Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 4-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (30.01.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.01.09-2023.01.22 Պաշտոնական հրապարակման օրը 20.01.2023
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
10.01.2023
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
10.01.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.01.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԿՈԴ

050.0004 Ն. 10.01.23

 

10 հունվարի 2023 թվականի

թիվ 4-Ն

 

«ԱՆՁԻ (ԱԿՏԻՎՆԵՐԻ ՀԱՄԱԽՄԲԻ) ՍՏԵՂԾՄԱՆ ԿԱՄ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿԸ ՈՐՊԵՍ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՆՊԱՏԱԿ ԳՆԱՀԱՏԵԼՈՒ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ» ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 10/33-Ը ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Նպատակ ունենալով խթանել ոչ հրապարակային ներդրումային ֆոնդերի ոլորտի զարգացումը՝ հստակեցնելով անձի (ակտիվների համախմբի) ստեղծումը կամ գործունեությունը որպես ներդրումային ֆոնդ որակելու չափանիշները և հնարավորություն տալով բացառապես այդ չափանիշներին բավարարող անձանց հանդես գալու որպես ներդրումային ֆոնդ,

հիմք ընդունելով «Ներդրումային ֆոնդերի մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը,

ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

 

Որոշում է.

 

1. Սահմանել «Անձի (ակտիվների համախմբի) ստեղծման կամ գործունեության նպատակը որպես ներդրումային ֆոնդի նպատակ գնահատելու չափանիշները» կանոնակարգ 10/33-ը` համաձայն սույն որոշման Հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի նախագահ

Մ. Գալստյան

 

Երևան

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի խորհրդի

2023 թվականի հունվարի 10-ի

թիվ 4-Ն որոշման

 

«ԱՆՁԻ (ԱԿՏԻՎՆԵՐԻ ՀԱՄԱԽՄԲԻ) ՍՏԵՂԾՄԱՆ ԿԱՄ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿԸ ՈՐՊԵՍ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՆՊԱՏԱԿ ԳՆԱՀԱՏԵԼՈՒ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ» ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 10/33-Ը ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԳԼՈՒԽ 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կանոնակարգը սահմանում է անձի (ակտիվների համախմբի) ստեղծման կամ գործունեության նպատակը որպես ներդրումային ֆոնդի նպատակ գնահատելու չափանիշները:

2. Սույն կանոնակարգում օգտագործված հասկացություններն ունեն հետևյալ նշանակությունը.

1) Ներդրումային ֆոնդ՝ ըստ «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում կիրառվող նշանակության,

2) Կենտրոնական բանկ՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ,

3) Ապրանք՝ ցանկացած ակտիվ, բացառությամբ ֆինանսական գործիքի,

4) Ֆինանսական գործիք՝ ըստ Հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտ 32-ով կիրառվող նշանակության,

5) Վարձակալական վճար՝ ըստ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում կիրառվող նշանակության:

3. Սույն կանոնակարգում օգտագործված այլ հասկացություններն ունեն «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում և «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում կիրառվող նշանակությունը:

 

ԳԼՈՒԽ 2. ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՍՏԵՂԾՄԱՆ (ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ) ՆՊԱՏԱԿԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐ

 

4. Անձի (ակտիվների համախմբի) ստեղծման կամ գործունեության նպատակը չի համապատասխանում «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ներդրումային ֆոնդի նպատակին, եթե անձը (ակտիվների համախումբը) բավարարում է ստորև նշված չափանիշներից առնվազն մեկին.

1) իրականացնում է այնպիսի գործունեություն, որը բնորոշ չէ ներդրումային ֆոնդի կողմից իրականացվող կոլեկտիվ (հավաքական) ներդրումային գործունեությանը, այդ թվում՝ եթե իրականացնում է հետևյալ գործունեության տեսակներից որևէ մեկը.

ա. ապրանքների արտադրություն, առք, վաճառք և/կամ փոխանակում.

բ. շենքերի կամ շինությունների կառուցում (կառուցապատում).

գ. աշխատանքների կատարում և/կամ ոչ ֆինանսական ծառայությունների մատուցում,

2) չունի սահմանված ներդրումային քաղաքականություն, որի համաձայն պետք է իրականացվի դրա կառավարումը:

5. Սույն կանոնակարգի 4-րդ կետի առաջին ենթակետը չի ներառում «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածով նախատեսված անշարժ գույքի ֆոնդերին բնորոշ գործունեությունը: Ընդ որում, գործունեությունը չի համարվում անշարժ գույքի ֆոնդին բնորոշ, եթե.

1) անշարժ գույքում ներդրումն իրականացվում է շուկայական արժեքի փոփոխությունից և/կամ վարձակալական վճարներից օգուտներ ստանալուց տարբեր այլ նպատակով.

2) ներդրում է իրականացվում այնպիսի անշարժ գույքում (շենքերում, շինություններում), որի շինարարությունը (կառուցումը) դեռևս ավարտված չէ.

3) ձեռքբերված շենքերի, շինությունների վերականգնման, արդիականացման, բարեկարգման և նմանատիպ այլ գործառույթներն իրականացվում են անձի կամ անձի (ակտիվների համախմբի) կառավարումն իրականացնող անձի կողմից ուղղակիորեն:

6. Սույն կանոնակարգի 4-րդ կետի 2-րդ ենթակետի իմաստով ներդրումային քաղաքականությունը համարվում է սահմանված, եթե այն առնվազն նկարագրում է.

1) ակտիվների տեսակները, դրանցում ներդրումների նվազագույն և/կամ առավելագույն սահմանաչափերը,

2) կիրառվող կոնկրետ ներդրումային ռազմավարությունները,

3) լեվերիջի կիրառման նպատակը և սահմանափակումները, եթե նախատեսվում է լեվերիջի կիրառում:

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 20 հունվարի 2023 թվական: