Գլխավոր տեղեկություն
Համար
N 251-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (17.12.2022-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.12.12-2022.12.25 Պաշտոնական հրապարակման օրը 16.12.2022
Ընդունող մարմին
Հրազդան համայնքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
09.12.2022
Ստորագրող մարմին
Համայնքի ղեկավար
Ստորագրման ամսաթիվ
09.12.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.12.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶ

 

ՀՐԱԶԴԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

09 դեկտեմբեր 2022 թվականի N 251-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՀՐԱԶԴԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2023-2025 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՋՆԱԺԱՄԿԵՏ ԾԱԽՍԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 4-րդ հոդվածով.

 

Հրազդան համայնքի ավագանին ՈՐՈՇՈՒՄ Է՝

 

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան համայնքի 2023-2025 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագիրը՝ համաձայն 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8 հավելվածների:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Համայնքի ղեկավար`

Ս. Միքայելյան

   

09 դեկտեմբերի 2022 թ.

ք. Հրազդան

 

Հավելված 1

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՀՐԱԶԴԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2023-2025 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՋՆԱԺԱՄԿԵՏ ԾԱԽՍԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 4-րդ հոդվածի, համայնքի ղեկավարը կազմում և համայնքի ավագանու հաստատմանն է ներկայացնում համայնքի 2023-2025 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագրի (այսուհետ` ՄԺԾԾ) նախագիծը: Հրազդան համայնքի 2023-2025 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագիրը հաստատելու մասին Հրազդան համայնքի ավագանու որոշման նախագիծը մշակվել է «Տեղական ինքնակառավարման մասին» և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքների պահանջներին համապատասխան:

2023-2025 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագիրը, լինելով համայնքի եկամուտների ձևավորման ու ծախսերի կատարման տարեկան ֆինանսական ծրագրերի ուղենիշային փաստաթուղթ, ուղղվում է տեղական ինքնակառավարման մարմիններին օրենքով վերապահված լիազորությունների շրջանակներում համայնքային ծրագրերի իրականացմանը: Այն ակնկալվող եկամուտների և առաջարկվող ծրագրերի ու միջոցառումների համապարփակ թվարկումն է ֆինանսական տարիների համար՝ ՏԻՄ-ի գործունեության յուրաքանչյուր բնագավառում: «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան համայնքի 2023-2025 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագրի հաստատելու մասին» համայնքի ավագանու որոշման նախագիծը ընդունելու արդյունքում ակնկալվում է եկամուտների և ծախսերի արդյունավետ կառավարում , ոլորտային տարբեր ծրագրերի իրականացման պլանավորված մոտեցում, ուղղակի և ելքային արդյունքների ձեռքբերում՝ միաժամանակ կիրառելով նոր որակի և մակարդակի կառավարում: Համայնքի միջնաժամկետ ծախսերի ծրագիրը համայնքի հնգամյա զարգացման ծրագրի դրույթների իրագործման հիմնական գործիքն է, որը հնարավորություն է տալիս առավել իրատեսական և առարկայական դարձնել նախատեսվող ծրագրերը: Եթե համայնքի զարգացման ծրագիրը հաստատվում է մեկ անգամ՝ ավագանու լիազորությունների ամբողջ ժամանակահատվածի` 5 տարվա համար, ապա համայնքի միջնաժամկետ ծախսերի ծրագիրը մշակվում և հաստատվում է յուրաքանչյուր տարի` առաջիկա 3 տարիների համար: Այն հստակեցնում է եռամյա ժամանակահատվածում համայնքի ծախսային քաղաքականությունը տարեկան կտրվածքով` հնարավորություն տալով համայնքի համար միջնաժամկետ հատվածում կառավարելու համայնքի ֆինանսական ռեսուրսները և ստեղծելու պատշաճ ծրագրային հիմքեր առաջիկա տարվա համայնքի բյուջեի նախագծի մշակման համար: Համայնքային ոլորտային գերակայությունները որոշվում են ինչպես համայնքների զարգացման հնգամյա ծրագրերի գերակայությունների, այնպես էլ ՀՀ կառավարության ծրագրերի առաջնահերթ ուղղությունների հիման վրա:

 Սոցիալ-մշակութային ոլորտներում կարևորվում են սոցիալական ապահովության բնագավառում ուշադրությունը անապահով ընտանիքներին, թոշակառուների, առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանվածության և հաշմանդամների լուծում պահանջող խնդիրները:

Կարևորվում է`

 համայնքային ենթակայության մշակույթի և սպորտի բնագավառների` մշակույթի տների, թանգարանների, գրադարանների, երաժշտական դպրոցների աշխատողների աշխատավարձերի բարձրացումը, շարունակվում են համայնքային ենթակայության հուշարձանների վերականգնման և պահպանման աշխատանքները,

 ճանապարհային տնտեսության, առևտրի և տնտեսական զարգացման, քաղաքաշինության, անշարժ գույքի կադաստրի, գյուղատնտեսության և ջրային տնտեսության, էներգետիկայի և բնապահպանության ոլորտներում տարվող աշխատանքները,

 բազմաբնակարան շենքերի սպասարկման, վթարային շենքերի գույքագրման ու ամրացմանն ուղղված ծրագրերի մշակման, նոր շենքերի կառուցման, ապօրինի շինությունների քանդմանն ուղղված միջոցառումների իրականացումը:

ՄԺԾԾ հիմնական նպատակն է ներկայացնել համայնքի ծախսային ռազմավարությունը հաջորդ երեք տարվա բյուջեի ծախսային ծրագրերի ֆինանսական գնահատականը: Տվյալ ռազմավարությունը ներառում է միջնաժամկետ հատվածում նախատեսված ծրագրերը, և թե ինչպես են դրանք նպաստելու տեղական ինքնակառավարման մարմնի նպատակների և թիրախների իրագործմանը: Պետք է ներկայացնել նաև նախատեսված ծրագրերի ֆինանսական գնահատականը և հիմնավորել դրանք:

Համայնքի ՄԺԾԾ-ն բաղկացած է երկու մասից՝

 

1. համայնքի եկամուտները շարադրող մաս,

 

2. համայնքի` հնգամյա զարգացման ծրագրից բխող ծախսային քաղաքականությունը շարադրող մաս:

 

Եկամուտները շարադրող մասը պետք է պարունակի առաջիկա երեք տարիների համար եկամուտների մասին բովանդակային ու հաշվարկային հիմնավորումներ, եկամուտների ուղղությամբ աշխատանքների ընթացքի գնահատականի և նախորդ տարվա համայնքի բյուջեով եկամուտների ցուցանիշների փոփոխությունների վերաբերյալ` նախորդ երեք տարվա համայնքային բյուջեով եկամուտների քաղաքականության նպատակների ցուցանիշների նկատմամբ շեղումների կամ փոփոխությունների բացատրություն, երեք տարվա կտրվածքով բոլոր տեսակի եկամուտների ուղղությամբ կանխատեսումների վերաբերյալ:

Ծախսային քաղաքականությունը պարունակում է այն արդյունքները, որոնց համայնքը ցանկանում է հասնել իրականացվելիք ծրագրերի շրջանակներում ծախսեր կատարելու միջոցով, ինչպես նաև այն ծախսային գործոնները, այդ թվում ` ակնկալվող տնտեսական և սոցիալական միտումները, որոնք կանխատեսվող ժամանակաշրջանի ընթացքում կազդեն իրագործվող ծախսերի վրա: Հրազդան համայնքի համար առաջիկա տարիներին կարևոր է տնտեսական միջոցառումների իրականացումը, եկամուտների ու բոլոր այլ ռեսուրսների նպատակային վերաբաշխումը, բնակչության բարեկեցության աճը, ինչպես նաև սոցիալ-տնտեսական ճիշտ քաղաքականության վարման արդյունքում՝ աղքատության հաղթահարումը: ՄԺԾԾ-ն իրենից ենթադրում է գործընթացային ծրագիր, որն էլ ըստ էության իրենից ներկայացնում է քաղաքականությունների ձևակերպում-պլանավորում-բյուջետավարում տեսքով շղթա՝ դառնալով համայնքի բյուջեի կազմման ուղեցույց:

Հայաստանի Հանրապետության համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում 2022 թվականին իրականացվում են հետևյալ ծրագրերը.

1. Կոտայքի մարզի Հրազդան համայնքի թիվ 11, թիվ 6, թիվ 8 մանկապարտեզների շենքերի հիմնանորոգման և թիվ 4 մանկապարտեզի 2-րդ մասնաշենքի, միջանցքի հիմնանորոգման ու վերանորոգման աշխատանքների իրականացում և թիվ 15 մանկապարտեզի կոյուղու ցանցի կառուցում: Նախատեսվող աշխատանքների արդյունքում կունենանք բոլորովին նոր, հարմարավետ ու Էներգաարդյունավետ հաստատություն` բոլոր չափանիշներին համապատասխան, որի շնորհիվ խնայված միջոցները կուղղվեն այլ խնդիրների լուծմանը: Ծրագրի իրականացման արդյունքում կփոխվի համայնքի երեխաների ուսման որակը, համայնքում կավելանա վերանորոգված ու հարմարավետ նախադպրոցական հաստատությունների թիվը և մանկապարտեզ հաճախող սաների թվի զգալի աճ կունենաք:

2. Հրազդան համայնքի ներհամայնքնային ճանապարհների հիմնանորոգման և համայնքի երկու անվանական մուտքերի կառուցման աշխատանքների, ինչպես նաև Հրազդան քաղաքի /Կենտրոն և Միկրոշրջան թաղամասերում/, Քաղսի, Լեռնանիստ, Սոլակ և Ջրառատ գյուղերում կանգառների կառուցման աշխատանքների իրականացում: Նշված ճանապարհների նշանակությունը` թե' գլխավոր, կենտրոնական, թե' երկրորդական՝ դեպի դպրոց տանող: Հրազդան համայնքի /Կենտրոն և Միկրոշրջան թաղամասերում/, Քաղսի,Սոլակ, Լեռնանիստ և Ջրառատ գյուղերում նախատեսված է կառուցել թվով 10 տիպային կանգառներ և բարեկարգել տարածքը` օգտագործելով տեղական շինանյութերից պատրաստված սալիկներ։ Հաշվի է առնվել կանգառների մաշվածությունը, ինչպես նաև որոշ տեղերում` բացակայությունը: Տարածքը հարմարեցնել բնակչության սակավաշարժուն խմբերի համար: Նախատեսված է նաև Երևան-Սևան մայրուղուց Հրազդան համայնքի երկու անվանական մուտքերի լուսավորության համակարգով կոնստրուկցիայի կառուցման աշխատանքներ, արդյունքում համայնք մուտք գործող հատվածը կլուսավորվի և համայնք ժամանող հյուրերի և զբոսաշրջիկների համար կողմնորոշիչ կլինի:

3. Հրազդան համայնքի Հարավային թաղամասի Շառլ Ազնավուրի անվան զբոսայգու բեմի և սանհանգույցի հիմնանորոգման աշխատանքներ: Բնակավայրերում խաղահրապարակներում ու զբոսայգիներում մարզասարքերի ու կարուսելների տեղադրում: Նախատեսվող աշխատանքների արդյունքում կունենանք բացօթյա բարեկարգված ու հարմարավետ բեմ` բոլոր հնարավորություններով, տարատեսակ մարզասարքերով հարուստ խաղահրապարակներ, զբոսայգիներ: Արդյունքում համայնքում կխթանենք առողջ ապրելակերպի զարգացումը, կկազմակերպվեն մշակութային բացօթյա միջոցառումներ` համայնքը դարձնելով գրավիչ թե' զբոսաշրջիկների ու հյուրերի, թե' բնակիչների համար:

4. Հրազդան համայնքի Լեռնանիստ բնակավայրի խմելու ջրի ջրամատակարարման համակարգի կառուցման աշխատանքներ: Նախատեսվող աշխատանքների արդյունքում կվերականգնվի Լեռնանիստ բնակավայրի ջրամատակարարումը` մինչև 18-20 ժամ տևողությամբ, ջրի կորուստը կբացառվի և կբարելավվի բնակիչների կենսամակարդակը: Արդյունքում 550 տնտեսության կենցաղային պահանջմունքները կբավարարվի: Իսկ ջրամատակարարման ցանցը նախնական կսպասարկի համայնքը:

5. Հրազդան համայնքի արտաքին լուսավորության ցանցի կառուցում : Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել ներհամայնքային ճանապարհների լուսավորության ցանցի կառուցման աշխատանքներ: Արտաքին լուսավորության ցանցի կառուցման շինարարական աշխատանքների իրականացման ծրագրում ներառված են Հրազդան քաղաքի Հարավային, Կենտրոն, Վանատուր, Միկրոշրջան, Կոճոռ թաղամասերի, Հայ Ֆիդայիներ փողոցի, ինչպես նաև Քաղսի բնակավայրի արտաքին լուսավորության ցանցերի կառուցման աշխատանքներ: Ծրագրով նախատեսված արտաքին լուսավորության ցանցերի ընդհանուր երկարությունը կազմում է 14105 գմ /14.1 կմ/։

6. Հրազդան համայնքի Մաքրավան թաղամասում ավտոտեխսպասարկման կայանատեղիի և ծածկարանի կառուցման աշխատանքներ: Նախատեսվող աշխատանքների արդյունքում կունենանք կոմունալ տնտեսության սպասարկմանը ծառայող մեքենաների համար նախատեսված ծածկարան և ավտոտեխսպասարկման անվտանգ ու հարմար կայանատեղի, կնվազի մեքենաների տեխնիկական մաշվածությունը. ի հաշիվ ծածկարանի, կխուսափենք եղանակային պայմաններից առաջացրած խնդիրներից: Հաշվի առնելով համայնքի եղանակային պայմանները, մեքենաների տեխնիկական վիճակը պահպանելու նպատակով ծածկարանը առաջնային անհրաժեշտություն է:

Հայաստանի Հանրապետության համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում 2023 թվականին նախատեսված է իրականացնել հետևյալ ծրագրերը.

1. Հրազդան համայնքի Հրազդան քաղաքի Կենտրոն, Միկրոշրջան, Հարավային և Մաքրավան թաղամասերի միջթաղամասային ճանապարհների հիմնանորոգման և Զ.Անդրանիկի պողոտայի բետոնե բաժանարարների կառուցման և տեղադրման աշխատանքներ - աշխատանքների իրականացման ժամանակ պետք է հաշվի առնել ճանապարհային պատվածքը, ծածկի շերտերի քանակը և խտությունը կախված ճանապարհի տեսակից, երթևեկության ինտենսիվությունից, կլիմայից և հիմնատակի պայմաններից: Նախատեսվում է գոյություն ունեցող դիտահորերի վերականգնում, անհրաժեշտության դեպքում բետոնե ծածկի բարձրացում ճանապարհի պատվածքի համապատասխան: Ճանապարհի ընդհանուր երկարությունը կազմում է մոտ 4860 մ։ Բետոնե բաժանարարների ընդհանուր երկարությունը՝ 1180 մ։ Արդյունքում կնորոգվեն համայնքի երկրորդական նշանակության միջթաղային ճանապարհները, որով կբարձրանա բնակչության կենսամակարդակի ցուցանիշը, կնվազի մեքենաների մաշվածության ցուցանիշը:

2. Հրազդան համայնքի տարածքում մայթերի նոր եզրաքարերի կառուցման աշխատանքներ - ծրագրում նախատեսվում է Հրազդան համայնքի տարածքում մայթերի բետոնե և բազալտե նոր եզրաքարերի կառուցման աշխատանքներ։

3. Հրազդան համայնքի Միկրոշրջան թաղամասում բակային տարածքում խաղահրապարակի կառուցման աշխատանքներ - ծրագրում նախատեսվում է Հրազդան համայնքի Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասում կառուցել խաղահրապարակ։ Նախատեսվում է բազմաֆունկցիոնալ մարզադաշտի կառուցում, քարե սալահատակի և սիզամարգի կառուցում, ժամանցի համար նախատեսված տաղավարների կառուցում, մարզասարքերի տեղադրում, ցայտաղբյուրների կառուցում։ Նախատեսվող աշխատանքների արդյունքում կունենանք բոլորովին նոր ու հարմարավետ բազմաֆունկցիոնալ խաղահրապարակ:

4. Կոտայքի մարզի Հրազդան համայնքի Վանատուր թաղամասի մի հատվածի և նոր թաղամասի կոյուղու ցանցերի կառուցում - Նախատեսվող աշխատանքների արդյունքում ՀՀ Կոտայքի մարզի Հրազդան համայնքի Վանատուր թաղամասի մի հատվածը և նոր թաղամասի 100 տնտեսություն կապահովվի կոյուղագծի նոր համակարգով:

5. Կոտայքի մարզի Հրազդան համայնքի Քաղսիի մանկապարտեզի շենքի ընդլայնման և համայնքի Կենտրոն թաղամասի թիվ 15 մանկապարտեզի տանիքի հիմնանորոգման ու կառուցման, նոր դռների ու պատուհանների տեղադրման աշխատանքներ - Ծրագրով նախատեսվում է Հրազդան խոշորացված համայնքի Քաղսի բնակավայրի մանկապարտեզի շենքի ընդլայնման աշխատանքներ, ինչպես նաև Հրազդան համայնքի թիվ 15 մանկապարտեզի տանիքի հիմնանորոգման ու կառուցման, ինչպես նաև դռների ու պատուհանների տեղադրման աշխատանքների իրականացում:

Քանի որ Հրազդան համայնքը խոշորացել է 2021 թվականի դեկտեմբերին, ուստի եկամուտների պլանավորման, հավաքագրման, ինչպես նաև ծախսերի համեմատական ցուցանիշները կներկայացվի 2024-2026 թվականների ՄԺԾԾ-ի մեջ:

 

Համայնքի ղեկավար`

Ս. Միքայելյան

 

Հավելվածներ 2-8

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 16 դեկտեմբերի 2022 թվական: