Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-124-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Base act (12.04.2007-18.05.2017)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2007.04.11/19(543) Հոդ.453
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
22.02.2007
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
27.03.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.04.2007
Ուժը կորցնելու ամսաթիվ
18.05.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

Ընդունված է 2007 թվականի փետրվարի 22-ին

«ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի (20 փետրվարի 2002 թվականի, ՀՕ-308) 93-րդ հոդվածում`

1) վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հոդված 93. Միջազգային պայմանագրերի վավերացման, կասեցման կամ չեղյալ հայտարարելու մասին որոշումների ընդունման կարգը».

2) 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Եթե վավերացման ներկայացված միջազգային պայմանագրի կիրառումը նախատեսում է Հայաստանի Հանրապետության օրենքների փոփոխություն կամ նոր օրենքի ընդունում, ապա կառավարությունը պայմանագրին կից ներկայացնում է տեղեկանք այդ մասին:

Եթե վավերացման ներկայացված միջազգային պայմանագիրը սահմանում է Հայաստանի Հանրապետության օրենքներին հակասող նորմեր, ապա կառավարությունը պայմանագրին կից ներկայացնում է տեղեկանք` Հայաստանի Հանրապետության օրենքներում փոփոխություններ կատարելու անհրաժեշտության կամ աննպատակահարմարության մասին:».

3) 4-րդ կետի առաջին նախադասությունից հանել «կամ չեղյալ հայտարարելու» բառերը.

4) լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ, 7-րդ և 8-րդ կետերով.

«6. Սույն հոդվածով սահմանված կարգը տարածվում է նաև միջազգային պայմանագրերին Հայաստանի Հանրապետության միանալու մասին որոշում ընդունելու վրա:

7. Եթե որոշում է ընդունվում միջազգային պայմանագիրը վավերացնելու մասին և, համաձայն կառավարության տեղեկանքի (տեղեկանքների), համապատասխան պայմանագրից բխում է, որ պետք է ընդունվի նոր օրենք, կամ փոփոխություններ կատարվեն գործող օրենքում, ապա կառավարությունը «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ժամկետում Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացնում համապատասխան օրենքում փոփոխություններ կատարելու կամ նոր օրենք ընդունելու մասին նախագիծը (նախագծերը):

8. Ազգային ժողովի վավերացրած միջազգային պայմանագիրը կամ այն միջազգային պայմանագիրը չեղյալ հայտարարելու մասին որոշման նախագիծը, որին միանալու որոշումն ընդունել է Ազգային ժողովը, կառավարության կողմից Ազգային ժողով է ներկայացվում չեղյալ հայտարարելը հիմնավորող տեղեկանքով:

Միջազգային պայմանագիրը չեղյալ հայտարարելու մասին որոշման նախագծի ներկայացման և քննարկման նկատմամբ կիրառվում են սույն հոդվածի 4-րդ կետի կանոնները:»։

 

Հոդված 2. Սույն օրենքը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2007 թ. մարտի 27
Երևան
ՀՕ-124-Ն