխավորություն տված անձի կողմից երաշխավորությամբ ստանձնած պարտավորությունների կատարման վրա, և վերջինս կարող է ազատորեն կատարել սնանկ ճանաչված անձի պարտավորության կատարման համար երաշխավորությամբ ստանձնած պարտավորությունները։ Հետևաբար, տվյալ իրավահարաբերությունը չի կարող դիտվել որպես օրենքով արգելված արարքի կատարում, այն է՝ պարտապանի կամ գրավատուի, առավել ևս պարտապանի կողմից բավարարման ստացում:
Վերոգրյալի հիման վրա՝ բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 25.11.2020 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 16.06.2020 թվականի վճռին:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն Դատարանի կողմից հաստատված հետևյալ փաստերը՝
1. Բանկի, Միքայել Գասպարյանի և Գրիշա Գասպարյանի միջև 16.05.2014 թվականին կնքված վարկային քարտով չվերականգնվող սահմանաչափի տրամադրման և երրորդ անձի գրավի թիվ 453445-NIC358900 պայմանագրի (այսուհետ՝ Պայմանագիր) համաձայն՝ Բանկը Միքայել Գասպարյանին է տրամադրել 36.000 ԱՄՆ դոլար վարկ, իսկ Գրիշա Գասպարյանը նշված գումարի վերադարձնելիությունը երաշխավորելու համար նույն պայմանագրով գրավադրել է սեփականության իրավունքով իրեն պատկանող Երևան քաղաքի Այգեձոր փողոց թիվ 65 հասցեում գտնվող բնակելի տունը (հատոր 1-ին, գ․թ․ 21-25):
2. Բանկի (Պարտատեր), Միքայել Գասպարյանի (Պարտապան) և Գրիշա Գասպարյանի (Երաշխավոր) միջև 16.05.2014 թվականին կնքվել է սեփականության իրավունքով պատկանող գույքով և դրամական միջոցներով երաշխավորության թիվ 348976 պայմանագիր, որի 1.1 կետի համաձայն՝ Երաշխավորը պարտավորվել է իր բանկային հաշիվներին առկա դրամական միջոցներով, ինչպես նաև սեփականության իրավունքով իրեն պատկանող ամբողջ գույքով (շարժական և անշարժ) համապարտ պատասխանատվություն կրել Պարտատիրոջ առջև վերջինիս և Պարտապանի միջև 16.05.2014 թվականին կնքված թիվ 453445-NIC358900 պայմանագրով Պարտապանի կողմից պարտատիրոջ առջև ստանձնած պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար (անվիճելի փաստ)։
3. Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 30.08.2016 թվականի թիվ ԵԱՔԴ/0276/04/16 վճռով Միքայել Գասպարյանը ճանաչվել է սնանկ (հատոր 1-ին, գ․թ․ 7-8):
4. Դատարանի 05.09.2016 թվականի որոշմամբ Միքայել Գասպարյանի սնանկության գործով կառավարիչ է նշանակվել Մայիս Հայրապետյանը (հատոր 1-ին, գ․թ․ 9-10):
5. Դատարանի 31.01.2017 թվականի որոշմամբ հաստատվել է պարտատերերի պահանջների վերջնական ցուցակը, որտեղ Բանկը 29.791 ԱՄՆ դոլար 78 ցենտ և 10.000 ՀՀ դրամի չափով ընդգրկվել է որպես ապահովված պարտատեր (հատոր 1-ին, գ․թ․ 11-13):
6. Դատարանի՝ «Գույքն աճուրդով վաճառելու թույլտվության մասին» 30.06.2017 թվականի որոշմամբ Կառավարչին թույլատրվել է հրապարակային սակարկությունների միջոցով վաճառել պարտապանին սեփականության իրավունքով պատկանող և նրա պարտավորությունների կատարումն ապահովելու նպատակով երրորդ անձին սեփականության իրավունքով պատկանող գույքերը (հատոր 1-ին, գ․թ․ 14-16):
7. Բանկը 07.04.2018 թվականին դիմում է ներկայացրել Դատարան, որով հրաժարվել է պահանջից՝ նշելով, որ երաշխավոր Գրիշա Գասպարյանի կողմից կատարվել է վարկային պարտավորության ամբողջական մարում (հատոր 1-ին, գ․թ․ 17):
8. Կառավարչի 27.04.2018 թվականի գրության համաձայն՝ վերջինս Բանկին առաջարկել է գրավատու Գրիշա Գասպարյանի կողմից վճարված 29.791 ԱՄՆ դոլար 78 ցենտ և 10.000 ՀՀ դրամ գումարը փոխանցել Միքայել Գասպարյանի անվամբ բացված սնանկության հատուկ հաշվին (հատոր 1-ին, գ․թ․ 18):
9. Բանկը 10.07.2018 թվականի թիվ 2467 գրությամբ Կառավարչին հայտնել է, որ խնդրանքը ենթակա չէ բավարարման (հատոր 1-ին, գ․թ․ 19-20):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ` նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է` Վերաքննիչ դատարանի կողմից «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 3-րդ մասի «դ» կետի խախտման հետևանքով առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:
Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը, վերահաստատելով նախկինում հայտնած իր դիրքորոշումը, հարկ է համարում անդրադառնալ երաշխավորի պատասխանատվության առանձնահատկությանը:
ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:
ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ երաշխավորը, երաշխավորության պայմանագրով, այլ անձի պարտատիրոջ առջև պարտավորվում է պատասխանատվություն կրել այդ անձի կողմից իր պարտավորությունը լրիվ կամ մասնակի կատարելու համար:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 377-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ պարտապանի կողմից երաշխավորությամբ ապահովված պարտավորությունը չկատարելու կամ անպատշաճ կատարելու դեպքում երաշխավորը և պարտապանը պարտատիրոջ առջև կրում են համապարտ պատասխանատվություն, եթե երաշխավորի սուբսիդիար պատասխանատվություն նախատեսված չէ օրենքով կամ երաշխավորության պայմանագրով: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ երաշխավորը պարտատիրոջ առջև պատասխանատվություն է կրում նույն ծավալով, ինչ պարտապանը՝ ներառյալ տոկոսներ վճարելը, պարտքը բռնագանձելու կապակցությամբ դատական ծախսերը և պարտապանի կողմից պարտավորությունը չկատարելու կամ անպատշաճ կատարելու հետևանքով առաջացած՝ պարտատիրոջ այլ վնասները հատուցելը, եթե այլ բան նախատեսված չէ երաշխավորության պայմանագրով:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 362-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ պարտապանների համապարտ պարտականության դեպքում պարտատերն իրավունք ունի, ինչպես բոլոր պարտապաններից համատեղ, այնպես էլ յուրաքանչյուրից պահանջել կատարելու պարտավորությունն ինչպես լրիվ, այնպես էլ պարտքի մի մասով: Նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ համապարտ պարտապանները պարտական են մնում այնքան ժամանակ, քանի դեռ պարտավորությունը լրիվ չի կատարվել:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 364-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ պարտապաններից մեկի կողմից համապարտ պարտականությունը լրիվ կատարելը մնացած պարտապաններին ազատում է պարտատիրոջ հանդեպ պարտականությունը կատարելուց:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 415-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ մինչև պահանջներն այն անձին ներկայացնելը, ով օրենքին, այլ իրավական ակտերին կամ պարտավորության պայմաններին համապատասխան կրում է հիմնական պարտապանի պատասխանատվությանը լրացուցիչ պատասխանատվություն (սուբսիդիար պատասխանատվություն), պարտատերը պետք է պահանջ ներկայացնի հիմնական պարտապանին: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ եթե հիմնական պարտապանը հրաժարվել է պարտատիրոջ պահանջը բավարարելուց, կամ պարտատերը ողջամիտ ժամկետում չի ստացել նրան ներկայացված պահանջի պատասխանը, ապա այդ պահանջը կարող է ներկայացվել սուբսիդիար պատասխանատվություն կրող անձին:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 380-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ պարտավորությունը կատարած երաշխավորին են անցնում այդ պարտավորությամբ պարտատիրոջ իրավունքները և պարտատիրոջ՝ որպես գրավառուի պատկանող իրավունքներն այն ծավալով, որով երաշխավորը բավարարել է պարտատիրոջ պահանջը: Երաշխավորն իրավունք ունի նաև պարտապանից պահանջել հատուցելու պարտատիրոջը վճարած գումարի տոկոսներն ու, պարտապանի փոխարեն պատասխանատվությունը կրելու կապակցությամբ, իր կրած այլ վնասները: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ պարտավորությունը երաշխավորի կողմից կատարելուց հետո պարտատերը պարտավոր է երաշխավորին հանձնել պարտապանի դեմ ունեցած իր պահանջը հավաստող փաստաթղթերը և փոխանցել այդ պահանջն ապահովող իրավունքները:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 399-րդ հոդվածի համաձայն՝ սկզբնական պարտատիրոջ իրավունքը նոր պարտատիրոջն է անցնում իրավունքի անցման պահին գոյություն ունեցող ծավալով և պայմաններով, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով: Մասնավորապես, նոր պարտատիրոջն են անցնում պարտավորության կատարումն ապահովող, ինչպես նաև պահանջի հետ կապված այլ իրավունքները՝ ներառյալ չվճարված տոկոսների նկատմամբ իրավունքը:
«ԱՌԷԿՍԻՄԲԱՆԿ-ԳԱԶՊՐՈՄԲԱՆԿԻ ԽՈՒՄԲ» ՓԲԸ-ն ընդդեմ Հարություն Վարդանյանի սնանկության գործով ՀՀ վճռաբեկ դատարանը, վերահաստատելով երաշխավորի պատասխանատվության վերաբերյալ նախկինում հայտնած դիրքորոշումները, արձանագրել է, որ երաշխավորը պարտապանի կողմից պարտավորությունը խախտելու դեպքում պարտատիրոջ առջև պարտապանի հետ միասին պատասխանատվություն կրող անձն է: Նկատի ունենալով, որ երաշխավորը հիմնական պարտավորության պարտապանը չէ, երաշխավորի կողմից հիմնական պարտավորությունը կատարելու դեպքում օրենսդիրը երաշխավորին տվել է իրավունք հիմնական պարտապանի նկատմամբ ձեռք բերել պահանջի իրավունք՝ իր կողմից կատարած պարտավորության չափով: Այլ կերպ ասած` այն դեպքերում, երբ երաշխավորը հիմնական պարտավորության պարտապանի փոխարեն կատարում է պարտավորությունը, ապա հիմնական պարտավորության պարտատիրոջ փոխարեն սկսում է հանդես գալ որպես պարտատեր (տե՛ս, թիվ ԵՄԴ/0049/04/15 սնանկության գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.04.2017 թվականի որոշումը):
Նույն որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն անդրադարձել է երաշխավորին հիմնական պարտատիրոջ կողմից պահանջ ներկայացնելու առանձնահատկություններին:
Այսպես, «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 3-րդ մասի «դ» կետի համաձայն՝ մորատորիումի գործողությունը չի տարածվում ի ապահովումն սնանկության գործընթացում գտնվող պարտապանի պարտավորությունների կատարման՝ երաշխիք կամ երաշխավորություն տված անձանց կողմից այդ երաշխիքի կամ երաշխավորության գծով դրամական կամ այլ բավարարում տալու կամ դրա կատարմանն ուղղված ցանկացած գործողության կամ գործընթացի վրա: Ընդ որում, պարտապանի սնանկության գործընթացը չի ազդում ի ապահովումն պարտապանի պարտավորությունների կատարման երաշխիք կամ երաշխավորություն տված անձի՝ երաշխիքով կամ երաշխավորությամբ ստանձնած պարտավորությունների կատարման վրա:
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի համաձայն՝
1. Ապահովված են համարվում ապահովված իրավունքով ծանրաբեռնված պահանջները: Ապահովված պարտատերեր են համարվում ապահովված իրավունք ունեցող անձինք` այդ պահանջների մասով:
2. Ապահովված իրավունքի առարկան իրացնելու մասին դիմումը բավարարելու վերաբերյալ դատարանի որոշմամբ ապահովված պարտատերը չի ընդգրկվում սնանկության գործով պարտատերերի ցանկում, և նրա ապահովված պահանջները բավարարվում են բացառապես այդ պարտավորության համար ապահովված իրավունքի առարկայի իրացման հաշվին: Այդ դեպքում ապահովված պարտատերը, անկախ ապահովված պահանջների բավարարման չափից, տվյալ պարտավորության մասով հետագայում չի կարող որևէ պահանջ ներկայացնել պարտապանի այլ գույքի նկատմամբ: (...)։
3. Երաշխիքով կամ երաշխավորությամբ ապահովված պարտատիրոջ պահանջները, այդ թվում` ապահովված պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար պայմանագրով սահմանված տուժանքները, տուգանքները և վճարման ենթակա տոկոսները կարող են բավարարվել երաշխիք կամ երաշխավորություն տված անձի միջոցների հաշվին: Երաշխիք կամ երաշխավորություն տված անձի միջոցները բավարար չլինելու կամ երաշխիք կամ երաշխավորություն տված անձին պահանջ չներկայացնելու դեպքում ապահովված պարտատերը սույն օրենքի 46-րդ հոդվածով սահմանված կարգով ընդգրկվում է սնանկության գործով պարտատերերի ցանկում և իր պահանջների բավարարումն ստանում է սույն հոդվածի 7-րդ մասով սահմանված կարգով: Ընդ որում, երաշխիքով կամ երաշխավորությամբ ապահովված պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար պարտապանի սնանկության գործընթացում հաշվարկված` պայմանագրով սահմանված տուժանքների, տուգանքների և վճարման ենթակա տոկոսների գումարները չեն կարող պահանջվել պարտապանից:
(...)
7. Եթե ապահովված իրավունքի առարկայի իրացումից ստացված միջոցները բավարար չեն պարտատերերի ցանկում ընդգրկված ապահովված պարտատիրոջ պահանջներն ամբողջովին մարելու համար, ինչպես նաև երաշխիքով (երաշխավորությամբ) ապահովված պահանջների չբավարարված (այդ թվում` երաշխիք կամ երաշխավորություն տված անձից պարտավորության կատարում չպահանջելու հետևանքով չբավարարված) մասը (բացառությամբ այդ պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար պարտապանի սնանկության գործընթացում հաշվարկված` պայմանագրով սահմանված տուժանքների, տուգանքների և վճարման ենթակա տոկոսների գումարների) համարվում է չապահովված պահանջ, իսկ պարտատերը` չապահովված պարտատեր` չապահովված պահանջի չափով: (...)
11. Երրորդ անձ գրավատուի, երաշխավորի կամ երաշխիք տվող անձի` պարտապանի նկատմամբ օրենսդրությամբ սահմանված կարգով պահանջ ձեռք բերելու դեպքում այդ պահանջը ենթակա է բավարարման` որպես սույն օրենքի 82-րդ հոդվածի 1-ին մասի «է» ենթակետով նախատեսված պահանջ:
Վերոգրյալ՝ «ԱՌԷԿՍԻՄԲԱՆԿ-ԳԱԶՊՐՈՄԲԱՆԿԻ ԽՈՒՄԲ» ՓԲԸ-ն ընդդեմ Հարություն Վարդանյանի սնանկության գործով ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ օրենսդիրը երաշխավորությամբ ապահովված պահանջը դիտարկել է որպես ապահովված պահանջ: Նկատի ունենալով, որ օրենսդիրն ապահովված պահանջների համար նախատեսել է հատուկ կարգավորում, ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ ըստ վերոնշյալ կարգավորման՝ մասնավորապես «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի համաձայն՝ երաշխավորությամբ ապահովված պարտատերը կարող է երաշխավորությամբ ապահովված իր պահանջն ուղղակիորեն ներկայացնել երաշխավորին սնանկության վարույթից առանձին, իսկ նման պահանջ չներկայացնելու կամ պահանջը լրիվ չբավարարվելու դեպքում այդ պահանջը ներկայացնել սնանկության վարույթում:
Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.
Սույն գործի փաստերի համաձայն՝ 16.05.2014 թվականին Բանկի, Միքայել Գասպարյանի և Գրիշա Գասպարյանի միջև կնքվել է վարկային քարտով չվերականգնվող սահմանաչափի տրամադրման և երրորդ անձի գրավի թիվ 453445-NIC358900 պայմանագիր, որով Բանկը Միքայել Գասպարյանին է տրամադրել 36.000 ԱՄՆ դոլար վարկ, իսկ Գրիշա Գասպարյանը նշված գումարի վերադարձնելիությունը երաշխավորելու համար նույն պայմանագրով գրավադրել է սեփականության իրավունքով իրեն պատկանող Երևան քաղաքի Այգեձոր փողոցի թիվ 65 հասցեում գտնվող բնակելի տունը:
16.05.2014 թվականին Բանկի (Պարտատեր), Միքայել Գասպարյանի (Պարտապան) և Գրիշա Գասպարյանի (Երաշխավոր) միջև կնքվել է սեփականության իրավունքով պատկանող գույքով և դրամական միջոցներով երաշխավորության թիվ 348976 պայմանագիր, որի 1.1 կետի համաձայն՝ Երաշխավորը պարտավորվել է իր բանկային հաշիվներին առկա դրամական միջոցներով, ինչպես նաև սեփականության իրավունքով իրեն պատկանող ամբողջ գույքով (շարժական և անշարժ) համապարտ պատասխանատվություն կրել Պարտատիրոջ առջև վերջինիս և Պարտապանի միջև 16.05.2014 թվականին կնքված թիվ 453445-NIC358900 պայմանագրով Պարտապանի կողմից պարտատիրոջ առջև ստանձնած պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար։
Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 30.08.2016 թվականի թիվ ԵԱՔԴ/0276/04/16 վճռով Միքայել Գասպարյանը ճանաչվել է սնանկ։
Դատարանի 31.01.2017 թվականի որոշմամբ հաստատվել է պարտատերերի պահանջների վերջնական ցուցակը, որտեղ Բանկը 29.791 ԱՄՆ դոլար 78 ցենտ և 10.000 ՀՀ դրամի չափով ընդգրկվել է որպես ապահովված պարտատեր։
Դատարանի՝ «Գույքն աճուրդով վաճառելու թույլտվության մասին» 30.06.2017 թվականի որոշմամբ Կառավարչին թույլատրվել է հրապարակային սակարկությունների միջոցով վաճառել պարտապանին սեփականության իրավունքով պատկանող և նրա պարտավորությունների կատարումն ապահովելու նպատակով երրորդ անձին սեփականության իրավունքով պատկանող գույքերը։
07.04.2018 թվականին Բանկը դիմում է ներկայացրել Դատարան, որով հրաժարվել է պահանջից՝ նշելով, որ երաշխավոր Գրիշա Գասպարյանի կողմից կատարվել է վարկային պարտավորության ամբողջական մարում: Կառավարչի 27.04.2018 թվականի գրության համաձայն՝ վերջինս Բանկին առաջարկել է գրավատու Գրիշա Գասպարյանի կողմից վճարված 29.791 ԱՄՆ դոլար 78 ցենտ և 10.000 ՀՀ դրամ գումարը փոխանցել Միքայել Գասպարյանի անվամբ բացված սնանկության հատուկ հաշվին: Բանկը 10.07.2018 թվականի թիվ 2467 գրությամբ Կառավարչին հայտնել է, որ խնդրանքը ենթակա չէ բավարարման:
Դատարանը հայցը մերժելով՝ պատճառաբանել է, որ Բանկը Գրիշա Գասպարյանից պարտավորության ուղղակի կատարումն ընդունել է որպես երաշխավոր, այլ ոչ թե որպես գրավատու, որն էլ նշանակում է, որ Բանկը և Գրիշա Գասպարյանը նույն իրավահարաբերությունում գործել են օրենքով սահմանված կարգով:
Վերաքննիչ դատարանը, բավարարելով Կառավարչի վերաքննիչ բողոքը, արձանագրել է, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» կետով պարտապանի մասնակցությամբ իրավահարաբերությունը փոփոխվել է և այդ փոփոխությունը կարող էր կատարվել բացառապես սնանկության վարույթի շրջանակներում, ուստի նշված հանգամանքը հիմք է հանդիսանում հայցը ոչ թե մերժելու, այլ բավարարելու համար։
Վերոնշյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությանը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.
Տվյալ դեպքում Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Բանկի, Միքայել Գասպարյանի և Գրիշա Գասպարյանի միջև կնքված վարկային քարտով չվերականգնվող սահմանաչափի տրամադրման և երրորդ անձի գրավի թիվ 453445-NIC358900 պայմանագրով երաշխավոր Գրիշա Գասպարյանը ստանձնել է պատասխանատվություն Բանկի հանդեպ Միքայել Գասպարյանի ունեցած պարտավորության համար: Բանկը բավարարում ստացել է Միքայել Գասպարյանի ունեցած պարտավորության համար երաշխավորություն տված անձ Գրիշա Գասպարյանի կողմից, այսինքն՝ Բանկը ղեկավարվել է «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 3-րդ մասի «դ» կետի և ՀՀ քաղաքացիական օրենսգրքի վերը նշված նորմերով սահմանված իրավակարգավորումներով, իսկ օրենսդիրն էլ հստակ կարգավորել է, որ սնանկության գործով մորատորիումի գործողությունը չի տարածվում երաշխավորություն տված անձի կողմից երաշխավորությամբ ստանձնած պարտավորությունների կատարման վրա և վերջինս կարող է ազատորեն կատարել սնանկ ճանաչված անձի պարտավորության կատարման համար երաշխավորությամբ ստանձնած պարտավորությունները։
Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Բանկը թիվ ԵԱՔԴ/0276/04/16 սնանկության գործով բավարարումը ստացել է երաշխավոր Գրիշա Գասպարյանից, ուստի տվյալ իրավահարաբերությունը չի կարող դիտվել որպես օրենքով սահմանված պահանջի խախտում, որպիսի ճիշտ եզրահանգման էլ եկել է Դատարանը։ Մինչդեռ Վերաքննիչ դատարանը նյութական իրավունքի նորմի սխալ մեկնաբանման արդյունքում հանգել է գործի սխալ լուծման:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:
Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով սահմանված` վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու և առաջին ատյանի դատարանի դատական ակտին ուժ տալու՝ Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.
Կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք։ Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար։ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից։ Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելը և առաջին ատյանի դատարանի դատական ակտին ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է։
5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վերաքննիչ կամ վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են [«Դատական ծախսերը» վերտառությամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ] գլխի կանոններին համապատասխան:
«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի «իա.1» կետի համաձայն` դատարաններում պետական տուրքի վճարումից ազատվում են սնանկության կառավարիչները` «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված իրենց լիազորությունների շրջանակներում դատարաններ ներկայացվող հայցադիմումների, դիմումների, վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար:
«Սնանկության մասին» օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետի համաձայն՝ սնանկության վերաբերյալ գործով նշանակված կառավարիչը՝ պարտապանի անունից դիմում է դատարաններ` դատական կարգով լուծում պահանջող հարցերով, ներգրավվում է պարտապանի այն դատավարություններում, որոնցում վերջինս հանդես է գալիս որպես հայցվոր, պատասխանող կամ վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ ներկայացնող երրորդ անձ, առանց լիազորագրի հանդես է գալիս պարտապանի անունից:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նույն օրենքով սահմանված իր լիազորությունների շրջանակներում դատարաններ ներկայացվող հայցադիմումների, դիմումների, վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար կառավարիչն ազատվում է պետական տուրքի վճարումներից:
Նույն հոդվածի 3-րդ մասի՝ մինչև 15.04.2020 թվականը գործող խմբագրության համաձայն՝ նույն օրենքով սահմանված լիազորություններն իրականացնելիս կառավարիչը գործում է պարտապանի անունից և իր պատասխանատվությամբ:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Միքայել Գասպարյանի սնանկության գործով կառավարիչ Մայիս Հայրապետյանը «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի «իա.1» կետի ուժով ազատված է սույն գործով հայցադիմում ներկայացնելու, ինչպես նաև դատական բողոքարկման բոլոր փուլերում պետական տուրքի վճարման պարտականությունից:
Այս եզրահանգման համար Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի «իա.1» կետի այն մեկնաբանությունը, համաձայն որի՝ կառավարիչներն ազատված են դատական բողոքարկման բոլոր փուլերում պետական տուրքի վճարման պարտականությունից, հետևաբար չեն կարող կրել պետական տուրք վճարելու կամ վճարված կամ վճարման ենթակա պետական տուրքի գումարները փոխհատուցելու պարտականություն՝ թե՛ դատարանում, թե՛ դատական բողոքարկման փուլերում՝ անկախ գործի ելքից (տե´ս, Գագիկ Ավետիսյանն ընդդեմ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության թիվ ՎԴ/1390/05/17 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.11.2018 թվականի որոշումը):
Վկայակոչված իրավակարգավորումներից հետևում է, որ պարտապանի սնանկ ճանաչվելուց հետո պարտապանի անունից դատարան հայց ներկայացնելու իրավունքն իրացնում է վերջինիս կառավարիչը, որը «Սնանկության մասին» օրենքի 29-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքով ազատված է դատարաններ ներկայացվող հայցադիմումների, դիմումների, վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար սահմանված պետական տուրքի վճարումներից: Օրենսդրական նման կարգավորման հիմքում, ըստ էության, ընկած է այն տրամաբանությունը, որ կառավարիչը հայց հարուցում կամ պարտապանի մասնակցությամբ դատավարություններին ներգրավվում է պարտապանի անունից, հետևաբար՝ նրա վրա պետական տուրքի վճարման պարտականություն չի կարող դրվել այլ անձի իրավունքներն ու օրինական շահերն ի պաշտոնե իրականացնելու համար: Նման եզրահանգումը պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ պետությունը, որպես անձի հիմնարար իրավունք, հռչակելով դատական պաշտպանության իրավունքը, կոնկրետ երաշխիքներ է նախատեսում այդ իրավունքի արդյունավետ իրականացման համար՝ ընդ որում, որոշակի խումբ անձանց համար սահմանելով նաև հավելյալ երաշխիքներ, ինչպես օրինակ՝ պետական տուրքի վճարումից ազատումն է:
Հաշվի առնելով վերոգրյալը և նկատի ունենալով այն հանգամանքը, Բանկը տվյալ դեպքում վճռաբեկ բողոքի համար վճարել է օրենքով սահմանված չափով պետական տուրքը, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ներկայացված բողոքը բավարարվելու պայմաններում Բանկի կողմից նախապես վճարված պետական տուրքի հարցը պետք է համարել լուծված։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 25.11.2020 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 16.06.2020 թվականի վճռին։
2. Դատական ծախսերի հարցը համարել լուծված։
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։
Նախագահող |
Մ. Դրմեյան |
Զեկուցող |
Գ. Հակոբյան |
Ս. Անտոնյան | |
Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ | |
Ս. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ | |
Է. Սեդրակյան |
Հատուկ կարծիք
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի կողմից թիվ ԵԴ/21272/02/19 քաղաքացիական գործով 22.07.2022 թվականին կայացված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի վերաբերյալ
22.07.2022 թվական
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան), 2022 թվականի հուլիսի 22-ին գրավոր ընթացակարգով քննելով «Կոնվերս բանկ» ՓԲԸ-ի (այսուհետ՝ Բանկ) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 25.11.2020 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի հայցի Միքայել Գասպարյանի սնանկության գործով կառավարիչ Մայիս Հայրապետյանի (այսուհետ՝ Կառավարիչ) ընդդեմ Բանկի` գրավատուի կողմից վճարված գումարը սնանկության հատուկ հաշվին փոխանցելուն պարտավորեցնելու պահանջի մասին, Վճռաբեկ դատարանի դատավորների ընդհանուր թվի մեծամասնությամբ որոշել է վճռաբեկ բողոքը բավարարել՝ բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 25.11.2020 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 16.06.2020 թվականի վճռին:
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի դատավոր Գ. Հակոբյանս, համաձայն չլինելով վերը նշված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության կարծիքի հետ, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 9-րդ և 10-րդ մասերով, շարադրում եմ իմ հատուկ կարծիքն այդ մասերի վերաբերյալ:
1. Վճռաբեկ դատարանը որպես գործի դատավարական նախապատմություն նշել է հետևյալը.
«Դիմելով դատարան` Կառավարիչը պահանջել է պարտավորեցնել Բանկին գրավատուի կողմից նախապես վճարված 29.791 ԱՄՆ դոլար 78 ցենտը և 10.000 ՀՀ դրամը փոխանցել Միքայել Գասպարյանի սնանկության հատուկ հաշվին:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Ա․ Դավթյան) (այսուհետ՝ Դատարան) 16.06.2020 թվականի վճռով հայցը մերժվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 25.11.2020 թվականի որոշմամբ Կառավարչի վերաքննիչ բողոքը բավարարվել է՝ Դատարանի 16.06.2020 թվականի վճիռը բեկանվել է և փոփոխվել՝ հայցը բավարարվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Բանկը (ներկայացուցիչ Էրիկ Հովակիմյան):
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել»։
2. Վճռաբեկ դատարանը որպես վճռաբեկ բողոքի հիմքեր, հիմնավորումներ և պահանջ նշել է հետևյալը.
«Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետը և նույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետը, չի կիրառել «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 3-րդ մասի «դ» կետը, որը պետք է կիրառեր:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ Բանկը բավարարում է ստացել սնանկության գործով պարտապանի պարտավորությունների կատարման համար երաշխավորություն տված անձ Գրիշա Գասպարյանի կողմից, այսինքն՝ Բանկը բավարարում ստանալիս ղեկավարվել է «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 3-րդ մասի «դ» կետի իրավակարգավորումներով, իսկ օրենսդիրը հստակ կարգավորել է, որ սնանկության գործով մորատորիումի գործողությունը չի տարածվում երաշխավորություն տված անձի կողմից երաշխավորությամբ ստանձնած պարտավորությունների կատարման վրա, և վերջինս կարող է ազատորեն կատարել սնանկ ճանաչված անձի պարտավորության կատարման համար երաշխավորությամբ ստանձնած պարտավորությունները։ Հետևաբար, տվյալ իրավահարաբերությունը չի կարող դիտվել որպես օրենքով արգելված արարքի կատարում, այն է՝ պարտապանի կամ գրավատուի, առավել ևս պարտապանի կողմից բավարարման ստացում:
Վերոգրյալի հիման վրա՝ բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 25.11.2020 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 16.06.2020 թվականի վճռին»:
3. Վճռաբեկ դատարանը որպես վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստեր նշել է հետևյալը.
«Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն Դատարանի կողմից հաստատված հետևյալ փաստերը՝
1. Բանկի, Միքայել Գասպարյանի և Գրիշա Գասպարյանի միջև 16.05.2014 թվականին կնքված վարկային քարտով չվերականգնվող սահմանաչափի տրամադրման և երրորդ անձի գրավի թիվ 453445-NIC358900 պայմանագրի (այսուհետ՝ Պայմանագիր) համաձայն՝ Բանկը Միքայել Գասպարյանին է տրամադրել 36.000 ԱՄՆ դոլար վարկ, իսկ Գրիշա Գասպարյանը նշված գումարի վերադարձնելիությունը երաշխավորելու համար նույն պայմանագրով գրավադրել է սեփականության իրավունքով իրեն պատկանող Երևան քաղաքի Այգեձոր փողոց թիվ 65 հասցեում գտնվող բնակելի տունը (հատոր 1-ին, գ․թ․ 21-25):
2. Բանկի (Պարտատեր), Միքայել Գասպարյանի (Պարտապան) և Գրիշա Գասպարյանի (Երաշխավոր) միջև 16.05.2014 թվականին կնքվել է սեփականության իրավունքով պատկանող գույքով և դրամական միջոցներով երաշխավորության թիվ 348976 պայմանագիր, որի 1.1 կետի համաձայն՝ Երաշխավորը պարտավորվել է իր բանկային հաշիվներին առկա դրամական միջոցներով, ինչպես նաև սեփականության իրավունքով իրեն պատկանող ամբողջ գույքով (շարժական և անշարժ) համապարտ պատասխանատվություն կրել Պարտատիրոջ առջև վերջինիս և Պարտապանի միջև 16.05.2014 թվականին կնքված թիվ 453445-NIC358900 պայմանագրով Պարտապանի կողմից պարտատիրոջ առջև ստանձնած պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար (անվիճելի փաստ)։
3. Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 30.08.2016 թվականի թիվ ԵԱՔԴ/0276/04/16 վճռով Միքայել Գասպարյանը ճանաչվել է սնանկ (հատոր 1-ին, գ․թ․ 7-8):
4. Դատարանի 05.09.2016 թվականի որոշմամբ Միքայել Գասպարյանի սնանկության գործով կառավարիչ է նշանակվել Մայիս Հայրապետյանը (հատոր 1-ին, գ․թ․ 9-10):
5. Դատարանի 31.01.2017 թվականի որոշմամբ հաստատվել է պարտատերերի պահանջների վերջնական ցուցակը, որտեղ Բանկը 29.791 ԱՄՆ դոլար 78 ցենտ և 10.000 ՀՀ դրամի չափով ընդգրկվել է որպես ապահովված պարտատեր (հատոր 1-ին, գ․թ․ 11-13):
6. Դատարանի՝ «Գույքն աճուրդով վաճառելու թույլտվության մասին» 30.06.2017 թվականի որոշմամբ Կառավարչին թույլատրվել է հրապարակային սակարկությունների միջոցով վաճառել պարտապանին սեփականության իրավունքով պատկանող և նրա պարտավորությունների կատարումն ապահովելու նպատակով երրորդ անձին սեփականության իրավունքով պատկանող գույքերը (հատոր 1-ին, գ․թ․ 14-16):
7. Բանկը 07.04.2018 թվականին դիմում է ներկայացրել Դատարան, որով հրաժարվել է պահանջից՝ նշելով, որ երաշխավոր Գրիշա Գասպարյանի կողմից կատարվել է վարկային պարտավորության ամբողջական մարում (հատոր 1-ին, գ․թ․ 17):
8. Կառավարչի 27.04.2018 թվականի գրության համաձայն՝ վերջինս Բանկին առաջարկել է գրավատու Գրիշա Գասպարյանի կողմից վճարված 29.791 ԱՄՆ դոլար 78 ցենտ և 10.000 ՀՀ դրամ գումարը փոխանցել Միքայել Գասպարյանի անվամբ բացված սնանկության հատուկ հաշվին (հատոր 1-ին, գ․թ․ 18):
9. Բանկը 10.07.2018 թվականի թիվ 2467 գրությամբ Կառավարչին հայտնել է, որ խնդրանքը ենթակա չէ բավարարման (հատոր 1-ին, գ․թ․ 19-20)»:
4. Վճռաբեկ դատարանը որպես պատճառաբանություններ և եզրահանգումներ նշել է հետևյալը.
«Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ` նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է` Վերաքննիչ դատարանի կողմից «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 3-րդ մասի «դ» կետի խախտման հետևանքով առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:
Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը, վերահաստատելով նախկինում հայտնած իր դիրքորոշումը, հարկ է համարում անդրադառնալ երաշխավորի պատասխանատվության առանձնահատկությանը:
ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:
ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ երաշխավորը, երաշխավորության պայմանագրով, այլ անձի պարտատիրոջ առջև պարտավորվում է պատասխանատվություն կրել այդ անձի կողմից իր պարտավորությունը լրիվ կամ մասնակի կատարելու համար:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 377-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ պարտապանի կողմից երաշխավորությամբ ապահովված պարտավորությունը չկատարելու կամ անպատշաճ կատարելու դեպքում երաշխավորը և պարտապանը պարտատիրոջ առջև կրում են համապարտ պատասխանատվություն, եթե երաշխավորի սուբսիդիար պատասխանատվություն նախատեսված չէ օրենքով կամ երաշխավորության պայմանագրով: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ երաշխավորը պարտատիրոջ առջև պատասխանատվություն է կրում նույն ծավալով, ինչ պարտապանը՝ ներառյալ տոկոսներ վճարելը, պարտքը բռնագանձելու կապակցությամբ դատական ծախսերը և պարտապանի կողմից պարտավորությունը չկատարելու կամ անպատշաճ կատարելու հետևանքով առաջացած՝ պարտատիրոջ այլ վնասները հատուցելը, եթե այլ բան նախատեսված չէ երաշխավորության պայմանագրով:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 362-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ պարտապանների համապարտ պարտականության դեպքում պարտատերն իրավունք ունի, ինչպես բոլոր պարտապաններից համատեղ, այնպես էլ յուրաքանչյուրից պահանջել կատարելու պարտավորությունն ինչպես լրիվ, այնպես էլ պարտքի մի մասով: Նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ համապարտ պարտապանները պարտական են մնում այնքան ժամանակ, քանի դեռ պարտավորությունը լրիվ չի կատարվել:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 364-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ պարտապաններից մեկի կողմից համապարտ պարտականությունը լրիվ կատարելը մնացած պարտապաններին ազատում է պարտատիրոջ հանդեպ պարտականությունը կատարելուց:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 415-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ մինչև պահանջներն այն անձին ներկայացնելը, ով օրենքին, այլ իրավական ակտերին կամ պարտավորության պայմաններին համապատասխան կրում է հիմնական պարտապանի պատասխանատվությանը լրացուցիչ պատասխանատվություն (սուբսիդիար պատասխանատվություն), պարտատերը պետք է պահանջ ներկայացնի հիմնական պարտապանին: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ եթե հիմնական պարտապանը հրաժարվել է պարտատիրոջ պահանջը բավարարելուց, կամ պարտատերը ողջամիտ ժամկետում չի ստացել նրան ներկայացված պահանջի պատասխանը, ապա այդ պահանջը կարող է ներկայացվել սուբսիդիար պատասխանատվություն կրող անձին:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 380-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ պարտավորությունը կատարած երաշխավորին են անցնում այդ պարտավորությամբ պարտատիրոջ իրավունքները և պարտատիրոջ՝ որպես գրավառուի պատկանող իրավունքներն այն ծավալով, որով երաշխավորը բավարարել է պարտատիրոջ պահանջը: Երաշխավորն իրավունք ունի նաև պարտապանից պահանջել հատուցելու պարտատիրոջը վճարած գումարի տոկոսներն ու, պարտապանի փոխարեն պատասխանատվությունը կրելու կապակցությամբ, իր կրած այլ վնասները: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ պարտավորությունը երաշխավորի կողմից կատարելուց հետո պարտատերը պարտավոր է երաշխավորին հանձնել պարտապանի դեմ ունեցած իր պահանջը հավաստող փաստաթղթերը և փոխանցել այդ պահանջն ապահովող իրավունքները:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 399-րդ հոդվածի համաձայն՝ սկզբնական պարտատիրոջ իրավունքը նոր պարտատիրոջն է անցնում իրավունքի անցման պահին գոյություն ունեցող ծավալով և պայմաններով, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով: Մասնավորապես, նոր պարտատիրոջն են անցնում պարտավորության կատարումն ապահովող, ինչպես նաև պահանջի հետ կապված այլ իրավունքները՝ ներառյալ չվճարված տոկոսների նկատմամբ իրավունքը:
«ԱՌԷԿՍԻՄԲԱՆԿ-ԳԱԶՊՐՈՄԲԱՆԿԻ ԽՈՒՄԲ» ՓԲԸ-ն ընդդեմ Հարություն Վարդանյանի սնանկության գործով ՀՀ վճռաբեկ դատարանը, վերահաստատելով երաշխավորի պատասխանատվության վերաբերյալ նախկինում հայտնած դիրքորոշումները, արձանագրել է, որ երաշխավորը պարտապանի կողմից պարտավորությունը խախտելու դեպքում պարտատիրոջ առջև պարտապանի հետ միասին պատասխանատվություն կրող անձն է: Նկատի ունենալով, որ երաշխավորը հիմնական պարտավորության պարտապանը չէ, երաշխավորի կողմից հիմնական պարտավորությունը կատարելու դեպքում օրենսդիրը երաշխավորին տվել է իրավունք հիմնական պարտապանի նկատմամբ ձեռք բերել պահանջի իրավունք՝ իր կողմից կատարած պարտավորության չափով: Այլ կերպ ասած` այն դեպքերում, երբ երաշխավորը հիմնական պարտավորության պարտապանի փոխարեն կատարում է պարտավորությունը, ապա հիմնական պարտավորության պարտատիրոջ փոխարեն սկսում է հանդես գալ որպես պարտատեր (տե՛ս, թիվ ԵՄԴ/0049/04/15 սնանկության գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.04.2017 թվականի որոշումը):
Նույն որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն անդրադարձել է երաշխավորին հիմնական պարտատիրոջ կողմից պահանջ ներկայացնելու առանձնահատկություններին:
Այսպես, «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 3-րդ մասի «դ» կետի համաձայն՝ մորատորիումի գործողությունը չի տարածվում ի ապահովումն սնանկության գործընթացում գտնվող պարտապանի պարտավորությունների կատարման՝ երաշխիք կամ երաշխավորություն տված անձանց կողմից այդ երաշխիքի կամ երաշխավորության գծով դրամական կամ այլ բավարարում տալու կամ դրա կատարմանն ուղղված ցանկացած գործողության կամ գործընթացի վրա: Ընդ որում, պարտապանի սնանկության գործընթացը չի ազդում ի ապահովումն պարտապանի պարտավորությունների կատարման երաշխիք կամ երաշխավորություն տված անձի՝ երաշխիքով կամ երաշխավորությամբ ստանձնած պարտավորությունների կատարման վրա:
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի համաձայն՝
1. Ապահովված են համարվում ապահովված իրավունքով ծանրաբեռնված պահանջները: Ապահովված պարտատերեր են համարվում ապահովված իրավունք ունեցող անձինք` այդ պահանջների մասով:
2. Ապահովված իրավունքի առարկան իրացնելու մասին դիմումը բավարարելու վերաբերյալ դատարանի որոշմամբ ապահովված պարտատերը չի ընդգրկվում սնանկության գործով պարտատերերի ցանկում, և նրա ապահովված պահանջները բավարարվում են բացառապես այդ պարտավորության համար ապահովված իրավունքի առարկայի իրացման հաշվին: Այդ դեպքում ապահովված պարտատերը, անկախ ապահովված պահանջների բավարարման չափից, տվյալ պարտավորության մասով հետագայում չի կարող որևէ պահանջ ներկայացնել պարտապանի այլ գույքի նկատմամբ: (...)։
3. Երաշխիքով կամ երաշխավորությամբ ապահովված պարտատիրոջ պահանջները, այդ թվում` ապահովված պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար պայմանագրով սահմանված տուժանքները, տուգանքները և վճարման ենթակա տոկոսները կարող են բավարարվել երաշխիք կամ երաշխավորություն տված անձի միջոցների հաշվին: Երաշխիք կամ երաշխավորություն տված անձի միջոցները բավարար չլինելու կամ երաշխիք կամ երաշխավորություն տված անձին պահանջ չներկայացնելու դեպքում ապահովված պարտատերը սույն օրենքի 46-րդ հոդվածով սահմանված կարգով ընդգրկվում է սնանկության գործով պարտատերերի ցանկում և իր պահանջների բավարարումն ստանում է սույն հոդվածի 7-րդ մասով սահմանված կարգով: Ընդ որում, երաշխիքով կամ երաշխավորությամբ ապահովված պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար պարտապանի սնանկության գործընթացում հաշվարկված` պայմանագրով սահմանված տուժանքների, տուգանքների և վճարման ենթակա տոկոսների գումարները չեն կարող պահանջվել պարտապանից:
(...)
7. Եթե ապահովված իրավունքի առարկայի իրացումից ստացված միջոցները բավարար չեն պարտատերերի ցանկում ընդգրկված ապահովված պարտատիրոջ պահանջներն ամբողջովին մարելու համար, ինչպես նաև երաշխիքով (երաշխավորությամբ) ապահովված պահանջների չբավարարված (այդ թվում` երաշխիք կամ երաշխավորություն տված անձից պարտավորության կատարում չպահանջելու հետևանքով չբավարարված) մասը (բացառությամբ այդ պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար պարտապանի սնանկության գործընթացում հաշվարկված` պայմանագրով սահմանված տուժանքների, տուգանքների և վճարման ենթակա տոկոսների գումարների) համարվում է չապահովված պահանջ, իսկ պարտատերը` չապահովված պարտատեր` չապահովված պահանջի չափով: (...)
11. Երրորդ անձ գրավատուի, երաշխավորի կամ երաշխիք տվող անձի` պարտապանի նկատմամբ օրենսդրությամբ սահմանված կարգով պահանջ ձեռք բերելու դեպքում այդ պահանջը ենթակա է բավարարման` որպես սույն օրենքի 82-րդ հոդվածի 1-ին մասի «է» ենթակետով նախատեսված պահանջ:
Վերոգրյալ՝ «ԱՌԷԿՍԻՄԲԱՆԿ-ԳԱԶՊՐՈՄԲԱՆԿԻ ԽՈՒՄԲ» ՓԲԸ-ն ընդդեմ Հարություն Վարդանյանի սնանկության գործով ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ օրենսդիրը երաշխավորությամբ ապահովված պահանջը դիտարկել է որպես ապահովված պահանջ: Նկատի ունենալով, որ օրենսդիրն ապահովված պահանջների համար նախատեսել է հատուկ կարգավորում, ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ ըստ վերոնշյալ կարգավորման՝ մասնավորապես «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի համաձայն՝ երաշխավորությամբ ապահովված պարտատերը կարող է երաշխավորությամբ ապահովված իր պահանջն ուղղակիորեն ներկայացնել երաշխավորին սնանկության վարույթից առանձին, իսկ նման պահանջ չներկայացնելու կամ պահանջը լրիվ չբավարարվելու դեպքում այդ պահանջը ներկայացնել սնանկության վարույթում:
Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.
Սույն գործի փաստերի համաձայն՝ 16.05.2014 թվականին Բանկի, Միքայել Գասպարյանի և Գրիշա Գասպարյանի միջև կնքվել է վարկային քարտով չվերականգնվող սահմանաչափի տրամադրման և երրորդ անձի գրավի թիվ 453445-NIC358900 պայմանագիր, որով Բանկը Միքայել Գասպարյանին է տրամադրել 36.000 ԱՄՆ դոլար վարկ, իսկ Գրիշա Գասպարյանը նշված գումարի վերադարձնելիությունը երաշխավորելու համար նույն պայմանագրով գրավադրել է սեփականության իրավունքով իրեն պատկանող Երևան քաղաքի Այգեձոր փողոցի թիվ 65 հասցեում գտնվող բնակելի տունը:
16.05.2014 թվականին Բանկի (Պարտատեր), Միքայել Գասպարյանի (Պարտապան) և Գրիշա Գասպարյանի (Երաշխավոր) միջև կնքվել է սեփականության իրավունքով պատկանող գույքով և դրամական միջոցներով երաշխավորության թիվ 348976 պայմանագիր, որի 1.1 կետի համաձայն՝ Երաշխավորը պարտավորվել է իր բանկային հաշիվներին առկա դրամական միջոցներով, ինչպես նաև սեփականության իրավունքով իրեն պատկանող ամբողջ գույքով (շարժական և անշարժ) համապարտ պատասխանատվություն կրել Պարտատիրոջ առջև վերջինիս և Պարտապանի միջև 16.05.2014 թվականին կնքված թիվ 453445-NIC358900 պայմանագրով Պարտապանի կողմից պարտատիրոջ առջև ստանձնած պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար։
Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 30.08.2016 թվականի թիվ ԵԱՔԴ/0276/04/16 վճռով Միքայել Գասպարյանը ճանաչվել է սնանկ։
Դատարանի 31.01.2017 թվականի որոշմամբ հաստատվել է պարտատերերի պահանջների վերջնական ցուցակը, որտեղ Բանկը 29.791 ԱՄՆ դոլար 78 ցենտ և 10.000 ՀՀ դրամի չափով ընդգրկվել է որպես ապահովված պարտատեր։
Դատարանի՝ «Գույքն աճուրդով վաճառելու թույլտվության մասին» 30.06.2017 թվականի որոշմամբ Կառավարչին թույլատրվել է հրապարակային սակարկությունների միջոցով վաճառել պարտապանին սեփականության իրավունքով պատկանող և նրա պարտավորությունների կատարումն ապահովելու նպատակով երրորդ անձին սեփականության իրավունքով պատկանող գույքերը։
07.04.2018 թվականին Բանկը դիմում է ներկայացրել Դատարան, որով հրաժարվել է պահանջից՝ նշելով, որ երաշխավոր Գրիշա Գասպարյանի կողմից կատարվել է վարկային պարտավորության ամբողջական մարում: Կառավարչի 27.04.2018 թվականի գրության համաձայն՝ վերջինս Բանկին առաջարկել է գրավատու Գրիշա Գասպարյանի կողմից վճարված 29.791 ԱՄՆ դոլար 78 ցենտ և 10.000 ՀՀ դրամ գումարը փոխանցել Միքայել Գասպարյանի անվամբ բացված սնանկության հատուկ հաշվին: Բանկը 10.07.2018 թվականի թիվ 2467 գրությամբ Կառավարչին հայտնել է, որ խնդրանքը ենթակա չէ բավարարման:
Դատարանը հայցը մերժելով՝ պատճառաբանել է, որ Բանկը Գրիշա Գասպարյանից պարտավորության ուղղակի կատարումն ընդունել է որպես երաշխավոր, այլ ոչ թե որպես գրավատու, որն էլ նշանակում է, որ Բանկը և Գրիշա Գասպարյանը նույն իրավահարաբերությունում գործել են օրենքով սահմանված կարգով:
Վերաքննիչ դատարանը, բավարարելով Կառավարչի վերաքննիչ բողոքը, արձանագրել է, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» կետով պարտապանի մասնակցությամբ իրավահարաբերությունը փոփոխվել է և այդ փոփոխությունը կարող էր կատարվել բացառապես սնանկության վարույթի շրջանակներում, ուստի նշված հանգամանքը հիմք է հանդիսանում հայցը ոչ թե մերժելու, այլ բավարարելու համար։
Վերոնշյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությանը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.
Տվյալ դեպքում Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Բանկի, Միքայել Գասպարյանի և Գրիշա Գասպարյանի միջև կնքված վարկային քարտով չվերականգնվող սահմանաչափի տրամադրման և երրորդ անձի գրավի թիվ 453445-NIC358900 պայմանագրով երաշխավոր Գրիշա Գասպարյանը ստանձնել է պատասխանատվություն Բանկի հանդեպ Միքայել Գասպարյանի ունեցած պարտավորության համար: Բանկը բավարարում ստացել է Միքայել Գասպարյանի ունեցած պարտավորության համար երաշխավորություն տված անձ Գրիշա Գասպարյանի կողմից, այսինքն՝ Բանկը ղեկավարվել է «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 3-րդ մասի «դ» կետի և ՀՀ քաղաքացիական օրենսգրքի վերը նշված նորմերով սահմանված իրավակարգավորումներով, իսկ օրենսդիրն էլ հստակ կարգավորել է, որ սնանկության գործով մորատորիումի գործողությունը չի տարածվում երաշխավորություն տված անձի կողմից երաշխավորությամբ ստանձնած պարտավորությունների կատարման վրա և վերջինս կարող է ազատորեն կատարել սնանկ ճանաչված անձի պարտավորության կատարման համար երաշխավորությամբ ստանձնած պարտավորությունները։
Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Բանկը թիվ ԵԱՔԴ/0276/04/16 սնանկության գործով բավարարումը ստացել է երաշխավոր Գրիշա Գասպարյանից, ուստի տվյալ իրավահարաբերությունը չի կարող դիտվել որպես օրենքով սահմանված պահանջի խախտում, որպիսի ճիշտ եզրահանգման էլ եկել է Դատարանը։ Մինչդեռ Վերաքննիչ դատարանը նյութական իրավունքի նորմի սխալ մեկնաբանման արդյունքում հանգել է գործի սխալ լուծման:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:
Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով սահմանված` վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու և առաջին ատյանի դատարանի դատական ակտին ուժ տալու՝ Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.
Կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք։ Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար։ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից։ Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելը և առաջին ատյանի դատարանի դատական ակտին ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է»։
Վճռաբեկ դատարանի դատավոր Գ. Հակոբյանս, համաձայն չլինելով վերը նշված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերում Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության կողմից արտահայտված կարծիքի հետ, շարադրում եմ իմ հատուկ կարծիքը դրանց վերաբերյալ:
Այսպես՝
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վճռաբեկ բողոքն ընդունվում է քննության, եթե Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար, առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում:
Նույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի համաձայն՝ նույն հոդվածի իմաստով` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար, եթե դատարանի կիրառած նյութական կամ դատավարական իրավունքի նորմի կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր։
Նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ նույն հոդվածի իմաստով` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, եթե բողոքարկվող դատական ակտը կայացնելիս դատարանը թույլ է տվել նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նյութական իրավունքի նորմերը համարվում են խախտված կամ սխալ կիրառված, եթե առկա է նույն օրենսգրքի 364-րդ հոդվածով նախատեսված հիմքերից որևէ մեկը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 364-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ նյութական իրավունքի նորմերը համարվում են խախտված կամ սխալ կիրառված, եթե դատարանը չի կիրառել այն օրենքը կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագիրը կամ իրավական այլ ակտը, որը պետք է կիրառեր, կիրառել է այն օրենքը կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագիրը կամ իրավական այլ ակտը, որը չպետք է կիրառեր, սխալ է մեկնաբանել օրենքը կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագիրը կամ իրավական այլ ակտը:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նյութական իրավունքի նորմի խախտումը կամ սխալ կիրառումը վճռի բեկանման հիմք է, եթե հանգեցրել է գործի սխալ լուծման:
Վերը նշված նորմերի վերլուծությունից բխում է, որ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշման՝ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար էական նշանակություն ունենալու հիմքով վճռաբեկ բողոքն ընդունվում է քննության նաև այն դեպքում, երբ դատարանի կիրառած նյութական կամ դատավարական իրավունքի նորմի կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր։ Մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտման առերևույթ առկայության հիմքով վճռաբեկ բողոքն ընդունվում է քննության, եթե բողոքարկվող դատական ակտը կայացնելիս դատարանը թույլ է տվել նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը: Տվյալ դեպքում օրենսդիրը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 2-րդ մասի ու նույն օրենսգրքի 364-րդ հոդվածի իմաստով՝ նյութական իրավունքի նորմերի խախտման առումով այդպիսի խախտում, իսկ դրա արդյունքում՝ դատական ակտի բեկանման հիմք է համարում նյութական իրավունքի նորմերի այնպիսի խախտումը կամ դրանց սխալ կիրառումը, որը հանգեցրել է կամ կարող էր հանգեցնել գործի սխալ լուծման։
Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանը, ինչպես արդեն իսկ նշվեց վերը, սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում նշված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով՝ նշելով, որ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 3-րդ մասի «դ» կետի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը։
Բողոքի քննության արդյունքում Վճռաբեկ դատարանը, բավարար համարելով վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը, Վերաքննիչ դատարանի 25.11.2020 թվականի որոշումը բեկանել է և օրինական ուժ է տվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 16.06.2020 թվականի վճռին։
Դրանից ելնելով անհրաժեշտ եմ համարում անդրադառնալ բացառապես Վճռաբեկ դատարանի պատճառաբանություններին՝ պարզելու համար, թե արդյո՞ք դրանցում նշվածները կարող էին բավարար հիմք հանդիսանալ Վերաքննիչ դատարանին արդարադատության բուն էությունը խաթարող՝ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 3-րդ մասի «դ» կետի խախտում վերագրելու համար։
Այսպես՝
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 406-րդ հոդվածի 5-րդ մասի 8-րդ կետի համաձայն՝ բողոքի քննության արդյունքներով կայացված Վճռաբեկ դատարանի որոշման մեջ նշվում են դատական ակտը բեկանելիս այն շարժառիթները, որոնցով Վճռաբեկ դատարանը չի համաձայնվել այդ ակտը կայացրած դատարանի հետևությունների հետ։
Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանը Վերաքննիչ դատարանին արդարադատության բուն էությունը խաթարող՝ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 3-րդ մասի «դ» կետի խախտում է վերագրել, ըստ էության, այն շարժառիթներով, որ՝
1) «Տվյալ դեպքում Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Բանկի, Միքայել Գասպարյանի և Գրիշա Գասպարյանի միջև կնքված վարկային քարտով չվերականգնվող սահմանաչափի տրամադրման և երրորդ անձի գրավի թիվ 453445-NIC358900 պայմանագրով երաշխավոր Գրիշա Գասպարյանը ստանձնել է պատասխանատվություն Բանկի հանդեպ Միքայել Գասպարյանի ունեցած պարտավորության համար: Բանկը բավարարում ստացել է Միքայել Գասպարյանի ունեցած պարտավորության համար երաշխավորություն տված անձ Գրիշա Գասպարյանի կողմից, այսինքն՝ Բանկը ղեկավարվել է «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 3-րդ մասի «դ» կետի և ՀՀ քաղաքացիական օրենսգրքի վերը նշված նորմերով սահմանված իրավակարգավորումներով, իսկ օրենսդիրն էլ հստակ կարգավորել է, որ սնանկության գործով մորատորիումի գործողությունը չի տարածվում երաշխավորություն տված անձի կողմից երաշխավորությամբ ստանձնած պարտավորությունների կատարման վրա և վերջինս կարող է ազատորեն կատարել սնանկ ճանաչված անձի պարտավորության կատարման համար երաշխավորությամբ ստանձնած պարտավորությունները»։
Արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ «Բանկը թիվ ԵԱՔԴ/0276/04/16 սնանկության գործով բավարարումը ստացել է երաշխավոր Գրիշա Գասպարյանից, ուստի տվյալ իրավահարաբերությունը չի կարող դիտվել որպես օրենքով սահմանված պահանջի խախտում, որպիսի ճիշտ եզրահանգման էլ եկել է Դատարանը։ Մինչդեռ Վերաքննիչ դատարանը նյութական իրավունքի նորմի սխալ մեկնաբանման արդյունքում հանգել է գործի սխալ լուծման»:
Կարծում եմ, որ նշված շարժառիթները չեն կարող հիմք հանդիսանալ Վերաքննիչ դատարանին արդարադատության բուն էությունը խաթարող «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 3-րդ մասի «դ» կետի խախտում թույլ տալը վերագրելու համար հետևյալ պատճառաբանությամբ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 406-րդ հոդվածի 5-րդ մասի 5-րդ կետի համաձայն՝ բողոքի քննության արդյունքներով կայացված Վճռաբեկ դատարանի որոշման մեջ նշվում են հիմքերը, որոնցով դրվել է դատական ակտի օրինականությունն ստուգելու հարցը, իսկ 7-րդ կետի համաձայն՝ օրենքները, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերը և այլ իրավական ակտերը, որոնցով ղեկավարվել է Վճռաբեկ դատարանը որոշում կայացնելիս:
Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանը Վերաքննիչ դատարանի դատական ակտի օրինականությունն ստուգման է ենթարկել «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 3-րդ մասի «դ» կետի իրավակարգավորման տիրույթում՝ իր կողմից կայացված որոշման մեջ որպես օրենք, որով ղեկավարվել է որոշում կայացնելիս, նշելով «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 3-րդ մասի «դ» կետը: Մինչդեռ կարծում եմ, որ բացակայում է տվյալ նորմը սույն գործով կողմերի միջև իրավահարաբերության նկատմամբ կիրառելու ինչպես փաստական, այնպես էլ իրավական հիմքը, քանի որ գործում առկա չէ, ինչպես նաև վճռաբեկ բողոքին կցված չէ այնպիսի ապացույց, որը կհաստատեր տվյալ նորմը կիրառելու համար անհրաժեշտ այն փաստը, որ սնանկության գործընթացում գտնվող պարտապանի պարտավորությունների կատարումը տվյալ դեպքում ապահովված է երաշխավորությամբ, և ոչ թե՝ գրավով:
Ինչ վերաբերվում է Վճռաբեկ դատարանի կողմից սույն գործով որոշումը կայացնելիս հաստատված երկրորդ փաստին, որը Վճռաբեկ դատարանը հաստատված է համարել բացառապես այն անվիճելի լինելու փաստի ուժով, ապա կարծում եմ, որ այդ փաստը միայն այդ հիմքի վկայակոչմամբ չէր կարող հաստատված համարվել, քանի որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 59-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ փաստերը, որոնք, օրենքի կամ նորմատիվ իրավական ակտերի համաձայն, պետք է հաստատվեն միայն որոշակի ապացույցներով, չեն կարող հաստատվել այլ ապացույցներով։ Տվյալ դեպքում սնանկության գործընթացում գտնվող պարտապանի պարտավորությունների կատարումը երաշխավորությամբ ապահովված լինելու փաստը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 376-րդ հոդվածի համաձայն՝ կարող էր հաստատվել բացառապես գրավոր երաշխավորության պայմանագրով, որը տվյալ դեպքում գործում առկա չէ, ինչպես նաև կցված չէ վճռաբեկ բողոքին:
Վերոգրյալի հիման վրա հայտնում եմ իմ անհամաձայնությունը վերը նշված շարժառիթներով Վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու վերաբերյալ:
Դատավոր` |
Գ. Հակոբյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 26 դեկտեմբերի 2022 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|